Հայաստանից ավելի շատ մեկնում են արտերկիր, քան երկրի ներսում են տուրիզմով զբաղվում

iStock_000002738246SmallՆորից ամառ է` մասամբ հանգստի ու արձակուրդների սեզոն, ու դարձյալ արդիական է դառնում այն հարցը, թե ուր գնալ հանգստանալու: Հայաստանում, ինչպես բազմիցս նշել է տուրօպերատորների միության նախկին նախագահ, տուրիզմի ոլորտի մասնագետ Ռոբերտ Մինասյանը, հիանալի նախադրյալներ կան տուրիզմի զարգացման համար: Շնորհիվ մեր երկրի բարդ ու բազմազան ռելիեֆի, մեզ մոտ հանդիպում են կլիմայական մի շարք շերտեր` բուսական ու կենդանական աշխարհի բազմազանությամբ: Բացի այդ, տուրիզմի զարգացման համար կարևոր նախապայմաններից մեկը` Հայաստանի պատմա-մշակութային ժառանգությունը, կարող է լրացուցիչ խթան լինել ոլորտի զարգացման համար:

Նայենք պաշտոնական վիճակագրությանը: Ըստ ԱՎԾ տվյալների` 2014 թ. հունվար-մարտին հանրապետություն է ժամանել 154 հազար 471 զբոսաշրջիկ կամ 2013 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ ցուցանիշն աճել է 20.5%-ով: Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 հազար 73 մարդ կամ 2013 թ. հունվար-մարտի համեմատ` ցուցանիշն աճել է 18.2%-ով:

Ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության` միջազգային զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր ոք, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Ակնհայտ է` հանգստանալու նպատակով Հայաստանից ավելի շատ մարդ է մեկնել արտերկիր, քան այլ երկրներից եկել են Հայաստան: Ուշադրություն դարձնենք մի հանգամանքի ևս. Հայաստան ժամանած 154 հազար 471 զբոսաշրջիկներից միայն 23 հազար 763 են տեղավորվել հյուրանոցներում, մնացած 130 հազար 708-ը տեղավորվել են հարազատի կամ բարեկամի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն:

Հայաստանից մեկնող վերոհիշյալ 162 հազար 73 զբոսաշրջիկներից ընդամենը 1239 հոգին են մեկնել զբոսաշրջային գործակալությունների միջոցով, մնացած 160 հազար 834-ն ինքնուրույն են մեկնել:
Ինչ վերաբերում է ներքին տուրիզմի ցուցանիշներին, ապա նշենք, որ նույն ԶՀԿ մեթոդաբանության համաձայն` ներքին զբոսաշրջիկ է համարվում յուրաքանչյուր ոք, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում (սովորական բնակության միջավայրից դուրս), այսինքն` որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում կամ հիմնական բնակության երկրում, անկախ ճանապարհորդության նպատակից (բացի ուսման նպատակով) ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով, և ճանապարհորդության գլխավոր նպատակը գործունեությամբ զբաղվելը չէ, որի համար վճարվում է այցելած վայրում: ԱՎԾ տվյալների համաձայն, 2014 թ. հունվար-մարտին հանրապետության տարածքում տեղաբաշխված զբոսաշրջիկների կոլեկտիվ և անհատական տեղավորման միջոցներում (կացարաններում) տեղավորվել է 61 հազար 595 զբոսաշրջիկ, ինչը 2013 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 50.7%-ով: Ընդ որում, գործնական նպատակներով մեկնել է 15 հազար 72 հոգի, հանգստի և ժամանցի` 36 հազար 690, բուժմնան` 3 հազար 478 հոգի և այլ նպատակներով` 6 հազար 356 հոգի: Եթե սա էլ դնենք մի կողմ, ապա նույն ԱՎԾ ցուցանիշների համադրություից ստացվում է, որ այս տարվա հունվար-մարտ ամիսների տվյալներով` զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 2.5 անգամ ավելի շատ մարդ, քան շրջագայել է երկրի ներսում:

Սրա հիմնական պատճառը թերևս գների հետ է կապված: Երևանյան հյուրանոցներում, օրինակ, ըստ «Հյուր սերվիսի» կայքում տեղադրված գների, մեկտեղանոց համարների մեկ օրվա վարձը մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում, երբ Հայաստանում հիմնականում մարդիկ արձակուրդի են գնում, տարբեր հյուրանոցներում կազմում է 60-270 ԱՄն դոլարին համարժեք դրամ, երկտեղանոցներինը` 85-270 ԱՄՆ դոլար: Նույն սեզոնին մարզերում հյուրանոցային սենյակների գները կազմում են 23-150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, երկտեղանոցներինը` 45-161 դոլարին համարժեք դրամ: Իհարկե, առավել բարձր գները գործում են հիմնական տուրիստական կենտրոններ համարվող տարածքներում: Սա այն դեպքում, երբ այս սեզոնին կարելի է «վառվող ուղեգրերով»` հատուկ առաջարկներով, օրինակ Իսպանիա` Բարսելոնա մեկնել 7 օրվա համար ընդամենը 600 Եվրո վճարելով կամ Իտալիա` Հռոմ, 8 օրվա համար ընդամենը 490 ԱՄն դոլար վճարելով (իհարկե, առանց ճանապարհածախսի): Այսինքն` արտերկրում, օրինակ` Հռոմում 8 օր հանգստանալը կարող է նույն գումարը, երբեմն էլ ավելի էժան նստել հայ զբոսաշրջիկի վրա, քան Հայաստանում: Դեռ չհաշված, որ ամռան ամիսներին շատերը գերադասում են մեկնել ծով` հարևան Վրաստանի լողափեր, որն էլ ավելի մատչելի է, քան Հայաստանում զբաղվել ներքին տուրիզմով: Սրա համար, չնայած, որոշակի վերապահումներ կան. օրինակ` չի կարելի համեմատել ծովափնյա հանգիստը, որը Հայաստանում չկա, լեռնային կամ առողջարանային հանգստի հետ…
Շատ մասնագետներ են բազմիցս նշել ու դեռ կնշեն, որ Հայաստանում ամենամեծ խնդիրը մատուցվող ծառայությունների որակի ու առաջարկվող գների անհամապատասխանությունն է: Եթե համադրենք զուտ պաշտոնական վիճակագրական տվյալները, Հայաստանում, որտեղ բնակչության մոտ 1/3-ը համարվում է աղքատ, միջին ամսական աշխատավարձը կազմում է 155 հազար 940 դրամ (այս թվի վերաբերյալ, չնայած, վերապահումներ կան), ապա մեկ օրվա համար 50 կամ 100 դոլար միայն հյուրանոցի համար վճարելը, ինչ խոսք, բավականին թանկ հաճույք է ստացվում: Սա նշանակում է, որ ներքին տուրիզմը զարգացման մեծ հավակնություններ ունենալ չի կարող: Իսկ Ռոբերտ Մինասյանը բազմիցս շեշտել է` զարգացած ներքին տուրիզմ չունեցող երկրում տուրիզմը չի կարող զարգացած լինել:

Հավելենք, որ տուրիզմը շատ կարևոր ոլորտ է տնտեսության համար: Այն օգնում է զարգացնելու երկրի ենթակառուցվածքները, օգնում է երկրի ներսում դրամի ավելի արագ շրջանառության ծավալների մեծացմանը, եկամուտներն ավելի համաչափ են բաշխվում տարբեր մարզերի ու մայրաքաղաքի միջև, և բացի բուն տուրիզմի ոլորտին վերաբերող ապրանք-ծառայություններից, ներքին տուրիզմն էապես օժանդակում է հարակից այլ ոլորտների զարգացմանը, օրինակ` հուշանվերների արտադրությանը, սննդի ոլորտին, սպասարկման ոլորտին մատակարարող այլ ոլորտներին և այսպես շարունակ:

Այնպես չէ, որ պատկան մարմիններն այս ամենը չեն տեսնում, չեն գիտակցում, չեն հասկանում ու չեն փորձում ինչ-ինչ լուծումներ գտնել: Բայց փաստը մնում է փաստ` տուրիզմի ոլորտը, որի զարգացման համար Հայաստանում լուրջ նախադրյալներ կան, դեռ զարգացած չէ:

Tags: , ,