Ծայրահեղ աղքատությունից չեն փրկվել, անգամ, իրենց փոքրիկին հանրապետության նախագահի անունով կոչելով

գյումրիՍոցիալապես ահավոր ծանր պայմաններում գոյատևող ևս մեկ ընտանիքի օգնություն ցուցաբերելու և տեսանյութ պատրաստելու նպատակով Հայաստանի ամենահեռավոր գյուղի ճամփան բռնած «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս տեղափոխող մեքենան բառիս բուն իմաստով մի կերպ, վարորդի ջանքերի մեծ լարումով միայն կարողացավ հաղթահարել քարուքանդ ճանապարհները:

6 մանկահասակ երեխաներ ունեցող Խաչատրյանների բազմազավակ ընտանիքը Ամասիայի նախկին վարչական շրջանի այդ գյուղը մեկ տարի առաջ է տեղափոխվել բնակվելու: Միայն սոցիալական նպաստով գոյատևող ընտանիքի երեխաներին մենք հանդիպեցինք քաղցած ու ոտաբոբիկ վիճակում: Այս ընտանիքն իր հինգերորդ որդուն անվանակոչել է ի պատիվ հանրապետության նախագահի, հույս ունենալով, որ այդ կերպ գոնե կկարողանան գրավել իշխանությունների ուշադրությունը:
Սակայն ավաղ… Ամենահեռավոր գյուղում, խոնավ մի տանը պատսպարված Խաչատրյանների ապրելակերպի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ կենտրոնը» նախաձեռնել է վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ու միայնակ մայրերի ընտանիքներին, ինչպես նաև միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր՝ «Հիգիենիկ պարագաներ և սնունդ ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքներին» ձեռնարկ:

 

 

80-ամյա պապիկը միայնակ խնամում է 5 երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին

New PictureԳյումրու ծայրամասային թաղերից մեկում, հին ու վերանորոգման խիստ կարիք ունեցող տանը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս հանդիպեցինք 80-ամյա Մուրադ պապին, որը միայնակ խնամում է իր 5 մանկահասակ, երկկողմանի ծնողազուրկ թոռնիկներին:

Երեխաների ծնողները մահացել են մեկ տարվա ընթացքում՝ ծանր ու անբուժելի հիվանդությունից: Երեխաներից մեծը 15 տարեկան է, փոքրը՝ 6: Նրանց ապրուստի միակ միջոցը պապի թոշակն է և սոցիալական նպաստը: Հինգ երկկողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքի ապրելակերպի մասին առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Անկախ

Եվրոպայի օրերը մեկնարկեցին Գյումրիից

26 125Մայիսի 17-24-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա միջոցառումներ: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը անդամ, նաև  հարևան պետությունների քաղաքացիների համար:
Եվրոպական շաբաթվա բացումը տրվեց Գյումրիում, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ-ում Շվեդիայի թագավորության դեսպանության հավատարմատար Մարտինա Քուիքը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար  Տրայան Հրիսթեան: «Շատ մեծ պատիվ է մեզ համար Հայաստանում տոնել 1950թ. մայիսի 9-ին Շումանի ընդունած հռչակագրի տարեդարձը: Իսկ այս տարի նշվում է Եվրոպայի ընդլայնման 10-ամյակը», – մասնավորապես նշեց ԵՄ դեսպանը:
Ելույթներին հաջորդեց երիտասարդական քննարկումը Գյումրու տեխնոպարկում, որը վերաբերում էր ԵՄ-Հայաստան հարաբերություններին և միասնական արժեքներին: Իրադարձությունները շարունակվեցին մշակութային միջոցառումներով, «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ԵՄ աջակցությամբ Գյումրիում և հարակից շրջաններում իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդես, ապա գյումրեցի արվեստագետները ստեղծեցին «E» տառը խորհրդանշող ինստալացիա՝ այդպիսով արտահայտելով Եվրոպայի մասին իրենց պատերացումները:
Երեկոյան միջոցառման մասնակիցները կայցելեն նաև Մհեր Մկրտչյանի թանգարան, իսկ թատերական հրապարակում կլինի «Բամբիռ» համույթի համերգը:

 

Գյումրու քաղաքապետն ընդունեց Եվրամիության երկրների դեսպաններին

IMG_4050Այսօր՝ մայիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում ընդունեց  Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան  ՋովաննիՌիչուլլիին,  Շվեդիայի Թագավորության դեսպանության  գործերի ժամանակավոր հավատարմատար  Մարտինա Քուիկին,  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզին, Գերմանիայի  Դաշնային Հանրապետության  Արտակարգ և լիազոր դեսպան  Ռայներ Մորելին,  Լիտվայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:

Հանդիպման  մեկնարկին  քաղաքապետը նախ շնորհակալություն հայտնեց բարձրաստիճան  հյուրերին  «Եվրոպայի օր»  ծրագրի մեկնարկը Գյումրիից տալու համար, ապա հակիրճ  ներկայացրեց  քաղաքի  սոցիալական,  քաղաքաշինական, մշակութային և մարզական ընդհանուր վիճակը, կատարված և նախանշված աշխատանքները: Քաղաքապետը կարևորեց  նաև եվրոպական տարբեր երկրների քաղաքների և Գյումրու միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ փաստելով, որ հանրապետության երկրորդ քաղաքն արդեն ունի նման փորձ Ֆրանսիայի, Լեհաստանի և Հունաստանի քաղաքների հետ:

Իրենց հերթին դեսպանները շնորհակալություն հայտնեցին քաղաքապետից  «Եվրոպայի օր»  ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար, ապա կողմերը մտքեր փոխանակեցին հետաքրքրություն  ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

Գյումրու նախկին գործարանային հանրակացարանում ամեն պահ համաճարակ կարող է բռնկվել (Ֆոտոռեպորտաժ)

1505994_776747632335754_2220023849830337086_n«Շիրակ կենտրոնը» ամիսներ առաջ անդրադարձել էր Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում տիրող հագահիգենիկ վիճակին, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր:
Այդ մասին հնչեցրած ահազանգը http://shirakcentre.org/hy/news/20593-shirak-centre-org մեծ արձագանք գտավ հանրապետությունում: «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի հետքերով հանրակացարան այցելեցին և տիրող իրավիճակը լուսաբանեցին բազմաթիվ ԶԼՄ-ներ: Բարձրացված աղմուկից հետո այն հայտնվեց ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետների ուշադրության կենտրոնում: Նշենք, որ Գյումրու կենտրոնական մասում գտնվող, կիսափլված ու կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ այդ հանրակացարանում, ամռան գալուն պես, առավել պայթունավտանգ է դառնում համաճարակների բռնկման վտանգը: Այսօր մեր հերթական այցելության ժամանակ տեղեկացանք, որ կրկին մաշկային հիվանդությամբ, իր երկու մանկահասակ երեխաների հետ միասին, հիվանդանոց էին տեղափոխվել բազմազավակ ընտանիքներից մեկի մայրը: Ստորև ներկայացնում ենք լուսանկարային ռեպորտաժ Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանից:

Միայնակ տարեց կինը, հոգնելով փաստաթղթային քաշքշուկից, ստիպված ինքնուրույն է բուժում կոտրված ձեռքը

Նա զարմանալի համբերատար, համակերպվող ու անչափ բարի բնավորություն ունի: Նրանց ընտանիքը թեև երկրաշարժի հետևանքով կորցրել է 3-սենյականոց բնակարան, սակայն ընտանիքի մյուս անդամները շատ տարիներ առաջ հեռացել են Հայաստանից, այդպես էլ բնակարան չստանալով, իսկ անժառանգ միայնակ կինը մնացել ու շարունակում է բնակվել տնակում:
Ցավոք, նա 2008 թվականին չի դիմել ու չի վերահաշվառվել պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում, ինչի պատճառով կորցրել է բնակարան ստանալու իր իրավունքը: Այսօր մենք կրկին այցելեցինք անպաշտպան ու անօգնական վիճակում հայտնված տարեց կնոջը: Նա մի քանի ամիս առաջ՝ ձմռանը սայթաքել-ընկել ու ջարդել է ձեռքը: Դեպքից օրեր անց, երբ ցավերը չեն մեղմացել, թակել է մի շարք բուժհիմնարկների դռները: Բուժհիմնարկներում մշտապես մերժել են օգնություն ցուցաբերել՝ իրենց մոտ նրա գրանցված չլինելու պատճառով, բացառությամբ մի դեպքի, երբ Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը դեղորայք է նշանակել ու խորհուրդներ տվել, թե ինչպես ինքնուրույն խնամել կոտրվածքը: Ի վերջո՝ միայնակ տատիկը փաստաթղթային քաշքշուկներից հոգնած՝ ստիպված համակերպվել է կոտրված ձեռքը ինքնուրույն բուժելու մտքին: Այսօր Մարի տատիկը մեզ հայտնեց, որ թեև ցավերը մի փոքր մեղմացել են, սակայն կոտրված ձեռքը չի բուժվում:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Ագռավների նետած ճյուղերը՝ անօթևան ընտանիքների համար ձմռան վառելիք

գյումրիԳյումրու տնակային ավաններում զգալի թիվ են կազմում միայնակ բնակվող տարեցները: Նրանցից շատերը պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառված չեն և անհայտ է մնում, թե նրանց երբևէ բնկարանով ապահովելո՞ւ են, թե՞ ոչ:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու կենտրոնական մասում գտնվող նախկին այգիներից մեկում տեղադրված տնակում միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Ավելացնենք, որ այդ այգում դեռևս պահպանվել են մի շարք սլացիկ բարդիներ, որոնց կատարներին բույն դրած ագռավների ներքև նետած ճյուղերն էլ հենց հանդիսանում են այդ տնակային ավանի բնակիչների ձմռան վառելիքը:

Անկախ

Ընդունելություն Գյումրու քաղաքապետարանում Ընտանիքի օրվա կապակցությամբ

DSC_0154Այսօր՝ Ընտանիքի միջազգային օրը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց և շնորհավորեց  գյումրեցի մի խումբ ընտանիքների, ինչպես նաև այցելեց ՔԿԱԳ (ԶԱԳՍ)  Գյումրու տարածքային ստորաբաժանում՝ հանձնելով մանկավարժների, լսողական խնդիրներ ունեցողների, մանկավարժների, երկկողմանի ծնողազուրկ երեխաներ խնամակալած, բազմազավակ և նորակազմ ընտանիքներին  դրամական պարգևներ և  նվերներ:

Իր խոսքում Սամվել Բալասանյանը կարևորեց  հայ ընտանիքի դերն ու նշանակությունը պետության և հասարակության բնականոն զարգացման գործում, ինչպես նաև, խոսեց գյումրվա ընտանիքի կերպարի մասին, որտեղ քաղաքապետը կարևորեց ավանդապաշտությունն ու սերը սեփական քաղաքի հանդեպ:

Ամեն անձրև գալուց ահուդողը սրտերում` Աստված են կանչում, որ շուտ կտրվի ու տնակը չհեղեղվի

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում տնակային ավանները կառուցվեցին գերխոնավ ճահճոտ վայրերում, որոնք նախկինում քաղաքի կանաչ տարածքներն էին համարվում: Տնակներից շատերն էլ տեղադրվեցին հեղեղատարների և Գյումրի գետակի հարևանությամբ:
Այդ իսկ պատճառով հարյուրավոր տնակներ ամեն տարի, հատկապես գարնանն ու աշնանը տեղացող հորդառատ անձրևների ժամանակ, հեղեղվում են: Պարբերաբար հեղեղումներ տեսած և առհասարակ սկզբնական շրջանում ընդամենը Երկու-երեք տարվա բնակության համար նախատեսված տնակները անցած 25 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին շարքից դուրս են եկել, ու դրանցում բնակվելը պարզապես անհնար է դարձել: Ներկայացվող տեսանյութը ավտոկայանի հարևանությամբ գտնվող տնակային ավանում, Գյումրի գետակի հարևանությամ տեղադրված տնակում ապրող ընտանիքի կացարաանային պայմանների մասին է: Նրանց տնակը ևս ամեն տարի հեղեղվում է հորդառատ անձրևներից:

«Ոչ ապրել կա, ոչ էլ մեռնել…». գյումրեցի անօթևան միայնակ կին

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, շրջագայելով ամբողջ քաղաքով մեկ սփռված տնակային ավաններում, գրեթե ամեն օր հանդիպում են են ծանր ճակատագրեր ունեցող ընտանիքների: Այդ թվում՝ միայնակ տարեցների, որոնք ապրում են մեկուսացած կյանքով՝ պատսպարված անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան, խարխուլ խրճիթներում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը 2008 թվականից ի վեր, 33-ամյա միակ որդուն կորցնելուց հետո միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Նա թեև 1988-ից բնակվում է 6-մետրանոց տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում նրանց ընտանիքին չեն հաշվառել՝ այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարան չեն կորցրել:

Ընտանիքը բնակվելիս է եղել վարձով տանը: Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

Հաղթանակի օրվա մեծ զորահանդես Գյումրիում,լուսանկարներ

 զորահանդես ԳյումրիումԳյումրիում տեղի ունեցավ Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակի և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված հայ-ռուսական մեծ զորահանդեսը:
Վարդանանց հրապարակը խիստ հսկվում էր ոստիկանական ուժերի կողմից, ներկա էին զորահանդեսն անցկացնող բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, գյումրեցի պատգամավորներ, պատերազմի վետերաններ ու ազատամարտիկներ: Չնայած քաղաքապետարանի ուղարկած հրավերքներին, պաշտոնական զորահանդեսին չէր մասնակցում կառավարության և ոչ մի ներկայացուցիչ:
Զորահանդեսի սկզբից հրապարակ բերվեց հաղթանակի մարտական դրոշը: Ապա միմյանց ողջունեցին շքերթի հրամանատար՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի շտաբի պետ, գնդապետ Ալեքսեյ Ավդեևը և շքերթն ընդունող ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորման և ուժերի շտաբի պետ, գնդապետ Դավիթ Աղաջանյանը: Զորահանդեսն անցկացրեց միացյալ զորախմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Գրիգորյանը, ով մինչ շքերթի մեկնարկը հանդես եկավ ողջույնի խոսքով. «69 տարի առաջ այս օր ֆաշիտսական Գերմանիան ծնկի բերվեց մեր պապերի ու հայրերի կողմից: Այս հաղթանակի կերտման գործում նշանակալի ավանդ են ունեցել նաև քաջ հայորդիները: Այսօր մեզ համար եռակի տոն է՝ Հայրենական Մեծ պատերազմի 69-ամյակը, Շուշիի ազատագրումը և արցախյան բանակի ստեղծումը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիդ», – մասնավորապես նշեց նա:
Գյումրու հայ-ռուսական զորահանդեսի պաշտոնական մեկնարկը տվեցին շիրակցի վետերանները: Այնուհետ հրապարակով անցան ՀՀ հատուկ նշանակության զինված ուժերի վաշտը, մոտոհրաձգային զորքերի վաշտը, հրետանային հակատանկային զորքերի մարտկոցը, ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտիկների 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ վաշտերը, ՀՀ-ում ՌԴ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության ստորաբաժանման մարտիկները: Հրապարակով անցան նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտավարական նշանակության ռազմատեխնիկան, իսկ տոնական շքերթն ավարտվեց ՀՀ զինված ուժերի պահպանման գնդի պատվո պահակային վաշտի գեղեցիկ դեֆիլեով:
Հրապարակ չմտավ թրթուրավոր ռազմատեխնիկան, քանի որ քաղաքապետը դեմ էր եղել՝ որպեսզի ասֆալտը չքանդվի: Ի դեպ, զորահանդեսի լեզուն հայերեն էր, թարգմանվում էր նաև ռուսերեն:
Խոսելով այն մասին, թե այսօր ավելի շատ ռուսական տրամադրությունն էր թևածում քաղաքում, քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեց. «Բացարձակ այդպես չեմ գտնում, հավասար էր, նույնիսկ առաջին շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անունից էին հնչում»:
Իսկ մարզի գեներալ մարզպետն էլ, ով հանդիսությանը համազգեստով ու մեդալներով էր ներկայացել նշեց, թե ինչու է զորահանդեսը հենց Գյումրիում անցկացվում. «Շիրակի մարզում մեր կայազորներն ավելի փոքր են, քան այլ տեղերում, և ես եմ խնդրել պաշտպանության նախարարին ու ռազմաբազայի ղեկավարությանը, որ մասնակցեն ու համատեղ անցկացնեն այս միջոցառումը»:
Հավելենք, որ զորահանդեսի ավարտից հետո Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցավ պսակադրության արարողություն:

Ռուսական զորքի խաթեր Գյումրիում փողոցներ են փակում

գյումրի զորահանդեսՄայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակի կապակցությամբ, Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ զորահանդես է կայանալու  :

Ասում են միջոցառումը նախաձեռնել են ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարությունները, եւ զորահանդեսին էլ մասնակցելու են Գյումրիում տեղակայված հայկական ու ռուսական զորամասերը: Երեկվանից սկսվել են զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները: Այդ կապակցությամբ, 4 օր շարունակ կաթվածահար է լինելու քաղաքի կենտրոնական հրապարակի եւ այնտեղ մտնող փողոցների երթեւեկությունը:
26 010 (1)Մայիսի 5-8, ամեն օր, երեկոյան 17:00-19:00-ն Վարդանանց հրապարակն ու 9 փողոցները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, անգամ հրապարակից հեռացվում են քաղաքապետարանի աշխատակիցների մեքենաները: Հետիոտներին նույնպես ոստիկանները փորձում են դուրս բերել այդ հատվածներից: Հրապարակի քարե գորգին նստարաններ են տեղադրված, որտեղից հիմնականում զինվորականների ընտանիքների անդամներն այս օրերին հետեւում են նրանց փորձերին:
Զինվորականները շարային քայլվածքով անցնում են ամբողջ հրապարակը, հետո անցնում է ռազմական ծանր տեխնիկան՝ մի քանի մեքենա: Թե կոնկրետ ինչ տեխնիկա է ցուցադրվելու զորահանդեսին, կամ ովքեր են հյուրընկալվելու, կազմակերպիչներն ու Գյումրու քաղաքապետարանը  հստակ տվյալներ չեն հրապարակում, սահմանափակվելով միայն ասելով.”գալու են բարձրաստիճան զինվորականներ”:
գյումրի զորահանդեսԱյս փորձերի կապակցությամբ որոշակի անհարմարություններ են ստեղծվել Գյումրու կենտրոնում ապրողների եւ օբյեկտների աշխատանքների համար: Նրանք ստիպված շուտ են ավարտում աշխատանքները, առեւտրի օբյեկտների մի մասը ժամը 17-ից փակվում են: Իսկ հարակից փողոցների բնակչիներն այս ժամանակահատվածում գտնվում են գերու կարգավիճում. ՚Լավ է, որ նման միջոցառումները մեր քաղաքում են անցկացնում, բայց ավելի ճիշտ չէ՞ր լինի զինվորներին քայլել սովորեցնել զորամասերի շարահրապարակներում, ոչ թե գլխավոր հրապարակում: Մեր՝ Սերգո Համբարձումյանի փողոցը բոլոր կողմերից փակել են. համ Հաղթանակի պողոտան է փակ, համ հրապարակը, համ էլ Ս.Համբարձումյանը, որ հանկարծ մարդ վատանա, շտապօգնությունը ոտքով է գալու՞՚, – archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց Ս.Համբարձումյան փողոցի բնակչուհիներից մեկը: Մեկ ուրիշն էլ նշեց, թե գոնե թողնեն էրեխեքը նայեն ՚Հո իրանց չեն ուտե՞: Դուք գիտեք, որ քաղաքի կենտրոնում կապրինք շատ լավ է՞: Մարդուն էլ արգելեն սեփական տնից դուրս գալ, ինչ է թե հրապարակում պաշտոնական միջոցառում է՚:
Հավելենք, որ մայիսինյան այս զորահանդեսի պատվին արդեն թարմացվել են քաղաքի կենտրոնական հատվածների գծանշումները, կարգի է բերվել ՚Մայր Հայաստան՚ հուշահամալիրի տարածքը, քաղաքի տարբեր հատվածներում ծածանվում են ՀՀ եւ ՌԴ պետական դրոշները:

Անկախ

Պարտքի պատճառով տնակների հոսանքազրկումը կրում է համատարած բնույթ

«Շիրակ կենտրոնի» գրասենյակ գրեթե ամեն օր միջին հաշվով 3-4 անօթևան ընտանիք է դիմում՝ իրենց հոսանքազրկված տնակների էլեկտրաէներգիայի պարտքերը փակելու և հոսանքի մատակարարման վերականգնմանն օգնելու խնդրանքով:
Նրանց մեծ մասն այդ պարտքերը կուտակել են ձմռան ամիսներին, երբ վառելիք չունենալու պատճառով տնակները ջեռուցել են էլեկտրասալիկներով: Ցավոք, «Շիրակ կենտրոնը» ոչ միշտ է կարողանում այդ հարցում աջակցել սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին, որոնցից շատերն առանց լույսի են մնացել նույնիսկ 3-4 ամիս: Ներկայացվող տեսանյութը երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող , փոքրիկ տնակում պատսպարված միայնակ կնոջ մասին է: Նրա տնակը չորրորդ ամիսն է՝ պարտքի պատճառով մնում է հոսանքազրկված:

Վերջին նախագահական ընտրություններից անմիջապես հետո աղետի գոտում դադարեցված բնակարանաշինությունը դեռ չի վերսկսվել (Ֆոտոռեպորտաժ)

1609945_769902683020249_2818430958736737764_nԳյումրիում ավելի քան քառորդ դար անմարդկային պայմաններում գոյատևող մոտ 4000 ընտանիքներից 430-ի համար դեռ նախորդ տարի պետք է շահագործման հանձնվեր ևս 430 բնակարան, իսկ Ախուրյանում էլ մոտ 140 բնակարան պետք է շահագործվեր 2012 թվականին:

Սակայն աղետի գոտու անօթևան ընտանիքների համար նախատեսված բնակարանային շինարարության աշխատանքները վերջին նախագահական ընտրություններից հետո, արդեն երկրորդ տարին է՝ դադարեցված են: Եթե Ախուրյան համայնքում մի շարք կիսակառույց շենքեր 3-ից 4 հարկ կառուցվել են, ապա Գյումրիում նախատեսված 8 բարձրահարկերից 1-2-ի միայն հիմքերն են կառուցված: Եվ սա այն դեպքում, երբ ի պատասխան «Շիրակ կենտրոնի» հարցումների, ՀՀ բարձրագույն իշխանությունները բազմիցս հավաստիացրել են, թե նախատեսված բնակարանները շահառուներին կբաշխվեն մինչև այս տարվա ավարտը: Գոնե մեզ համար անհայտ է մնում, թե մինչև օրս դատարկ շինհրապարակներով ինչպե՞ս են այդ շենքերը կառուցելու և շահագործելու առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Ներկայացնում ենք Ախուրյանի և Գյումրու դատարկ շինհրապարակների լուսանկարները, որոնք արվել են այսօր, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցների կատարած հերթական այցելության ու դիտարկման ընթացքում:

Անկախ

Գյումրու երկաթուղայինների վերջին հույսը Գագիկ Բեգլարյանն է

26 004Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցներն այսօր հրավիրել էին մամուլի ասուլիս: Ըստ նրանց, օրեր առաջ, Գյումրի այցելած ՀԿԵ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը լրատվամիջոցներով սուտ տեղեկություններ է տարածել, իբր թե մեքենավարները ստանում են 280 հազար դրամ աշխատավարձ: Անգամ աշխատավարձի, այսպես ասած, կեղտոտ հաշվարկներով, մեքենավարի աշխատավարձն այդքան չի կազմում: «Նրանք ներկայացրել են՝  մեքենավարն առձեռն  ստացել է 242 հազար դրամ, բայց փաստացի, մարդը 140 հազար դրամ է ստացել: Իրենց անալիզներն իրականությանը չեն համապատասխանում», – ասում է էլեկտրաքաշի մեքենավար Արմեն Ղազարյանը:
Վիկտոր Ռեբեցն ընդունել էր, որ բեռնափոխադրումները նվազել են, ինչի հետևանքով էլ աշխատավարձերը չեն կարող բարձրացնել, իսկ իր նշած աշխատավարձի չափը վերաբերում էր մարտ ամսին: «Մարտ ամսին մեքենավարն աշխատել է 166 ժամ, առանց ետպահումների ստացել է 248 հազար դրամ, իսկ մաքուր՝ 182 հազար դրամ», – ասում է Գյումրու լոկոմոտիվային դեպոյի արհմիության նախագահ Արսեն Գևորգյանը:
Մեքենավարների աշխատավարձերի մասին ուռճացված տվյալներ են հայտնել և՛ Վ.Ռեբեցին, և՛ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարին: Վերջինիս հետ գյումրեցի մեքենավարները հանդիպել և ներկայացրել են իրողությունը: Նախարարը համաձայնել է, որ մեքենավարները քիչ աշխատավարձ են ստանում և խոստացել մինչև մայիսի 10-ը նրանց խնդրին լուծումներ գտնել:
Ինչ վերաբերում է բեռնափոխադրումների կրճատումներին,  աշխատակիցները պարզաբանում են, որ մոտ 1.5-2 տարի առաջ բեռնափոխադրումների վիճակը շատ լավ է եղել, իրենց աշխատավարձրերն էլ՝  բարձր. նախկինում տեղափոխել են Այրումից Գյումրի և հակառակ ուղղությամբ 15 վագոն՝ 1300 տոննա բեռ, ապա վագոնների քանակն ու բեռների քաշը ավելացրել են՝ 20 վագոն՝ 1700 տոննա: Այս տարվանից էլ  արդեն մոտ 3 ամիս մեքենավարներն այս երկաթուղով տեղափոխում են 20 վագոն՝ 1900 տոննա բեռ: Ավելացրել են նաև գնացքների արագությունը, բայց ինչպես ասում են մեքենավարները,  այս փոփոխություններից ոչ մեկն էլ իրենց աշխատավարձերի վրա դրականորեն չի ազդել:
«Նախկինում ամիսներ են եղել, որ ես 150 ժ եմ աշխատել, ստացել եմ 210 հազար դրամ աշխատավարձ, այս մարտ ամսին  աշխատել եմ 160 ժամ, ստացել՝ 180 հազար դրամ», – ասում է մեքենավար Երեմ Մանուկյանը:
Վիկտոր Ռեբեցը, հանդիպում ունենալով երկաթուղու աշխատակիցների հետ,  նշել է, թե մեքենավարները դժգոհում են աշխատավարձերից 31 տոկոս պահումների պատճառով.  «Բայց ես ինչ կարող եմ անել, ձեր կառավարության որոշումն է: Եթե ես պահումներ չանեմ, տուգանելու են: Դրա համար պրեմիաներն ենք կարճատել, որպեսզի կարողանանք բալանսը պահել»:

Նրա խոսքով՝ կամ էլ պետք է կոլեկտիվներում կրճատումներ արվեն և բարձրացվեն մյուսների աշխատավարձերը: Սակայն դեպոյի աշխատակիցներն այսօր ևս մեկ անգամ նշեցին, իրենք թույլ չեն տալիս որևէ մեկի աշխատանքից ազատել:
Պակասել է նաև մեքենավարներին հասանելիք գիշերային աշխատաժամերի գումարները՝ 50 տոկոսից իջել են 30-ի: Այս մասին ՀԿԵ գլխավոր տնօրենը մեկնաբանել է, թե  ՀՀ աշխատանքային օրենսգիրքն այդքան է սահմանում: «Այսինքն, մեր և պահակի աշխատանքը նույնն են համարում, այն դեպքում, երբ պահակն իր համար կարող է պառկել, քնել, իսկ մենք գիշերը գնացքներ ենք տեղափոխում, ուղևորների ու բեռների անվտանգություն ապահովում», – ասուլիսին նշեց մեքենավար Արմեն Ղազարյանը:
Վերջում, մեքենավարները հայտարարեցին, եթե Գագիկ Բեգլարյանի պատասխանը բացասական եղավ և իրենց աշխատավարձերի հարցին դրական լուծում չտրվեց, ապա կդիմեն անժամկետ գործադուլի:

Վերջապես ե՞րբ են լուծվելու անօթևան միայնակ տարեցների կացարանային խնդիրները

New Picture (1)Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթևան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ:

Առնվազն մեզ՝ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար այնքան էլ պարզ չէ, թե ինչու են անօգնական միայնակ տարեցները գերադասում շարունակել ապրել խոնավ և ցուրտ վագոն-տնակներում: Կարծում ենք՝ նրանց անօգնական վիճակից հանելու, միայնակ տարեցներին ծերերի տուն-ինտերնատներում տեղավորելու խնդրում պետք է մասնակցություն ունենան նաև տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Առհասարակ, հրատապ է դարձել նաև պետության կողմից երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան չճանաչված ընտանիքների և հատկապես միայնակ տարեցների համար սոցիալական բնակարանային ծրագրի իրականացումը:
Ծանր կացարանային պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 

 

Անկախ

Հասարակությունում առկա շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում

անօթևանԳյումրու տնակային ավաններում բնակվող ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կարծես թե կրում է համատարած բնույթ և առանց տղամարդ մնացած ընտանիքների թիվը հաստատ գերազանցում է ամբողջական կազմով ընտանիքների թվին: Առհասարակ հասարակությունում առկա շատ ու շատ բացասական երևույթներ խտացված են տնակային ավաններում, ամեն քայլի զգացվում են համատարած աղքատության ու գործազրկության հետևանքները: Տնակային ավաններում առավել հաճախ կարելի է հանդիպել ծնողական խնամքից զրկված մանկահասակ երեխաների, իսկ երեխաների մեծ մասը դպրոցից հետո ուսումը որևէ տեղ չեն շարունակում: Բազմաթիվ ընտանիքներից տղամարդկանց բացակայության հիմնական պատճառներից մեկն էլ արտագնա աշխատանքն է: «Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկում, երեք անձով վեց մետրանոց տնակում պատսպարված ընտանիքի մասին է:

Անկախ

«ՀԿԵ» ՓԲԸ մեկնաբանությունները Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողների ապրիլի 25-ին կազմակերպված ակցիայի վերաբերյալ

գործադուլ 3Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողների կողմից 25.04.2014 թ. երկաթուղու աշխատանքի մասնակի խափանման հետ կապված «Հարավկովկասյան երկաթոիղի» ՓԲԸ-ն նպատակահարմար է գտնում որոշ պարզաբանումներ ներկայացնել հանրությանը:

Այս չթույլատված ակցիայի շրջանակներում աշխատողների նախաձեռնող խումբը պահանջել է աշխատավարձերի բարձրացում: Նրանք պնդում են, որ փետրվար-մարտ ամիսներին նրանց աշխատավարձը կրճատվել է, ինչպես նաև պահանջում են աշխատանքային պայմանների բարելավվմանը:

Առաջին հերթին հարկ ենք համարում նշել, որ 2014 թվականի մարտին Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեքենավարների աշխատավարձերի աճը փետրվարի նկատմամբ կազմել է 51%: Այսպիսով, մեքենավարի աշխատավարձը կազմեց 280 000 դրամ, ինչն իր հերթին 18%-ով գերազանցում է 2013 թվականի մարտի ցուցանիշը:

Միևնույն ժամանակ կարևոր ենք համարում ընդգծել, որ 2014 թվականի առաջին եռամսյակում անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ գրանցվել է աշխատանքի ծավալների անկում 11,5%-ով, ինչը պայմանավորված է բեռնափոխադրումների ծավալների կրճատմամբ: Դա իր հերթին բերեց նման իրավիճակին, երբ Գյումրու երկաթուղային հանգույցի 10 լոկոմոտիվային բրիգադները պահանջված չեն՝ համապատասխան աշխատանքի բացակայության պայմաններում:

Չնայած նման հանգամանքներին՝ Հարավկովկասյան երկաթուղին՝ լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն, չի դիմում աշխատողների կրճատման քայլերին, ընտրելով անձնակազմի պահպանման ուղին, և սպասելով ամառային սեզոնին նկատվող փոխադրումների աճին:

Հաշվի առնելով, որ 2013 թվականի և 2014 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նկատվում է բեռնափոխադրումների հետ կապված աշխատանքի ծավալների կրճատում, Ընկերությունը որոշում է ընդունել կրճատել  պարգևավճարները՝ աշխատողների թվի կրճատումից խուսափելու նպատալով: Օրինակ, ՀԿԵ-ի կենտրոնական վարչության անձնակազմին պարգևատումներ չեն վճարվում 2014 թվականի սկզբից:

Իսկ Գյումրու երկաթուղայի հանգույցում մարտ ամսվա արդյունքներով վճարված պարգևները կազմել են՝

  • 0%՝ լոկոմոտիվային, վագոնավերանորոգման դեպոյի, ուղեմասի, գծային-կայարանային միավորման ղեկավարների, մասնագետների ու աշխատողների համար,
  • 10%՝ լոկոմոտիվների ընթացիկ նորոգման ու տեխսպասարկման հետ կապված անձնակազմի համար,
  • 12,5%՝ լոկոմոտիվների տեխսպասարկման կետում, օժանդակ տնտեսությունում, լոկոմոտիվային դեպոյի շահագործման, պահեստավորման արտադրամասում աշխատող անձնակազմի համար,
  • 7,5%՝ վագոնավերանորոգման դեպոյի վագոնահավաք, անիվային, օժանդակ կետերի, անիվների վերանորոգման, ավտոմատ միացման արտադրամասերի աշխատողների համար:

Աշխատանքի պայմանների բարելավվման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ 2013 թվականին ավարտված վերանորոգումից հետո Գյումրու լոկոմոտիվային դեպոն ժամանակակից մեքենաշինական համալիր է հանդիսանում: Շահագործման արտադրամասում ձևավորված են տեխկիկական ուսուցման սենյակներ, որոնք համալրված են անհրաժեշտ դասագրքերով և սարքավորումներով: Այսպիսով, լոկոմոտիվային բրիգադները հնարավորություն ունեն բարձրացնել մասնագիտական գիտելիքներն ու ունակությունները:

Լիովին արդիականացված է բուժզննման կետը, ստեղծված են պայմաններ լոկոմոտիվային բրիգադների յուրաքանչյուր անդամի բժշկական սպասարկման  համար:

Կոչ ենք անում Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատողներին տարաբնույթ խնդիրներ ունենալու պարագայում սեփական կարծիքը ղեկավարությանը ներկայացնելու համար դիմել ավելի զուսպ և երկաթուղայիններին ավելի արժանի մեթոդներին: Միայն նման ճանապարհով մենք կարող ենք համատեղ միջոցներով հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք ժամանակավոր բնույթ են կրում:

 

Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը

unnamedԱյսօր` ապրիլի 27-ին Գյումրիում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը:  Հոբելանյական միջոցառումների մեկնարկը տրվեց բանաստեղծի ծննդավայրում` Գյումրիում` այսպիսով  ազդարարելով «Շիրազյան տարվա»  սկիզբը:

Միջոցառումների մեկնարկը տրվեց  Շիրազի հուշատուն-թանգարանի բակում ծաղիկներ դնելով, որին մասնակցում էր նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:  Այնուհետև տեղի ունեցավ  մեծանուն բանաստեղծի ծննդյան 100-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցավ նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը և  իր խոսքում նշեց, որ նման մեծանուն բանաստեղծի  ծննդավայրում ապրելն արդեն մեծ պատիվ է յուրաքանչյուր գյումրեցու համար:  Քաղաքապետը խոսեց նաև մեծ գյումրեցու թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես նաև պատմեց դրվագներ վերջինիս կյանքից:

Հոբելյանական միջոցառումները կշարունակվեն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարվա ընթացքում: Նախատեսվում է նաև հոբելյանական հիշատակի երեկոների անցկացում Գյումրիում և Երեւանում, Շիրազի գրավոր ժառանգության հանրային շնորհանդեսների կազմակերպում, գրողի երկերի լիակատար ժողովածուի հրատարակում, փաստագրական ֆիլմի նկարահանում, Շիրազին նվիրված միջոցառումների, ցուցահանդեսների, գրական ցերեկույթների, դպրոցական շարադրությունների  մրցույթի կազմակերպում և այլն:

Միջոցառմանը ներկա էին նաև Հովհաննես Շիրազի զավակներ Աստղիկ և Վանանդ Շիրազները:

Անկախ

Գյումրիում երկաթուղայինները մնացել են առանց հիվանդանոցի

գործադուլ 3Այսօր Գյումրու լոկոմոտիվային դեպոյի աշխատակիցները գործադուլ էին կազմակերպել, որի ժամանակ ներկայացրեցին համակարգի բոլոր թերություններն ու խնդիրները: Մանսավորապես, նրանք դժգոհեցին, որ ամեն ամիս իրենց աշխատավարձներից գումար են պահում՝ բժշկական զննության ու բուժման համար, սակայն, հիվանդանոցներում իրենք միշտ վճարումներ են անում որեւէ ծառայությունից օգտվելու համար:
«Ամիսը 600 դրամ մեր աշխատավարձերից  պահում են որպես  բուժման փող, բայց ո՞ր հիվանդանոցն է, ո՞ր պոլիկլինիկան՝ հեչ մարդ չգիտե: Արդեն 10 տարի ամիսը 600 դրամ կմուծեմ, բայց ամեն անգամ բուժզննման գնալիս՝ փող կմուծեմ, որովհետեւ պետպատվեր չկա», – ասում են դեպոյի աշխատակիցները:
«Մենք երկաթգծի մեծ հիվանդանոց ունեինք, քանդին, դարձրեցին զիբիլնոց: Թող մի հատ կես վագոնի չափ տեղ սարքեն, մենք էլ իմանանք մեր փողերն ուր կերթան», – շարունակում են մյուսները:
Գյումրու երկաթգծի հիվանդանոցը, որ տեղակայված էր ճարտարապետական կառույցում եւ գտնվում էր լոկոմոտիվային դեպոյից «Գյումրի» կայարան ճանապարհին, ժամանակին սպասարկել է երկաթուղայիններին ու նրանց ընտանիքների անդամներին, հետո ընդարձակվել են գործունեության շրջանակները եւ ծառայություններ են մատուցել ամբողջ քաղաքի ազգաբնակչությանը:  Երբ  2-2.5 տարի առաջ կառուցվեց «Գյումրի»  բժշկական կենտրոնը, երկու այլ հիվանդանոցների հետ  երկաթգծի հիվանդանոցը եւս միացվեց կենտրոնին ու դադարեց որպես այդպիսին գոյություն ունենալուց: Շենքը մինչ օրս դատարկ է, այստեղ որեւէ հաստատություն չի տեղակայվել, իսկ երկաթուղայինների համար անգամ բուժկետ չկա «Գյումրի»  կայարանում:
Քանի որ մեքենավարի ու նրա օգնականի աշխատանքը համարվում է խիստ ռիսկային, նրանք վճարվում են նաեւ դրա համար՝ աշխատավարձի 30%-ի չափով, նույնչափ նաեւ՝ գիշերային աշխատանքի համար:
«Շայդուլինը՝ ՀԵԿ նախկին գլխավոր տնօրենը, մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց՝  ՀՀ աշխատանքային օրենսգրքով մինիմալը 30% է  գիշերը աշխատելու ու «վրեդնոստի» դեպքում, բայց հաշվի առնելով ձեր մասնագիտությունները՝ ես դրանք 50% եմ թողնում: Ռեբեցը եկավ՝ էլի իջեցրեց 30%», – խնդիրը ներկայացրեց մեքենավարի օգնական Դավիթ Փուշթոյանը:
Առհասարակ, դեպոյի աշխատակիցները վիրավորված են Վիկտոր Ռեբեցի վերաբերմունքից դեպի իրենց, մինչդեռ նշում են, թե Շայդուլինի նման ղեկավար իրենք չեն տեսել՝ ամիսը ամենաքիչը մեկ անգամ գալիս էր հանդիպման, հատուկ պայմաններ ստեղծում բեռնափոխադրումների աճի համար, ընդառաջում աշխատակիցներին: Իսկ Վիկտոր Ռեբեցը ոչ միայն արհամարհում է աշխատակիցներին, անպատասխան թողնում նրանց հարցերն ու հրավերները, նաեւ՝ խտրականություն դնում հայ եւ ռուս աշխատակիցների միջեւ: Ասում են՝ այստեղ ունենալով լավ մասնագետներ՝ Ռուսաստանից են աշխատողներ բերում, նրանց հսկայական գումարներ վճարում, կեցության հարց լուծում եւ այլն:
Նրանք հույս ունեն , որ գործադուլից հետո ղեկավարությունը կարձագանքի իրենց խնդրին, հակառակ դեպքում, հինգ օր հետո ավելի լուրջ քայլերի կդիմեն: