Հանրապետության նախագահը պատասխանել է տավուշցիների բոլոր նամակներին

4663Տավուշցիները ՀՀ նախագահից փող են խնդրել` մայրաքաղաքում բուժզննում անցնելու, սոցիալական վիճակի բարելավման, անգամ այգին ցանկապատելու նպատակով:

Հանրապետության նախագահը պատասխանել է իրեն փոխանցված տավուշցիների բոլոր նամակներին: Սերժ Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով գտնվում էր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում: Այցի ընթացքում Բերդի տարածաշրջանի բնակիչները տարբեր հարցերով դիմել էին Սերժ Սարգսյանին` ակնկալելով նրա աջակցությունը: Նախագահին նամակներ էին գրել տարածաշրջանի սահմանամերձ բնակավայրերի` Ներքին Կամրիրաղբյուրի, Այգեպարի, Տավուշի, Պառավաքարի բնակիչները: Նրանք հիմնականում դիմել էին  ֆինանսական օգնության նպատակով:

Մեկ ամիս չանցած` պետության ղեկավարը  պատասխանել է տավուշցիների բոլոր նամակ-խնդրանքներին` նրանց ցուցաբերելով ֆինանսական աջակցությունը: <<Մեր տունը հրետակոծված էր, նախագահին խնդրել էինք, որ գումար տրամադրի տունը նորոգելու համար: Նախագահը մեր խնդրած գումարն ուղարկել ա: Դե հըմի էլի են կրակըմ, բայց դե հիմնական քանդված տեղերը կսարքենք , էլի>>,-ասել է Ներքին կարմիրաղբյուրի բնակիչ Սուրեն Չոբանյանը: Տավուշ գյուղի բնակիչ Սամվել Գրիգորյանն էլ գումար էր խնդրել` Երևանում բուժզննում անցնելու նպատակով: Նրա ֆինանսական աջակցությունը ևս տեղ է հասել:

 

Անկախ

 

Բերդի տարածաշրջանը ձյան հետևանքով կտրված է արտաքին աշխարհից

0fcf153ba7591ddd81d54b715b841571-472x265Մարտի 30-ին առատ տեղացած ձյան պատճառով փակեն Բերդ-Ճամբարակ, Գանձաքար-Իծաքար ճանապարհները, դժվարանցանելի` հանարապետական նշանակության Երևան-Իջևան-Վազաշեն-Պառավաքար ճանապարհը:

Տավուշի մարզպետարանի Տրանսպորտի վարչության պետ Արտակ Սարգսյանը Անկախ-ի թղթակցին տեղեկացրել է, որ առավոտից ձնամաքրման աշխատանքներ են իրականացվել Վազաշեն-Պառավաքար ճանապարհին: <<Մինչև էն վտանգավոր ոլորանը, որը հակառակորդի դիրքապահների թիրախում է, մաքրել է Իջևանի ՃՇՇ-ն, իսկ Պառավաքարի հատվածը` Բերդի ՃՇՇ-ն: Որոշակի աշխատանքներ են իրականացվել նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, բայց դե գիտեք` եթե բուք եղավ, ձյուն մաքրողները կարող ա մնան ձնաբքի տակ, զանգեն, ասեն` եկեք, մեզ հանեք: Ուստի հորդորում ենք, նշված ճանապարհատվածներով այս օրերին երթևեկել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում>>,-ասաց ԱրտակՍարգսյանը:

Գանձաքար-Իծաքարը դժվարանցանելի է, գրունտային բազմաթիվ ոլորաններ ունեցող մոտ 50 կմ երկարությամբ ճանապարհին չկանե րթևեկության, զգուշացնող նշաններ, ուստի այս հատվածով ևս վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել: Եթե հաշվի առնենք հանգամանքը, որ Վազաշեն-Պառավաքար ճանապարհն էլ հակառակորդի պատճառով և անվտանգության նկատառումներից ելնելով է փակ և խորհուրդ չի տրվում անցնել, ապա կարելի է ասել, որ Բերդի տարածաշրջանն այս պահին կտրված է արտաքին աշխարհից: Թեպետ, Արտակ Սարգսյանը հավաստիացրեց, որ վաղվանից Գանձաքար-Իծաքար ճանապարհին կատարվելու են մաքրման աշխատանքներ:

 

Անկախ

Տավուշի ճնճղուկներն անհետացել են

10157077_721446167877975_282443032_nՈ՞ւր են կորել Տավուշի ճնճղուկները: Հակառակորդի կրակոցների՞ց են <<հոգնել-հեռացել>>, թե՞ կլիման այլևս իրենց <<սրտով>> չէ, դժվար է ասել:  Ծաղկունքն արդեն մեկ ամիս է` Տավուշում սկսվել է, բայց մարզում նկատել են, որ իրենց երկնքում թռչունների սիմֆոնիան պակասել է:

Շամշադինցի գյուղատնտեսների փոխանցմամբ, արդեն մի քանի ամիս է` ճնճղուկներ չեն երևում, թեպետ այս թռչունները անգամ ցրտաշունչ եղանակին չեն լքում իրենց բնավայրը:

<<Այգիներում երբեմն-երբեմն մեկ-երկու կաչաղակ կամ մշահավ է հանդիպում, բայց մեր ճնճղուկները չկան, այս տարվա հունվարից ենք նկատել, որ չկան, չեն երևում>>,-ասաց տավուշցի բնակիչներից մեկը:

Գյուղատնտեսների խոսքով, հավանաբար, այս ձմռան ցրտերին <<խեղճերը>> չեն դիմացել ու սատկել են: Ի դեպ, ճնճղուկների դերը մեծ է նաև այգիների վնասատուների դեմ պայքարում:

Անկախ

 

Այս տարի բերդում 32 ամուսնություն ու 9 ամուսնալուծություն է գրանցվել

ամուսնություն2014 թվականի երեք ամիսներին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում  գրանցվել է 32 ամուսնություն և 9 ամուսնալուծություն: Անցած տարի էլ գրանցվել է 4 ամուսնալուծություն և նույնքան՝  32 ամուսնություն:

Բերդի ՔԿԱԳ  տարածքային բաժնի ղեկավար Գրետա Դարբինյանի խոսքով, տավուշցի զույգերը միշտ չէ, որ նախընտրում են գրանցել իրենց պսակադրությունը: Շամշադինցի տղաները հիմնականում նախընտրում են համերկրացի հարսանացուների: Թեև վերջին տարիներին քիչ չեն դեպքերը, երբ, օրինակ, հեռավոր մովսեսցին հարս է բերում Հայաստանի հյուսիսից՝ Գյումրիից կամ բերդցի փեսան նախընտրում է թալինցի աղջկան:

«Ինտերնետի՝ սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ այս միտումն էլ մեծացավ, թեև հիմնականում տավուշցին տղաների 95 տոկոսը հարսնացուին ընտրելիս Տավուշից հեռու չեն գնում»,-նշեց Գրետա Դարբինյանը:

Ի դեպ, կնոջից բաժանվելու նպատակով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման դուռը  թակում են հիմնականում տարիքով տղամարդիկ: «Այդ ինը ամուսնալուծվողներից 7-ը 50-60-անց են, ունցել ենք անգամ 1938 թվականին ծնված տղամարդ, որ դիմել է ամուսնալուծվելու հարցով,- ասաց Բերդի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետը:-Հաշտ-համերաշխ բաժանվում են, առանց դատ ու դատաստանի, ես իհարկե, չեմ խորանում նրանց անձնական հարցերի մեջ, բայց կարծում եմ, որ նրանք ցանկանում են բաժանվել, մեկնել արտերկրում գտնվող երեխաների մոտ, թղթերն են տանում, որ այնտեղ բարձր թոշակի հարցերը կարգավորեն»:

Վերջին երեք ամիսներին Բերդի տարածաշրջանում գրանցվել է 50 ծնունդ, 98 մահ: Աղջիկների համար տարածված են Մանե, Նարե, Միլենա, Էլեն անունները:

«Մեր հայկական անունները՝ Հասմիկ, Գոհար, Վարդուհի,  ցավալի է, բայց այս անուններն այլևս արդիական չեն, իսկ տղաներիn  ավելի շատ կոչում են Արտյոմ, Էրիկ, Գոռ, Դավիթ: Վերջերս ծնվել է նաև Արես»,-տեղեկացրեց Գրետա Դարբինյանը:

 

 

 

Երեք ճանապարհ կա, բայց Բերդի տարածաշրջան հասնելու ճանապարհ չկա

բերդՆախկին Շամշադինի շրջան հասնելն արդեն յոթ ամիս է` գերխնդիր է տարածաշրջանի բնակիչների և, առհասարակ, այստեղ մեկնել ցանկացողների համար: «Ո՞ր ճամփով եք գնալու»,- Բերդի տարածաշրջան երթևեկող վարորդներին ուղղված գլխավոր հարցն է: Ոտքն արագության ոտնակին դնելուց առաջ ավտովարորդները երկար-բարակ մտածում են, կես կատակ էլ բարձրաձայնում. «Ավելի լավ ա թոփի տակ ընկնենք, քան թիփիի»,- ասում են ու ուղղություն վերցնում դեպի Վազաշեն-Պառավաքար ճանապարհ, որը 2013-ի հոկտեմբերին գնդակոծվեց ադրբեջանական կողմից ու դարձավ վտանգավոր:
Երևան-Դիլիջան-Իջևան-Վազաշեն-Պառավաքար-Բերդ ճանապարհը հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ է, և Դիլիջանի թունելի կառուցումից ու շահագործումից հետո այն իսկապես արագընթաց, արդյունավետ ու շահավետ դարձավ Տավուշի մարզի այս հատված հասնելու համար: Վերջին օրերին ճանապարհը կրկին գնդակոծության ենթարկվեց, և հիմա այն կիսափակ է: Եվ քանի որ ձյունը հալվել է, ցրտերն էլ նահանջել են, մեկնողները, խուսափելով արկածախնդրությունից ու հնարավոր վտանգից, կտրուկ շրջադարձ են կատարում և էլի կանգնում երկընտրանքի առաջ` սարի ճանապարհով գնա՞ն, թե՞ Գանձաքար-Իծաքարով: Խնդիրն այն է, որ այս պահին Բերդ տանող երեք ճանապարհ կա, բայց երեքն էլ մտահոգիչ են, ոչ մեկը լիարժեք «կանաչ ճանպարհ» չի մաղթում հյուսիսարևելյան գյուղեր հասնելու համար:
Ճամբարակ-Բերդ ճանապարհը հայկական ռելիեֆին բնորոշ անվերջ ոլորանների շղթա է, ճանապարհն անբարեկարգ է, գրունտային և փոսաշատ, ձմռանը` խիստ վտանգավոր: Բերդ-Ճամբարակ ճանապարհն ամբողջ ձմեռ, ինչպես Սելիմի լեռնանցքը, փակ է: Այն հաղթահարելու համար երեք ժամից ավելի է հարկավոր, որի գրեթե ամբողջ ընթացքում բջջային կապ չկա: Այս ճանապարհի աջնուձախը հերիք չէ` ձորեր են, մի հատված էլ կա, որ մարդիկ շունչները պահած են երթևեկում: Երևանից մեկնելիս նոր-նոր սկսվող սարի ճանապարհի գրեթե սկզբնամասի ոլորանն է, տեղացիներին հայտնի «Հորիզոնի» աղբյուրը, որի դեմ- դիմաց հակառակորդի դիրքերն են:
Հանդիպակաց սարը ճանապարհից պարզ երևում է, երևում են նաև ադրբեջանական դիրքերը, որոնք մեկը չեն, այլ մի քանիսը: Քանի դեռ այստեղ գնդակոծության նոր դեպք չի գրանցվել (սատանի ականջը խուլ), երթևեկությունը չի կանգնում: Չնայած պատմում են, որ 1990-ականների կռվի տարիներին ադրբեջանցիները մտել են, «Հորիզոնի» աղբյուրի մոտ մեքենայի վրա կրակել, մարդ են սպանել: Գտնվելով նման դիրքում` այս ճանապարհն ունի ռազմավարական նշանակություն, բայց այն նորոգելու, բարեկարգելու ծրագիր առայժմ չկա: Անվտանգության առումով ամենաապահովը Գանձաքար-Իծաքար ճանապարհն է, որի ասֆալտապատման համար նախնական հաշվարկներով անհրաժեշտ է մոտ հինգ միլիարդ դրամ: Անտառամիջյան ճանապարհը բացվել է հակամարտության թեժ տարիներին, Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ: Գանձաքար-Իծաքար ճանապարը թշնամու համար տեսանելի չէ, ուստի նախընտրելի տարբերակն է, բայց այն վերակառուցելու ծրագիր չկա: Հիմա Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով իրականացվում են խճապատման աշխատանքներ: «Անցանելիությունն ապահովելու նպատակով է: Բարեկարգման մեջ են մտնում նաև բերվածքների, առուների մաքրման, ջրահեռացման աշխատանքները»,- տեղեկացրեց Տավուշի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի ղեկավար Արտակ Սարգսյանը: Իջևանի ՃՇՇ ՓԲԸ-ի ղեկավարն ավելացրեց. «Գրեյդերներով մաքրում ենք, քարերն ենք պարբերաբար հավաքում, կապիտալ բարեկարգում է արվում: Շատ նեղ ոլորանները, որոնք վտանգ են ներկայացնում երթևեկի համար, լայնացվում են, պայթեցումներ ենք իրականացնում: Երեք ոլորան ունենք, որոնք չափազանց նեղ են թե՛ բեռնատար մեքենաների, թե՛ ուղևորատար ավտոմեքենաների համար, շրջադարձերի համար խիստ վտանգավոր են: Խոսքը Գանձաքարից 6-7 կմ վերև ոլորանների մասին է»:
Ընկերության գործադիր տնօրեն Բորիս Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատանքների համար գումարը պետք է հատկացվի պետական բյուջեից: Ի դեպ, այս ընկերությունն է իրականացնում նաև Վազաշեն-Պառավաքար նոր ճանապարհի կառուցումը: Բորիս Սարգսյանի խոսքով, աշխատանքները մեծ թափով իրականացվում են` չնայած պարբերաբար հնչող կրակոցներին: Նա վստահեցրեց, որ շրջանցիկ ճանապարհը միանգամայն անվտանգ է լինելու, քանի որ հակառակորդի կողմից տեսանելիությունը փակ է: Նոր ճանապարհի ամենավտանգավոր հատվածում, որը մոտ 200 մ է, կառուցվում է պաշտպանիչ պատ: Այլընտրանքային ճանապարհը կունենա 3,2 կմ երկարություն, 6-7 մ լայնություն, այն 2 կմ-ով կկրճատի ներկայիս ճանապարհը: Ճանապարհի կառուցման համար կառավարությունը պահուստային ֆոնդից հատկացրել է 535,7 մլն դրամ:
Սակայն գյուղացիները թերահավատությամբ են խոսում այս ճանապարհի մասին` պնդելով, թե լսել են, որ էդ մասերում ոսկու հանք կա, որն էլ շահագործելու նպատակ է հետապնդում նորակառույց ճանապարհը: Այլընտրանքային ճանապարհի կառուցման պատասխանատուները, սակայն, հավաստիացնում են, որ այդտեղ ոսկու հանք եղել է, բայց ճանապարհի կառուցումը դրա հետ որևէ կապ չունի:
Վազաշեն-Պառավաքար նոր ճանապարհի մուտքին շատ մոտ է խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած նախկին առողջարանի (ինչպես տեղաբնակներն են կոչում` «4-րդ ուպրավլենու») կիսավեր շենքը: Ժամանակին Մինիստրների խորհրդի հավեկշռում գտնվող հյուրանոցը կառուցվել է տավուշցի, Հայաստանի նախկին պետպլանի նախագահ Ստեփան Թովմասյանի ջանքերով: Տեղացիների պատմելով` հիմա շենքը գործարար Միխայիլ Բաղդասարովի անունով է, գույքահարկն էլ Վազաշենի գյուղապետարանում է վճարում: Տարածաշրջանի բնակիչների ականջին է հասել, որ նախկին կենտկոմի առաջին քարտուղարների ու սովետական ղեկավարության «պրեստիժնի» հյուրանոցը շուտով դառնալու է ոսկու հանքի վարչական կենտրոնը:
Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը հաստատեց տեղեկությունը, որ շենքն այժմ պատկանում է «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատեր Բաղդասարովին, որը «շատ պարտաճանաչ էլ հարկերը վճարում է»:
Ինչ վերաբերում է ոսկու հանքին, ապա, ըստ համայնքի ղեկավարի, այն հայտնաբերվել է 1970-ականներին: «Դրա շահագործումն ուղղակի հրաշք կլինի, դա կլինի մեր գյուղի փրկությունը, ամբողջ ժողովուրդն ա դրան սպասում, աշխատատեղեր կբացվեն»,- նշեց Լորիկ Բադիրյանը` հավելելով, որ լսել է, թե ով որ ցանկանում է շահագործել հանքը, Վազաշենի զարգացման հետ կապված շատ ծրագրեր ունի: «Եթե գյուղը սոված ա, գյուղում մարդ չի մնացել, էկոլոգիա-մէկոլոգիան երկրորդ պլան ա մղվում»,- նշեց գյուղապետը: Նա նաև հիշեց, որ տարածքում գտնվող «սանատորիայում» ամբողջ Երևանն էր հանգստանում: «Ամեն մարդ չէր կարա մտնի «4-րդ ուպրավլենի», էնքան խնջույքների եմ մասնակցել»,- նոր ճանապարհի կառուցման պատասխանատու ընկերության ղեկավարը հիշողությունների գիրկն ընկավ` խնդրելով շատ չփորփրել իր ջահել օրերի «գիրքը»…

Մայա Խաչատրյան

Անկախ

Վազաշեն-Պառավաքար ճանապարհը կրկին գնդակոծվել է

101220131(1)Այսօր կեսօրին մոտ հակառակորդը խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծել է Վազաշեն-Պառավաքար ճանապարհահատվածը: Բարեբախտաբար, կրակոցների ժամանակ այդ ուղղությամբ երթևեկ չի իրականացվել, զինվորական ու քաղաքացիական ավտոմեքենաներ չեն անցել, ուստի հայկական կողմից տուժածներ չկան: Հայ դիրքապահները հակառակորդին տվել են համարժեք հակահարված:

Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը Անկախի հետ զրույցում ընդգծել է, որ այս պահին կրակոցներ չկան: Նա  հրադադարի ռեժիմի խախտումների մասին հարցին խուսափել է պատասխանել՝ նշելով, որ տեղեկություններն ավելի լավ է ճշտենք Բերդի տարածաշրջանից: «Մի սար էն կողմ զանգահարեք»,-կես կատակ ասել է Բադիրյանը:

Այնուհետև մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել Պառավաքարի համայնքի ղեկավարի հետ: Նրա վարորդը հայտնել է, որ գյուղապետը սարերում է, հեռախոսը չի կարող փոխանցել: Իսկ Վազաշեն-Պառավաքար ճանապարհով հաճախ`գրեթե ամեն օր, երթևեկող վարորդներից հնարավոր է եղել ճշտել, որ գնդակոծությունների մասին լուրերը արդեն երկու օր է՝ պտտվում են: Եվ չնայած դրան, Բերդից Իջևան կամ Երևան ու հակառակ ուղղությամբ երթևեկությունը իրականացվում է Վազաշենով: «Դե Աստծո հույսին, էլի, կարելի ա ասել՝ ճամփեն կիսափակ ա, մեկ էդտեղով ենք գնում-գալիս, մեկ՝ Ճամբարակով»,-նշել են Բերդից Երևան ուղևորներ տեղափոխող վարորդները:

Ավելի ուշ Անկախ-ի հետ զրույցում ճանապարհահատվածի գնդակոծման մասին լուրը հաստատել է նաև ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության փետրվարի 6-ի որոշմամբ  ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար հատկացվել էր  535, 7 մլն դրամ: Ակնկալվում է, որ ճանապարհը վերջնականապես պատրաստ կլինի  ամռանը:

 

Անկախ