Աշխարհի ամենահին տոնն այս կիրակի մեկ սեղանի շուրջ կմիավորի հայ ընտանիքներին

վարդավառ2014-ը այն բացառիկ տարիներից է, երբ ողջ հայությունը Վարդավառը կտոնի միևնույն օրը. այս տարի թե՛ ըստ եկեղեցական տոնացույցի, թե՛ ըստ Տավուշում և Լոռիում ընդունված ժողովրդական տոմարի` Վարդավառը նշվում է հուլիսի 27-ին` այս կիրակի օրը:
Վարդավառը հազարամյակների պատմություն ունեցող հնագույն տոն է, որն ունի տարբեր մեկնաբանություններ: Մի բան է միայն հստակ. սա հեթանոսական ժամանակներից եկած տոն է, որը քրիստոնեության շրջանում վերածվել է եկեղեցական տոնի:
Այժմ առանձին-առանձին հեթանոսական ու քրիստոնեական վարդավառի մասին:
Աշխարհի հնագույն տոնը, որ նշվում է Նոյի ժամանակներից
Նախ` բառի ծագումնաբանության մասին: Ընդունված մի քանի կարծիք կա: Վարկածներից մեկի համաձայն` վարդավառ բառը կազմված է հին պարսկերեն «վարդ»` ջուր և «վառ»` ցանել բառերից, ուստի, օրվա հիմնական խորհուրդը ջրցանությունն է: Ըստ մեկ այլ կարծիքի` վարդավառ նշանակում է «հրավառ» կամ «կրակավառ». հուլիսը տարվա ամենաշոգ եղանակն է, և մարդիկ, միմյանց վրա ջուր ցանելով, հեթանոս աստվածներից ջուր են խնդրել:
Հեթանոս ժամանակներում տոնը նվիրված է եղել սիրո աստվածուհի Աստղիկին: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկը, ըստ ավանդության, ծնվել է ծովի ճերմակաթույր փրփուրներից և երբ քայլում էր, նրա ոտնահետքերում վարդեր էին բուսնում:
Ավանդությունն ասում է, որ ստորգետնյա Աստվածը մարդկանցից գողանում է սիրո դիցուհուն` Աստղիկին: Սիրո փոխարեն մարդկանց հոգիներում ատելություն և չարություն է հաստատվում: Աստղիկի սիրեցյալը` վիշապաքաղ Վահագնը, ազատում է Աստղիկին: Նա էլ շրջում է աշխարհում ու բոլորին վարդեր բաժանում, օծում վարդաջրով, որ նորից սերը հաստատվի նրանց հոգիներում:
Իսկ վարդերը կարմիր են, քանի որ, ըստ ավանդության, երբ Աստղիկը լսում է, որ իր սիրեցյալը վիրավորվել է, ոտաբոբիկ վազում է նրա մոտ: Վազելիս նա տրորում է վարդենու փշերը, նրա արյունոտած ոտքերից վարդերը կարմրում են, և առաջանում է սիրո ծաղիկը` կարմիր վարդը: Հեթանոսական տոնի առաջացումը և խորհուրդն այսպես է բացատրվում:
Ըստ մեկ այլ ավանդության` Վարդավառին միմյանց վրա ջուր ցանելու ավանդույթը գալիս է Աստղիկ դիցուհու` Արածանիում լողալու սովորությունից: Ըստ ավանդության` ամեն գիշեր Աստղիկը լողում էր Արածանի գետում, և այդ ընթացքում հովիտը մշուշով էր պատում, որպեսզի շրջակա բնակավայրերի երիտասարդները, որոնք հավաքվում էին գաղտագողի Աստղիկին հետևելու, չկարողանան տեսնել իրեն: Այստեղից էլ դաշտը կոչվել է Մշո դաշտ:
Իսկ Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորությունն էլի Աստղիկի ու Վահագնի հետ է կապված. Աստղիկի կացարանի տանիքին բույն դրած ծիծեռնակները սուրհանդակներ էին` Աստղիկից լուր էին տանում նրա սիրեցյալ Վահագնին ու նրանից էլ լուր բերում:
Ըստ քրիստոնեական մեկնաբանության` Վարդավառի տոնը նշվում է Նոյ նահապետի ժամանակներից սկսած: Երբ Նոյյան տապանը հանգրվանում է Արարատ լեռան լանջերին, և Նոյն իր գերդաստանով իջնում է տապանից, ավանդում է իր որդիներին ամեն տարի միմյանց վրա ջուր ցանել` ի հիշատակ մեծ ջրհեղեղի: Աղավնիներ թռցնելը ևս Նոյից մնացած ավանդույթ է համարվում:
Ներկայումս Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպության (այլակերպության) տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն նշվում է Զատիկից 98 օր հետո` կիրակի օրը` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում (իսկ ժողովրդական տոմարով Վարդավառը շարժական տոն չէ և մշտապես նշվում է հուլիսի վերջին կիրակի օրը): Տոնին հաջորդում է մեռելոցը:
Տոնը Թաբոր լեռան վրա Ս. Պետրոսի, Ս. Հովհաննեսի և Ս. Հակոբոսի առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է: Քրիստոսն իր աշակերտների հետ լեռն է բարձրանում, որտեղ նրան երևում են Մովսեսն ու Եղիան: Մինչ նրանք խոսում էին, մի լուսավոր ամպ է նրանց վրա հովանի լինում, ու ձայն է գալիս. «Դա իմ սիրելի Որդին է, որին հավանեցի, դրան լսեցեք»: Աշակերտները, դա լսելով, վախեցած երեսնիվայր են ընկնում: Նրանց է մոտենում Քրիստոսը և ասում, որ չվախենան ու ոտքի ելնեն: Աշակերտները աչքերը բարձրացնում են և տեսնում, որ Հիսուսից բացի, ոչ ոք չկա:
Վարդավառյան օազիսներ` տոնի մոռացության ֆոնին
Հայաստանի ամեն մի բնակավայր Վարդավառի իր յուրօրինակ ավանդույթներն է ունեցել` երգեր, խաղեր, ճաշատեսակներ, տոնելու եղանակներ: Այսօր, սակայն, տոնի բուն խորհուրդը գրեթե մոռացության է մատնվել. և մնացել է միայն ջրցանությունը` որպես մանկական տոն: Բացառություն են Տավուշը, մասամբ Լոռին և Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանը, որտեղ Վարդավառը նշվում է մեծ շուքով` չզիջելով անգամ Նոր տարուն:
Մարտունու տարածաշրջանում Վարդավառը ընտանեկան տոն է, անկախ այն հանգամանքից, թե աշխարհի որ ծայրերում են ցրված ընտանիքի անդամները, այս օրը բոլորը հավաքվում են մեկ սեղանի շուրջ: Ինչպես են երեխաները սրտատրոփ Նոր տարվան սպասում Ձմեռ պապի ժամանելուն, այնպես էլ ամռան տապին անհամբեր սպասում են Վարդավառին, դեռ մեկ ամիս առաջ սկսում իրար «սպառնալ»` տես, Վարդավառին քեզ այնպես կջրեմ, որ…
Տոնական այս օրը Մարտունին աննախադեպ մարդաշատ է, Հայաստանի բոլոր ծայրերից մարդիկ` հեռու ու մոտիկ ազգականներ, գալիս ու գալիս են: Տոնի նախորդ օրը կանայք գաթա են թխում, տոնական պատրաստություն տեսնում, տղամարդիկ ուլ կամ գառ են մորթում, միսը պատրաստում հաջորդ օրվա համար, երեխաներն էլ բակերում մեծ տարաներ են շարում, լցնում ջրով, վրան վարդի թերթիկներ շաղ տալիս և ամեն մեկն իր անվանական «զենքը»` դույլն է ունենում:
Վարդավառի վաղ առավոտյան` արևի ծագելու հետ, սկսվում է ջրոցին: Սկզբում վաղ արթնացածներն ընտանիքի դեռ քնած անդամներին են ջրով ցողում անկողնում: Հետո ընտանիքի անդամներով են միմյանց մի լավ ջրում, հետո վերածվում է խաղի հարևանների միջև, այնուհետև, երբ արդեն բոլորը բոլորին ջրել են, հարևաններով միավորվում են ու սկսում են թաղամաս-թաղամաս միմյանց ջրել: Մարդիկ թաց, առանց ասֆալտի փողոցներից գուցե և ցեխոտված, լեռնային սառը օդից և ջրից երբեմն էլ դողալով, կարող են ժամերով դեսուդեն վազել, փողոցից փողոց անցնել` ջրոցիով տարված:
Ջրոցիից հետո հերթը կերուխումինն է. ամենուրեք կրակ են վառում, սկսում խորոված և խաշլամա եփել, անուշ բույրը տարածվում է ամենուր:
Կան ընտանիքներ, որոնք նախընտրում են բնության տոնը հենց բնության գրկում անցկացնել. ընտանիքով Սևանի ափ են գնում, կամ սար են բարձրանում, որևէ գետի կամ առվի ափին ծավալում իրենց խրախճանքը:
Եթե նախկինում Վարդավառի նախորդ գիշերն են մարդիկ խարույկ վառել ու սպասել տոնի գալուն, ապա հիմա մի փոքր հակառակն է: Խարույկով, ավելի ճիշտ` փռով ու երիտասարդական հավաքով է ամփոփվում տոնը: Տարբեր տեղերից հավաքված երիտասարդները բազմում են կրակի շուրջը, խաղում, երգում, զրուցում և վայելում փռում եփած կարտոֆիլը մինչև ուշ գիշեր: Ապա գնում են տները, որտեղից էլ վաղ առավոտյան ամեն մեկն իր ճանապարհը կբռնի ու կվերադառնա իր առօրյային` նորից սպասելով, որ մեկ տարին աննկատ կանցնի ու նորից նույն տեղում նույն կազմով կհավաքվեն:

 

 

Tags: , ,