Չինական AR1A համակարգերը լավ այլընտրանք են «Սմերչի» համար

ԱՌԻԱԱնցնող շաբաթ հայկական ու միջազգային լրատվադաշտը միանգամից հեղեղվեց «Ազատություն» ռադիոկայանի տարածած հաղորդագրությամբ, թե Հայաստանը Չինաստանից նոր`  AR1A համազարկային կրակի ռեակտիվ համալիրներ է (ՀԿՌՀ)  ձեռք բերել: Այս լուրը, իհարկե, չհաստատվեց պաշտոնապես, բայց նաև չհերքվեց: Սակայն էականն այս դեպքում այլ հարց է: Անկախ այն հանգամանքից` Հայաստանն այս զինատեսակները ձեռք է բերել, թե ոչ, ձեռքբերման մասով բանակցություններ է վարում, թե սա ապատեղեկատվություն է, միևնույն է, այն շատ կարևոր քաղաքական ուղերձ է:

 Չինական համակարգ`«Սմերչի» փոխարեն ի գիտություն Ռուսաստանի

Ինչպես հիշում ենք, համազարկային կրակի ռուսական «Սմերչ» ռեակտիվ կայաններ ձեռք բերեց մեր ռազմավարական գործընկերոջից մեր հակառակորդը` Ադրբեջանը: Սա բազմապիսի հետևությունների տեղիք տվեց, ինչպես նաև ստվեր ձգեց հայ-ռուսական հարաբերությունների ավանդական պատկերացման վրա: Ռուսական կողմն իր «Սմերչի» և այլ զինտեխնիկայի վաճառքը բացատրում էր բիզնես շահերով, ինչպես նաև Ադրբեջանին իրենից կախման մեջ գցելու մղումով: Ռուս-ադրբեջանական այս գործարքը սթրեսային ընկալում առաջացրեց հայ հասարակության մեջ: Ու հենց այդ գործարքներից անմիջապես հետո հատկանշական էր հայ-չինական ռազմատեխնիկական հարաբերությունների մասին լուրը:

«Մեր երկրի համար խիստ կարևոր է նախ,  որ մեր անվտանգության համակարգը ըստ էության կախված չլինի մեկ երկրից: Որովհետև մենք ասում ենք հայ-ռուսական հարաբերություններ, հետո ասում ենք ՀԱՊԿ, որը, ըստ էության, նորից հայ-ռուսական հարաբերություններն են: Կենցաղում, կյանքում մենք հաճախ տեսնում ենք, որ օրինակ` վերելակը, որը 4 մարդ է տանում, բացի հիմնական ճոպանից, լրացուցիչ ճոպան ունի, դրանից բացի, անվտանգության այլ տարրեր էլ ունի, քանի որ մարդկային կյանքերի հետ է կապված: Երկիրն ավելի մեծ մոդել է, և այդտեղ միլիոնավոր մարդկային կյանքերի հետ գործ ունենք: Ու այստեղ հարց է` արդյոք ճի՞շտ է, երբ մի երկրից, այսինքն` մեկ ճոպանից ես կախում ունենում ու փորձում քո անվտանգությունն ապահովել: Կարծում եմ, որ սխալ է: Հետևաբար, մեր անվտանգության հիմնական համակարգը  համարելով Ռուսաստանը կամ մերձռուսական բլոկը, մենք պետք է հնարավորինս այլ համակարգերի կամ երկրների հետ էլ զարգացնենք ռազմական կամ երկկողմ հարաբերություններ»,- նշեց նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը:

Առհասարակ ցանկացած պետության համար, հատկապես` փոքր, խիստ կարևոր է մշտապես ունենալ այլընտրանքներ: Որովհետև այլընտրանքի առկայությունը հնարավորություն է տալիս  խուսափելու միակողմանի կախվածությունից: Դա վերաբերում է բոլոր ոլորտներին, լինի սննդի, էներգետիկ անվտանգություն, թե ռազմական անվտանգություն: Ռուսաստանը ցույց տվեց, որ երբ իր շահը թելադրում է, հանգիստ կարող է Հայաստանի անվտանգությունը իր շահին ստորադասել: Քաղաքականության մեջ դա շատ բնական է, բայց լինելով բնական, միևնույն է, մեզ համար վտանգավոր է: Այսինքն` մենք պետք է դիտարկենք  այլընտրանքների հնարավորությանը: Այսօր  մեր արտաքին քաղաքականության վեկտորի շեղվածությունը դեպի ռուսական կողմ համեմատաբար շատ է: Ու այս համատեքստում Չինաստանից ՀԿՌՀ-ների ձեռքբերման մասին խոսակցությունները, ամեն դեպքում,  ճիշտ ուղերձ էին:

«Ռուսաստանը պետք է հասկանա, որ միայն ինքը չէ զենք մատակարարողը: Այսինքն` գոնե այս կարգի զենք չինացիներն էլ ունեն, որը, ըստ մասնագետների, իր որակով չի զիջում ռուսականին: Իսկ եթե հեռահարությամբ ենք նայում, ապա մի բան էլ գերազանցում է ռուսականին: Հետևաբար, սա ճիշտ է»,- նշեց Արա Պապյանը:

Մի օրինակ պատմեմ. ես մի ընկեր ունեի, որը Կանադայում բիզնես ուներ, և երկու մատակարարից ինչ-որ ապրանք էր առնում` նյութեր: Նա 80 տոկոսը մեկից էր գնում, 20 տոկոսը` մեկ ուրիշից: Ումից որ 20 տոկոս մասն էր առնում, շատ ավելի թանկ էր վճարում` գրեթե 1,5 անգամ թանկ: Երբ հարցրեցի, թե ինչու չես մեկից առնում, նա պարզաբանեց, թե երբ 100 տոկոսն էլ մեկից սկսի գնել, կես տարի հետո նա գինը կբարձրացնի ու մյուսի գնից կանցնի: Բայց քանի որ այդ մատակարարը գիտի, որ ես ունեմ այլընտրանք և սահմանը պարզ է, ինքը միշտ դրանից ցածր է պահելու: Դա շատ պարզ բիզնես օրենք է, որ շատերն են կիրառում: Հիմա նույնը պետք է  կիրառել նաև պետական մակարդակով:

Այսինքն` եթե մեր հիմնական զենքն ու ռազմական տեխնիկան պետք է Ռուսաստանը մատակարարի, ապա մենք գոնե պետք է  պարբերաբար գնումներ կատարենք տարբեր երկրներից, որպեսզի այդ խողովակը բաց թողնենք, բոլորը հասկանան, որ մենք այլընտրանքային ճանապարհներ էլ ունենք, ու լուրջ վերաբերվեն Հայաստանի հետ հարաբերություններին:

Տակտիկա–տեխնիկական տվյալներով էլ չինական համակարգերը չեն զիջում ռուսականին

Ինչ վերաբերում է մեր հակառակորդի ունեցած ՀԿՌՀ-ներին. մեզ համար կարևոր է ոչ թե նույնությամբ գնել այն զինտեխնիկան, ինչ գնում է Ադրբեջանը, այլ այնպիսի զինտեխնիկա ու մարտական միջոցներ, որոնք թույլ կտան չեզոքացնել հակառակորդի տեխնիկան ու զինուժը: Այսինքն` եթե Ադրբեջանը ձեռք է բերել «Սմերչ», նշանակում է, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի տարբերակներ, որոնք ոչ միայն ավելի էժան են, այլև ավելի հեռահար, ավելի օպերատիվ, ավելի քիչ ծախսեր են առաջացնում և ավելի հարմար են մեր բնակլիմայական պայմաններում օգտագործելու համար: Զուտ ռազմական տեսանկյունից դիտարկելիս նույնպես առավելությունն անցնում է չինական ՀԿՌՀ-ների կողմը: «Սմերչերը», որոնց նախագծումն ու մշակումը սկսվել է ԽՍՀՄ-ում, ու շահագործման են հանձնվել 1980-ական թթ., ըստ ռուսական գովազդային հոլովակների, համարվում էին ատոմային ռումբից հետո երկրորդ հզոր զենքը, աշխարհում հավասարը չունեցող և այլն: Հենց սա էլ հայ հասարակության մեջ խուճապ էր առաջացրել: Իրականում այդպես չէ: Իրականում համազարկային կրակի ռեակտիվ կայաններից ամենահզորը համարվում են բրազիլական ASTROS III համակարգերը, որոնց հեռահարությունը հասնում է մինչև 200-250 կիլոմետրի: Դրանով նրանք համարվում են օպերատիվ-մարտավարական: Սակայն թանկ են ու մարտական գործողությունների ժամանակ փորձված չեն: Մոտ երեք տասնյակ նման համակարգեր կան աշխարհում`տարբեր երկրների կողմից մշակված: Այդ բոլորի մեջ համեմատաբար ամենանորն ու արդիականացվածը համարվում են չինական  AR1A համակարգերը: Սրանց մշակումը սկսվել է 2009 թ., համակարգերը հավաքվել են ռուսական «Սմերչ» համակարգերի բազայի վրա` ավելի արդիականացված պարամետրերով: Այս համակարգերը նաև անհամեմատ ավելի էժան են, քան «ուռճացված» «Սմերչերը»:

Եվ քանի որ մեր հակառակորդը ձեռք է բերել ռուսական «Սմերչ» համակարգեր, ապա համեմատենք դրանք չինական համակարգերի հետ, քանի որ, ինչպես նշեցինք, աշխարհի ավելի քան 3 տասնյակ նմանատիպ համակարգերից չինականները և՛ ավելի նոր ու արդիական են, և՛ ավելի մատչելի:

Զուտ տակտիկատեխնիկական տվյալներով ևս չինական AR1A համակարգերը չեն զիջում ռուսական «Սմերչներին»: Չինական համակարգի մարտական մեքենայի մարտական քաշը 42.5 տոննա է, իսկ «Սմերչինը»` 43.7 տոննա: Այսինքն` չինականն ավելի թեթև է: Երկու համակարգերն էլ 8*8 անվավոր թափքի բազայի վրա են հավաքված` շարժիչների համարյա հավասար հզորությամբ: Երկու համակարգերի մարտական մեքենաներն էլ զարգացնում են 60 կմ/ժ արագություն: «Սմերչների» վառելիքի պաշարը մի քիչ ավելի երկար` 850 կիլոմետր ճանապարհի է բավականացնում, իսկ չինականների վառելիքի պաշարը` ընդամենը 65 կիլոմետրի: Սակայն դա Հայաստանի պես փոքր երկրի համար լուրջ առավելություն կամ թերություն չէ: Ինչ վերաբերում է մարտական մասին, երկու համակարգերի տրամաչափն էլ 300 միլիմետր է:  «Սմերչն» ունի հրթիռների 12 ուղղորդիչ փող, իսկ AR1A համակարգերը` 10: «Սմերչների» հեռահարությունը հասնում է 70, իսկ որոշ տեսակի հրթիռներով` առավելագույնը 90 կիլոմետրի, իսկ AR1A համակարգերի հեռահարությունը 120-130 կիլոմետրի է հասնում: Այսինքն` էականորեն ավելի հեռահար է, քան «Սմերչը», ինչը նրա հիմնական առավելություններից մեկն է:

Երկրորդ առավելությունը, որ ունեն չինական համակարգերը, վերալիցքավորման ժամանակն է: Չինական հրթիռները վերալիցքավորվում են կոնտեյների տարբերակով. միանգամից բոլոր ուղղորդիչ փողերը, որոնք գտնվում են մեկ կոնտեյներում, հանվում են, ու տեղը դրվում է նոր` լիցքավորված կոնտեյներ: Ամբողջ պրոցեսը տևում է 10-15 րոպե: Իսկ «Սմերչները» լիցքավորվում են յուրաքանչյուր ուղղորդիչը առանձին-առանձին տարբերակով: ժամանակի մասին արտադրողները չեն էլ նշում… Սա մեծացնում է «Սմերչի» վերալիցքավորման ժամանակը, ինչը մարտի ժամանակ լուրջ թերություն է: Մարտական լիցքի ամբողջական պարպումը երկու համակարգերի մոտ էլ նույնն է, երկուսն էլ աշխատում են ծովի մակերևույթից միևնույն` մինչև 3000 մետր բարձրության վրա. «Սմերչները»` -55 -+55 Co, իսկ AR1A համակարգերը`-22-+55 Co ջերմաստիճանային պայմաններում: Այս ամենով հանդերձ, չինական համակարգերն ավելի նախընտրելի են, քանի որ կարող են հարվածել հակառակորդի սահմանից ավելի հեռու, քան նրանց միջոցները: Այսինքն` եթե Հայաստանը ունենա նման համակարգեր, կարող է ավելի շուտ խոցել դեպի հայկական կողմի վրա կրակել պատրաստվող «Սմերչներին», քան նրանք կհասցնեն զբաղեցնել մեր դիրքերին հարվածելու համար անհրաժեշտ նվազագուն հեռավորությամբ կրակակետը:

Թերահավատության միակ առիթը համակարգերի չինական լինելն է: Ինչպես չինական ամեն ինչին, մեր երկրում չեն վստահում չինական արտադրության ռազմատեխնիկայի որակին ևս:

«Եթե խոսքը վերաբերում է զինտեխնիկային, ապա չի կարելի թերահավատորեն վերաբերվել և ոչ մի երկրի ստեղծած տեխնիկային,լինի դա Ռուսաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Իսրայելը, թե նույնիսկ Հայաստանը: Ու համեմատել Չինաստանի մի ինչ-որ նկուղում, չգիտես թե ինչով պատրաստված հեռախոսները զինտեխնիկայի,առավել ևս նման զինտեխնիկայի հետ, ուղղակի ճիշտ չէ: Եվ մենք ունենք նաև չինական արտադրության ավելի հին մոդելի ՀԿՌՀ-ներ, որոնք իրենց որակով չեն զիջում նույն ռուսական զինտեխնիկային»,- ասաց ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:

Այնպես որ լավ կլինի, որ Հայաստանը կարողանա ձեռք բերել չինական նորագույն AR1A համակարգերից, եթե նույնիսկ տարածված տեղեկատվությունը ճիշտ չէր, ու դեռ չունենք այդպիսի համակարգեր:

 

Հայաստանի ասիմետրիկ պատասխանը

իսկանդեր (1)Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 1 մլրդ դոլարի  սպառազինությունների վաճառքից հետո հարց առաջացավ, թե ինչ նոր ռազմական կարողություններ ձեռք բերեց մեր հակառակորդը: Ըստ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի` նոր ձեռքբերված սպառազինություններով Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է կայծակնային գործողությունների: Այսինքն` ինչպես բացատրեց ռազմական փորձագետը, հայկական ուժերի զբաղեցրած մարտական գծի մի քանի հատվածներում, կենտրոնացնելով կրակային մեծ խտություններ, փորձելու են ճեղքել մեր պաշտպանական գիծն ու արագ հաջողության հասնել: Կարճ ասած` բլից կրիգով են փորձում հարցերը լուծել մեր հակառակորդները:

Այս առումով, ինչպես վերջին զարգացումներից հետո պարբերաբար սկսեց հնչել հայկական միջավայրում, Հայաստանը պետք է պատրաստվի անհամաչափ մարտական հարված հասցնելուն:

 «Հայկական «Իսկանդերներ» 

Դրա համար, ինչպես նշվում է, հայկական կողմը բավարար կրակային հզորություններ ունի` նոր ու արդիական սպառազինություններ: Բայց վերջին շրջանում սկսեցին ավելի շատ խոսակցություններ ծավալվել, ընդ որում ոչ շարքային վերլուծաբանների շրջանակներում, այլ ՊՆ-ի հետ պարբերաբար համագործակցող փորձագետների կողմից, որ ռուսական կողմը Հայաստանին ոչ թե 102-րդ ռազմաբազային, այլ հենց Հայաստանին տրամադրել է «Իսկանդեր-Մ» տեսակի օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգեր:

«Իսկանդեր-Է» (Էքսպորտային) և «Իսկանդեր-Մ» (Ռուսաստանի անձնական կարիքների համար) օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի ստեղծումը մեկնարկել է 1987 թվականից, «Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի» շրջանակներում, երբ հակամարտության կողմ հանդիսացող երկրները հրաժարվում էին մարտական գործողությունների թատերաբեմում միջուկային զենքի կիրառումից: Այդ կապակցությամբ համակարգերը ստեղծվեցին սկզբունքորեն նոր պահանջներին համապատասխան` ապահովելու համար գերճշգրիտ կրակի հնարավորությունները, որպեսզի հրթիռները կառավարվեն թռիչքի ամբողջ ընթացքում կամ դրա գերակշիռ հատվածում` էականորեն բարձրացնելով համակարգերի ավտոմատացումը և այլն:

Դրան գումարած` համակարգը պետք է ունենար գլոբալ արբանյակային տվյալների փոխանցման` NAVSTAR նավիգացիոն համակարգ, խոցեր շարժվող ու բարձր պաշտպանունակությամբ ստացիոնար թիրախներ, տիրապետեր բարձր կրակային հզորությունների, արդյունավետորեն հաղթահարեր հակառակորդի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի ստեղծած արգելքները:

«Իսկանդեր»  համակարգերն այս բոլոր չափանիշներին համապատասխանում են, իսկ 2007 թ.` համակարգի առաջին փորձարկման ժամանակ արձակված հրթիռի շեղումն առաջադրված թիրախից կազմել է ընդամենը 1 մետր:

 «Իսկանդերների» նշանակությունը

Այս գերճշգրիտ շարժական օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերը նախատեսված են հակառակորդի մարտակարգի խորքերում տեղակայված ինչպես փոքր չափերի, այնպես էլ մեծ տարածք զբաղեցնող թիրախների խոցման համար: Որպես թիրախներ կարող են լինել կրակային խոցման տարատեսակ միջոցները` հրթիռային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հեռահար հրետանի, ՀՕՊ և հակահրթիռային պաշտպանության միջոցներ, օդանավակայաններում գտնվող ուղղաթիռներ ու ինքնաթիռներ, հրամանատարական կետեր ու կապի հանգույցներ, հասարակական ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներ և հակառակորդի տարածքում գտնվող այլ մեծ ու փոքր նշանակետեր:

Բարձր շարժունակությունն ու հրթիռների արձակման համար նախատեսված շատ կարճ ժամանակահատվածը հնարավորություն են տալիս համակարգերին լինել գործնականում անտեսանելի:

«Իսկանդեր» համակարգերի հրթիռները կոշտ վառելիքով աշխատող, մեկ իրանով` թռիչքի ամբողջ ընթացքում մարտագլխիկը իրանից չբաժանվող, կառավարվող  մանևրվող հրթիռներ են, որոնց թռիչքի ամբողջ ընթացքում հետագիծը կանխատեսելը շատ դժվար է: Հրթիռները կառուցված են «Ստելս» տեխնոլոգիայով. ունեն քիչ անդրադարձնող մակերես և անցնում են 50 կմ բարձրությամբ, ինչն էականորեն փոքրացնում է հակառակորդի կողմից այն խոցելու հավանականությունը: Հրթիռների «անտեսանելիությունն» ապահովվում է դրանց կառուցվածքի ու արտաքին մակերեսը հատուկ նյութերով ծածկված լինելու միջոցով:

Իր տեխնիկական զինվածության արդյունքում «Իսկանդեր» հրթիռները գերճշգրիտ խոցում են նշված թիրախները. շեղումների հավանականությունը 1-2 մետր է, ինչով էլ աշխարհի ոչ մի համարժեք հրթիռային համկարգ չի կարող լուծել նմանատիպ խնդիրներ:

Տարբեր տեսակի թիրախներ խոցելու համար հրթիռները կարող են «զինված» լինել 10 տարբեր տիպի մարտագլխիկներով` ոչ կոնտակտային պայթեցման բեկորային մարտական էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, կումուլյատիվ էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, ինքնանշանառվող մարտական էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, դետոնացիոն էլեմենտներով կասետային մարտագլխիկներով, բեկորա-ֆուգասային, ֆուգասա-հրկիզող, մեծ խորություններ ներթափանցող: Կասետային իսկանդերմարտական մասը բացվում է 900 մետրից մինչեւ 1.4 կմ ընկած բարձրության վրա, որտեղ բացված հրթիռի միջից դուրս են գալիս տարբեր տեսակի մարտական էլեմենտներն ու  սկսում են կարգավորված շարունակել թռիչքը` մինչև նշանակետեր:Դրանք ունեն ռադիոհաղորդիչներ, որոնցով հնարավոր է թիրախից ընդամենը 6-10 մետր բարձրության վրա պայթյուն իրականացնել:

Հրթիռների մեկնարկային քաշը 3800 կգ է, որից օգտակար տարողությունը` մարտական զանգվածի  քաշը` 480 կգ:

Հրթիռների արձակման համար համակարգի մեջ մտնում է  Ինքնագնաց արձակման կայանը, որը ծառայում է երկու հրթիռները պահելուն և արձակելուն: Այն տեղադրված է 8 բարձր անցունակության անվահեցերի վրա, որոնք մեծ շարժունակություն են հաղորդում համակարգերին: Կայանի քաշը 42 տոննա է, օգտակար բեռի քաշը` 19 տոննա, ասֆալտապատ ճանապարհով շարժման արագությունը` 70 կմ/ժ է, իսկ գրունտային ճանապարհով`է 40 կմ/ժ, վառելիքի պաշարը բավարար է 1000 կիլոմետր տեղաշարժվելու համար: Մարտական անձնակազմը` 3 հոգի:

Թե ինչու են «Իսկանդերները» Հայաստանի համար համարվում ստրատեգիական

«Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերի հիմնական բնութագրիչներն են` տարբեր տեսակի թիրախների գերճշգրիտ խոցումը, մարտական հերթապահության անցկացման գաղտնիությունը, արագ մարտական վիճակի բերելն ու հակառակորդին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորությունը, արձակման կայանների վրա տեղադրելիս թռիչքային հրամանների ավտոմատացված հաղորդման հնարավորությունը, հակառակորդի ակտիվ հակաքայլերի պայմաններում անգամ մարտական առաջադրանքի կատարման բարձր հավանականությունը, շահագործման բարձր կարողությունները, հրթիռների արձակման ու թռիչքի ժամանակ գործնականում անխափանությունը, մարտական բարձր անցողունակության անվավոր մեքենաների վրա արձակման կայանների տեղադրված լինելու հանգամանքով պայմանավորված` բարձր շարժունակությունը, մարտական կառավարման բարձր աստիճանը, կառավարման օղակների համար անհրաժեշտ հետախուզական տվյալների հաղորդումն անհրաժեշտ ժամանակ, ինչպես նաև շահագործման երկար ժամկետն ու հարմարավետությունը: Այս ամենը հրթիռային համակարգերը դարձնում են անգերազանցելի:

Լոկալ կոնֆլիկտների ժամանակ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը «զսպող զինատեսակներ» են, իսկ սահմանափակ  տարածքային հնարավորություններ ունեցող երկրների համար` ստրատեգիական նշանակության զինատեսակ:

Յուրաքանչյուր արձակման կայանի վրա երկուական հրթիռի առկայությունը, ինչպես նաև երկու պահեստային հրթիռներն ու վերալիցքավորման բարձր արագությունը էականորեն բարձրացնում են հրթիռային դիվիզիոնների հզորությունը, իսկ հրթիռների արձակման միջև ընկած 1 րոպե տևողությունն  ապահովում է բարձր կրակային խտություն:

Արդյունավետության տեսանկյունից, հաշվի առնելով մարտական հնարավորությունները, «Իսկանդեր-Մ» օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգերը հավասարազոր են միջուկային զինամթերքի: Որովհետև դրանց հեռահարությունը 50-280 կմ է, հրթիռների արձակման տևողությունը` 4-16 րոպե: Ու եթե պատկերացնենք, որ 16 րոպեում կարող է մի ինչ-որ տարածքում 4 կասետային, բեկորա-ֆուգասային կամ գետնի խորքը բարձր թափանցողունակ հրթիռ ընկնել, ապա այս հրթիռների իրական նշանակությունը միանգամից ակնհայտ է դառնում: Հետաքրքիրն այն է, որ ռուսական «Իսկանդերները» մրցակից չունեն արևմտյան հրթիռների շրջանում. դրանք մեկ վայրկյանում հաղթահարում են 2 կմ հեռավորություն, իսկ գործողության ընդգրկույթը մոտ 300 կմ է: Սրան գումարած` կառավարման իներցիալ-ավտոմատ համակարգը` ГСН օպտիկական ինքնաուղղորդման համակարգով, և -50-ից +50 աստիճան եղանակային պայմաններում  աշխատելու կարողությունը և շահագործման ժամկետը` 10 տարի, որից 3 տարին` դաշտային պայմաններում:

 «Իսկանդերներին» անտեսել չի կարող նույնիսկ ԱՄՆ-ն

«Իսկանդեր» անունը, հատկապե Արևմուտքում, զգուշությամբ են արտաբերում: Չի կարելի մոռանալ, որ ամեն անգամ, երբ Ռուսատանը «զոռ է տալիս» իր «Իսկանդերներին», Արևմուտքն ուղղակի  լռում է, ինչպես եղավ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայանների տեղակայմանն ի պատասխան Ռուսաստանի` Կալինինգրադում «Իսկանդերներ» տեղադրելու մասին հայտարարության դեպքում: Դրանից հետո մի անգամ էլ նման վիճակ ստեղծվեց Սիրիայում այս տարվա սկզբին, երբ Թուրքիայի սահմանին ՆԱՏՕ-ի «Patriot» հրթիռների տեղակայմանն ի պատասխան Ռուսաստանն «Իսկանդերներ» «գործուղեց» Սիրիա: Այդ ժամանակ ևս Արևմուտքն անցավ ավելի զուսպ ու զգուշավոր քաղաքականության, քանի որ բոլորն են հասկանում` «Իսկանդերը», ի տարբերություն միջուկային զենքի, արգելված զինատեսակ չէ, բայց իր արդյունավետությամբ ու մարտական նշանակությամբ հավասարազոր է միջուկային զենքի:  Մանավանդ եթե հաշվի առնենք, որ ռուսական «Իսկանդերները» նախատեսված են նաև բալիստիկ մարտագլխիկների տեղափոխման համար և ցանկության դեպքում շատ արագ կարող են սովորական հրթիռներից վերածվել միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռների:

Իսկ սրան համազոր այլ հրթիռներից աշխարհում ոչ ոք չունի: Այնպես որ, Ադրբեջանն իր T90c տանկերի շարժիչները գործի գցելուց առաջ մի լավ պետք է մտածի:

Արգենտինայի նախկին նախագահը զենքի առևտրի համար 7 տարվա ազատազրկման է դատապարտվել

iԱրգենտինայի դատարանը երկրի նախկին նախագահ Կառլոս Մենեմին Էկվադոր, Խորվաթիա անօրինական զենք մատակարարելու համար դատապարտվել է 7 տարվա ազատազրկման:

Դատավճիռը հնչեցնելու պահին 82-ամյա քաղաքական գործիչը բժիշկների խորհրդով բացակայում էր դատարանի դահլիճից:

Դիտորդները համոզված են, որ առաջիկա տարիներին բանտը նրան չի սպառնում, քանի որ մեղադրական դատավճիռը դեռևս պետք է հաստատի Գերագույն դատարանը, իսկ սենատը`  հանի անձեռնմխելիությունը:

Մենեմն Արգենտինան կառավարել է 1989-1999 թթ: 1991-1995-ին նա անօրինական զենք է վաճառել այն ժամանակ ռազմական գործողությունների մեջ գտնվող Խորվաթիային ու Էկվադորին, իսկ իրականում պաշտոնապես զենքը նախատեսված էր Վենեսուելայի ու Պանամայի համար:

Բելգիայում արգելվել է զենքի ազատ վաճառքը

i (2)Բելգիայի իշխանությունները երկրում զենքի վաճառքի արգելք են մտցրել:

“Մենք միակ երկիրն ենք Եվրոպայում, որտեղ կարելի էր զենք գնել առանց թույլտվության: Դա պատճառ էր դառնում ողբերգական իրադարձությունների,ինչպես մեկուկես տարի առաջ` Լյեժում: Ահա դրա համար էլ մենք մեր հարևան երկրների պես վերացնում ենք զենքերի ազատ վաճառքը”,ասել է Բելգիայի արդարադատության նախարար Աննեմի Տուրտելբոմը:

Հիմա առանց թույլտվության չի կարելի ձեռք բերել 680 անուն զենք, այդ թվում` պատմական բանահյուսական ու դեկորատիվ գործող զենքեր: Իսկ  ցուցակում նշված զենքեր ունեցողները պետք է մեկ տարում տեղեկացնեն ոստիկանությանը:

ԱՄՆ-ում եղբայրը սպանել է 2 տարեկան քրոջը

130501225936-dnt-ky-brother-shoots-sister-00002701-story-topԱմերիկյան Կենտուկկի նահանգի ոստիկանությունը հետաքննում է 2-ամյա երեխայի մահվան փաստը: Երեխան զոհվել է 5 տարեկան եղբոր պատահական կրակոցի հետևանքով:

Ոստիկանության տեղեկություններով, զենքը երեխային նվիրել էին անցած տարի, տղայի ծննդյան առիթով: Հետաքննությունը հաստատել է, որ այդ պահին երեխարի մայրը տանն է եղել: Զենքը պահվել է սենյակի անկյունում, սակայն, ինչպես ոստիկանությունն է հայտնել, տան անդամները  տեղյակ չեն եղել, որ այն լիցքավորված է: