Այլընտրանքային բիզնես գաղափարը կփրկի՞ Աֆրիկյանների շենքը

Աֆրիկյանների շենքԱֆրիկյանների շենքը կամաց-կամաց վերանում է Տերյան 11 հասցեից, մինչդեռ պայքարող քաղաքացիները չեն պատրաստվում հանձնվել: Նրանք ամեն օր նորանոր ակցիաներ են կազմակերպում՝ ներգրավելով մտավորականներին, հասարակական ակտիվ շերտերի ներկայացուցիչներին:

Սրան զուգահեռ` այս օրերին մամուլում շրջանառվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ԱԺ գարնանային նստաշրջանի վերջին քառօրյայի ժամանակ քննարկման է դրվել պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի կողմից:

Արփինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրենսդրական նախաձեռնոթյան համար հիմք է ծառայել մի շարք ՀԿ-ների կողմից բարձրացած խնդիրը, ըստ որի` գործող օրենքը որոշակի հակասության մեջ է ՀՀ կողմից վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի հետ:

Արփինե ՀովհաննիսյանԳործող օրենքն ասում է, որ հուշարձանը կարող է տեղափոխվել բացառիկ դեպքերում՝ չմանրամասնելով, սակայն, այդ բացառիկ դեպքերը, որոնք իր հերթին սահմանում է կառավարությունը՝ որոշակի նյութական պահպանության կամ քաղաքաշինական նպատակների հետ պայմանավորված:

Նոր օրենքով նախատեսվում է խստացնել տեղափոխման կարգը՝ օրենքում ամրագրելով կոնվենցիայի այն դրույթը, որ հուշարձանը կարելի է տեղափոխել միայն այն դեպքում, երբ վնաս է սպառնում դրա նյութական պահպանությանը կամ  առկա է կորստի վտանգ, և ուրիշ ոչ մի դեպքում: Այսինքն` օրենքը համապատասխանեցնում են միջազգային կոնվենցիայի դրույթին:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ նախագիծը գրեթե մեկ տարի է՝ քննարկումների փուլում է. նախորդ տարվա նոյեմբերի 1-ին տեղի են ունեցել լսումներ, որին հրավիրված են եղել մասնակցելու նաև տարբեր հասարակական կազմակերպություններ, որոնց կողմից ստացված առաջարկների հիման վրա էլ կատարվել են լրամշակումներ:

Ինչ վերաբերում է օրենքի փոփոխության դեպքում դրա հետադարձ ուժի կիրառմանը, ապա պատգամավորը հիշեցնում է, որ օրենքը խստացնող է, ուստի այն հետադարձ ուժ ունենալ չի կարող:

Փաստորեն, եթե անգամ օրենքը փոփոխվի ու խստացվի, դա, օրինակ, Աֆրիկյանների շենքի համար որևէ նշանակություն ունենալ չի կարող:

Պատգամավորը հիշեցնում է, որ Կոնվենցիան և միջազգային պայմանագրերը նույնպես հետադարձ ուժ չունեն:

Նշենք, որ Աֆրիկյանների ակումբը տեղափոխման ենթակա պատմամշակութային հուշարձանների ցանկում է մտցվել դեռևս 2004 թ. կառավարության որոշմամբ: Դրանից չորս տարի հետո միայն՝ 2008 թվականին է Հայաստանը վավերացրել Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, որի հոդվածներից մեկն ուղղակիորեն արգելում է պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, եթե այն չի բխում կառույցի պահպանման անհրաժեշտությունից:

Արփինե Հովհաննիսյանը զերծ մնաց Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ այդ գործի թղթային բազան իր ձեռքի տակ չէ, և հնարավորություն չի ունեցել ուսումնասիրելու: Սակայն նշեց, որ ընդհանրապես այդ ոլորտի հետ կապված խնդիրը համարում է բավականին զգայուն՝ հատկապես մշակութային ժառանգություն ունեցող երկրների համար: «Յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակի համար կա կոնկրետ լուծում, նախ պետք է գնահատել դրա նպատակային հարցը: Բարդ է ասել՝ Աֆրիկյանների շենքի ապամոնտաժման դեպքում պատճառն օբյեկտի՞վ է, արդարացվա՞ծ է, թե ոչ: Համենայնդեպս, այսօր իրավական տեսանկյունից բոլոր հիմքերը կան շենքը տեղափոխելոււ»,-նշեց պատգամավորը:

Սարհատ Պետրոսյան«Ուրբան Լաբ Երևան» հասարակական կազմակերպության նախագահ, ճարտարապետ, Աֆրիկյանների շենքի քանդման դեմ պայքարող ակտիվիստ Սարհատ Պետորսյանը հակադարձում է պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի այն պնդմանը, թե հասարակական կազմակերությունների շրջանում նախագծի քննարկման վերաբերյալ լայն իրազեկում է տեղի ունեցել: «Շահագրգիռ կողմը մեր կազմակերպությունն է, կոնվենցիայի խախտումը մենք ենք հայտնաբերել և դեռևս 2012 թվականին մեր կազմակերպությունն է հանդես եկել նման առաջարկով և դիմել ԱԺ բոլոր խմբակցություններին, որ օրենքում փոփոխություններ կատարվեն, սակայն երբևիցե մենք չենք հրավիրվել նման քննարկման»,-ասաց նա:

Օրենքը կոնվենցիային համապատասխանեցնելը, ըստ Սարհատ Պետրոսյանի, մարդկանց աչքերին «թոզ փչելու» եղանակ է. «Իրենք կոնվենցիան խախտում են, հետո կոնվենցիայի տեքստը մտցնում են օրենքի մեջ, որ հետագայում ասեն՝ մենք այն ժամանակ օրենքում նման դրույթ չունեինք, հիմա ունենք: Սա ժուլիկություն է: Օրենքը խստացնելով՝ հարցը չի լուծվում, քանի որ կոնվենցիան արդեն իսկ այդ պահանջը դրել է, իսկ միջազգային կոնվենցիաները օրենքից ավելի ուժեղ են»:

Այժմ, երբ ի հեճուկս պայքարի բոլոր մեթոդների, Աֆրիկյանների շենքն այնուամենայնիվ, ապամոնտաժվում է, Սարհատ Պետրոսյանը Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանության և վերօգտագործման այլընտրանքային տարբերակ է առաջարկում, որն ուղղված է շենքի տեղում կառուցվելիք հյուրանոցի սեփականատիրոջը: Նա համոզված է, որ եթե առաջարկն ընդունվի, ապա այն կարող է հիանալի բիզնես-գաղափար լինել՝ մեծ բիզնես շահույթով:

«Մենք առաջարկում ենք Աֆրիկյանների շենքը պահպանել իր տեղում՝ դարձնելով այն նախատեսվող կառույցի մաս և դրանով իսկ ավելացնելով նրա արժեքը որպես Հայաստանում նախադեպը չունեցող մի հյուրանոց»,-ասում է նա:

Ճարտարապետը հիշեցնում է, որ նման լուծումներ հաջողությամբ իրականացվել են աշխարհի բազմաթիվ պատմական հուշարձանների դեպքում: Եվրոպական երկրների օրինակներից զատ, նա ներկայացնում է հարևան Վրաստանի մայրաքաղաքի սրտում գտնվող «Մարիոտ» հուրանոցի շենքը, որը կառուցել է հայ մեծ բարերար Միքայել Արամյանցը:

 

«Այդ շենքը բացվել է 1915-ին, մինչդեռ Աֆրիկյանների շենքի ճակատին առկա է «1914» թվական նշումը։ Իսկ Բաքվում որևէ բարձրակարգ հյուրանոց պատմական շենքում չի գտնվում: Փաստորեն, եթե այս առաջարկն ընդունվի, Աֆրիկյանների շենքի վայրում կառուցվող հյուրանոցը Անդրկովկասում կդառնա ամենահինը՝ լուծելով ոչ միայն Աֆրիկյանների շենքի պահպանման և դրա հետ կապված հարակից խնդիրները, այլև կնպաստի սեփականատիրոջ հեղինակության բարձրացմանը և բիզնես շահույթի ավելացմանը»:

Մնում է, որ տարածքի սեփականատիրոջը գրավի հնամյա շենքի պահպանման այլըտրանքային բիզնես առաջարկի հմայքը:

 

Անի Գասպարյան

 

Անկախ

«Քանդելուն միտված բոլոր պատճառներն անընդունելի են». ՀԽ ազգային արժեքների ենթահանձնաժողով

IMG_0964ՀՀ Հանրային Խորհրդի Կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողովի Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի  2014 թ.  հունիսի  27-ի  նիստի 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

Ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկի՝ Աֆրիկյանների տան քանդման վերաբերյալ

 

      Ենթահանձնաժողովը պարզեց.

Երևանի Տերյան 11 (13) հասցեում գտնվող Աֆրիկյանների տունը 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի երևանյան քաղաքացիական ճարտարապետության լավագույն մեզ հասած նմուշներից է։ Այն ներառված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում որպես հանրապետական նշանակության հուշարձան (թիվ 204), որն ընդունվել է ՀՀ կառավարության կողմից 7.10.2004-ի 1616-Ն որոշմամբ։

Միևնույն ժամանակ, նույն որոշման հավելված 2-ում հայտնվել են թվով 14 հուշարձաններ, որոնք ենթակա են տեղափոխման, քանի որ դրանք, գտնվելով քաղաքի կենտրոնական հատվածում, «խանգարում» են քաղաքաշինական ծրագրերի։

Պահպանված և մեզ հասած շինությունն աչքի է ընկնում հարուստ զարդաքանդակներով: Իսկ շինության արժեքի մասին են խոսում նաև ներքին բակին հարող ճակատների սրբատաշ քարերն ու մասամբ պահպանված փայտյա «ասեղնագործ» պատշգամբները:

Գտնվելով բազմաթիվ նմանատիպ հուշարձանների քանդման պատճառ հանդիսացած Հյուսիսային պողոտայի շրջակա տարածքում՝ այն այսօր Տերյան փողոցի կողմից հայտնվել է հետխորհրդային տարիներին կառուցված բնակելի շենքերի խմբի մեջ։ Սակայն Պուշկին փողոցի կողմից այն գտնվում է համարժեք միջավայրում, քանի որ այդ մասում առկա են Աֆրիկյանների կողմից կառուցված մեկ այլ նույն ժամանակշրջանին թվագրվող Առաքել Աֆրիկյանի բնակելի շենքը (ճարտ. Վ Միրզոյան), նախկին արտակարգ իրավիճակների նախարարության շենքը (ճարտ. Ա. Թամանյան), ինչպես նաև մի շարք այլ միջավայրային կարևորություն ունեցող շենքեր։

Աֆրիկյանների տան (կամ ակումբի, ինչպես կարելի է հանդիպել տարբեր աղբյուրներում) տեղափոխման վերաբերյալ խոսակցություններ եղել են նաև նախկինում, սակայն միայն նախորդ շաբաթ  ձեռնարկվեցին գործնական քայլեր իրականացնելու համար շենքի «տեղափոխման» ուղղությամբ։

Այդ գործողությունն իրականացվում է երկու հիմնավորմամբ.

  1.  Իբրև թե`  «Հին Երևան» նախագծի  շրջանակում այն վերականգնելու ուղղությամբ,

2.  Տերյան փողոցի լայնացման նպատակով։

Սակայն այս երկու «հիմնավորումներն» էլ չեն դիմանում քննադատության, քանի որ.

Բացի այն, որ «Հին Երևան» նախագծի մասին խոսվում է արդեն ավելի քան 10 տարի, սակայն որևէ գործնական քայլ չի իրականացվել, իսկ իրականացվելու դեպքում`  այն չի համապատասխանում քաղաքային (մայրաքաղաքային) ճարտարապետության պատմության պահպանման արժեհամակարգին ու պատմաճարտարապետական հուշարձանների և նրանց պատմական միջավայրի համատեղելիության չափորոշիչներին, «Հին Երևան»-ի նախագիծը դիտվում է որպես   արդի ժամանակի խոշոր մասշտաբի բիզնես-թաղամաս և այն չի կարող լինել հին Երևանը վկայող կամ ներկայացնող ու չի համապատասխանում շրջակա միջավայրին, կողքերի բարձրահարկ շինություններին:

«Հին Երևան» նախագծի աննպատակահարմարության մասին առկա են նաև կարծիքներ մասնագետների շրջանում, ըստ որոնց` այդ միջավայրն էականորեն տարբերվում է նախկինում եղածից, քանի որ հենց այդ նույն տարածքում առկա են բազմաթիվ նորակառույցներ։

Ինչ վերաբերվում է փողոցի լայնացմանը, ապա դա կարելի է ապահովել թե՛ երթևեկելի հատվածի նեղացմամբ, թե՛ Տերյան փողոցում գտնվող բնակելի նորակառույցի մասնակի քանդման միջոցով։

Սակայն,  այս պատճառաբանությունը ևս չի համապատասխանում իրականությանը, քանի որ, ըստ նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի, այնտեղ պետք է կառուցվի հյուրանոց: Այսինքն` ստացվում է, որ  քանդում են ճարտարապետական եզակի հուշարձանը, որպեսզի տեղում կառուցեն ժամանակակից հյուրանոց: Սա նշանակում է, որ տեղի է ունենում խաբեություն:

Անկախ բերվող փաստարկներից, Աֆրիկյանների տան քանդումն ու տեղափոխումը հակասում է ՀՀ օրենքներին  և Հայաստանի կողմից վավերացրած միջազգգային փաստաթղթերին, մասնավորապես` «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ  հոդվածն ուղղակիորեն արգելում է հուշարձանի քանդումը: Իսկ ՀՀ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում պատմա-մշակութային հուշարձանի քանդման համար` ընդհուպ մինչև 5 տարի ազատազրկմամբ:

Մասնավորապես այն փաստով, որ 21.10.2008 թվականին Ազգային ժողովը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան որի 5-րդ հոդվածում նշված է. «Յուրաքաչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել..»: Հարց է առաջանում. Ինչու՞ չի կատարվում կոնվենցիայի պահանջը: Ավելին` կառավարության 1616-Ն որոշման հավելված 2-ը արդեն հակասում է նշված կոնվենցիային:

Սակայն, կարծես թե արհամարհելով բոլոր օրինականությունները,  ձեռնարկվեց այս եզակի կառույցի քանդումը, որը հանդիսանում է նաև փայտի ճարտարապետության պահպանված եզակի նմուշ, և  քանդելով այն՝ ոչնչացնում ենք այդ ճարտարապետության հետքերը:

Հունիսի 23-ին քանդումն իրականացնող «Միլենիում Քոնսթրաքշն» ՍՊԸ–ի տնօրեն Հարություն Թադևոսյանին և Երևանի քաղաքային ոստիկանության քննչական բաժնի պետ Վ Մեսրոպյանին են հանձնվել  Մշակույթի նախարարության կողմից շենքի ապամոնտաժումը կասեցնելու որոշումները (թիվ 151 և  թիվ 152) : Սակայն, ապօրինի քանդումը շարունակվում է առ այսօր:

Իրագործելով  նման հուշարձան-շինությունների քանդումը կամ տեղափոխումն այլ տեղ՝ մենք և մեր մայրաքաղաքը  կորցնում ենք  19-20 րդ դարերի ժառանգությունը:

Երևան քաղաքի ամբողջ պատմությունն աղավաղվում է: Եվ, եթե ոչ տասնյակ, ապա հարյուրավոր տարիներ անց  կասկածի տակ է առնվելու  մայրաքաղաք Երևանի  պատմությունը:

Քանդելուն միտված բոլոր պատճառներն անընդունելի են, քանի որ գերակա է պատմության, հուշարձանի շահը:

Ելնելով վերոգրյալից՝ Հանրային Խորհրդի Ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների  ենթահանձնաժողովը, ընդառաջ գնալով հասարակության ներկայացուցիչների պահանջին, նախաձեռնելով այս հարցի քննարկումը,  որոշում է.

Դիմել ՀՀ  Մշակույթի նախարարությանը,  ՀՀ Քաղաքաշինության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին`  հետևյալ առաջարկություններով.

1.  Դադարեցնել Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների բնակելի տան ապամոնտաժումը:

2. Անհապաղ կերպով քայլեր ձեռնարկել շենքի մնացած մասի կոնսերվացման ուղղությամբ փրկելու համար այն հետագա քայքայումից:

3.  Քանդված մասի քարերը, որոնք տարվել են այլ տեղ, հետ բերել և նույն տեղում (նույն տարածքում) վերականգնել Աֆրիկյանների տան (ակումբի)  ամբողջականությունը:

4. Ապահովել հուշարձանի ամբողոջական (այդ թվում և ներքին տարածության) պահպանությունն ու ինտեգրումը քաղաքի այդ հատվածում իրականացվող քաղաքաշինական ծրագրերին:

5. Բոլոր քաղաքաշինական ծրագրերում հաշվի առնել այս շինության գեղարվեստական ու ճարտարապետական արժեքն ու ապահովել դրա շրջակայքում նույն ժամանակաշրջանին  թվագրվող  շինությունների  պահպանումը։

6.  Չեղյալ համարել հուշարձանների այլ տեղ տեղափոխելու որոշումները և միջոցներ ձեռնարկել բոլոր հուշարձանների պահպանման ու ամրակայման համար:

7. Վերահաստատատել հուշարձանների տեղափոխման հակամշակութային գործընթացի անթույլատրելիության փաստ, ու դադարեցնել այդ անընդունելի ավանդույթը Հայաստանում, բոլոր հուշարձանները համարել անձեռնմխելի:

8.    Համապատասխան քննարկման ներկայացնել  և չեղյալ համարել  «Հին Երևան» նախագիծը կամ այն ընդունել որպես  նոր տիպի թաղամասի նախագիծ ու կառուցել Երևան քաղաքի որևէ ծայրամասում, որի դեպքում  քաղաքը կդառնա գրավիչ :

ՀՀ ՀԽ Պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովի նախագահ`  

Ժասմեն Ասրյան

    27  հունիսի, 2014 թ.     

Անկախ

 

 

 

 

 Անկախ

Աֆրիկյանների շենքից գողացված և պղծված քարերի քանակը արդեն հասել է 30-ի. Սարհատ Պետրոսյան

Աֆրիկյանների_ակումբ_1«Երկու շաբաթ  է, ինչ Աֆրիկյանների տանը ակտիվ կերպով տեղի է ունենում ապամոնտաժում, այլ կերպ ասած` քանդում: Շաբաթ օրը Մշակույթի նախարարության մի քանի անդամներ եղան շենքի բակում և արգելեցին աշխատանքեր կատարելը, սակայն այսօր քանդման աշխատանքները վերսկսվել են», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարհատ Պետրոսյանը` ընդգծելով, որ շենքը տեղափոխելու մասին Կառավարության 2004 թվականի որոշումը անօրինական է, քանի որ 2008 թվականին Հայաստանը վավերացրել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան է, ըստ որի,  յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող որևէ հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը, բացի այն դեպքի, երբ այդպիսի հուշարձանի նյութական պահպանությունը սպառնալիքի տակ է:

Պատմամշակութային հուշարձանների շարքում ընդգրկված Աֆրիկյանների շենքից գողացված և պղծված քարերի քանակը արդեն հասել է  30-ի:

Սարհատ Պետրոսյանը չի հավատում պատկան մարմինների հայտարարությանը ,թե շենքը տեղափոխվելու է  «Հին Երևան» թաղամասում վերականգնելու նպատակով. «Այդ թաղամասը 2005 թվականից կառուցվում է և դեռ հույս չկա, թե կավարտվի դա: Վերջին 15 տարվա ընթացքում ոչ մի տեղափոխված շենք մեկ այլ վայրում չի կառուցվել: Պատմամշակութային արժեք ունեցող 29 շենք է ավերվել: Աֆրիկյանների շենքը վերջին մոհիկանների շարքում է», -ասաց նա:

Իրավաբան Անի Վարդանյանը տեղեկացրեց, որ «Պահպանենք Աֆրիկյանների տունը» քաղաքացիական նախաձեռնության անունից Հայաստանի Հելսինկյան կոմիտեն և ուրբանլաբ Երևան ՀԿ-ը հայց են ներկայացրել ՀՀ վարչական դատարան, դատարան Հաստատել` Երևանի քաղաքապետի և ՀՀ կառավարության որոշումների առ ոչինչ լինելը:

Իրավաբանը նաև միջնորդություն է ներկայացրել, որ մինչև դատարանի կողմից որոշում կայացվելը դադարեցվեն շենքի ապամոնտաժման աշխատանքները:

 

Յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա իր օգտագործման կարգը. Սաշուր Քալաշյան

DSC09361“Մշակույթի ոլորտը այսօր ամենախոցելին է հանրապետությունում: Հաճախ ենք կորցնում հուշարձաններ կամ տեսնում, թե ինչպես են դրանք աղավաղվում: Խնդիրն այն է, որ իրողությունը կատարվում է և միայն դրանից հետո ենք տեղեկանում դեպքի մասին: Մեր երկրում նման հարցերը մեկ օրում կամ մեկ ժամում են որոշվում՝ առանց հաշվի առնելու մասնագետների կարծիքը”, -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկելով Զվարթնոցի տաճարի և Աֆրիկյանների շենքի հետ կապված խնդիրները, հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը

“Բացասական եմ վերաբերում քանդել և ինչ-որ տեղ հավաքելու տարբերակին: Նման պրակտիկա չկա: Օրենքով էլ սահմանված է, որ հուշարձանը կարելի է տեղափոխել բացառիկ դեպքերում՝ երկրաշարժերի կամ բնական պայմանների պատճառով: Հուշարձանի տեղափոխումն, ըստ մեր օրենքի, անօրեն է”, – ասաց պարոն Քալաշյանը:

Այն հարցին, թե ժամանակը չէ, որ Մշակույթի նախարարությունը Աֆրիկյանների շենքի՝ առանց հատուկ թույլտվության քանդման գործով դիմի իրավապահ մարմիններին, Սաշուր Քալաշյանը պատասխանեց. “Եթե Մշակույթի նախարարությունը դեռևս թույլտվություն չի տվել, դա նշանակում է դեռ նախագիծ չկա, պետք է երաշխավորություն ունենա, որ պիտի ինչ-որ տեղ պահպանվի: Պատվիրատուն պիտի լուծի այդ հարցերը նախ: Ապօրինությունը մնում է ապօրինություն”:

Սաշուր Քալաշյանը ընդգծեց, որ հուշարձանների անմխիթար վիճակը ընդհանուր է Հայաստանի բոլոր քաղաքների համար:

Անդրադառնալով Զվարթնոցի տաճարում տեղի ունեցած միջադեպին` Սաշուր Քալաշյանն ասաց. «՜Յուրաքանչյուր հուշարձան պետք է ունենա իր օգտագործման կարգը: Եթե Զվարթնոցի պարագայում նշված լիներ, թե ինչ բնույթի միջոցառումներ են կարելի և ինչը ոչ, այսպիսի միջադեպի ականատես չէինք լինի: Հուշարձանի անձնագրում պետք է գրված լինի, որ  խնջույքներն ու միջոցառումներն արգելվում են, իսկ խախտման դեպքում հսկողը տեղական ինքնակառավարման մարմինն է: Նմանատիպ միջոցառումները զբոսաշրջիկներին չպետք է խանգարեն տեսնելու հուշարձանը:  Օրենքը դա պետք է կարգավորի, միջոցառումը, գուցե, հարող տարածքում արվի, բայց ոչ բուն հուշարձանի տարածքում»:

 

Սաշուր Քալաշյանի հետ համաձայն է գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նա նույնպես համակարծիք է, որ Երևանը կորցնում է իր դեմքը. “Արդեն կորցրել ենք Սևանի, Դվինի հյուրանոցները Երիտասարդական պալատը, սակայն դրանց փոխարեն նոր կառույցներ չեն շինվում, որպեսզի գոնե կորստի ցավը մի քիչ մեղմվեր: Գոնե մի հատված հին Երևանից պետք է պահպանել”:

Անկախ