Երևան քաղաքում ժ.24.00-ից հետո աշխատելու թույլտվություն չստացած 32 գիշերային ակումբների ցանկը

Ի պատասխան «Բարև Երևան» խմբակցության նամակի, Քաղաքապետի ստորագրությամբ օգոստոսի 1-ի թիվ 01/05-45846հ գրությամբ տրամադրվել է Երևան քաղաքում ժ.24.00-ից հետո աշխատելու թույլտվություն չստացած 32 գիշերային ակումբների ցանկը:

Գիշերային ակումբներԳիշերային ակումբ

 

Հարգանքներով՝

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Ընտրակաշառքը մեր քաղաքացիներին լսելն ու նրանց մտահոգությունները փարատելով գործելն է

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը և որպես Երևան  մայրաքաղաքի քաղաքապետ և Հայ տղամարդ, ով ունի 5 անկրկնելի զավակ, հետևություն անել:

Բախշյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր   Երևանի ավագանու  «Բարև Երևան»  խմբակցության  անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը ներկայացվում է ստորև:

 

Հարգելի պարոն Մարգարյան,

 

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը և որպես Երևան  մայրաքաղաքի քաղաքապետ և Հայ տղամարդ, ով ունի 5 անկրկնելի զավակ, հետևություն անել: Տեսեք, թե որքան անկեղծ ու խոր մտահոգություններ ունեն մեր քաղաքացիները և որքան  ցավ կա նրանց խոսքի մեջ:

Համոզված եմ, որ Դուք ևս համամիտ եք նրանց ասածների հետ, հետևաբար անհրաժեշտ է ոստիկանության հետ  այնպես համագործակցել, որպեսզի, մասնավորապես այդ «Աֆրոդիտե»  բարի կամ նման ծառայություններ առաջարկող կարոկե ակումբների «Առանձնասենյակ, 1000 դրամ»  արատավոր  երևույթը վերացվի: Սա բխում է նաև Ձեր երեխաների, մեր երեխաների, մեր երիտասարդության շահերից, որոնց դաստիարակության  պատասխանատուն նաև Դուք եք: Հիշո՞ւմ եք, թե  մեր  թաղամասի  այգու  բացմանը մի 8-9 տարեկան տղա ինչ ասաց: Ասաց, որ ուզում է նմանվել Ձեզ, սա շատ պարտավորեցնող ցանկություն է Ձեզ համար, Դուք, փաստորեն օրինակ եք մեր երեխաների համար, դրան պետք է արժանանալ  գործով, մասնավորապես http://www.1in.am/1367680.html  այս տեսանյութում մեր քաղաքացիների կողմից հնչած մտահոգությունները  վերացնելով: Սրանից լավ ընտրակաշառք չի կարող լինել:

 

Շնորհակալություն համագործակցության համար:

 

Անահիտ Բախշյան

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

 

 

«Բարև Երևան» խմբակցության հայտարարությունը Անաստատ Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ

«Բարև Երևան» դաշինք30 մայիսի 2014, Երևան: Այսօր Երևանի ավագանու նիստում «Բարև Երևան» խմբակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ստորև.

 

«Հարգելի գործընկերներ,

 

Երևանի ավագանու ապրիլի 30-ի նիստում ավագանին ընդունեց մի որոշում, որով Երևան համայնքի բնակիչների համար սահմանեց տեղական ինքնակառավարման մարմնի կողմից այս կամ այն որոշումն ընդունելու իրենց մասնակցության կարգը: Նույն օրը Երևանի ավագանին առանց    բնակիչներին իրազեկելու, նրանց  կարծիքը հարցնելու համաձայնություն տվեց  Երևանի փողոցներից մեկում կանգնեցնել Կոմունիստական կուսակցության գործիչ, մարդկության դեմ ստալինյան ոճրագործության մասնակից Անաստաս Միկոյանի մահարձանը: Արձանի տեղադրման թույլտվությանը «կողմ» քվեարկած ավագանու անդամները կա՛մ անտեղյակ են բռնարարքներին մեղսակից ու հակահայ այս կոմունիստական գործչի անցյալին, կա՛մ իմանալով, բայց  չընդվզելով դրա դեմ, իրենց քայլով արժևորեցին ինչպես  հայերի, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչների գնդակահարությունները, մարդկության դեմ հանցագործությունները…

 

Չի բացառվում, որ ավագանու նիստին ներկաներից շատերի պապերը նույնպես ենթարկվել են Ստալինի, Բերիայի, Միկոյանի և մյուս  հանցակիցների բռնություններին ու մահապատժի… Քաղաքակիրթ պետությունները կանգնեցնում են պետական, հանրային, մշակութային այն գործիչների արձանները, որոնք իրենց գործունեությամբ օրինակելի են եղել ազգի, պետության համար, իսկ նրանց մեծ ու փոքր սխրանքները ուսանելի եւ ընդօրինակման ենթակա են մատաղ սերնդի դաստիարակության գործում:

 

Անցած 1 ամսվա ընթացքում Միկոյանի մասին լսեցինք, կարդացինք, դիտեցինք  հանրության մեծամասնության համար նախկինում անծանոթ շա՜տ նյութեր, որոնց գերակշիռ մասը խիստ բացասական նստվածք է թողել շատերի վրա: Որոշ անձինք եթե սկզբում համարձակորեն հրապարակավ պաշտպանում էին արձանի տեղադրման մասին  որոշումը, ապա  վերջին օրերին պարզապես գերադասում են չխոսել: Հանրային կարծիքն  ակնհայտորեն  դեմ է Երևանում Միկոյանի արձանի տեղադրմանը: Վիճակը շտկելու և մեր որոշումը վերանայելու  համար կա մեկ ճանապարհ՝ չեղյալ հայտարարել ապրիլի 30-ի որոշումը, և  այդ  նպատակով կոչ ենք անում ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ համատեղ ստեղծենք  ավագանու որոշման նախագիծ, որով չեղյալ կհայտարարվի ապրիլի 30-ի ավագանու որոշումը:

 

 

Կարծում ենք՝ որպեսզի ավագանու մոտակա նիստին նախագիծը ընդգրկվի օրակարգ, ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները կարձագանքեն հնարավորինս արագ»:

Երևանի քաղաքապետի խոսքի և գործի հերթական հակասությո՞ւնը

Տիգրան Պետրոսյանի այգի 1Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող կանաչապատ տարածքի ոչնչացման մասին հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասված է.

«Սույն թվականի ապրիլի 30-ին Երևանի ավագանին ընդունեց կարևոր որոշում Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի մասին, որն անթերի չէ, բայց այնուամենայնիվ  որոշման ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁևԵՐԸ և  ՄԻՋՈՑՆԵՐԸ 2-րդ գլխի 4-րդ կետում  որպես ձևերից մեկ   ամրագրված է  համայնքի տարածքում հարցումների անցկացման կազմակերպումը և բնակիչների առաջարկությունների ներկայացման հնարավորությունը:

Երևանի  Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի  հարակից  տարածքի բնակիչները 70 ստորագրություւներով դիմել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետին, ՀՀ ՄԻՊ պաշտպանին, Ձեզ, տիկին Դանիելյանին և ինձ  այն մասին, որ  այդ կանաչ տարածքում  եռահարկ կառուցելու շինարարական աշխատանքների թույլտվություն է նույնիսկ տրված: Ո՞ւր մնաց ավագանու որոշումը և  ե՞րբ է այն սկսելու կիրառվել, եթե ոչ՝ այս դեպքում:

Երևանի  Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17, 19, 21 շենքերի  հարակից տարածքում գտնվող բնակիչների կողմից  ստեղծված  միակ կանաչ  տարածքը, ըստ իրենց նամակի, ինտերնետային հայտարարությամբ հունվար ամսից դրված է վաճառքի 110.000 $ -ով:

Ձեր նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ տարածքի բնակիչներին ընտրվելու դեպքում  խոստացել եք. «Ոչ մի քար քարի վրա չի դրվի կանաչ գոտու հաշվին» և անընդհատ հայտարարում եք այս մասին:

Նամակին կից  ուղարկել են  նաև կանաչ տարածքի լուսանկարները:

Առաջնորդվելով ավագանու կայացրած վերոնշյալ որոշմամբ՝ խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.

Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17,19,21 շենքերի բնակիչները պատշաճ կերպով իրազեկվե՞լ  են  տարածքը աճուրդի դնելու մասին,

  • կազմակերպվե՞լ է   հարցում իրենց կարծիքն իմանալու մասին,
  • Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 17,19,21 շենքերի հարակից կանաչ տարածքը դրվե՞լ է աճուրդի,
  • կայացե՞լ է աճուրդը,
  • տրվե՞լ է տարածքի կառուցապատման շինթույլտվությունը:

Պարոն Մարգարյան, հարցերը հրատապ պատասխան են ակնկալում»:

Տիկին Բախշյանը նամակի վերջում շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և կից ներկայացրել 70 ստորագրությունների ցանկը:

Գուցե նույն ինքը՝ Մհեր Սեդրակյա՞նն է թիվ 70 դպրոցի տնօրենի հովանավորը

Անահիտ ԲախշյանԱյսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակ է հղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի թիվ 70 դպրոցի տնօրենի՝ աշխատանքից ազատվելու մասին: Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ապրիլի 22-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի թ.70 հիմնական դպրոցի տնօրեն Հեղինե Շափաղաթյանը, ով 2011թ. նոյեմբերին որպես տնօրեն աշխատանքային պայմանագիր է կնքել Ձեզ հետ ու անցած 2,5 տարիների ընթացքում հասցրել է թ.70 ՊՈԱԿ-ի կնիքով իրականացնել տարբեր անօրինական ֆինանսական գործարքներ, որոնք հակացուցված են ուսումնական հաստատության տնօրենի համար:

Տնօրենի անօրինական գործողությունները ոչ միայն չեն բացահայտվել Երևանի քաղաքապետարանի հանրակրթության և ֆինանսական վարչությունների կողմից, այլև ԶԼՄ-ների հրապարակումներից, դատարանի վճռից և իմ կողմից հանցագործության մասին հաղորդումից հետո, երբ մինչև վերջ բացահայտվեց արկածախնդիր, կրթօջախի տնօրենին հակացուցված կերպարը, նրան առնվազն աշխատանքից ազատելու փոխարեն տվեցին սուս-փուս դիմում գրելու ու գնալու հնարավորություն:

Չեմ կարող զուգահեռ չանցկացնել Երևանի թ.17 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու և այս տնօրենին իր դիմումի համաձայն ազատելու դեպքերի միջև: Առաջինի դեպքում տնօրենը, ըստ Ձեր հայտարարության, հարվածել էր մի աշակերտի, որն, իհարկե, երբեք խրախուսելի չէ,  պարզվեց՝ Մհեր Սեդրակյանի հովանավորյալն էր, երկրորդն էլ ոտնձգություններ է կատարել պետական բյուջեի նկատմամբ, սակայն Ձեր կողմից թույլ տրվեց իր դիմումի համաձայն ազատվել, որովհետև, թույլ տվեք եզրակացնել, որ այս դեպքում էլ տնօրենն էր հովանավորված նույն Մհեր Սեդրակյանի կամ չգիտեմ ում կողմից:

Հասարակությունն այս ամենը տեսնում և հասկանում է, ինչպես նաև  պահանջում է, որ բոլոր պետական պաշտոնյաները  օրենքին և օրինականությանը հետևելու օրինակ  ծառայեն, իսկ այս դեպքը ճիշտ հակառակի մասին է վկայում:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Սոցիալական փաթեթի անկատարության պատճառով ուսուցիչները բուժվելու փոխարեն ինֆարկտ են ստանալու

Անահիտ ԲախշյանՀՀ վարչապետ

Հովիկ Աբրահամյանին

Հարգելի պարոն  Աբրահամյան, ուսուցիչների բանակում շրջանառվում են լուրեր այն մասին, որ 2014 թվականին ուսուցիչներին տրվող սոցիալական փաթեթից հանվել է  առողջության համար տրվող գումարը: Անհասկանալիորեն փոխվել է  ուսուցիչների սոցիալական փաթեթների վճարման կարգը: Ինչպես տեղեկացել եմ, փաստորեն  յուրաքանչյուր 1 դրույք ունեցող  ուսուցչին տրամադրվող 132000 դրամից կամ 0.5 դրույքից ոչ պակաս ժամ ունեցող ուսուցչի 66000 դրամից համապատասխանաբար առողջության համար տրվող  52000 դրամ կամ 26000 դրամ  գումարը  կառավարությունը փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությանը, որը պետք է  տրամադրվի  ուսուցչին հավաստագրերի ձևով: Մինչ օրս  ուսուցիչները չգիտեն, թե երբ են ստանալու այդ հավաստագրերը: Ընդ որում, յուրաքանչյուր հիմնարկի տնօրենի հանձնարարությամբ ինչ-որ մեկը ձեռքով լրացնելու է  հավաստագրերը, որոնց մեջ տվյալ անձի մասին կպարունակվի  մեծաթիվ տեղեկատվություն և որևէ սխալի դեպքում հավաստագրի տերը ոչ միայն կընկնի քաշքշուկի մեջ, այլև բուժվելու փոխարեն՝ ինֆարկտ կստանա: Նշեմ նաև, որ թղթե հավաստագիրը քաղաքացին  մշտապես  իր գրպանում է պահելու, որովհետև  շտապ օգնության կարիք ունենալու դեպքում առանց այդ թղթի նրան բուժօգնություն չի տրվելու:  Իհարկե լուրջ մտահոգում է նաև այն հանգամանքը, որ բժշկական ապահովագրությունը սպասարկող բուժհիմնարկները պոլիկիկլինիկաների միջոցով պարտադրվելու  են մեր ուսուցիչներին:  Իսկ որքանո՞վ են նրանք վստահելի, այսինքն առողջության համար պետության կողմից տրվող գումարն իսկապե՞ս  ծառայելու է քաղաքացու բուժմանը, թե՞  բուժհիմնարկների համար այդ պետպատվերը լինելու է ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր,  իսկ քաղաքացին, չվստահելով այն բժշկին, ում մոտ գործուղել է պոլիկլինիկան, ստիպված է լինելու  իր գրպանից վճարել բուժման գումարը:

Ստացվում է, որ  պետությունն ուզում  է ապահովագրել աշխատող քաղաքացու առողջությունը, սակայն քաղաքացին չի ընտրելու ո՛չ ապահովագրող կազմակերպությունը, ո՛չ բժշկական հաստատությունը:

Վերջերս մեր խմբակցության գործավարն ու փորձագետը, որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ, ստացան իրենց  բժշկական ապահովագրության պլաստիկ քարտերն ու պայմանագրի ուղեցույցը, որը շատ օրինակելի  ու ավելի վստահելի է: Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանի բժշկական ապահովագրության փորձը տարածել  պետական մարմիններում աշխատող բոլոր այն անձանց համար, ովքեր ունեն սոցիալական փաթեթ:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

 Անկախ

Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից

«Բարև Երևան» դաշինքՄարտի 24-ին հետևյալ նամակն է ուղարկվել Երևանի քաղաքապետին:

 Հարգելի պարոն Մարգարյան,

 Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը Ձեզ հարց ուղղեց գազ սպառող երևանցիների շահերը «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ենթադրյալ մեքենայություններից պաշտպանելու մասին: Խնդրին ավելի հանգամանորեն ծանոթանալու համար Դուք պարոն Սաֆարյանին հորդորեցիք այն ուղղել գրավոր, ինչը և անում ենք այժմ, սակայն արդեն՝ խմբակցության անունից:

 Մարտի 8-ին «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր Վահան Մարտիրոսյանը ուշագրավ գիտափորձ է կատարել ու դրա տեսագրությունը ներկայացրել հայ հանրությանը (http://civilnet.am/gas-experiment-vahan-martirosyan-customers-rights-/). միևնույն շարժական գազօջախի վրա (նույն ռետինե խողովակով) և միևնույն օդի ու ջրի ջերմաչափերի, բարձրաչափի և ժամացույցի օգնությամբ 250մլ ջուր է եռացվել Երևանում և Վրաստանի Տետրի-Ցկարո քաղաքում, որը ծովի մակերևույթից իր բարձրությամբ հավասարազոր է Երևանի շատ վայրերի հետ: Երևանում այդ քանակությամբ ջուրը եռացել է 5 րոպե 53 վայրկանում՝ 25 հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին, իսկ վրացական Տետրի-Ցկարոյում՝ 3 րոպե 49 վայրկյանում՝ 17  հազարերորդական խորանարդ մետր գազի հաշվին: և սա այն դեպքում, երբ Հայաստանում սպառվող բնական գազի կալորիականություն է հայտարարվել 8200 միավորը, իսկ Վրաստանում՝ 8100 միավորը, չնայած փորձի արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանում կապույտ վառելիքի ջերմատվությունն ավելի ցածր է:  Պարզունակ, բայց համոզիչ այս գիտափորձի արդյունքներին հաստատելու են գալիս բնակչության, այդ թվում երևանցիների բազմաթիվ բողոքները, ինչպես նաև սպառած գազի համար մեր բոլորիս կատարած վճարների մեծությունը՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

 Բարձրացվող խնդրի լուծումը ակնհայտորեն չի գտնվում Երևանի քաղաքապետի կամ ավագանու լիազորությունների դաշտում, սակայն վերջիններիս գործունեությունը կարգավորող երկու հիմնական օրենքներ պարտավորեցնում են թե՛ քաղաքապետին, թե՛ ավագանուն պաշտպանել համայնքի բնակիչների շահերը: Այսպես.

  1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի  (Քաղաքապետի իրավական կարգավիճակը) 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքապետը` 2) ներկայացնում է Երևանը` որպես համայնք, ավագանին և քաղաքապետարանը այլ անձանց և մարմինների հետ հարաբերություններում».
  2. Նույն օրենքի 65-րդ հոդվածի (Քաղաքապետի հարաբերությունները գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ) 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքապետը գործադիր իշխանության հանրապետական մարմինների և դրանց Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերություններում`1) առաջարկություններ է ներկայացնում վերջիններիս իրավասությանը վերաբերող Երևանին առնչվող հարցերի վերաբերյալ. 2) գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպում է խորհրդակցություններ, հրավիրում է մասնակիցների ուշադրությունը Երևանին առնչվող խնդիրների վրա».
  3. Նույն օրենքի 22-րդ հոդվածի (Ավագանու իրավական ակտերը և դրանց ընդունման կարգը) 2-րդ մասի համաձայն՝ «Ավագանին Երևանի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս հարցերի առնչությամբ կարող է ընդունել ուղերձներ, հայտարարություններ` ուղղված Երևանի բնակչությանը, քաղաքապետին, պետական ու տեղական ինքնակառավարման այլ մարմիններին».
  4. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի (Համայնքի ղեկավարի գործունեությունը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում) համաձայն՝ «Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները. 1) իր իրավասության շրջանակում միջոցներ է ձեռնարկում պաշտպանելու համայնքի բնակիչների ու տնտեսավարող սուբյեկտների իրավունքները և օրինական շահերը. 3) ներկայացնում է համայնքի շահերն այլ անձանց հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում»:

 Այսպիսով, որքան էլ գազի ջերմատվության ու սպառման, սպառողների առջև «Գազպրոմ-Հայաստան» ընկերության ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման հետ կապված վերոնշյալ հարցերի պարզաբանումը, աղաղակող և մտահոգիչ խնդիրների լուծումը դուրս է Երևանի ավագանու և քաղաքապետի իրավասություններից, այդուհանդերձ, դրանք շոշափում են Երևանի բնակիչների օրինական շահերն ու իրավունքները, որոնք պաշտպանելուն կոչված ենք մենք՝ ավագանու անդամ, թե քաղաքապետ: Վերոգրյալի հիման վրա արծարծվող խնդրո առնչությամբ

  1. Երևանի քաղաքապետը կարող է այդ շահերը պաշտպանել «Գազպրոմ-Հայաստան» ընկերության առջև և բացատրություններ պահանջել նրանից,
  2. Երևանի քաղաքապետը կարող է գրավոր առաջարկությամբ հանդես գալ ՀՀ կառավարության առջև կամ հարցը բարձրացնել նրա նիստի ժամանակ, ինչպես նաև՝  բացատրություններ պահանջել և ստանալ գործադիր իշխանության Երևանի տարածքային մարմինների ղեկավարների մասնակցությամբ կազմակերպվող խորհրդակցությունների ժամանակ,
  3. Երևանի քաղաքապետը կարող է երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանել դատարանում՝ ընդդեմ «Գազպրոմ-Հայաստան» ընկերության,
  4. Երևանի ավագանին կարող է երևանցու շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս այդ խնդրով ընդունել ուղերձ և հայտարարություն՝ ուղղված Կառավարությանը:

 Գազի կալորիականության ու սպառման խնդրով երևանցիների օրինական շահերն ու իրավունքները պաշտպանելու հարցով ունենալով վերոնշյալ օրենսդրական գործիքները, խնդրում ենք Ձեր վերաբերմունքն արտահայտել դրանց նկատմամբ և հանրությանը իրազեկել Ձեր և Երևանի ավագանու հնարավոր քայլերի մասին:

 «Բարև Երևան» խմբակցությունը կոչ է անում Երևանի ավագանու «Հայաստանի հանրապետական կուսակցություն» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններին միասին մշակել մեր համաքաղաքացիների առջև «Գազպրոմ-Հայաստան» ընկերության պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու և երևանցիներին հնարավոր դրամաշորթությունից պաշտպանելու պահանջով ՀՀ կառավարությանն ուղղված Երևանի ավագանու ուղերձի և հայտարարության նախագիծ, որն կընդունվի ավագանու մոտակա նիստում:

Հարգանքներով՝

 «Բարև Երևան» խմբակցության անունից

Անահիտ Բախշյան

Ովքե՞ր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների տերերը

Անահիտ-ԲախշյանԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը տարածել է խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի մամլո հաղորդագրությունը, որտեղ նա անդրադառնում է Երևանի մանկապարտեզներում սննդի որակին: Բախշյանը գրում է.

«Վերջերս  շատ խոսեցինք այն մասին, որ  2014թ. հունվարի 13-17-ն ընկած  ժամանակահատվածում մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի որակը ստուգելու և ժամկետանց սննդամթերքի օգտագործումը բացառելու նպատակով  քաղաքապետի հանձնարարականով ստուգայցեր են  իրականացվել Երևանի 5 վարչական շրջանների 21 մանկապարտեզներում,  և  տարբեր պատճառներով 38 անգամ մանկապարտեզներից սնունդը ետ է վերադարձվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժնի պետը հրապարակավ հայտարարեց, որ մթերքների՝ մանկապարտեզներից ետ վերադարձնելու պատճառը նրանց ժամկետանց կամ անորակ լինելը չէ: Քաղաքապետարանի վերահսկողության վարչության  պետ պարոն Սիմոնյանն իմ երկրորդ հարցմանն այն մասին, թե որոնք են եղել սննդամթերքը ետ վերադարձնելու պատճառները, տրամադրեց երկրորդ տեղեկանքը: Միևնույն հարցի մասին առաջին և երկրորոդ տեղեկանքներում ներկայացված տեղեկատվությունները տարբեր են: Առաջինում գրված է, որ վերոնշյալ նպատակով ստուգայցեր են կատարվել Երևանի 5 շրջանների 21 մանկապարտեզներում, իսկ երկրորդի մեջ նշված են  3 վարչական շրջանների 22 մանկապարտեզներ, որտեղից 38 անգամ տարբեր պատճառներով սննդամթերքը վերադարձվել է: Երկրորդ տեղեկանքից պարզ դարձավ, թե ովքեր են մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունները: Տավարի միս մատակարարում են  «Հալալ միս» ՍՊԸ, «Տիսա» ՓԲԸ, «Կամելիա Գրուպ» ՍՊԸ-ները, որոնք միսը մատակարարել են պայմանագրով նախատեսված «պաղեցրած»-ի փոխարեն` խորը սառեցված վիճակում և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել, ու այդ պատճառով միսը ետ է վերադարձվել: Հիշենք, որ «Սուր անկյուն»  հաղորդման ժամանակ մանկապարտեզներից մեկի խոհարարն ասաց, որ միսը վերադարձրել է, որովհետև  տեսքը լավ չի եղել: Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում մսի տեսքի լավ չլինելը: Մանկապարտեզներին  կարագ   ու  կաթնամթերք   են  մատակարարում հետևյալ ընկերությունները`  «Հայկազունք» ՍՊԸ-ն, «Անանո» ՍՊԸ-ն, «Տիսա» ՓԲԸ-ն, որոնց մատակարարած  կարագը 20-25 կգ տարայով չի եղել և չի համապատասխանել  տեխբնութագրով սահմանված պայմանին, մածունը 500 գրամ տարայի փոխարեն մատակարարվել է 1լ տարայով, կաթնաշոռը նույնպես հերմետիկ փաթեթավորված չի եղել: Բանջարեղեն, մրգահյութ, ձավարեղեն, ջեմ մատակարարող ընկերություններն են`  «Անանո»  ՍՊԸ-ն և «Հայկազունք» ՍՊԸ-ն, որոնց մատակարարած  խառը կանաչու կապի պարունակությունը փոքր է եղել նախատեսվածից, ոսպը մաքուր չի եղել, հնդկաձավարի հատիկները 97 տոկոսից պակաս է եղել, կարտոֆիլը տեխբնութագրով նախատեսված չափերին չի համապատասխանել, բազուկի տրամագիծը նախատեսված  5-14 սմ-ից  փոքր է եղել, ջեմի պիտանելիության ժամկետը հստակ չի երևացել, մրգահյութը ապակե տարաների փոխարեն մատակարարվել է ստվարաթղթե տուփերով: Վերոնշյալ վարչական շրջանների  ստուգայցի ենթարկված մանկապարտեզներում  հավի կրծքամսի մատակարարը «Անանո» ՍՊԸ-ն է, և ապրանքը մատակարարել է խորը սառեցված վիճակում` նախատեսված պաղեցրածի փոխարեն: Արաբկիրում և Քանաքեռ-Զեյթունում հացամթերքի մատակարարը  Ա/Ձ Հրայր Հարությունյանն է, իսկ Դավթաշենում «Հեփի ֆուդ» ՍՊԸ-ն: Նույն «Սուր անկյուն»  հաղորդման ժամանակ կշռվեց  հացը, որի քաշը շատ պակաս էր: Այսպիսով՝ այս տեղեկանքի համաձայն՝ իսկապես կասկածի տակ է դրվում Երևանի 22 մանկապարտեզներից 38 անգամ վերադարձված սննդամթերքի որակն ու ժամկետանց չլինելը: Նշեմ, որ Երևանի քաղաքապետի՝ հունվարի 20-ին հաջորդող   աշխատանքային խորհրդակցություններից մեկի ժամանակ վերահսկողության պետի տեղակալը զեկուցեց, որ շարունակվող ստուգայցերի ժամանակ մանկապարտեզներից սնունդ չի վերադարձվել: Իհարկե լավ է, որ ստուգայցը տվեց իր ցանկալի արդյունքը և քաղաքապետը խստորեն դատապարտեց երեխաների սննդի որակին պատշաճ չհետևողներին, բայց վախենում եմ, որ նրանց լռեցրեցին մատակարարող կազմակերպությունների տանիք հանդիսացող պաշտոնյաները: Տա Աստված` սխալվեմ»:

 

 

 

Օրինախախտ տնօրենը վերջապես ազատվեց աշխատանքից

27-ի տնօրենի ազատման հրամանՔաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի խնդրանքին ի պատասխան տրամադրել է Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենին աշխատանքից ազատելու մասին հրամանի պատճենը: Այս մասին Անկախին տեղեկացնում են «Բարև Երևան» խմբակցության գրասենյակից:

Հիշեցնենք, որ թիվ 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը Շենգավիթի վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է պետական բյուջեից խոշոր չափի դրամական միջոցներ յուրացնելու համար:

Ավտոտնակում շարունակում է փչանալ դպրոցին հատկացված՝ պետական միջոցներով գնված գույքը

«Բարև Երևան» դաշինքԱյսօր «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում մասնավորապես ասված է. «Հերթական անգամ ահազանգում եմ, որ 2011 թվականին Երևանի թ.27  դպրոցի նախկին տնօրենը  ձեռք է բերել գույք, որը նրա դեմ հարուցված գործի շրջանակներում  9 ամիս է՝ գտնվում է դպրոցի ավտոտնակի կապարակնքված դռների ետևում: Մեծ երևակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե  9 ամսում և նման եղանակային պայմաններում ինչ է պատահել համակարգչային սեղանների, խոհանոցի և բաղնիքի կահույքի, SONY հեռուստացույցի և այլ ապրանքների հետ: Դատարանը իրեն ներկայացված գործում առկա այս փաստի  վրայով  սառնասրտորեն  անցավ   ու այդպես էլ չանդրադարձավ, թե  այդ  գույքի որոշ մասը դպրոցի ինչին էր պետք, ինչ նպատակով է նախկին տնօրենը դրանք ձեռք բերել և հիմա ոչ մեկը չի ասում, թե ինչ է լինելու այդ գույքի ճակատագիրը, երբ է այն «ազատագրվելու»: Պետական շահը պաշտպանելու կոչված պաշտոնյաներդ միայն  մեծ-մեծ  խոսում եք, թե ինչպես եք շահագրգռված պետական միջոցները պաշտպանելու հարցում, այնինչ պարզվում է՝  թքած  ունեք   կրթության համար նախատեսված և պետական միջոցներով գնված՝ ավտոտնակում  փտող, միլիոններ արժեցող  գույքի վրա:

Հարգելի  պարոն Մարգարյան, խնդրում եմ   պատասխանել, թե  ինչ  է  լինելու վերոնշյալ փչացող գույքի ճակատագիրը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Անկախ

 

Քաղաքապետը շնորհավորել է դատապարտված նախկին տնօրենին

ՇնորհավորականԱյսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին:  Այս մասին  Անկախին տեղեկացնում են «Բարև Երևան» խմբակցությունից:

Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ինձ հայտնի է դարձել, որ  սույն թվականի հունվարի 29-ին թ.27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի  26-ին, դպրոցում կոլեկտիվին է ներկայացրել Ձեր կողմից իր ծննդյան տարեդարձի շնորհավորական ուղերձը, որում Դուք անգնահատելի եք համարել նրա աշխատանքն ու ներդրումը պետականության կայացման ու պահպանման կարևորագույն գործում այն դեպքում, երբ այդ տնօրենը դատապարտվել է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու հոդվածով: Ուղերձը գրված է եղել քաղաքապետարանի տիտղոսաթերթի վրա, որը բարձրաձայն հրապարակել  է դպրոցի հայոց լեզվի նորանշանակ ուսուցչուհի Գայանե Ավետիսյանը, իսկ այժմ այն հրապարակված է տնօրենի Facebook-ի էջում:

Բացատրեք խնդրեմ, թե ինչ բարոյական ու մարդկային արժեքներից ելնելով եք պետական միջոցները խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվողին ու արդեն դատապարտված  նախկին տնօրենին շնորհավորել իր ճի՛շտ հակառակ՝ հանցավոր գործունեության համար: Ձեր շնորհավորանքով ակնհայտ եք դարձնում հովանավորչության աստիճանը, որը շարունակում է վայելել դատապարտյալ նախկին տնօրենը, և սրանով Դուք այսուհետ Ձեզ զրկում եք ի պաշտոնե պետականության ամրապնդման և նրա շահերի մասին խոսելու իրավունքից:

Շնորհակալություն համագործակցության համար»:

Անկախ

ՀՀ դրոշների համար Երևանի բյուջեով նախատեսված 87մլն-ի մասին

բախշյան2013թ. դեկտեմբերի 17-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար տիկին Անահիտ Բախշյանը գրությամբ դիմել էր Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել Երևան քաղաքի 2013 թվականի բյուջեով նախատեսված դրոշների  ձեռքբերման վերաբերյալ հետևյալ տեղեկությունները.

  1. ինչպիսի՞ գնման ընթացակարգով է իրականացվում դրանց ձեռքբերումը, ովքե՞ր են մատակարարները.
  2. դրոշների գնման պայմանագրերի պատճենները.
  3. որքա՞ն է կազմում մեկ դրոշի գինը՝ ըստ չափերի և որակի.
  4. ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին որքա՞ն գումար է նախատեսված եղել դրոշների ձեռքբերման համար ու համապատասխանաբար որքա՞ն գումար է ծախսվել 17.12.2013թ. դրությամբ.
  5. որքա՞ն դրոշ է գնվել 17.12.2013թ. դրությամբ՝ ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին.
  6. որքա՞ն է կազմում մեկ դրոշի օգտագործման միջին ժամանակահատվածն՝ ըստ վարչական շրջանների և Երևանի քաղաքապետարանի շենքի համար առանձին:

«Բարև Երևան» խմբակցության գրասենյակից Անկախին տեղեկացնում են, որ  գրության ի պատասխան Երևանի քաղաքապետի կողմից լիազորված անձից ստացվել է գրություն, որով ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի աշխատկազմի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի պատասխանը, որում առկա են նշված հարցադրումների վերաբերյալ տեղեկություններ: Մասնավորապես նշվում է, որ Երևան քաղաքի 2013թ. բյուջեով «Դրոշների տեղադրում» ծրագրով   2013թ.-ի համար ձեռք է բերվել 15200 հատ 1մ x 2մ չափի, 800 հատ 1,5մ x 3մ չափի և 1,8մ x  3,6մ չափի ՀՀ դրոշներ, որոնց ձեռքբերման գները համապատասխանաբար կազմել են մեկ հատի համար 1425, 2350 և 3650 ՀՀ դրամ:

Դրոշների ձեռքբերման գործընթացն իրականացվել է գնումների մասին ՀՀ օրեսդրության համապատասխան, և հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Ձևավորում» ՓԲԸ-ն: Պայմանագրի գինը կազմել է 24 միլիոն 989 հազար ՀՀ դրամ: Ձեռք բերված դրոշների որակը սահմանված է եղել ըստ ՀՍՏ50-2012 ստանդարտի:

Նաև նշվում է, որ Երևան քաղաքում մեկ դրոշի օգտագործման ժամանակահատվածը կազմում է 15-20 օր և կախված եղանակային պայմաններից՝ փոխվում է ամիսը մեկ կամ երկու անգամ, որի արդյունքում պահպանվում է ՀՀ դրոշի պատշաճ տեսքը:

Փաստացի, ինչպես տեսնում ենք, 4-րդ և 5-րդ հարցերին կոնկրետ պատասխաններ չեն տրվել: Միայն նշվել է, որ Երևան քաղաքի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող գերատեսչական շենքերի, դպրոցների, մանկապարտեզների դրոշների փոփոխման գործընթացի ընթացքում օգտագործվել է վերը նշված ծրագրով նախատեսված 24,989 մլն  գումարի շրջանակներում ձեռք բերված ՀՀ դրոշները:

«Բարև Երևան».Երևանի թիվ 66 դպրոցի տնօրենն ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից

Անահիտ-Բախշյան14 հոկտեմբերի 2013, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում  որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել: Տիկին Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հասարակությանը պատշաճ կերպով իրազեկել հետևյալի մասին.

 

1.            Վերջին անգամ  ո՞ւմ կողմից, ե՞րբ և ի՞նչ նպատակով են իրականացվել  ստուգումներն  այդ դպրոցում,

2.            ի՞նչ խախտումներ են արձանագրվել  դպրոցում,

3.            ստուգման արդյունքները որտե՞ղ են քննարկվել և  վերլուծվել,

4.            ո՞ւմ կողմից է ստորագրվել ստուգման ակտը,

5.            տնօրենը  ստորագրե՞լ է ակտը,

6.            վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել տնօրենն աշխատանքից»:

 

Տիկին Բախշյանը խնդրել է նաև  տրամադրել Երևանի թ. 66 դպրոցի տնօրենի ազատման հրամանը:

 

 

«Բարև Երևան» խմբակցությունը չի մասնակցի Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման համար ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին

 

«Բարև Երևան» դաշինքԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը սեպտեմբերի 18-ին քաղաքապետի ստորագրությամբ առաջարկություն է ստացել մասնակցելու Երևանի քաղաքապետի՝  2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և 3723-Ա որոշումների կատարումն ապահովելու և Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին:  Նամակում ասված է նաև, որ առաջարկն ընդունելու դեպքում մինչև ս.թ. սեպտեմբերի 19-ը պետք է հայտնել թեկնածուի տվյալները:

Հարցը քննարկվեց ս.թ. սեպտեմբերի 18-ին կայացած խմբակցության նիստում և որոշվեց, որ խմբակցությունը չի մասնակցի վերոնշյալ որոշումների կատարումն ապահովելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև.

1. Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձը բարձրացնելու վերաբերյալ  որոշումները  ոչ  իրավաչափ են և կայացվել են մի շարք օրենքերի խախտումով և կիրառությամբ ու մեկնաբանությամբ, իսկ հիմքում դրված փաստաթղթերը պարունակում են կեղծիք,

2. քաղաքապետի վերոնշյալ առաջարկ–նամակում ոչինչ ասված չէ այն մասին, թե որոնք են հանձնաժողով ստեղծելու իրավական հիմքերն ու այն կարգը, որով պետք է աշխատի հանձնաժողովը, և ինչպես  ուղեվարձի  թանկացման  որոշումներն են փորձում օրինականացնել հետին թվով, այնպես էլ՝ հանձնաժողովի ստեղծումը,

3. Երևան  քաղաքում հասարակական տրանսպորտի խնդիրը նպատակահար  է քննարկել Երևան քաղաքում ՏԻՄ բարձրագույն մարմնի՝ ավագանու մակարդակով՝ ստեղծելով ժամանակավոր հանձնաժողով:

Հիշեցնենք, որ «Բարև Երևան» խմբակցությունը Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 3722-Ա և 3723-Ա որոշումները վիճարկելու խնդրով դիմել է ՀՀ վարչական դատարան, ընդ որում, թիվ 3722-Ա որոշումը՝ առ ոչինչ, իսկ թիվ 3723-Ա որոշումը՝անվավեր ճանաչելու պահանջով:

 

Անահիտ Բախշյանի նամակը Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ

Անահիտ-ԲախշյանԱյսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին և Արմավիրի մարզի դատախազ Սամվել Սինանյանին՝ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանի և նրա ընկերների գործի վերաբերյալ: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սույն թվականի ապրիլի 21-ին Արմավիրում ձերբակալվել են 4 երիտասարդներ, ովքեր մեղադրվում են Նորապատ գյուղում դեզ այրելու փորձ անելու համար, և ահա 4 ամսից ավելի է՝ Նուբարաշենի կալանավայրում են պահվում: Երիտասարդներից մեկին անձամբ եմ ճանաչում՝ որպես «Լույս» հիմնադրամի շահառու, ով ավարտել է Քեմբրիջի համալսարանի մագիստրատուրան  ու մագիստրոսի աստիճանով վերադառնալով Հայաստան՝ մինչ կալանավորվելն աշխատել է: Մեղադրանքը համոզիչ չէ, տուժող գյուղացին սկզբից չի բողոքել, որովհետև, ինչպես երևում է մեղադրականից, դեզն ընդամենը ծխահարվել է: Հետո ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, որոնք մեզանում շատ տարածված են, մտափոխվել է:

Այս մեղադրականն անտրամաբանական է և վստահություն չի ներշնչում հասարակությանը: Մի պահ եթե անգամ ընդունենք, որ դեզն այրելու փորձ արվել է երիտասարդների կողմից, մի՞թե իրավապահներն իրավունք ունեին  չապացուցված մեղադրանքի համար նրանց կալանավորել: Մի՞թե նրանք այնքան մեծ վտանգ էին իրենցից  ներկայացնում հասարակության համար, որ դատարանը որոշել է կալանավորել այն դեպքում, երբ, կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը թույլ էր տալիս այլընտրանքային մոտեցում ցուցաբերել, օրինակ՝ ավելի ճիշտ քայլ չէ՞ր լինի նրանցից պահանջել դեզին պատճառած վնասը հատուցելը, քան ազատազրկելը: Մի՞թե համաչափ պատիժ է կիրառվել այս պարագայում, ինչի՞ համար են կալանավորվել երիտասարդները, ո՞ւմ են նրանք վնասել, ո՞վ է պատասխան տալու նրանց հասցված բարոյական և նյութական վնասի համար: Մի՞թե սա արդարադատություն է: Վերջապես պետությունը 4 ամսից ավելի անտեղի գումար է ծախսում այդ երիտասարդներին կալանավայրում պահելու համար այն դեպքում, երբ կարելի էր չծախսել:

Խնդրում եմ պատասխանել հասարակությանը անչափ հուզող վերոնշյալ հարցերին, որոնց առկայությունը մեկ անգամ ևս  վկայում է մեր երկրում արդարադատության մահամերձ վիճակի  մասին, որի համար պատասխանատու է նաև Ձեր ղեկավարած կառույցը:

Շնորհակալություն համագործակցության համար»:

 

Անահիտ Բախշյանին հաջողվել է պարզել, թե ով է նոր օբյեկտի տերը

Անահիտ-ԲախշյանԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը ս.թ. հուլիսի 2-ին հարցումով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետևյալ հարցով. Երևանի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի պատին կպած բանջարեղենի կրպակը վերջերս քանդվել է, տեղում շատ արագ տեմպերով հիմքեր են փորվել, ու ինչ-որ շինություն է կառուցվում: Տիկին Բախշյանը խնդրել էր տեղեկացնել, թե ով և ինչ է կառուցում տվյալ տարածքում:

Անահիտ Բախշյանի հարցմանը քաղաքապետը դեռևս չի պատասխանել, սակայն տիկին Բախշյանին հաջողվել է իմանալ, որ «Հասարակական օբյեկտի» կառուցմանը հետևում է փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը, ով ծառայում է ՀՀ ոստիկանությունում, օբյեկտը գրանցված է Կարինե Միրզոյանի անունով, իսկ շինթույլտվությունը տրամադրվել է 2013թ. մայիսի 22-ին:

Հավելենք, որ կառուցվող շինությունը փակել է Կրթության ազգային ինստիտուտի շենքի վթարային ելքը, 1-ին հարկի պատուհանները: Եթե կառույցը շարունակի վեր բարձրանալ, ապա լուսավորությունից կզրկվի նաև վերևի հարկը:

«Բարև Երևան» -ը չի մասնակցել ավագանու առաջին նիստի քվեարկություններին

բարեւ-երեւանԱյսօր  «Բարև Երևան» խմբակցությունը մասնակցեց ավագանու առաջին նիստին, որտեղ հանդես եկավ այսօրվա քվեարկություններին չմասանակցելու վերաբերյալ հայտարարությամբ հետևյալ հիմնավորմամբ.

  1. ավագանու առաջին նիստին ներկայացված օրակարգի նախագիծը առանց հաստատվելու դրվեց շրջանառության մեջ,
  2. ի նշան բողոքի՝ ընդդեմ Երևանի ավագանու ընտրությունների կեղծված արդյունքների և հանձնաժողովների նախագահների ու նրանց տեղակալների իմիտացիոն ընտրությունների: Դրա վառ ապացույցն է այն, որ քվեարկության 59 մասնակիցները 4 քվեարկություններից 3-ում բացառապես քվեարկեցին կողմ, 1 քվեարկության ժամանակ եղավ ընդամենը 1 դեմ:

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

«Բարեւ Երեւանի»-ի ներկայացուցիչները` ընդդեմ ԿԸՀ-ի

«Բարև Երևան» դաշինք«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարչական դատարանում  բողոքարկում են Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում ԿԸՀ անգործությունը:

Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես բողոքարկում է ԿԸՀ-ի կողմից իր` շուրջ 400 թերթի վրա տեղ գտած շուրջ 1000 ընտրախախտումների մասին վկայող` ԿԸՀ ներկայացվեծ նյութը չքննարկելու մասին որոշումը:

Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է ԿԸՀ անգործությունը կապված 4-րդ ընտրատարածքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետ:

Դ. Իոաննիսյանի դիմումը կքննարկվի այսօր ժամը 15:00-ին, Զ. Փոստանջյանինը` 16:00-ին:

Նաեւ տեղեկացնում ենք, որ  «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքն  այսօր դիմելու է Վարչական դատարան` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

 

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայություն

«Բարև Երևան»-ը դիմել է դատարան և ԿԸՀ-ից պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին

images (1)«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ հայցադիմում է  ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:

 

Հայցադաիմումով բողոքարկվում է օրեր առաջ ԿԸՀ կայացրած այն որոշումը, որով ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանի կողմից Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը չէր համարվել ընտրական օրենսգրքի խախտում:

 

Նշենք, որ նշված միջոցառման ընթացքում կանանց և աղջիկներին բաժանվում էին ծաղիկներ Տարոն Մարգարյանի անունից, ինչը «Բարև Երևան»-ի կարծիքով հանդիսանում է Տարոն Մարգարյանի քարոզչություն՝ հարկատուների գումարների հաշվին:

 

Վարչական դատարանից հայցվոր Դանիել Իոաննիսյանը խնդրում է նշված միջոցառումը որակել որպես թեկնածուի անունից քաղաքացիներին անվճար ապրանքների և ծառայությունների մատուցում, ինչը խստիվ արգելված է ՀՀ ընտրական օրենսգրքով:

 

Քաղաքապետարանի կողմից կատարված այս խախտումը նկարահանվել է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների կողմից: