Ի՞նչ տվեց մերոնց հանդբոլի դպրոցականների աշխարհի առաջնության մասնակցությունը

1-ին  նյութ Հարություն Մելքոնյան-319Հայաստանի ներկայացուցիչները նորամուտ նշեցին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում անցկացված հանդբոլի դպրոցականների աշխարհի առաջնությունում: Թվում էր, թե ստուգատեսը զանգվածային բնույթ ունի, սակայն այն շատ ավելի լուրջ էր: Մերոնք. հանդիպելով ուժեղ մրցակիցների, անհաջողության են մատնվել, սակայն կարծում են, որ կատարվածից պետք է դասեր քաղել, ավելի նպատակադիր նախապատրաստվել երկու տարի հետո Ֆրանսիայում կայանալիք ստուգատեսին: Մեր երկրի այդ մարզաձևի ֆեդերացիայի նախագահության անդամ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանին, որ գլխավորել է Հայաստանի հանդբոլի պատվիրակությունը, նախ, հարցրինք, թե ինչ տվեց մերոնց մասնակցությունը:

- Դրականն այն է , որ մրցավայրում անցկացրած 7 օրվա ընթացքում Հայաստանը ներկայացնող Վանաձորի թիմը 7 խաղ անցկացրեց: Այսպիսի ծանրաբեռնված ծրագրով հանդես գալը դժվար էր: Ինքնին հարց կարող է ծագել` մի՞թե նույն պայմաններում չէին մյուս երկրների թիմերը: Մասնակցում էին պատանիների 22 և աղջիկների 21 թիմեր: Մրցավայր էին ժամանել ուսումնական տարբեր հաստատությունների, դպրոցների, գիմնազիաների, հիմնականում` լիցեյների թիմեր: Վերջիններս մարզական թեքումով կրթօջախներ են, որտեղ արմատավորված է հանդբոլը:
Մասնավորապես, Գերմանիան ներկայացնում էր մի կրթօջախի թիմ, որն ունի հանդբոլի 60 դասարան: Եվ կազմվել է հաստատության հավաքականը: Մինչդեռ Հայաստանի պատիվը պաշտպանում էր հանրակրթական դպրոցի թիմ: Ընդ որում, առաջնությանը մասնակցում էին եվրոպական երկրների ներկայացուցիչներ, բացառություն էր միայն Բրազիլիան: Ի դեպ, վերջինիս թիմը եզրափակչում միայն Գերմանիայի պատվիրակներին զիջեց, որը հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչների հետ նույն խմբում: Ուշագրավ է, որ գերմանացիները խմբային մրցաշարում պարտվեցին Սլովենիայի թիմին, սակայն հետո դարձան չեմպիոն:
Ինչևէ, ուժեղ թիմեր էին ներկայացել մրցավայր, մինչդեռ Հայաստանի ներկայացուցիչները չունեին 12 արժանավոր խաղացող, որոնք այդ ստուգատեսում կարող էին հանդես գալ: Բանն այն է, որ բուհական ընդունելության քննությունների պատճառով, որոնք անցկացվում էին նույն ժամանակահատվածում, թիմը զրկվել էր հիմնական կազմի 4-5 խաղացողից: Արտասահմանյան երկրներում բուհ ընդունվելու, բանակ զորակոչվելու խնդիրներ չկան: Ուսումը բուհում շարունակելու համար խաղացողները համակարգչային տարբերակով ուսումնական հաստատություններ են ներկայացնում իրենց տվյալները և ազատ են նմանատիպ հոգսերից: Այնպես որ մեր թիմը համալրելու ժամանակ խնդիրներ էին ծագեցին, որոնք այդպես էլ մնացին բաց: Եթե այդ մի քանի խաղացողն էլ թիմի կազմում լինեին, հավանաբար պահեստայինների նստարանն ավելի «երկարեր», բայց էապես ոչինչ չէր փոխվի: Այդուհանդերձ, մերոնք հաղթելու հնարավորություններ ունեին: Մի քանի խաղում Հայաստանի ներկայացուցիչները գնդակների փոքր տարբերությամբ զիջեցին մրցակիցներին: Բացի այդ, այնպես էր ստացվել, որ թիմն ուներ հուսալի մեկ դարպասապահ, և հանդիպումների ամբողջ ծանրությունը ստիպված էր նա կրել: Կա նաև մեկ այլ խնդիր: Մեր թիմի հանդբոլիստները շաբաթական 2-3 պարապմունք են անցկացնում, մինչդեռ պարզվեց, որ մեր մրցակից թիմերի ներկայացուցիչները շաբաթական 6-9 պարապմունք են անցկացնում, և այս ընթացքում երկու տարին մեկ մասնակցել են աշխարհի առաջնություններին: Իսկ մերոնց համար ուժերի այս ստուգատեսը նորություն էր: Ընդ որում, մրցակից թիմերը միջանկյալ շուրջ 6 տասնյակ ընկերական խաղ են անցկացնում, լրջորեն նախապատրաստվում:

a04263- Մրցակարգում որևէ նորություն չկա՞ր:
- Անսպասելի էր, որ առաջնությունում ոչ-ոքի հասկացողությունը չկար: Եթե խաղում հավասար արդյունք էր գրանցվում, ամեն թիմ արագորեն հարձակվելու 5 հնարավորություն էր ստանում: Դարպասապահը գնդակը փոխանցում էր իր թիմակցին և վերջինս, երեք քայլ կատարելով, փորձում էր գրավել մրցակցի դարպասը: Ոչ-ոքիի դեպքում հաղթողին որոշելու համար մեզ հայտնի էր միայն 7 մետրանոցների հարվածաշարի տարբերակը: Երկրորդ նորությունն այն էր, որ եթե խաղի առաջին10 րոպեի ընթացքում թիմը չէր կարողանում գրավել մրցակցի դարպասը, հանդիպումը դադարեցվում էր, և անկարող թիմին 0: 6 հաշվով պարտություն էր գրանցվում: Մեր թիմն այդպիսի իրավիճակում չհայտնվեց, սակայն առաջնությունում այդպիսի դեպք եղավ:

- Ինչո՞ւ էր որպես մրցավայր ընտրվել Տրապիզոնը:
- Քաղաքը մեծ չէ, մոտավորապես Գյումրիի չափ է: Բայց մրցումների օրերին 12 մարզասրահում եղանք, որոնցում անցկացվում էին առաջնության խաղերը: Բոլորն էլ համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Այնինչ, Հայաստանում այդպիսի թեկուզ մեկ մարզասրահ չկա: Վանաձորի թիմը պարապում է անհամեմատ փոքր` 24×12 մ չափերի մարզասրահում: Սա չեմ ասում մերոնց արդարացնելու համար: Ի դեպ, հանդբոլը բոլոր երկրներում էլ, այդ թվում նաև Հայաստանում, դպրոցական ծրագրով դասավանդվում է, «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի ծրագրում է: Բայց այն, ինչ արվում է մեր երկրում, չի կարող համեմատվել արտասահմանյան ուսումնական հաստատություններում եղածի հետ: Երևանի մարզական պետական քոլեջում երկար ժամանակ է` ցանկանում ենք հանդբոլի դասարան հիմնել, բայց չի ստացվում: Հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունն է առաջարկել, ուսումնական հաստատության ներկայացուցիչներն էլ պատրաստ են ընդառաջել, բայց ծնողները թույլ չեն տալիս, որ իրենց երեխաներն ուսումն այդ հաստատությունում շարունակեն:

- Առաջնությունը հավուր պատշա՞ճի էր կազմակերպված:
- Պարզապես կարելի էր հիանալ: Մասնակիցներն իջևանեցին օլիմպիական ավանում. 2-3 տեղանոց հյուրանոցային համարներ էին: Ծախսերը հոգացել է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը: Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան ապահովել է ուղևորության, սննդի ծախսերը: Խաղերը սպասարկում էր մրցավարական 40 բիգադ: Բոլորի կազմում երկուական երիտասարդ էին: Հայաստանից չէին հրավիրել, քանի որ համապատասխան կարգի մրցավարներ չունենք: Այժմ աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք նախապատրաստել երկու երիտասարդ մրցավարի, որպեսզի իրավունք ունենան սպասարկելու միջազգային հանդիպումներ: Առաջնության մասնակցությունն օգտակար էր ոչ միայն խաղացողների, այլև մարզիչների համար: Նրանք շատ բան սովորեցին, շփվեցին արտասահմանցի իրենց գործընկերների հետ:

- Վերաբերմունքը Հայաստանի պատվիրակության նկատմամբ ինչպիսի՞ն էր:
- Ոչ մի հայ չզգաց, որ Թուրքիայում է: Հայեր գուցե կային, բայց նրանցից ոչ մեկին չհանդիպեցինք: Ակամա ստանձնել էի թարգմանչի դեր, քանի որ տիրապետում եմ այդ երկրի լեզվին: Ի դեպ, պատվիրակության կազմում էին նաև Հայաստանի ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանը, Հայաստանի դպրոցականների մարզական ֆեդերացիայի նախագահ, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության նախագահ Արայիկ Մեհրաբյանը, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերության բաժնի պետ Մանվել Մանուկյանը:
Հնարավորն արվում էր, որ մեր երկրի պատվիրակներն իրենց անկաշկանդ զգան: Ի դեպ, մերձեցման օր անցկացվեց, բոլոր երկրների ներկայացուցիչները նախապես պատրաստվել էին և իրենց տիպական ցուցաբաժիններով ներկայացան: Հայաստանն առանձնանում էր: Ներկայացվեցին ազգային կերակրատեսակներ: Հանդիպումներ ունեցանք Հանդբոլի միջազգային, Եվրոպայի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Եվրոպան ներկայացնում էր մեր լավ բարեկամ, չեխ Ֆրանտիշեկ Տաբորսկին: Զրուցեցինք նաև Տրապիզոնի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի հետ: Նա պատրաստակամություն հայտնեց ցանկացած ժամանակ հյուրընկալել Հայաստանի ներկայացուցիչներին, աջակցել, որպեսզի բարվոք պայմաններում մարզվեն, նաև ընկերական խաղեր անցկացնեն:

Tags: ,