Ուորլիքի հայտարարության մեջ առկա շեշտադրումները չափազանց մտահոգիչ են

Երվանդ Բոզոյան

Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ զարգացումների մասին լրագրողների հետ խոսելիս քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, անդրադառնալով Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, նշեց.    «Ուորլիքի հայտարարության մեջ առաջին հայացքից որևէ նոր բան չկա. այն կրկնում է մադրիդյան սկզբունքերի 6 հիմնական կետերը, սակայն մտահոգիչը նոր շեշտադրումներն են. Ուորլիքի և ԱՄՆ-ի դեսպանի հայտարարություններից անմիջապես հետո նրանք նշեցին, որ Լեռնային Ղարաբաղը դիտարկում են  որպես երկու սուբյեկտ՝ մեկը նախկին ԼՂԻՄ տարածքն է, մյուսը՝ «օկուպացված» տարածքները: Ինքնին Մադրիդյան սկբունքների հիմքում ևս դրված էր Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման հարցը, ինչպես նաև փախստականների՝ իրենց բնակավայրերը վերադարձի հարցը, սակայն 2008թ.-ին Մինսկի խմբի համանախագահ Բրայզան հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղում պետք է անպայման անցկացվի հանրաքվե. ժողովուրդը իր կամքը պետք է հայտնի: Ադրբեջանական կողմը պնդում էր հանրաքվեն անցկացնել 15-20 տարի անց, իսկ հայկական կողմը փորձում էր բանակցել ավելի շուտ՝ 3-5 տարի հետո անցկացնելու շուրջ: Նախ, հայտարարության մեջ «պլեբիսցիտ»-ով էր փոխարինված «հանրաքվե» բառը և նշված, որ քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ բարդ է, հանրաքվեն պետք է անցկացվի ապագայում, իսկ ապագան անորոշ հասկացություն է: Այս խնդրի շուրջ շեշտում չեն անում, փոխարենը՝ զորքերի դուրսբերման խնդիրը հատուկ շեշտադրում է ստացել հայտարարություն մեջ, ինչը  խիստ մտահոգիչ է, հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ ագրեսիվ ու ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս Ադրբեջանի իշխանությունները»:

Քաղաքագետը նշեց, որ, ըստ էության, Ուորլիքի առաջարկությունը կարող ենք մեկնաբանել որպես «գրավյալ» տարածքներից հայկական զորքերի դուրսբերման և դրանք միջազգային ուժերով փոխարինելու առաջարկ: Այնուհետ Երվանդ Բոզոյանը նշեց.

«Կուզեմ մի քանի հարց ուղղել  պարոն Ուորլիքին և մյուս ամերիկացիներին : Ձեր հայտարարության 6-րդ կետում նշում եք բոլոր կողմերի միջև համընդհանուր վստահության անհրաժեշտության մասին. Նախ, դուք ունե՞ք փոխվստահություն Ռուսաստանի հետ. կարծում եմ` Ուկրաինայի դեպքերը դրա առկայության մասին չեն վկայում, այսինքն՝ հակամարտության կարգավորման միջնորդ կողմերի միջև անգամ չկա փոխվստահություն: Ի՞նչ երաշխիք կա, որ այդ սրված հարաբերությունները  չեն ներթափանցի մեր տարածաշրջան: Եթե հիպոթետիկ ներկայացնենք հայկական զորքերի դուրսբերումը, ապա ի՞նչ ձևաչափով պիտի կազմվեին այդ խաղաղարար ուժերը, ի՞նչ ուժեր պետք է լինեն, որ համապատասխանեն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի շահերին, ցու՛յց տվեք ինձ նման ձևաչափ. այն գոյություն չունի:

Դուք նաև իրավացիորեն նշում եք, որ պետք է փոխվստահություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև. ակնհայտ է ատելությունը, ագրեսիվությունը հայերի նկատմամբ, որը երևում է ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև ներգրավում ակադեմիական շրջանակներն ու բոլոր ոլորտները: Այս մթնոլորտւմ, երբ այս ամենը չի դատապարտվում, ի՞նչ փոխվստահության մասին կարելի է խոսել: Եվ երրորդ՝ առաջին անգամ արդեն պաշտոնական մակարդակով Արդբեջանի նախագահը և նրա շրջապատը ոչ միայն հայտարարում են Լեռնային Ղարաբաղի «գրավման մասին», այլ նաև հայտարարում, որ Հայաստանը ընդհանրապես գոյություն չի ունեցել և այն ընդամենը «Արևմտյան Ադրբեջանն է». սա ակադեմիական մակարդակից վերաճել է պետական մակարդակի. այս ամենը չի նկատվում, փոխարենը՝ պահանջում եք հայկական զորքերի դուրսբերում, սա ի՞նչ է, եթե ոչ պատերազմի հրահրում: Եթե Ձեր առաջ քաշած դրույթներով հայկական ուժերը դուրս բերվեին՝ հիպոթետիկ փոխարինվելով միջազգային ուժերով, ապա ես, որպես քաղաքագետ, պնդում եմ, որ ռազմական գործողությունները անխուսափելիորեն կվերսկսվեին, իսկ Ադրբեջանը ոչ մի բանի առջև կանգ չէր առնի. սա կվերածվեր գլոբալ պատերազմի: Այստեղ գործ ունի Թուրքիան, Ռուսաստանը ևս անմասն չի մնա: Սա՞ են ուզում: Եթե իսկապես ցանկանում եք խաղաղություն, ապա խորհուրդ կտամ այս տարածաշրջանը հանգիստ թողնել առժամանակ, լուծել խնդիրները Ուկրաինայում, Վրաստանում և այլուր, ապա նոր պետք է փորձել վստահության մթնոլորտ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Երվանդ Բոզոյանը նշեց. «Առաջին հերթին պիտի հորդորեն երկու երկրներում ազգամոլության, ագրեսիվության դրսևորումները դադարեցնել, հատկապես Ադրբեջանում. Հայաստանում գոնե պետական մակարդակով ազգայնամոլության իմաստով հակաադրբեջանական ոչ մի դրսևորում չի նկատվել, մինչդեռ Ադրբեջանի դեպքում հակառակն է: Հայաստանում երբեք ադրբեջանցի լրագրողների մուտքի վիզայի արգելք չի եղել, Հայաստանը երբեք չի արգելել գնալ Ադրբեջան: Հասկանում եմ, որ ամերիկացիները լավ չեն հասկանում տարածաշրջանը, սակայն միաժամանակ պետք է չիմացությամբ ձեռնպահ մնալ ծայրահեղ քայլերից. դրանք կարող են մեծ սպառնալիք դառնալ»:

Իսկ «Անկախ»-ի այն հարցին, թե տարածաշրջանում Ռուսաստանի գրանցած հաջողությունները Հայաստանին՝ որպես գործընկերոջ թույլ չե՞ն տալիս ավելի ամուր դիրքերից հանդես գալ, քաղաքագետը պատասխանեց, որ Հայասատանում այսօր տիրում տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական մեծ ճգնաժամ, իսկ երկիրը  կարող է վստահ հանդես գալ միայն այն դեպքում, երբ ներքին դաշտը կայուն է նշված բոլոր տեսանկյուններով:

 

Անկախ

«Ուկրաինայի դեպքերը պետք է դաս լինեն ՀՀ իշխանությունների և ընդդիմության համար». Երվանդ Բոզոյան

երվանդ բոզոյանԸնդդիմություն-իշխանություն հակամարտությունն Ուկրաինայում վերածվեց աշխարհաքաղաքական պայքարի Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Դե ֆակտո,  ողբերգությունը հավասարապես կիսում են թե’ իշխանությունը, թե’ ընդդիմությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Անշուշտ ուկրաինական ողբերգության մեջ, ըստ քաղաքագետի, իրենց մեղքն ունեն նաև գերտերությունները: ՌԴ-ի մեղքը կայանում է նրանում, որ աջակցում էր Յանուկովիչի նման վարկաբեկված մարդուն: ԱՄՆ-ն էլ, օգտվելով իրավիճակից, խրախուսեց ուկրաինական ընդդիմության մեջ ընդգծված հակառուսական գործիչներին, և Մայդանի հեղափոխությանը հետևեց ՌԴ-ի նման արձագանքը:

«Ուկրաինական իրադարձություններն  առաջին դասը պետք է լինեն Հայաստանի իշխանությունների և ընդդիմության համար, որպեսզի երկրի ներսում տեղի ունեցող բոլոր տիպի խնդիրները չդարձնեն սակարկման թեմա դրսի ուժերի համար»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին` քաղաքագետը նշեց, որ, ըստ էության, ՌԴ որոշումն արդեն փաստ է, որի հետ բոլորը պետք է հաշվի նստեն: Իհարկե, սա ոչ միանշանակ է ընկալվում միջազգային հանրության կողմից, ավելին,  միջազգային հանրությունը մեծամասամբ չի ընդունում ՌԴ-ի այս քայլը:

«Խնդիրը նրանում է, թե հետագա ի՞նչ զարգացումներ կլինի, և արդյո՞ք ՌԴ-Ուկրաինա հարաբերությունների միջև լարվածությունը կխորանա: Միջազգային հանրությունն էլ պետք է ամեն ինչ անի, որ այդ խորացումը չլինի, դրան է ուղված բոլոր քայլերը: ՌԴ-Արևմուտք այս լարվածությունն իր կնիքն է թողնում նաև մեր տարածաշրջանի վրա: Շատ կարևոր է ճիշտ կողմնորոշվել այս կոնֆլիկտում, որ մեր ազգային շահը չտուժի»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Այս իմաստով, ըստ բանախոսի, ՀՀ պաշտոնական դիրքորոշումը պետք է լինի չեզոք, ՀՀ-ն պետք է հայտարարի իր ակտիվ չեզոքության մասին, իսկ ԼՂՀ-ն կարող է ողջունել Ղրիմի ինքնորոշման ակտը:

«ՀՀ իշխանությունները, մեծ հաշվով, իրենց ճիշտ են պահում: Հայաստանի կողմից չեզոքությունը շատ կարևոր է, որպեսզի մենք վնաս չհասցնենք թե’ մեզ, թե’ Ղարաբաղին: Շատ կարևոր է, որ Հայաստանի այս դիրքորոշումը ճիշտ ընկալվի և’ Ռուսաստանում, և’ Բրյուսելում, և’ Վաշինգտոնում»,- ասաց քաղաքագետը:

Իսկ թե որքանո՞վ է ճիշտ ԼՂ-ն և Ղրիմը համեմատել, քաղաքագետը նշեց, որ դիվանագիտական առումով շահավետ է ասել, որ ոչ մի նմանություն չկա ԼՂ-ի և Ղրիմի միջև, որովհետև Ղրիմի ինքնորոշումը չի ընդունվել միջազգային հանրության կողմից, իսկ ԼՂ ինքնորոշումը մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունն ընդունի:

«Ամեն բան պետք է անել, որ Հայաստանում չկրկնվի Մայդանի սցենարը». Երվանդ Բոզոյան

երվանդ բոզոյանՔաղաքագետ Երվանդ Բոզոյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զուգահեռներ անցկացնելով Հայաստանի և Ուկրաինայի իրավիճակների միջև` նշեց, որ դրանք շատ նման են իրար: Թե’ Ուկրաինայում, և թե’ Հայաստանում իշխանությունները կտրված են հասարակությունից, փակել են բոլոր ուղիները տնտեսության զարգացման համար:

«Հայաստանում նույնիսկ գործող նախագահն է խոստովանում, որ հասարկության 80 %-ի մեջ դժգոհություն կա: Այս ֆոնի վրա իրենք իրենց համարում են բարեփոխողներ, իսկ կենսաթոշակային օրենքի մասին խոսելիս  շեշտում են` իբր երկրի համար շատ լավ բան են անում, որը հասարակությունը հետո է գիտակցելու»,- ասաց Երվանդ Բոզոյանը: Քաղաքագետի խոսքով` ամեն բան պետք է անել, որ Հայաստանում չկրկնվի Մայդանի սցենարը, որովհետև անխուսափելիորեն ուկրաինական զարթոնքը կգնա նաև Ռուսաստան, Հայաստան և այլ հետխորհրդային երկրներ:

«Մեզ մոտ ոչ իշխանական ուժերը կոնսոլիդացված են, և իրենց շուրջ համախմբված է հասարակության մեծ մասը: Նրանց պահանջները խելամիտ են և, եթե իշխանությունը գնա կոմպրոմիսի ու ձևավորվի նոր կառավարություն, որտեղ ներկայացված կլինեն 4 ոչ իշխանական ուժերը, Հայաստանը կարող է խուսափել նման իրավիճակից: Իմ կարծիքով` Ուկրաինայից դաս քաղելով` մեր իշխանությունները կգնան զիջումների և կընդառաջեն նոր կառավարություն ձևավորելու ընդդիմադիր ուժերի առաջարկին»,-ասաց Երվանդ Բոզոյանը:

Անկախ

Ռուսաստանը Հայաստանին. Կա՛մ բաժանվում ենք, կա’մ մտնում ես «չուլան»

Երվանդ ԲոզոյանՀայաստանը կարող էր խուսափել Մաքսային միությանն անդամակցելուց, եթե խանդ չառաջացներ Ռուսաստանի մեջ: Հայաստանը պետք է շարունակեր վարել կոմպլեմենտար քաղաքականություն` կամուրջ հանդիսանալով երկու կառույցների` Մաքսային միության և Եվրամիության միջև: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Նրա խոսքով` հայ-ռուսական հարաբերությունները կարելի է բաժանել երեք փուլի: Առաջին փուլը 1990-ական թվականներն են, երբ հայ-ռուսական հարաբերությունները կրում էին ռազմավարական բնույթ: Երկրորդ փուլը 2000-ական թվականներն էին, երբ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացան:
«Ես համոզված եմ, որ 10-ը տարի առաջ Հայաստանն ընդունում էր Ռուսաստանի` ռազմավարական գործընկեր լինելու փաստը, սակայն փորձում էր հարաբերություններն ընդլայնել արևմտյան երկրների հետ: Ռուսաստանը շատ բացասական էր վերաբերվում Ասոցացման համաձայնագրին, որի արդյունքում հայ-ռուսական հարաբերություններում առաջացավ խորը կասկած: Դրա համար անցած տարվա սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ստիպված էր հայտարարել, որ միանում է Մաքսային միությանը, որպեսզի չկորցնի իր ռազմավարական գործընկերոջը»,- ասաց Երվանդ Բոզոյանը:
Ըստ քաղաքագետի` ստեղծված իրադրությունում Հայաստանն ու Ռուսաստանը, ասես, ամուսիններ լինեն և, քանի որ Հայաստանը որոշել էր դավաճանել Ռուսաստանին, վերջինս էլ հարցը դրեց այսպես. կա՛մ բաժանվում ենք, կամ մտնում ես «չուլան»:
«Այսօր Հայաստանը մտել է «չուլան» և փորձում է ամեն ինչ անել՝ ապացուցելու համար, որ հավատարիմ է Ռուսաստանին: Լավագույն տարբերակը կլիներ այն, որ Հայաստանը չընտրեր ո՛չ Եվրոպական Միությունը, ո՛չ Մաքսային Միությունը և հավասարակշռություն պահպաներ»,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Անկախ