Դեսպան Սարգսյանի հանդիպումներն ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարների հետ

տիգրան Սարգսյան

Վաշինգտոնում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպումներ ունեցավ Վաշինգտոնում գործող ամերիկահայ առաջատար կազմակերպությունների՝ Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի և Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ:

Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի ներկայացուցիչ Կարո Արմենյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի նախագահ Քեն Խաչիկյանի, Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու հետ հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների օրակարգին, Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ամրապնդմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և ամերիկահայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակի:

Հանդիպումների ընթացքում փոխադարձ պատրաստակամություն հայտնվեց` շարունակելու հետագա համագործակցությունը:

Դեսպան Տիգրան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ Նախագահին

Օբամա, Տիգրան ՍարգսյանԱմերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Սարգսյանը հուլիսի 14-ին իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը դեսպան Սարգսյանը նշեց, որ հայ-ամերիկյան հարաբերությունները առանձնանում են բարձր մակարդակով և արդյունավետ համագործակցութամբ։ ՀՀ դեսպանը հավելեց, որ երկու երկրների միջև առկա է հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և իր առաքելությունն ուղղված է լինելու փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու փոխգործակցության շրջանակի ընդլայնմանը:

Ողջունելով և շնորհավորելով Տիգրան Սարգսյանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման վստահություն հայտնեց, որ ՀՀ նորանշանակ դեսպանն իր հարուստ փորձն ու գիտելիքները լավագույնս կծառայեցնի երկու բարեկամ ժողովուրդների միջև հարաբերությունների խորացման գործին:

Նախագահ Օբաման շեշտեց, որ Միացյալ Նահանգները կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված հարաբերությունները, գործընկերությունը միջազգային խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման ուղղությամբ համագործակցությունը:

Նախագահ Օբաման ընդգծեց նաև, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և ամրապնդելու Հարավային Կովկասի անվտանգությունը:

Զրուցակիցները ընդգծեցին, որ ամերիկահայ համայնքը կարևոր դերակատարություն ունի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

«Քոչարյանական «զրո» տասնամյակից գահավիժել ենք ոչինչների ու ոչնչությունների տասնամյակ». Տիգրան Խզմալյան

xzmalyan

Անկախ-ի զրուցակիցն է Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

– Պարոն Խզմալյան, նշանակելով նոր վարչապետ, Սերժ Սարգսյանն ու Հանրապետական կուսակցությունը, բացի գործադիրի ղեկավարի խնդիր լուծելուց, քաղաքակա՞ն  ինչ խնդիր լուծեցին:

 

– Միակ հարցը, որը լուծում է Սարգսյան Սերժը Հայաստանում` դա իր անձնական ունեցվածքի եւ այն երաշխավորող անձնական իշխանության հարցն է: Բոլոր այլ հարցերը նա փոխանցել է այլ պետություններին եւ դրանց հատուկ ծառայություններին: Նա չի էլ փորձում լուծել հայ ժողովրդի տնտեսական զարգացման, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական, պարենային, գաղափարական ոլորտների որեւե հիմնախնդիր: Անվտանգության ապահովումը նա պատկերացնում է որպես պետության այս հիմնական գործառույթի փոխանցում օտար պետությանը: Սա ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքակրթական քաղքենիություն, մեր դասականի խոսքով ասած` մեծապատիվ մուրացկանություն, որի պատանդը դարձանք մենք բոլորս:

 

– Տիգրան Սարգսյանի հրաժարականը համարո՞ւմ եք որոշակի հաղթանակ քաղաքական դաշտում:

 – Տիգրան Սարգսյանի ե՛ւ նշանակումը, ե՛ւ հրաժարականը համարում եմ մեր հասարակության քաղաքական պարտություն: Հիշենք` նա նշանակվեց 2008 թ. մարտի 1-ի սպանդից հետո եւ ազատվեց վեցամյա տնտեսական ու քաղաքական լճացման ու անկման պայմաններում: Ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը հանրության շահերի կամ հասարակական համաձայնության հետեւանքը չեն եղել, երկուսն էլ ստորգետնյա մեքենայությունների ու մանր գործարքների արդյունք են:

 

– Ի՞նչ փոխվեց Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ ընդդիմադիր դաշտում և իշխանական համակարգում:

 – Ոչինչ: Նրա հիմնական առաքելությունը հենց դա է` ոչինչ չփոխել, ոչինչ չանել, ոչինչ չասել, քանի որ նման ցանկացած փորձ կբերի էլ ավելի ծանր հետեւանքների: “Ոչինչը” պահպանելու համար ահնրաժեշտ է հենց այսպիսի գործիչ, կամ ավելի ճիշտ “չգործիչ”: Քոչարյանական “զրո” տասնամյակից մենք գահավիժել ենք “ոչինչների ու ոչնչությունների” տասնամյակ: Մինչդեռ աշխարհում հզոր ու ահեղ իրադարձություններ են ծավալվում, նոր ու մահացու մարտահրավերներ են խոյանում, որոնց պատասխանը Երեւանում “ոչինչ” է: Ահավասիկ` սիրիահայության վերաբերյալ վերջին պաշտոնական հայտարարությունները:

 

– Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի տարբերություններն ու նմանությունները, ըստ Ձեզ, որո՞նք են:

-Հին հունական ու հռոմեական թվաբանության համեմատ փյունիկացիները, իսկ հետո արաբները կիրառման մեջ մտցրեցին “զրո” գաղափարը, որը հեղափոխեց մաթեմատիկական հաշվարկների արդյունավետությունը: Արաբական “ալ-զըհըր” բառը դարձավ զրո, zero եւ անգամ գերմաներենից անցավ ռուսերեն որպես “цифра”: Ահա մոտավորապես էլ այսպիսին է տարբերությունը Ձեր նշված երեւույթներում` զրոյից դեպի “մինուս” մաթեմատիկական սանդղակով:

 

– Նոր վարչապետի պայմաններում ի՞նչ է սպասվում Հայաստանին, և հանրությունն ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ:

-Սպասելու ժամանակ այլեւս չի մնացել: Հանրության միակ ակնկալիքը կամ ավելի ճիշտ անելիքը պետք է լինի երկրի ազատագրումը զավթիչ գաղութային լծից եւ նրա խոշոր ումանր սպասավոր-մատուցողներից:

 

Անկախ

«Մնաք բարով, բարեփոխումներ…». Արծրուն Պեպանյան

arm136613337173Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Գաղտնիք չէ, որ իշխանական վերնախավում կա երկու խմբավորում. տարեց ՀՀԿ-ականները՝ օլիգարխների հետ միասին և երիտասարդ-բարեփոխիչները: Այս վերջինները, որոնց թվում էր նաև Տիգրան Սարգսյանը, հնարավորության սահմաններում փորձում էին վերացնել բյուրոկրատական քաշքշուկները, կոռուպցիայի համատարած դրսևորումները /նայեք ձեր շուրջը և ինքներդ կնկատեք, որ մանր կաշառքի որոշ վայրեր վերացել են, քաղաքացիների սպասարկումը որոշ կառույցներում դյուրինացել է/:

Առաջին խմբավորումը սուր հակադրության մեջ էր բարեփոխիչների հանդեպ. նախ բարեփոխիչների քայլերը տնտեսապես վնասում էին իրենց, և հետո կար իշխանական բուրգի գագաթին սեփական տեղը պահպանելու խնդիր:
Եվ այս առաջին խումբը ստվերային կերպով կազմակերպում էր երկրորդի վարկաբեկումը հանրության մոտ որոշ ԶԼՄ-ների միջոցով: Հիմնական թիրախը Տիգրան Սարգսյանն էր:
Այն, որ վարչապետի հրաժարականի ակտիվ պահանջատեր էր նաև ԲՀԿ-ն, շա՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜տ բան է ասում այս առումով:
Ընդդիմադիր մյուս երեք ուժերը, եթե անգամ անկեղծորեն էին հանդես գալիս կառավարության հրաժարակի պահանջով, միևնույնն է, ստացվում էր, որ գործում էին ի շատ օլիգարխների խմբավորման:
Եվ ահա կոլեկտիվ ջանքերով հասանք կառավարության հրաժարականին, ցնծացինք, չհասկանալով, որ վերացրինք մեր կյանքի գոնե կիսամանր հարցերում բարեփոխման հնարավորությունը և ապահովեցինք տարեց ՀՀԿ-ականների ու օլիգարխների ալյանսի տրիումֆը:
Մնաք բարով, բարեփոխումներ…»:

 

Անկախ

Տիգրան Սարգսյանի հրաժարականը հասունացել էր և պետք էր “գոլորշի բաց թողնել”. քաղտեխնոլոգ

վիգեն«Ակնհայտ է` նոր վարչապետի նշանակումը ցույց տվեց, որ հաղթեց Հանրապետական կուսակցության օլիգարխիկ թևը, այսինքն` կուսակցությանը մի քանի տարի առաջ անդամագրված  տեխնոկրատների խմբին փոխարինեցին նրանք, ովքեր հենց այդ կուսակցության հիմքն են: Նախագահը հայտարարարեց, որ նոր կառավարությունը շարունակելու է նախկին կառավարության ծրագիրը, և,  ըստ իս` գլոբալ առումով ծրագրային լուրջ փոփոխություններ դժվար լինեն, սակայն համոզված եմ, որ օպերատիվ կառավարման մեթոդները կփոխվեն»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում վարչապետի հրաժարականին և ներքաղաքական զարգացումներին նվիրված հանդիպման ընթացքում նշեց վերլուծաբան, քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը

Պարզաբանելով  «օպերատիվ կառավարման մեթոդների փոփոխման»  մասին իր տեսակետը`  վերլուծաբանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը լինելով ազդեցիկ, հարուստ մարդկանցից մեկը, իրեն պետք չէ, որ իր որոշումները կայացվեն միջնորդված, այսինքն` եթե Տիգրան Սարգսյանի վարչապետության ժամանակ շատ խոսքեր պարզապես օդում էին, մնում, ապա Հովիկ Աբրահամյանի կողմից,  եթե այդ որոշումներն ընդունվեն, ապա կիրականան վաչարարական ու այլ ազդեցության լծակների կիրառմամբ. այս առումով Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ այս մեթոդների կիրառումը կարող է և արդյունավետ լինել, բայց գլոբալ առումով լուրջ փոփոխություններ մեզ չեն սպասվում:

Ըստ քաղաքական տեխնոլոգի` Տիգրան Սարգսյանի, նրա կառավարության նկատմամբ դժգողությունն արդեն վաղուց առկա էր գլխավոր տնտեսական ազդեցության խմբավորումների և հենց օլիգարխների շրջանում. “Մեր տիպի երկրներում, որտեղ ամեն-ինչ հիմնված է օլիգարխների, խմբավորումների  շահերի վրա, շատ կարևոր է բալանսը, որը վաղուց խախտվել էր երկրում և իշանության ներսում` հոգոնել էին կառավարությունից, վարչապետից»:

Իսկ «քառյակի»  ճակատագրի մասին խոսելով, նա նշեց, որ ՀՅԴ-ն ինչ-որ ձևաչափով, այնուամենայնիվ, մտադրություններ ունի համագործակցելու իշխանության հետ, իսկ մյուս երեք ուժերի հանդիպումը վկայեց, որ ապագայի հանդեպ ինչ-որ պայմանավովածություններ եղել են: «ԲՀԿ-ն հայտարարում է, որ չի կազմելու կոալիցիա, սա հնարավոր է, բայց պարզ է, որ Հովիկ Աբրահամյանի անձը, այնուամենայնիվ, զսպաշապիկ կլինի ԲՀԿ-ի համար. առանց այն էլ ԲՀԿ-ն խուսափում էր ընդդիմադիրի կարգավիճակից, իսկ ՀԱԿ-ի հետ համագործակցելու պարագայում հաջորդ քայլը ուղղված է լինելու Սերժ Սարգսյանի դեմ, ուստի, ծայրահեղ քայլեր չեն լինի ԲՀԿ-ի կողմից, բայց ինչ-որ պայմանավորվածություններ առկա են»,- կարծում է Հակոբյանը:

Վարչապետի փոփոխությունը կպատռի բոլորի դիմակները

Hovik-ABrahamyan-Tigran-SargsyanԱպրիլի 3-ը, հիրավի, բեկումնային օր էր Հայաստանի համար: Անսպասելի հրաժարական տվեց վարչապետ Տիրան Սարգսյանը, որ վերջին շրջանում դարձել էր հանրության թիրախը, մարդ, որին էին վերագրվում Հայաստանի բոլոր դժբախտություններն ու անհաջողությունները, և որի հրաժարականն էին պահանջում չորս կողմից:

Եվ ահա այդ անհաս թվացող երազանքն իրականություն դարձավ, բայց հանկարծ քաղաքական ու հասարակական ընդդիմադիր դաշտը լցվեց դատարկությամբ, անորոշությամբ ու աննպատակ դեգերումներով, ինչպես լինում է ցանկացած երկար սպասված երազանքի հասնելուց հետո:

Այդ դատարկությունը քաղաքական կուսակցությունները փորձեցին լցնել քաղաքական համաձայնության նոր մարտավարության սցենարով, որը, սակայն, մինչ օրս, մաքրագրված չէ: Իսկ հանրությունը սկսեց զբաղվել ապագա վարչապետի անվան շուրջ գուշակություններ ու վերլուծություններ անելով՝ բացառելով ու հանդուրժելով որոշ անուններ:

Եվ այսպես, ապրիլի 13-ին հայտարարվեց ՀՀ 13-րդ վարչապետի անունը: Հովիկ Աբրահամյան՝ ոմանց համար սպասելի, ոմանց համար երկար սպասված, ոմանց համար էլ անսպասելի ու միանգամայն անցանկալի անուն:

Հենց նույն օրը ֆեյսբուքյան հանրությունն իր գրառումներում խոր հիասթափություն ու տագնապ արտահայտեց: Այն նույն ֆեյսբուքահայությունը, որ օրեր առաջ դաժանորեն գնդակոծում էր Տիգրան Սարգսյանին ու նրա կառավարությունը, մեկ մարդու պես սկսեց քննադատել դեռևս կառավարության մեջ ոչինչ չարած Հովիկ Աբրահամյանին: Ֆեյսբուքում մոտավորապես տիրում էր ՙՄրից ելանք, մրջուրն ընկանք՚ կամ ՙԱնձրևի տակից դուրս եկանք, կարկուտի տակ ընկանք՚ մտայնությունը:

ՙՉեմ ուզում ուշացած մարգարեի տպավորություն թողնել, բայց միշտ մտածել եմ, որ Տիգրան Սարգսյանը մի տեսակ աններդաշնակ էր մեր իշխանական համակարգի հոգեբանության հետ, և գտնում էի, որ Հովիկ Աբրահամյանն այն անձն է, որը եթե լինի վարչապետ, ապա իշխանական համակարկը կգտնի ինքն իրեն: Ու այս նոր նշանակումով երկար սպասված ներդաշնակությունը կարծես թե հաստատվում է: Բայց մեկ է, այս քայլով վերջնական ներդաշնակություն դեռ չի լինի. մեկ-երկու նախարարներ էլ կան, որոնք պահանջվածից շատ են կարդացած ու մտածած. նրանց էլ եթե պաշտոնազրկեն, ամեն ինչ կընկնի իր տեղը՚,- գրել է քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը:

ՙԴեմ եմ՚ շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր վարչապետի հետ առանձնապես հույսեր չի կապում. ՙԵս հույսեր բացառապես կապում եմ հանրության պահանջատիրության, սեփական իրավունքների պաշտպանության հետ և ոչ որևէ անձի հետ, այն էլ այն պարագայում, երբ այդ անձը ներկայացնում է այն նույն ուժը, որն այս հակասահամանադրական օրենքի ջատագովն է ու որդեգրել է ամեն գնով, թեկուզ հակասահմանադրական նորմեր կիրառելով, զբաղվել գրպանահատությամբ՚:

Երիտասարդ ակտիվիստը նոր վարչապետին խորհուրդ տվեց դասեր քաղել նախորդների սխալներից և փորձել մոտ լինել հանրությանը, ձեռքը պահել հանրության զարկերակի վրա ու առաջնորդվել ոչ թե նեղ խմբակային, այլ ՀՀ քաղաքացիների շահերով: ՙԱստված լուսավորի նրա միտքը՚,- մաղթեց նա՝ հույսը դնելով Աստծո վրա:

ՙԺառանգություն՚ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նոր վարչապետի նշանակմամբ կանխատեսեց, որ այն բացասական գործընթացները, որոնք կային երկրում, ավելի խորացված կընթանան, քանի որ Հովիկ Աբրահամյանը հայտնի է իր ստվերային կապերով, ընտրություններ կեղծելու մեծ կազմակերպչական ջիղով և որպես օլիգարխիայի ներկայացուցիչ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ խորհրդի նիստում ելույթ ունենալով, հստակ հայտարարեց. ՙՀովիկ Աբրահամյանն իր անցած ուղիով, Հայաստանի Հանրապետական կուսակցության մեջ ստանձնած դերակատարությամբ, իր փորձով և կազմակերպչական ունակություններով, իրոք, կարող է լավագույնս առաջնորդել ՀՀ կառավարությունը՚:

Նախագահը նաև նշեց, որ Աբրահամյանին անկեղծորեն ներկայացրել է բոլոր այն թերահավատությունները, որոնք կան անգամ իրենց թիմակիցների շրջանում՝ կապված ներթիմային միասնականության, այլ քաղաքական ուժերի հետ իրենց հարաբերությունների կամ հասարակական տարբեր շերտերի կողմից հնարավոր ընկալումների հետ, ինչին ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը խոստացել է շատ արագ փարատել ՀՀԿ-ի շարքերում առկա հնարավոր մտահոգություններն  իր ակտիվ քայլերով, քաղաքական հստակ ուղերձներով, թիմային ոգին բարձրացնելու և աշխատանքի շուրջ բոլորին միավորելու իր ձեռնարկումներով և որ ամենակարևորն է՝ աշխատանքի շոշափելի արդյունքներով:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը, գովաբանելով հանդերձ նորանշանակ վարչապետին, նաև ակնարկեց, որ նրա նկատմամբ անգամ թիմի ներսում վերաբերմունքը միանշանակ չէ:

ՙԱյնուամենայնիվ, ես վստահ եմ, որ բոլորը շատ արագ հասկանալու են, որ Հայաստանի Հանրապետությունն իսկապես արդյունավետ վարչապետ ունի: Ես չեմ կասկածում դրան և անձամբ ամեն ինչ անելու եմ օգնելու համար պարոն Աբրահամյանին հնարավորինս արագ հասնելու այդ իրականությանը՚,- հայտարարեց նախագահը:

Քաղաքական մեծամասնությունը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Հովիկ Աբրահամյանին նաև կադրային քաղաքականություն վարելու լայն ազատություն շնորհեց:

Իսկ նոր կառավարության կազմն այսօր ամենաքննարկվող թեմաներից է: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանի այս քայլը շատերը համարում են խորամանկ կոմբինացիա, որի նպատակներից մեկն էլ ԲՀԿ-ի չեզոքացումն էր՝ որպես ընդդիմադիր դաշտում քաղաքական լուրջ գործոնի: Սակայն, ինչպես ցույց տվեցին ԲՀԿ-ի վերջին հայտարարությունները, այս կուսակցությունը կոալիցիայի մաս կազմելու մտադրություն չունի: Իսկ գուցե մասնակիորե՞ն մասնակից լինի երկրի կառավարմանը, ինչը, թերևս, նույն կոալիցիան է՝ ձևական ալիբիով: Ոչ և դարձյալ ոչ: Սա արդեն ասում է ԲՀԿ-ի ՙծանր հրետանի՚ Նաիրա Զոհրաբյանը, որը ստալինյան ոճով հայտարարեց. ՙՆույն պահից այդ մարդիկ կդադարեն լինել ԲՀԿ անդամ, կհեռացվեն կուսակցութունից, կդադարեն լինել մեր թիմակիցը՚։

Նոր կառավարության կազմում ՀՅԴ-ի մասնակցության հարցն էլ դեռևս հստակ չէ: Ճիշտ է, այս կուսակցությունն ամենից շատ է հակված ներգրավվելու իշխանական համակարգում և պորտֆելներ ձեռք բերելու, սակայն դաշնակցականներն էլ են հայտարարել, որ կոալիցիայի մեջ մտնելու հարց իրենց օրակարկում չկա:

Դե իսկ ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունն՚ ի սկզբանե էին հայտարարել, որ իշխող կուսակցության հետ որևէ ձևաչափով չեն համագործակցի:

Այս դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ են ընդդիմադիրներն այսքան ոգևորված Տիգրան Սարգսյանի հրաժարականից և ի՞նչ շահեցին դրանից, եթե միևնույն է՝ իշխող համակարգում որևէ լուրջ տեղաշարժ չեղավ, այլ ընդամենը հանրապետականի թիմից մեկը փոխարինվեց մյուսով: Պակաս հետաքրքիր չէ նաև, թե ինչ շահեցին Սերժ Սարգսյանն ու հանրապետականը այս փոփոխությունից, եթե միևնույն է՝ ԲՀԿ-ն ցանկություն չունի ներգրավվելու կոալիցիայի կազմում, իսկ հակատիգրանսարգսյանական հանրույթը է՛լ ավելի դժգոհ է նոր նշանակումից:

Իրավիճակն իսկապես անհասկանալի ու անհեթեթ է: Եվ եթե նոր վարչապետը չկարողանա արդարացնել իշխանության ու ընդդիմության հաշվարկները, մյուս կողմից էլ՝ ավելանա հանրության դժգոհությունը, ինչն  ըստ ամենայնի հնարավոր է, ապա այս իրավիճակը կարող է հանգեցնել իրադարձությունների զարգացման բոլորովին նոր սցենարի, որտեղ արդեն բաց տեքստով հանդես կգան իրական խաղացողները:

 

Անի Գասպարյան

Անկախ

«Տիգրան Սարգսյանը խելացի վարչապետ էր». Արմեն Մարտիրոսյան

արմեն մարտիրոսյան«Ժառանգության» կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը Գյումրիում կարծիք հայտնեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին ու նրա հրաժարականը համարեց ժողովրդի ուշադրությունը շեղելու քայլ:
«Եթե մենք շարունակենք նույն տրամաբանությամբ առաջ շարժվել, ընդամենը մեկ վարչապետ փոխենք, մի քանի նախարար փոխենք, Հայաստանում ոչինչ չի փոխվելու: Որովհետև դրա արդյունքում ոչ փոքր ու միջին բիզնեսն է զարգանալու, որ բյուջեն է պաշտպանվելու, նորից նույն թալանն է լինելու, ոչ ստվերն է կրճատվելու, ոչ մեր պաշտպանությունն է բարձրանալու, որովհետև մեր ժողովուրդն արտագաղթում է: Առանց ժողովրդի միայն իրենց գահը կարող է պաշտպանել, բայց ոչ երկիրը:
Վարչապետի փոփոխությունը ոչինչ չի տալու: Տիգրան Սարգսյանը խելացի վարչապետ էր, նա հիմար չէր, շատ լավ կրթություն ուներ, շատ լավ հասկանում էր միջազգային իրավիճակը: Ինքն առաջին անգամ, երբ Նոր տարվա ուղերձ էր հղում, ասում էր՝ ես օլիգարխիայի դեմ պայքարելու եմ, կոռուպցիայի դեմ պայքարելու եմ, բայց մի կարճ ժամանակ հետո, քանի որ համակարգը դա է, ինքը հարմարվեց, դարձավ համակարգի մի մասը ու շարունակեց իր գործունեությունը», – մասնավորապես նշեց Արմեն Մարտիրոսյանը:

 

Շիրակի մարզպետը վարչապետի հրաժարականի մասին

26 016Այսօր լրագրողները Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում վարչապետի հանկարծակի հրաժարական տալու քայլին: «Ես էլ ձեր նման հեռուստատեսությամբ եմ իմացել», – նշեց մարզպետը:
Հարցին, թե արդյոք հիմա հրաժարականի ժամանակն էր, կամ տեղին էր այն, Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց. «Ոչ մեկը հավերժ չէ ոչ մի տեղ: Մարդը ճիշտ է գտել իր քայլը՝ արել է: Վարչապետն ինքն է որոշել, ես իր տեղը չեմ կարող պատասխանել»:
Իսկ թե ում է տեսնում այդ պաշտոնում կամ կուզենար տեսնել, Շիրակի մարզպետը անուններ չի նշում. «Որպես կառավարության ղեկավար կուզենայի տեսնել շատ լավ աշխատող, ջանասեր մարդու»: Մարզպետի խոսքով` ինքը   կդիմի նաև կառավարության նոր ղեկավարին, ով էլ որ նա լինի,  մարզին լավ նայելու համար:
Լրագրողի հարցին, թե հավանական համարում է նաև նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականն  այս պահին, արձագանքեց. «Ոչ, շատ լավ է աշխատում: Եվ ամեն մարդ ինքն է որոշում»:

Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

տիգրան Սարգսյան«Սիրելի հայրենակիցներ,

Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված:
Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով:
Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին՝ հանրապեության Նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար:
Նոր Կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»:

 

Անկախ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել,լրացված

հհկՀանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որը ընդունվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով այս պահին ամփոփում է ԳՄ նիստի արդյունքները:

 

ՀՀԿ խոսնակի ներկայացմամբ՝ նոր վարչապետի և Կառավարության հարցը ԳՄ նիստում չի քննարկվել, որովհետև ըստ Սահամանադրության՝ ՀՀ Նախագահը պետք է կոնսուլտացիաներ անցկացնի քաղաքական մեծամասնության և Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների հետ: Դրանից հետո միայն, օգտվելով իր սահմանադրական լիազորություններից, ՀՀ Նախագահը կնշանակի վարչապետ և նոր Կառավարություն:

 
Հարցին, թե արդյո՞ք վարչապետի որոշումը պայմանավորված է Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցությամբ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Իհարկե՝ ո´չ, որովհետև ՄՄ-ին անդամակցելը քաղաքական որոշում էր,և մենք կարծում ենք, որ ընդունված և նախատեսված ժամկետներում Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին»,-ասաց նա:

 

Վերջինս նաև վստահեցրեց, որ վարչապետի հրաժարականն ընդդիմության նախաձեռնած անվստահության գործընթացի և ընդդիմության օրակարգի հետ ընդանրապես կապ չունի: Ընդդիմությունն ունի իր օրակարգը:

Անկախ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Մանուել Վալսին՝ Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

տիգրանՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մանուել Վալսին` Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու առիթով, որում ասված է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ամենայն հաջողություն եմ մաղթում Ձեր բարձր առաքելությանը:
Հայաստանը կարևորում է Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության շարունակական զարգացումը:
Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում պատմական հինավուրց կապերի վրա խարսխված հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններն այսուհետ ևս կամրապնդվեն և կխորանան` ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների»:

Անկախ

Տիգրան Սարգսյանը կմասնակցի Իսպանիայի նախկին վարչապետի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո արարողությանը

տիգրան սարգսյանՎարչապետ Տիգրան Սարգսյանն Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինի հրավերով մարտի 31-ին մեկնել է Մադրիդ՝ մասնակցելու 1976-1981թթ. Իսպանիայի կառավարության նախագահ Ադոլֆո Սուարես Գոնզալեսի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո պետական արարողությանը:
Ադոլֆո Սուարես Գոնզալեսը, ով ծնվել է 1932 թվականին, համարվում է ժողովորդավարական ճանապարհով ընտրված Իսպանիայի առաջին վարչապետը:
Տիգրան Սարգսյանը Երևան կվերադառնա ապրիլի 1-ին:

«Եթե Տիգան Սարգսյանին փոխարինի, ասենք, Վիգեն Սարգսյանը, ձախողված իշխանափոխության փորձ կլինի». Հայազն

Արմեն Աղայան (1)Հայաստանում իշխանափոխության մանդատ տարբեր ժամանակներում տարբեր ուժեր են հայցել, բավական ժողովրդական զանգվածային դրսևորումներ են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումների ժամանակ: Այսօր, կարծես թե, ստեղծվում է մի նոր ձևաչափ, որը հավակնում է նոր հայտ հայցել ժողովրդից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով չորս ոչ իշխանական ուժերի համախմբումից, ասաց <<Հայազն>> կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Արմեն Աղայանը:

Անդրադառնալով չորս ոչ իշխանական ուժերի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջին՝ Արմեն Աղայանը նկատեց, որ վարչապետի գործունեությունն իր առաջին օրերից մինչ օրս ոչ մի լավ բան հայ ժողովրդին չի բերել, և նրա հրաժարականը պահանջելը միշտ էլ արդարացված է, իսկ թե որքանո՞վ դա կկոչվի ամբողջական իշխանափոխություն, դեռ պարզ չէ:

<<Իշխանափոխության հարցը երկու մասից է բաղկացած՝ հնի հեռացում և նորի նշանակում: Եթե վարչապետի փոփոխությունից հետո նորանշանակ վարչապետը ՍերժՍարգսյանի թիմից չլինի, դա կարելի է փոքրի շխանափոխություն համարել: Իսկ, եթե Տիգան Սարգսյանին փոխարինի, օրինակ, ՎիգենՍարգսյանը, սա կարելի է համարել ձախողված իշխանափոխության փորձ>>,-ասաց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ չորս ուժերն արդեն համախմբված են Բարգավաճ Հայաստանի շուրջ, ԲՀԿ-ի առաջնորդությունն ակնհայտ է, այն արդեն ճանաչվել է Հայ ազգային կոնգրեսի կողմից վերջին հանրահավաքում: Այս իմաստով՝ Հայաստանում, որպես այդպիսին, երբեք չի եղել քաղաքական ուժերի և ընդդիմության միավորում: Եղել է ոչ թե հավասաների միավորում, այլ միավորում մեկ քաղաքական ուժի շուրջ: Մեկը փաստացի ցույց է տվել, որ ինքը ռեսուրսների է տիրապետում, մյուսներն էլ կցվել են նրան: Պարզ է այսօր, թե հիմնական խաղացողը ո՞ր ուժն է, ո՞ւմ հետ են հույսեր կապում:

Անկախ 

Վարչապետն ընդունել է բնապահպանական ոլորտի մասնագետներին

 բնապահպանական ոլորտի մասնագետներինՎարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանին, ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանին, «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանին և Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի և «Պատասխանատու հանքարդյունաբերության» կենտրոնի նախագահ Ալեն Ամիրխանյանին, ովքեր լիազորված են եղել ներկայացնելու ս.թ. մարտի 25-26-ը Երևանում կայացած պատասխանատու հանքարդյունաբերության համաժողովի ժամանակ բնապահպանական ակտիվիստների բարձրացրած խնդիրները:

Տեղի է ունեցել կառուցողական և արդյունավետ երկխոսություն, որի շրջանակում արծարծվել են կոնֆերանսում հնչեցված հրատապ հարցերը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգիռ է և պատրաստ համատեղ քննարկել ոլորտին վերաբերող բոլոր հարցերը: Երկուստեք արձանագրվել է, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերության զարգացմանը նվիրված համաժողովը հաջողվել է, և ողջունելի համարվել երկխոսության նման ձևաչափի ձևավորումը:
Բնապահպանական ոլորտի մասնագետները վարչապետին ներկայացրել են բնապահպան ակտիվիստների հարցադրումները և առաջարկությունները: Լսելով դրանք՝ ՀՀ կառավարության ղեկավարն առաջարկել է ձևավորել ըստ առաջնահերթության հարցերի օրակարգ և քննարկել դրանք ՀՀ կառավարություն-հասարակական կազմակերպություններ ձևաչափով: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ բնապահպանները կներկայացնեն բարձրացվող հարցերի օրակարգը և կառաջարկեն քննարկման՝ իրենց համար ընդունելի ձևաչափ:

 

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալին

Տիգրան Սարգսյանն ընդունել է «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալինՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալ Քսավիե Մյուսկայի գլխավորած պատվիրակությանը: Զրուցակիցները նախ իրենց ցավակցությունն են հայտնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի ղեկավար Ստեփան Գիշյանի անժամանակ մահվան կապակցությամբ և ընդգծել նրա մեծ դերը Հայաստանի բանկային համակարգի զարգացման գործում:

Այնուհետև ՀՀ վարչապետը և «Կրեդի ագրիկոլ» բանկի գլխավոր տնօրենի տեղակալն անդրադարձել են «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկի զարգացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին: Քսավիե Մյուսկան բարձր է գնահատել մեր երկրի բանկային համակարգի զարգացման աստիճանը և նշել, որ մտադիր են էապես ավելացնել «Ակբա-կրեդիտ ագրիկոլ»-ի կապիտալը, ինչը կնպաստի շուկայում տարբեր նախագծերի իրականացմանը:
Վարչապետ Սարգսյանը ողջունել է նախաձեռնությունը և կառավարության աջակցությունը հայտնել բանկի ղեկավարությանը:

Անկախ

«Հանրությունը սպասում էր այս որոշումը», – վարչական պատասխանատվություն չկիրառելու որոշման առթիվ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը

տիգրանԳործադիրն իր այսօրվա նիստում սահմանել է, որ տրանսպորտային այն միջոցի, որի համար դրա օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտման վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011թ. հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ վերը նշված հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը:

«Սա սպասված որոշում էր», – ասել է ՀՀ վարչապետը՝ ՀՀ ոստիկանության պետին հանձնարարելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների միջոցով ԶԼՄ-ների օգնությամբ քաղաքացիներին իրավական խորհրդատվություն տրամադրել վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
Անկախ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել արագաչափերի տուգանքների իրավաչափությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ

տիգրան սարգսյանԱյսօր կայացած նիստից մեկնարկից առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

-Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի հանձնարարականով: Խնդիրն այսօր գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և շատ հաճախ դժգոհությունների համար լուրջ դրդապատճառ է հանդիսանում. խոսքը ճանապարհային երթևեկության կանոնների համար կիրառվող տուգանքների մասին է: Որքանո՞վ են այդ տուգանքներն արդարացի, համաչափ են արդյոք մեր օրենսդրությանը նկարագրված դեպքերը, երբ մենք կիրառում ենք տուգանքներ, օրենսդրության մեջ ունե՞նք բացեր, ինչպիսի՞ն է միջազգային պրակտիկան և միջազգային պրակտիկայից կարո՞ղ ենք մեզ համար ընտրել այնպիսի մեխանիզմներ, որպեսզի մեր քաղաքացիները նույնպես ընդունեն, որ օրենսդրությունը և տուգանքների չափերը, որ կիրառվում են Հայաստանի Հանրապետությունում, արդար են: Այս հարցերի պատասխանները հանրությանը ներկայացնելու համար հանձնարարում եմ պարոն Գաբրիելյանին՝ պատրաստել վարչապետի որոշման տեքստ, և մենք ստեղծենք աշխատանքային խումբ՝ արդարադատության նախարարության գլխավորությամբ, ներառելով այդ աշխատանքային խմբում բոլոր շահագրգիռ մարմիններին, այդ թվում նաև հասարակական կազմակերպություններին, այն մարմիններին, որոնք ունեն ակտուարական հաշվարկներ իրականացնելու հնարավորություն, որպեսզի մենք վիճակագրություն ներկայացնենք հանրությանը, թե հաճախակի խախտումները որոնք են, այդ խախտումների քանակը, տուգանքների չափը և արդյունքների մասին զեկուցենք նաև հանրությանը, ինչպես նաև ներկայացնենք օրենսդրական առաջարկություններ: Պարոն Թովմասյան, Ձեր կարծիքով որքան ժամանակ է անհրաժեշտ այս հարցերի պատասխանները ստանալու համար:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան – Պարոն վարչապետ, կարծում եմ 1-2 ամիսը բավարար կլինի, որպեսզի ընդհանուր առմամբ պատկերացում ունենանք, թե ինչ ուղղությամբ ենք գնալու: Եթե օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն լինի, ևս մեկ ամիս: Այսինքն` 2-2,5 ամսվա ընթացքում կարծում եմ բոլոր հարցերի պատասխանները կունենանք, որպեսզի շատ ավելի հիմնավոր և համապարփակ լուծումներ ունենանք, այլ ոչ թե տեղային, 1-2 խնդրով բավարարվենք:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, այդ դեպքում պարոն Գաբրիելյանի հետ պատրաստեք որոշման նախագիծ, այդ թվում ներկայացրեք այն կազմակերպությունների ցանկը, որոնք ձեր կարծիքով ճիշտ կլինի ներգրավենք խմբի մեջ:

Քննարկվել են ազգային բրենդի մշակման ռազմավարությանը վերաբերող հարցեր

տիգրան սարգսյան, ազգային բրենդՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման աշխատանքային խմբի ներկայացուցիչներին: Հայաստանի բրենդավորման մրցունակ ռազմավարության (ներառյալ եռամյա կտրվածքով բրենդի հաղորդակցման մանրամասն ռազմավարություն) և ծրագրի մշակման աշխատանքներով զբաղվում է GK Brand ամերիկյան ընկերությունը:

Հանդիպման ընթացքում GK Brand ընկերության տնօրեն Վազգեն Քալայջյանը ներկայացրել է Ազգային բրենդի մշակման ուղղությամբ ձեռնարկված քայլերը: Վարչապետ Սարգսյանը հետաքրքրվել է իրականացվող աշխատանքների մասին և ազգային բրենդի մշակման աշխատանքային խմբի անդամների հետ քննարկել առաջիկա անելիքները:
2014 թ. փետրվարի 20-ին ՀՀ կառավարությունում ստորագրվել են Ազգային բրենդի մշակման աշխատանքների իրականացմանն ուղղված նվիրաբերության հուշագիր և Ազգային բրենդի ստեղծման վերաբերյալ պայմանագիր՝ Հայաստանի բրենդավորման ռազմավարության մշակման ուղղությամբ համագործակցության վերաբերյալ: Բրենդավորման ռազմավարությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային և ներդրումային գրավչության բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:
Անկախ

2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի կառավարության հաստատմանը

11164_am_1Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել 2014-2025 թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի (ՀԶԾ) համակարգող խորհրդի նիստը: Ներկայացվել են ՀԶԾ վերանայման գործընթացներն ու կատարված աշխատանքները, ՀԶԾ հիմնական սկզբունքներն ու ուղղությունները:
Նիստի մասնակիցները, այդ թվում քաղաքացիական հասարակության և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչները, ներկայացրել են տարբեր առաջարկություններ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:
Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին, հաշվի առնելով հնչած առաջարկությունները, հնարավորինս սեղմ ժամկետներում լրամշակել ծրագիրը, որից հետո ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետը նշել է. «Այս հավակնոտ փաստաթղթի ընդունմամբ պայմանավորված է մի շարք ծրագրերի իրականացումը: Ծրագիրը համապարփակ է և արտահայտում է կառավարության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ աշխատատեղերի ստեղծում, արտահանմանը միտված արդյունաբերական ակտիվ քաղաքականության իրականացում, փոքր և միջին բիզնեսի զարգացում, որն ունի նաև քաղաքական բովանդակություն, տարածքների համաչափ զարգացում, սոցիալական, դեմոգրաֆիական խնդիրների լուծում, գիտության և կրթության ոլորտի զարգացում: Փաստաթղթում նկարագրված է նշված բնագավառների ուղղությամբ կառավարության քաղաքականությունը և այն, թե ինչպես ենք այդ ոլորտներում իրականացնելու բարեփոխումներ»: 

Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է. վարչապետ

11161_am_3Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ծաղկաձորում մեկնարկած «Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում» թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին:
Կառավարության անունից ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է փորձել միասնաբար գտնել դրանց լուծման ուղիները՝ հնարավոր խնդիրներին լավագույնս դիմագրավելու համար:
Այդ առումով, վարչապետը ներկայացրել է ժամանակակից գիտության աջև ծառացած հիմնարար խնդիրներն ու կարևորել դրանց լուծման ուղղությամբ նոր գործիքների մշակումն ու կիրառումը: «Այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք հիմնարար կերպով փոխում են մարկանց վարքագիծը: Մտագործունեությունը և նոր գիտելիքների կիրառումը դառնում է առաջնայնություն: Դա նշանակում է, որ կրթության համակարգը պետք է գործի՝ համաձայն արագ փոփոխությունների: Արդյունավետ կրթական համակարգի ստեղծումը ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն է: Եթե կարողանանք կառուցել այն, ապա մի քանի տարի հետո կունենանք ժամանակակից հասարակություն»,- ասել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանի խոսքով, կառավարության կարևորագույն գործառույթներից մեկն էլ քաղաքացիների գործունեության և առկա ներուժի ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն է: Այդ տեսակետից, վարչապետն ավելացրել է, որ նշված պայմանների ստեղծման հնարավորությունը մեր երկիրը տեսնում է նաև Եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու մեջ, քանի որ Մաքսային միության անդամ երկրների խնդիրները, աշխարհընկալումը և արժեքները նույնն են:
«Մենք վստահ ենք, որ մեր ջանքերի միավորումը կբերի լավագույն հաջողությունների: Ինտեգրացիոն ծրագրերի իրականացման նպատակներից մեկն էլ քաղաքացիների միջև շփումների խթանումն է»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին միանալու Հայաստանի որոշումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: «Այդ որոշման հիմքում ընկած են մեր երկրների և ժողովուրդների մշակութային առանձնահատկությունները, ազգային անվտանգության հարցերը, տնտեսական արդյունավետությունը և այլն: Մենք հաշվի ենք առել բազմաթիվ գործոններ»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետը պատասխանել է կոնֆերանսի մասնակիցների մի քանի հարցերի:
Նշենք, որ մարտի 24-29-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են գիտնականներ՝ Լեհաստանից, Լատվիայից, Հունաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Ռուսաստանից և այլ երկրներից: