Վրաստանում կտտանքների համար ձերբակալվել է ՆԳՆ 9 աշխատակից

225-1Վրաստանի իշխանությունները ձերբակալել են ՆԳՆ և ՊՆ 9 աշխատակցի, որոնք կասկածվում են կալանավորներին կտտանքների ենթարկելու ու բռնաբարելու մեջ:

Չորեքշաբթի` հունիսի 19-ին,   Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտնել է մի քանի պաշտոնական անձանց ձերբակալության մասին, որոնք բանտում կալանավորվածների նկատմամբ կատարված ոտնձգություններում կարող են մեղավոր լինել: Նրանց թվում ՆԳՆ 9 ներկա ու նախկին աշխատակիցներ են, որոնք կասկածյալ են համարվում ստորգետնյա պահեստում հայտնաբերված զենքի, թմրանյութերի ու կտտանքների  տեսանյութերի գործով:

Նախարարի խոսքով,  տեսանյութում նրանցից 2-ին ճանաչել են:”Ձերբակալվածներից մեկը ՊՆ աշխատակից է, 2-ը` նախկին ոստիկաններ: Նրանցից մեկն անձամբ է մասնակցել կալանավորների նկատմամբ կատարված բռնություններին,նա տեսանյութում կա”,-հայտնել է նախարարը: Սամերղելոյի նահանգապետը հայտնել է նրանցից 4-ի անունը: Խոսքը ոստիկանության գործող աշխատակից Մառլեն Խվաթիայի, ԿԱՊ-ի նախկին ղեկավար Սամերղելո Ռուսլան Շամախիայի, ոստիկանական վարչության նախկին ղեկավար Լևանե Կիրիայի,ինչպես նաև ոստիկանական բաժանմունքի նախկին պետ Իրաքլի Ախալայի մասին է:

Թաքստոցները հայտնաբերվել են հունիսի 17-ին, Սամերղելո Զեմո Սվանեթիի տարածաշրջանում: Հետախուզության ժամանակ ոստիկանությունն առգրավել է մեծ քանակությամբ տեսանյութ`  իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից ծեծի, կտտանքի ու սեքսուալ բռնության կադրերով:

Վրաստանի ՆԳՆ պետանվտանգության գործակալության աշխատակիցները ենթադրում են, որ թաքստոցները հայտնվել են ՆԳՆ պաշտոնյաների ու ՊՆ աշխատակիցների կարգադրությամբ` նախորդ իշխանությունների օրոք: Բացի սկանդալային տեսանյութերից, իշխանությունները մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են հայտնաբերել, նռնակներ, կապի միջոցներ, թմրանյութեր, այդ թվում` հերոին, կոկաին և օփիում:

Հայրը լացի պատճառով նորածնին սառցախցիկ է մտցրել

130527_Tyler_Deutsch_lgԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 25-ամյա Թայլեր Դոյտչին, որը փորձել էր իր 6 շաբաթական երեխային հանգստացնել սառցախցիկ մտցնելով:

Փոքրիկ աղջիկը սառցախցիկում է անցկացրել մեկ ժամ: Հայրը նրան դուրս  բերեց այն ժամանակ, երբ տուն վերադարձավ երեխայի 22 տարեկան մայրը:

Կինը,  նկատելով դա, իսկույն ոստիկանություն  կանչեց: 25-ամյա տղամարդուն ձերբակալեցին, իսկ փոքրիկին տեղափոխեցին հոսպիտալ:

Երեխայի մարմնի ջերմաստիճանն իջել էր մինչև 280: Մասնագետները կարողացան կայունացնել նրա վիճակը, սակայն դեռևս պարզ չէ, թե սառեցումից ինչ հետևանքներ կլինեն:

Չնայած հոր մեղանչանքին, իշխանությունները նրա նկատմամբ երեխային ֆիզիկական վնաս ու ընտանեկան բռնություն գործադրելու  մեղադրանք առաջ քաշեցին: Հիմա նա հսկողության տակ է, նրա ազատման համար 12 մլն դոլար գրավ է պահանջվում:

Վիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ երեխայի մարմնի վրա այլ վնասվածքներ են հայտնաբերվել ու մի քանի կոտրված ոսկրեր:

Հարևաններն ասում են, որ տղամարդու պահվածքն իրենց երբեմն կասկածելի էր թվում: Դեպքը դեռևս հետաքննվում է:

 

Ոստիկանության բաժիններում ազատազրկվածների նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնություն են կիրառում. զեկույց

զեկույց«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ-ն «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ ուսումնասիրել է ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը ոստիկանության բաժիններում: Այսօր համանուն զեկույցի քննարկումն էր:

«Ուսումնասիրության նպատակն է վերլուծել Հայաստանում ոստիկանության  բաժիններում խոշտանգումների և  վատ վերաբերմունքի դրդապատճառները, կանխարգելման  հնարավոր եղանակները և ձևերը»,-ասաց ՀԿ  նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նրա խոսքով` տարատեսակ զեկույցներում խոսվում է քրեակատարողական և ձերբակալվածների պահելու հիմնարկների  վիճակի մասին, բայց չի խոսվում ոստիկանության վերաբերմունքի մասին կալանավորվածների նկատմամբ. «Ոստիկանությունում տեղի ունեցած  վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին , որպես կանոն, հասարակությունը տեղեկանում է, երբ դեպքն ունենում է ողբերգական ավարտ, կամ երբ բռնության ենթարկվածները լինում են քաղաքական ակտիվիստներ, ովքեր բարձրաձայնում են դրա մասին»:

Ուսումնասիրության ընթացքում հետազոտող խումբը հանդիպում է ունեցել կալանքի տակ գտնվող 80 անձանց հետ, նրանցից միայն 30-ն են համաձայնել հարցաթերթիկ լրացնել: Մնացածը հրաժարվել են` վախենալով վատթարացնել իրենց վիճակը կամ էլ մտածելով, որ դրանով ոչինչ չի փոխվի:

Հարցաթերթիկի հարցերը կոչված են եղել պարզելու, թե ոստիկանության բաժիններում քաղաքացինները որքանով են կարողացել իրացնել իրենց զանգելու, իրավապաշտպան ունենալու և բուժօգնություն ստանալու  իրավունքները: Պարզվել է, որ առավել հաճախ խախտվում է իրավապաշտպան ունենալու իրավունքը:

30 հարցվածներից 29-ը սկզբնական շրջանում պաշտպան չեն ունեցել, պաշտպանից հրաժարվել են հիմնականում ոստիկանների, քննիչների պարտադրանքով կամ «համոզելով»:

Պարզվել է նաև, որ հարցաքննություններն իրականացվում են ֆիզիկական և հոգեբանական բռնություններով: Հարցաքննության ժամանակ քննիչից բացի ներկա են գտնվում նաև ոստիկանության աշխատակիցներ:

Հարցաթերթիկների արդյունքների համաձայն` ՔԿՀ ընդունվելիս 30 հարցվածներից 18-ն ունեցել են մարմնական վնասվածքներ, 12-ը` ոչ: 10 անձի ցույց է տրվել բժշկական օգնություն, 6-ին ոչ` չնայած դրա կարիքն ունեցել են:

ՔԿՀ ընդունվելիս  բուժզննություն անցել են 28-ը, 9-ի բուժզննությանը ներկա են եղել ոստիկաններ: Բուժզննության ժամանակ 10 դեպքում արձանագրվել են  բոլոր մարմնական վնասվածքները, իսկ 7-ի դեպքում` ոչ, թեև կարիք ունեցել են:

Ըստ հարցումների պարզվել է, որ ոստիկանությունում կամ քննչական բաժնում գտնվելու ընթացքում բոլոր հարցվածների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշում.  ծեծել են ոտքով, ձեռքով, փայտով, մահակով և այլ առարկաներով, էլեկտրաշոկ են կիրառել:

Սպառնացել են, որ հանցանքը չխոստովանելու դեպքում կտուժեն նաև ընտանիքի անդամները` վերջիններիս էլ կներգրավեն գործում կամ նրանց հանդեպ ևս բռնություն կգործադրեն:

Բոլոր հարցվածները ոստիկանության բաժնի աշխատակիցների վերաբերմունքը իրենց նկատմամբ գնահատել են որպես «վատ»:

Ավետիք Իշխանյանի խոսքով ոստիկանների հետ զրույցներից տպավորություն է ստեղծվել, որ ամենի պատճառը խորհրդային  տարիներից եկող իներցիոն մտածողությունն է, որ առանց ապացույցներ հավաքելու կարող են ծեծով խոստովանություն կորզել: Պարզվել է նաև, որ շատ քիչ են ոստիկանները, որոնք տիրապետում են նորագույն տեխնոլոգիաներին և կրիմինալիստիկային, աղքատիկ է  նյութատեխնիկական բազան: Պատճառների թվում Իշխանյանը նշում է  նախաքննության նկատմամբ դատախազության ոչ  պատշաճ վերաբերմունքը, նաև այն, որ դատախազությունը դատարանում պաշտպանում է այդ կերպ ձեռք բերված մեղադրանքը:

Ուսումնասիրություններից ելնելով` զեկույցի հեղինակները մի շարք առաջարկներ են ներկայացրել, որոնք հնարավորություն կտան  շտկել իրավիճակը և կանխարգելել ազատազրկվածների իրավունքների ոտնահարումը և նրանց նկատմամբ բռնությունները ոստիկանության բաժիններում:

Ըստ այդմ,  առաջարկում են  ՀՀ ներպետական օրենսդրությամբ սահմանված «խոշտանգում» տերմինը համապատասխանեցնել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի դեմ»  կոնվենցիայի 1-ին հոդվածին: Հարցաքննությունն իրականացնել միայն հատուկ նախատեսված, կահավորված և տեսախցիկներով հագեցած սենյակներում, տեսաձայնագրել ողջ  հարցաքննության ընթացքը, ոստիկանության խմբի անդամներին և հասարակության ներկայացուցիչներին հնարավորություն տալ այդ սենյակներում  հետևելու հարցաքննության ընթացքին` միայն պատկերի միջոցով, առանց լսելու: Առաջարկվում է նաև ՁՎՊ և ՔԿՀ ընդունվող անձանց մանրակիկիտ բուժզննություն իրականացնել` ոստիկանության աշխատակիցների տեսադաշտից և լսողությունից հեռու:

«Շատ դեպքերում մեղադրում եմ մորս»

 M375/0009Աշխարհում  կանանց սպանությունների 40-70%-ը կատարվում է իրենց իսկ ամուսինների կամ զուգընկերների կողմից: Իսկ յուրաքանչյուր երրորդ կին իր կյանքում ենթարկվում է ծեծի, սեռական հարկադրման կամ այլ կարգի բռնության: Եվ չկա մի երկիր, որտեղ այս երևույթը չլինի: Հայաստանում` նույնպես:  Մեզանում գուցեև մահվան ելքով դեպքերի վիճակագրությունն այդքան էլ սարսափելի չէ, բայց մեր պարագան յուրահատուկ է նրանով, որ բռնության ենթարկվող կինը մենակ է մնում իր դժբախտության հետ:  

 Մեր զրուցակիցը 29-ամյա Մարիաննա Ղուկասյանն է (իր խնդրանքով հերոսի անուն– ազգանունը փոխված է), ասում է՝ դեռ մանկուց երազել է հոգատար ու սիրող ամուսին ունենալ: Մարիաննայի երազանքը, ցավոք, որբացել է...

«ԱՄՈՒՍՆԱՑԱ 17 ՏԱՐԵԿԱՆՈՒՄ»

Մարիաննա Ղուկասյանը ծնվել է 1954 թ. Երևանում: Սովորել ու գերազանցությամբ է ավարտել միջնակարգ դպրոցը: Հայրը ցանկանում էր, որ աղջիկը թարգմանչուհի դառնա: Մարիաննան ասում է, որ իր ուժերով պարապել  ու ընդունվել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ՝ մասնագիտանալով թարգմանության ոլորտում:

– Ընկերուհուս հետ եկեղեցի էի գնացել մոմ վառելու: Ընդունելության քննությունների վերջին փուլն էր: Ավտոբուսով եկեղեցուց գալիս էինք Երևան: Ճանապարհի կեսին ինձ մոտեցավ մի երիտասարդ՝ ձեռքին բավական ծանր տոպրակ: Ասացի՝ կարող եմ օգնել: Նա չհրաժարվեց,- պատմում է Մարիաննան ու շարունակում,- երիտասարդը սկսեց անընդհատ ինձ հարցեր տալ՝ ի՞նչ եմ անում, որտե՞ղ եմ սովորում և այլն: Ես էլ պատասխանում էի: Ընկերուհիս, դե, քաղաքի աղջիկ էր, ու շուտ գլխի գցեց, որ տղան ուղղակի խոսեցնում է ինձ:

Սեպտեմբեր ամսին, երբ Մարիաննան արդեն ոտք էր դրել համալսարան, մի օր տեսնում է այդ երիտասարդին:

– Հետո սկսվեցին հետապնդումները… Մի օր էլ հայրս եկավ համալսարան, ու նա համարձակվեց ծանոթանալ հորս հետ: Ներկայացավ ու ասաց, որ ծնողների հետ ցանկանում է գալ մեր տուն,- հիշում է Մարիաննան:

Ու տեղի ունեցավ նշանադրությունը: 17-ամյա Մարիաննան մեկ ամիս անց ամուսնացավ:

– Ես հիմա էլ այն կարծիքին եմ, որ դա սեր էր առաջին հայացքից,- ասում է Մարիաննան,- առաջին ամիսները շատ լավ էին, հաշտ ու խաղաղ ապրում էինք: Ես, բնականաբար, միշտ էլ ենթարկվողի դերում էի: Եվ դա թույլ չէր տալիս, որ ընտանիքում կռիվներ լինեին:

Մարիաննան պատմելիս մի պահ կանգ առավ, ու  նրա աչքերից կաթ-կաթ արցունք գլորվց:

– Կես տարի էլ չկար, որ ամուսնացել էի, ու մեր ընտանիքում սկսվեցին անվերջանալի պատերազմները: Ես էլ արդեն հղի էի: Ամուսինս հարբած տուն էր գալիս ու մի անհեթեթ պատրվակով ծեծում ինձ,- պատմում է Մարիաննան,- մերոնց բան չէի ասում, ինքս իմ մեջ միշտ վերլուծում էի: Բայց մի անգամ ամուսինս չափ ու սահմանն անցավ. ընկերների հետ եկավ տուն ու բոլորի ներկայությամբ ցանկացավ բռնաբարել ինձ: Պատկերացնում ես, որքան ստորացուցիչ է: Ես էլ զանգահարեցի հորս: Այդ պահին նա ինձ ձեռքով այնպես հարվածեց, որ ուշաթափվեցի:

Մարիաննան ընկնում է հիվանդանոց:  Բնականաբար, բժիշկներն ամեն ինչ անում են, որ Մարիաննայի համար ամեն ինչ լավ լինի, բայց, ավաղ, չեն կարողանում փրկել նոր լույս աշխարհ եկող երեխայի կյանքը:

– Կորցրեցի ոչ միայն երեխային, այլև ամենքին: Ընկերներս ինձնից միանգամից երես թեքեցին, ծնողներս չէին ցանկանում շփվել հետս, ու որոշեցի առանձնանալ,- ասում է Մարիաննան,- դատարանով բաժանվեցի ամուսնուցս ու վարձով մոտ երեք տարի ապրեցի, աշխատեցի գոնե ինքս իմ կարիքները հոգալու համար: Այդ դժվար պահին ինձ ոչ ոք չօգնեց:

«ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԷԼ ՍԵՐԸ ՉԺՊՏԱՑ ԻՆՁ»

Մարիաննան ասում է, որ համալսարանն ավարտեց գերազանցության կարմիր դիպլոմով ու աշխատանքի անցավ ոչ իր մասնագիտությամբ: Տուրիստական ընկերություններից մեկի տնօրենի օգնականն էր երկար ժամանակ:

– Այդքան դաժանություններից, ցավից հետո, արդեն հստակ ինքս իմ մեջ որոշել էի, որ չեմ ամուսնանալու, ու վերջ, բայց սիրո հարցում դու անզոր ես, նա այցելում է քեզ այն ժամանակ, երբ չես էլ սպասում: Տղան, որ միասին էինք աշխատում, լավ գիտեր իմ կենսագրությունը, ու մի օր ասաց. «Արի ամուսնանանք»: Այդ կոչն այնքան խորթ թվաց, որ միանգամից մերժեցի: Նա սպասեց ավելի քան մեկ ու կես տարի: Ես արդեն համաձայնեցի, քանի որ հասկացա՝ գտել եմ մեկին, որն ինձ իսկապես սիրում է: Մենք ամուսնացանք:

Մարիաննայի խոսքով՝ հաշտ ու խաղաղ ապրում էին, մինչև այն պահը, երբ ամուսինն ինքն իրեն «կորցրեց»…

– Երկրորդ ամուսինս բռնություններ կիրառելուց հեռու էր: Սակայն ընկերների հետ սկսեց զբաղվել բիզնեսով,- շարունակում է Մարիաննան,- սկսեց գիշերները շատ ուշ գալ: Մի ամիս անց իմացա, որ մենք էլ ապրելու տեղ չունենք, որովհետև ամուսինս խաղատանը տարվել է: Ես, անկեղծ ասած, հույսս չկորցրեցի ու ասացի, որ ամեն ինչ լավ կլինի:

Մարիաննան որոշեց իր սիրո հավասարումը լուծել ի շահ երկուսի: Հույս ու հավատ ներարկեց ամուսնուն, որ ամեն ինչ լավ է լինելու, բայց Մարիաննան այս անգամ էլ չհաղթեց:

– Նա եկավ տուն ու կոպիտ ասաց. «Դու էսօրվանից պետք ա մարմնավաճառությամբ զբաղվես, դեղի համար փող ա պետք»: Սկզբում չհասկացա՝ ինչ է ասում, որոշեցի պարտք անել: Մի քանի ամիս անց միայն գլխի ընկա, որ ամուսինս թմրամոլ է դարձել ու դեղերից արդեն կախում ունի: Այդքան չէի էլ կարող աշխատել, հազիվ տունն էի պահում, ու կուտակած ահռելի քանակությամբ պարտքը մանր-մանր փակում:

Ի վերջո, երկրորդ ամուսինը նրան դրդում է մարմնավաճառության:

– Նա արդեն ոչինչ չէր հասկանում, դե դեղերի ազդեցության տակ էր: Անընդհատ ժպտում էր, ասում էի՝ ինձ ծեծում են օտար տղամարդիկ, ժպտում էր, ասում էի՝ հայհոյում են, ստրկացնում են մի քանի կոպեկի համար, ծիծաղում էր: Որոշեցի ոչինչ չանել իր համար ու հեռացա նրանից: Մի քանի ամիս անց իմացա, որ նրան իրավապահները բռնել են, ու արդեն բանտ է ընկել:

Մարիաննան դատարանի միջոցով պաշտոնապես բաժանվեց երկրորդ ամուսնուց, ու շարունակեց կյանքի հետ իր պատերազմը:

ԻՍԿ ՀԻՄԱ՞

– Հիմա ես աշխատում եմ ու ապրում մեն-մենակ: Այսքան տառապանքներից հետո ինձ հաջողվում է վաստակել ինքս ինձ պահելու համար: Փառք Աստծո, մի քանի լեզվի տիրապետում եմ, ու լավ աշխատանք ունեմ,- ասում է Մարիաննան:

Մեր այն հարցին, թե ով է մեղավոր այս ամենի համար, պատասխանում է.

– Այս ամենի համար առաջին մեղավորը ես եմ: Սա իմ կյանքն է, և սկզբունքորեն ես պետք է կառավարեի իմ կյանքը: Բայց մեղքի մեծ բաժին ունեն ծնողներս, հատկապես՝ մայրս: Նա ինձ 17 տարեկանում ամուսնացրեց, վախենում էր, որ իր աղջիկը հանկարծ տանը չմնա: Ու այսպիսի ճակատագիր ունեցա: Հիմա ես օտարացել եմ բոլորից: Էլ ընկերներ չունեմ, բարեկամներ չունեմ: Ոչ ոք ինձ չի հիշում, շատերի համար ես մեռած եմ: Ուղղակի ապրում եմ ինքս ինձ համար ու սկսելու եմ լավ ապրել:

– Որոշել եք էլի՞ ամուսնանալ:

– Չէ՛, չէ՛, ամուսնանալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Ընկերուհի ունեմ, որի հետ ծանոթացա մոտ երկու տարի առաջ, որոշել ենք գործարարությամբ զբաղվել, տեսնենք` ինչ կլինի: Էլ երբեք ես չեմ ամուսնանա, ափսոսում եմ միայն նրա համար, որ  գոնե մի երեխա չունեմ, ու, ցավոք, չեմ կարող ունենալ:

 Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆ