124 դիմորդ Հայոց լեզու և գրականությունից 20 բալ է ստացել

քննությունՀրապարակվել են Հայոց լեզու և գրականություն առարկայի միասնական քննության գնահատականները: Այսօր մինչև ժամը 18:00-ը դիմորդները կկարողանան բողոքարկել իրենց գնահատականները քննակենտրոններում:

Այս տարի Հայոց լեզու և գրականություն առարկայից հայտագրվել էր 7577 դիմորդ, քննությանը մասնակցել է 7328-ը: ԳԹԿ-ից Անկախին տեղեկացնում են, որ միջին գնահատականը 13,24 է:

Անբավարար է ստացել դիմորդների 9,5 տոկոսը (696 հոգի): Նվազագույն դրական միավորներ`7,5-13,25 է հավաքել դիմորդների 40,79 տոկոսը (2989 դիմորդ), 13,5-17,25 է ստացել 28,75 տոկոսը (2107 դիմորդ), 17,5-20 1 ստացել 20,96 տոկոսը (1536 դիմորդ):

Առավելագույն գնահատական`20 բալ է ստացել 124 դիմորդ:

Նախորդ տարի Հայոց լեզվի և գրականության միջին միավորը 13,25 էր`այս տարվա ցուցանիշից 0,1 միավորով բարձր, իսկ կտրվողները դիմորդների 9 տոկոսն էին կազմում (այս տարի անբավարարների թիվը 0,5 տոկոսով ավելացել է): Ընդհանուր առմամբ, Հայոց լեզու և գրականությունից գնահատականների բաշխվածությունը տոկոսային առումով գրեթե նույնն է, ինչ նախորդ տարի: Բայց  այս տարի 44-ով ավելացել է  20 բալ ստացողների թիվը (նախորդ տարի ընդամենը 80 դիմորդ էր 20 ստացել):

Բողոքարկման արդյունքում 94 դիմորդի գնահատական է բարձրացվել

գթկԳԹԿ-ն ամփոփել և հրապարակել է միասնական քննությունների առաջին փուլի բողոքարկումների արդյունքները:

Ընդհանուր առմամբ, 10 քննական առարկաներից ստացվել է 486 դիմում-բողոք:

379 դիմորդներ խնդրել են վերահաշվարկ կատարել:

Վերահաշվարկի արդյունքում 94 դիմորդների գնահատականները բարձրացվել են. համակարգիչը նրանց պարագայում թիվը սխալ է կարդացել` տվյալ առաջադրանքի համար միավոր չտալով: Մյուսների գնահատականները չեն բարձրացվել:

Բողոքարկողներից 108-ը խնդրել են միասնական քննությունների երկրորդ փուլին մասնակցելու հնարավորություն տալ իրենց` պատճառաբանելով, որ քննությունների ժամանակ վատառողջ են եղել, ինչի պատճառով էլ անբավարար են ստացել:

ԳԹԿ-ն, սակայն, մերժել է պահանջը, քանի որ ըստ ընթացակարգի վատառողջ լինելու դեպքում դիմորդները կարող էին քննասենյակում բարձրաջայնել այդ մասին, որպեսզի ներկա բժիշկը արձանագրեր խնդիրը և համապատասխան թուղթ տար:

Մերժվել են նաև թեստային տետրը ստուգելու պահանջները. ստուգվում է միայն ձևաթուղթը, իսկ թեստային տետրում գրված, բայց ձևաթուղթ չանցկացված պատասխանները չեն հաշվվում:

ԳԹԿ-ից տեղեկացնում են, որ բովանդակային որոշումներ չեն կայացվել:

Նշենք, որ այսօր միասնական քննությունների երկրորդ փուլին հայտագրվելու վերջին օրն է: Առաջին փուլին չմասնակցած դիմորդները մինչ ժամը 18:00-ն կարող են հայտ ներկայացնել ԳԹԿ-ում:

Լրացուցիչ փուլի մասնակիցները քննությունները կհանձնեն Երևանում ձևավորված քննակենտրոններում. հուլիսի 2-ին` «ռուսերեն», «հուլիսի 3-ին` «մաթեմատիկա», հուլիսի 4-ին` «կենսաբանություն», «աշխարհագրություն», ընդհանուր պատմություն», հուլիսի 5-ին` «հայոց լեզու և հայ գրականություն», հուլիսի 6-ին` «ֆիզիկա», հուլիսի 7-ին` «օտար լեզու» և հուլիսի 8-ին` «հայոց պատմություն», «քիմիա» առարկաներից:

Շտեմարանային քննություններ. «20»-ների թիվն ավելացել է մինչև 182 անգամ

դիմորդներ2Ավարտին է մոտենում միասնական քննությունների առաջին փուլը. հունիսի 21-ին դիմորդները  քննաշրջանի վերջին երկու առարկաներից` «քիմիայից» և «հայոց պատմությունից»  քննություն կհանձնեն:

Այս տարվա քննաշրջանը նախորդներից տարբերվեց դժգոհությունների բացակայություններով, համեմատաբար բարձր գնահատականներով (չհաշված մի քանի բացառությունները) և կանխատեսելիությամբ. այս տարի բոլոր քննական առարկաների (բացի Ընդհանուր պատմություւնից ) թեստերը կազմվել են նախապես հրապարակված շտեմարանի հիման վրա: Նախորդ տարի փորձնական «հայոց լեզու և գրականություն»  և «մաթեմատիկա» առարկաներն էին շտեմարանային: Նորարարությունն իրեն արդարացրեց և այս տարի  գրեթե բոլոր  քննական առարկաներից շտեմարաններ հրապարակվեցին:

Այս տարի աննախադեպ պատկեր է «կենսաբանության» դեպքում: Այս առարկայի միջին  գնահատականը 14,5 է նախորդ տարվա 11,4-ի փոխարեն: Այս տարի անբավարար է ստացել դիմորդների 12 տոկոսը, մինչդեռ 2012-ին անբարար աստացողների թիվը 7,9 տոկոսով ավել էր` 19,9 տոկոս: Իսկ «քսան» ստացողների թիվն այս տարի 182 անգամ ավելացել է. 2012-ին միայն մեկ դիմորդ էր առավելագույն միավոր հավաքել:

«Հայոց լեզվի և գրականության» միջինը 2012-ի համեմատ նվազել է 0,65 նիշով` 13,9-ից դառնալով 13,25: Նվազել է  նաև 20 բալ ստացողների թիվը` 80 դիմորդ նախորդ տարվա 200-ի փոխարեն, իսկ կտրվողների թիվն ավելացել է 3,5 տոկոսով` 5,5-ից հասնելով 9 տոկոսի: Չնայած դրան, դիմորդները և կրկնուսույցները թեստերից չեն դժգոհում` ասելով, որ ավելի բարդ առաջադրանքներ էին սպասում. շտեմարաններում առկա շատ բարդ առաջադրանքները թեստերում չեն ներառվել:

«Մաթեմատիկայից», որն ամենամասսայական քննություններից է ,  ևս դժգոհություններ չկան:  «Մաթեմատիկայի» միջին գնահատականը նախորդ տարվա համեմատ բարձրացել է` 11,97 է նախորդ տարվա 11,6-ի փոխարեն: 24-ով ավելացել է նաև 20 ստացող դիմորդների թիվը` 101 «քսան» նախորդ տարվա 77-ի փոխարեն: Միևնույն ժամանակ, 2012-ի համեմատությամբ ավելացել է նաև անբավարար ստացած դիմորդների թիվը` 15,5 տոկոսից հասնելով 17 տոկոսի:

Մաթեմատիկայի մասնագետ, կրկնուսույց Սուսաննա Մանուկյանը գնահատականների ծայրահեղության իր բացատրությունն ունի: Նրա խոսքով` կտրվողները պարզապես լավ պարապած չեն եղել. «Եթե նորմալ պարապած լինեին, գոնե միջին միավորներ կստանային: Իսկ բարձր գնահատականներ այս տարի շատ են ստացել, քանի որ շտեմարանում առկա շատ բարդ խնդիրները թեստերում չեն ներառվել»:

Մանուկյանի կարծիքով` շտեմարանի երեք հատորներն անգիր անել հնարավոր չէ, դիմորդը պետք է գիտելիք ունենա, որ կարողանա առաջադրանքները լուծել: «Իհարկե, թեստային համակարգը դուրս չի գալիս, զգալով են գրում: Ավելի օբյեկտիվ է, երբ երեխան լուծում  է առաջադրանքը, ապացուցում»,- ասում է Մանուկյանը:

Մաթեմատիկայի ուսուցչուհի, կրկնուսույց Սիրվարդ Ավետիսյանը ևս կարծում է, որ մաթեմատիկայի գիտելիքը թեստի միջոցով ստուգելը սխալ է. սովորելու փոխարեն աշակերտը ձգտում է առաջադրանքի պատասխանն անգիր անել:

Իսկ այս տարվա թեստերի մասին Ավետիսյանը դրական կարծիք ունի. միջին գիտելիք  ունեցողը կարողացել է դրական գնահատական ստանալ, իսկ բարձր գնահատականի համար էլ ավելի խորքային գիտելիքներ են պահանջվել:

Հիմքային գիտելիքը կարևորում է նաև կրկնուսույց Էմմա Խանաղյանը. «Շտեմարանով վարժեցնելը բանի նման չէ: Եթե դպրոցական գիտելիքների պաշարը չունենա դիմորդը, բուհում հաստատ խնդիրներ կունենա»:

«Ռուսերենի» միջին  գնահատականը  11,08  է` 1,5 նիշով բարձր նախորդ տարվա ցուցանիշից (10,3): Այս առարկայից անբավարար ստացողների թիվը 2012-ի համեմատությամբ նվազել է 7 տոկոսով` 22 տոկոսից հասնելով 15-ի: Նախորդ տարի «ռուսերենից» 20 միավոր ստացողներ չէին եղել, այս տարի 2 դիմորդ առավելագույն միավորներ է հավաքել:

«Աշխարհագրության» միջին գնահատականը 14,5 է: Նախորդ տարի միջինը 12,3 էր` 2,2 նիշով ցածր: Անբավարարների քանակը կրճատվել է 3,7 տոկոսով` 9,7-ից հասնելով 6-ի: Իսկ 20 միավոր ստացած դիմորդներն այս տարի չորսն են:

«Ընդհանուր պատմության»  դեպքում իրավիճակը հակառակն է` միջին գնահատականը նվազել է 0,7 նիշով` 12,2-ից դառնալով  11,5, անբավարար ստացողների թիվը 2012-ի համեմատությամբ ավելացել է 5,2 տոկոսով. դիմորդների 20 տոկոսն այս տարի կտրվել է: Իսկ 20 ստացողները նախորդ տարի երկուսն էին, այս տարի միայն մեկը:

Պատմության մասնագետ, կրկնուսույց Նաիրի Մուրադյանի կարծիքով ցածր գնահատականների  պատճառները մի քանիսն են. «ընդհանուր պատմությունից» շտեմարան չի եղել, այսինքն ցանկացած թեստային առաջադրանք նորություն է եղել դիմորդի համար: Բացի այդ, նախորդ տարվա համեմատությամբ քննական բովանդակությունն է ավելացել, իսկ պատասխանների  տարբերակներն էլ միմյանց  նման են եղել` դիմորդից ավելի մանրամասն գիտելիքներ պահանջելով:

ԳԹԿ արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը «Անկախ»-ի հետ զրույցում  վստահեցրեց, որ հաջորդ տարի ԳԹԿ-ն հեղինակային խումբ կձևավորի և «ընդհանուր պատմությունից» ևս շտեմարան կհրապարակվի: Իսկ այս տարի պարզապես շահագրգիռ խումբ չի հավաքվել, որ շտեմարան ստեղծի:

«Օտար լեզվի» միջին գնահատականը 15,47 է, 6 առարկաներից` «անգլերեն», «գերմաներեն», «ֆրանսերեն», «իսպաներեն», «իտալերեն», «պարսկերեն»,  կտրվել է դիմորդների ընդամենը 6 տոկոսը, իսկ 20 է ստացել 5,4 տոկոսը` 372 դիմորդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատությամբ էլի բարելավվել է:

«Ֆիզիկայի» միասնական քննության գնահատականները կհրապարակվեն հունիսի 23-ին, իսկ «քիմիայի» և «հայոց պատմության» գնահատականները` հունիսի 26-ին:

Հունիսի 24-ից ԳԹԿ-ում կսկսվի միասնական քննությունների երկրորդ փուլի հայտագրումը, որը կտևի մինչև հուլիսի մեկը: Այս փուլին կարող են մասնակցել արտասահմանյան ուսումնական հաստատությունների շրջանավարտները, բանակից զորացրվածները և նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները:

 

Մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները բողոքարկել է դիմորդների 1,6 տոկոսը

մաթեմատիկա-թեստՄաթեմատիկայի միասնական քննության արդյունքները բողոքարկել է 112 դիմորդ.  սա քննությանը մասնակցած դիմորդների 1,6 տոկոսն է:

Նշենք, որ քննությանը մասնակցել է 6622 դիմորդ:

Մաթեմատիկայի կրկնուսույց Սուսաննա Մանուկյանն ասում է, որ այս տարվա թեստերից գոհ է. շատ բարդ առաջադրանքներ չեն եղել և իսկապես գիտելիք ունեցող դիմորդը կարողացել է գրել ու համապատասխան գնահատական ստանալ:

«Այս տարվա թեստերը ոչ շատ դժվար էին, ոչ շատ հեշտ, խնդիրները լավ էին ընտրված»,- ասում է նա:

Անդրադառնալով թե կտրվող դիմորդների թվի և թե բարձր գնահատական ստացող դիմորդների թվի աճին 2012-ի համեմատությամբ` Մանուկյանն ասում է, որ կտրված դիմորդները պարզապես լավ պարապած չեն եղել. «Եթե նորմալ պարապած լինեին, գոնե միջին միավորներ կստանային, իսկ բարձր գնահատականներ շատ են ստացել, քանի որ շտեմարանի շատ բարդ խնդիրները թեստերում չեն եղել»:

Նշենք, որ Մաթեմատիկայից այս տարի կտրվել է դիմորդների 17 տոկոսը, իսկ 20 է ստացել 101 դիմորդ: Միջին գնահատականը 11,97 է: