«Պարտքդ կալանքով կտրեմ»

Hovhannes-ManukyanՎերջերս հասարակության շրջանում` հատկապես վարորդների, դժգոհության նոր պատճառ, ավելի ճիշտ` առիթ է ի հայտ եկել` պայմանավորված արագաչափերով, տեսա-լուսանկարահանող սարքերով ու վճարովի ավտոկայանատեղերի համար նշանակված տուգանքներով ու տույժերով: Մարդիկ միաբերան բողոքում են հատկապես դրանց գանձման մեխանիզմների, մանավանդ ԴԱՀԿ-ի միջոցով բռնագանձելու, բանկային հաշիվների ու կրեդիտ քարտերի հաշիվների սառեցման գործելակերպի դեմ:

Իհարկե, ԴԱՀԿ-ի անվանումը` դատական ակտերի հարկադիր կատարում, ենթադրում է ԴԱՏԱԿԱՆ, այսինքն` դատարանի որոշմամբ հաստատված ակտեր: Բայց վերջին շրջանում անվանման տրամաբանությունը խաթարվել է. մարմինը հարկադիր կատարման գործողություններ է կատարում նաև առանց դատարանի համապատասխան որոշումների ու վճիռների: Դրա լիազորությունները, անշուշտ, ստացել է: Օրինակ` բանկային հաշիվ ունեցող ինչ-որ վարորդ խախտել է երթևեկության կանոնները, այդ խախտումն արձանագրել է փողոցում տեղադրված տեսախցիկը, դրա կապակցությամբ վարորդը տուգանվել է, ու մեկ էլ մի օր գնում է բանկ` իր հաշվից գումար ստանալու կամ այլ գործարք կատարելու, և օ զարմանք, հաշիվը սառեցված է: Պարզվում է, որ ինքը խախտում է արել, դրա համար տուգանվել է, տուգանքն էլ չի մուծել ու դրա համար հաշիվը սառեցվել է:

Նման մի տհաճ պատմության մեջ վերջերս ընկել էր մեր ծանոթ Վ.Ի-ն: Պարզվել էր, որ խախտման ու տուգանվելու վերաբերյալ ծանուցումը Վ.Ի.-ն ավելի ուշ էր ստացել, քան կսառեցվեր նրա բանկային հաշիվը: Դրա հետևանքով նա հայտնվել էր տհաճ իրավիճակում. ապրանք էր պատվիրել, ու երբ ցանկացել էր պլաստիկ քարտով իր հաշվեհամարից կատարել դրա դիմաց վճարումը, պարզվել էր, որ հաշիվը սառեցված է: Հետո պարզվել էր ավելի հետաքրքիր բան. նա տուգանված է եղել 10 հազար դրամի չափով, սակայն սառեցվել է նրա հաշիվն ամբողջությամբ` հաշվին եղած մոտ 250 հազար դրամով հանդերձ…

Մեկ այլ դեպք, որ մեզ պատմեց երևանաբնակ մի երիտասարդ` Ռուբենը: Իբր հոծ գիծ խախտելու համար նա էլ էր տուգանվել: «Ես հաստատ գիտեի, որ խախտում չեմ արել: Բողոքարկեցի, ինձ ցույց տվեցին ինչ-որ լուսանկարներ, թե իբր կոնկրետ ամիս-ամսաթվին ես խախտում եմ արել: Նախ` լուսանկարներն այնքան վատ որակ ունեին, որ դժվար էր պարզել` իմ մեքենան է եղել, թե ոչ, հետո խախտումն էր վիճելի: Իմ մեքենայի վրա տեսախցիկ է տեղադրված, ու ինձ հաջողվեց, կոնկրետ նշված օրվա ու ժամի տեսագրությունը ցույց տալով, ապացուցել, որ ես խախտում չեմ արել: Բայց ինձ տուգանած են եղել, մինչ ես կիմանայի դրա մասին, հետո, մինչ կբողոքարկեի` հաշիվս արդեն սառեցված էր»,- մեզ հետ զրույցում պատմեց Ռուբենը:

«Բանկային հաշիվների սառեցման, հաշիվների վրա արգելանքների կիրառման խնդիրն իսկապես կարևոր է, քանի որ վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների ու բազմաշերտ է»,- լրագրողներին հուլիսի 24-ին ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը` հավելելով, որ այդ իսկ պատճառով իր նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում, բացի արդարադատության նախարարության, այդ թվում նաև ԴԱՀԿ-ի ծառայության ներկայացուցիչներից, ընդգրկված են նաև ոստիկանության ու ԿԲ-ի ներկայացուցիչները:

Մի խոսքով, խնդիրը հասել է նաև «դիվանբաշուն», ու հիմա թեժ գիծ է գործում, ինչպես տեղեկացրեց նախարարը: Այն դեպքում, երբ մարդը հայտնվում է անհարմար վիճակում, օրինակ` մեկնել է արտասահման հանգստի, ու մեկ էլ պարզվում է, որ իր բանկային ու քարտային հաշիվները սառեցված են, արդարադատության նախարարը խնդրում է անմիջապես զանգել թեժ գծին: Իսկ նման առաջարկ անողները պատկերացնո՞ւմ են, թե մինչ թեժ գծին զանգելը ինչ անի մարդը, երբ օրինակ` Հռոմի կամ Փարիզի ինչ-որ ռեստորանում կերած-խմածի համար պիտի քարտից վճարում կատարի, ու… Ֆրանսիացի, իտալացի կամ այլազգի մատուցողին ի՞նչ, թե մեր հայրենի ԴԱՀԿ-ն որոշել է նրա հաշիվների վրա արգելանք դնել ու հայրենի թեժ գիծն էլ կարձանագրի այդ փաստը:

Ինչ վերաբերում է ծանուցումներին, ապա արդարադատության նախարարն էլ նշեց, որ ծանուցումը երբեմն ոստիկանության կողմից պատշաճ չի իրականացվում:
«Իհարկե, այստեղ պետք է մի քիչ ավելի հստակություն մտցնել ու վարչարարությունն ավելի ամրապնդել, որպեսզի նման դեպքերը բացառվեն կամ մինիմումի հասցվեն: Բայց միևնույն ժամանակ ուզում եմ հաշվի առնենք, որ նման ահռելի ծավալի մեջ (տասնյակ հազարներ են այդպիսի տուգանքները), այնուամենայնիվ, հնարավոր են դեպքեր, երբ պատշաճ ծանուցումը հնարավոր չի լինում ապահովել: Սա նաև կապված է փոստի աշխատանքի հետ և միայն ոստիկանության խնդիրը չէ, այս ուղղությամբ մենք աշխատում ենք»,- ասաց Հովհաննես Մանուկյանը:

Այսինքն` շատ լավ են հասկանում, որ քաղաքացին, օրինակ, փոստի աշխատանքի պատճառով կարող է անհարմարություն կրել:

Մյուս խնդրի` բանկային համակարգում հաշիվների արգելանքի կապակցությամբ էլ Հովհաննես Մանուկյանը նշում է, որ այնուամենայնիվ կա խնդիր` կապված բանկային հաշիվների վրա դրվող արգելանքի չափի հետ: Եվ խնդիրն այն է, որ ԴԱՀԿ ծառայությունը բոլոր փաստաթղթերում, որ կազմվում են ԴԱՀԿ ծառայողի կողմից կատարում ապահովելու համար, հստակ նշվում են արգելանքի չափերը:

«Բայց պարզվեց, որ դեռևս տեխնիկական խնդիրներ կան, որ որոշ բանկերում լուծված չեն, ու այդ բանկերում ավտոմատ կերպով արգելանքը տարածվում է ամբողջ գումարի վրա: ԿԲ-ի հետ մենք հիմա ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ, փորձում ենք լուծումներ գտնել ու շատ շտապ այդ խնդիրները լուծել»,- նշեց նախարարը:

Այստեղ էլ հարց է առաջանում` եթե ինչ-որ նորմի կամ դրույթի կիրարկման համար տեխնիկական խնդիրներ կան, ապա ինչո՞ւ է այն կիրառվում` հատկապես հաշվի առնելով հանգամանքը, որ այդ խնդիրը կարող է անհարմարություն պատճառել հազարավոր մարդկանց:

Վերջիվերջո մեկ այլ խնդիր էլ կա կրեդիտ քարտերի արգելափակման կապակցությամբ, որի մասին ևս թյուրըմբռնում կա ու որին անդրադարձավ արդարադատության նախարարը: Հարցն այն է, որ կրեդիտ քարտերը պարտքեր են` վարկային գծերի տեսքով: Այսինքն` դա վարկ չէ ու չի հանդիսանում վարկառուի սեփականությունը: Ենթադրենք, ինչ-որ կրեդիտ քարտի համար բացված է 300 հազար դրամի վարկային գիծ, դա նշանակում է, որ այդքան գումարի չափով քարտապանը կարող է գնումներ կատարել, գումար կանխիկացնել և այլն: Բայց դա որպես վարկ է սկսում հաշվարկվել այն պահից, երբ գումարը հանվում է: Այսինքն` կրեդիտ վարկային գիծը չի համարվում մարդու սեփականությունը, քանի դեռ նա չի ստացել այդ գումարը, թեպետ դա եղել է նրա քարտային հաշվի վրա: Այսինքն` զուտ տրամաբանական հակասութուն է առաջանում, քանի որ արգելանք է դրվում ուրիշի սեփականության վրա:

Այս հարցում ևս, ինչպես ընդգծեց նախարարը, որոշակի իրավակարգավորումներ պետք է փոփոխվեն:

Իսկ մինչև կարգավորումներն ու իրավակարգավորումները մարդիկ ստիպված են անհարմարություններ կրել` անկախ իրենց կամքից ու ցանկություններից:

 

«Պարզաբանեք` ով է այս ամենի պատասխանատուն». Կարեն Քոչարյանը՝ ԿԲ նախագահին

karen_kocharyan_2Բլոգեր Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին.

“Հարգելի պարոն Ջավադյան,

Ճի՞շտ են, արդյոք, այն պնդումները, որ մեր սուպերկայացած բանկային համակարգի բոլոր բանկերը (առանց բացառության) չունեն էլեմենտար ծրագրային ապահովում, որպեսզի ՀՀ քաղաքացիների, որոնք, ի դեպ, միաժամանակ հանդիսանում են այդ բանկերի հաճախորդ (լավ իմաստով), հաշիվները չարգելափակվեն ամբողջովին, այլ սառեցվեն միայն ԴԱՀԿ-ի ներկայացրած տուգանքի չափով: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, ապա խնդրում եմ շտապ միջոցներ ձեռնարկել այս քաոսային վիճակը շտկելու ուղղությամբ: Իսկ եթե իմ ինֆորմացիան սխալ է, ապա կրկին խնդրում եմ, պարզաբանեք, թե ինչու է նման իրավիճակ, և ով է այս ամենի պատասխանատուն”:
Քանի որ Արթուր Ջավադյանը ՖԲ-ի օգտատեր չէ, Կարեն Քոչարյանը լրատվամիջոցներին խնդրել է տարածել իր դիմումը, որպեսզի այն հնարավորինս շուտ հասնի ԿԲ նախագահին:

 

Անկախ

«Հարցը չափազանց կարևոր է». արդարադատության նախարարը՝ բանկային հաշիվների արգելափակման մասին

news_0508977925681_18_b

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Հարգելի հայրենակիցներ,

Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և այլ վարչական իրավախախտումների հետևանքով ՀՀ քաղաքացիների նկատմամբ կիրառված վարչական տույժերի գանձման հիմքով հարուցված կատարողական վարույթներով բանկային հաշիվների արգելափակման վերաբերյալ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և իմ անմիջական հսկողության ներքո:

Հարցը չափազանց կարևոր է անձանց իրավունքների անհիմն սահմանափակում թույլ չտալու և մարդկանց համար կենցաղային դժվարություններ չստեղծելու տեսանկյունից: Այն ուսումնասիրվել է խորությամբ և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ խնդիրն արագ կարգավորելու համար: Նշված դեպքերով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածում է բացառապես այն չափով, որն անհրաժեշտ է կատարողական թերթի պահանջների կատարման համար, և դա ակնհայտ երևում է կատարողական ցանկացած փաստաթուղթ ուսումնասիրելիս:

Ավելին, ԴԱՀԿ գործունեությունն ապահովող համակարգչային ծրագիրը նախատեսում է պահանջ հարկադիր կատարողի համար՝ կատարողական փաստաթղթում պարտադիր լրացնել բռնագանձման ենթակա գումարի չափը: Խնդրո առարկան պայմանավորված է առանձին բանկերի ներքին բանկային գործառույթներով: ՀՀ արդարադատության նախարարությունը, համագործակցելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, ճանապարհներ է փնտրում նշված խնդիրը կարգավորելու համար:

Հավաստիացնում եմ, որ հարցը գտնվում է իմ և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության գլխավոր հարկադիր կատարողի ուշադրության կենտրոնում և շատ կարճ ժամկետներում խնդիրը կստանա դրական լուծում՝ մեր քաղաքացիների իրավունքների վերականգնման և հետագա գործընթացներում նման բարդություններից զերծ մնալու տեսանկյունից»:

 

Անկախ

Ի՞նչ ճակատագիր է սպասում Մարզահամերգային համալիրին

համալիր19 մլրդ 350 մլն դրամ (մոտ 48 մլն դոլար). օրեր առաջ այս նախնական գնով աճուրդի հանվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքը` հարակից տարածքներով: Շենքն օտարելու վերջնաժամկետը մայիսի 29-ն է, բայց այդպես էլ գնորդ չհայտնվեց, և աճուրդը դադարեցվեց: Աճուրդի չկայանալու դեպքում դրա ավարտի երրորդ օրը կայանում է կրկնակի հարկադիր էլեկտրոնային աճուրդ, և լոտի գինը պակասեցվում է 10 տոկոսով:

ԴԱՀԿ պաշտոնական հայտարարության մեջ նշված այն փաստը, որ շենքը գրավի առարկա է, և մասնավոր ընկերության գույքն աճուրդի է հանում պետությունը, մի շարք հարցեր առաջ քաշեց:

Բայց նախ հիշենք շենքի մասնավորեցման գործընթացը: Համալիրը կառավարության որոշմամբ օտարվել է դեռ 2005 թ. 5 մլն 750 հազար դոլարով մոսկվաբնակ գործարարներ Մուրադյան եղբայրներին պատկանող «Բամո» ընկերությանը: Պայմանագրի համաձայն՝ ավելի քան 10 մլն դոլար ներդրումներ անելուց հետո, շենքը շահագործման է հանձնվել 2008 թ.:
Փաստորեն, սա այն բացառիկ դեպքերից է, երբ սեփականատերը բարեխղճորեն կատարել է իր պարտավորությունները՝ առանց որևէ վնաս հասցնելու շենքի պատմա-մշակութային կողմին: Համալիրը բերվել է պատշաճ տեսքի ու մակարդակի: Սակայն սա հարցի մի կողմն է:
Իսկ թե ինչ կապ ուներ այս պատմության հետ պետությունը, մասնավորապես` պաշտպանության նախարարությունը, պարզվեց, որ «Բամո» ընկերությունը շենքը գնելուց հետո գրավ է դրել Մուրադյան եղբայրների մեկ այլ ընկերության անունով վարկ վերցնելու համար, և համալիրը, որպես գրավի առարկա, անցել է ՀՀ պաշտպանության նախարարության տնօրինությանը:
Վարկը տրամադրվել է ռուսական կողմից. 2008 թ. ճգնաժամից հետո Հայաստանի Հանրապետությունը 500 մլն դոլարի ռուսական վարկ է ստացել, որից 20 մլն դոլար տրվել է «Բամո» ընկերությանը: Ռուսական վարկը Հայաստանի իշխանությունների կողմից մարվել է 2013 թ.: Ամենայն հավանականությամբ, համալիրի սեփականատերերը, ավելի ճիշտ՝ սեփականատերը, քանի որ Մուրադյան եղբայրներից մեկը Մոսկվայում սպանվեց, չի կարողացել կատարել վարկային պարտավորությունները, և շենքը հանվել է աճուրդի:
Սակայն, Մարզահամերգային համալիրի ղեկավարությունը դիմել է վերաքննիչ դատարան՝ վիճարկելու համալիրն աճուրդով վաճառելու որոշումը և ԴԱՀԿ գործողությունները՝ դրանք համարելով անօրինական:

«Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Մարզահամերգային համալիրի` որպես պատմամշակութային հուշարձանի փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել: ԴԱՀԿ-ն հրաժարվում է գնահատման վերաբերյալ հաշվետվություն տրամադրելուց: «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 մլրդ ՀՀ դրամ: Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Համեմատական մեթոդի կիրառման պարագայում անհայտ է, թե որ գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը: ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով: Մարզահամերգային համալիրի շենքը, որպես պատմամշակութային հուշարձան, երբևէ չի եղել պաշտպանության նախարարության հաշվեկշռում և չի կարող լինել այն պարզ պատճառով, որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Ամեն դեպքում, աճուրդին մասնակցող և հաղթող կազմակերպությունը պետք է փաստացի կատարի վճարումները, որոնք պետք է փոխանցվեն նախկինում տրամադրված բյուջետային վարկի մարմանը: 2014 թ. մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ն հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է և գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդի»,- նշված է մարզահամերգային համալիրի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Այս պատմության մեջ իրավական կողմը, իհարկե, կարևոր է, մանավանդ որ կողմերից մեկը պետությունն է, սակայն հանրությանն առավել անհանգստացնում է հանրապետական նշանակության կառույցի ճակատագիրը, քանի որ շենքի աճուրդի վերաբերյալ հայտարարության մեջ որևէ կետով նշված չէ կառույցի կարգավիճակը, և ստացվում է, որ նոր գնորդը կարող է վարվել դրա հետ որպես սովորական մի շինության:
«Դա տարրական անգրագիտության հետևանք է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայնախագիծ» ինստիտուտի տնօրեն, Հանրային խորհրդի ճարտարապետության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, որը, ի դեպ, եղել է այդ փառավոր շենքի երկու կոնստրուկտորներից մեկը:
Գրիգոր Ազիզյանն ասում է, որ աճուրդի դրված օբյեկտը ճիշտ չի ձևակերպված, նշված չէ, որ այն պատմամշակութային հուշարձան է, և գնորդը պարտավոր է պահպանողական պայմանագիր կնքել և այլն: «Նույնն էլ արվեց Ծածկած շուկայի դեպքում, չնայած այն դեպքում դիտավորյալ էր արված, իսկ մարզահամերգայինի դեպքում, կարելի է ասել, եղել է ԴԱՀԿ աշխատակիցների կողմից թույլ տրված տարրական սխալ և անգրագիտություն»:
Մեր զրուցակիցը կարծում է, որ սխալը կշտկվի, քանի որ այն խիստ ակնհայտ է, և պատմամշակութային շենքին որևէ վտանգ չի սպառնա: Ինչ վերաբերում է պետության և մասնավոր ընկերության միջև ծագած վեճին, ապա Ազիզյանը կարծում է, որ այնուամենայնիվ, համալիրի սեփականատերը եղել է բարեխիղճ, իր պարտավորությունները կատարել է պատվով, և այսօր շենքը շատ լավ վիճակում է: «Սակայն համալիրի ղեկավարները լավ մենեջերներ չեն եղել, քանի որ դա այնպիսի շենք է, որ պետք է ավելի լուրջ ձևով շահագործվեր, կազմակերպվեին լուրջ միջոցառումներ, համերգներ: Դա էլ, հավանաբար, հանգեցրել է պարտքերի գոյացման»:
Ազիզյանը նշում է, որ շենքը ո՛չ ժամանակին է իրական արժեքով վաճառվել, ո՛չ էլ այսօր է իրական արժեքով աճուրդի հանվել, քանի որ դրա իրական արժեքը մի քանի հարյուր միլիոն դոլար է:
Մարզահամերգային համալիրի համահեղինակ, Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը մեզ հետ զրույցում հիշեց, որ շենքի կառուցումը նախատեսված էր սկսել 60-ականներին և մինչև 1970 թվականը հասցնել ավարտին՝ որպես նվեր Խորհրդային Միությունից Խորհրդային Հայաստանին ՝ խորհրդային կարգերի հաստատման 50-ամյակի կապակցությամբ: Սակայն ֆիզիկապես հնարավոր չեղավ հասցնել, ուստի որպես նվեր կառուցվեց «Հրազդան» մարզադաշտը:
Հիշում է, որ համալիրի շինարարությունը սկսվեց 70-ականների վերջերին, իսկ 1980-ին Մոսկվայում պետք է տեղի ունենար օլիմպիադան, և ֆինանսավորում ստանալու համար շատ բարդ ժամանակաշրջան էր: Սակայն, Հայաստանի իշխանություններին հաջողվեց գումար ստանալ շենքի շինարարության համար:
Կառույցը 1987 թ. Խորհրդային Միության կողմից ստացավ պետական մրցանակ, ինչն աննախադեպ էր Խորհրդային Հայաստանի պատմության մեջ:
«Ինձ ոչ թե աճուրդն է մտահոգում, այլ այն, թե ում է շենքը վաճառվելու, և շենքի գնորդն արդյոք ի վիճակի է նույն ձևով պահպանել կառույցը, թե ոչ,- ասում է Մուշեղյանը,- պայմանագրային հարաբերությունները պետք է այնպես կազմվեն, որ անկախ նրանից՝ ով է սեփականատերը, շենքը պահպանվի նույնությամբ: Իսկ այսօրվա սեփականատերը պասիվ է շենքն օգտագործում, թե ակտիվ, նորմալ ձևով շենքը պահպանում է, և ցանկացած միջոցառում, ցանկացած պահի այնտեղ կարելի է իրականացնել»:

Անկախ

ԴԱՀԿ-ում օրացույցը հետ է աշխատում

դահկ  Մարզահամերգային համալիրի շուրջ ստեղծված անհասկանալի քաոսում

պետական ատյանների խառնիճաղանջ, անտրամաբանական քայլերի ականատեսՆ ենք դառնում: Հերթական վառ ապացույցը ստորև փաստաթուղթն է, որը պատասխանն է ՄՀՀ ՓԲԸ-ի կողմից 08.05.2014թ-ի  Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայությանը տրված դիմումին, այն է՝ ներկայացնել օֆշորում գրանցված կասկածելի կազմակերպության և փորձագետի՝ մշակութային կոթողը այդ կերպ գնահատելու վերաբերյալ եզրակացության հիմքերը և մանրամասնությունները:

Ի պատասխան դիմումի ԴԱՀԿ-ը 12 օր հետո տվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս հետևյալ պատասխանը.

“Հայտնվում է, որ թիվ 01/02-2373/14 կատարողական վարույթի նյութերին ծանոթանալու և պատճենահանումներ կատարելու համար կարող եք ԴԱՀԿ ապահովող ծառայություն ներկայանալ 30.05.2014թ-նի ժամը՝ 11:00-ին”:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ-Ի կողմից ՄՀՀ-ի էլեկտրոնային աճուրդը մեկնարկել է 19.05.2014-ին և ավարտվում է 29.05.2014թ –ի ժամը 13:00-ին :

 

Հարց. Ինչո՞ւ է ԴԱՀԿ-ը քողարկում կասկածելի կազմակերպության ՄՀՀ ՓԲԸ-ի հետ կապված գործունեությունը:

 

ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Անկախ

 

Դատական ո՞ր ակտերն են ենթակա հարկադիր կատարման

դատարանՀամաձայն ՀՀ Սահմանադրության` երկրում արդարադատություն իրականացնում են բացառապես դատարանները, որոնց կայացրած որոշումները պարտադիր են բոլորի համար և պետք է կատարվեն անխտիր բոլորի կողմից: Սակայն ոչ միշտ է, որ դատավարության կողմը հոժարակամ կատարում է  դատական ակտի ուժով իր վրա դրված պարտավորությունը: Այստեղ է, որ կարևորվում է այնպիսի մարմնի դերակատարությունը, ինչպիսին է հարկադիր կատարման ծառայությունը, որը գործում է ՀՀ արդարադատության նախարարության կազմում:

«Հարկադիր կատարման ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` հարկադիր կատարման ենթակա են`

1) քաղաքացիական գործերով դատական ակտերը, բացառությամբ իրավաբանական անձին կամ քաղաքացուն սնանկ ճանաչելու և մրցութային վարույթ սկսելու մասին գործն ըստ էության լուծող դատական ակտերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատական ակտերը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով նախատեսված գործերով դատական ակտերի,

2) քրեական գործերով դատարանի դատավճիռները և որոշումները` տուգանքների, գույքի բռնագրավման և գույքային բռնագանձումների մասով,

3) արբիտրաժային տրիբունալների վճիռները,

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները, ինչպես նաև քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները` վնասի հատուցման և գույքային այլ բռնագանձումների մասով,

5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի քաղաքացիական և տնտեսական գործերով վճիռները և որոշումները,

6) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները:

Դատական ակտն ի կատար ածելու համար կիրառվում են հարկադիր կատարման մի շարք միջոցներ, մասնավորապես`

1) պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը` արգելանք դնելու և այն իրացնելու միջոցով,

2) պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի, կրթաթոշակի և այլ տեսակի եկամուտների վրա բռնագանձում տարածելը,

3) այլ անձանց մոտ գտնվող պարտապանի դրամական միջոցների և այլ գույքի վրա բռնագանձում տարածելը,

4) կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը,

5) Հարկադիր կատարողի որոշումները չկատարելու համար տուգանք կիրառելը,

6) կատարողական թերթի կատարումն ապահովող այլ միջոցներ:

Ինչ վերաբերում է կատարողական թերթ տալուն, ապա այն տրվում է`

1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա,

2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա,

3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա,

4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա,

5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա:

Կատարողական թերթը տալիս է ակտն ընդունած առաջին ատյանի դատարանը` պահանջատիրոջ կամ դրա համար հատուկ լիազորված նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա: Կատարողական թերթը տրվում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` դիմումը ստանալու օրվանից եռօրյա ժամկետում, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում` անհապաղ:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ