Մարզերում պայքարում են պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումների դեմ

DSC_1570Վերջին տարիներին Հայաստանում ավելացել են պտղի սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումները: Մեր երկրում, 1990-ական թվականներից սկսած, շեղվել է նորածինների հարաբերակցությունը` կազմելով 110-120 տղա՝ 100 աղջկա դիմաց։ Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա` 100 աղջիկ հարաբերակցությունը: Հետազոտությունները փաստում են, որ եթե սելեկտիվ աբորտների ներկայիս տեմպերը Հայաստանում շարունակվեն, ապա 20 տարի անց 28000 պոտենցիալ մայրեր ուղղակի չեն լինի, ինչը ժողովրդագրական լուրջ պրոբլեմներ կառող է առաջացնել։

Ի թիվս այլ խնդիրների, պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարը մտել է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի թեմաների ցանկի մեջ: Մի շարք հասարակական կազմակերպություններ ծրագրեր են իրականացնում հանրության շրջանում՝ փորձելով իրազեկել սելեկտիվ աբորտների հետևանքների մասին, տրամադրել համապատասխան գիտելիքներ։

«Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում և Գետափ, Մալիշկա, Խաչիկ, Արենի, Քարագլուխ գյուղերում իրականացնում է «Մի´ սպանիր» խորագրով ծրագիրը։ Հասարակական կազմակերպության ղեկավար Խնկանուշ Մարկոսյանը նկատում է, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրության տվյալներով՝ Եղեգնաձորի ծննդատանը 2012թ. ծնվել է 153 տղա, 127 աղջիկ: Ըստ տիկին Մարկոսյանի՝ խնդիրը հատկապես սուր է գյուղական համայնքներում, ուստի իրենց ծրագրի թիրախ խումբը հիմնականում գյուղաբնակներն են։

Սոցիալ-հոգեբանական և վիճակագրական հետազոտությունների կենտրոնը հանդիպումներ է ունենում երիտասարդ ընտանիքների, երիտասարդ կանանց, մայրերի, ուսանողների, ավարտական դասարանի աշակերտների հետ։ Հանդիպումներիը վարում են հոգեբանը, բժիշկը, հոգևորականը, ովքեր զրույցներ են ունենում նշված թեմայի շուրջ։ «Մեր նպատակն է կրթել, բացատրել, որ երեխայի սեռի նկատմամբ նման տարբերակված վերաբերմունքը հասարակության մեջ արդարածված չէ»,- ասում է ՀԿ ղեկավարը։ Հանդիպումների ընթացքում ցուցադրվում են նաև թեմային առնչվող փաստավավերագրական ֆիլմեր, բացատրվում սելեկտիվ աբորտների հետևանքները, բաժանվում են տեղեկատվական թերթիկներ։

Խնկանուշ Մարկոսյանը նշում է նաև, որ հանդիպումների արդյունքում տեղերում իրենք ստեղծելու են երիտասարդներից, երիտասարդ մայրերից, ընտանիքներից կազմված ակումբներ, որոնք հետագայում, պահպանելով կապը ՀԿ-ի հետ, գործունեություն կծավալեն համայնքներում։

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Ներդրումների ներգրավումը կառավարության առաջնահերթություններից է

գործադիրի նիստԱյսօր տեղի է ունեցել Կառավարության նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը որոշել է «Արմենիա վայն» ՍՊԸ կողմից ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017թ. մարտի 1-ը: Գործարանը հիմնադրվել է 2008 թվականին: 2010-ից սկսած արտադրում է գինի, որը բացի ներքին շուկայից նաև արտահանվում է:Հիմնադրման օրվանից մինչև օրս ընկերությունում կատարվել է մոտ 10 մլրդ դրամ ներդրում: Այժմ «Արմենիա վայնը» կառուցում է փրփրուն գինու (շամպայնի) արտադրամաս, որի սարքավորումների ներմուծման ժամանակ ԱԱՀ գումարի վճարումը կառավարության որոշմամբ հետաձգվել է երեք տարով: Ներդրումային նոր ծրագրով Արագածոտնի մարզում կառուցվում է կոնյակի արտադրամաս, որը լինելու է խաղողի վերամշակումից մինչև պատրաստի կոնյակի թողարկման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումների և տեխնոլոգիաների մի ամբողջ համալիր: Կատարվելիք 2.57 մլրդ դրամի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի արտադրանքի ծավալը հասցնել տարեկան 4.7 մլրդ դրամի և ընդլայնել արտահանման ծավալը: Քսան նոր աշխատողների միջին աշխատավարձը կհասնի 188 հազար դրամի:
Կառավարության որոշմամբ «Կորսան-կորվիամ կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության Հայաստանի մասնաճյուղին թույլատրվել է երեք տարով երկարաձգել ներմուծված ապրանքների նկատմամբ «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Նշված բաժնետիրական ընկերությունը 2012թ. ճանաչվել է Հայաստանի Հանրապետության և Ասիական Զարգացման Բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով հայտարարված ճանապարհահատվածների վերակառուցման և բարելավման միջազգային բաց մրցույթի հաղթող և Հայաստան ներմուծել համապատասխան սարքավորումներ: Դրանց շահագործումը շարունակելու նպատակով ընդունվել է սույն որոշումը: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունը և մրցակցությունը, կնվազեն տրանսպորտային ծախսերը:

Գործադիրն իր որոշումներով հաստատել է իր նախկին երկու որոշման փոփոխությունները, որոնցից առաջինը վերաբերում է թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, մյուսը` օղու ներմուծման արտոնագրման կարգերին: Երկու դեպքում էլ նպատակը օրենսդրական բարեփոխումն է, տնտեսվարող սուբյեկտների պատասխանատվության շրջանակի նվազումը:

Օրենսդրորեն կարգավորվում են փոխադրամիջոցների գույքահարկի հարաբերությունները
Կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի տարընթերցումները
Վարչապետն առաջարկել է օրենքի փոփոխության հարցը քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Փոխադրամիջոցների գույքահարկի մասին» օրինագծին, «Հարկերի մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի հետ մեկ միասնական փաթեթով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով: Նշված օրինագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2013թ. հաստատած «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից, ինչպես նաև Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից: Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման, ինչպես նաև տեսչական հարկերի հետ կապված հարաբերություններն են:
Նիստում հավանություն է տրվել «Վերահսկիչ պալատի մասին» և «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ նշված օրենքները կհամապատասխանեցվեն ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներին, ինչպես նաև կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» գործող օրենքի տարընթերցումները:
Գործադիրը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է գործող օրենքի դրույթները տարածել նաև իրավաբանական անձանց վրա: Կառավարությունն ընդհանուր առմամբ դեմ չէ առաջարկությանը, հատկապես որ միջազգային պրակտիկայում համանման փորձ արդեն կա: Սակայն նկատի առնելով եզրակացության մեջ շարադրված հանգամանքները, հեղինակին առաջարկվել է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ շահագրգիռ շրջանակներում քննարկելուց հետո` ելնելով դրա արդյունքներից: Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ «անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել, քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է` առանց բոլոր մասնակիցների քննարկման, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմ ընդունել չի կարելի: Դա նշանակում է, որ այդ ամբողջ փուլը մենք պետք է անցնենք, առևտրային բանկերի հետ պետք է քննարկենք, ձեռնարկությունների հետ պետք է քննարկենք, որից հետո միայն այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք ԱԺ, չնայած, որ նախագծում նշված փաստարկների հետ մենք համաձայն ենք»:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Սահմանվել է զոհված հերոսի ընտանիքի ամենամսյա պարգևավճարի չափը
Գործադիրը երեխայի ծննդյան միանվագ նպաստ է սահմանել, հաստատել խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքին ամենամսյա պարգևավճարի նշանակման և վճարման կարգը: Զոհված` Հայաստանի ազգային հերոսի ընտանիքի պարգևավճարի չափը սահմանվել է 250 հազար դրամ, զոհված` առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 150 հազար դրամ, երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձի ընտանիքի պարգևավճարի չափը` 100 հազար դրամ: Որոշումը տարածվում է 2014թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Նիստում բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով մասնագիտական ուսուցման դասընթացում ընդգրկվող գործազուրկին վճարվող կրթաթոշակի ամսական չափը սահմանվել է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը:
Կառավարությունը սահմանել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` ըստ նոր ծնված երեխայի հերթական կարգաթվի` առաջին երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երկրորդ երեխայի ծնվելու դեպքում` 50 հազար դրամ, երրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` 1 մլն 500 հազար դրամ:
ՀՀ կառավարությունը հաստատել է խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգը, որի համաձայն կիրականացվի օրենսդրության և գործելակերպի համապատասխանեցումը միջազգային և եվրոպական չափանիշներին: Ե՛վ Հայաստանում, և՛ մյուս երկրներում շուկայահանված հայկական արտադրանքը կլինի անվտանգ:

Կնորոգվեն Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները և թռիչքուղին
Արտահանողներին սահմանված կարգով կվերադարձվի ավելացված արժեքի հարկը
Կբարձրանա անձնագրային ծառայությունների որակը

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող և տարբեր վայրերում տեղակայված երեք միավոր գույքային համալիրներն ամրացվել են ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին: Ներգրավվելիք կառուցապատողները կնորոգեն և կպահպանեն նշված գույքը: Կնորոգվեն նաև նախարարության կառավարմանն հանձնված Ստեփանավանի օդանավակայանի շենք-շինությունները, թռիչքուղին, օդանավերի սպասարկման անգարը և այլն, կապահովվի հայ-ռուսական հումանիտար կենտրոնի գործունեությունը:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց արդյունքում հանվել է կենտրոնական դեպոզիտարիումի և այլ ենթապահառուների կողմից պետական արժեթղթերի անվանատիրոջ հաշիվների վարման արգելքը:
Կառավարության որոշմամբ ՀՀ 2014թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի հարկի վերադարձ» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.5 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժվել է ս.թ. առաջին եռամսյակ` արտահանողներին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ի վերադարձն ապահովելու նպատակով:
ՀՀ քաղաքացու անձնագիրը (կենսաչափական տվյալներով) և նույնականացման քարտը սեղմ ժամկետում` մեկ կամ երեք աշխատանքային օրում պատրաստել և քաղաքացուն հանձնել հնարավոր չէ մարզերում, ուստի նախկին համապատասխան որոշման լրացմամբ կառավարությունն այդ գործընթացի համար սահմանել է հինգ օր, ինչի արդյունքում էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող անձնագրային ծառայությունների որակը:
Նիստում հաստատվել է ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը:
Գործադիրն իր որոշմամբ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության հաշվեկշռում հաշվառված հանրակացարաններում երկար տարիներ բնակվող ինը տեղաբնակ բնակիչներին է նվիրել իրենց զբաղեցրած բնակելի տարածքները:
Կանցկացվի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը
Կհրատարակվի Հովհ. Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմ, կստեղծվի «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ-ը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2014թ. ծրագրին և միջոցառումների ցանկին, սահմանել, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը փառատոնի ծրագրի իրականացման համակարգող մարմինն է: Ակնկալվում է, որ որոշման ընդունումը կնպաստի մշակույթի ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը, սփյուռքի ուծացման և լեզվամշակութային ինքնության կորստի դեմ պայքարին:
Պետական մրցանակների դափնեկիր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանին նվիրված գիրք-ալբոմի հրատարակման, «Դվին» հնավայրի պեղումների և պեղավայրի ամրակցման աշխատանքի իրականացման, ժամանակակից հայ մուլտիպլիկացիայի զարգացմանն աջակցելու նպատակով կառավարությունը հատկացրել է մոտ 50 մլն դրամ:
Գործադիրը որոշել է ստեղծել «Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ» ՊՈԱԿ, սահմանել, որ դրա նպատակներն են երաժշտարվեստի բնագավառում հասարակության հոգևոր պահանջների ձևավորումն ու բավարարումը, ազգային երաժշտական-կատարողական արվեստի ավանդույթների պահպանումն ու զարգացումը, դասական և ժամանակակից լավագույն երաժշտական ստեղծագործությունների կատարումը: ՊՈԱԿ-ին թույլատրվել է նաև իրականացնել հետևյալ ձեռնարկատիրական գործունեության տեսակները` երաժշտական ստեղծագործությունների կլավիրների, պարտիտուրների ստեղծում և իրացում, հրատարակչական գործ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների նախաձեռնությամբ 2005թ. ստեղծված նվագախումբը անցած տարիների ընթացքում ապացուցել է իր կենսունակությունը և բարձրարվեստ համերգներով մեծ ճանաչում ձեռք բերել:
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրակրթության ոլորտում իրականացվող կրթական բնույթի առարկայական մրցույթների, մրցաշարերի, օլիմպիադաների չափորոշիչները և այդ միջոցառումները ճանաչելու և երաշխավորելու կարգը: «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի համաձայն այդ չափորոշիչներն ու կարգը կարող են ԱԱՀ-ից ազատման հիմք հանդիսանալ:

Արտոնագիր է տրվել Հայկական ատոմային էլեկտրակայանին
ՀՀ քաղաքացիները Մոլդովա կայցելեն առանց մուտքի վիզայի

Կառավարության որոշմամբ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր է տրվել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին: Մեկ այլ որոշմամբ ատոմային էներգետիկայի բնագավառում արտոնագրի տրամադրման գործընթացը կենտրոնացվել է մեկ մարմնում` ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեում:
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության կառավարությունների միջև քաղաքացիների առանց մուտքի վիզայի այցելության համաձայնագրի կնքման առաջարկությանը:

 

«2013-ին 1000 ծնունդների մեջ 9.2 պրոմիլ մահ է գրանցվել, ինչը վերջին տարիների համեմատ բավականին լավ ցուցանիշ է». Գայանե Ավագյան

Գայանե ԱվագյանՀՀ առողջապահության նախարարությանՄայրական և վերարտադրողական առողջության պահպանման  բաժնի պետ Գայանե Ավագյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ անկախության տարիներից սկսած մայրերի և երեխաների առողջության պահպանումը գերակա խնդիր է եղել: Վերջին տարիներին խնդիրն ավելի ակնառու էր դարձել, սակայն մի շարք միջոցառումներ ձեռնարկվեցին` լուծումներ գտնելու համար: Գայանե Ավագյանի խոսքով` ձեռնարկված միջոցառումներից էր, օրինակ, ծննդօգնության ծրագրի ներդրումը, որով հղիներն անվճար հետազոտությունների, ծննդաբերության իրավունք ստացան, այդ թվում` կեսարյան հատման ժամանակ: Կարևորելով պոտենցիալ մայրերի առողջությունը` 15 տարեկան աղջիկների համալիր ստուգման ծրագիրը ներդրվեց:
«Առանց առողջ տղամարդու հնարավոր չէ առողջ սերունդ ունենալ, ուստև աղջիկներին զուգահեռ նաև 14-15 տարեկան տղաների ստուգում է կատարվում: Տարին մեկ անգամ նույնիսկ թվացյալ առողջ կինը կարող է ստուգումների համար դիմել պոլիկլինիկաներ և պետք է դիմել, սակայն մեր կանայք հաճախ չեն օգտվում այս ծառայությունից, քանի որ չեն գիտակցում դրա կարևորությունը, մինչև որ հիվանդության ռեալ ախտանիշներ չեն նկատում»,- ասաց Գայանե Ավագյանը` ընդգծելով, որ հղիների մոտ այդ մշակույթն արդեն ձևավորված է, հղիության մասին տեղեկանալու առաջին իսկ օրվանից հղիները դիմում են բժշկի, ինչն էլ նպաստել է մայրական և մանկական մահացությունների թվի նվազմանը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն` 2013-ին 1000 ծնունդների մեջ 9.2 պրոմիլ մահ է գրանցվել, ինչը վերջին տարիների համեմատ բավականին լավ ցուցանիշ է:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունն կանանց միամսյակի կապակցությամբ մեծ միջոցառում կանցկացնի: Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանայք և աղջիկները կարող են դիմել պոլիկլինիկաներ, անվճար հետազոտվել և անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներում բուժում և ուղեգրեր ստանալ:

Պակասում ենք, ծերանում ու չենք վերարտադրվում

population1«Ժողովրդագրական անվտանգությունը տնտեսական անվտանգության մասն է կազմում և նպատակ ունի նվազեցնել ու վերացնել բնակչության թվաքանակի կառուցվածքի և փոփոխությունների հետ կապված խնդիրները»,-  նշում է տնտեսագետ, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանն իր զեկույցներից մեկում:

 Երբ նայում ենք ժողովրդագրության համաշխարհային միտումներին, ստացվում է հետևյալ պատկերը. 1650 թ. աշխարհում ապրում էր 500 մլն մարդ, 1990-2004 թթ.` 6.7 մլրդ մարդ: Ըստ կանխատեսումների` 2025 թ. աշխարհում կապրի 8.2 մլրդ մարդ, դրանից 20 տարի անց` 2045 թ.` 9 մլրդ, իսկ XXI դարավերջին` 2095 թ., Երկիր մոլորակի բնակչության թվաքանակը կհատի 13 մլրդ-ի սահամանգիծը և կկազմի մոտ 13.7 մլրդ մարդ: Սրան գումարվում են նաև կլիմայական փոփոխությունները, շրջակա միջավայրի խնդիրները, բնական ռեսուրսների սահմանափակ լինելը և այլն, ու ստացվում է, որ այս դարավերջին լուրջ մարտահրավերներ են սպասում մարդկությանը: Այսինքն` այդքան մարդու սննդի, կացարանի և այլ պահանջների բավարարման համար բնական ռեսուրսները կսկսեն չբավարարել: Նույնիսկ հիմա, երբ Երկրի բնակչությունը 6.7 մլրդ է, արդեն նման խնդիրներ կան, էլ ուր մնաց կրկնակի շատանալու դեպքում:

Այժմ նայենք մեր տարածաշրջանին ու այն կազմավորումներին, որոնց մասն է կազմում նաև Հայաստանը: Ըստ ԱՊՀ երկրների վիճակագրական կոմիտեի տվյալների` բնակչության անկում են ունեցել միայն Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը, սակայն ամենամեծ անկումը գրանցվել է Հայաստանում: 2007 թ. Հայաստանն ունեցել է 3 մլն 223 հազար բնակչություն, իսկ 2012-ին` 2 մլն 830 հազար:

Սրան գումարվում են բազմաթիվ այլ գործոններ, ինչպես, օրինակ` գործազրկության մակարդակը: Ըստ այդմ` 2013 թ. գործազրկությունը Ադրբեջանում եղել է 6.6%, Ղազախստանում այդ ցուցանիշը կազմել է 7%, Մոլդովայում` 5.1%, Ռուսաստանում` 6.2%, Ղրղզստանում` 8.3%, Տաջիկստանում 7.4%, իսկ Հայաստանում` 16.4%:

Բնակչության աճի տեմպերի վրա շատ գործոններ են ազդում, բայց դրանցից հիմնականները պատերազմները, ժողովրդագրական տեղաշարժերը,  համաճարակներն ու բնական աղետներն են: Սրանց ազդեցությունն ավելի ուժգին է արտահայտվում:

Ըստ պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրությունների` բնակչության աճի փոփոխության վրա էական ազդեցություն են ունեցել 1988 թ. Սպիտակի երկրաշարժը, որը խլեց 25 հազար մարդու կյանք, Ղարաբաղյան հակամարտությունը, որի ժամանակ Հայաստանը կորցրեց 5856 զինվոր և 1264 խաղաղ քաղաքացի:

Բայց առավել շատ այդ փոփոխության վրա ազդել են 1994-1999 թթ. տնտեսական ճգնաժամն ու արտագաղթի ներկայիս նոր ալիքը: Ըստ Թաթուլ Մանասերյանի ուսումնասիրության` 1990-2007 թթ. Հայաստանից, ընդհանուր առմամբ, արտագաղթել է 1 մլն 200 հազար քաղաքացի:

Ժողովրդագրական այս փոփոխությունների արդյունքում, ինչպես ներկայացնում է Թաթուլ Մանասերյանն իր «ՀՀ ժողովրդագրական սպառնալիքները. պատճառներ և հանգուցալուծումներ» զեկույցում, սպառնում է լեռնային սահմանամերձ գյուղերի ամայացումով, ուրբանիզացիայի մակարդակի փոփոխությամբ, բնակչության ծերացմամբ, ծնելիության ցածր մակարդակով, չկառավարվող և անօրինական արտագաղթով, կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսքով և այլն:

Ի՞նչ են նշանակում ժողովրդագրական փոփոխությունները

Փաստորեն, այսօր ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում բավականին մտահոգիչ է, որովհետև բոլոր հիմնական ուղղություններով ու ժողովրդագրական ցուցանիշներով, որոնք են` ծնելիությունը, միգրացիան և մահացությունը կամ ծերացումը, Հայաստանը բավականին բացասական տվյալներ է այս պահին մատուցում: Նշենք, որ  Հայաստանի անկախացումից ի վեր ծնելիությունը մոտ 2 անգամ անկում է ապրել. ծնելիության գործակիցը 2,5-2,6- ից հասել է նրան, որ այսօր վերարտադրողական տարիքում գտնվող մեկ կնոջ հաշվարկով 1,5-1,6 երեխա է ծնվում: Այսինքն` 10 զույգերը միասին, որոնք դեռ ի վիճակի են երեխաներ բերել լույս աշխարհ, ունենում են ընդամենը 15 երեխա: Բայց որպեսզի հասարակությունը սովորական վերարտադրողական ֆունկցիան չկորցնի, վերարտադրողականության գործակիցը պետք է լինի 2,1:

Սրան գումարվում են միգրացիոն հոսքերը, մասնավորապես` արտագաղթ կոչվող չարիքը և այլն: Համաձայն ընդունված ցուցանիշների` սահմանային կետերից հավաքված տեղեկությունների, որոնք այսօր միակ պաշտոնական ու հասանելի տեղեկատվությունն են, մենք տարեկան մոտավորապես 35-40 հազար մարդու հաշվարկով բացասական սալտո ունենք:

Շատ լուրջ խնդիր է Հայաստանի ծերացումը: Ըստ այդմ` բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ՄԱԿ-ի ցուցանիշը Հայաստանի վերաբերյալ, ըստ որի` մենք այսօր ունենք 60+ տարիք ունեցող ազգաբնակչության 14,4% ցուցանիշ, և արդեն հատել ենք ծերացած ազգաբնակչության սահմանագիծը:

«Մինչև 13 տոկոսը ծերացող է, իսկ 13 տոկոսից ավելի 60 և ավելի տարիք ունեցող ազգաբնակչություն ունեցող հասարակությունը համարվում է ծերացած: Եվ մի շատ կարևոր բան արժե այս կապակցությամբ ասել, որ 2017 թ. առաջին անգամ մեր ազգաբնակչության բնական հավելաճը դրականից կփոխվի բացասականի»,- տեղեկացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Այսինքն` հասարակության մեջ մեծահասակների և երիտասարդների հարաբերակցությունը կփոխվի այնպես, որ մենք արդեն կունենանք բացասական բնական աճ: Իսկ մինչև 2050 թ., ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների, Հայաստանում 60-ն անց բնակչությունը կկազմի ընդհանուր բնակչության մոտ 35 տոկոսը:

Ժողովրդագրական այսպիսի վիճակը հետագայում կարող է անդրադառնալ երկրի, պետության բոլոր ոլորտների վրա: Օրինակ` եթե քիչ երեխաներ են ծնվում, բնականաբար, առաջանում է բանակի համար զինվորներ ունենալու խնդիրը, աշխատուժն է քչանում, հետևաբար նաև տնտեսական ակտիվությունն է փոքրանում, երկրի բիզնես միջավայրն է դառնում ոչ գրավիչ, քանի որ շուկան է նվազում, երկրի տնտեսական կառուցվածքն է փոխվում, որովհետև, օրինակ, ավելի երիտասարդ բնակչություն ունեցող երկրի համար ավելի կարևոր է զարգացնել նորագույն տեխնոլոգիաները և նման այլ ոլորտները, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է զարկ տան, օրինակ, տրանսպորտային, սոցիալական ծառայությունների և այլ ոլորտների զարգացմանը: Երիտասարդ բնակչություն ունեցող երկրները աշխատուժի ավելի քիչ խնդիր են ունենում, իսկ ծեր ազգաբնակչություն ունեցող երկրները պետք է Գերմանիայի օրինակով զարկ տան մեծահասակների կրթության ծրագրերին, որպեսզի մարդիկ մեծ տարիքում էլ կարողանան աշխատել ու բարիքներ ստեղծել:

Նման դեպքերում նաև պետական ու հասարակական ենթակառուցվածքների փոփոխության պահանջ է առաջանում: Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների տրամաբանությունը վառ օրինակ է, որովհետև, եթե Հայաստանի անկախացման ժամանակ 1 թոշակառուի «համար», կոպիտ ասած, աշխատում էր  7 աշխատունակ տարիքի քաղաքացի, այժմ` 3,5, իսկ 2050 թ., դարձյալ ՄԱԿ-ի կանխատեսումներով, 1 թոշակառուի դիմաց Հայաստանում կլինի  1 աշխատունակ տարիքի քաղաքացի: Սա փոխում է սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային և բոլոր քաղաքականությունները:

Այս պատկերը բազմաթիվ պատճառներ կարող է ունենալ: Ու եթե շատերի կարծիքով սոցիալ-տնտեսական վիճակն է այս պատկերի պատճառը, ապա ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, որ մոտ 7 տարի ղեկավարել է Հայաստանում ժողովրդագրական պատկերի ուսումնասիրությունները, ավելի է լայնացնում «սոցիալ-տնտեսական» պայմանները: Նրա ներկայացմամբ` թեև Հայաստանն արդեն ուշացել է, դեռ կարող է ու պարտավոր է սկսել համապատասխան քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ` հետագա լուրջ մարտահրավերներին դիմակայելու համար: