Ադրբեջանը $1,5 մլն է հատկացրել ՄԱԿ-ի հատուկ բանագնացի գործունեության համար

մակԱդրբեջանի իշխանությունները կհատակացնեն $1,5 մլն Ադրբեջանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երիտասարդության հարցերով հատուկ բանագնաց Ահմեդ ալ-Հինդավիի գործունեության համար: Այս մասին համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանի երիտասարդության և սպորտի հարցերով նախարարությունը և ՄԱԿ-ը, տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

Ներկայում Ադրբեջանի պատվիրակությունը գտնվում է Նյու Յորքում ՝ քննարկելու համար միջազգային երիտասարդական քաղաքականության ոլորտի փորձագետների համաշխարհային սիմպոզիումի ացկացումը, որը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերին Բաքվում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երիտասարդության հարցերով հատուկ բանագնաց Ահմեդ ալ-Հինդավին 2013թ. հոկտեմբերին արդեն եղել էր Ադրբեջանում:

 

Ադրբեջանը ՄԱԿ-ում աջակցել է Ուկրաինային

ՄԱԿՄարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստին Ադրբեջանը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային` երկրի սուվերենության մասին բանաձևի քննարկման հարցում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը:

Ինչպես հաղորդում է “Կոնտակտ” կայքը, դեսպանության կայքում մասնավորապես գրված է. “Ադրբեջանը դատապարտում է ծայրահեղականության, արմատականության, անջատողականության յուրաքանչյուր ձև և իր հավատարմություն է հայտնում տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահամանների անձեռնմխելիության սկզբունքներին”:

Բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, ձեռնպահ՝ 58-ը, դեմ՝ 11-ը:

Անկախ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ՙՙայո՚՚ է քվեարկել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը

ՄԱԿՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության մասին բանաձևը, իսկ Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար անցկացված հանրաքվեն անօրինական է համարել:

Հինգշաբթի օրը անցկացված քվեարկության ժամանակ բանաձևին կողմ է քվեարկել 100 երկիր, 11-ը դեմ է արտահայտվել, իսկ 58-ը՝ ձեռնպահ:

ՙՙԱյո՚՚ քվեարկած երկրների թիվը բազմաթիվ դիվանագետների կանխատեսած թվից ավելին էր: Գլխավոր ասամբլեայի անդամ 193 երկրների կեսից ավելին աջակցել էր Ուկրաինայի տարածքային ամբողջությանը:

Ի տարբերություն անվտանգության խորհրդի որոշումների՝ գլխավոր ասամբլեայի որոշումները վետոյի կիրառման չեն հանգեցնում և իրավական պարտադրանքի ուժ չունեն, սակայն դրանք արտացոլում են աշխարհի կարծիքը:

 

 Անկախ

Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է Քեսաբի դեպքերի կապակցությամբ ՄԱԿ-ի լռությունը

քեսաբ2Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույց արեցին քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների անդամներ: «Քեսաբը պարտադրում է նոր ԱՍԱԼ-ի ծնունդ. հայտարարվում է զորահավաք», «UN, stop terorist Turkey, save kids lives», «UN, silence supporting terrorism by Turkey» և այլ գրություններով պաստառներով` բողոքի ցույցի մասնակիցները դատապարտում էին մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ համայնքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ՄԱԿ-ի լռությունը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ուղղված նամակում մասնավորապես նշված էր, որ Թուրքիան խախտել է միջազգային բոլոր օրենքներն ու պարտավորությունները և մարտի 21-ին գնդակոծել է Սիրիայում գտնվող հայկական Քեսաբ գյուղն ու շրջանը:«Թուրքական պետության աջակցությամբ ահաբեկիչները ներխուժել է բնակավայր, սկսել ավերն ու թալանը: Տեղի ողջ բնակչությունը տեղահանված է: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի համար հայաբնակ Քեսաբը մշտապես թիրախ է եղել: Հաշվի առնելով, որ այս դեպքում ՄԱԿ-ի լռությունը առնվազն տարօրինակ է, որոշեցինք հիշեցնել ՄԱԿ-ի կառույցին, թե ինչ նպատակների համար է այն կոչված ծառայելու: Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի լռությունը և հիշեցնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, մենք՝ միավորված ազգերի ժողովուրդներս, լի վճռականությամբ, պարտավորվում ենք փրկել գալիք սերունդներին պատերազմից, արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը»:

«Նախնյաց հետքերով» նախաձեռնության անդամ Արման Մխիթարյանը հավելեց, որ Թուրքիան լինելով ՄԱԿ-ի անդամ, կոպտորեն խախտում է բոլոր վերոնշյալ դրույթները, ապա հայտարարեց, որ ՄԱԿ-ից պահանջում են ծառայել իր կոչմանը և խստորեն դատապարտել Թուրքիայի ահաբեկչական քայլերն ու դրանց տալ համապատասխան իրավական գնահատական:

Քաղաքացիական շարժման անդամներին դիմավորեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Բրեդլի Բուզետտոն և վերցրեց ՄԱԿ-ի գրասենյակին ուղղված նամակը` շնորհակալություն հայտնելով շարժման մասնակիցներից:

 

Մարտի 27-ին ՄԱԿ-ի գրասենյակի առջև ցույց տեղի կունենա` ի նշան բողոքի ընդդեմ Թուրքիայի գործողություններին Քեսաբում

աղբալյան միությունՀայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի վերջին դրսևորումը օրերս թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող բնակավայրերի վրա Թուրքիայի հրահրմամբ գործող ահաբեկչական խմբավորումների սանձազերծած գործողություններն են։ Քեսաբի և շրջակա բնակավայրերի վրա Թուրքիայից ներթափանցած խմբավ…որումների հարձակման արդյունքում պղծվել է Քեսաբի հայոց եկեղեցին, կողոպտվել են տներ, մոտ 400 հայ ընտանիք տեղահան է եղել Քեսաբից և ապաստանել Լաթակիայում: Քեսաբի հայ բնակչությունը 1909թ-ից և 1915թ-ից հետո, այս էլ երրորդ անգամ ենթարկվում է Թուրքիայի կողմից սանձազերծված տեղահանության: Թուրքիայի կողմից քեսաբահայությանն ուղղված հերթական հարվածը, կրկին տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առջև: Միջազգային հանրություն, որն իր կրավորական կեցվածքով և թողտվությամբ խրախուսում է Թուրքիայի այսօրինակ ոճրագործությունները և ցեղասպան քաղաքականությունը հայության նկատմամբ: Մենք պահանջում ենք ՄԱԿ-ից կատարել իր իրական առաքելությունը, դատապարտել և կանխել Թուրքիայի քողարկված ագրեսիան և միջոցներ ձեռնարկել քեսաբցիների իրենց բնակության մշտական վայր վերադարձի ուղղությամբ։ Որպես հայ երիտասարդ մենք զորակցություն ենք հայտնում սիրիահայությանը և հաստատակամություն ենք հայտնում բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանելու և նեցուկ կանգնելու մեր հայրենակիցներին։

Միաժամանակ կոչ ենք անում երիտասարդությանն ու քաղաքական ուժերի երիտասարդական թևերին, միանալ սույն թվականի մարտի 27-ին՝ ժամը 15:00-ին, ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակի առջև անցկացվելիք բողոքի ցույցին՝ մեր բողոքի ձայնը բարձրացնելու Թուրքիայի կողմից սանձազերծված ագրեսիայի դեմ։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն ՀՅԴ Երիտասարդական միություն

Ակցիա ՄԱԿ-ի դիմաց.ի պաշտպանություն Քեսաբի հայերի

քեսաբ.Ծայրահեղ իսլամիստ – ահաբեկիչները գրոհել են հայաբնակ Քեսաբն ու շրջակա գյուղերը: Ահաբեկիչները սահմանն անցել են թուրքական բանակի օգնությամբ, ավելին, թուրքական կործանիչը, խախտելով Սիրիայի օդային սահմանը, պայթեցրել է սիրիական օդուժի ինքնաթիռը,որը հետապնդում էր հայերի դեմ կռվող ահաբեկիչներին:
Սա Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ծրագրի շարունակությունն է, որն ուղեկցվում է այսպես կոչված միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:

Թուրքիան ՊԵՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՔԵՍԱԲՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՄ:

Սա բոլորիս ազգային արժանապատվության, պատվի ու ինքնասիրության հարցն է:

Պահանջ- նամակ ենք հանձնելու Երևանում ՄԱԿ-ի գրասենյակներին: Պահանջելու ենք, որ սաստեն իրենց դաշնակցին ` ահաբեկչական գործողություններին մեծապես աջակցելու և հայերի դեմ մտադրված ահաբեկչական օպերացիաներ իրականացնելու համար:

Եվ այսպես, Մարտի 26-ին ` չորեքշաբթի, ժամը 14,00-ին հավաքվում ենք Հանրապետության Հրապարակ փոստի շենքի դիմաց ապա կշարժվենք ՄԱԿ-ի գրասենյակ, որը գտնվում է Պետրոս Ադամյան 14 հասցեում.այնտեղ կհանձնվի նամակ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Մոսկվա և Կիև

Ban Ki-moonՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կայցելի Մոսկվա և Կիև՝ փորձելով լուծել Ղրիմի թերակղզու շուրջ Ռուսաստանի և Ուկրանիայի միջև ստեղծված ճգնաժամը:

ՄԱԿ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը Նյու Յորքից Մոսկվա կմեկնի չորեքշաբթի օրը կեսօրին, իսկ հինգշաբթի օրը կհանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ ռուս պաշտոնյաների հետ:

Ուրբաթ օրը Բանը կմեկնի Կիև գործող նախագահի և վարչապետի հետ բանակցելու նպատակով:

Այս այցով գլխավոր քարտուղարը ցանկանում է բոլոր կողմերին քաջալերել ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Բանը կոչ է արել խնդիրը լուծել ՄԱԿ-ի խարտիայի շրջանակներում՝ հարգելով Ուկրաինայի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միասնականությունը:

 

ՄԱԿ-ն աջակցում է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսը

մակԱյսօր ՄԱԿ-ի գրասենյակում մեկնարկեց Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես:  Ցուցադրվել են նկարչուհի՝ Հասմիկ Ավետիսյանի և քանդակագործ՝ Նունե Թումանյանի աշխատանքները:

Արվեստի այս գործերը գրավեցին լրագրողների, արվեստագետների և լայն հանրության ուշադրությունը: Միջոցառման նպատակն է խթանել «Կանանց հավասարությունը բոլորի առաջընթացն է» գաղափարը և շեշտել, թե որքան կարևոր է գենդերային հավասարությունը, կանանց լիազորությունների  ընդլայնումը, մարդու իրավունքներից կանանց լիակատար օգտվելը տնտեսական և սոցիալական զարգացման համար:

Կանանց միջազգային օրը տոնվում  է աշխարհի տարբեր երկրներում: Սա մի հնարավորություն է ճանաչելու նրանց ձեռքբերումները առանց որևէ խտրականության՝ լինի դա ազգային, էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական թե քաղաքական: 1975թ. Կանանց միջազգային տարվա շրջանակներում ՄԱԿ-ը սկսեց նշել Կանանց միջազգային օրը մարտի 8-ին:

Կանանց միջազգային օրվան նվիրված իր ուղերձում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար՝ Բան Կի – մունը շեշտեց կանանց հիմնարար դերը. «Այն երկրները, որտեղ գենդերային հավասարությունն ավելի շատ է, գրանցում են առավել մեծ տնտեսական աճ: Այն ընկերությունները, որտեղ կանայք շատ են, ավելի լավ արդյունքներ են ցույց տալիս: Խաղաղության այն համաձայնագրերը, որոնք ներառում են կանանց, առավել ամուր են: Այն խորհրդարանները, որտեղ կանայք շատ են, առավել շատ օրենսդրական ակտեր են կիրառում այնպիսի հիմնարար սոցիալական հարցերում, ինչպիսիք են՝ առողջությունը, կրթությունը, հակախտրականությունը և աջակցությունը երեխային»:

Մարիա Դոցենկոն` ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչն ասաց. «Ուրախ ենք աջակցել պետության ջանքերին՝ Հաուղղված Հայաստանում գենդերային հավասարության ու կանանց հնարավորությունների ընդլայնման մասին հանրային իրազեկվածությունը բարձրացնելուն: ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներից է բոլորի համար հավասար իրավունքների և արժանապատվության ձեռքբերումը: Գենդերային հավասարության խթանումը և կանանց հնարավորությունների ընդլայնումը Հազարամյակի զարգացման նպատակներից երրորդն է, և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ուրախ է աջակցել դրանց հասնելու պետության ջանքերին»:
Նկարիչներից մեկը՝ Նունե Թումանյանը հավելեց. «Իմ գործընկերը և ես գնահատում ենք հանրության հետ մեր աշխատանքները կիսելու և հասարակության զարգացման գործում մեր հայ կանանց կարևոր դերը ընդգծելու այս հնարավորությունը: Սա մի առիթ է, երբ կարող ենք բացահայտել կանանց ապագա սերունդների չբացահայտված ներուժն ու հնարավորությունները»:
Նունե Թումանյանը Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի դասախոս է:Նրա աշխատանքները ցուցադրվել են Հայաստանի, Ռուսաստանի և Իտալիայի տարբեր քաղաքներում: Այս տարվա հունվարի 27-ին Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա քաղաքի Արվեստների թանգարանում Women and Art Biennial 2014-ում Հայաստանը ներկայացնող քանդակագործուհին արժանացել է բիենալեի «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն  գործ» միակ մրցանակին: Հասմիկ Ավետիսյանի գործերը  ցուցադրվել են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում: Նրանք երկուսն էլ ճանաչված արվեստագետներ ու ՀՀ Նկարիչների միության անդամ են:

Ցուցահանդես-վաճառքը բաց կլինի հանրության համար  մինչև 2014թ. ապրիլի 1–ը, երկուշաբթի – ուրբաթ օրերին, ժամը՝ 15:00 -17:00:

Ստամբուլում բացվել է ՙՙՄԱԿ-Կանայք՚՚ կառույցի տարածաշրջանային գրասենյակը

mak (1)Ստամբուլում բացվել է ՄԱԿ-ի գենդերային հավասարության և կանանց իրավունքների ու հնարավորությունների լայնացման հարցերով տարածաշրջանային գրասենյակ: Համապատասխան փաստաթուղթ ստորագրվել է Նյու Յորքում ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Հալիդ Չևիքի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, «ՄԱԿ-Կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո Նգուկայի միջև:

ՙՙՀաբերլերի՚՚ հաղորդմամբ՝ Չևիքը նշել է, որ այս կառույցի ստեղծումը մեծ դերակատարություն ունի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում, գենդերային հավասարության և կանանց իրավունքների պաշտպանության գործում: Ստամբուլի գրասենյակը կգործի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աշխատանքներին զուգահեռ:

 

Անկախ

«Օրենքի գերակայության ամրապնդումը» թեմայով քննարկում ՄԱԿ-ում

SՓետրվարի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում «Օրենքի գերակայության ամրապնդումը` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հարցում» թեմայով, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Կարևորելով օրենքի գերակայության հաստատման հարցում անպատժելիության դեմ պայքարի անհրաժեշտությունը և ողջունելով ԱԽ հետևողական ջանքերը՝ ուղղված ցեղասպանության ու մարդկության դեմ կատարած այլ ծանր հանցագործությունների համար պատասխանատուներին արդարադատության հանձնելուն նա հավելեց, որ արդարադատությունը և օրենքի գերակայության արժեքները էական նշանակությունն ունեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում:

Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցի առթիվ Հայաստանի դեսպանը նշեց, որ մեծապես մտահոգիչ է այն փաստը, որ 2004թ.-ին մարդասպան Սաֆարովի իրականացրած սարսափելի հանցագործությունը շարունակում է փառաբանվել Ադրբեջանի կառավարական և հասարակական շրջանակների կողմից՝ հանդիսանալով հայրենասիրության օրինակ երիտասարդության համար: Դեսպանը հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը կշարունակի իր մտահոգությունը բարձրաձայնել այս աղաղակող քայլի վերաբերյալ, որի արդյունքում ոտնահարվել են արդարադատության, մարդու իրավունքների ու արժանապատվության նորմերը:

Քննարկմանը, որը նախագահում էր Լիտվայի ԱԳ նախարար Լ. Լինկեվիչուսը, ելույթներ ունեցան նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, Չիլիի ու Լատվիայի ԱԳ նախարարները:

Հայաստանը և Թուրքիան բախվել են Ցեղասպանության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

մակի ախՆախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նստաշրջանի` «Պատերազմ ու նրա դասերը. մնայուն խաղաղության որոնումը» խորագրով քննարկմանը, իր խոսքն սկսեց Թուրքիայի մասին նրբորեն ակնարկելով ՄԱԿ-ի խաղաղարար դերի վերաբերյալ. «ավելի խորացնել հաշտեցումը ժողովրդների միջև` ընդհանուր պատմության և տագնապալի անցյալի հիշողության հիման վրա: Հաճախ այս գործընթացը ենթադրում է ավելին, քան պարզապես հռչակագրերի և բանաձևերի ընդունումը, այցելություններն ու ծաղիկներ դնելը զոհերի հուշարձաններին կամ պայմանագրերի ու արձանագրությունների ստորագրումն ու ձեռքսեղմումները: Որպեսզի հաշտեցումը տևական լինի, անհրաժեշտ է կարգավորել անցյալը, ճանաչել և ընդունել կատարված հանցագործությունների ողջ պատասխանատվությունը»:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությունից դասեր քաղելուն, դեսպան Նազարյանը հատկապես նշեց, որ «հաշտեցման գործընթացը կարող է ձգձգվել տասնամյակներ կամ նույնիսկ սերունդներ: Սա արդի ժամանակաշրջանի առաջին ցեղասպանությունն էր, որն իրականացվեց Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ»: Հայաստանի ներկայացուցիչը շարունակեց՝ պնդելով, որ «զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգնման համար»:

Դեսպան Նազարյանը նաև նշեց այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ժողովուրդների միջև իսկական հաշտության համար. «հաշտեցման հարցում հաջողության հասած ազգերն ու ժողովուրդները սովորաբար անցել են ընդարձակ գործընթաց արդարության վերականգնման համար, որը ներառում է նաև փոխհատուցում զոհերին և նրանց ժառանգներին` նրանց ազգային արժանապատվության և ինքնության վերահաստատման նպատակով: Նաև հրատապ է միաձայն դեմ արտահայտվել պատմության աղավաղմանը, պատմական ոճրագործությունների մերժմանը և ժխտողականությանը»:

Զարմանալի չէ, որ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Հալիթ Չեվիկը պատասխան խոսքում ավելի շատ կենտրոնացավ ապագայի, այլ ոչ թե իր երկրի արյունոտ անցյալի վրա: Չգիտակցելով, որ նա դատապարտում է իր իսկ երկիրը, թուրք պատվիրակը պնդեց, որ «բոլոր դեսպան Կարեն Նազարյաննրանք, ովքեր պատասխանատու են առավել ծանր  ոճիրների, մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ցեղասպանության և պատերազմի հանցագործությունների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն»: Այնուհետև դեսպան Չեվիկը շարունակելով խոսքը կրկնեց իր կառավարության մաշված ժխտումները, հաստատելով, որ «ցեղասպանության անհիմն պնդումները 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ երբեք օրինականորեն կամ պատմականորեն հիմնավորված չեն եղել: Նույն կերպ, չկա ոչ քաղաքական, ոչ իրավական համաձայնություն այդ իրադարձությունների բնույթի վերաբերյալ… Մենք կարծում ենք, որ պատմությունից թշնամանք քաղելով, փորձելով ուրիշների վրա գցել մեղադրական և անցյալի վերաբերյալ միակողմանի տեսակետ, և կոչ անելով ընտրովի կարեկցանքի, ճիշտ ճանապարհ չէ հարգանքի տուրք մատուցելու համար բազմաթիվ թուրքերի, հայերի և այլոց հիշատակին, որոնք կորցրել են իրենց կյանքն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ: Ուստի կարևոր է առերեսվել պատմությանն ամբողջությամբ, և պատմական փաստաթղթերի ու արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրության միջոցով միգուցե հնարավոր լինի ճիշտ դասեր քաղել պատմությունից ու հասնել ընդհանուր արդար հիշողության»:

Դեսպան Նազարյանը օգտվելով պատասխանի իր իրավունքից, խորին ափսոսանք հայտնեց լսելով թուրք ներկայացուցչի «խեղաթյուրված բացատրությունները Հայոց ցեղասպանության անհերքելի փաստի առնչությամբ, որը խլել է Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի տիրապետության օրոք ապրած 1.5 միլիոն հայ մանուկների, կանանց և տղամարդկանց կյանքը…  Այն սկսվել էր 1915 թվականի Ապրիլի 24-ին և շարունակվել մինչև 1923 թվականը. դա մի ողջ ժողովրդի համակարգված և ծրագրված սպանդ էր»:

Մանրամասն նկարագրելով տեղահանություններն ու ջարդերն ընդհուպ մինչև ցեղասպանություն, դեսպան Նազարյանը հաստատեց, որ «այս ոճրագործությունը ճանաչվել է [ՄԱԿ-ի] բազմաթիվ անդամ պետությունների և միջազգային կառույցների, ներառյալ` ՄԱԿ-ի ու դրա ստորադաս մարմնի` Խտրականության վերացման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովի կողմից»:

Դեսպան Նազարյանին ուղղված իր երկրորդ պատասխանում Թուրքիայի ներկայացուցիչն ավելի զգուշավոր դարձավ իր ժխտողականության մեջ. «Մենք չենք ասում, որ 1915 թվականին ոչինչ տեղի չի ունեցել: Այդ իրադարձությունները չեն համապատասխանում [ՄԱԿ-ի] 1948 թ կոնվենցիայով սահմանված ցեղասպանության նկարագրությանը: Այժմ Հայաստանի պատվիրակությունը 1915 թվականի իրադարձությունները բարձրացնում է որպես ցեղասպանություն, առանց դրա վերաբերյալ որևէ բանաձևի կամ Միջազգային դատարանի որոշման: Այսպիսով, ինչ եք ակնկալում, որ մենք …», մինչ թուրք դեսպանը կավարտեր հայտարարությունը, հնչեց նրա բջջային հեռախոսի զանգը` ընդմիջելով նրա նախադասությունը:

Շատ հավանական է, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ բազմաթիվ նման բախումներ տեղի ունենան Թուրքիայի հետ: Թվում է, որ թուրք պաշտոնյաները չեն էլ գիտակցում, որ ինչքան շատ են ժխտում և հակազդում հայկական գործողություններին, այնքան ավելի շատ են նպաստում Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի արդար պահանջների տարածմանը: Ընդ որում, շնորհիվ թուրքական պատվիրակության տված երկու պատասխանների դեսպան Նազարյանի հայտարարությանը, պատմության մեջ առաջին անգամ Հայոց ցեղասպանությունը լայնորեն քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

 

 Հարութ Սասունյան      

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

ՄԱԿ-ը ներողություն է խնդրել սիրիացիներից բանակցությունների ձախողման համար

Լահդար ԲրահիմիՍիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին ներողություն է խնդրել սիրիացի ժողովուրդից Ժնևում Սիրիայի հարցով ընթացող բանակցություններում առաջընթաց չլինելու համար: Բրահիմին Ժնևում վերջնական քննարկում է անցկացրել սիրիական ընդդիմության և իշխանության միջև՝ փորձելով ելք գտնել անելանելի իրավիճակից: Բրահիմիի խոսքերով՝ բանակցությունների ձախողման մեղավորը սիրիական կառավարությունն է, որը հրաժարվում է քննարկել անցումային կառավարության ձևավորման հարցը: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ Ժնև-3 կոնֆերանսի անցկացման օրը դեռ հայտնի էր:

Անկախ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը նվիրված Ռադիոյի համաշխարհային օրվան

Radio day logoՌադիոյի համաշխարհային օրը հաստատում է ԶԼՄ-ի այս միջոցի յուրահատուկ դերն ու ազդեցությունը, որն աշխարհում ունի ամենամեծ ունկնդիրը:

 

Այս տարի օրվա հիշատակումով կարևորվում է ամենուրեք ռադիոհեռարձակողների, միջոցով լսելի դառնա կանանց ձայնը, և հեռարձակող կազմակերպություններում բարձրանա կանանց դերը:

 

Հաճախ ռադիոալիքները հետ են մնում, երբ խոսքը վերաբերում էր գենդերային հավասարությանը:

 

Կանանց ձայները հաճախ լսելի չեն ո՛չ բարձրախոսների առջև, ո՛չ էլ դրանց հետևում:

 

Քիչ պատմություններ են պատմվում կանանց և աղջիկների մասին:

 

Կանայք համաշխարհային լրատվական ընկերությունների խորհուրդների կազմում միայն մեկ քառորդ մասն են կազմում:

 

Ես խրախուսում եմ ռադիոկայաններին որդեգրել ավելի ներառական մոտեցում` իրենց աշխատակազմի և ունկնդիրների շրջանում հավասարապես ընդգրկելով կանանց:

 

Ռադիոն կարող է նաև օգտակար լինել կարծրատիպային և անհավասարակշիռ մտածելակերպը վերացնելու գործում:

 

Սա մեծ հնարավորություն է բոլորի համար: Եկե°ք տոնենք Ռադիոյի համաշխարհային այս օրը` ողջունելով կանանց ռադիոյի բնագավառում և անելով հնարավոր ամեն բան` ապագայում նոր ձայներ զարգացնելու համար:

 Անկախ

Ամփոփվեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման» ծրագրի առաջին տարվա արդյունքները

յունիսեֆ-ԵՄԱյսօր ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչությունում Հայաստանում եվրամիության պատվիրակությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը ամփոփեցին «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացումը և տեղական զարգացման գործընթացում միգրանտների ներգրավվածության մեծացումը» եռամյա ծրագրի առաջին փուլի արդյունքները:

Ծրագրի համակարգող Վարյա Մերուժանյանն ամփոփելով ծրագրի առաջին տարվա արդյունքները՝ նշեց, որ Եվրամիության կողմից ֆինանսավորվող և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի նվազեցնել Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի աշխատանքային միգրանտների և նրանց համայնքների սոցիալական խոցելիությունը՝ հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելով, ինչպես նաև միգրանտների ֆինանսական ու մտավոր ռեսուրսների արդյունավետ կիրառման միջոցով նպաստել համայնքների զարգացմանը:

«Ծրագրի իրականացման առաջին տարում չորս թիրախային մարզերում 50 դեպք վարողներ ստացել են համապատասխան ռեսուրսներ՝ միգրանտների կարիքները բացահայտելու, գնահատելու և դրանց արձագանքելու համար: Արդյունքում, մոտ 1000 միգրանտ ընտանիք ընդգրկվել է դեպքի վարման աշխատանքներում: Մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների 80 ներկայացուցիչներ ստացել են անհրաժեշտ կարողություներ 10 համայնքային և միջհամայնքային սոցիալական ծրագրեր մշակելու և իրականացնելու համար: Այս տարի նախատեսվում է չորս թիրախային մարզերի 190 բժիշկների և 380 միգրանտների ընտանիքների համար անցկացնել խնամք կազմակեպելու դասընթացներ, ինչպես նաև կազմակերպել հանրային իրազեկման արշավներ: Բացի այդ, թիրախային մարզերում կստեղծվեն 4 մարզային կենտրոններ, որոնք կաշխատեն զարգացնել և ամրապնդել համայնքների և Սփյուռքի կազմակերպությունների հետ կապը՝ նպաստելով թիրախային մարզերի զարգացմանը»,- ասաց Վարյա Մերուժանյանը:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետա Արենսը իր ելույթում նշեց, որ ՄԱԿ-ն ամենաբարձր մակարդակով համագործակցում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ: «Հարց է առաջանում, ի՞նչ ընդհանրություն ունի «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացման ծրագիրը» ՄԱԿ-ի այն գործակալության հետ, որը մանկական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ է գործունեություն ծավալում: Իրականում, այս ծրագիրն ուղիղ կապ ունի երեխաների հետ: Եթե ծրագրի շրջանակներում անհատական սոցիալական աջակցության ծրագրեր մշակվեն սոցիալապես անապահով ընտանքիների համար և իրագործվեն, կլուծվեն նաև այդ ընտանիքների երեխաների սոցիալական խնդիրները»,- ասաց Հենրիետա Արենսը:

Հիշեցնենք, որ մոտ 1 մլն արժողությամբ եռամյա ծրագիրն իրականացվում է 2012-ի դեկտեմբերի 21-ից և կավարտվի 2015-ի դեկտեմբերի 25-ին:

«Պատերազմ ու նրա դասերը. հարատև խաղաղության որոնումը» թեմայով քննարկում` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

մակՀունվարի 29-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի ունեցավ քննարկում` «Պատերազմ ու նրա դասերը. հարատև խաղաղության որոնումը» խորագրով, որն անդրադարձավ խաղաղ և անվտանգ հասարակություններ և հարաբերություններ ապահովելու համար կանխարգելման, հաշտեցման, ճշմարտության մեխանիզմների կիրառման հարցերին: Նիստը նախագահում էր ՄԱԿ-ում Հորդանանի մշտական ներկայացուցիչ` արքայազն Զեիդ Ալ-Հուսեյնին: Քննարկմանը մասնակցեին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալը, ինչպես նաև անդամ պետությունների շուրջ վեց տասնյակ ներկայացուցիչներ:

Իր ելույթում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը նշեց, որ հաշտեցման գործընթացը չի ենթադրում միայն պայմանագրերի ստորագրում: Որպեսզի հաշտեցումը լինի տևական, անհրաժեշտ է ընդունել անցյալը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշտեցման հարցում հաջողության հասած ժողովուրդներն ու ազգերն անցել են արդարության վերականգնման ճանապարհով, որը ներառում է նաև նմանատիպ ոճիրների հետևանքների վերացում: Իր ելույթի մեկ այլ բաժնում դեսպան Նազարյանը կարևորեց նաև, որպեսզի միջազգային հանրությունը միաձայն դեմ արտահայտվի պատմության աղավաղմանն ու ժխտողականությանը:             

«Զանգվածային դաժան հանցագործությունների անպատժելիության վերացումը էական է արդարության վերականգման համար»,- նշեց դեսպանը ու հավելեց, որ «այսօր էլ ցեղասպանության հանցագործությունները կրկնվում են աշխարհր տարբեր մասերում` պատճառ հանդիսանալով հսկայական մարդկային կորուստների, քաղաքական ու տարածաշրջանային հուզումների»: Դեսպան Նազարյանն ընդգծեց, որ ամեն մի հասարակություն պետք է առերեսվի իր անցյալի հետ, և այս գործընթացում իրենց դերակատարումն ունեն նաև միջազգային կազմակերպությունները, խորհրդարանները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, քաղաքական ու հոգևոր առաջնորդները, պատմաբանները, ուսուցիչները և այլն:

Հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է բազմաթիվ պետությունների, միջազգային կառույցների (ներառյալ` ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ու դրա Փոքրամասնությունների պաշտպանության և խտրականության վերացման ենթահանձնաժողովի) կողմից` նա իր ելույթի վերջում կոչ արեց ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու շարունակելու մարդկության դեմ կատարված այդ հրեշավոր ոճիրի ճանաչման ու դատապարտման գործընթացը:

Անկախ

Ողջ աշխարհում 250 մլն երեխա գրել-կարդալ չի կարողանում

2444820Ողջ աշխարհում մինչև 10 տարեկան 650 մլն երեխաներից առնվազն 250 մլն-ը չգիտի գրել-կարդալ: Նման եզրակացություն է ներկայացվել ՄԱԿ-ի Կրթության, գիտության ու մշակույթի հարցերով (ՅՈՒՆԵՍԿՕ) կազմակերպության զեկույցում, երեկ, համաշխարհային կազմակերպության շտաբ-բնակարանում:

Բերված տվյալներից հետևում է, որ 130 մլն երեխա հաճախում է տարրական դպրոց, սակայն նույնիսկ տարրական գիտելիքներ չի ստանում: Մնացած 120 մլն-ը դասարաններում անբավարար ժամանակ են անցկացնում, ընդ որում, նրանցից 57 մլն-ը ընդհանրապես պարապմունքներին չի հաճախում: Զեկույցը պատրաստողները նշում են, որ անգրագետ երեխաների վրա  պետությունը տարեկան 129 մլրդ դոլարի ծախս անում:Ինչպես լրագրողներին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Վիբեկե Յենսենը,  պատճառը որակավորում ունեցող ուսուցիչների պակասն է, հիմնականում, աղքատ ու հակասություններով լի երկրներում: Նրա խոսքով, 193 երկրների  մեկ երրորդ մասում  տարրական դպրոցներն ունեն պատրաստված մասնագետներ.”Չնայած շատ երեխաներ են դպրոց հաճախում, այնուամենայնիվ, կրթության մակարդակը իջել է: Հիմա պետք է կենտրոնանալ այդ խնդրի վրա”:

Կրթական ճգնաժամը հաղթահարելու համար, 2015-ին պետք է աշխատանքի ընդունել  որակավորում ունեցող 5,2 մլն մասնագետի, նշում են փորձագետները: Ընդ որում, նշվում է նաև այն ակնհայտ օգուտը, որ  դա կբերի երկրին: Կրթության ոլորտում գրագետ քաղաքականությունը 40 տարում կարող է  բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն մեծացնել 23%-ով:

Անկախ

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի, Բնակչության հիմնադրամի և ծրագրային ծառայությունների գրասենյակի գործադիր խորհրդի անդամ

մակՆյու Յորքում այս օրերին ընթացող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014թ. նստաշրջանի ընթացքում Հայաստանը 3 տարով` 2014-2016թթ ընտրվել է գործադիր խորհրդի անդամ:

Ելույթ ունենալով հունվարի 27-ի նիստին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը որպես գործադիր խորհրդի նորընտիր անդամ հայտնեց Հայաստանի լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչության հիմնադրամին և ծրագրերի իրականացման գրասենյակին նոր ռազմավարական ու գլոբալ ծրագրերի իրականացման հարցում, ինչպես նաև ՀՀ կառավարության պատրաստակամությունն առավել խթանելու այդ կառույցների հետ հաջողված գործընկերությունն ու արդյունավետ համագործակցությունը:

Անդրադառնալով միջնաժամկետ ծրագրերում տեղ գտած առաջնահերթություններն՝ դեսպան Նազարյանը մատնանշեց կայուն զարգացման նպատակների, կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի ճշգրիտ գնահատման, արդյունավետ ինստիտուտների և կանանց առաջխաղաղացման հարցերի կարևորությունը, որոնք հանդիսանալու են 2015թ. հետո ընկած ժամանակահատվածի զարգացման օրակարգի բաղկացուցիչ մաս։  Նա կարևորեց նաև հիշյալ ծրագրերի մշակման գործընթացում անդամ պետություններին, ՄԱԿ-ի գործակալություններին, հասարակական կառույցներին ներգրավելու ուղղությամբ գործադրած ջանքերը:

Բարձր գնահատելով աշխարհի բազմաթիվ երկրներում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգող հանդիսացող ՄԱԶԾ անփոխարինելի դերը՝  ՀՀ դեսպանը նշեց, որ այն Հայաստանում ներկայումս իրականացնում է երկու տասնյակից ավելի զարգացման զանազան ծրագրեր, որոնք համահունչ են Հայաստանի առաջնայնություններին որ զարգացման կարիքներին։

Տեղեկանք. ՄԱԿ կարևորագույն կառույցներից մեկի՝ ՄԱԶԾ, հիմնական գործառույթներից են Գլխավոր ասամբլեայի կողմից մշակված քաղաքականության իրականցումը, ՄԱԿ–ի հիմնադրամների ու ծրագրերի գործունեության ուսումնասիրումը, անդամ պետություններում իրականացվող ծրագրի հաստատումը, նոր ծրագրային նախաձեռնությունների խրախուսումը և այլն: Բաղկացած է 36 անդամներից:

 

 Անկախ

Ժնևում սկսվել են բանակցություններ Սիրիայի հարցով

ՄԱԿ,Ժնև, բանակցություններ ՍիրիաԺնևում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակում պաշտոնական Դամասկոսի և սիրիական ընդդիմության միջև բանակցություններ են սկսվել: Չնայած պատվիրակությունները նույն սենյակում են գտնվում, այնուհանդերձ նրանք ուղիղ կերպով իրար հետ չեն շփվում: Միջնորդի պարտականությունը իր վրա է վերցրել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց ալ Ահդար ալ Իբրահիմը: Վերջինս երեկ, առանձին խոսակցություն ունենալով պատվիրակությունների հետ, հայտարարել էր, որ կողմերը կհանդիպեն դեմ առ դեմ:

Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ օրվա բանակցությունների գլխավոր թեման դառնալու է հումանիտար օգնության միջանցքների բացման, բռնության դադարեցման և Սիրիայի անցումային կառավարության ձևավորման հարցը: Ավելի վաղ ալ Իբրահիմը հայտարարել էր, որ բանակցությունների նպատակը Սիրիան փրկելն է:

Անկախ

Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել Պան Գի Մունի հետ

davutoglu_pan  Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»,  Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Հայտնի է, որ խոսակցությունը տեղի է ունեցել ՄԱԿ-ի նախաձեռնությամբ: Կողմերը քննարկել են Սիրիայում տիրող վիճակն ու Կիպրոսի խնդիրը:

Պան Գի Մունը նշել է, որ բարձր է գնահատում «Ժնև-2» կոնֆերանսին մասնակցելու սիրիական ընդդիմության որոշումը: Կողմերը ընդգծել են Սիրիայում հումանիտար վիճակի անհապաղ բարելավման անհրաժեշտությունը: Խոսելով Կիպրոսի խնդրի մասին՝ Դավութօղլուն նշել է, որ կողմերը պետք է բանակցություններ սկսեն կղզում: Նախարարը հայտարարել է, որ թուրքական կողմը պատրաստ է բանակցել և կոչ է արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը վճռականություն ցուցաբերել այս հարցում:

2014-ը` բյուրեղագրության տարի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի  ուղերձը նվիրված բյուրեղագրության տարվան.

-Այս տարի նշվում է ժամանակակից բյուրեղագրության հիմնադրման հարյուրամյակը: Մենք նշում ենք նորարարական առաջընթացի 100 տարին:

Բյուրեղագրությունը հիմնարար նշանակություն ունի նյութի կառուցվածքը հասկանալու հարցում:

Այն չափազանց կարեւոր դեր ունի նյութագիտության, առողջապահության, գյուղատնտեսության եւ կենսատեխնոլոգիայի ասպարեզներում:

Այսօր բյուրեղագրությունը կառուցվածքային գիտությունների առանցքում է. այն բացահայտում է հանքային նյութերի եւ կյանքի մոլեկուլների կազմությունը, գիտնականներին օգնում նախագծել նոր սերնդի նյութեր եւ կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներ:

Ի նշանավորումն այս կարեւոր ներդրումների՝ Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովը 2014 թվականը հայտարարեց որպես Բյուրեղագրության միջազգային տարի: Նպատակն է՝ բարձրացնել իրազեկվածության մակարդակը բյուրեղների ներուժի վերաբերյալ, խորացնել համագործակցությունը եւ գործընկերություններ հաստատել ամբողջ աշխարհում:

Բյուրեղագրությունը կարեւոր տեղ ունի, քանի որ մենք ձգտում ենք հասնել ներառական կայուն զարգացման. քաղաքականություններ, որ նպաստավոր են մարդկանց եւ մոլորակի համար:

Երախտագիտություն եմ հայտնում UNESCO/ՄԱԿԳՄԿ-ին, ինչպես նաեւ Բյուրեղագրության միջազգային միությանը եւ մյուս բոլոր գործընկերներին:

Շնորհակալություն, որ ձգտել եք օգնել հասարակություններին՝ շահագործելու գիտությունների ամբողջ ներուժը հանուն կայուն զարգացման: Եկեք տարին վերածենք մեծ հաջողության: