Ռուսական միգրացիոն քաղաքականությունը` երկսայրի սուր

միգրացիաՌուսաստանի միգրացիոն քաղաքականությունը Հայաստանը դատարկվելու վտանգի առաջ է դնում: Դժվար է ասել` Ռուսաստանի քայլերը ուղղված են Հայաստանի դեմ, թե ոչ: Բայց փաստ է, որ դրանցով ռուսական կողմն ամայացնում է իր դաշնակից Հայաստանը:
Պարբերաբար ռուսական, նաև հայկական ԶԼՄ-ներով լուրեր են շրջանառվում այն մասին, որ աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան դժվարացվում է: Թվում է` ռուսական նոր միգրացիոն օրենքներն աշխատանքային միգրանտների համար անհաղթահարելի պատնեշներ են կանգնեցնում: Սակայն մեդալն ունի նաև հակառակ երես. միգրանտների համար մուտքը դժվարացնում են, սակայն այլ օրենսդրական փոփոխություններով ու ծրագրերով (օրինակ` «Հայրենակիցներ» ծրագիրը) երկիր մտնելու արգելքին դեմ առածների միջից զտում ու արդեն որպես քաղաքացի հավաքագրում են իրենց պետքականներին:
Այսպես, այս տարվա սկզբին ուժի մեջ մտան «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները: Ըստ այդմ` օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ում կարող են ամեն 180 օրվա ընթացքում ընդամենը 90 օր գտնվել: Մեկ այլ օրենքով էլ վարչական և այլ իրավախախտում թույլ տված քաղաքացիներին 3-5 տարով արգելում են Ռուսաստան մուտք գործել:
Այս ֆոնին տպավորություն ստեղծվեց, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների «բանը բուրդ է», և առնվազն 60-80 հազար հայ ընտանիքներ զրկվեցին իրենց օրվա ապրուստից: Խնդիրն անհանգստություն առաջացրեց նաև պետական մակարդակով, և պաշտոնյաները գործի անցան:

Բայց այս խստացումներին զուգահեռ` ՌԴ-ում այլ օրենսդրական փոփոխություններ եղան, որոնք լուրջ հետևանքներ կարող են ունենալ: Այսպես, նախկին ԽՍՀՄ-ի և Ռուսական կայսրության տարածքների բնակիչները, որոնք տիրապետում են ռուսերենին, կարող են 3 ամսվա ընթացքում հեշտացված կարգով ՌԴ քաղաքացիություն ձեռք բերել: Դա, սակայն, հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե հրաժարվեն «օտար» պետության քաղաքացիությունից: Մեկ այլ օրենքով էլ խոշոր տուգանքներ սահմանվեցին այն անձանց համար, որոնք կթաքցնեն երկքաղաքացիությունը:

Հասկանալի է, որ այս պարագայում օրվա հացի խնդիր ունեցող բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք նախկինում արտագնա աշխատանքով էին ապրուստ վաստակում, կնախընտրեն ռուսական քաղաքացիությունը: Շատերը մտավախություն ունեն, որ Հայաստանից առանց այդ էլ մեծ ծավալի արտագաղթն ավելի կուժգնանա: Սակայն Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Yerkir.am-ին ասել է, որ «միգրացիոն գործընթացների վրա ի հայտ եկած նոր գործոնի ազդեցության որոշման համար օգտագործվում է առնվազն մեկ տարի ժամանակաշրջան»: Այսինքն` պետական մակարդակով, գոնե արտաքուստ, դեռ չեն անհանգստանում արտագաղթի հնարավոր աճից:

Հայ միգրանտների համար իրավիճակը մեղմելու ուղղությամբ քայլեր ձեռնարկեցին նաև մեր պաշտոնյաները: Ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ ռուսական կողմը հայ միգրանտների համար որոշակի արտոնություններ սահմանեց, որոնք կմեղմեն արգելքները և հայերին Ռուսաստանում նախկինի պես աշխատելու որոշակի հնարավորություններ կտան:
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նախորդ ամիս հայտարարեց, որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` վարչական իրավախախտումներ թույլ տված հայ միգրանտների հանդեպ ՌԴ-ում այլևս պատժամիջոցներ չեն կիրառվի. «Պատժամիջոցները վերաբերել են 800 հազար մարդու, որոնցից 30 հազարը հայ են, և 70 հազար հայեր ռիսկի գոտում են գտնվում: Բայց ռուսական կողմը վստահեցրել է, որ ներքին պայմանավորվածությունների արդյունքում այլևս հայ ազգի որևէ ներկայացուցչի հանդեպ նման պատժամիջոցներ չեն կիրառվելու, հայերի հանդեպ կկիրառվի ամնիստիոն վերաբերմունք»:

Ըստ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի՝ ՀՀ քաղաքացիները կարող են առանց գրանցման ՌԴ-ում գտնվել 30 օր: Դրանից երկար մնալու դեպքում հաշվառումն արդեն պարտադիր է: Արտոնյալ պայմանները գործում են նաև Հայաստան եկող ՌԴ քաղաքացիների համար: Նախատեսվում է նաև, որ ՀՀ քաղաքացիները, առանց աշխատանքի հատուկ թույլտվության, տեղի գործատուի հետ աշխատանքային պայմանագիր կնքելով, մեկ տարի կկարողանան աշխատել ՌԴ տարածքում: Նախատեսվում է, որ այս դրույթներն ուժի մեջ կմտնեն 2015-ի հունվարի մեկից: Սակայն երկու երկրների միջև համաձայնագիրը դա ավելի շուտ կիրառելու հնարավորություն է տալիս:

Իհարկե, նման պայմանավորվածությունները հարցի ժամանակավոր լուծում են: Որևէ մեկը վստահաբար չի կարող ասել, որ վաղը ՌԴ-ում օրենքի նոր փոփոխություն չի լինի, որն էլի կստիպի հայերին հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից կամ էլ գայթակղվել առաջարկված գրավիչ պայմաններից ու համալրել Սիբիրի բնակիչների շարքերը` լքելով Հայաստանը: Այս վտանգը դամոկլյան սրի նման միշտ կախված կլինի մեր գլխին, քանի դեռ չունենք բավարար քանակությամբ աշխատատեղեր, ունենք գործազրկության բարձր մակարդակ և տրանսֆերտների հաշվին գոյատևող հազարավոր ընտանիքներ:

 

Tags: ,