Թուրքիան ավտորիտար պետություն դառնալու հայտ է ներկայացնում. Ս. Հացպանյան

Սարգիս հացպանյան«Օգոստոսի 27-ին պարզ կդառնա Թուրքիայի նոր վարչապետի անունը: Բոլորը նշում են, որ դա հավանաբար Աբդուլահ Գյուլը կլինի, բայց ես այդպես չեմ կարծում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանը` ամփոփելով Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքները: «Նախքան ընտրությունները «Ակոսում» մի հոդված տպվեց, որում  անդրադարձ էր կատարվել Թուրքիայի պատմության 11 նախագահներին և նրանց դիրքորոշմանը հայկական հարցի վերաբերյալ: Բոլորի վարած քաղաքականության մեջ որոշակի հայատյացություն կար, ի տարբերություն Գյուլի: Շատերը հիմնավորում են դա այն բանով, որ իբր ներկայիս նախագահի մայրը հայ է», – նշեց Հրապարակախոսը:

Ինչ վերաբերում է նորընտիր նախագահին` Ռեջեփ Թայիփ Էրդողանին, նա  չի թաքցնում իր իսլամական կոշտ դիրքորոշումը և գտնում է, որ Թուրքիան պետք է դառնա Միջին Արևելքի իսլամական աշխարհի դրոշակակիրը: Արևմտյան մամուլը արդեն սկսել է նրան «սուլթան» անվանել: «Թուրքիան ավտորիտար պետություն դառնալու հայտ է ներկայացնում: Շատ փորձագետներ կանխատեսում են, որ Էրդողանը դառնալու է երկրորդ Պուտինը տարածաշրջանում»,- ասաց Հացպանյանը:

Ըստ նրա` 2015-ին ընդառաջ Էրդողանը հայանպաստ որոշակի քայլեր կձեռնարկի` ցույց տալու, որ Թուրքիան հումանիստ պետություն է: «Մուշեղ իշխանի ծննդավայրում կվերականգնվի հայկական խոշոր եկեղեցի և կհանձնվի հայկական պատրիարքությանը: Որոշ վայրերում կվերականգնվեն հայկական անվանակոչությունները,  Հայաստանը Թուրքիայից տարանջատող Մարգարայի ավտոմայրուղին ուզում են Հրանտ Դինքի անվամբ կոչել` իբրև «խաղաղության խորհրդանիշ», – նշեց  ազատամարտիկը:

Սակայն գագաթնակետը, ըստ Հացպանյանի, տեղի կունենա ապրիլի 23-ին և Թուրքիայի դիվանագիտական ողջ կորպուսը պատրաստվում է դրան. «90 տոկոս հավանականություն կա, որ ապրիլի 23-ին Էրդողանը կժամանի Հայաստան և կայցելի Ծիծեռնակաբերդ հուշահամալիր: Եթե նա անի այդ քայլը ամբողջ աշխարհը կխոսի ոչ թե Հայոց ցեղասպանյան մասին, այլև Թուրքիայի նախագահի այս մարդասիրական քայլից: Էրդողանը պատմության մեջ կմնա որպես Նոբելյան մրցանակի հավակնորդ: Սա կատարյալ մատ կլինի հայ դիվանագիտության համար», – ասաց հրապարակախոսը ` հայտարարելով   , որ Հայկական պետությունը պատրաստ չէ դրան:

Ավելին` մինչ այժմ որևէ նախադասությամբ թղթին չեն հանձնվել հայ ժողովրդի պահնջները և ցանկությունները: Հայ դիվանագետները շատ քիչ ժամանակ ունեն այս ամենը իրականացնելու համար:

 

Անկախ

Հետընտրական Թուրքիայում կրքերը չեն հանդարտվել

turkiaԵրեկ Թուրքիայի 81 մարզերի 923 շրջաններում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքում Թայիփ Էրդողանը, հավաքելով ձայների 51,8 տոկոսը, Թուրքիայի նախագահ է ընտրվել: Ամենից շատ ձայներ Էրդողանը հավաքել է հայրենի Ռիզեում, որտեղ նրան աջակցել է ընտրողների 81 տոկոսը, իսկ Թունջելիում նրան ամենաքիչ ձայներն են տվել` 24 տոկոս: Մյուս թեկնածուները` ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հավաքել է 38,44 տոկոս ձայն, իսկ ԺԴԿ-ի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը` 9,76 տոկոս:

Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների մոտ 74 տոկոսը, ինչից դժգոհ է մնացել ընդդիմությունը:

Արդյունքների հրապարակումից հետո Էրդողանն իր կուսակցության ղեկավար կազմի հետ միասին շտապել է մայրաքաղաք Անկարա, որտեղ հավաքված հազարավոր քաղաքացիների հետ միասին տոնել է իր հաղթանակը: Էրդողանը, որպես Թուրքիայի նոր նախագահ, իր առաջին ելույթը սկսել է ժողովրդին ուղղված շնորհակալական խոսքով` երախտագիտություն հայտնելով իրեն այդ պաշտոնին արժանի գտնելու համար:

Իսկ այսօր հետընտրական Թուրքիայում օրը սկսվել է նոր վարչապետի, ԱԶԿ կուսակցության նոր նախագահի և նոր կառավարության ձևավորման թեմայի շուրջ քննարկումներով: Նոր վարչապետի ամենահավանական թեկնածուն Ահմեդ Դավութօղլուն է: Այս հարցը պարզ կդառնա օգոստոսի 27-ին, երբ ԱԶԿ կուսակցական կոնգրեսի ժամանակ կհայտարարվի նոր վարչապետի և կուսակցության ղեկավարի անունը: Իսկ Աբդուլահ Գյուլն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո վերադառնալու է հարազատ կուսակցություն:

 

Տաթևիկ Սարգսյան, Անկարա

Անկախ

 

Էրդողանը «չարյաց փոքրագույնն» է. թուրքագետ

Արտակ-ՇաքարյանցԹուրքիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցան նախագահական ընտրությունները: Քվեարկողների 52 տոկոսը իր ձայնը տվեց գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ընդհանուր առմամբ՝ Թուրքիայում ընտրելու իրավունք ունի 56 միլիոն մարդ, որից միայն 38,8 միլիոնը մասնակցեց ընտրություններին: Համաձայն թուրքական օրենսդրության՝ եթե ընտրողները 700 հազարով ավելի քիչ լինեին, ընտրությունների արդյունքները չեղյալ կհամարվեին:

«Համեմատած մարտյան ՏԻՄ ընտրություններին՝ Թուրքիայի նախագահական ընտրություններն անցան առանց լուրջ խախտումների: Տեղեկություն չեղավ  զեղծարարությունների կամ ընտրակեղծիքների մասին: Միակ բանը, ինչի մասին ընդդիմադիրները անընդհատ խոսում էին այն էր, որ իշխանությունները ավելի մեծ լծակներ են ունեցել գովազդելու համար, հեռուստատեսությամբ նրանց ավելի մեծ ժամանակ էր տրվում և այլն», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ ընդգծելով, որ մյուս կողմից, ընդդիմությունը ասելիք չուներ: Եթե Էրդողանը խոսում էր այն բանից, թե ինչ է արել և ինչ ծրագրեր ունի, ապա ընդդիմադիրները զբաղված էին միայն վարչապետին քննադատելով: Ընդդիմադիրները անգամ հրաժարվել էին հանդիպել ընտրողների հետ:

Ըստ Շաքարյանի՝ հայերի համար Էրդողանը «չարյաց փոքրագույն» տարբերակն է: Ընտրություններից առաջ նա մի սխալ արտահայտություն թույլ տվեց, սակայն հետագա ելույթների ընթացքում նա փորձեց մեղմել դրա ազդեցությունը:

Հիշեցնենք, որ ելույթներից մեկի ժամանակ էրդողանն ասել էր.«Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել, շատ են վիրավորել, վրացի են անվանել, դեռ ավելի վատ, կներեք՝ բայց նույնիսկ հայ են անվանել»: Ավելի ուշ՝ Քրոնիայում նա հայտարարել էր, թե ազգային փոքրամասնությունը` հույն լինի, հայ լինի, ասորի լինի, բոլորը այս երկրի հավասար քաղաքացիներն են: «Երկրորդ անգամ նա իր հաղթական ելույթում ասել էր, որ հայ լինելուց, քուրդ լինելուց, հույն լինելուց առաջ մենք բոլորս «թուրքիացի ենք»: Այս կերպ Էրդողանը նոր եզրույթ է փորձում հորինել: Նախ և առաջ՝ ոչ թե թուրք ենք բոլորս, այլ Թուրքիայի քաղաքացի, սրանով փորձելով գոնե իր ելույթում համերաշխություն բերել», – ասաց Շաքարյանը:

Նրա խոսքով՝ ազգայնականները ֆաշիզմն էին վերադարձնելու, ինչպես մի քանի տարի առաջ ցեղասպանություն բառն անգամ արտասանելը քրեորեն պատժելի էր Թուրքիայում, հայերի եկեղեցապատկան հողերի մասին խոսելը քրեական պատասխանատվության էր ենթարկվում: «Մենք շատ ավելի մեծ խնդիրներ էինք ունենալու: Եվ քանի որ Թուրքիան դեմ է հայկական շահերին, ապա Էրդողանը նույնպես դեմ է հայկական հարցի լուծմանը: Էրդողանը հակահայ քաղաքական գործիչ չէ, նա պարզապես Թուրքիայի Հանրապետության զարգացման համար աշխատող մարդ է», -ընդգծեց Արտակ Շաքարյանը:

Անկախ

Ես միայն քուրդ չեմ, ես թուրք եմ, հայ եմ, ալևի եմ, սունի եմ. Սելահադդին Դեմիրթաշ

demirtasԹուրքիայի նախագահի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը Վանում անցկացրած իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ելույթով դիմել է քաղաքացիներին: «Դեմիթաշը ես չեմ, Դեմիրթաշը դուք են, միˊ մոռացեք: Դեմիրթաշը միայն քուրդ չէ, Դեմիրթաշը թուրք է, հայ է, ալևի է, սունի է»,-հայտարարել է նա:

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուի հիմնական ընտրողները Թուրքիայի քրդական ազգաբնակչությունն է, ինչպես նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Վերջին հարցումները ցույց են տալիս, որ Դեմիրթաշն ընտրությունների արդյունքում կհավաքի ձայների մոտ 7,5 տոկոսը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հաշված օրեր անց` օգոստոսի 10–ին:

 

Անկախ

 

Հայ համայնքը չի ազդի Թուրքիայի նախագահական ընտրությունների արդյունքի վրա. թուրքագետներ

Արտակ Շաքարյան«Թուրքիայի նախագահական ընտրությունները հայ համայնքի վրա ազդել չեն կարող, որովհետև դրա  նկատմամբ  կայուն քաղաքականություն է վարվում, և նախագահի փոփոխությունից ոչինչ չի փոխվի: Բացի այդ, համայնքը, իր հերթին, ընտրությունների վրա ազդել չի կարող, որովհետև ընդամենը 60 հազար է հայ կա այդ երկրում», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` նշելով, որ համայնքի հիմնական մասը նախընտրությունը կտա Էրդողանին, քանի որ նա համեմատաբար ավելի մեղմ քաղաքականություն է վարում հայերի նկատմամբ:

Ըստ թուրքագետի` Թուրքիայի վարչապետը հեշտությամբ կհաղթի առաջին իսկ փուլում:

Հանդիպմանը ներկա թուրքագետ Արտակ Շաքարյանի խոսքով` այս ընտրություններում Թուրքիայի քաղաքացիները ընտրելու են  ոչ թե հանուն ինչ-որ թեկնածուի, այլ ընդդեմ: «Ընդդիմությունը լիարժեք չմիավորվեց: Իսկ Էրդողանի դեպքում այնպես է , որ  որքան էլ սկանդալներ տեղի ունեցան նրա անվան շուրջ , նա սեղանին դնելու բան ունի: Նա հստակ ծրագրեր ունի, ինչ նախկինում խոստացել է` իրագործել է: Ընդդիմությունը ոչինչ չի արել, միայն քննադատում է Էրդողանին, ինչը ամենահեշտ բանն է: Էրդողանը տեսականորեն ունի վարչական ռեսուրս, ընտրազանգված և կատարած աշխատանք:», – նշեց նա:

Էրդողանն արդեն քայլեր է ձեռնարկում կոռուպցիոն սկանդալի հեղինակների դեմ: Մոտ հարյուր ոստիկան և ոստիկանապետ է ձերբակալվել Էրդողանի ընտանիքի անդամների հեռախոսազանգերը ապօրինաբար ձայնագրելու համար, մոտավորապես 1000-ի պաշտոնները փոխել են, այսինքն ՝ իջեցրել:

Անդրադառնալով Էրդողանի կատարած այն հայտարարությանը, թե «նա այլևս հեռախոսազրույց չի ունենա Օբամայի հետ»` Հակոբ Չաքրյանը նշեց, որ իրականում մոտ ապագայում երկու երկրների հարաբերություններում մեծ հաշվով ոչինչ փոխվի. «Ո´չ ԱՄՆ-ն կարող է  հրաժարվել Թուրքիայից, ո´չ էլ Թուրքիան` ԱՄՆ-ից»:

 

Անկախ

Նախագահական ընտրությունները բեկումնային կդառնան Թուրքիայի պատմության մեջ. Ալի Բաբաջան

babajanԹուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը հայտարարել է, որ գալիք նախագահական ընտրությունները բեկումնային կլինեն երկրի պատմության մեջ: Նրա խոսքով` նախագահական ընտրությունները հատուկ իմաստ են կրում երկրում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից:

Բանն այն է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահին կընտրի ժողովուրդը` ուղիղ քվեարկության միջոցով, իսկ նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը: «Առաջին իսկ հնարավորության դեպքում Թուրքիան անցում կկատարի նախագահական կառավարման համակարգին»,-հայտարարել է Բաբաջանը` նշելով, որ այն արդյունավետ կլինի երկրի զարգացման համար: Փոխվարչապետի խոսքով` այս հարցը կբարձրացվի անմիջապետ նախագահական ընտրություններից հետո:

 

Անկախ

Այս երկիրը միայն թուրքերինը չէ. Սելահադդին Դեմիրթաշ

unnamed (1)Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը հանդիպել է Ստամբուլի կրոնական տարբեր խմբերի ներկայացուցիչների` այդ թվում նաև հայ համայնքի անդամների հետ:

Դեմիրթաշը նշել է, որ Թուրքիան միայն թուրքերինը չէ, և տարիներ շարունակ հնչած «իմ հողը, իմ հայրենիքը» արտահայտությունն այլևս պետք է լինի «մեր հողը, մեր հայրենիքը»:

Թեկնածուի խոսքով` իր սկսած նախընտրական քարոզարշավը նպատակ ունի ստեղծել հասարակական խաղաղություն` միավորելով կրոնական և լեզվական բոլոր խմբերին:

Դեմիրթաշը կարևորել է ուրիշների իրավունքների պաշտպանությունը և նշել, որ իրական մուսուլմանը պետք է պաշտպանի հայերի և հույների իրավունքները:

 

Անկախ