ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին։ Գագաթնաժողովին մասնակցում են ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչ քաղաքական ղեկավարներ, երկրների նախագահներ, վարչապետեր, նախարարներ։
ԵԺԿ գագաթնաժողովին ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, որոնք վերաբերվում են Եվրոպային և տարածաշրջանին։ Խոսելով Ուկրաինայի շուրջ ծավալվող իրադարձություններին Տիգրան Սարգսյանն ասել է. «Ուկրաինայի ճգնաժամն այսօր համաշխարհային ուշադրության կենտրոնում է: Այն լուրջ մտահոգություն է մեր մայրցամաքի համար և մարտահրավեր մեր տարածաշրջանի խաղաղությանը և կայունությանը: Հայաստանը, գտնվելով աշխարհաքաղաքական բարդ միջավայրում և կանգնած լինելով անվտանգության լուրջ մարտահրավերների առջև, մշտապես աջակցել է վեճերի և ճգնաժամերի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվ մենք վստահ ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի նախևառաջ այս սկզբունքի հիման վրա: Այն պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների ճանապարհով՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»:
Կարևորելով խաղաղության և կայունության դերը ՀՀ վարչապետն ասել է, որ անցյալ դարի ընթացքում Եվրոպայի ժողովուրդները, այդ թվում՝ հայերը, բարձր գին են վճարել մայրցամաքում խաղաղության և կայունության համար: Ժամանակակից Եվրոպան, ուր իշխում է համագործակցության և գործընկերության ոգին, մարդկության մեծագույն նվաճումներից է: Այսօրվա Եվրոպայում պարզապես տեղ չկա առճակատող մոտեցումների համար:
Տիգրան Սարգսյանը վստահություն է հայտնել, որ անցյալի զինանոցից վերցրած այս մոտեցումներն անընդունելի են ԵԺԿ ընտանիքի քաղաքական ուժերի համար: Այսօրվա փոխկապակցված աշխարհում բաժանարար գծեր ստեղծելու ձգտումն այլևս չի կարող համարվել որպես ընդունելի տարբերակ:
Պատասխանելով ԵԺԿ նախագահի տեղակալի հնչեցրած հարցին ՀՀ վարչապետն ասել է. «Արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք մի շատ զգայուն հարց. դա նախևառաջ Լեռնային Ղարաբաղի հարցն է: Մենք հավատարիմ ենք մնում հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայտարարված սկզբունքներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք: Մենք համոզված ենք, որ ուկրաինական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ երկխոսության և բանակցությունների միջոցով, միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է»։
Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ մի գործընկերոջ հետ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը չպետք է տեղի ունենա մեկ այլ գործընկերոջ հետ հարաբերությունների հաշվին: Հայաստանը կշարունակի վարել շահերի ներդաշնակեցման իր քաղաքականությունը: «Մենք ձգտում ենք լինել մեր գործընկերներին կապող կամուրջ, այլ ոչ թե նրանց շահերի բախման հարթակ: Մաքսային միությանը միանալու մասին որոշումը կայացնելիս մենք առաջնորդվել ենք հենց այս սկզբունքով: Միաժամանակ, մենք բազմիցս հայտարարել ենք, որ ԵՄ հետ մեր հարաբերությունները կշարունակեն մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություն», – ասել է Տիգրան Սարգսյանը։
Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին անդրադառնալով ՀՀ վարչապետն ասել է. «Բարեփոխումը Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ամենալայնորեն կիրառվող եզրույթն է: Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Հայաստանը տարիներ շարունակ ստացել է Եվրոպական միությունից: Այդ աջակցության շնորհիվ մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել ժամանակակից ինստիտուտների կառուցման գործում: Մենք ցանկանում ենք շարունակել զարգացնել մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ: Այն կենսական նշանակություն ունի մեր երկրի հետագա առաջխաղացման, քաղաքական և պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման և տարածաշրջանում հավասարակշռության ու կայունության պահպանման համար: Այս փուլում մենք մեծ կարևորություն ենք տալիս ԵՄ հետ համագործակցության նոր շրջանակի մշակմանը: Որպես առաջին քայլ՝ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի ստորագրման առաջարկությունը, առանց Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մասի, Հայաստանի համար, հավանաբար, լավագույն ուղին է: Մի կողմից այս շրջանակը պետք է արտացոլի ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորությունը և բնույթը, մյուս կողմից՝ այն պետք է համատեղելի լինի մեր այլ միջազգային գործընկերների հետ: Հայաստանի հանրապետական կուսակցությունում մենք դա դիտարկում ենք որպես մեր տարածաշրջանում շահերը ներդաշնակեցնելու լավագույն ճանապարհ»,- ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Tag Archives: Տիգրան Սարգսյան
Բարելավվում են սոցիալական ոլորտի օրենսդրական կարգավորումները
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, ինչպես նաև Հայաստանում ԵՄ ներկայացուցչության անդամները:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է սոցիալական հարցերի ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Առաջարկվել է հանել մասնագիտական ստաժի հաշվառման պարտադիր լինելը, քանի որ այն առաջացնում է քաղաքացիների՝ իրենց իրավունքներից օգտվելու անհավասար պայմաններ: Արդյունքում՝ բոլոր քաղաքացիներն անկախ իրենց ստաժը հաշվառած լինելու հանգամանքից՝ կարող են օգտվել նշված արտոնությունից:
Առաջարկվել է նաև աշխատանքային ստաժը հաստատող վճարման կամ այլ փաստաթղթերի բացակայության դեպքում պահանջվող տեղեկատվության ստացման պարտականությունը դնել լիազոր մարմնի վրա: Սահմանվել են կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի իրավունքը, վճարումը վերակագնելու և կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձևերը, ինչպես նաև կրճատվել մի շարք բիզնես գործընթացների քայլեր և ժամկետներ:
Առաջարկվել է երեխաների հերթական թիվը որոշել ըստ երեխայի մոր ծննդաբերած երեխաների թվի՝ ընտանեկան զույգի խնամքի տակ գտնվող երեխաների թվի փոխարեն: Ներկայացված առաջարկներն ընդունվել են խորհրդի կողմից և համաձայն ընթացակարգի կներկայացվեն ՀՀ կառավարություն և Ազգային ժողով:
Առաջարկություններն անելիս ուսումնասիրվել են ԵՄ դիրեկտիվները, Մաքսային միության Մաքսային օրենսգիրքը, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Վրաստանի, Լիտվայի, Էստոնիայի, Հորդանանի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի փորձը: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից ներկայացված առաջարկություններն ընդունելու արդյունքում ձեռնարկատիրության ոլորտում բիզնես գործընթացների ծախսերը կնվազեն 61.8 տոկոսով՝ 1.2մլրդ դրամով:
Անկախ
Տիգրան Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրախորհրդարանի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը գտնվում է Բելգիայի թագավորության մայրաքաղաք Բրյուսելում, որտեղ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» ՀԿ գրասենյակում այսօր Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորների, Եվրոպական հանձնաժողովի Արտաքին գործերի գրասենյակի, եվրոպական այլ կառույցների և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ ՀՀ վարչապետը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարի համատեքստում ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է ՀՀ իշխանությունների քաղաքական դիրքորոշումը, ըստ որի ՀՀ-ն իր արտաքին հարաբերությունների դոկտրինում ամրագրել է հարաբերությունների հավասարակշռված բարելավում բոլոր գործընկերների հետ՝ ոչ ի հաշիվ մեկը մյուսի։ Տիգրան Սարգսյանն իր խոսքում նշել է որ, «կամ-կամ-ի սկզբունքը Հայաստանի համար անընդունելի է, և առավել ընդունելի մոտեցումն է՝ հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով»։
Օրվա երկրորդ կեսին ՀՀ վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը կմասնակցի ԵԺԿ գագաթնաժողովին։
Տիգրան Սարգսյանը «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին հրավիրում է երկխոսության
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի մեկնարկից առաջ ելույթ է ունեցել` անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին:
Ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հարցով, որն այսօր մտահոգում է մեր երիտասարդներին և հանրությանը: Դա պարտադիր կուտակային համակարգի բարեփոխումն է: Առաջին հերթին ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է քաղաքացիական հասարակություն, որը թելադրում է իր կանոնները: Դա նշանակում է, որ մենք նույնպես, որպես կառավարություն, պետք է մեր գործունեությունը շտկենք և դարձնենք այնպիսին, որը հաշվի է առնում, որ մեր կարևորագույն խնդիրն է նպաստել և խթանել քաղաքացիական հասարակության կայացմանը: Երկրորդ. այս շարժման հիմնական մասնակիցները երիտասարդներ են, ովքեր դիմել են մեզ բազմաթիվ նամակներով և իրենց մտահոգություններն են ներկայացրել այս բարեփոխման կապակցությամբ: Միևնույն ժամանակ, իրենց նամակներում կա մտահոգություն այս ռեֆորմի կապակցությամբ և միևնույն ժամանակ զգացվում է պատասխանատվություն մեր երկրի հանդեպ, և իրենց բառերով՝ իրենք սիրում են այս երկիրը և ուզում են, որ այն ունենա պայծառ ապագա:
Այս նամակների տակ ստորագրել են հազարավոր երիտասարդներ, որոնք ընդգրկված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք հայտարարում ենք, որ պատրաստ ենք երկխոսության, որովհետև այն դիրքորոշումը՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, անընդունելի է ինչպես մեզ համար, այնպես էլ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար:
Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, մանավանդ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքները, չեն կարող լինել առանց թերությունների, բնականար այդ օրենքներում կան թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները:
Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին` «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը:
Միևնույն ժամանակ, կարծում եմ, որ կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորիս համար և դա նշանակում է, որ նաև «Դեմ եմ» շարժումը պետք է վերաձևավորվի և դառնա շարժում հանուն մեր երկրի ապագայի, հանուն բարեփոխումների, այնպիսի բարեփոխումների, որոնք կստանան մեր երիտասարդների աջակցությունը: Սա մեր ուղերձն է «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին: Եվ, իհարկե, ես նաև Ազգային ժողովում եմ հայտարարել, որ մեզ ոգևորում է նաև այս երիտասարդական ակտիվությունը: Հասկանալի է, որ նաև տարբեր քաղաքական ուժեր փորձում են օգտագործել այն, շահարկել, բայց այն, որ երիտասարդները զերծ են մնում խնդիրների քաղաքականացումից, նույնպես վկայում է այն մասին, որ այս երկխոսությունը խիստ կարևոր է մեր պետության ապագայի համար»:
«Երկրի վարչատնտեսական բաժանման բարեփոխման քննարկումը մտնում է ավարտական փուլ». Տիգրան Սարգսյան
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՏԻՄ գործունեության տեղեկատվայնացման և տեղական տեղեկատվական հասարակության զարգացման քաղաքականության հայեցակարգին:
Գործադրի կողմից տնտեսության գերակա ճյուղ հռչակված ՏՏ ոլորտը արագ թափով զարգանում է նաև երկրի մարզերում և համայնքներում: Ծավալվում են հեռահաղորդակցական ենթակառուցվածքները, ընդլայնվում է համացանցից օգտվողների թիվն ու աշխարհագրությունը: Հայեցակարգի շրջանակում իրականացվելիք ՏԻՄ-երի հետագա տեղեկատվայնացումը կստեղծի Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման, ժողովրդավարության ամրապնդման և զարգացման ամուր հիմք, կնպաստի համայնքներում տեղեկատվական հասարակության ձևավորմանն ու զարգացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, այս հայեցակարգը սերտորեն առնչվում է վարչատարածքային բաժանման բարեփոխման հետ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ճիշտ կլինի, եթե բարեփոխման քննարկումն արդեն հրապարակային դարձվի: «Հանրապետական կուսակցությունում նախագիծը, մոտեցումները արդեն քննարկվել են, – հավելել է Տիգրան Սարգսյանը: – Դրանք բավական բուռն են անցել, հնչել են տարբեր տեսակետներ: Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի այն, որ մենք նոր քննարկումը կազմակերպենք Օրինաց երկիր կուսակցությունում, որպես մեր կոալիցիոն գործընկեր կուսակցություն, լսենք նաև իրենց մոտեցումները, որից հետո կազմակերպենք հանրային դեբատներ: Միգուցե ինչ որ մի պահի մենք արդեն պատրաստ կլինենք նաև լսումներ կազմակերպել խորհրդարանում: Փաստորեն այս հայեցակարգը, որն այսօր ներկայացնում եք, սերտորեն առնչվում է այդ ռեֆորմի հետ, որովհետև ձևավորվելիք հիմնադրամը այն գործիքն է լինելու, որով մենք էապես օժանդակելու ենք նոր վարչատարածքային բաժանման, կայացման գործընթացին»:
Տարածքային զարգացման անհամաչափության հաղթահարումը և դրան ուղղված նպատակային համալիր քաղաքականության իրականացումը, որը ՀՀ կառավարության գործունեության գերակայություններից է, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) տեսադաշտում է դեռ 1996 թվականից: Մտահոգիչ է այն իրողությունը, որ տարեցտարի երկրի տարածքների զարգացման անհամաչափությունը խորանում է: Տնտեսական զարգացումը կենտրոնացել է Երևանում և մասամբ՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում: Տարածքային զարգացման նոր մարտահրավերները թելադրում են ՀՍՆՀ-ի զարգացում և վերակազմավորում՝ տարածքների զարգացման հիմնադրամի, ինչին և այսօր հավանություն է տվել գործադիրը: Տարածքային զարգացման հիմնադրամի ձևավորման վերջնաժամկետ է սահմանվել 2015թ. հունվարի 1-ը: Որոշումը միտված է մարզերի համաչափ զարգացմանը, համայնքների խոցելիության նվազեցմանը և բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Նկատի առնելով այն հանգամանքը, որ այժմ ՀՀ մարզերում առկա են մի շարք հիմնախնդիրներ, մասնավորապես՝ դպրոցաշինության, մշակութային, նախադպրոցական հաստատության, բնակարանաշինության, ճանապարհաշինության, ջրամատակարարման և այլ ոլորտներում, կառավարությունը մարզպետարաններին հատկացրել է շուրջ 10 միլիարդ դրամ՝ մարզային և համայնքային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող ծրագրեր իրականացնելու համար:
Կառավարությունը որոշել է «ՀՀ ազգային վիճծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/6 հասցեում գտնվող մոտ 75 քառ. մետր տարածքն օտարել մրցույթով: Գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.0112 հա հողամասը: Գործարքի նպատակը պետական և ՏԻՄ բյուջեների մուտքերի ավելացումն է, ինչպես նաև տարածքի վիճակի բարելավումը:
Պարտադիր վճարումների տվյալները պետք է հասանելի լինեն սպառողին
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում քննարկել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ըստ հեղինակի, նախագիծը կոչված է պաշտպանելու սպառողի շահերը և թույլ չտալու, որպեսզի «մատակարարների որոշ աշխատակիցներ առանց սպառողի ներկայության գործողություններ կատարեն հաշվիչների հետ»: Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը նոր հարցեր է հարուցում տեխնիկական-ֆինանսական լուծումների առումով՝ լրացուցիչ ծախս պարտադրելով սպառողին և բիզնեսին: Կառավարությունը նաև գտնում է, որ նախաձեռնության նպատակները սպառողի համար առավելագույնս հասանելի են և օրենքով կարգավորման անհրաժեշտություն չունեն:
Դիմելով հարցը ներկայացնող ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Պարոն Մովսիսյան, այս հարցը նախարարական կոմիտեում բուռն քննարկման առարկա դարձավ, քանի որ ես պաշտպանում էի պատգամավորի փաստարկները: Նախարարական կոմիտեում ինձ հավաստիացրիք, այդ թվում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը, որ խնդիրն ամբողջությամբ կարգավորված է, այդ թվում նաև ֆիզիկական անձանց համար:
Ի՞նչ է պատգամավորի փաստարկի էությունը. որ տվյալները պարտադիր վճարումների համար պետք է հասանելի լինեն մեր քաղաքացիների համար՝ գազի, ջրի պարտադիր վճարումների առումով, այսինքն՝ փաստարկը շատ տեղին է և ճիշտ փաստարկ է, որովհետև պաշտպանում է մեր քաղաքացիների շահերը: Քաղաքացին պետք է այդ հնարավորությունն ունենա՝ ստանալու ճշգրիտ տեղեկատվություն՝ ինչքան ինքը պետք է վճարի:
Հակափաստարկը, որ հնչում էր նախարարական կոմիտեում, այն էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այդ խնդիրը լուծել է: Բայց մեր աշխատակազմը, ուսումնասիրելով այդ կարգավորման նորմերը, ինձ երեկ զեկուցել է, որ այդպես չէ, որ ֆիզիկական անձանց գծով կա խնդիր: Եվ ես ցանկանում եմ հասկանալ, եթե կա այդպիսի խնդիր, ինչպե՞ս ենք այն լուծելու: Միգուցե պատգամավորի առաջարկն իրավական ձևակերպումների տեսակետից մեզ համար անընդունելի է, բայց պետք է գտնենք ընդունելի ձևը և կարգավորենք այս խնդիրը, որ քաղաքացիներին նույնպես այդ տվյալները լինեն հասանելի, և ծառայություն մատուցող կազմակերպությունները (էլեկտրաէներգիա, գազ) պարտավոր լինեն այդ տեղեկատվությունն անվճար հասանելի դարձնել մեր քաղաքացիների համար: Սա է հարցադրման էությունը: Համեցեք, պարոն Նազարյան»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Ինչ վերաբերում է հաշվիչների կապարակնքմանը, ապա այստեղ, ինչպես գազամատակարարման և օգտագործման կանոններում, այնպես էլ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում իմպերատիվ այդ նորմը գրված է և ապահովված է, և ցանկացած բաժանորդ իրավունք ունի իր ցանկացած ձևով կապարակնքելու հաշվիչները և, ես գտնում եմ՝ սա բավարար է այդ հարցի կարգավորման համար:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Համաձայն եմ Ձեր փաստարկի հետ, ուղղակի դրա մասին պետք է նաև իրազեկել մեր քաղաքացիներին: Մենք այստեղ խնդիր ունենք, որովհետև մեր աշխատակազմն էլ զեկուցում է, որ այդ հարցը կանոնակարգված է հստակ, և քաղաքացիները պաշտպանված են նորմատիվ ակտերով: Ուղղակի մեր քաղաքացիներին պետք է իրազեկել: Համաձայն եմ նաև պարոն Մովսիսյանի այն փաստարկի հետ, որ պատգամավորի առաջարկն անընդունելի է, որովհետև ենթադրում է լրացուցիչ ծախսեր մեր քաղաքացիների համար, եթե մենք այդպիսի պարտադիր նորմ օրենքով սահմանենք: Քաղաքացիների վրա լրացուցիչ ծախս դնելուն մենք կողմ չենք: Համեցեք, հաջորդ փաստարկը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Նաև ուզում եմ ասել, որ սպասարկման որակի ցուցանիշները կանոնակարգվում են ոչ թե օրենքով, այլ իմ այս նշած երկու փաստաթղթերով, և եթե մենք որակի սպասարկման որոշ ցուցանիշներ առանձնացնենք, բերենք օրենքի մակարդակի, մնացածները թողնենք նույնը, կարծում եմ, ավելի կդժվարացնենք և որևէ լավ բանի չենք հասնի: Եվ ես գտնում եմ, որ այս հարցերը պետք է մնան այս երկու փաստաթղթերի կարգավորման դաշտում:
Ինչ վերաբերում է մյուս հարցին, ապա պետք է ասեմ, որ էլեկտրաէներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում՝ 9-րդ գլխում, հստակ գրված է, որ մատակարարը պարտավոր է մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի, փոստային բաժանմունքների, համապատասխան սպասարկման կետերում տեղադրել տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին:
Երկրորդը` մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը հանրապետական սփռման երկու հեռուստաընկերությունների միջոցով երկու անգամ ժամը 18:00-ից 20:00 և 20:00-ից 23:00-ն ընկած ժամանակահատվածներում հայտարարել նախորդ ամսվա ընթացքում սպառողների կողմից սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը տեղադրելու օրը: Երրորդը` սպառողի դիմելու դեպքում տրամադրել վերջինիս նախորդ ամսվա ընթացքում սպառված էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը: Եվ նաև նախորդ ամսվա էլեկտրաէներգիայի ծախսի վճարման հաշիվը փոստով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելու սպառողի գրավոր պահանջի կամ այդ պարտավորությունը պայմանագրով սահմանված լինելու դեպքում մատակարարը պարտավոր է կատարել այդ պահանջը: Վճարման հաշիվը փոստով առաքելու պահանջի դեպքում այդ ծառայության վճարը վճարում է սպառողը, վճարման հաշվի ներկայացումը էլեկտրոնային փոստով կատարվում է անվճար: Եվ նաև պետք է ասեմ, որ այսօր նաև գործում է Հայաստանի էլեկտրացանցերի կայքը, որտեղ յուրաքանչյուր բաժանորդ մուտք գործելով և մուտքագրելով իր կոդը, կարողանում է անմիջապես ծանոթանալ իր ոչ միայն նախորդ ամսվա, այլև ամբողջ տարվա ծախսերին:
Ինչ վերաբերում է գազամատակարարման և օգտագործման կանոններին, ապա այստեղ պետք է, և դուք ճիշտ նշեցիք, որ կազմակերպությունների մասով այս հարցը լիովին լուծված է, այնպես ինչպես ես նշեցի, իսկ սպառողների մասով մի փոքր թերացում կա, որը մեր այս տարվա աշխատանքային ծրագրում նախատեսված է և մինչև հոկտեմբերի 1-ը կլուծենք: Եվ ես կարծում եմ նույն ձևով կնույնականացնենք, ինչպես էլեկտրաէներգիայի մատակարարման օգտագործման կանոնները, ծանուցման այս ամրագրված ձևը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Իսկ ավելի շուտ հնարավոր չէ՞, ինչո՞ւ մինչև հոկտեմբերի 1-ը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան – Պարոն վարչապետ, մենք նաև Եվրամիության ԻՆՈԳԵՅԹ ծրագրով փորձագետներ ենք հրավիրել , արդեն աշխատում ենք և իրենցով է պայմանավորված այդ ժամկետները, որովհետև նրանք նաև փորձում են այսօրվա մեր ունեցած իրավիճակը գնահատել նաև Արևմտյան Եվրոպայի զարգացած երկրների փորձի հետ համեմատելով:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, այդ դեպքում պարոն Մովսիսյան, ձեր եզրակացության վերջին մասը վերախմբագրեք, որ մենք փաստարկը ընդունում ենք և կառավարության դիրքորոշումն այն է , որ իրավական լուծումը ենթադրում է, որ մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ խնդիրը կլուծի և որ մինչև հոկտեմբեր ամիսն այս խնդիրը մեր քաղաքացիների համար լուծված կլինի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյան– Գազի մասով հստակ ամրագրված է այն նորմը, որ մատակարարը պարտավոր է մինչև տվյալ ամսվա 15-ը նույնպես բոլոր վճարահաշվարկային կետերում այդ գրավոր ծանուցումը ապահովել և ցանկացած պահի գրավոր պահանջի դեպքում տեղեկություն տրամադրել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պարոն Նազարյան, պետք է խնդրեմ, որպեսզի դուք զանգվածային լրատվական միջոցներով այդ տեղեկատվությունը դարձնեք հասանելի : Ես համոզված եմ, որ մեր քաղաքացիները կօգտվեն այդ հնարավորություններից էլեկտրոնային եղանակով ստանալու տեղեկատվություն իրենց հաշիվների մնացորդների մասին, ինչքան պետք է վճարեն : Մանավանդ, որ տարեցտարի կտրուկ աճում է ինտերնետից օգտվողների թիվը: Այժմ, եթե չեմ սխալվում, այդ թիվը մոտենում է կես միլիոնի: Իսկ դա նշանակում է, որ արդեն մեր ընտանիքների ճնշող մեծամասնությունը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով այդ տեղեկատվությունը ստանալ: Ուղղակի պետք է իրենց տեղյակ պահել, որ այդ հնարավորությունն ընձեռված է:
Օրենքի նախագիծը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Կուտակային համակարգի արդյունքները տեսանելի կլինեն շուտով. վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Հրազդանում տեղի է ունեցել Կոտայքի մարզի խորհրդի ընդլայնված նիստը, որին ներկա են եղել նաև ՀՀ գյուղատնտեսության և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Սերգո Կարապետյանն ու Արտեմ Ասատրյանը: Ներկայացվել է գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքը և առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Ներկաների խնդրանքով վարչապետը մանրամասն ներկայացրել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը և պատասխանել տարբեր հարցերի:
Տիգրան Սարգսյանը նշել է, որ ծերացող հասարակության պայմաններում թոշակառուների խնդրի լուծման լավագույն տարբերակը, նաև միջազգային հայտնի փորձագետների գնահատմամբ, վերը նշված համակարգն է: «Եթե ցանկանում ենք թոշակառուներին ապահովել երաշխավորված ապահով ծերություն, ապա այսօրվա գործող համակարգի՝ սերունդների համերաշխության սկզբունքի ներքո պետք է ավելացնել հարկային բեռը: Աշխարհի լավագույն մասնագետները ևս նշում են, որ այս խնդիրը միայն Հայաստանի համար չէ. աշխարհի երկրների մեծ մասը, որտեղ տեղի է ունենում բնակչության ծերացում, բախվում է դրան: Խնդրի լուծման մեկ բանաձև կա. աշխատողները պարտավոր են պետության հետ միասին մտածել իրենց ապահով ծերության մասին: Եթե այդ բեռը դրվի միայն եկամտահարկի վրա, ապա խնդիրը երբեք հնարավոր չի լինի լուծել»,- ասել է վարչապետը:
Տ.Սարգսյանի խոսքով՝ Հայաստանն ունի խնդրի լուծման պատուհան և պարտավոր է դրանից օգտվել, ինչը կապահովի ներկայիս երիտասարդների բարեկեցիկ ծերությունը:
Անդրադառնալով հարցին՝ որքան պետք է անձը կուտակի, որպեսզի ունենա ապահով ծերություն, վարչապետը նշել է.«Մեր բոլոր հաշվարկները և միջազգային համադրումները ցույց են տալիս, որ այն պահին, երբ քաղաքացին անցնում է թոշակի, ապա նրա թոշակը չպետք է ավելի ցածր լինի, քան թոշակի անցնելու ընթացքում իր եկամտի 40 տոկոսը: Որպեսզի այդ ցուցանիշը կարողանանք ապահովել, ապա քաղաքացին իր աշխատանքային կենսագրության ընթացքում պետք է կուտակի իր եկամտի առնվազն 10 տոկոսը»:
Կառավարության ղեկավարի դիտարկմամբ՝ որպեսզի այդ 10 տոկոսը քաղաքացին կարողանա կուտակել և այն ծանր բեռ չլինի վերջինիս համար՝ պետությունն իր վրա է վերցրել կուտակումների 5 տոկոսը: Բացի այդ, 2014 թվականին իրականացվելու են այնպիսի ծրագրեր, որոնք ապահովելու են աշխատավարձերի բարձրացում: Այդ առումով, աշխատանքները տարվում են երկու` մասնավոր և պետական հատվածների ուղղություններով: Առաջինի մասով ընդունվել է քաղաքական որոշում, որպեսզի նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ ավելացվի. այն հասնելու է 75 հազարի: Պետական ծառայողների աշխատավարձերը նույնպես 2014-ի հուլիսի 1-ից էապես ավելանալու են:
«Մենք՝ որպես պետություն, եթե ցանկանում ենք ամուր կանգնած լինել ոտքերի վրա՝ իրավունք չունենք մտածելու միայն այսօրվա և վաղվա մասին, որովհետև վաղը չէ մյուս օրը կանգնելու ենք կոտրված տաշտակի առջև և որևէ մեկը չի օգնելու, որպեսզի լուծենք ՀՀ թոշակառուների խնդիրը: Դրա ֆինանսական բեռն այնքան մեծ է լինելու, որ ՀՀ պետական բյուջեն ի վիճակի չի լինելու լուծել այդ խնդիրը:
Իհարկե, սա հեշտ բարեփոխում չէ, և մենք, հաշվի առնելով միջազգային փորձը, մշակել ենք առաջին փուլում բացասական ազդեցությունը մեղմելու գործիքներ»,- ընդգծել է վարչապետը:
Խոսելով խնայողությունները կորցնելու վտանգի մասին՝ կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ կառուցվել է խնայողությունների ապահովման գրագետ համակարգ, որը հաշվի է առնում տարբեր տեսակի ռիսկեր: Խնայողությունները հավաքագրվելու են համաշխարհային կուտակային հիմնադրամներում, որոնք, օգտագործելով դիվերսիֆիկացիայի գործիքը, գումարները տեղաբաշխելու են հուսալի արժեթղթերի մեջ: Խնայողությունները, Տիգրան Սարգսյանի խոսքով, ապահովվելու են նույնիսկ համաշխարհային ճգնաժամերի ժամանակ: «Միակ տարբերակը, որ այդ խնայողությունները փոշիանան, ոչ թե համաշխարհային ճգնաժամն է, այլ համաշխարհային կոլապսը: Մեր օրենքը հաշվի է առնում բոլոր ռիսկերը և նկարագրում այնպիսի մեխանիզմ, որը երաշխավորում է խնայողությունների հուսալիությունը: Դրա համար էլ ՀՀ-ում գործում են համաշխարհային համբավ ունեցող երկու կառավարիչներ, որոնք լինելու են Կենտրոնական բանկի հսկողության ներքո»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը վստահեցրել է նաև, որ համակարգի արդյունքները տեսանելի են լինելու արագ: Խնայողությունների մի մասը տեղաբաշխվելու է ՀՀ-ում հուսալի, անշարժ գույքով ապահովագրված հիփոթեքային ակտիվների մեջ: Դա, վարչապետի համոզմամբ, նշանակում է, որ ՀՀ շուկայում կհայտնվեն երկար փողեր՝ 35-40 տարվա կտրվածքով, և այսօրվա երիտասարդը կկարողանա ձեռք բերել բնակարան ու դրա համար վճարել 35 տարվա ընթացքում:
«Կուտակային համակարգը բնակարանները հասանելի է դարձնում մեր երիտասարդ ընտանիքների համար հենց այսօր: Այս խնայողությունները նպաստելու են ՀՀ տնտեսական աճին, որովհետև այդ գումարներն ուղղվելու են շինարարության ոլորտին՝ բնակարանաշինությանը, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, առևտրի աշխուժացմանը, ներդրումային նոր ծրագրերին»,- նշել է Տիգրան Սարգսյանը:
Նիստի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգևներ է հանձնել նախորդ տարվա ընթացքում գյուղատնտեսության բնագավառում հաջողություններ արձանագրած մի շարք գյուղատնտեսների:
Հայաստանը կմասնակցի ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մաքսային համագործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինին:
Վարչապետը հյուրի հետ քննարկել է Մաքսային միությանը և եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային համագործակցությանը և մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին զեկուցել են այդ ուղղությամբ անցկացված քննարկումների արդյունքների մասին: Վլադիմիր Գոշինը մանրամասներ է ներկայացրել ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի: Գործընթացը համակարգում է ՄՄ անդամ երեք երկրների փոխնախարարների մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի աշխատանքներին այսուհետ կողմերի պայմանավորվածությամբ կմասնակցեն նաև հայկական կողմի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի կունենա ս.թ. մարտի 17-ին Մոսկվայում:
Հայաստանը կմասնակցի ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է մաքսային համագործակցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Վլադիմիր Գոշինին:
Վարչապետը հյուրի հետ քննարկել է Մաքսային միությանը և եվրասիական միասնական տնտեսական տարածքին ՀՀ անդամակցության գործընթացի շրջանակում մաքսային համագործակցությանը և մաքսային օրենսդրությանը վերաբերող հարցեր: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին զեկուցել են այդ ուղղությամբ անցկացված քննարկումների արդյունքների մասին: Վլադիմիր Գոշինը մանրամասներ է ներկայացրել ՄՄ մաքսային նոր օրենսգրքի մշակման վերաբերյալ, որը ուժի մեջ կմտնի հաջորդ տարի: Գործընթացը համակարգում է ՄՄ անդամ երեք երկրների փոխնախարարների մակարդակով գործող աշխատանքային խումբը, որի աշխատանքներին այսուհետ կողմերի պայմանավորվածությամբ կմասնակցեն նաև հայկական կողմի ներկայացուցիչները: Աշխատանքային խմբի հերթական հանդիպումը տեղի կունենա ս.թ. մարտի 17-ին Մոսկվայում:
Վարչապետը համոզված է, որ ՏՏ ոլորտին արտոնություն տրամադրելու օրինագիծը նոր առաջընթաց կապահովի
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքի նախագծին, որով կարգավորվում են ՏՏ ոլորտի պետական աջակցության հիմնական սկզբունքները և աջակցության համակարգի ձևավորման և կիրառման հետ կապված հարաբերությունները:
Դեռևս 2000 թվականին Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչված այս ոլորտը մշտապես եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: 2008-2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է մոտ 23 տոկոս միջին տարեկան աճ:
Մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մրցունակությունը բարձրացնելու նպատակով են մշակվել սույն օրենքի, ինչպես նաև «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը: Նախատեսվում է ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես, հավաստագրված կազմակերպությունների համար՝ շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում, ինչը էապես կնպաստի նոր ընկերությունների ձևավորմանը, աշխատատեղերի ավելացմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցը զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է օրենքի նախագիծը ներկայացնել լրատվամիջոցներին, որպեսզի ՏՏ ոլորտի աշխատողները մանրամասն ծանոթանան փաստաթղթին, մանավանդ, որ գաղափարը ծնվել է անցած տարվա դեկտեմբերին, երբ Դիլիջանում կայացած համաժողովում քննարկվում էր ինովացիոն զարգացումների թեման: «Այն ժամանակ, երբ մենք այս գաղափարը հնչեցրինք՝ խոստացանք, որ կարճ ժամանակահատվածում կպատրաստենք օրենքի նախագիծ և այն կներկայացնենք հանրության դատին, – հավելել է վարչապետը: – Ուզում եմ շեշտել, որ այս խնդիրը քննարկվել է նաև ՀՀ նախագահի մոտ և արժանացել նախագահի հավանությանը, քանի որ այս որոշումն ունի քաղաքական բովանդակություն: ՏՏ ոլորտն այս պահին իր զարգացվածությամբ հասել է մի այնպիսի աստիճանի, որ անհրաժեշտ են որակական նոր փոփոխություններ, որպեսզի Հայաստանը հստակորեն ՏՏ համաշխարհային քարտեզի վրա իր առանձնահատկությամբ, հարաբերական առավելությամբ գրավի իր հատուկ տեղը: Այս օրենքի նախագիծը, մեր կարծիքով, այդպիսի նախադրյալներ ստեղծում է նաև այլ գործիքակազմի հետ միասին: Մասնավորապես, ցանկանում եմ հիշատակել Վենչուրային հիմնադրամը, որ Համաշխարհային բանկի օժանդակությամբ ստեղծելու են մասնավոր ընկերությունները: Այդ հիմնադրամի միջոցները նույնպես կարող են ուղղվել Start-up բիզնեսների ֆինանսավորմանը: Այն, որ մենք այսօր բացառիկ հնարավորություն ենք ստեղծում ոլորտի համար, ազատելով բոլոր տեսակի հարկերից՝ թողնելով միայն 10 տոկոսով ամրագրված եկամտահարկ, ազատելով շահութարկից, լրջագույն խթան է լինելու Start-up-երի համար և այս ոլորտում, կարծում եմ, կապահովի նոր առաջընթաց: Նաև համաձայն եմ այն առաջարկի հետ, որ օրենքի նախագիծը մենք համարենք անհետաձգելի, քանի որ այն սպասված է նաև ՏՏ ոլորտի կողմից»:
ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկել են առևտրական և արտադրական գործունեությունից ստացվող եկամուտների համար շրջանառության հարկի՝ ներկայումս սահմանված 3.5 տոկոս դրույքաչափը նվազեցնել մինչև 1.5 տոկոս: Քննարկելով նախաձեռնությունը, գործադիրն առաջարկել է առայժմ ձեռնպահ մնալ օրենքի նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ առաջիկայում ԱԺ քննարկմանը օրենսդրական փոփոխությունների իր փաթեթը ներկայացնելուց հետո: Կառավարությունը հանգամանորեն հիմնավորել է սույն եզրակացությունը: «Փոքր և միջին ձեռնարկությունների հարկման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ մեզ առաջարկություններ է ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, – հարցի վերաբերյալ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: – Ազգային Ժողովում առաջարկություններ են հնչեցրել նաև ընդդիմադիր քաղաքական գործիչները, ում նույնպես պետք է այս քննարկմանը մասնակից դարձնել, որպեսզի մեր ընդունած տարբերակը ընդունելի լինի ոչ միայն կառավարության, այլև առաջին հերթին փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև այն կուսակցությունների համար, որոնք նույնպես տվյալ ոլորտի վերաբերյալ նախաձեռնություններ ունեն»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Կառավարությունում քննարկվել են ՏՏ ոլորտի խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցով ներկայացվել է խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը: Այնուհետև քննարկվել են ՀՀ պետական գնումների համակարգին առնչվող հարցերը և դրամաշնորհային ծրագրերով ԱԱՀ-ով հարկման ժամանակ առաջացող խնդիրները: Վերջինիս կապակցությամբ վարչապետը հանձնարարել է հրավիրել խորհրդակցություն և գտնել լուծումներ:
Զեկուցվել է նաև Հայաստանում ռոբոտաշինության խմբակների ստեղծման և զարգացման` «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի ընթացքը: Տեղեկացվել է, որ հանրապետությունում արդեն իսկ ստեղծվել են 60 խմբակներ, որոնց թիվն առաջիկայում նախատեսվում է եռապատկել: Նշվել է, որ խմբակների գործունեությունը կնպաստի աշխատաշուկա հազարավոր երիտասարդների ներգրավմանը: Մասնավոր հատվածը դիմել է կառավարությանը դրամական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով, ինչն արժանացել է Տիգրան Սարգսյանի հավանությանը: Նախատեսվում է ծրագրին ներգրավել նաև տարբեր դոնորների:
Օրակարգային հաջորդ հարցով առաջարկվել է օրենքի բոլոր նախագծերը RSS ֆորմատով տեղադրել ՀՀ արդարադատության նախարարության վեբ կայքում: Վարչապետը հանձնարարել է պատկան մարմիններին՝ քննարկել հարցը և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Նիստում քննարկվել են նաև նվազագույն աշխատավարձին, երաշխիքային սպասարկման ժամանակ գործող մաքսային ընթացակարգերին և ՀՀ-ում «Ուսում» համակարգով համակարգչային հմտությունների թեստավորման և հավաստագրման կենտրոնների ստեղծման և գործարկման ծրագրին առնչվող հարցեր:
Ամփոփելով խորհրդի նիստի արդյունքները՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Տեղեկատվական տոխնոլոգիաների զարգացման խորհուրդն իր մեջ ներառում է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Դրա նպատակն է, որպեսզի մենք իրական հատվածից ստանանք ազդակներ, թե որոնք են ՏՏ ոլորտին մտահոգող խնդիրները, տեսնենք՝ ինչպիսի խոչընդոտներ կան, որպեսզի կառավարությունն օպերատիվ արձագանքի, գտնի լուծումներ, ու ոլորտը զարգանա: Հարցերի ճնշող մեծամասնությունը ստանում է լուծումներ»:
Վարչապետը հորդորել է ՏՏ բնագավառի ներկայացուցիչներին՝ կառավարությանը մշտապես ներկայացնել բոլոր խնդիրները՝ համատեղ լուծումներ գտնելու և ծրագրեր իրականացնելու համար:
Անկախ
Քննարկվել է ՄՄ-ին ՀՀ անդամակցության “ճանապարհային քարտեզի” իրականացման ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ-նախարար Տիմուր Սուլեյմանովին, ով համակարգում է կառույցի տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության “ճանապարհային քարտեզի” իրականացման աշխատանքային խմբերի գործունեությունը: Մասնավորապես, զրուցակիցները մտքեր են փոխանակել ծառայությունների և ներդրումների, հարկային ու մաքսային քաղաքականության, մաքսատուրքերի, ինչպես նաև մտավոր սեփականության հարցերի առնչությամբ անցկացվող քննարկումների վերաբերյալ: Կողմերն ամփոփել են իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները և պատրաստակամություն հայտնել շարունակել խորհրդակցությունները՝ մոտ ապագայում տվյալ ուղղություններով համաձայնեցված մոտեցում մշակելու նպատակով: Նախանշվում է աշխատանքային խմբերի ձևաչափով քննարկումներն ավարտին հասցնել մինչև 2014 թ. մարտի վերջ:
Տիմուր Սուլեյմանովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության և աշխատանքային խմբերի գործունեությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Հայաստանի վարչապետն ընդունել է Սերբիայի արտգործնախարարին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար
ին:
Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ հայ և սերբ ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամրապնդված է պատմական փաստերով, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնել այդ հարաբերությունները: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել, մասնավորապես, տնտեսական համագործակցության խորացումը և համապատասխանեցումը երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է մարտի 11-ին Երևանում հայ-սերբական գործարար համաժողովի անցկացումը, որը թույլ կտա բացահայտել գործակցության նոր հեռանկարներ:
Սերբիայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Սերբիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնել հնարավորինս լավագույն հարաբերություններ: Իվան Մրկիչը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ շարունակելու տնտեսական կապերի ակտիվացմանը և դրանք քաղաքական համագործակցության մակարդակին բարձրացմանն ուղղված քայլերը: Նա կարևորել է համապատասխան իրավական դաշտի ձևավորումը և նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման ժամանակ այսօր արդեն ստորագրվել է կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման վերաբերյալ: Հայաստանի վարչապետը տեղեկացրել է Սերբիայի արտգործնախարարին, որ մեր երկիրը որդեգրել է «բաց երկնքի» քաղաքականություն, ինչը լավ հնարավորություն է Երևան-Բելգրադ օդային ուղիղ հաղորդակցություն կազմակերպելու համար: Պարոն Մրկիչը ողջունել է այդ գաղափարը՝ ընդգծելով, որ դա կխթանի զբոսաշրջության զարգացումը, գործարար շփումների ակտիվացումը և ներդրումների խրախուսումը:
Ներդրումների ներգրավումը կառավարության առաջնահերթություններից է
Այսօր տեղի է ունեցել Կառավարության նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը որոշել է «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017թ. մարտի 1-ը: Գործարանը հիմնադրվել է 2008 թվականին: 2010-ից սկսած արտադրում է գինի, որը բացի ներքին շուկայից նաև արտահանվում է:Հիմնադրման օրվանից մինչև օրս ընկերությունում կատարվել է մոտ 10 մլրդ դրամ ներդրում: Այժմ «Արմենիա վայնը» կառուցում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրամաս, որի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ գումարի վճարումը կառավարության որոշմամբ հետաձգվել է երեք տարով: Ներդրումային նոր ծրագրով Արագածոտնի մարզում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որը լինելու է խաղողի վերամշակումից մինչև պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների մի ամբողջ համալիր: Կատարվելիք 2.57 մլրդ դրամի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 4.7 մլրդ դրամի և ընդլայնել արտահանման ծավալը: Քսան նոր աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 188 հազար դրամի:
Կառավարության որոշմամբ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղին թույլատրվել է երեք տարով երկարաձգել ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Նշված բաժնետիրական ընկերությունը 2012թ. ճանաչվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող և Հայաստան ներմուծել համապատասխան սարքավորումներ: Դրանց շահագործումը շարունակելու նպատակով ընդունվել է սույն որոշումը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունը և մրցակցությունը, կնվազեն տրանսպորտային ծախսերը:
Գործադիրն իր որոշումներով հաստատել է իր նախկին երկու որոշման փոփոխությունները, որոնցից առաջինը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, մյուսը` օղու ներմուծման արտոնագրման կարգերին: Երկու դեպքում էլ նպատակը օրենսդրական բարեփոխումն է, տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվության շրջանակի նվազումը:
Օրենսդրորեն կարգավորվում են փոխադրամիջոցների գույքահարկի հարաբերությունները
Կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի տարընթերցումները
Վարչապետն առաջարկել է օրենքի փոփոխության հարցը քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» օրինագծին, «Հարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի հետ մեկ միասնական փաթեթով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: Նշված օրինագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013թ. հաստատած «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից, ինչպես նաև Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից: Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման, ինչպես նաև տեսչական հարկերի հետ կապված հարաբերություններն են:
Նիստում հավանություն է տրվել «Վերահսկիչ պալատի մասին» և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ նշված օրենքները կհամապատասխանեցվեն ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներին, ինչպես նաև կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքի տարընթերցումները:
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաև իրավաբանական անձանց վրա: Կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկությանը, հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա: Սակայն նկատի առնելով եզրակացության մեջ շարադրված հանգամանքները, հեղինակին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ շահագրգիռ շրջանակներում քննարկելուց հետո` ելնելով դրա արդյունքներից: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած, որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Սահմանվել է զոհված հերոսի ընտանիքի ամենամսյա պարգևավճարի չափը
Գործադիրը երեխայի ծննդյան միանվագ նպաստ է սահմանել, հաստատել խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը: Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի պարգևավճարի չափը սահմանվել է 250 հազար դրամ, զոհված` առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 150 հազար դրամ, երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 100 հազար դրամ: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նիստում բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկվող գործազուրկին վճարվող կրթաթոշակի ամսական չափը սահմանվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը:
Կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` առաջին երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ:
ՀՀ կառավարությունը հաստատել է խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որի համաձայն կիրականացվի օրենսդրության և գործելակերպի համապատասխանեցումը միջազգային և եվրոպական չափանիշներին: Ե՛վ Հայաստանում, և՛ մյուս երկրներում շուկայահանված հայկական արտադրանքը կլինի անվտանգ:
Կնորոգվեն Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները և թռիչքուղին
Արտահանողներին սահմանված կարգով կվերադարձվի ավելացված արժեքի հարկը
Կբարձրանա անձնագրային ծառայությունների որակը
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող և տարբեր վայրերում տեղակայված երեք միավոր գույքային համալիրներն ամրացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: Ներգրավվելիք կառուցապատողները կնորոգեն և կպահպանեն նշված գույքը: Կնորոգվեն նաև նախարարության կառավարմանն հանձնված Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները, թռիչքուղին, օդանավերի սպասարկման անգարը և այլն, կապահովվի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի գործունեությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում հանվել է կենտրոնական դեպոզիտարիումի և այլ ենթապահառուների կողմից պետական արժեթղթերի անվանատիրոջ հաշիվների վարման արգելքը:
Կառավարության որոշմամբ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.5 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժվել է ս.թ. առաջին եռամսյակ` արտահանողներին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու նպատակով:
ՀՀ քաղաքացու անձնագիրը (կենսաչափական տվյալներով) և նույնականացման քարտը սեղմ ժամկետում` մեկ կամ երեք աշխատանքային օրում պատրաստել և քաղաքացուն հանձնել հնարավոր չէ մարզերում, ուստի նախկին համապատասխան որոշման լրացմամբ կառավարությունն այդ գործընթացի համար սահմանել է հինգ օր, ինչի արդյունքում էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող անձնագրային ծառայությունների որակը:
Նիստում հաստատվել է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ինը տեղաբնակ բնակիչներին է նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
Կանցկացվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը
Կհրատարակվի Հովհ. Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմ, կստեղծվի «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ-ը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2014թ. ծրագրին և միջոցառումների ցանկին, սահմանել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը փառատոնի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է: Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարին:
Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակման, «Դվին» հնավայրի պեղումների և պեղավայրի ամրակցման աշխատանքի իրականացման, ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 50 մլն դրամ:
Գործադիրը որոշել է ստեղծել «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ, սահմանել, որ դրա նպատակներն են երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, ազգային երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, դասական և ժամանակակից լավագույն երաժշտական ստեղծագործությունների կատարումը: ՊՈԱԿ-ին թույլատրվել է նաև իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները` երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում, հրատարակչական գործ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների նախաձեռնությամբ 2005թ. ստեղծված նվագախումբը անցած տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը և բարձրարվեստ համերգներով մեծ ճանաչում ձեռք բերել:
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները և այդ միջոցառումները ճանաչելու և երաշխավորելու կարգը: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համաձայն այդ չափորոշիչներն ու կարգը կարող են ԱԱՀ-ից ազատման հիմք հանդիսանալ:
Արտոնագիր է տրվել Հայկական ատոմային էլեկտրակայանին
ՀՀ քաղաքացիները Մոլդովա կայցելեն առանց մուտքի վիզայի
Կառավարության որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր է տրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Մեկ այլ որոշմամբ ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվել է մեկ մարմնում` ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում:
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Վարչապետը մանրամասներ է ներկայացրել հայրենական ապրանքարտադրողներին՝ ՄՄ-ին անդամակցության աշխատանքների վերաբերյալ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանում տեղի է ունեցել Հայրենական ապրանքարտադրողների միության 6-րդ համագումարը:
Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ մինչ այս բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել միության ներկայացուցիչների հետ, քննարկվել տարբեր հարցեր:
Այդ համատեքստում, Տիգրան Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությունը առաջ է ընթանում բավականին արդյունավետ, չկան հարցեր, որոնց շուրջ հայկական կողմը համաձայնության չի եկել ՄՄ անդամ երկրների գործընկերների հետ:
Այնուհետև վարչապետը ներկայացրել է մեր երկրի համար զգայուն համարվող ապրանքատեսակների խմբերը, որոնց մաքսատուրքերի հարցում բանակցությունները շարունակվում են: «Մենք պետք է մեր գործընկերների հետ գանք համաձայնության, թե ինչ փուլերով և ինչ ժամանակահատվածում ենք փոփոխելու մաքսատուրքերը: Կան ապրանքներ, որոնք ունեն էական նշանակություն մեզ համար:
Առաջին խումբը վերաբերում է հումքի տեսակներին, որոնք ներմուծվում են երրորդ երկրներից: Պետք է ուշադիր լինել դրանք գնահատելիս, որպեսզի արտադրողների համար ինքնարժեքի բարձրացում տեղի չունենա:
Ապրանքների երկրորդ խումբն անմիջականորեն հանդիսանում են սպառման առարկա, որոնք կարող են հարվածել մեր քաղաքացու գրպանին: Այստեղ պետք է զգուշավոր քաղաքականություն վարենք և բանակցելով գանք այնպիսի տարբերակների, որոնք ընդունելի կլինեն և մեր տնտեսության համար բարդություններ չեն ստեղծի:
Երրորդ խումբն առնչվում է ժամանակակից տեխնիկային, ավտոմեքենաներին»,– ասել է Տիգրան Սարգսյանը:
Միաժամանակ, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել, թե մեր երկրի արտադրողների համար ինչպես են կիրառվելու տեխնիկական կանոնները: Դրանք նույնականացնելու նպատակով իրականացվելու են բարեփոխումներ, և այս առումով Հայաստանի համար նախատեսվելու է սահուն մեխանիզմ:
Միասնական կանոններ պետք է ներդրվեն նաև ֆիտոսանիտարիայի բնագավառում, որպեսզի ՀՀ-ում արտադրվող ապրանքները համապատասխանեն ՄՄ կանոններին և չափանիշներին:
Տիգրան Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ ՄՄ-ին անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշումը կշռադատված է և ճիշտ, քանի որ մեր երկրի հիմնական շուկաներն այսօր գտնվում են ՄՄ-ի տարածքում:
«Մենք պետք է ակտիվ արդյունաբերական քաղաքականության միջոցով նպաստենք ձեռնարկությունների հզորությունների ավելացմանը, որպեսզի վերջիններս սկսեն ակտիվորեն աշխատել 170 միլիոնանոց շուկայում»,- նշել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ՄՄ-ին անդամակցության բանակցային գործընթացի ընթացքում երկխոսությունը Հայրենական ապրանքարտադրողների միության հետ, որպեսզի հայրենական արտադրողներն ամբողջությամբ իրազեկ լինեն հնարավոր փոփոխություններին:
Տիգրան Սարգսյանը միության անդամներին մաղթել է բեղմնավոր աշխատանք և կաևորել կառավարության հետ համագործակցությունը:
Անկախ
Արմեն Մարտիրոսյանը Տիգրան Սարգսյանին` “Պարո’ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ՝ արտագաթող”
Այսօր Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014թթ. զեկույցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթից հետո, “Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս ելույթ ունեցավ: Նա նշեց, որ զեկույցը արմատական փոփոխությունների պահանջ է ներկայացնում, մինչդեռ վարչապետը 2008 թվականից խոստանում է նման փոփոխություններ, որոնք դեռ չկան։
“Ես լավ հիշում եմ, որ վարչապետը 2008 թվականի ամանորյա ուղերձի ժամանակ այս մասին խոսեց, բայց մինչև հիմա փոփոխությունների ուղղությամբ քայլեր չեն արվել: Եվ հետո, պարո՛ն վարչապետ, մեր երկիրը ոչ թե ծերացող է, այլ՝ արտագաթող”,- ասաց Արմեն Մարտիրոսյանը` նկատելով, որ խնդիրը կառավարման մեջ է, լուծումները, որոնք տրվում են, ավելի շուտ անհամաձայնության մեծ դաշտ են ստեղծում:
“Ես երեք անգամ առիթ եմ ունեցել այս մասին ասելու: Ես ասում էի, որ ավելի լավ է ես սխալվեմ, քան վարչապետը, ցավոք, ես երեք անգամ ճիշտ էլ ճիշտ եմ եղել”,-ասաց Արմեն Մարտիրոսյանը։
“Ժառանգության” փոխնախագահն անդրադարձավ զեկույցում կրթական խնդիրն` նշելով, որ այսօր կուսակցություններն այնպես են մտել կրթական համակարգ, որ դա էլ է խաթարվել:
“Ինչպե՞ս կարող ենք որակյալ կրթություն ունենալ, երբ ուսուցիչը կատարում է շատ ֆունկցիաներ, որոնք չպետք է անի”,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Նա նշեց, որ մի հարցում Տիգրան Սարգսյանի տեսակետը համընկնում է իր տեսակետին: Խոսքը մրցակցային դաշտին է վերաբերում: Արմեն Մարտիրոսյանը զեկույցը համարեց հեղափոխական` հիմք ընդունելով զեկույցում նշված արմատական փոփոխությունները։
“Հայաստանում տնտեսական աճի թիվ մեկ առանջնահերթությունը արդար, հավասար մրցակցային միջավայրի ձևավորումն է, …”.ՀՀ վարչապետ
Այսօր “Ի-Վի Քոնսալինգ”ընկերությունը և “Տնտեսություն և արժեքներ” հետազոտական կենտրոնի կողմից հրատարակված 2013-2014 Հայաստանի ազգային մրցունակության հինգերոդ զեկույցի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում տնտեսական աճի թիվ մեկ առանջնահերթությունը արդար, հավասար մրցակցային միջավայրի ձևավորումն է, որն իրենց չի հաջողվել ստեղծել:
Վարչապետի խոսքով` սա ամենակարևոր խնդիրն է և կառավարության համար մեկ առաջնահերթությունը:
“Եթե մենք կարողանանք այս ոլորտում էական առաջընթաց արձանագրել, ապա կարող ենք ասել, որ հիմնական առաքելությունն իրականացրել ենք, հակառակ դեպքում պետք է ասել, որ կառավարության ծրագիրը ձախողվել է”,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Երկրորդ կարևորագույն խնդիրը ըստ վարչապետի` ֆինանսական միջոցների արդունավետ վերաբաշխումն է Հայաստանում։ Այդ վերաբաշխման արդյունքում կարևոր խնդիր կլուծվի, խոսքը փոքր և միջին ձեռնարկությունների մասին է: “Քաղաքացիական հասարակությունը չի կարող ձևավորվել առանց միջին խավի: Առանց միջին խավի ձևավորման դեմոկրատական հասարակութուն չի կարող ձևավորել, իսկ շուկայական տնտեսությունն առանց դեմոկրատական հասարակության չի կարող ձևավորվել”,- ասաց Տիգրան Սարգսյանը։
Երրորդ կարևոր խնդիրը վարչապետը համարեց ինտելեկտուալ կարողությունների բացահայտումը` նշելով, որ կարիք կա բարձր որակավորում ունեցող մասնագետների։ Եթե այս դաշտը զարգանա, ըստ վարչապետի, չենք ունենա մասնագետների արատագաղթ։
“Մենք կարիք ունենք բարձր որակավորման մասնագետների, առանց այդ մասնագետների տնտեսական բարեփոխումներ չենք կարողանան իրականացնել: Մենք պետք է կարողանանք ճիշտ բացահայտել այն ոլորտները, որտեղ կա ներուժ: Մեր կողմից արդեն իսկ բացահայտվել են պետության կողմից գերակա ճանաչված 11 ուղղություններ: Մեզ չափազանց ոգևորում է, օրինկ, դեղոգործության ոլորտը, որտեղ արտահանման ծավալներն արդեն հասել են 30 %-ի”,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Երկրորդ ուղղութունը, որտեղ զգալի արդյունք է գրանցվել վարչապետի խոսքով` պետության և մասնավոր հատվածի համագործակցությունն է ՏՏ ոլոտում:
“Այսօր մենք գտնվում ենք ՏՏ ոլորտի որակական զարգացման մի նոր փուլում”,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետն այցելել է ոսկեգործական բնագավառի ազատ տնտեսական գոտու տարածք
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Հայաստանում «Էյ ջեյ էյ հոլդինգ» ընկերության տարածք, որտեղ ստեղծվում է մասնագիտացված ոսկերչական, ակնագործական և ժամագործական ազատ տնտեսական գոտի: Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի և ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է տարածքով՝ ծանոթացել առաջիկայում իրականացվելիք շինաշխատանքների ծրագրերին: Այնուհետև խորհրդակցության ընթացքում վարչապետին է ներկայացվել ազատ տնտեսական գոտու նախագիծը:
Նախատեսվում է ԱՏԳ-ում առաջին երեք տարիների ընթացքում ներգրավել 120-150 ընկերություններ, որոնք կստեղծեն շուրջ 2 հազար նոր աշխատատեղեր և կապահովեն տարեկան շուրջ 200-250 մլն դոլարի արտադրանքի արտահանում: Մինչ 2015 թվականը տարածքի ձեռքբերման, հիմնանորոգման և գործարկման համար պահանջվող ներդրումները գնահատվել են 10.72 մլն դոլար: Նախատեսվում է, որ ԱՏԳ-ն կսկսի փուլային գործունեություն իրականացնել 2014 թվականից և լիովին կգործարկվի մինչև 2015 թ. վերջ:
ԱՏԳ հիմնանորոգված տարածքը կհասնի 32 հազար 400 քմ-ի, որից 12 հազար 750 քմ-ն կլինի արտադրական տարածք:
2013 թ. դրությամբ մոտ 10 հազար քմ տարածքն արդեն նախապես արմագրվել է ավելի քան 15 ոսկերչական ընկերությունների կողմից, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Թուրքիան, Լիբանանը, ԱՄԷ-ն և այլն:
Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիան և նրա նախագահ Գայետանո Կավալիերին անձամբ մեծ հետաքրքրվածություն և պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՈԿ ընկերություններ հայաստանյան ԱՏԳ ներգրավելու և արտադրություններ հիմնելու հարցում:
Ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների, ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով խթանել արտահանման ծավալների աճը, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը:
«Էյ ջեյ էյ» ազատ տնտեսական գոտու ստեղծման ծրագիրը հաստատվել է ՀՀ կառավարության փետրվարի 28-ի նիստում:
Տիգրան Սարգսյանը ծանոթացել է Արմավիրի մարզում հակակարկտային համակարգերի տեղակայման և կառավարման աշխատանքներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Արշալույս և Ակնալիճ համայնքների մերձակայքում գտնվող հակակարկտային կայանում՝ ծանոթացել վերջինիս աշխատանքներին: Վարչապետին զեկուցվել է, որ Արմավիրում ներդրվում է հակակարկտային կայանների երկրորդ շերտը: ՀՀ պետբյուջեից հատկացված միջոցների շնորհիվ ձեռք է բերվել 80 նոր հակակարկտային կայան, որից 50-ը կտեղադրվի Արմավիրի մարզում: Ակնկալվում է, որ դրա արդյունքում էապես կբարձրացվի հնարավոր կարկուտից պաշտպանվածության արդյունավետությունն ու հուսալիությունը:
Այդպիսով, միայն Արմավիրի մարզում հակակարկտային կայանների թիվը կհասցվի 161-ի, իսկ հանրապետությունում՝ 442-ի:
Տեղեկացվել է, որ բոլոր հակակարկտային համակարգերն այսուհետ կառավարվելու են միայն ՀՀ ԱԻՆ հակաճգնաժամային կենտրոնից:
Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է խաղողի այգիներում աշխատանքներ իրականացնող գյուղացիներին, զրուցել նրանց հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին: Գյուղացիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ նախորդ տարվա ընթացքում տեղացած կարկտահարությունից հետո տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելու համար, մասնավորապես՝ հողահարկը, ջրի վարձը փոխհատուցելու, սերմացու, պարարտանյութ, դիզվառելիք, ինչպես նաև դրամական միանվագ օգնություն տրամադրելու համար: Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ պետությունը շարունակելու է դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի սուբսիդավորման ծրագրերը, ինչի արդյունքում դրանք գյուղացիներին կտրամադրվեն շուկայականից էապես ցածր գներով:
Այնուհետև Տիգրան Սարգսյանն այցելել է Ակնալիճ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներից մեկի բնակարան և փոխանցել տարբեր նվերներ: Վարչապետը հանձնարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ 4 ուսանող ունեցող ընտանիքին ներգրավել համապատասխան սոցիալական ծրագրերում:
Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Գիորգի Մարգվելաշվիլիի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում կապերի զարգացումը և սերտացումը:
Նշվել է, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակն առաջիկայում էլ ավելի բարձրացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար: