Նոր դրամաշնորհ Հայաստանի հակադոպինգային ծառայությանը և նոր անելիքներ

Արեգ Հովհաննիսյան- դոպինգՀայաստանի հակադոպինգային ծառայության նոր ծրագիրն արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավանությանը: Դրամաշնորհ է հատկացվել 19 հազար 964 դոլար: Այդ միջոցներով նախատեսվում է առաջիկա մեկ տարում մեծածավալ աշխատանք կատարել: Ուշագրավ է, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանի հակադոպինգային ծառայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից երրորդ անգամ է արժանանում դրամաշնորհի: Ոչ մի երկրի ներկայացուցիչ այդպիսի պատիվ չի ունեցել: Իսկ թե ինչ է նախատեսվում անել, պարզաբանեց Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը:

– Առաջիկա մեկ տարում Հայաստանում կայանալիք մրցաշարերի օրերին կկազմակերպվի ուսուցողական 5 ճամբար: Դրանց ունկնդիրները կլինեն մարզիչներ, մարզիկներ, մարզասերներ: Նպատակն այն է, որ հասարակությունը տեղեկացված լինի արգելված դեղամիջոցների վնասակար ներգործության, մարզիկների առողջությունը քայքայող, ազնիվ մրցակցությանը խանգարող երևույթների և դրանք կանխարգելող միջոցների մասին:

– Աշխատանքային մեխանիզմն ինչպիսի՞ն է լինելու:
– Մրցումների ժամանակ կենտրոններ են հիմնվելու, և պարզաբանումներ են կատարելու մեր մասնագետները: Մասնավորապես, հուլիսին Վանաձորում կայանալիք ըմբշամարտի միջազգային մրցաշարի, սեպտեմբերին Ռոբերտ Էմմիյանի մրցանակների խաղարկության հեռացատկի միջազգային մրցաշարի, հետո էլ Հայաստանի ըմբշամարտի, ծանրամարտի առաջնությունների, նետաձգության Եվրոպայի «Գրան պրի» մրցաշարի ժամանակ այդ ամենը կկիրառվի: Ի դեպ, Մոլդովայի հակադոպինգային ծառայությունը ևս դրամաշնորհ է ստացել, որի գլխավոր խորհրդատուն ես եմ: Իսկ Ֆինլանդիայի մասնագետները հուլիսի 13-16-ը կժամանեն Հայաստան, որպեսզի օգնեն խորհդատվությամբ: Բացի այդ, պետք է ընտրվի տարվա լավագույն մարզիկը: Այդ պատվին կարժանանա նա, ով հակադոպինգային ոլորտում իրեն ամենից լավ է դրսևորել:

– Մի քիչ անհասկանալի է, թե ինչպես է դա արվելու, ի՞նչ չափորոշիչներ են լինելու:
– Այդ մասին ավելի հստակ կհայտնվի Ֆինլանդիայի մեր գործընկերների Երևան ժամանելուց հետո: Կարող եմ միայն ասել, որ հանձնաժողով է ստեղծվելու, որի կազմում լինելու են ՀԱՕԿ-ի և Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասնագետները: Նախապատվությունը կտրվի այն մարզիկին, որն ավելի շատ ստուգված` փորձանմուշներ հանձնած կլինի, և կբացահայտվի, որ նա ոչ մի խախտում չի կատարել: Ամենևին պարտադիր չէ, որ նա մարզական բարձր ցուցանիշների հասած լինի: Բայց, որպես կանոն, ստուգվում են նրանք, ովքեր աչքի են ընկել միջազգային ստուգատեսներում, ճանաչում ունեն:

– Առաջիկայում արգելված դեղամիջոցների ցանկում նախատեսվու՞մ են փոփոխություններ:
– Սեպտեմբերին կհրապարակվի արգելված դեղամիջոցների նոր ցուցակը: Ուշագրավ է, որ ավելացված դեղամիջոցների թվում կլինեն քսենոն և արգոն գազերը: Այդ մասին արդեն որոշում կայացվել է: Բացահայտվել է, որ դրանց օգտագործումը նպաստում է արյան կարմիր գնդիկների ավելացմանը:

– Հետաքրքիր է, թե դրանք ինչպե՞ս են օգտագործում:
– Չեմ կարող ասել, հավանաբար շնչում են:

– Սպասվում էր, որ 2014-ի սկզբին Ռուսաստանի Սոչի քաղաքում կայացած ձմեռային օլիմպիական խաղերը Հայաստանից կսպասարկեն չորս հակադոպինգային սպաներ: Ինչ՞ու մերոնց այդ հնարավորությունը չտրվեց:
– Ոչինչ չեմ կարող ասել, մեզ ոչ մի բացատրություն չի տրվել: Փաստն այն է, որ կազմակերպիչներն այլ երկրներից սակավաթիվ մասնագետներ էին հրավիրվել:

– Հայաստանի մարզիկների շարքերում կա՞ն արգելված դեղամիջոցների օգտագործման հանցանքում նոր բռնվածներ:
– Ոչ, հուսով եմ, որ չեն էլ լինի: Հայաստանի ծանրորդներից միայն 2014-ին 46 փորձանմուշ է վերցվել: Չեն հաշվում այն ստուգումները, որոնք կատարվել են տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի առաջնություններում:

– Փաստորեն, հաշվարկում եք միայն այն ստուգումները, որոնք Հայաստանի մասնագետնե՞րն են կատարել:
– Ոչ: Մենք համատեղ ենք աշխատում Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ:

– Ստացվում է, որ հիմնականում մեր ծանրամարտիկնե՞րն են ստուգվում:
– Իրոք, այդպես է: Բայց նախատեսել ենք, որ առաջիկայում երկու անգամ 12-ական ըմբիշի ստուգենք: Այդ մասին արդեն պայմանավորվել ենք Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների հետ: Վերջիններս կորոշեն, թե այդ թվում քանիսը կլինեն հունահռոմեական ոճի և քանիսը` ազատ ոճի ըմբիշներ: Նախորդ անգամ ստուգվել էին հունահռոմեկան ոճի 5, ազատ ոճի 1 ըմբիշ: Այս անգամ 24 փորձանմուշ է վերցվելու: Թե ում պետք է ստուգել, կհայտնեն Հակադոպինգային միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: Դա որոշում է վճարողը:

– Այլ մարզաձևերի մեր երկրի ներկայացուցիչները չե՞ն ստուգվելու:
– Արևելյան Եվրոպայի տարածքային հակադոպինգային կազմակերպության վերջին համաժողովում համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը որոշել է, որ բացառության կարգով Հայաստանին ֆինանսներ տրամադրվեն, որպեսզի մեր երկրի ազգային առաջնություններում ստուգումներ կատարվեն: Այդ աշխատանքը կսկսվի հաջորդ տարվանից: Ընդ որում, փորձանմուշներ ենք վերցնելու մեր հայեցողությամբ: Նախնական որոշվել է, որ պետք է պարտադիր ստուգվեն ծանրամարտի, ըմբշամարտի, նաև մի քանի այլ մարզաձևերի ներկայացուցիչներ: Առայժմ հայտնի չէ, թե քանի փորձանմուշ վերցնելու համար է ֆինանսավորում կատարվելու, դա ընթացքում կպարզվի:

– Իսկ մեկ ստուգման համար ինքա՞ն գումար է պահանջվում:
– Մրցումների ընթացքում կատարվող ստուգումն արժի 220 հազար դրամ: Հիմնականում փորձանմուշներն ուղարկվում են Ավստրիայի լաբորատորիա: Դա ամենաէժանն է, այդ է ընտրության պատճառը:

Վերջին 10 տարում Հայաստանից որակազրկվել է 24 մարզիկ

images ՀԱՕԿԱռայժմ հայտնի չէ  թե  Հայաստանից քանի մարզիկ կմասնակցի Սոչիում  փետրվարի 7-ին մեկնարկելիք  ձմեռային օլիմպիական խաղերին: Բայց  Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը  ստուգման է  ենթարկել  հավանական  մեր   բոլոր հինգ թեկնածուներին: Հունվարի 16-ին  վերցված նմուշները ուղարկվել  են Ավստրիայի լաբորատորիա: Արդյունքների պատասխանը կիմացվի 10 օր հետո:

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը  / WADA  /   հրապարակել է  ամենաշատ որակազրկված մարզիկներ  ունեցող երկրների ցանկը` վերջին  մեկ  և հինգ տարվա  կտրվածքով:

Ստորև  ներկայացնում ենք տասնյակները .  2013  թ.   ԱՄՆ` 63  որակազրկված մարզիկ  – մարզուհի, Հնդկաստան ` 61, Իտալիա  և ՌԴ` 54 – ական, Ֆրանսիա` 16, Ավստրալիա և Ղազախստան`13 – ական, Ուկրաինա , Շվեյցարիա և Մեծ Բրիտանիա` 12 – ական:

2008-2013 թթ .  Հնդկաստան` 476 մարդ ,  ՌԴ`  394, ԱՄՆ` 301, Իտալիա` 218,  Ֆրանսիա ` 155,  Չեխիա` 140, Ավստրալիա` 131,  Մեծ Բրիտանիա` 102, Շվեդիա` 97  և  Հարավային Աֆրիկա `95:

Վերջին 10 տարում  Հայաստանից  որակազրկվել է  24  մարզիկ:

Հիշեցնենք ,    որ  Սոչիի  խաղեր  մեկնող մեր պատվիրակների անունները  հայտնի կդառնան հունվարի 21-ին :

 

 

 

Դոպինգ օգտագործած մեր ծանրորդներին Հայաստանի մասնագետները չեն ստուգել

դոպինգ«Անկախն» ապրիլի 25-ի համարում անդրադարձել է, որ Հայաստանի ծանրորդներին փորձաքննության ենթարկելուց հետո 7 դրական արդյունք է ստացվել, այսինքն` բացահայտվել են արգելված դեղամիջոցների օգտագործման դեպքեր: Ինքնին հարց է առաջանում, թե ինչո՞ւ է այդպիսի իրավիճակ ստեղծվել, նախապես մարզիկներին մեր երկրի համապատասխան մասնագետները ստուգե՞լ են, թե՞ ոչ:

Հայաստանի սպորտային բժշկության և հակադոպինգային կենտրոնի հակադոպինգային բաժնի պետ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հակադոպինգային ծառայության ղեկավար, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը տեղակացրեց, որ այս տարի մեր երկրի ծանրորդներին չեն ստուգել: Խնդիրն այն է, որ  այդպիսի աշխատանք կատարելու առաջարկ չեն ստացել և ոչ մի ծանրորդից փորձանմուշ չեն վերցրել:

Ընդունված կարգի համաձայն` մարզական ֆեդերացիաները պաշտոնապես դիմում են, և փոխհամաձայնեցված ստուգումներ են իրականացվում:  Դրա համար հակադոպինգային մասնագետները վարձատրվում են և այլն: «Համագործակցում ենք Հայաստանի բռնցքամարտի, ըմբշամարտի ֆեդերացիաների հետ: Իսկ թե Հայաստանից ովքեր են բռնվել արգելված դեղամիջոցներ օգտագործելու հանցանքում, ոչինչ չգիտեք և չենք էլ ցանկանում այդ թեմային անդրադառնալ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ի դեպ, Հայաստանի հակադոպինգային կենտրոնը վերջերս հավաստագիր է ստացել: Փաստորեն, հաստատվել է, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են հակադոպինգային ծառայություններ մատուցել Միջազգային օլիմպիական կոմիտեի «ՎԱԴԱ» հակադոպինգային կազմակերպության չափորոշիչներին համապատասխան: Առաջին պահանջն այն է, որ հակադոպինգային կենտրոնի աշխատակարգի կանոնները համապատասխանեն միջազգային կանոններին: Դեռ 2009-ից  է այդ պահանջը մերոնց կողմից կատարվում: Երկրորդ` պետք է աշխատել միջազգային հակադոպինգային թեստավորման սկզբունքներով, դոպինգի ստուգումը ճիշտ իրականացնել: Բացի այդ, հակադոպինգային կենտրոնը պետք է  անկախ լինի, նաև` ապահովագրված: Ապահովագրության հարցը կարևոր է: Եթե որևէ մարզիկ հակադոպինգային կենտրոնին դատի տա, ապա այդ ծախսերը պետք է վերցնի ապահովագրական կազմակերպությունը: Այդ պարտականությունը ստանձնել է «Նաիրի» ինշուրանսը: Հավաստագիրը հատկացնելու համար ստուգում է կազմակերպվել, որն իրականացրել են Գերմանիայի հակադոպինգային ծառայության մասնագետները:

Ի դեպ, Հայաստանի հակադոպինգային կենտրոնի մասնագետներն աստիճանաբար ճանաչում են ստանում: Նրանցից երեքը` Անժելա Սահակյանը, Դավիթ Մոսինյանը և Խորեն Մանուկյանը, հավակնում են, որ կսպասարկեն 2014-ին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը: Դա Ռուսաստանի «Ռուսադա» հակադոպինգային կազմակերպության մասնագետների առաջարկի շնորհիվ է, որոնք Հայաստան են այցելել և ծանոթացել մեր երկրի մասնագետների հնարավորություներին:

 

Ի դեպ, ռուսական հակադոպինգային կազմակերպությունն իր կայքն ունի, որում անմիջականորեն հարապարակում են դոպինգի հետ կապված, բոլոր բացահայտումները: Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում մեր երկրում էլ նույնատիպ կայք է գործելու: «Հունիսի 1-ին Հայաստան են ժամանելու հակադոպինգային 9 երկրների ներկայացուցիչներ: Բարձրացվելու են հրատապ հարցեր: «Անի» հյուրանոցում 3 օր շարունակ մի շարք հիմնախնդիրներ են քննարկվելու: Հայաստանի ներկայացուցիչները զեկուցումով են հանդես գալու, քանի որ մեր երկիրը տարածաշրջանում առաջինն է, որը հակադոպինգային միջազգային աշխատանքներ կատարելու հավաստագիր է ստացել: Ի դեպ, մայիսի 23-ին էլ Մոսկվայում կայանալու է ԱՊՀ հակադոպինգային կազմակերպության համաժողովը, որում կրկին Հայաստանի ներկայացուցիչները զեկուցելու են իրենց փորձի մասին: Իսկ աշխատանքային  պատվերներ ունենք ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից: Մասնավորապես, առաջիկայում ստուգվելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը, նրանց ևս երեք թիմակից ու երկու ազատ ոճի ըմբիշներ»,- ասաց Հովհաննիսյանը: