Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում  

iran-azarbajanԲաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային տեղեկացրել է, որ Իրանի և Ադրբեջանի միջև մեծանալու է առևտրաշրջանառությունը:

Մոհսեն Փաքայինը, երկու երկրների միջև առևտրի զարգացումը շահեկան գնահատելով, նշել է, որ Իրանը 350 մլն եվրոյի ոչ նավթային ապրանք է Ադրբեջան արտահանում:

Իրանի դեսպանը  տեղեկացրել է, որ Աստարայի ցամաքային սահմանից օրական 2-3 հազար Ադրբեջանի քաղաքացիներ են Իրան մտնում:

«Մաքսային և վիզայի հետ կապված խնդիրների կարգավորումը , սահմանում երկու երկրի մաքսային բաժնի աշխատանքային ժամերի երկարացումը, երկու երկրների միջև առևտրի ընդլայնումը, նաև Իրանի և Ադրբեջանի միջև առևտրական հարաբերությունների զարգացման նպատակով մասնավոր սեկտորի ներկայությունը՝ Բաքվում Իրանի դեսպանատան ծրագրերի մաս են կազմում»,- ասել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսեն Փաքային:

Նշենք, 2014-ի առաջին չորս ամսվա ընթացքում  Իրանը 16 մլրդ դոլարի ոչ նավթային արտահանումներ է կատարել, ինչն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 20 տոկոսով ավել է:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Կդյուրանա կենդանական մթերքի արտահանումը Եվրամիության երկրներ

Հովիկ Աբրահամյան

    ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունից Եվրամիության տարածք արտահանվող կենդանական ծագում ունեցող մթերքներում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակները, հաստատել մնացորդային նյութերի հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգը, միջազգային չափանիշներին չբավարարելու պատճառաբանությամբ ուժը կորցրած ճանաչել ոլորտին վերաբերող իր նախկին որոշումը: 2013 թվականին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը Եվրամիության համապատասխան մարմին է ներկայացրել «Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը», լրացված հարցաթերթը և ուղեկցող այլ փաստաթղթերը, որոնք հաստատվել և ընդունվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից: Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվել է մեղր արտահանելու իրավասություն ունեցող երկրների ցանկ: 2014 թվականին ներկայացվել են ձկան, ձկնամթերքի «Մնացորդային քանակների պլանը» և մյուս փաստաթղթերը, որոնք այժմ քննարկվում են: Որոշման ընդունման նպատակն է կենդանական մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակության սահմանը համապատասխանեցնել Եվրամիության հրահանգին և ապահովել այդ մթերքում մնացորդային նյութերի հսկողությունը:
   Կառավարությունը թույլատրել է «Տեխնիկական մշակաբույսերի փորձարարական կայան» ՊՓԲԸ-ն միացնել «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ ակնկալելով, որ ավելի արդյունավետ կիրականացվեն դրանց վերապահված գործառույթները, կօպտիմալացվեն մասնագիտական և նյութական ռեսուրսները, կտնտեսվեն ֆինանսական միջոցները:

Պետք է մեծացնել գինու արտահանման ծավալները դեպի ռուսական շուկա. տնտեսագետ

DSC00252Քառյակն արդեն 12 կետանոց պահանջներ է ներկայացրել, որոնք կքնարկվեն սեպտեմբերին: Բացի այդ, վերջին շաբաթների ընթացքում ավելացել են մի քանի պահանջներ ևս, որոնք կապված են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և սահմանամերձ գյուղերում բնակիչներին որոշակի արտոնություններ տալու հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը. «Խոսքը գնում է երկու ուղղությամբ արտոնություններ տալուն. մեկը հողի հարկի ու գույքահարկի արտոնությունների մասին է, մյուսը փոքր և միջին բիզնեսի արտոնագրային վճարների գործակիցների իջեցումը՝ գրեթե զրոյի հավասարեցնելով», – ասաց նա՝ հավելելով, որ կա ևս մեկը մտահղացում՝ մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ տարածքներում, արդյունաբերական գոտիներ ձևավորելու մասին: Այս օրենքի նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

«Գործող օրենքները պետք է համապատասխան լինեն կյանքի պահանջներին: Սահմանամերձ գյուղում հեշտ չի ներդրում կատարելը, բայց մենք պետք է ստիպենք մեզ հասկանալ, որ այդ ներդրումը պետք է կատարվի: Այն մարդիկ, ովքեր մնացելեն սահմանամերձ գոտիներում, էլ չեն գնալու: Նրանք ամենահայրենասեր մարդիկ են», -ընդգծեց խմբակցության անդամը:

Անդրադառնալով Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցներին և արգելքներին, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, նշեց, որ Հայաստանը կարող է օգուտ քաղել այդ իրավիճակից գյուղատնտեսական ապրանքներ, ինչպես նաև՝ գինի արտահանելով Ռուսաստան: «Անցյալ տարի Հայաստանը արտահանել է 22.000 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 1,800 տոննա, անցյալ տարի 64-65 տոննա բանջարեղեն, այս տարի նախատեսվում է թիվը դրան հասցնել: Իսկ եկող տարի այդ թիվը պետք է հասնի 100-120 հազար տոննայի, ինչը մեր արտահանման ծավալները կմեծացնի մոտավորապես 80-90 միլիոն դոլարով»,- նշեց տնտեսագետը:

Վազգեն Սաֆարյանը կարևորում է հատկապես գինու արտահանումը Ռուսաստան, որտեղ վերջերս արգելվել է նաև մոլդովական գինու ներկրումը. «Երբ արգելվեց վրացական գինու ներկրումը ռուսական շուկա, հայ արտադրողները չկարողացան այդ իրավիճակից օգտվել, քանի որ դեռևս պատրաստ չէին դրան: Եթե կառավարությունը պետություն- մասնավոր բիզնես համագործակցությունը ավելի ճկուն իրականացնի, հնարավոր կլինի հասնել հաջողության»,-նշեց նա:

 

Անկախ

Կառավարությունում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացման հեռանկարները

231922771398524045Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով:
Երկրի վարչապետն ընդգծել է, որ մասնավորապես, ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, և այդ նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը:
Վարչապետ Աբրահամյանի առաջարկով նախ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ստեղծվող հնարավորությունների, ՀՀ կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների և ֆինանսավորման գործիքների վերաբերյալ, այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն:

Խոսքը փոխանցելով գործարարներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել յուրաքանչյուր նախաձեռնություն: Քննարկման ընթացքում գործարարները բարձրացրել են արտահանման կազմակերպման ենթակառուցվածքների ձևավորմանը և գործընթացի պարզեցմանը, վարկավորման պայմանների բարելավմանը, մատչելի վարկային միջոցների տրամադրմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը և սարքավորումների ձեռքբերմանը, արտահանման լոգիստիկ նոր սխեմաների մշակմանը վերաբերող հարցեր և մի շարք այլ խնդիրներ ևս:

Ամփոփելով հնչած դիտարկումները՝ վարչապետը հանձնարարել է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որը մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրի արտահանող ձեռնարկությունների արտադրական հզորությունները, ռեսուրսները և արտահանման ծավալի ավելացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարն առաջարկել է գործարարներին ըստ արտահանվող ապրանքատեսակի ներկայացնել առկա խնդիրները և խոչընդոտները՝ պատկան մարմինների կողմից դրանք ուսումնասիրելու և անհրաժեշտության դեպքում լուծում տալու նպատակով:

 

Անկախ

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է դեպի ՌԴ արտահանման ծավալների ավելացումը

Սերգո Կարապետյան

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում վերջիններիս խնդրանքով անդրադարձել է նաև դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրին` ընդգծելով, որ այժմ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այդ խնդրի լուծման համար:

«Ավանդաբար մեր արտահանումների 70 տոկոսն  իրացվել է Ռուսաստանի շուկայում: Սակայն այսօր, երբ մի շարք երկրների նկատմամբ Ռուսաստանի կառավարության կողմից կիրառվում են գյուղմթերքի ներմուծման արգելքներ, մենք պետք է կարողանանք ռուսաստանյան շուկայում առաջացած այդ բացը մեր հնարավորությունների սահմաններում լրացնել և կարճ ժամկետներում ավելացնել արտահանման ծավալները, ինչի հնարավորությունը մենք լիարժեք ունենք: Ընդ որում, դա վերաբերում է թե’  թարմ պտուղ-բանջարեղենի, թե’  վերամշակված տեսքով գյուղմթերքի, գինու և  կոնյակի արտահանմանը», – նշել է նախարարը:

Միաժամանակ Սերգո Կարապետյանն ավելացրել է, որ Հայաստանը ներկայումս ունի հնարավորություն նույնիսկ կրկնապատկել արտահանման ծավալները:

Իսկ այն հարցին, թե արդյոք Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերը չեն խոչընդոտի գյուղմթերքի արտահանմանը, նախարարը պատասխանել է, որ այդ խնդիրը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է և կապի մեջ են ինչպես Վրաստանի իր գործընկերների, այնտես էլ ՀՀ արտաքին գործերի և  ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների հետ: Չնայած Լարսում մարդկանց հոսքն  ավելացել է և աճել է ապրանքաշրջանառությունը, ինչի հետևանքով կուտակումներ են առաջացել , սակայն այդ անցակետն  աշխատում է բնականոն հունով,- ասել է նախարարը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

Ինչ հարցեր է քննարկել ՀՀ կառավարությունը

gov2-472x265Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը որոշել է ստեղծել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, սահմանել, որ այդ պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են հայ մեծանուն երգահանի կյանքի, գործունեության և ստեղծագործական ժառանգության հավաքումը, հետազոտումը, պահպանումը և հանրահռչակումը, հայ հոգևոր և ժողովրդական երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու վերարտադրման խթանումը, ազգային, ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտարվեստի բնագավառում երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը:
Չնայած Կոմիտասի անգնահատելի մեծ դերին՝ նրա ստեղծագործական ժառանգությունն ու անձնական իրերն առ այսօր գտնվում են տարբեր կազմակերպությունների՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի արխիվներում և պահոցներում: 2013թ. մայիսի 30-ին ՀՀ նախագահը Կոմիտասի թանգարան-ինստիտուտ ստեղծելու առաջարկով հանդես է եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում: Թանգարան-ինստիտուտը կառուցվում է Կոմիտասի անունը կրող զբոսայգում գտնվող նախկին մշակույթի պալատի տեղում, որը անհատույց օգտագործման իրավունքով ՀՀ կառավարությանն է տրամադրել «Հայաստան» հիմնադրամը: Կառուցապատման ծախսը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջեմբերջյանի աջակցությամբ: Շենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է: Կոմիտասի թանգարան-ինստիտուտի շինարարությունը նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում: Այս նախաձեռնությունը մշակույթի ոլորտի 2014թ. գերակա ուղղություններից է: Ձեռնարկը կարևորվում է նաև այն հանգամանքով, որ այս տարի լրանում է Կոմիտասի ծննդյան 145-ամյակը, և 2014 թվականը հռչակվել է մեծ երգահանի տարի:
Աջակցություն են ստանում արտահանման ուղղություն ունեցող ընկերությունները
ՀՀ կառավարության որոշումներով Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի և «Գրինհաուզ» ընկերության կողմից ներմուծված 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետները երկարաձգվել են համապատասխանաբար մինչև 2017թ. օգոստոսի 25-ը և հուլիսի 10-ը: «Գլորիան» աշխատում է տոլինգային ռեժիմով, իտալական «Սարտիս» ֆիրմայի պատվերով կատարելով կարի ծառայություններ և ամբողջ արտադրանքն առաքելով Եվրամիության երկրներ: Ընկերությունը զգալի դեր է խաղում Լոռու մարզի զարգացման մեջ. ֆաբրիկայի աշխատակիցների 90 տոկոսը կանայք են:
«Գրինհաուզ» ՍՊԸ-ն նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել 30 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով տվյալ բնագավառի արդիական սարքավորումներով: Իրականացվելու է շուրջ 8.1 մլրդ դրամի ներդրում, սկսած 2015թ. տարեկան կարտադրվի 1.72 մլրդ դրամ արտադրանք, որի գերակշիռ մասը կարտահանվի ԱՊՀ և ԵՄ երկրներ:
Ձեռնարկվում են էներգահամակարգի ֆինանսական առողջացման միջոցներ
Դեռևս 1998թ. 11 ՊՓԲ ընկերությունների միացմամբ ստեղծվել է «Հայգազարդ» ՓԲԸ-ն. գազի համակարգի իրական ակտիվները ներդրվել են նոր ստեղծվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական և եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել «Հայգազարդի» հաշվեկշիռ: Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ նշված պարտքերն ու պարտավորությունները մարվելու են ընկերության մի շարք ակտիվներ, այդ թվում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 46.73 տոկոս բաժնեմասը ՀՀ կառավարությանը փոխանցելու եղանակով: «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարվելու է «Նաիրիտ-2» ՓԲԸ 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով: «Նաիրիտ-2» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին: Այսպիսով, «Հայգազարդ» ընկերության ակտիվների փոխանցմամբ մարվում են վերջինիս պարտավորությունները ՀՀ ֆինանսների նախարարության և «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ հանդեպ:
Գործադիրն իր որոշմամբ սահմանել է երկրաբանական տեղեկության տրամադրման և դրա հետ կապված մատուցվող ծառայությունների դիմաց վճարման կարգը, ինչը թելադրված է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի պահանջով:
Կանոնակարգվում է շահումով խաղերի գործընթացը
ՀՀ կառավարությունը 2013թ. վերջին «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի փոփոխությամբ սահմանել է, որ խաղային ավտոմատի շահագործումից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրված ընդհանուր մեծության նվազագույն չափը 86 տոկոսի փոխարեն պետք է լինի 90 տոկոս: Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսվում է շահումով խաղի կամ խաղատան գործունեություն կազմակերպել երկրի չորս քաղաքների վարչական սահմաններում՝ կրթական և պատմամշակութային օջախներից, վարչական շենքերից, հիվանդանոցներից կառավարության սահմանած հեռավորությամբ և չափանիշներին համապատասխան տարածքներում: Այդ չափանիշների պահպանման իսկությունը կարող է պարզվել միայն տեղում ստուգման ժամանակ: Գործադիրն իր նախկին որոշումը համապատասխանեցրել է փոփոխված օրենքին:

 

Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով գործադիրը հատկացրել է ավելի քան 4.5 մլն դրամ:
Կառավարությունը 5 մլն դրամ է տրամադրել «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ աշխատանքի վետերանների կոմիտեին՝ վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ևս 6 մլն դրամ՝ նրանց արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր հատկացնելու նպատակով:

 

Գործադրի որոշմամբ Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի 55ա հասցեում գտնվող տարածքը հանձնվել է Երևանի քաղաքապետարանին, որտեղ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ կկառուցվեն քաղաքային պուրակ և նախակրթարան:
Նիստում «Հայաստանի ազգային սկաուտական շարժում» ՀԿ կողմից Բյուրականի բնակավայրերի շինարարությունն իրականացնելու նպատակով հատկացվել է 127 մլն դրամ: ՀԿ-ն ամեն տարի կազմակերպում է համահայաստանյան միավորային բանակումներ, որոնց մասնակցում է ավելի քան 1000 երիտասարդ:
Օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ կառավարությունը քնարկել է «Վերահսկիչ պալատի մասին» և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանց առաջարկով կվերանա հրաժարականի դիմումը հետ վերցնելու վերաբերյալ նշված և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում ամրագրված ժամկետների տարբերությունը: Փաթեթի վերաբերյալ կառավարությունը սկզբունքային առարկություն չի ներկայացրել:
Գործադիրը դրական եզրակացություն է տվել նաև ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որի ընդունումը պայմանավորված է «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքի 104-րդ հոդվածում օգտագործվող հասկացություններին և ընդհանուր առմամբ այդ հոդվածի տրամաբանությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
Քննության է առնվել ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակներն ակնկալում են, որ իրենց օրենսդրական նախաձեռնությամբ Հայաստանում կներդրվի ուսումնական վարկավորման այնպիսի համակարգ, որը կվայելի ուսանողների պահանջարկը: Կառավարությունը նույնպես կարևորում է ուսանողների աջակցության անհրաժեշտությունը, սակայն ներկայացված օրենքների փաթեթի ընդունումը համարում է ոչ նպատակահարմար:
Նիստում քննարկվել է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը և որով առաջարկվում է վերացնել կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը, քանի որ դրա արժեքը բարձր է: Գործադիրը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ այն կնվազեցնի կուսակցությունների գործունեության թափանցիկությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ հարցեր
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Սիրիայի իրավիճակի պատճառով չի կարող իրականացնել Հալեպի համալսարանում հայոց լեզվի դասավանդում կազմակերպելու ծրագիրը, ուստի դրա համար նախատեսված մոտ 5 մլն դրամը կառավարության որոշմամբ ուղղվելու է Պրահայի Կարլի համալսարանում հայոց լեզվի, գրականության, պատմության դասընթացները ս.թ. սեպտեմբերից վերաբացելու նպատակին:
Կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկ ներառել Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը, որտեղ պահվում է 270 թանգարանային առարկա, հիմնականում Սարյանի գեղանկար և գծանկար աշխատանքները, որոնք ազգային մեծ արժեք ունեն:
Նիստում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը՝ 2016թ. ամառային զորակոչը, տարկետում է տրվել Սթենֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Հրանտ Ղարիբյանին:

Վերջին երեք ամսվա ընթացքում Իրանից արտահանվել է 57 մլն դոլարի գորգ

unnamedԻրանի գորգի ազգային կենտրոնի ներկայացուցիչ Համիդ Քարեգարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ, ըստ Իրանի մաքսային վարչության վիճակագրական տվյալների, վերջին երեք ամսվա ընթացքում Իրանից արտահանվել է 1000-ից ավելի գորգ, ընդհանուրը`  57 մլն դոլարի:
«Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների հետ` նկատվում է 23 տոկոս աճ»,-ասել է Համիդ Քարեգարը:

Իրանի գորգի ազգային կենտրոնի պատասխանատուն հույս է հայտնել, որ քաղաքական դաշտում համեմատական կայունությունն ու բարելավումը կնպաստեն Իրանի ձեռագործ գորգերի արտահանման ծավալների մեծացմանը:

ԱՄՆ իրանական գորգի ներկրման շրջփակումը, արտահանման ծախսերի մեծացումը, ինչպես նաև արաբական որոշ երկրներում քաղաքական անկայունությունները վերջին տարիներին Իրանի գորգի արտահանման ծավալների կրճատման գլխավոր պատճառներից են եղել:
Ուշագրավ է, որ անցյալ տարի ձեռագործ գորգերը Իրանի արտահանվող ապրանքերի ցուցակում 21-րդ տեղն են զբաղեցրել: Արտահանվող գորգերի 1 կգ-ի միջին արժեքը եղել է 61,7 դոլար:

2013-ին իրանական գորգերը  հիմնականում արտահանվել են Գերմանիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ճապոնիա, Լիբանան, Իտալիա, Անգլիա, Պակիստան, Կատար, Շվեդիա և Շվեյցարիա:

Ընդհանուր առմամբ, իրանական գորգերն արտահանվում են 8 տասնյակից ավելի երկրներ:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 

Անկախ