Այսօր ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՀՀ-ի և ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կրթության ոլորտում համագործակցության հարցերի վերաբերյալ:
Տվյալ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի 2013-2014թթ. ուսումնական տարում կազմակերպել ՉԺՀ զինծառայողների ուսուցումը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հուշագիրը ստորագրվել է ՀՀ ՊՆ ՊՔ վարչության պետ Լ.Այվազյանի և ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու.Ցզինցուի կողմից:
Վերջին ամիսներին մի շարք նախկին ազատամարտիկներ և պահեստազորի սպաներ օգտվելով օրենքով իրենց ընձեռված իրավունքներից, կազմակերպում են բողոքի ելույթներ` պահանջելով բարելավել իրենց սոցիալ-կենցաղային պայմանները և սահմանել մի շարք այլ արտոնություններ:
Այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու նախարարության ղեկավար կազմը հանդիպել են նախաձեռնող խմբի հետ և մանրամասն քննարկել նրանց բոլոր առաջարկությունները: ՀՀ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ զոհված ու հաշմանդամ դարձած ազատամարտիկների և զորացրված զինծառայողների ընտանիքների սոցիալական ու առողջական խնդիրների լուծումը եղել ու շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության նախագահի և կառավարության գործու-նեության առաջնահերթ ուղղություններից մեկը և գտնվում է խնդրին առնչվող գերատեսչությունների ու հատկապես պաշտպանության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Միաժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, պետք է ձևավորվի միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվելու է ազատամարտիկների բարձրացրած հարցերով: Համաձայն հանձնարարականի, ՀՀ պաշտպանության նախարարությանը վերաբերվող մասով աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով այսօր ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը և շահագրգիռ վարչությունների պետեր:
Ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Մեծապես կարևորելով ազատամարտիկներին հուզող հարցերին համակարգված լուծումներ գտնելու, դրանք օրենսդրորեն կանոնակարգելու և ամրակայելու անհրաժեշտությունը, ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է համագործակցելով նախկին կամավորականների հետ, ճշտել նրանց ցուցակները, ապահովել պաշտպանության նախարարության ակտիվ մասնակցությունը օրենսդրական նախաձեռնությունների մշակմանը և գտնել սոցիալական խնդիրների լուծման արդյունավետ ուղիները:
Սակայն, ազատամարտիկների առաջադրած պահանջների վերլուծությունը վկայում է, որ խնդիրն ունի ինչպես սոցիալական, այնպես էլ բարոյահոգեբանական ենթատեքստ:
Որոշ պաշտոնյաների, հասարակության առանձին խմբերի անհոգի վերաբերմունքի պատճառով Արցախյան ազատամարտի բազմաթիվ մասնակիցներ, զոհված ու հաշմանդամ դարձած կամավորականների ընտանիքներ այսօր իրենց մոռացված ու անտեսված են զգում, այնինչ բոլորիս կողմից փոքր-ինչ ավելի սրտացավ ու հարգալից վերաբերմունքի դեպքում հնարավոր է լուծել մի շարք խնդիրներ:
Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը կողմ չէ ազատամարտիկների կողմից իրենց պահանջները բարձրաձայնելու համար հացադուլների և նստացույցերի դիմելու գործելակերպին և կոչ է անում կառուցողական երկխոսության ու ողջամտության շրջանակներում համատեղ աշխատանքի միջոցով գտնել առկա հարցերի լուծման ուղիները: Առավել ևս, որ հանրապետության իշխանությունները քաջ գիտեն ազատամարտիկների հոգսերն ու դժվարությունները և ամենօրյա մեծ աշխատանք են կատարում դրանք հնարավորինս թեթևացնելու համար:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ակնկալում է, որ նախկին կամավորականների, զինված ուժերի վետերանների ու զինծառայողների, նրանց հարազատների, ինչպես նաև զոհվածների ընտանիքների անդամների հետ աշխատելիս բոլորս հանդես կբերենք ավելի ուշադիր ու սրտացավ վերաբերմունք և կհիշենք Հայրենիք կերտելիս նրանց ունեցած ավանդի մասին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը hուլիսի 30-ին ընդունեց «Մեդիա-Շանգալ» եզիդների միավորում ՀԿ-ի ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց եզդի ժողովուրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանությանը և նրանց ունեցած մեծ դերը բանակաշինության գործում: Ս.Օհանյանը ընդգծեց, նաև որ Հայաստանում որևէ խտրականություն գոյություն չունի ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Եզդի ժողովուրդը հայ ժողովրդի հետ միասին մասնակցում է Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար «Մեդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը նշեց, որ իրենց նորաստեղծ ՀԿ-ն նպատակ ունի իր մասնակցությունը բերել նաև ՀՀ զինված ուժերի արդիականացման գործին, պայքարել ԶՈւ-ում առկա արատավոր երևույթների դեմ, նվազեցնել բանակում մահվան ելքով դեպքերը և ապահովել ԶԼՄ-ների կողմից դրանց ճիշտ լուսաբանումը, բարձրացնել բարոյահոգեբանական մթնոլորտը:
Ա.Շարոյանը եզդի ժողովրդի անունից վստահեցրեց, որ եզդիները ՀՀ մյուս քաղաքացիների հետ միասին պատրաստ են պաշտպանել ՀՀ սահմանները թշնամիների հարձակումներից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ձեռքբերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:
Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցության շրջանակում Ստեփանակերտում հուլիսի 20-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում հայկական զինված ուժերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը, առկա խնդիրներն ու բարելավման ուղիները» թեմայով կոլեգիայի նիստին մասնակցել են ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի ղեկավար կազմը, բանակային զորամիավորումների, միավորումների և զորամասերի հրամանատարներն ու նրանց տեղակալները, զինվորական իրավապահ մարմինների ղեկավարները, վարչությունների պետեր:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն իր խոսքում անդրադարձել է Ստեփանակերտում անցկացվող ռազմական կոլեգիայի առանձնահատկությանը` նշելով, որ այն բացառիկ է ոչ միայն տեղի ընտրության, այլև հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի միջև փորձի փոխանակման և համագործակցության խորացման առումով: Ս.Օհանյանն համառոտ ներկայացրել է աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները, կարևորել է պաշտպանական համակարգում իրականացվող գործընթացների արդյունավետոթւյան բարձրացման և շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը:
Ընթացիկ բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և դրանց բարելավման ուղիների շուրջ համապարփակ զեկույցներով հանդես են եկել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալներ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը: Զեկուցողները, ըստ ուղղությունների, ներկայացրել են զինված ուժերի մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը, առանձնացրել են նշված ոլորտներում արձանագրված ձեռքբերումներն ու բացթողումները:
Կոլեգիայի նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել նաև բանակային կորպուսների և միավորումների հրամանատարներ ու տեղակալներ, ՊԲ շտաբի բաժինների պետեր և ռազմաիրավապահ մարմինների ղեկավարներ: Ենթակա զորամասերում և ստորաբաժանումներում տիրող մարտական պատրաստության և զինվորական կարգապահության վիճակը ներկայացնելուց զատ, բանախոսներն անդրադարձել են նաև զորամասերի դաշտային և զորանոցային ուսումնանյութական բազայի ներկա վիճակին և դրա կատարելագործման ուղիներին:
Կոլեգիայի նիստի ընթացքում հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը, որի համաձայն` 2013թ. բանակային տարվա ձմեռային ուսումնական փուլում լավագույն կողմերով աչքի ընկած մի շարք զինծառայողներ արժանացել են շնորհակալության, պարգևատրվել են պատվոգրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով:
Ամփոփելով Կոլեգիայի նիստը և ի մի բերելով հնչած զեկույցներում և ելույթներում տեղ գտած փաստերն ու հետևությունները, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը ընդգծել է կիսամյակի ընթացքում արձանագրված թերացումները և դրանց անհապաղ վերացման անհրաժեշտությունը, տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ: Ս.Օհանյանը հատկապես կարևորել է մարտական պատրաստության ուղղությամբ իրականացվող գործընթացների արդյունավետության բարձրացման, դաստիարակչական աշխատանքների կատարելագործման, ինչպես նաև արտակարգ միջադեպերի կանխարգելմանն ուղղված միջոցառումների ճիշտ և նպատակային կազմակերպման անհրաժեշտությունը:
Ադրբեջանի Ազգային ականազերծման կենտրոնի (ԱՆԱՄԱ) տնօրեն Նազիմ Իսմաիլովը հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե երկու տարի է, ինչ դոնոր երկրները հրաժարվել են ֆինանսավորել «Հայաստանի պաշտպանության նախարարությունում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնին»: Իսմաիլովը նշել է նաև, թե` «Հայաստանի տարածքում ականային վտանգ չկա, նրանք ավելի շատ ականապատում են քան ականազերծում»:
Իսմաիլովի «հեղինակավոր» կարծիքը, առավել ևս` գնահատականները ոչ այլ ինչ են, քան խղճուկ փորձ` հումանիտար ականազերծման բնագավառի միջազգային կազմակերպությունների մոտ «ԱՆԱՄԱ»-ի խարխլված վարկանիշը վերականգնելու և իրենց կենտրոնի նշանակությունը անհիմն գովաբանելու համար:
Ականային վտանգը Հայաստանում փաստված և հաստատված է ՄԱԿ-ի կողմից, իսկ հումանիտար ականազերծման ոլորտում ՀՀ ՊՆ-ն համագործակցում է բնագավառի ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունների և դոնորների հետ:
Ինչ վերաբերում է «Ականազերծման Ազգային կենտրոն ստեղծելու ուղղությամբ Հայաստանում տարվող աշխատանքներին», ապա հայտնում ենք, որ հումանիտար ականազերծման խնդիրներով զբաղվող հանրությունը, միջազգային կազմակերպությունները քաջատեղյակ են, որ Հայաստանում դեռևս 2011թ. փետրվարին հիմնադրվել և գործում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» (ՀԱՓԿ) ՊՈԱԿ-ը:
ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը սերտորեն համագործակցում է միջազգային կազմակերպությունների, դոնորների և օտարերկրյա տարբեր պետական կառույցների հետ, աշխատում է թափանցիկ և նպատակաուղղված: Նպատակաուղղված` վերացնելու Հայաստանում առկա ականային վտանգը, այլ ոչ թե կեղծիքներով, հավելագրումներով և խաբեությամբ դոնորական սուղ միջոցները հորինված պրոբլեմներ լուծելու համար շորթելու միտումով:
Հուսով ենք, որ հումանիտար ականազերծման գործին նվիրված միջազգային կազմակերպությունները կարձագանքեն «իրենց հուսախաբության վերաբերյալ» Իսմաիլովի տարածած մերկապարանոց և ստահոդ հայտարարությանը:
Իսկ Նազիմ Իսմաիլովին հորդորում ենք ծիծաղելի և մանկամիտ հայտարարություններ այլևս չհնչեցնել` կապված ռուսական բանակի, Իրանի ու Թուրքիայի սահմանների ականապատման հետ: Այլապես կրկնվում է այն ձեռագիրը, երբ լուրջ-լուրջ խոսում են Թբիլիսի-Բաքու-Ջեյհան գազամուղի ականազերծման մասին: Իրականում, եթե չականապատեք, ականազերծման խնդիր չի առաջանա:
Ս.թ. հունիսի 17-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած ազատամարտիկների վերաբերյալ առկա հիմնախնդիրների քննարկման արդյունքներով ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնարարվել է որպես մարտական գործողությունների ժամանակահատված սահմանել 1989-1994 թվականները` ներկայումս գործող 1990-1994 թվականների փոխարեն, ՀՀ սահմանների պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու ներկայումս գործող ընթացակարգը փոփոխել և ՀՀ պաշտպանության նախարարությունում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ու ՀՀ ոստիկանությունում գործող համապատասխան գերատեսչական հանձնաժողովների փոխարեն ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` ՀՀ պաշտպանության, ՀՀ առողջապահության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ ոստիկանության ու ՀՀ ազգային անվտանության ծառայության ներկայացուցիչներից: Հանձնաժողովի խնդիրն է լինելու մարտական գործողություների մասնակցի կարգավիճակի շնորհումը, մարտական գործողությունների մասնակիցների հաշվառումը, նրանց կարգավիճակի ճշտումը, սոցիալ-տնտեսական վիճակի (կարիքների) գնահատումը և սոցիալական աջակցության մեթոդաբանական հիմքերի մշակումը: Հանձնարարվել է իրականացվող գործընթացներին, միջգերատեսչական հանձնաժողովի և համապատասխան ակտերի մշակման աշխատանքներին ներգրավվել նաև ազատամարտիկների ներկայացուցիչների, ինչը կապահովի աշխատանքների թափանցիկությունը, մարտական գործողությունների մասնակիցների համար որոշումների կայացմանը մասնակից կդարձնի նաև ազատամարտիկներին: Դրանով նաև կապահովվի ընդհանուր աշխատանքների արդյունավետությունը և հիմք կապահովվի ազատամարտիկներին հուզող հարցերի լուծման համար:
Գործընթացի շրջանակներում նախատեսվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մարտական գործողությունների մասնակցության հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթներում:
2013թ. հուլիսի 17-ին պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը և ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք:
Այցի ընթացքում Ս.Օհանյանը հանդիպում կունենա ինչպես իր վրացի պաշտոնակցի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության և Վարաստանի պաշտպանության նախարարության միջև ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 15-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պաշտոնի ստանձման կապակցությամբ ողջունեց և շնորհավորեց դեսպանին: Բարձր գնահատելով երկու երկրների միջև երկկողմ պաշտպանական բնագավառում համագործակցության ներկայիս մակարդակը` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ 11 տարվա պատմություն ունեցող համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել:
Դեսպան Է.Պետրիկասը հաստատեց համագործակցությունը զարգացնելու լիտվական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ այն կզարգանա ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև բազմակողմ՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում:
10.07.2013թ. ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է 05.07.2013թ. ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Աբրիկի Լալազարյանի ծնողներին՝ Աբրիկ Միսակի Լալազարյանին և Անահիտ Բագրատի Հայրապետյանին:
Ընդունելությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Նազարյանը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Ա.Հարությունյանը և ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը:
Պաշտպանության նախարարն իր ցավակցական խոսքն է հայտնել մահացած զինվորի ծնողներին և հավաստիացրել, որ ՊՆ քննչական ծառայության և ռազմական ոստիկանության կողմից ձեռնարկվում են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցառումներ` դեպքի հանգամանքները պարզելու, բազմակողմանի և լրիվ քննությամբ օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար:
Ա.Լալազարյանը և Ա.Հայրապետյանը հայտնել են, որ վստահում են պաշտպանության նախարարին, ինչպես նաև ՊՆ իրավապահ մարմիններին և իրենք ևս կաջակցեն նախաքննությանը:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ռազմական կցորդ է նշանակվել ՀՀ զինված ուժերի սպա, փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը: Նշված պաշտոնը վերջերս է ստեղծվել և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ռազմական կցորդի նշանակումը նպատակ ունի զարգացնել պաշտպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը:
Փոխգնդապետ Գարեգին Մարգարյանը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ինչպես նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարության ռազմական ակադեմիայի շրջանավարտ է: ՀՀ զինված ուժերում ծառայության մեջ է 1998թ.-ից: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Ս.թ. հուլիսի 2-ից 3-ը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վիլնյուս` Եվրոպական Միության նախագահությունը ստանձնող Լիտվայի պաշտպանության նախարարության կազմակերպած ԵՄ արևելյան գործընկերության շրջանակներում «Եվրոպական ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականությանը» նվիրված սեմինարին մասնակցելու նպատակով: Միջոցառմանը մասնակցել է նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը: Սեմինարի ընթացքում Դ.Տոնոյանը հանդես է եկել ելույթով, որտեղ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Արևելյան գործընկերության շրջանակներում պաշտպանական համագործակցության գոյություն ունեցող հնարավորությունների օգտագործման համար առաջարկել է մի շարք մոտեցումներ` միջազգային այլ կազմակերպությունների` ՀԱՊԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ, հետ ՀՀ համագործակցության ծրագրերի կրկնության բացառումը և փոխլրացումը ապահովելու պարագայում: Մասնավորապես հաշվի առնելով, որ ինչպես սահմանվում է ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ուղղված ներգրավման գործընթացներին ՀՀ լիիրավ մասնակցությունը համապատասխանում է ՀՀ շահերին, նշվել է որ հաջորդ տարի նախաձեռնվելիք պաշտպանության ռազմավարական նոր վերանայման ընթացքում պաշտպանության պլանավորման նկատառումներում ԵՄ-ի հետ համագործակցության դերի հստակեցմանը լրացուցիչ ուշադրություն կհաղորդվի:
Լուսակերտի զորամասից հունիսի 26-ի գիշերը դուրս եկած և անհետացած զինծառայող 21-ամյա Տարոն Հայրունին այսօր հայտնաբերվել է:
ՀՀ ռազմական ոստիկանությունից Անկախ-ին հայտնեցին, որ առավոտյան 10:50-ին Տարոն Հայրունին ինքնակամ ներկայացել է զորամաս:
Հիշեցնենք, որ նրան վերջին անգամ տեսել էին հունիսի 27-ին՝ առավոտյան 8.30-ի ահմաններում, Երևանի Մարաշ թաղամասում, այնուհետև նրա հետքը կորել էր: Չորս օր շարունակ ռազմական ոստիկանությունն ու հարազատները որոնում էին նրան, սակայն ապարդյուն:
ՀՀ պաշտպանության նախարարությունն առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել:
Թե ինչն է եղել զինվորի կողմից զորամասը լքելու և անհետանալու պատճառը, առայժմ հայտնի չէ: Հայտնի է, որ Տարոն Հայրունին մեկ տարվա զինծառայող է և որևէ խնդիր չի ունեցել ծառայակից ընկերների կամ զորամասի հրամանատարության հետ:
Նշենք նաև, որ օրենքով զինվորի կողմից զորամասն ինքնակամ լքելուց երեք օր անց քրեական հետախուզում է հայտարարվում և գործ հարուցվում:
Ինչպես արդեն հաղորդել էինք, հունիսի 26-ից 27-ը Երևանում կայացավ Երկրորդ ռազմավարական քաղաքական ֆորումը «ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» խորագրով, որը կազմակերպել էին ՀՀ Պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը (ԱՌՀԻ), ՀԱՊԿ-ի Քարտուղարությունը և «ՀԱՊԿ-ի ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպությունը: Պետք է նշել, որ Ֆորումին ներկա էին փորձագետներ ՀԱՊԿ-ի անդամ պետություններից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետություններից (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Երևանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններից: Ֆորումին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Բարձր գնահատելովՖորումի արդյունավետությունը` ՀԱՊԿ-իԳլխավորքարտուղարՆիկոլայԲորդյուժանառաջարկեց Կազմակերպության զարգացման առավելարդիականխնդիրների վերաբերյալ գիտափորձագիտականՖորումների անցկացման փորձի հիմանվրա ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի հովանու ներքո անցկացնել Ամենամյա ռազմավարական քաղաքական ֆորում: Առաջարկություն հնչեց Ֆորումի ձևաչափը դարձնելմիջազգային`ներգրավելովխաղաղության, կայունությանևհամընդհանուրանվտանգության պահպանման ընդհանուրշահերի համատեքստում հավաքականանվտանգության ամրապնդման մեջ շահագրգիռ բոլոր կողմերին:
Ներկայացնում ենքԵրկրորդռազմավարականքաղաքականֆորումիկազմակերպիչներից մեկի`քաղաքականգիտություններիդոկտոր (ՌԴ), Հակաահաբեկչության գծով փորձագետ (ԱՄՆ), ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ի պետ, գեներալ–մայորՀայկՔոթանջյանի «ԽաղաղապահությունըորպեսՀԱՊԿ-իռազմականբաղադրիչի կարևորտարր.Հայաստանի տեղնուդերը» վերտառությամբ զեկույցը:
Հայտնի է, որ զինված հակամարտությունների կանխման և կարգավորման գործում չափազանց կարևոր է խաղաղապահական գործունեությունը, և այդ գործընթացներում առանձին երկրների կամ միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն էապես նպաստում է դրանց հեղինակության բարձրացմանը, միջազգային հանրությունում ազգային և կոլեկտիվ շահերի առաջմղմանը, միջազգային անվտանգության համակարգում ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը:
Գիտակցելով միջազգային անվտանգության և կայունության ապահովման գործում խաղաղապահության կարևորությունը` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հետևողականորեն ընդլայնում է այս ոլորտում իր գործունեության համակարգման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքը: Ինչպես գիտենք, 2007թ. հոկտեմբերի 6-ին, Դուշանբեում ստորագրվեց «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խաղաղապահ գործունեության մասին hամաձայնագիրը», որն ուժի մեջ մտավ 2009 թ.:
Ըստ այդ Համաձայնագրի 2-րդ հոդվածի` խաղաղապահական գործողություններին մասնակցելու համար նախատեսվում է ստեղծել մշտական հիմքերով գործող խաղաղապահ ուժեր: Խաղաղապահ ուժերի համալրման համար անդամ պետություններին հանձնարարվում է հատկացնել խաղաղապահ թվակազմեր` ըստ իրենց ազգային օրենսդրությունների: Փաստորեն, կոլեկտիվ անվտանգության կազմակերպության շրջանակներում նախատեսվում է ստեղծել մշտական հավաքական խաղաղապահ զինվորական կազմավորում, որն աննախադեպ երևույթ է միջազգային պրակտիկայում: Այսօր ոչ մի միջազգային կազմակերպություն չունի մշտական հիմքերով գործող խաղաղապահ ուժեր: Օրինակ` ՄԱԿ-ում գործում է այսպես կոչված «ռեզերվային համաձայնագրերի» համակարգ: Այնպես որ` ՀԱՊԿ-ը կարող է դառնալ առաջին միջազգային կազմակերպությունը, որը կունենա գործելու միշտ պատրաստ «կապույտ սաղավարտավորների»:
Չնայած Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անցել է ավելի քան չորս տարի, և այդ ժամանակահատվածում Կազմակերպության շրջանակներում հետևողականորեն զարգացվել է խաղաղապահ ուժերի կազմավորման և կիրառման համար անհրաժեշտ իրավաքաղաքական բազան (մշակվել են խաղաղապահ ուժերի պատրաստման գծով մեթոդական հանձնարարականները), սակայն հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի խաղաղապահական գործունեության համեմատությամբ ՀԱՊԿ-ի գործունեությունը մնում է բավականին պասիվ: Հարկ է նշել, որ խաղաղապահության ոլորտում Կազմակերպության անդամ պետությունների համագործակցությունն ըստ էության դուրս չի գալիս համատեղ զորավարժությունների շրջանակից: 2012 թ. աշնանը Ղազախստանում տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2012» առաջին զորավարժությունը, իսկ հաջորդ զորավարժությունը նախատեսվում է անցկացնել 2013 թ. հոկտեմբերին Ռուսաստանում:
Նշված Համաձայնագրի 3-րդ հոդվածի համաձայն` անդամ պետությունների տարածքում խաղաղապահական օպերացիա անցկացնելու մասին որոշումը անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հաշվառմամբ ընդունում է Հավաքական անվտանգության խորհուրդը (ՀԱԽ)` հիմք ընդունելով իրենց տարածքում խաղաղապահական օպերացիայի անցկացման մասին այդ անդամ պետությունների պաշտոնական դիմումը կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ-ի անդամ չհանդիսացող պետության տարածքում խաղաղապահական օպերացիա իրականացնելու մասին:
Եվ այսպես. թեև ինչպես Կազմակերպության պատասխանատվության գոտում այնպես էլ դրա սահմաններից դուրս խաղաղապահական օպերացիաների իրականացման մեխանիզմները նորմատիվ առումով սահմանված են, սակայն գործնականում ՀԱՊԿ-ին դեռ չի հաջողվում կոնկրետ գործունեություն ծավալել այդ ուղղությամբ:
Մինչդեռ Համաձայնագիրը և ՀԱՊԿ-ի խաղաղապահական գործունեության վերաբերյալ այլ հիմքային փաստաթղթերը իրական գործնական նշանակություն կստանան միայն այն դեպքում, երբ ՀԱՊԿ-ը նախաձեռնություն հանդես բերի մեր մոլորակի «թեժ կետերում» ծագած հակամարտությունների կարգավորման միջազգային անվտանգային գործընթացներում ներգրավվելու ուղղությամբ:
Կազմակերպության անդամ պետությունների տարածքում խաղաղապահական գործունեության իրականացումը քաղաքական առումով խնդրահարույց է թվում միայն խաղաղապահական օպերացիաների նպատակադրման և բովանդակության հնարավոր գնահատականների տեսակետից: Այլ կերպ ասած` խոսքը ներքին խաղաղապահության և պատժիչ գործողությունների տարանջատման երաշխիքների մասին է: Ինչ վերաբերում է նման օպերացիաների իրավաքաղաքական իրավազորությանը, ապա դրանց իրականացման համար 3-րդ հոդվածի հանաձայն` պահանջվում է միայն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի որոշումը, իսկ ՄԱԿ-ի մանդատը պարտադիր չէ:
Թերևս, ճիշտ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը իր նորմատիվ իրավական հիմքի իրացման նախնական փուլում ուշադրությունը կենտրոնացներ իր պատասխանատվության գոտու սահմաններից դուրս ծավալվելիք խաղաղապահական գործունեության վրա` ՆԱՏՕ-ի օրինակով ամրապնդելով համագործակցությունը ՄԱԿ-ի հետ և նրա առաքելությունների համար տրամադրելով իր խաղաղապահ ուժերը: Այդպիսի համագործակցության համար կարող է հիմք ծառայել անցյալ տարի ստորագրված «ՄԱԿ-ի Խաղաղապահական գործողությունների դեպարտամենտի և ՀԱՊԿ-ի քարտուղարության միջև փոխըմբռնման հուշագիրը»: Ինչպես արդեն նշվեց, ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահական օպերացիաներին մասնակցությունը էապես կբարձրացներ ՀԱՊԿ-ի միջազգային անվտանգային հեղինակությունը:
Կազմակերպական-գործնական տեսանկյունից քննարկման կարիք ունեն ՀԱՊԿ-ի մշտական խաղաղապահ հավաքական բրիգադում անդամ պետությունների ներկայացվածության աստիճանի, նրա վերջնական կառուցվածքի մշակման հարցերը` ներկայացված երկրների ռեսուրսային և մի շարք այլ առանձնահատկությունների հաշվառմամբ, ինչը կապված է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով լրացուցիչ խորհրդատվությունների անհրաժեշտության հետ:
Միևնույն ժամանակ կա խաղաղապահական առաքելություններին ՀԱՊԿ-ի մասնակցության մեկ այլ տարբերակ ևս: Ըստ համաձայնագրի 8-րդ հոդվածի` ՀԱՊԿ-ը կարող է հավաքական ռեզերվային համաձայնագրեր կնքել ՄԱԿ-ի հետ, իսկ այդպիսի համաձայնագիր ունեցող յուրաքանչյուր անդամ պետություն կարող է մասնակցել Կազմակերպության՝ ՄԱԿ-ի մանդատով կամ տարածաշրջանային կազմակերպությունների հովանու ներքո իրագործվող համատեղ խաղաղապահական գործողություններին նախապես այդ մասին Հավաքական անվտանգության խորհրդին տեղեկացնելուց հետո:
Այդ պրակտիկան լայնորեն կիրառվում է միջազգային հարաբերություններում: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն ակտիվորեն ներգրավված է աշխարհի տարբեր մայր ցամաքներում ՄԱԿ-ի մանդատով իրականացվող խաղաղապահական օպերացիաներում: Ըստ այդ պրակտիկայի` ՀԱՊԿ-ը նույնպես կարող է պատասխանատվություն ստանձնել խաղաղապահական օպերացիաներ իրականացնելու համար: Առանձին երկրներ իրավունք ունեն կնքելու շրջանակային համաձայնագրեր ՀԱՊԿ-ի հետ և խաղաղապահական օպերացիաներ իրականացնելու Կազմակերպության՝ տվյալ առաքելության համադասման համար լիազորված անդամ երկրներից մեկի հրամանատարության ներքո:
ՀԱՊԿ-ի շրջանակներում խաղաղապահության հաստատության զարգացման համար ոչ պակաս կարևոր խնդիր է նոր հարաբերությունների կառուցումը ՆԱՏՕ-ի հետ` մի բազմափորձ դերակատարի, որն իր հաստատուն առանցքային դերն ունի համաշխարհային անվտանգության համակարգում: Հյուսիսատլանտյան դաշինքի և ՀԱՊԿ-ի առանձին անդամ պետությունների ներգրավմամբ իրականացվող համատեղ խաղաղապահական օպերացիաները կարող են դառնալ այն ելակետային հարթակներից մեկը, որոնց վրա հնարավոր կլինի ստեղծել արգասաբեր համագործակցություն: Այս առումով նպատակահարմար կարող է լինել համատեղ խաղաղապահական գործունեության ծավալումն այն հակամարտային տարածաշրջաններում, որտեղ երկու կազմակերպությունների շահերը համընկնում են:
ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների կարգավորման առումով` ուշագրավ են Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի գործունեության ակտիվացման վերջերս նկատվող միտումները: ՀԱՊԿ-ում գերիշխում է այն տեսակետը, թե Աֆղանստանից դաշնադրային զորքերի դուրսբերումից հետո տարածաշրջանի երկրներում իրավիճակը կսրվի, և կարող է սպառնալիքի տակ դրվել Կենտրոնական Ասիայի և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ի անվտանգությունը: Դրանով պայմանավորված` 2011 թ. նոյեմբերի 17-ին ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստի ժամանակ համաձայնեցվեց Աֆղանստանից եկող հնարավոր մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ ՀԱՊԿ-ի Գործողությունների ծրագրի նախագիծը:
2011 թ. դեկտեմբերին ես` որպես աֆղանական պատերազմի մասնակից, զեկուցմամբ հանդես եկա ՀԱՊԿ-ի Գիտափորձաքննական խորհրդի՝ Աֆղանստանին նվիրված հատուկ նիստում, իսկ վերջերս հնարավորություն ունեցա Բիշքեքում մասնակցելու ՀԱՊԿ-ի Վերլուծական ասոցիացիայի կողմից այս արդիական պրոբլեմի քննարկմանը: Իմ կարծիքով՝ ուշադրության է արժանի խաղաղապահական համագործակցության խնդիրների նկատմամբ Հարվարդի համալսարանի Ազգային անվտանգության ծրագրի ամերիկացի փորձագետների ցուցաբերած հետաքրքրությունը: Հեռանկարային է դառնում դաշնադրային ուժերի դուրսբերումից հետո Աֆղանստանից եկող սպառնալիքների դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ երկխոսության առաջմղումը ոչ միայն «Ռուսաստան-ԱՄՆ», այլև «ԱՄՆ-ՀԱՊԿ», կամ «6+1», ձևաչափով, որը զուգաչափ է «ՆԱՏՕ-Ռուսաստան», կամ «28+1», ձևաչափով զուգահեռ գործընկերությանը: Դրան կարող է նպաստել համաշխարհային անվտանգության խնդիրների լուծումներ որոնման ասպարեզում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի Նախագահ Բարաք Օբամայի միջև երկխոսության վերականգնման ուրվագծվող միտումը:
Այս երկխոսությանն աջակցելու և միջազգային խաղաղապահության ոլորտում պետությունների ու կազմակերպությունների միջև համագործակցությանը նպաստելու տեսանկյունից իր ուրույն դերը կարող է ունենալ Հայաստանը, որը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և ԱՄՆ-ի գործընկերը, ինչպես նաև` ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամը և ՆԱՏՕ-ի գործընկերը, և որն ունի Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնադրային ուժերի և գործընկեր երկրների ուժերի կողմից իրականացվող խաղաղապահական օպերացիաներին, ինչպես նաև ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում զորավարժություններին մասնակցելու մեծ փորձ:
Հայաստանը 2004 թվականից ներգրավված է ՆԱՏՕ-ի ղեկավարած՝ Կոսովոյում խաղաղապահական ուժերում: 2005-2008 թթ. հայ խաղաղապահները օգտակար փորձ են կուտակել` մասնակցելով Իրաքում ԱՄՆ-ի ղեկավարած խաղաղապահական դաշնադրությանը: 2009 թվականից Հայաստանն իր լուման է ներդրում Աֆղանստանում անվտանգությանն աջակցության միջազգային ուժերի խաղաղապահական առաքելության մեջ:
Հայաստանի` որպես «խաղաղարար երկրի» հեղինակության վկայությունն է նաև Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող UNIFIL խաղաղապահական առաքելություն հրամանատար պետության՝ Իտալիայի կողմից վերջերս ներկայացված պաշտոնական դիմումը՝ հայկական ջոկատը առաքելության կազմում ընդգրկելու առաջարկությամբ. նա պետք է իրականացնի առաքելության կենտրոնակայանի անվտանգության ապահովման գործառույթներ: Ջոկատը Լիբանան ուղարկելու նախադրյալները վերջերս քննարկեցին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության Գլխավոր շտաբների պետերը: Դիտարկվում է նաև ՄԱԿ-ի մանդատով Հյուսիսային Աֆրիկայում իրականացվող խաղաղապահական առաքելությանը Հայաստանի Հանրապետության մասնակցության հնարավորությունը:
Այսպիսով՝ Հայաստանը կարող է իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի խաղաղապահական տարրի կազմավորման գործում` նպաստելով, որ նա դառնա ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգության բազմագործառութային դերակատար:
Ամփոփելով՝ նպատակահարմար ենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ կա կենսական անհրաժեշտություն, որպեսզի Կազմակերպության ռազմական բաղադրիչի կազմավորման ընթացքում ՀԱՊԿ-ի գործունեությունը դուրս գա զորավարժությունների շրջանակներից և հասնի միջազգային խաղաղարարական օպերացիաներում ակտիվ ներգրավվածության մակարդակի:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
Արցախյան ազատամարտում Հայաստանից անհայտ կորել է 400, իսկ ընդհանուր առմամբ, 1000–ից ավել հայ ազատամարտիկ։ «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ անհայտ կորած ազատամարտիկների օրը՝ հունիսի 29–ին, նրանց ընտանիքներին դրամական աջակցություն կտրամադրվի, որը իրենց ՀԿ-ին է հատկացրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ՀԿ–ի նախահագը, ով նաև անհայտ կորած ազատամարտիկի մայր է, նշեց, որ իրենց համար բարոյական աջակցությունը շատ կարևոր է և բարձր գնահատեց այն, որ Սեյրան Օհանյանը ոչ մի օր իրենց մենակ չի թողել: «Հենց դա սփոփում է մեզ»,–ընդգծեց Ռիմա Առաքելյանը և տեղեկացրեց, որ հունիսի 29–ին իրենք նաև միջոցառումներ են անցկացնելու, որին մասնակցելու են նաև մարզերից անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ։
Ինչ վերաբերում է անհայտ կորածների կարգավիճակին, Ռիմա Առաքելյանն ասաց, որ այն հավասարեցված է զոհված ազատամարտիկների կարգավիճակին։ Նրանց ընտանիքները ստանում են 23 000 դրամ «Կերակրողը կորցնողին» թոշակ, ինչպես նաև անվճար կրթության հնարավորություն ՀՀ պետական բուհերում։
Դիլիջանում մեկնարկել են «Հայրենիքիս զինվորն եմ» խորագրով երիտասարդական ճամբարներ, որոնց մասնակցում են 16-ից 22 տարեկան երիտասարդներ Հայաստանից ու Արցախից, Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներ: Ճամբարները, որոնց ընթացքում դասախոսություններով հանդես են գալիս պատմաբաններ, զինվորականներ, իրավաբաններ, պետական գործիչներ, նպատակ ունեն բարձրացնել նախազորակոչային տարիքի երիտասարդների հայրենաճանաչողության և իրավագիտակցության մակարդակը, նրանց դաստիարակել հայրենասիրական ոգով՝ ներկայացնելով հայոց պատմության հերոսական դրվագները, արցախյան պատերազմը, հայոց բանակի արդի կարողությունները, զինվորի իրավունքներն ու պարտականությունները: Դասախոսություններից բացի կազմակերպվում են նաև մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ և սպորտային խաղ-մրցույթներ:
«Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարները կազմակերպում է «Զարգացման ծրագրերի հայկական կենտրոն» կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ:
Այսօր՝ հունիսի 11-ին, Հայաստանում մեկնարկեց գարնանային զորակոչը: Առաջին նորակոչիկները մեկնեցին համալրելու Հայկական բանակի շարքերը։ Նրանք են Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները որոնց 18 տարին լրացել է մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ, և որոնք չեն օգտվել զորակոչի տարկետման իրավունքից կամ կորցրել են այն, ինչպես նաև մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ցուցակներում ընդգրկված այն քաղաքացիները, որոնք մասնակցել են բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին և չեն ներկայացրել զորակոչից տարկետման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
Գարնանային զորակոչի` ավելի ուշ մեկնարկելը կապված էր դպրոցական ավարտական քննությունների ժամկետների հետ:
Նշենք նաև, որ 2013 թվականի մայիս-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:
Առավոտյան ժամը 6-ին` նույն ժամին, երբ զինվորների վերկացն է, լրագրողներով լեցուն մեքենաները շարժվում են դեպի Տավուշի մարզ` մեկ օր մասնակից լինելու հայրենիքի պաշտպանի ծառայությանը: Նշանակետ զորամասը պատահական չի ընտրված. բանակային վերջին` մահվան ելքով միջադեպը այստեղ է գրանցվել: Բացի այդ, այն նաև Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների խաչմերուկում է գտնվում:
Շուտով ասֆալտապատ հարթ ճանապարհն ավարտվում է ու մեքենան սկսում է խորդուբորդ, հակառակորդի աչքից թաքցրած գետնափոր ճանապարհով ընթանալ:
Չորս ժամ տևած ուղևորությունից հետո մեքենաները կանգ են առնում զորամասում. Խնամված, մաքուր բակ, չորս կողմը ծաղկած վարդեր ու իրենց ծառայությունն անցկացնող երիտասարդներ:
Ճիշտը բանակ գնալն է
Ներս ենք մտնում այն պահին, երբ զորամասի դրոշի մոտ ժամապահի հերթափոխ է կատարվում: Զորամասը նույնպես մաքուր է, կահավորանքը` նոր. զգացվում է` ամեն ինչ արված է, որ զինվորի համար հարմարավետ լինի:
Դասասենյակում մի խումբ զինծառայողներ ուսումնասիրում են միջազգային մարդասիրական իրավունքը: Բոլորի առջև դասախոսությունների տետր է դրված:
Միջազգային մարդասիրական իրավունք ուսումնասիրող զինվորներից մեկն էլ Կարո Գալստյանն է: Նա արդեն մի տարվա ծառայության փորձ ունի: ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է: Ասում է, որ երբ զորացրվի, կշարունակի իր ուսումը:
Այն հարցին, թե ինչպես է անցնում ծառայությունը, պատասխանում է` ամբողջ օրը դասերով: Հավատացնում է, որ ազատ ժամանակ շատ չեն ունենում, հազիվ հասցնում են իրենց կարգի բերել ու մի քիչ էլ հանգստանալ: «Ճիշտը բանակ գալն է»,- ասում է նա` հավելելով, որ իր կրտսեր եղբայրն էլ երկու տարուց բանակ կզորակոչվի:
Հետախույզ. «Ադրբեջանցիներն իրար հետ լեզու չեն գտնում, ուր մնաց մեզ հետ»
Հաջորդը շարահրապարակն է: Այստեղ հատուկ նշանակության ստորաբաժանման զինվորները պարապմունք են անցկացնում: Դիմակավորված զինվորներից մեկն Արտավազդ Սիմոնյանն է: Էջմիածինցի երիտասարդի ծառայությանը վեց ամիս է մնացել: Նա ընտանիքի կրտսերն է, իրենից մեծ երեք քույր ունի: Արտավազդը ոսկերիչ է, մինչ բանակ գալը հասցրել է իր մասնագիտությունը լրիվ յուրացնել, անգամ իր պատրաստած զարդերից նվիրել ուսուցիչներին: Ժամանակին նաև բռնցքամարտով է զբաղվել: Հենց ֆիզիկական հատուկ տվյալների շնորհիվ էլ ընդգրկվել է հետախույզների վաշտում: Վաշտը նկարագրելիս ասում է, որ բոլորը համախմբված են, իսկական ընտանիքի պես:
Արտավազդը պատմում է, որ մարտական դիրքեր բարձրացել է մեկ տարի առաջ, երբ հակառակորդը սահմանը խախտելու փորձ էր արել: Սակայն իր հերթապահությունները միշտ խաղաղ են անցել, առանց կրակոցների: Այն հարցին, թե ինչ գիտի ադրբեջանցիների մասին, ժպիտով պատասխանում է, որ շատ բան գիտի, բայց գաղտնիք է. «Միակ բանը, որ կարող եմ ասել, նրանք իրար հետ չեն կարող լեզու գտնել, ուր մնաց մեզ հետ»:
Պատմում է, որ բանակն ունի թե դրական, թե բացասական կողմեր: Լավն այն է, որ այստեղ մտածելակերպն է փոխվում դրական առումով, վատն այն է, որ ընտանիքից հեռու է. «Երբեմն հուսահատվում ես դրսի հետ կապված մտքերից, կարոտում ես, ընտանիքիդ հետ չես կարող լինել, օգնելու բան է լինում` չես կարողանում անել»:
Այդուհանդերձ Արտավազդը վստահեցնում է` ուրախ է, որ եկել է ծառայության. «Ծառայությունը տղայի համար է: Այնպես որ բոլորին խորհուրդ կտամ իրենց պարտքը կատարել և ծառայել»:
Սպանության մանրամասները` ըստ հրամանատարի
Հրետանավորների պարապմունքներին ու մեքենավարների աշխատանքին հետևելուց հետո շտապում ենք դեպքի վայր` ծխարան, որտեղ և կատարվել է ողբերգական պատահարը:
Գնդի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանը ներկայացնում է կատարվածն առանց մանրամասների` պայմանավորված նախաքննության գաղտնիությամբ:
Նրա խոսքով`մի քանի զինվորներ ծխարանում նստած կարդալիս են եղել պահակային ծառայության կանոնագիրքը: Մուտքի դռան մոտից ժամապահը` Դավիթ Խաչատրյանը, ժամ է հարցրել, սակայն ժամացույց չեն ունեցել, որ պատասխանեն: Դրանից էլ սկվել է կրակողի և սպանվածի միջև խոսակցությունը:
«Ծխարանում չորս մարդ է նստած եղել` վիրավորը, մահացողը և երկու հանգտստացող զինվոր: Նախնական տվյալներով` մեկ գնդակ է արձակվել մոտավորապես 25-30 մետր հեռավորությունից, առաջինը դիպել է վիրավորին, հետո դիպել է պատին ու մահացու խոցել Լյուքս Ստեփանյանին: Կրակել է ոչ թե կրծքին դրված դիրքից, այլ երբ իջեցրել է, գոտկատեղի մոտից»,- ասում է Ասատրյանը` հավելելով, որ երեքն էլ լավ ծառայողներ են եղել, միմյանց հետ երբևէ կոնֆլիկտ չեն ունեցել:
Դեպքի պահին պահակապետը շրջելիս է եղել`պահակակետերը ստուգելիս:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ զորամասը ԶՈւ լավագույններից է, պարզապես պետք է լուրջ ուշադրություն դարձնել միջանձնային հարաբերություններին, հայրենիքի պաշտպանի ձևավորման գործընթացում ամեն օղակ իր մասնակցությունը պետք է ունենա:
«Այնտեղ, որտեղ շատ տղամարդիկ կան, վեճերը և կոնֆլիկտներն անխուսափելի են, պարզապես պետք է այնպիսի հատկանիշներ ձևավորենք, որ կարողանան ելքը խոսքով գտնել: Մենք բոլորս էլ այդ ճանապարհով անցել ենք, բայց երբ բավականին պատկառելի հասակում ես գտնվում, նոր ես հասկանում, որ վեճերը պետք է լուծել փոխադարձ հասկացողության և հանդուրժողականության մթնոլորտում»,- ասում է Օհանյանը:
«Փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»
Հաջորդը զորավարժությունն է բաց դաշտում: Սցենարը հետևյալն է. հրետանային կրակային նախապատրաստությունից հետո հակառակորդը տանկով անցնում է հարձակման: Ճանապարհի կենտրոնում դիրքավորված զինվորը կրակի դեմ հիմնական պայքարողն է, որ նռնակի միջոցով կարողանում է շարքից հանել հակառակորդի զրահատեխնիկան, ապա ոչնչացնել հետևից հարձակվող հակառակորդին:
Օհանյանն ասում է, որ գործնական պարապմունքները հոգեբանական պատրաստվածության ուղղվածություն ունեն: Զորային հրաձգարաններում, շուտով նաև զորամիավորումներում մեծ շինություններ են լինելու, որտեղ հոգեբանական գործնական պատրաստության պարապմունքներ են անցկացվելու:
«Երբ հակառակորդը կրակում է, ու գնդակը գլխավերևում վզզում է, գլուխներս միշտ ցածրացնում ենք, որովհետև հոգեբանորեն պատրաստ չենք: Իսկ պատերազմի ժամանակ զինվորներն ուշադրություն չեն դարձնում դրան, քանի որ պատերազմական գործողությունները հոգեբանորեն վարժեցնում են ցանկացած իրավիճակում պատրաստ լինել առաջացած խնդիրներն իրականացնելուն: Պատերազմի ժամանակ, երբ զինվորի գլխավերևով է գնդակը վզզում, ոչ մի զինվոր գլուխը չի իջեցնում, քանի որ գիտի` փամփուշտը, որ քոնն է, չի վզզում, այն անձայն իր անբավարար գնահատականն է նշանակում քո պատրաստությանը»:
Այցելում ենք նաև մարտական դիրքեր. թշնամին մոտ 300 մետր հեռավորության վրա է:
Անցած տարի ադրբեջանցիներն այստեղ դիվերսիոն գործողություն են իրականացրել` փորձելով խախտել սահմանը: Բայց ապարդյուն: Հայ զինվորները հակառակորդին հետ են մղել, ապա նաև պատասխան գործողություն հասցրել: Անցած տարվա փորձը հաշվի առնելով` դիրքը կահավորվել է դիվերսիոն հետախուզական միջոցների դեմ պայքարի միջոցներով, խուսանավման , հակառակորդին խաբելու և պաշտպանվելու պայմաններ են ստեղծվել:
Նշենք, որ ամեն օր հայկական զինված ուժերի մեկ երրորդը զենքի հետ գործ ունի. կեսը մարտական հերթապահություն է իրականացնում, մյուս կեսը` պարապմունքներ` պատրաստվելով հերթապահությանը:
Վերադառնում ենք Երևան, ուր սահմանային անցուդարձը հեռավոր երազ է թվում. այստեղ, շնորհիվ սահմանին կանգնած հայ զինվորի, վայելում ենք թվացյալ խաղաղությունը, երբեմն էլ անգամ մոռանում գնահատել մեր խաղաղ կյանքի երաշխավորի վաստակը:
«Անկախ»-ը ներկայացնում է Հայոց բանակի զինվորի առօրյան լուսանկարների միջոցով. հերթապահություն, տեսական դասեր, գործնական պարապմունքներ և զորավարժություններ:
Հունիսի 7-8-ը երեք տասնյակից ավելի լրատվամիջոցների ներկայացուցիչներ Տավուշի մարզ էին մեկնել, որտեղ այցելեցին զորամասերից մեկը, հետևեցին զինծառայողների պարապմունքներին ու զորավարժությանը, ինչպես նաև այցելեցին մարտական դիրքեր: Լրագրողները հանդիպում ունեցան նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, ով մեկ ու կես ժամ լրագրողներին ներկայացրեց ՊՆ ոլորտում բարեփոխումներն ու անելիքները, պատասխանեց հարցերին:
Ասուլիսը համընկել էր Սեյրան Օհանյանի վերանշանակման 50-րդ օրվա հետ, ինչի առթիվ նախարարը նշեց. «Երկրորդ անգամ նշանակումը պարտավորեցնող է ՊՆ անձնակազմի և անձամբ ինձ համար: Նշանակում է, որ կրկնակի եռանդով իմ աշխատանքը պետք է շարունակեմ. Հայաստանի շուրջ գոյություն ունեցող ռազմաքաղաքական իրավիճակը և սպառնալիքներն ստիպում են ունենալ մարտունակ և մշտապես կատարելագործվող բանակ»:
Օհանյանը, խոսելով իր պաշտոնավարման հինգ տարիների մասին, ասում է, որ դրանք եղել են ռազմավարական նոր մշակույթի ձևավորման տարիներ. «Պաշտպանական ռազմավարության վերանայումն ամենակարևոր միջոցառումն էր այս ժամանակահատվածի համար: Այս տարիների ընթացքում գնահատեցինք միջավայրը, սպառնալիքները, որ գոյություն ունեն մեր երկրի շուրջը և դրա ավարտին ունեցանք զինված ուժերի զարգացման պլան, որը որ միջնաժամկետ հեռանկարում ապահովելու է ՀՀ ԶՈՒ զարգացումը»:
Նախարարն ասում է, որ կարողացել են իրականացնել իրենց առջև դրված գլխավոր խնդիրը` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության , պաշտպանության խնդիրները, ՀՀ և ԼՂՀ բնակչության անվտանգության ապահովումը:
2008-ից շեշտադրվում են ոչ թե քանակային տվյալները, այլ նաև որակական աշխատանքը զինված ուժերի մարտունակության առումով` սկսած պատրաստությունից մինչև ստորաբաժանումների ներդաշնակում. «Այդ տարեթվից ի վեր մեր բոլոր կարգախոսները եղել են` ԶՈՒ պատրաստությանը նոր որակ»:
Մշակվել է նաև ԶՈՒ սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրը և ռազմական արդյունաբերական համակարգի հայեցակարգը, որն ազգային անվտանգության խորհրդում հավանության է արժանացել: Ըստ այդմ` ընթացք կտրվի հայրենական ռազմական արտադրությանը:
Օհանյանը նշեց, որ 2014-ից ունենալու ենք մեր ակադեմիան, որն օպերատիվ մարտավարական օղակի զինծառայողների պատրաստությունն է իրականացնելու: Ակադեմիայի տված կրթությունը համապատասխանելու է մագիստրոսի աստիճանին:
«Լուրջ ուշադրություն ենք դարձնում նաև պրոֆեսիոնալ սերժանտական կազմի համալրման խնդիրներին: Հատկապես առաջին գծի զորամասերում դասակի հրամանատարի տեղակալները և ջոկի հրամանատարները պրոֆեսիոնալ սերժանտներ են, ինչը թույլ է տալիս հրամանատարների աջակցության շնորհիվ ավելի վերահսկելի և հետևողական դարձնել մարտական հերթապահության իրականացման ողջ խնդիրները»,- ասում է Օհանյանը:
Շարունակվելու է նաև զինված ուժերի համալրման խառը սկզբունքը` պայմանագրային զինծառայողներով և զորակոչիկներով: Պայմանագրային ծառայողների կազմը համալրվում է հատկապես սահմանամերձ բնակավայրերում` դրանով իսկ տեղացիներին դարձնելով սեփական բնակավայրի պաշտպանության մասնակիցը, ինչպես նաև որոշակի սոցիալական խնդիրներ լուծելով:
Նախարարը նշեց նաև, որ 2014-ից նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայողների վարձատրությունը:
Այսօրվանից` հունիսի 10-ից մեկնարկում է 2013-ի գարնանային զորակոչը:
Օհանյանն ասում է, որ վերջին մի քանի տարիներին լուրջ հիմքերի վրա դրված զորակոչի անցկացումը` սկսած նախազորակոչային տարիքում կցագրային խնդիրներից, բուժհետազոտման խնդիրներից մինչև անմիջապես զորակոչից առաջ բուժհետազոտման խնդիրները, նորակոչիկների ընդգրկումը ԶՈւ ծառայությանը` հաշվի առնելով ադապտացիոն պրոցեսը:
«Հրամանատարների խնդիրեն է, որ ադապտացիայի ընթացքում ավելի ուշադիր լինեն սկսած անհատական դաստիարակչական պատրաստությունից:,- ասում է նախարարը:- Հայրենիքի պաշտպանը ձևավորվում է ոչ միայն բանակում, այլ սկսած ընտանիքից: Հայրենիքի պաշտպանի հատկանիշների կատարելագործումը իրականացնում ենք հայրենիքի պաշտպանի անհատական գրքույկի միջոցով` զինկոմիսարիատից և դպրոցից տրամադրում են նորակոչիկների հատկանիշների մասին ինֆորմացիա: Դրա վրա հենվելով փորձում ենք նրանց մոտ ձևավորել զինվորներին համապատասխան հատկանիշներ»:
Իսկ ՊՆ կառուցվածքի բարեփոխումների շրջանակում ստեղծվել է նյութատեխնիկական դեպարտամենտ, որը իրականացնում է գնումների ողջ գործընթացը ի տարբերություն նախորդ տարիների, երբ համապատասխան վարչություններն իրականացնում էին և գնումը և ապահովումը:
Օհանյանն ասում է, որ կոռուպցիոն ռիսկերի գնահատման արդյունքում կարողացել են գնումների գործընթացն ավելի բարձր հիմքերի վրա դնել. « Բայց բոլորիս համար էլ հասկանալի է, որ նյութական միջոցները միշտ էլ որոշակի պաշտոնատար անձանց շահագրգռում են: Որքան լինելու են ֆինանսներ և նյութատեխնիկական միջոցներ, այնքան էլ մարդիկ այս կամ այն ժամանակամիջոցում հնարամտություններ են փորձելու գտնել` պետական շահերն օգտագործելու նաև սեփական շահերի համար: Մեր վերահսկողական մեխանիզմներով աշխատանքը դրա վրա ենք ուղղում, որպեսզի կարողանանք բացահայտել այդ կոռուպցիոն ռիսկերը, ժամանակին կանգնեցնենք մարդկանց, ժամանակին հեռացնենք նրանց այդ գործընթացներից»: