ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է փոխվարչապետ

արմեն գևորգյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածով` որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ:

Տեղի է ունեցել Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

11207_am_2Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:

Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյանն օրը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական երեկո:
Տարվա ընթացքում ավարտին կհասցվեն Սյունիքի մարզում գտնվող Համո Սահյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները, տուն-թանգարանի բակում կբացվի նաև մեծանուն բանաստեղծի կիսանդրին:
Կտպագրվի Համո Սահյանի քառահատորյակը, կանցկացվի Սահյանին նվիրված ասմունքի փառատոն, հանրապետության գրադարաններում և մշակութային կենտրոններում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ: Կնկարահանվի Համո Սահյանին նվիրված վավերագրական ֆիլմ:
Ներկայացված միջոցառումների ծրագիրն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:

Անկախ

«Եթե հստակ չիմանանք, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու, մարտի 22-ին կգանք մասնակցելու «ԴԵՄ եմ» նախաձեռնության հանրահավաքին». գյուղացիները` փոխվարչապետին

արմեն գևորգյանԱրագածոտնի մարզի Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդ  գյուղերի բնակիչները մտավախություն ունեն, որ նոր ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։

Բնակիչների հետ այսօր հանդիպեց փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Նախ փոխվարչապետը նշեց, որ հանդիպման այդ ձևաչափը ճիշտ չի համարում, քանի որ նրա կարծիքով, ճանապարհ փակելով՝ համայնքային և պետական հարց չի լուծվում: «Ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրություններ է կատարում: Ուսումնասիրության արդյունքները մի քանի օրից կներկայացվի, և ես անձամբ կգամ ու կտեղեկացնեմ ձեզ վերջնական որոշման մասին: Մի բան կարող եմ հաստատ ասել, որ մինչև վերջնական որոշումը, ոչ մի աշխատանք չի կատարվի»,- բնակիչներին հավաստիացրեց Արմեն Գևորգյանը։

Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մի քանի տարի է, ինչ ՀԷԿ-ը կառուցելու թույլտվության կա, հիմա կատարվում են արագահոսի վերանորոգման աշխատանքներ: Դեռ չի հասել հանրային լսումների փուլը: Եթե ՀԷԿ-ը կառուցվի, և ջրային ռեսուրսները բավարարեն, այն կաշխատի, եթե ոչ՝ չի աշխատի:

Այն լուրը, որ կառավարությունը մի քանի տարի տեղյակ չի եղել, որ նման թույլտվություն կա, բնակիչներին ավելի վրդովեցրեց։ Նրանք պահանջեցին, որ փոխվարչապետը հստակ հայտարարի, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու։ Նրանք նաև ասացին, որ չեն հավատում հանձնաժողովի ուսումնասիրությունների արդյունքների ճշմարտացիությանը։

«Միայն մեր գերեզմանների վրա ՀԷԿ-ը կկառուցեք»,- ասացին բնակիչները` հավելելով, որ հանձնաժողովի աշխատանքներն անիմաստ են, և ավելի լավ է, դրանք դադարեցնել։

Փոխվարչապետը հերքեց նաև այն լուրերը, թե նոր կառուցվող ՀԷԿ-ը հենց իրեն է պատկանում: «Իմ անունը շատ տեղերում է շրջանառվում։ Ես չեմ ճանաչում ՀԷԿ-ի սեփականատիրոջը»։

Ի վերջո փոխվարչապետն ու բնակիչները համաձայնեցին հանդիպել մարտի 21-ին, որպեսզի փոխվարչապետը նրանց կտեղեկացնի կառավարական հանձնաժողովի ուսումնասիրությունների հիման վրա կառավարության վերջնական որոշումը։ Բնակիչները փոխվարչապետին զգուշացրեցին, որ, եթե մարտի 21-ին հստակ չիմանան, որ ՀԷԿ-ը չի կառուցվելու, յոթ գյուղերի բնակիչներով կհավաքվեն ու մարտի 22-ին կգան մայրաքաղաք՝ մասնակցելու «ԴԵՄ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին։

 Անկախ

Արագածոտնի մարզի 7 համայնքների մեծ թվով բնակիչներ կրկին փակել են ՀԷԿ տանող ճանապարհները` հանդիպում պահանջելով փոխվարչապետի հետ

արմեն գևորգյանԱյսօր Արագածոտնի մարզի 7 համայնքների մեծ թվով բնակիչներ կրկին փակել են Օհանավան և Ուշի գյուղերի կողքով անցնող, Կարբի և Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ տանող ճանապարհները: Բնակիչների խոսքով` գյուղերում գործադուլ է հայտարարվել: Ակցիային են միացել նաև կանայք ու դպրոցահասակ երեխաները: Բողոքի ակցիան այս անգամ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի դեմ է, որովհետև նա այդպես էլ չի կատարել իր խոստումը և չի այցելել իրենց մարզ՝ տեղում ծանոթանալու բնակիչների բողոքին։

Քիչ առաջ ցուցարարների հետ հանդիպման եկավ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Տարածքում են նաև ոստիկանության աշխատակիցները: Մարզպետը բողոքող գյուղացիներին ասաց, որ Արմեն Գևորգյանը պատրաստ է գալ հանդիպման, բայց որևէ դահլիճում կամ գրասենյակային պայմաններում, 20-30 մարդու հետ: Բողոքող բնակիչները ընդվզեցին, նրանք պնդում են, որ Արմեն Գևորգյանը գա ու հանդիպի բոլոր հավաքվածներին:

Գյուղացիներից մեկը նկատեց, որ ընտրության ժամանակ գալիս են հրապարակում են կանգնում, հիմա ուզում են առանձին հանդիպե՞լ: Ինչ տարբերություն որտեղ հանդիպի գյուղացիների հարցին՝ մարզպետը պատասխանեց. «Տարբերութունը մեծ է, դահլիճում նորմալ, բոլորս իրար լսելով` կխոսենք: Ինչքան մարդ էլ հավաքվի, նույն հարցն են տալու»:

Այս պահին մարզպետի և գյուղացիների բանակցությունները շարունակվում են, նրանք դեռևս որևէ ընդհանուր որոշման չեն եկել:

Հենց նոր ոստիկանները պահաջեցին բացել ճանապարհը` փոխվարչապետին ընդունելու համար:

Անկախ

Արարատյան դաշտավայրի ջրային պաշարների պահպանման նպատակով մի քանի ուղղություններով աշխատանքներ են տարվում

загруженное (1)ՀՀ կառավարությունը հատկապես վերջին տարիներին փորձում է վարչական մեխանիզմներով ինչ-ինչ ուծումներ տալ ջրային պաշարների արդյունավետ օգտագործման խնդրին: Իհարկե, չենք կարող ասել, որ այդ լուծումները դեռևս ցանկալի արդյունքներ են տվել:

Այսօր այս մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի շրջանակներում Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Նա նշեց, որ կառավարության կողմից խնդրի լուծման համար մի քանի ուղղություններով աշխատանքներ են տարվում: Այդ ուղղություններն են՝ օրենսդրական դաշտի կարգավորում, որպեսզի ջրային պաշարներից օգտվող շահառուներն աշխատեն վերահսկելի պայմաններում, կարողանան օրենքով սահմանված կարգով տնօրինեն այդ պաշարները, վարչարարություն, ըստ որի, գույքագրվում են բոլոր այն աղբյուրները, որոնք այսօր ուղղակի կամ անուղղակի, օրինական կամ անօրինական ձևով շահագործվում են այս կամ այն նպատակով: <<Արդեն իսկ իրական աշխատանք է կատարվում Բնապահպանության նախարարության, մարզպետարանների կողմից չօգտագործվող աղբյուրները փակելու, չեզոքացնելու ուղղությամբ: Նման մոտ 70 խորքային հորեր են կոնսերվացվել: Այս պահի դրությամբ ՋՈ-երի սպասարկման ոլորտում գտնվող մոտ 100 խորքային հորեր բերված են փականային համակարգի, ինչը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել ջրային հոսքերը: Ոռոգման համակարգում մենք ունենք այսպիսի դեռևս 16 խորքային հորեր, որոնք այս տարի ևս բերվելու են փականային համակարգի: Կան խորքային հորեր, որոնք օգտագործվում են ոռոգման նպատակով, բայց ՋՈ-երից դուրս են: Դրանք գտնվում են համայնքների տնօրինության ներքո, դրանք ևս գույքագրման առարկա են, և դրանց ճակատագիրը ևս որոշվելու է առաջիկայում>>,- ասաց Արմեն Գևորգյանը՝ նշելով, որ նույն աշխատանքները կատարվում են նաև կենցաղային նպատակով օգտագործվող ջրային պաշարների հետ:

Եվ վերջին ուղղությունը, ըստ փոխվարչապետի, հատկապես վերաբերվում է նոր տեխնոլոգիաներով պայմանավորած ջրային պաշարների կառավարման և վերահսկողության համակարգերի ներդրմանը:

<<Առաջիկա մեկ տարվա ընթացքում կառավարությունն ի վիճակի կլինի համապատասխան ռեսուրսների ներդրմամբ հասնել ավտոմատացված կառավարման համակարգի>>,- ասաց Արմեն Գևորգյանը:

 

Անկախ

Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը

279Երեւանում այսօր տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:
Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի (Rowsch Noori Shaways) գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ համագործակցության զարգացման մակարդակից: Արձանագրվեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների խորացման տեսանկյունից կարեւոր աշխատանքներ են իրականացվել` ձեւավորվել եւ գործում է միջկառավարական հանձնաժողովը, վերաբացվել է Երեւանում Իրաքի դեսպանությունը, նշանակվել է դեսպան: Երկու երկրների փոխվարչապետների գնահատմամբ` սա լավ հիմքեր է ստեղծում բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ առեւտրական կապերն ակտիվացնելու հարցում երկու երկրների գործարար շրջանակների կողմից փոխադարձ հետաքրքրություն է առկա` ընդգծելով, որ արդեն իսկ նկատելի է ապրանքաշրջանառության ծավալների աճ: Գործարար շփումների աշխուժացման նպատակով, հանձնաժողովի նիստի աշխատանքներին զուգահեռ, Երեւանում անցկացվում է “Արտահանվող հայկական ապրանքներ” խորագրով ցուցահանդեսը, իսկ նոյեմբերի 7-ին տեղի կունենա հայ-իրաքյան գործարար համաժողովը:
” Մենք ցանկանում ենք, որ հայկական արտադրատեսակները հասանելի լինեն Իրաքի ժողովրդին եւ, փոխադարձաբար, Իրաքի ապրանքները մեր շուկա հասնեն: Մենք պատրաստ ենք նաեւ քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր, փոխադարձ բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար”,-նշեց Արմեն Գեւորգյանը:

Հանդիպումից հետո Ա. Գեւորգյանի եւ Ռ. Շաուեյսի համանախագահությամբ տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Համանախագահներն ամփոփեցին 2012թ. նոյեմբերին Բաղդադում կայացած հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը: Քննարկվեցին ներդրումային, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվեց գործարարների միջեւ շփումների ակտիվացումը, գործարար հանդիպումների, համաժողովների, ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպումը Հայաստանում եւ Իրաքում: Կողմերը պայմանավորվեցին խրախուսել փոխադարձ ներդրումները տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ անհրաժեշտ համարեցին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:

Արձանագրվեց, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ է առկա նաեւ զբոսաշրջության ոլորտում. ընդ որում, կան բոլոր նախադրյալները երկկողմ զբոսաշրջության զարգացման համար: Կողմերը պայմանավորվեցին աջակցել երկու երկրների ոլորտային տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:

Տնտեսական կապերի հետագա զարգացման, շփումների ակտիվացման համար երկուստեք անհրաժեշտ համարվեց Հայաստանի եւ Իրաքի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը: Կողմերը պայմանավորվեցին այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել:

Կարեւորվեց գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել Հայաստանից Իրաք թարմ պտուղ-բանջարեղեն, հանքային եւ խմելու ջրեր, բնական հյութեր եւ պահածոներ արտահանելու, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքների արտադրության համատեղ ձեռնարկություններ հիմնելու եւ կենդանի ոչխարների, բրդի, ձկների արտահանման հնարավորությունները:

Կողմերն արձանագրեցին, որ առողջապահության բնագավառում արդեն իսկ համագործակցության հիմքեր ստեղծվել են. 2012թ. երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, եւ ներկայումս երկկողմ քայլեր են ձեռնարկվում փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` իրաքցի 10 երեխաներ բուժում կստանան Երեւանում: Երեխաներից հինգն առաջիկայում արդեն կժամանեն Հայաստան:

Էներգետիկայի բնագավառում եւս փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Մասնավորապես, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում Իրաքում իրականացնել կիսակառույց եւ արդիականացման ենթակա էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներ:

Երկուստեք կարեւորվեց մի շարք ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը: Ներկայումս կողմերի քննարկման փուլում են գտնվում տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մոտ մեկ տասնյակ փաստաթղթեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել երկրորդ նիստի արդյունքներով ստորագրվելիք արձանագրության կետերի կենսագործման ընթացքը համակարգող խումբ` հանձնաժողովի երկու կողմերի նախագահների տեղակալների գլխավորությամբ:

Նիստից հետո Ա. Գեւորգյանն ու Ռ. Շաուեյսն այցելեցին “Երեւան Էքսպո” կենտրոն, որտեղ բացվել է “Արտահանվող հայկական ապրանքներ” խորագրով ցուցահանդեսը: Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված արտադրանքին: Ցուցահանդեսին մասնակցում են շինարարական նյութերի արտադրության, շինարարության, թանկարժեք զարդերի և քարերի, սննդի արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում արտահանման ներուժ ունեցող շուրջ 75 հայկական կազմակերպություններ: Ցուցահանդեսը կազմակերպվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության կողմից:

Նիստի արդյունքներով հանձնաժողովի համանախագահների կողմից կստորագրվի երկրորդ նիստի արձանագրությունը:

Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված պաշտոնյաներն այցի ընթացքում առանձին հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Աշխարհահռչակ շանսոնյեն իր ներկայությամբ պատվել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին

001Վալանս քաղաքում մեկնարկած Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի մասնակիցներին իր ներկայությամբ պատվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը:  

Աշխարհահռչակ հայորդին մասնակցել է Դրոմի դեպարտամենտի վարչական կենտրոնում կազմակերպված ընդունելությանը:

Համաժողովի բոլոր մասնակիցների անունից կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել անվանի ֆրանսահային` հրավերը չմերժելու և ընդունելությանը ներկա գտնվելու համար: Նրանք նաև վստահեցրել են, որ Շառլ Ազնավուրի նման վերաբերմունքը ևս մեկ խոսուն ապացույց է, որ հայ-ֆրանսիական բարեկամությունն իսկապես ամուր հիմքերի վրա է:

Աշխարհահռչակ հայորդին էլ փոխադարձաբար շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հաջողություններ ու նոր ձեռքբերումներ է մաղթել համաժողովի մասնակիցներին ու կազմակերպիչներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այց Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն

Վալանս,Երևանի քաղաքապետարան,Տարոն Մարգարյան,Արմեն ԳևորգյանՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովին մասնակցելու նպատակով պաշտոնական այցով Ֆրանսիայի Հանրապետություն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսի ուղեկցությամբ այցելել են Վալանսի Հայկական ժառանգության կենտրոն:

Աշխատակիցների հավաստմամբ՝ կենտրոնը տեղի հայ համայնքի մշակութային յուրօրինակ օջախ է համարվում: Այստեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունը, այդ թվում նաև որոշ պատառիկներ հայոց Մեծ եղեռնի ողբերգական էջերից:

Բացի այդ, կենտրոնում բացառիկ ցուցադրությամբ ներկայացված է նաև Ֆրանսիայի ու հատկապես Ռոն Ալպի տարածաշրջանի հայ համայնքի ձևավորման և հետագա զարգացման պատմությունը:

Կենտրոնի աշխատակիցները նաև նշել են, որ մշակութային այս յուրօրինակ օջախի կառուցման նախաձեռնությունը եղել է Վալանսի քաղաքապետարանինը, որը կյանքի է կոչվել 2005 թվականի ամռանը:

Վալանսի քաղաքապետ Ալեն Մորիսն իր հերթին նկատել է, որ ինքն իրոք հպարտ է, որ քաղաքն ունի նման կենտրոն, ինչը յուրովի հարգանքի հավաստում է Վալանսի ծագումով հայ բնակիչների հանդեպ, ովքեր կազմում են ընդհանուր բնակչության 10 տոկոսը և իրենց լիարժեք ներդրումն ունեն քաղաքի զարգացման հարցում:

Կենտրոն այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Վալանսի քաղաքապետին ու ֆրանսիացիներին` հայ ժողովրդի նկատմամբ ունեցած խորը հարգանքի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Ամասիայում շահագործման հանձնվեց արվեստի դպրոցի շենքը

239ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզի Ամասիա համայնքում ներկա գտնվեց արվեստի դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, որին մասնակցում էին նաեւ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, այլ հյուրեր:

Համայնքում գտնվող նախկին կիսակառույց շենքը հիմնանորոգվել է “Յուքոմ” ընկերության միջոցներով եւ Ամասիայի վերականգնման հիմնադրամի աջակցությամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 130 մլն դրամ: Շենքում կգործի ինչպես երաժշտական դպրոցը, այնպես էլ արվեստի տարբեր խմբակներ: Կրթօջախն ապահովվել է նաեւ անհրաժեշտ գույքով:

Փոխվարչապետը շնորհավորեց բնակիչներին, ուսուցիչներին եւ սաներին` հարմարավետ ու բարեկարգ դպրոցի բացման կապակցությամբ, որտեղ արդեն ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ուսումնական գործընթացը կազմակերպելու համար: Նա գոհունակություն հայտնեց, որ պետական-մասնավոր համագործակցությամբ համայնքային նշանակության կարեւոր ծրագրեր են իրականացվում եւ հույս հայտնեց, որ այդ միտումները կպահպանվեն:

Փոխվարչապետը մարզպետի եւ համայքնապետի ուղեկցությամբ շրջայց կատարեց նորոգված շենքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին, ինչպես նաեւ այցելեց համայնքի մանկապարտեզի շենք, որը հիմնանորոգվել է Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ծրագրով եւ արդեն մեկ տարուց ավելի գործում է:

Համայնքապետը փոխվարչապետին տեղեկություններ ներկայացրեց նախատեսվող ծրագրերի մասին: Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի միջոցներով եւ համայնքի համաֆինանսավորմամբ կինոթատրոնի շենքը կվերակառուցվի որպես մարզամշակութային կենտրոն, իսկ “Յուքոմ” ընկերության եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համատեղ ջանքերով կվերականգնվի մարզադաշտը:

Փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց նաեւ Ամասիայի վերականգնման հիմնադրամում: Քննարկվեցին իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ գյուղացիական կոոպերատիվների ստեղծման եւ անհրաժեշտ աջակցության ցուցաբերման հետ կապված հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին