ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ…Երբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է:

ԱՐՏԵՄ  ՄԻԿՈՅԱՆ

Կան անհատներ, ովքեր համաշխարհային ճանաչում ունենալով, համարվում են ազգի, ժողովրդի պարծանքն ու այցեքարտը: Նման անհատներից է աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Անուշավան (Արտեմ) Հովհաննեսի Միկոյանը:

Արտեմ Միկոյանի կոչումները թվարկածով չեն ավարտվում. նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (1968), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, վեց անգամ արժանացել է Ստալինյան մրցանակի, Լենինյան մրցանակի դափնեկիր, Կարմիր դրոշի շքանշանակիր, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանակիր,  ինչպես նաև` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 3-8-րդ գումարումների պատգամավոր է եղել…

Արտեմ Միկոյանի գլխավորությամբ մշակված ու նախագծած ինքնաթիռներով համաշխարհային շուրջ 60 ռեկորդ է սահմանվել, որոնց մի զգալի մասը մնում է չգերազանցված:

Մեծ հայորդին ծնվել է 1905 թվականի հուլիսի 23-ին Լոռու Սանահին գյուղում, ատաղձագործ Հովհաննես Միկոյանի ընտանիքում:

Միկոյանների ընտանիքը բազմանդամ էր. Անուշավանը ընտանիքի հինգերորդ զավակն էր: Հայրն աշխատում էր Ալավերդու պղնձի կոմբինատում, մայրը` Թալիդան, համագյուղացիների պատվերով կար էր անում:

Խոսելով իր ընտանիքի մասին, մեծ ավիակոնստրուկտորը հետագայում ժպիտով պատմում է մի զավեշտալի դեպք: Սանահին գյուղում ընդունված ու հաստատված էր, որ երեխային մկրտելու համար քահանային վճարում էին մեկ ռուբլի: Սակայն չգիտես ինչու, այս անգամ նորածնին մկրտելու համար ծխական քահանան կրկնակի վճար է ուզում, և հայրն ստիպված էր վճարել…

Անուշավան Միկոյանի մանկությունն անցավ հայրենի գյուղում` Լոռվա սարերում: Ընտանիքի հոգսը թեթևացնելու համար պատանին այծերն էր արածեցնում գյուղի անտառներում: Նա նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում: Հետագայում նրա ուսուցիչ  Հովսեփ Գալստյանը լավ էր հիշում իր աշակերտին․

– Նա հետաքրքրությամբ, կարելի է ասել, սիրով էր հաճախում դպրոց։ Քամու նման արագաշարժ էր, բայց շատ ուշադիր։ Երբեք թույլ չէր տալիս իրեն հանկարծակիի բերել։ Սովորում էր նախանձելի ջանասիրությամբ։ Ինչ-֊որ արտակարգ շնորհք ուներ ըմբռնելու, կռահելու, թե ի՞նչ պետք է անել հետո:

1918 թվականին մի դիպված կանխորոշեց Անուշավան Միկոյանի ճակատագիրը: Թուրքական բանակը գրավել էր Լոռին: Սանահինի բնակչությունը քաշվել էր սարերը: Ամառային մի օր, սարերում հարկադրաբար վայրէջք է կատարում ՙՖարման՚ տիպի մի ռազմական ինքնաթիռ: Մինչ օդաչուն կարգի էր գցում շարժիչը, երեխաները շրջապատել էին ինքնաթիռն ու հետաքրքրությամբ զննում էին այն: Այդ օրվանից պատանին ուխտեց, որ պետք է թռչի…

1919 թվականին, հոր մահից հետո տակավին պատանի` հաստատվել է Թիֆլիսում, իր բարեկամուհի Վերգինե Թումանյանի տանը և այնտեղ շարունակել ուսումը: Շուտով սակայն, 1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, ավագ եղբոր` Անաստաս Միկոյանի մոտ ու սովորել Դոնի Ռոստովի արհեստագործական ուսումնարանում: Ուսումնարանն ավարտելուց հետո Անուշավան Միկոյանն աշխատանքի է անցնում Կրասնի Ակսայ գործարանում որպես խառատի աշակերտ: Սակայն արհեստավոր դառնալը չէր նրա մղումը: Նա ուսման ծարավը հագեցնելու համար ուզում էր տեղափոխվել Մոսկվա և 1924 թվականին ուղևորվում է մայրաքաղաք: Եղբոր միջամտությամբ նրան ընդունում ու ապաստան է տալիս Ստեփան Շահումյանի այրին` Եկատերինա Սարգիսովան:

Մոսկվայում Միկոյանը  ընդունվեց աշխատանքի, հրաժեշտ տվեց Շահումյանի այրուն, բայցև հրաժարվեց տեղափոխվել եղբոր` Անաստաս Միկոյանի բնակարան ու հաստատվեց գործարանի դռնապանի տան խոհանոցի մի անկյունում:

Զրկանքներն ու ծանր աշխատանքը անհետևանք չմնացին: Անուշավանը հիվանդացավ թոքախտով` այն ժամանակվա համար վտանգավոր հիվանդություն:

Որոշ ժամանակ որպես խառատ աշխատելուց հետո 1928 թվականից Անուշավան Միկոյանը ծառայում է խորհրդային բանակում, մեկ տարի անց ուսման անցնում Օրյոլ քաղաքի տանկային ուսումնարանում, որ կազմավորել էր Սուրեն Ստեփանի Շահումյանը, ապա զորացրվելուց հետո Սուրեն Շահումյանի խորհրդով ընդունվում և 1936 թվականին ավարտում է Մոսկվայի Ժուկովսկու անվան Ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան: Հենց Շահումյանն իր դիրքով ու ազդեցությամբ նպաստեց Միկոյանի` ակադեմիա ընդունվելուն, քանզի վերջինս անգամ միջնակարգ կրթություն չուներ: Բայց դա չխանգարեց ուսանող Միկոյանին` ագահորեն կլանել գիտելիքն ու լրացնել պակասը: Շուտով նա ակադեմիայի ուսանողների առաջատարներից դարձավ:

Դեռևս ուսանողության տարիներին` 1935 թվականին, Անուշավան Միկոյանն իր ընկերների հետ ստեղծեց առաջին ինքնաթիռը` Օկտյաբրյոնոկը: Ապա ընկերների հետ նախագծեց ԽԱԻ-1 մարդատար ինքնաթիռը, որ սակայն ավելի մեծ արագություն էր զարգացնում, քան ժամանակի ռազմական ինքնաթիռները: Դա մեծ հաջողություն էր: Սակայն դեռ ամեն ինչ առջևում էր:

Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո նա աշխատանքի անցավ Ժուկովսկու անվան ավիագործարանում: Անուշավան Միկոյանի Հետագա ողջ կյանքն ու գործունեությունը կապված էին հենց այս գործարանի հետ:

Անուշավան Միկոյանը Մոսկվայում եղբոր` Անաստասի տանը հանդիպեց իր սիրուն` Զոյա Իվանովնա Լիսիցինային ու 1936 թվականի փետրվարի 23-ին գրանցվեց նրանց ամուսնությունը: Եղբոր ընտանիքի մասին Անաստաս Միկոյանը հետագայում իր հուշերում գրել է.

«Արտեմ Իվանովիչը ընտանիքի լավ հայր էր։ Նա մեծ ու լավ ընտանիք ունի։ Երբ առաջին անգամ մեր տուն բերեց Զոյա Իվանովնային, նա լավ տպավորություն գործեց։ Շատ հաճելի կին էր, բայց հաճելի կանայք շատ կան, իսկ մեր ընտանիքներն ունեն իրենց սովորություններրը, իրենց բարքերը։ Կհարմարվի՞ արդյոք։ Նա հազվագյուտ, հիանալի կին դուրս եկավ։ Նա կարողացավ ռուս կնոջ լավագույն գծերը զուգորդել հայ կանանց լավագույն սովորությունների հետ։

Օրինակ, հատկանշական է թեկուզ այն, որ երբ մեր գյուղից որևէ մեկը գալիս էր Մոսկվա, այցելում էր Արտեմ Իվանովիչին։ Այդպես է մեզ մոտ ընդունված՝ եկողը անպայման այցելում է։ Ինձ մոտ գալը, ասենք, բարդ էր՝ անցագիր էր հարկավոր, իսկ նրանց մոտ հեշտ էր։ Եվ Զոյան միշտ բոլորին ընդունում էր որպես հարազատների․․․»։

1940 թվականին, պատերազմի նախօրեին Անուշավան Միկոյանը Գուրևիչի հետ ստեղծեց հանրահայտ Միգ-1 կործանիչը: Սա իսկական հեղափոխություն էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում: Միկոյանի ստեղծած կործանիչները մեծ դեր ունեցան ոչ միայն Հայրենական պատերազմում Կարմիր բանակի` գերմանացիների դեմ մղած պայքարում, այլ առհասարակ, հետագայում ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի` օդում համաշխարհային տիրապետության հաստատման գործում: Հատկապես հզոր է ՄԻԳ-19 գերձայնային կործանիչը, ինչը մինչ օրս լավագույններից է համաշխարհային օդուժի պատմության մեջ:

Առհասարակ, Միկոյանի ստեղծած ՄԻԳ-երը արտահանվել են աշխարհի շուրջ 40 երկրներ` ավելի քան  60000 քանակով:

1940 թվականից մինչ կյանքի մայրամուտը Անուշավան Միկոյանը ԽՍՀՄ ինքնաթիռաշինարարական փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի հիմնադիր-պետն էր:

Անուշավան Միկոյանը նախևառաջ մեծ երազող էր: Բազմիցս հարցազրույցներում, անհատական զրույցներում արտահայտել է միտքը, որ իր աշխատանքում կարևորը` երազել կարողանալն էր: Ահա նրա հաջողության բանալին: Երազանք, և կամք` կյանքի կոչելու այդ երազանքը: Նա ուներ նաև իր սկզբունքը և հաջողության գաղտնիքը. ՙԵրբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է՚:

Մեծ գյուտարարը, հայ ժողովրդի մեծ զավակը մահացավ 1970 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում, սրտի վիրահատության ժամանակ:

 

Վահե Անթանեսյան

Մոսկվայում ցուցադրել են էրոտիկայի ԽՍՀՄ-ում արգելված արխիվը

Ռուսաստանի պետական գրադարանը ցուցադրել է ԽՍՀՄ-ում արգելված էրոտիկ բնույթի տպագիր հրատարակությունները, գրում է  Lenta.ru-ն:

1326-390x290 (1)Գրադարանի աշխատակցուհի Մարինա Չեռնիխի խոսքով, արխիվում ավելի քան 90 տարի կուտակվել է մոտ 12 հազար հրատարակություն; Այդ թվում, 1910-ականներին մասայականություն վայելող էրոտիկ բրոշյուրներն ու վեպերը, որոնք հայտնի են  եղել որպես  “գրքեր տիկնանց համար”:

Այդ արխիվի ստեղծման գործում մեծ ներդրում ունի ՄՊՀ-ի գրադարանի տնօրենի տեղակալ, գրքի հավաքորդ Նիկոլայ Սկորոդումովը: Նրա մահից հետո, 1947-ին արխիվը համալվեց 7 հազար պոռնոգրաֆիական հրատարակությունով:

Բացի այդ, գրադարանի փակ պահոցում պահվում են The Beatles-ի ձայնապնակները, “Գեյ.դա լավ  չէ”,”Կամասուտրան”, անգլերեն, մարմնավաճառ Քսավյեր Հոլանդերի հիշողություններն ու  Գոռ Վիդալի “Քաղաքն ու սյունը”:

Չեռնիխի խոսքով, այդ պահոց մուտք ունեին կառավարության մի քանի անդամներ: Լեգենդի համաձայն, այնտեղ էին լինում ԽՍՀՄ մարշալ Սեմյոն Բուդյոնին ու ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության առաջին նախագահ Միխայիլ Կալինինը:

Անկախ

Հետ դեպի Խորհրդային Միությու՞ն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկում է հանրաքվե անցկացնել Ստալինինգրադը վերականգնելու համար:

Պուտին

Պուտինն առաջարկել է հանրաքվե անցկացնել ռուսական Վոլգոգրադ քաղաքի անունը Ստալինինգրադ վերանվանելու համար: Նման հայտարարությամբ Պուտինը  հանդես է եկել Նորմանդիայում պատերազմի ռուս վետերանների հետ հանդիպման ընթացքում, իսկ հանդիպումը նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում էր:

Ստալինինգրադ

1925թ.-ից այս քաղաքը, որ ավելի քան մեկ միլիոն մարդու բնակավայրն է, դարձել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական կենտրոններից և հայտնի էր Ցարիցին անվամբ, այնուհետ այն վերանվանվել է Ստալինինգրադ` Սովետական առաջնորդ Իոսիֆ Ստալինի պատվին: Իսկ 1961թ.-ին Խրուշչովի վարչակազմն այն վերանվանել է Վոլգոգրադ:

Ստալինինգրադ

Ռուս ուղղափառ եկեղեցու խոսնակ Վսեվոլոդ Չապլինը ևս իր հավանությունն է տվել քաղաքը վերանվանելու հարցում: Նա նշել է. Ստալինինգրադ բառն արդեն ինքնությույն նշանակություն ունի` անկախ Ստալինի անունից: Այն ասոցացվում է հայտնի ճակատամարտում հաղթանակի հետ, որը մեր պատմության մասն է,-փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:

Հայը, որին մեղադրում էին Ստալինի դեմ մահափորձի մեջ

Stalin3ԼՕԺ. այսպես է 1937-ին «ինքնախոստովանական» ցուցմունքի տակ ստորագրել Վահագն Ազատյանը, որին մեղադրում էին ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինի դեմ մահափորձ իրականացնելու մեջ:

Ազատյանը ծագումով մեղրեցի է, ծնվել է 1901-ին: Հայրը, որ Լայպցիգում էր տնտեսագիտություն ուսումնասիրել, քաջ գիտակցում էր կրթության կարևորությունը: Ուստի երբ հիմնվում է Երևանի պետական համալսարանը, ավագ որդուն՝ Վահագնին Երևան է ուղարկում՝ տնտեսագիտություն ուսանելու: Հետո Վահագնը կրթությունը շարունակում է Մոսկվայում:

Խորհրդային Միության կազմավորման տարիներին որակյալ կրթությամբ կադրերի պահանջարկ կար: Այնպես որ Վահագնը նախ Երևանում ռայկոմի քարտուղար է նշանակվում, ապա Մոսկվա մեկնում՝ նշանակվելով ԽՍՀՄ վիճակագրական ծառայության պետ:

Խորհրդային Միության բոլոր ծայրերից տնտեսական ցուցանիշներն Ազատյանի ղեկավարած կառույցում էին կուտակվում ու ամփոփվում, ուստի նա պարբերաբար Ստալինին զեկույց էր ներկայացնում:

«Ստալինի բոլոր ելույթները տնտեսական թեմաներով գրում էր իմ քեռին, հետո Ստալինը կարդում էր, իր շտկումներն անում, ու ելույթը պատրաստ էր»,- ասում է Լյուսյա Միխայելյանցը՝ Վահագն Ազատյանի քրոջ դուստրը:

Ստալինի հետ հաճախակի հանդիպումները նաև որոշ մտերմիկ, ընկերական կապ էին ստեղծել երկուսի միջև: Հետագայում Ազատյանն իր հարազատների հետ զրույցում կհիշի, որ չնայած մտերմությանը` իրենց մեջ միշտ որոշ պատնեշ է եղել. Ստալինը խիստ մարդ էր ու չէր սիրում խառնել անձնական և գործնական հարաբերությունները:

1937-ին, երբ սկսվում են ռեպրեսիաները, ձերբակալվում է նաև Ազատյանը: Գրեթե ամեն օր Ստալինի հետ ժամերով մեկուսի աշխատող Ազատյանին մեղադրում են ԽՍՀՄ առաջնորդին սպանելու փորձի մեջ: Կարճ ժամանակ անց Մեղրիում ձերբակալում են նաև Ազատյանի հորը՝ 67-ամյա Ավետիս Ազատյանին և գնդակահարում նրան որպես ժողովրդի թշնամի, որը հակառակվում է կոմունիստական կուսակցության որոշումներին: Ավետիսը դեմ էր, որ շերամի որդերին նաև ամռանը թթի ճյուղերով կերակրեն երկրորդ  բերք ստանալու համար: Ասում էր, որ այդպիսի շահը կարճաժամկետ է, թթենիները չեն հասցնի վերականգնվել և  կչորանան նման պայմաններում:

Որդուն, սակայն, հորից տարբեր ճակատագիր էր սպասում: Նրան զանազան խոշտանգումներով ու կտտանքներով փորձում էին ստիպել, որ ընդունի մեղքը:

Լյուսյա Միխայելյանց

Լյուսյա Միխայելյանցը

«Քեռուս խոշտանգումների միջոցով  ստիպել են, որ խոստովանի իր մեղքը: Ծեծ ու ջարդից բացի, նաև հատուկ խոշտանգման միջոցներ են ունեցել: Օրերով չեն  թողել, որ քնի, սոված են  պահել: Օրերով անշարժ վիճակում ջրի կաթոցի տակ են թողել, եղունգների տակ ասեղներ են մտցրել: Այդ ամենը մենք իմացանք, երբ նա ազատվեց ու վերադարձավ: Մինչ այդ ոչինչ չգիտեինք,- ասում է Լյուսյա Միխայելյանցը հավելելով,- քեռուս ձեռքերի ու ոտքերի եղունգները մեծ էին: Որ ասում էինք՝ քեռի, թող կտրենք, չէր համաձայնում, թե մի արեք, ինձ թվում է, որ էլի նույն ցավը կլինի»:

Եվ ահա, Ազատյանը ելք է գտնում, թե ինչպես և՛ ազատվի խոշտանգումներից, և՛ իր վրա չվերցնի մեղքը մի արարքի համար, որը չի  արել: Նա ռուսերեն «սուտ» բառը գրում է հայերեն տառերով՝ ասելով, թե դա իր ստորագրությունն է:

Մեղքն ընդունելուց հետո Ազատյանին 25 տարվա ազատազրկման են դատապարտում:

1954-ին, երբ Ստալինի մահից հետո դատապարտվածների գործերն էին վերանայվում, Խրուշչովը Ազատյանին իր մոտ է կանչում (Խրուշչովի հետ ևս վաղեմի ծանոթներ էին):

Երբ Մուրմանսկում բանտապետը հրամայել է Ազատյանին լողանալ, վարսավիրը մազերն է կտրել և կոստյում են հագցրել, վախեցած հարցրել է, թե ինչ են ուզում իրեն անել: Պարզվում է, որ պետք է Մոսկվա ուղարկեն՝ Խրուշչովի հետ հանդիպման:

Նիկիտա Խրուշչովին Ազատյանը ասել է, որ իրեն զուր տեղն են դատապարտել, ինքն անգամ չարածի համար մեղքը չի ընդունել: Որպես ապացույց պահանջել է, որ գործերից հանեն իր մեղայականը և հայերենի թարգմանիչ կանչեն:

Այսպես իրողությունը բացահայտվել է, և Ազատյանին 17 տարվա ազատազրկումից հետո արդարացրել ու ազատ են արձակել:

Նրան նորից Վիճակագրական ծառայությունում են աշխատանքի նշանակում, բայց այժմ որպես տնտեսության զարգացման բաժնի պետ:

Այս ամենից տուժում է նաև Ազատյանի ընտանիքը: Նրա երկու դուստրերն ու որդին այդպես էլ չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ: Համարվում էր, որ ազգի թշնամու երեխաներին միջնակարգ կրթությունն էլ բավարար է:

Ազատվելուց հետո` 1956-ին, Ազատյանը Հայաստան է գալիս՝ այստեղի իր հարազատներին տեսակցելու: Հենց նման այցելությունների ըթնացքում էլ նա հարազատներին պատմել է իր գլխին եկած ողջ եղելությունը:

Նրա քրոջ դուստրը՝ Լյուսյա Միխայելյանցը, ասում է, որ քեռին մինչև կյանքի վերջը՝ 1973-ը,  վստահ էր, որ լավագույն և ամենակատարյալ  հասարակարգը սոցիալիզմն է, կուսակցական էր   և Ստալինին էլ չէր մեղադրում իրեն պատահածի համար: «Ասում էր, որ դա արել են իր շրջապատի մարդիկ, որ նրա աչքը մտնեն: Ասում էր՝ Ստալինը չի մեղավոր, ոչ էլ պարտիան, ժամանակն է մեղավոր»,- հիշում է տիկին Լյուսյան:

Լատվիայում ԽՍՀՄ անունով ավան կհայտնվի

i (1)Լատվիայում տեղի է ունենալու ԽՍՀՄ անվանումով ավանի բացումը, որը տեղակայված է լինելու Յուրմալայի մոտ: Այն 110 հողատարածքից է բաղկացած լինելու, որոնցից, ի դեպ, մի քանիսն արդեն վաճառվել են 24-56 հազար եվրոյով: Մինի ԽՍՀՄ-ի բացումը տեղի կունենա  հուլիսի 22-ին:

Էկո- գյուղակի ստեղծումը, որի կազմի մեջ է մտնում նաև ԽՍՀՄ-ը, զբաղվում է Vianets-ը: Ընկերության ներկայացուցիչը գործարար Ալ.Խոլոստովը պատմել է, որ միջոցառմանը հրավիրված են Ռուսական Պետդումայի ու Լատվիայի Սեյմի պատգամավորներ: Նրանք ներկա կլինեն խորհրդային ոճով շոու ծրագրին:

Դրա համար Խոլոստովը պետք է  ադմինիստրատիվ տուգանք վճարի, քանի որ Լատվիայում արգելված է  զանգվածային միջոցառումների ժամանակ սովետական խորհրդանիշ օգտագործել: բացի ԽՍՀՄ ավանից,  Vianets ընկերությունը ստեղծել է 5 այլ ավաններ  Putinka, Medvedevka, Valuevka, Rublevka և Obama ecovillage: Գյուղն ամբողջությամբ գնելու դեպքում` կարելի այլ անվանում ընտրել:

Ի դեպ, ՌԴ նախագահ Պուտինի պատվին գյուղակի հայտնվելու մասին լուրը մեծ արձագանք էր առաջացրել Լատվիայում:  Պետության պետական լեզվի կենտրոնից նման անվանման դեմ հանդես եկան, հայտարարելով, որ այն չի համապատասխանում տեղագրության պաշտոնական պահանջներին: