Կառավարությունը հաստատել է 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները

gov2-472x265Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Մինչ օրակարգին անցնելը, մի տեղեկություն եմ ցանկանում ներկայացնել ձեզ: Հուլիսի 24-ին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը հրապարակեց մարդկային զարգացման համաթվի 2014 թվականի զեկույցը: Ուզում եմ նշել, որ թեև Հայաստանի համաթիվն ունի ոչ էական բարելավում, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք մնալ անցած տարվա մեր տեղում` 87-րդ տեղում: Այս հարցում էական բարելավում երևի թե պետք է սպասել կրթության համակարգից: Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ եթե կրթության սպասվելիք տևողությունը 12.3 տարի է, փաստացի միջինը 10.8 տարի է: Կառավարության ծրագրում մենք ամրագրել ենք պետության կողմից տասներկու տարվա պարտադիր կրթության ֆինանսավորում, և այս տարվանից արդեն այդ փոփոխությունները պետք է կյանքի կոչվեն: Հանձնարարում եմ Կրթության և գիտության նախարարությանը՝ ուշի ուշով հետևել այս զարգացումներին և աշխատել ՄԱԿ-ի հետ 2015 թվականի զեկույցում արդեն ճշգրտված վիճակագրություն զետեղելու համար:
Գոյություն ունի այս համաթվի կարևոր մեկ ասպեկտ ևս, որին երևի թե հարկ է, որ ավելի մանրամասն անդրադառնա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Եթե մարդկային զարգացման համաթիվը ճշգրտում ենք անհավասարության գործակցով, ապա Հայաստանի դիրքը բարելավվում է տասնհինգ կետով, և մենք առաջ ենք անցնում հարևան Վրաստանից, Թուրքիայից և Իրանից»:

Քանի որ ավելի քան երեք ամիս է, ինչ նոր կառավարության նախարարությունները գործում են, վարչապետը նախարարներին հանձնարարել է հանրությանը ներկայացնել իրենց կատարած աշխատանքի արդյունքն ու ծրագրերը:

Հաստատելով նիստի օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը:

ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, կառավարության 2014թ. գերակա խնդիրները, գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների հիմնավորումները: Հաջորդ կետով գործադիրն ուժը կորցրած է ճանաչել կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրներն հաստատելու ս.թ. հունվարի 9-ի որոշումը:
Մեծացվում է պետական կառավարման համակարգի արդյունավետությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել՝
-«Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում ՀՀ երկրորդ գործողությունների ծրագրին (առաջինը հաջողությամբ ավարտվել է 2013թ. վերջին), որը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկների հիման վրա և ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են հանքարդյունաբերությունը, առողջապահությունը, կրթությունը, տեղական ինքնակառավարումը, տեղեկատվության ազատությունը և այլն. նպատակն է բարձրացնել պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության մակարդակը՝ խթանելով կառավարման համակարգի արդյունավետությունը,
-ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության լրացմանը, որով նախանշված հեռանկարային ոլորտների շարք կներառվի կաթնամթերքի և մսամթերքի արտադրությունը, ինչի շնորհիվ կբարձրանան թողարկվող արտադրանքի որակն ու անվտանգությունը՝ մեծացնելով արտահանման ծավալը:
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020թթ. միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը, որով կապահովվի համակարգի բնականոն գործունեությունը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին,
-ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգի կիրարկման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագիրը, որի իրականացումը հնարավորություն կտա մշակել երկրի սողանքային աղետի կառավարման պլան,
-Անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված հանրապետական նպատակային ծրագրի և հրդեհային անվտանգության բարելավմանն ուղղված համալիր միջոցառումների ցանկի փոփոխությունները,
-պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի փոփոխություններն ու լրացումը, որոնցով հստակեցվում են սույն գործընթացի իրավահարաբերությունները, նվազեցվում կոռուպցիոն ռիսկը:
ՀՀ կառավարությունը սահմանել է բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը, որով հստակեցվում են բուսական աշխարհի օբյեկտների, այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված բույսերի և դրանց աճելավայրերի պահպանության կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունները:
Ապահովվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության կիրարկումը
ՀՀ կառավարության ընդունած որոշումներից երեքը առնչվում է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի կիրարկմանը: Ակնկալվում է ապահովել կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու դիմումը հարկային մարմին ներկայացնելու և կուտակային կենսաթոշակ ստանալու դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուին տեղեկացնելու, ինչպես նաև մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)՝ սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգերը:
Մեկ այլ որոշմամբ կապահովվի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքի և «Եկամտային հարկի և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի առանձին դրույթների կիրարկումը:
Փոփոխություններ և լրացումներ կատարելով 2014թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրն ապահովել է մինչև 2014թ. հունվարի 1-ը Հայաստանում ծնված երեխաներին ծննդյան միանվագ նպաստի հատկացման բնականոն գործընթացը:
Գործադիրն ընդունել է կառավարության կողմից ՀՀ կենտրոնական բանկին տրամադրված անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակը փոխարինելու որոշում, որի իրականացումը կնպաստի դրամատան պահուստի համալրմանը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ, որպեսզի փոխհատուցի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և դրա համակարգի ՊՈԱԿ-ների աշխատակիցների նվազագույն աշխատավարձը ս.թ. հուլիսի 1-ից ապահովելու ծախսը:
ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը՝ ֆինանսավորելու համար «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքով ս.թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը 50 հազար դրամ սահմանելու հետ կապված տեղական ինքնակառավարման համակարգում 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածների սոցվճարի գումարի վճարմամբ առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսը:
Ս.թ. պետբյուջեի մեկ այլ վերաբաշխմամբ և կառավարության նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ գործադիրը 140 մլն դրամ է հատկացրել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին՝ ապահովելու համար 4 ստեղծագործական խմբերի (նվագախումբ, բալետային խումբ, երգչախումբ և օպերային մեներգիչներ) անդամների և մյուս կոլեկտիվների տարիների ընթացքում ձևավորված աշխատավարձերի համադրելիությունը:
Առաջարկվում է կարգավորել գովազդի ստեղծման և տարածման ոլորտը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել ոլորտի կարգավորման և բիզնես գործունեության ծավալման պայմանները, վերացնել ոչ անհրաժեշտ պահանջներն ու պայմանները, կրճատել տնտեսվարողների ծախսերը:
Գործադիրը քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Ըստ կից հիմնավորման, լրացում կատարելու հիմքը ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումների պահանջներն են: Կառավարությունն իր հերթին առաջարկել է օրենսգրքի համապատասխան հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այս առաջարկն ընդունելու դեպքում միայն ընդունելի կհամարվի օրենքի նախագիծը:
Նիստում քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու օրինագիծը: Այս դեպքում ևս կառավարությունը ներկայացրել է օրենքի փոփոխության նախագծի իր տարբերակը, որի ընդունմամբ ընդունելի կհամարի պատգամավորների նախաձեռնությունը:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Այլ որոշումներ
Վերաբաշխելով ս.թ. պետբյուջեն, փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր հաստիքներն զբաղեցնող աշխատակիցների 2014թ. հուլիսից աշխատավարձի տրամադրման և նոր վարչական շենքի շահագործման նպատակով ֆինանսավորումը պետբյուջեի հաշվին: Գործադիրը մեկ այլ որոշմամբ կանոնակարգել է ծառայության նոր մասնաշենքի շահագործման ընթացքում շենքի պետական պահպանության հարցը:
Կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Քասախի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու, ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:
Կառավարության որոշմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին մեկ տարի ժամկետով տրվել է Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման արտոնագիր:

 

Անկախ

Կառավարությունում քննարկվել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը

Հովիկ Աբրահամյան,Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի վերաբերյալ խորհրդակցություն՝ պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգի նախագիծը, որի նպատակը գործող օրենսգրքում առկա հայեցակարգային անճշտությունների, հակասությունների, թերությունների ճշգրտումը և ուղղումն է: Այն մշակվել է ՀՀ Նախագահի՝ 2012 թ. «ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» կարգադրությամբ, Արդարադատության նախարարի հրամանով 2014 թ. մարտին ստեղծված աշխատանքային խմբի կողմից:
Աշխատանքային խմբի ղեկավար Արա Գաբուզյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և անդրադարձել օրենսգրքով նախատեսված մի շարք ինստիտուտների կիրառմանն առնչվող խնդիրներին: Նշվել է, որ անհրաժեշտություն կա ապահովել քրեական գործող օրենսգրքում նորմերի ձևակերպման հստակությունը, իրավական որոշակիությունը, անհակասականությունը, բացառել լեզվական անճշտությունները և հակասություններն այլ իրավական ակտերի հետ: Քրեական նոր օրենսգիրքը պետք է արտացոլի կրիմինալոգիական իրողությունը, ապահովի ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարի արդյունավետությունը և համահունչ լինի քրեական իրավունքի տեսության և օրենսդրության ժամանակակից միտումներին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ բոլոր գերատեսչությունների հետ և առաջարկություններով լրամշակված փաստաթուղթը ներկայացնել վարչապետին:
Անկախ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում է ցուցարարների հետ (լուսանկարներ)

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա  են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի մոտ:

Ցույցը կազմակերպվել  է «Նաիրիտ» գործարանի արհմիությունը «Նաիրիտ» գործարանի տնօրինության աջակցությամբ: «Նաիրիտ» գործարանն իր աշխատակիցներին 15-16 ամսվա աշխատավարձ է պարտք։

Կառավարության շենքի դիմաց նրանց հանդիպումը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ՝ լուսանկարներումՀովիկ Աբրահամյան

Հովիկ ԱբրահամյանMHM89186 copy MHM89185 copy MHM89179MHM89178 copy Հովիկ Աբրահամյան

Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման պահանջին նոր մոտեցում ցուցաբերվեց

hdmԿառավարությունը հուլիսի 3-ին որոշեց, որպես փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագրերի շարունակություն, այդ ոլորտի հարկ վճարողների առանձին խմբերի համար նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը` 2014 թ. հուլիսի 1-ը, հետաձգել և սահմանել նոր ՀԴՄ-ների ձեռքբերման տարբերակված գներ: Այսպիսով, սահմանամերձ գյուղերի համար ՀԴՄ-ները պետք է տրամադրվեն անվճար, իսկ մյուս գյուղերում` տարբերակված գներով` արժեքի 50 տոկոսի չափով: Կառավարության որոշմամբ` 2013 թ. հարկային տարվա արդյունքներով 30-58,35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ների ներդրման ժամկետ սահմանվեց 2014 թ. օգոստոսի 1-ը, ՀԴՄ արժեքը` 150 հազար դրամ, իսկ 10-30 մլն դրամ հասույթ ունեցողների համար` 2014 թ. հոկտեմբերի 1-ից,ՀԴՄ գինը` 120 հազար դրամ, 5-10 մլն դրամ հասույթ ունեցողների համար` ժամկետը 2015 թ. հունվարի 1-ը, ՀԴՄ գինը` 80 հազար դրամ, և մինչև 5 մլն դրամ հասույթ ունեցող հարկ վճարողների համար ժամկետը սահմանվեց 2015 թ. հունվարի 11-ը, իսկ ՀԴՄ արժեքը` 60 հազար դրամ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խիստ կարևորեց կառավարության այս ձեռնարկը և հատուկ շեշտեց, որ այս զիջումները շատ թանկ են նստելու կառավարության վրա, քանի որ դրանց հետևանքով առաջացած կորուստների բեռը մնում է բյուջեի վրա: «Սա հարկավոր է հանրությանը ներկայացնել, որ ընդհանուր 4 մլրդ 380 մլն բեռ է ավելանում կառավարության վրա, քանի որ մենք գնում ենք ՓՄՁ-ներին աջակցելու այս գործընթացին»,- ասաց նա:

Սա, ինչ խոսք, կարևոր որոշում էր, քանի որ բազմիցս դժգոհություններ ու մտահոգություններ էին արտահայտվել` կապված ինչպես նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետների, այնպես էլ դրանց արժեքի հետ: Այս որոշումով, փաստորեն, կառավարությունը փորձում է մի քիչ ավելի փոքր ծախս ստեղծել ՓՄՁ-ների ներկայացուցիչների համար, ինչը ողջունելի է:

Ի դեպ, այս որոշումից ընդամենը մի քանի օր առաջ նույն կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում էր ՓՄՁ-ների համար նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրման պարտադրանքը հանել` ազատելով նրանց լրացուցիչ ծախսերից: Այդ ժամանակ կառավարությունն իր եզրակացության հիմնավորման մեջ նշեց, որ ավելի լավ է օժանդակել ՓՄՁ-ներին` ավելի ուշ ու ավելի մատչելի գներով նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերել:

Չկա բարիք` առանց չարիքի

Հասկանալու համար, թե ինչու է կառավարությունը նոր սերնդի ՀԴՄ-ներ տեղադրելու պահանջ դրել, արժե դիտարկել մի քանի հանգամանք:
Ինչպես հիշում ենք, կառավարությունը հունիսի 12-ին հավանության արժանացրեց մի փաթեթ, որով փոխում է մոտեցումը ՓՄՁ-ների նկատմամբ. դրանք այլևս չեն դիտարկվելու կառավարությունորպես հարկային մուտքեր ապահովող ձեռնարկություններ: 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում շրջանառության դրույքաչափը 3,5 տոկոսից դարձրեց 1 տոկոս` սահմանելով «ընտանեկան բիզնես» կարգավիճակ, և տարեկան կտրվածքով մինչև 12 մլն դրամ շրջանառությունը, բացառությամբ բիզնեսի որոշ տեսակների, ազատեց հարկերից: 2014 թ. հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում ապրանքների ձեռքբերման համար փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր:

Փաստորեն, ՓՄՁ-ների հարկային բեռը թեթևացվում է կամ հանվում` փոխարենը նրանից պահանջելով փաստաթղթավորում, ինչը խոշոր ձեռնարկություններին ստվերից թափանցիկ դաշտ բերելու հնարավորություն պետք է տա: Հիշենք նաև, որ
ՓՄՁ-ների աջակցության առաջին փաթեթի ընդունման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ ՓՄՁ-ների հարկային բեռի նվազման հետևանքով պետբյուջեի եկամուտները մոտ 8 մլրդ դրամով նվազելու են: «Բայց մենք այս քայլով, բազմաթիվ արտոնություններ տալով փոքր ու միջին ձեռնարկատերերին, փորձելու ենք խոշորին բերել հարկային դաշտ: Փաստաթղթավորման հարցը լուծելու պարագայում ակնկալում ենք, որ բյուջեի եկամուտները կավելանան»,- նշեց վարչապետը:

Այս փաթեթի ներդրման ժամանակ, ի դեպ, հայտարարվեց նաև հարկային վարչարարության պարզեցման ու ռիսկերի վրա հիմնված ստուգումների մասին: Իսկ նման պայմաններում պահանջվում է նյութատեխնիկական լուրջ բազա և նորարարական ծրագրեր ու մոտեցումներ: Հենց թեկուզ այն բանի համար, որ առևտրի ծավալների, շրջանառության վերաբերյալ տեղեկություններն անընդհատ ու պարբերաբար հասնեն տվյալների բազա, ու բավականին արագ ու դինամիկ հսկողության միջոցով պարզեն ռիսկերն ու այդ ռիսկերի «հասցեները»: Հայաստանում ներդրված են հարկային համակարգի աշխարհի ամենաառաջադիմական տեղեկատվական տեխնոլոգիաներ: Պակասում էր միայն նոր սրենդի ՀԴՄ-ների տեղադրումը, որը հնարավորություն կտար անխափան գործելու ամբողջ համակարգին: Ուստի, նոր սերնդի ՀԴՄ-ների տեղադրումը, թերևս, կարևոր որոշումներից է, ու միգուցե դրական արդյունքներ ունենա:

Բայց չմոռանանք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 10 տոկոսով` 3.85 դրամով թանկանալու է: Այս թանկացումը, ինչպես հուլիսի 4-ին նշեց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը, կազդի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման վրա, հետևաբար` փոքր բիզնեսն անկում կապրի:
Բացի այդ, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հետևանքով սպառողական շուկայում գնաճ է տեղի ունենալու: Իսկ թե գնաճը ինչպես կազդի տնտեսության ամենազգայուն հատվածի`ՓՄՁ-ների վրա, դժվար չէ պատկերացնել: Սա նշանակում է, որ պետությունն ավելի շատ հարկեր կհավաքի ու որոշ չափով կթեթևացնի վերոհիշյալ ծրագրերի իրագործման հետևանքով սպասվող ծախսային բեռը:

Ստացվում է, որ կառավարությունը մի ձեռքով տալիս է, մյուսով` վերցնում: Եվ մնում է մխիթարվել, որ գոնե նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու բեռն ամբողջությամբ չընկավ ՓՄՁ-ների ուսերին, չնայած անգամ փոքր ծախսերը նրանց մի մասի համար էական նշանակություն կունենան: Այնպես որ, ինչպես «չկա չարիք առանց բարիքի» ասացվածքն է կենսունակ, այնպես էլ հակառակը` «չկա բարիք առանց չարիքի» տարբերակը:

 

ԼԺՀ-ի կառավարությունը ցրվել է

o_950234Լուգանսկի  ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Վալերի Բոլոտովը ԼԺՀ-ի կառավարությունը ցրել է:

Նախարարների խորհրդի  ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Մարատ Բաշիրովը: Նրան մեկ շաբաթ է տրվել տարածաշրջանի կատարողական իշխանության կառույցի համար: Գործող նախարարներին հանձնարարվել է  իրենց պարտականությունները կատարել մինչև նոր կազմ ձևավորվի:

Ապրիլից Կիևի իշխանություններն Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիա են իրականացնում ապստամբ շարժումը ճնշելու համար: Դոնեցկի ու Լուգանսկի մարզերը  ռմբակոծությունների սկզբից ամիջապես հետո  հանրաքվե անցկացրին ու քվեարկեցին  Կիևից անկախանալու համար ու, Դոնեցկն ու Լուգանսկը հռչակեցին ժողովրդական հանրապետություններ:

Անկախ

Հուլիսի 1-ից հանրապետությունում կբարձրացվեն աշխատավարձերը

ԼՂՀ կառավարությունԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը:

Հուլիսի 1-ից աշխատավարձերի բարձրացման հետ կապված` նիստում սահմանվել են պետական կառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, համայնքների ղեկավարների և նրանց աշխատակազմերի աշխատողների, ԼՂՀ պետական բյուջեից ֆինանսավորվող հիմնարկների և կազմակերպությունների, կրթության և գիտության համակարգի կրթադաստիարակչական հիմնարկների և կազմակերպությունների առանձին կատեգորիաների աշխատողների, ինչպես նաև առողջապահության համակարգի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանի խոսքով` հանրապետությունում հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կլինի 50 հազար դրամ, հաշվարկման հիմքում օգտագործվել են ՀՀ-ում գործող գործակիցները: Եթե աշխատողի` նոր համա­կարգով հաշվարկված պաշտոնային դրույքաչափը ցածր է գործող պաշտոնային դրույքաչափից, ապա կպահպանվի գործող դրույքաչափը, իսկ նախորդ տարիներին առանձին ոլորտներում կատարված բարձրացումները կհամահարթեցվեն: Հաշվարկների համաձայն` այս մեխանիզմով մոտակա տարիների ընթացքում միասնական համակարգը կսկսի գործել լիարժեք, այսինքն՝ բոլոր առկա տարբերությունները կվերանան նվազագույն աշխատավարձի աճին զուգընթաց: Ակնկալվում է բոլոր ճյուղերում բարձրացնել աշխատանքի և մատուցվող ծառայությունների որակը: Այս կարևորագույն խնդրի լուծման նպատակով ամսական շուրջ 650 մլն դրամ է հատկացվելու պետական բյուջեից` 19,5 հազար շահառուների համար:

Մասնավորապես, կրկնապատկվելու են համայնքների ղեկավարների աշխատավարձերը, իսկ ուժային կառույցներում դրանք համապատասխանեցվելու են պաշտպանության նախարարության համապատասխան գործակիցներին:

Կարևորելով աշխատավարձերի բարձրացման գործընթացը` ԼՂՀ վարչապետը նշել է, որ կյանքի է կոչվում նախագահի նախընտրական և կառավարության գործունեության ծրագրերի հիմնական դրույթներից մեկը: Ա. Հարությունյանի գնահատմամբ` աշխատավարձերի բարձրացմամբ կմեղմվի սոցիալական լարվածությունը, և կբարձրանա բնակչության կենսամակարդակը: Այդ համատեքստում կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ 2014թ. հունվարի 1-ից աշխատանքային կենսաթոշակի հավելաճը կազմել է 17,6 տոկոս: Սոցիալական վիճակի բարելավմանը զուգահեռ կնվազի արտագնա աշխատանքի նպատակով հանրապետությունից մեկնողների թիվը, իսկ պետական կառավարման համակարգը կդառնա առավել մրցունակ:

Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ աշխատավարձային նոր քաղաքականությունը մեծ գումարներ է պահանջում: Նա հորդորել է կանոնակարգել ծախսերը և աշխատել պետական բյուջեի մուտքերը ավելացնելու ուղղությամբ:

Գործադիր իշխանության ղեկավարը այս ամենը, սակայն, բավարար չի համարել, որովհետև նվազագույն աշխատավարձը դեռևս շարունակում է ցածր մնալ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից. այդ ուղղությամբ անելիքները դեռևս շատ են,- շեշտել է նա: Աշխատավարձերի բարձրացման բացասական հետևանքներից առանձնացնելով գնաճն ու հատկապես մասնավոր հատվածում հնարավոր կրճատումները, վարչապետը նշել է, որ դրանք կանխելու համար կօգտագործվեն լծակներ թե’ պետական, թե’ հասարակական հատվածներում: Նրա խոսքով` անհրաժեշտ է բանակցել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի այստեղ իրականացվող աշխատավարձային քաղաքականությունը ևս համահունչ լինի բարեփոխումներին: Աշխատավարձերի տարեցտարի բարձրացման տեմպերը, վարչապետի համոզմամբ, պետք է գերազանցեն գնաճի տեմպերին: Այսպես` 2015թ. նախատեսվում է նվազագույն աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում ևս: Աշխատավարձերի նկատելի բարձրացման մասին իր խոսքը կառավարության ղեկավարն ավարտեց բոլորին ուղղած շնորհավորանքով` համարելով այն կարևորագույն քայլ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհին:

Այսօրվա նիստում գործադիրը փոփոխությունններ է առաջարկել «Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքում, համաձայն որոնց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար, տարկետում տրվելու է արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողներին` մինչև նրանց 20 տարին լրանալը` ստացած գիտելիքները ծառայության ընթացքում օգտագործելու նպատակով:

Նիստում հաստատվեցին պետական մարմինների կողմից պահանջվող երաշխիքի օրինակելի ձևը, ինչպես նաև «Գրադարանների և գրադարանային գործի մասին» ԼՂՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը, որում ընդգրկված է 9 միջոցառում: Դրանց իրականացումը նպաստելու է գրադարանային գործունեության կատարելագործմանը, գրադարանների տեսակների, գործառույթների, գրադարանների հավաքածուների հաշվառման, համալրման, պահպանության և հանրային գրադարանների հավատարմագրման կարգի, ինչպես նաև գրադարանների և գրադարաններից օգտվողների իրավունքների և պարտականությունների իրավական հիմքերի սահմանմանը:

Կառավարության կողմից ընդունված մեկ այլ որոշման համաձայն` «Սերմնաբուծության, սելեկցիոն նվաճումների փորձարկման, պահպանության և սերմերի որակի ստուգման կենտրոն» ՓԲԸ կողմից արտադրված 75 տոննա առաջին վերարտադրության սերմացու կտրամադրվի ցորենի մշակությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին, որով հնարավոր կլինի ընդլայնել ցանքատարածությունները:

 

Անկախ

Եգիպտոսում կառավարությունը երդվել է նախագահի առաջ

1182-390x290Եգիպտոսի նախարարների նոր կաբինետը երդման արարողություն է կատարել նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի առաջ:

Եգիպտոսի նախկին կառավարությունը ցրվել է Սիսիի` երկրի նոր նախագահ ընտրվելուց հետո: Կառավարության նոր կազմում ՆԳՆ ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները մնացել են իրենց պաշտոններում, իսկ ԱԳ նախարարությունը գլխավորելու է ուրիշ դիվանագետ:

Եգիպտոսում նախագահական ընտրություններն անց են կացվել մայիսի 26-28-ին: Սիսիի համար քվեարկել է  ընտրողների 96,9%: Նոր առաջնորդի երդմնակալության արարոությունը տեղի ունեցավ հունիսի 8-ին, Կահիրեում:

Անկախ

Նպատակային սոցիալական վճար` կուտակային վճարի փոխարեն. Փաստինֆո

կառավարություն

Լավատեղյակ աղբյուրներից «Փաստինֆո» գործակալությանը հայտնի է դարձել, որ սահմանադրական դատարանի որոշումից հետո վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբն առաջարկում է նախկին կուտակային վճարի փոխարեն սահմանել նպատակային սոցիալական վճար:

Այսպես, անցած մեկ-մեկուկես ամիսների ընթացքում վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խումբը լուրջ աշխատանք է տարել սահմանադրական դատարանի որոշումներից բխող կենսաթոշակային օրենսդրության բարելավման ուղղությամբ՝ վերլուծելով բազմաթիվ սցենարներ և միաժամանակ ուսումնասիրելով միջազգային փորձը:

Ըստ մեր աղբյուրի` նախկին կուտակային վճարի փոխարեն նախատեսվում է սահմանել նպատակային սոցիալական վճար, ընդ որում` դրա համար սահմանվելու է առավելագույն շեմ՝ 500.000 դրամ, իսկ պետության մասնակցությունը կլինի առավելագույնը 25.000 դրամ:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

ԴԺՀ-ն ու ԼԺՀ-ն որոշել են իրենց սահմանադրությունն ու կառավարությունը ստեղծել

199-390x290Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները որոշել են համատեղ սահմանադրություն, կառավարություն ու խորհրդարան ստեղծել , հայտնում է  Газета.Ru-ն:

«Մոտ ժամանակներում  ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի միացյալ պետության սահմանադրություն կընդունվի ու կձևավորվեն խորհրդարան ու կառավարություն»,-հայտնել է «Հարավ-Արևելք» շարժման առաջնորդ Օլեգ Ցարյովը:

Նա նշել է, որ ինքնահռչակ պետությունների մայրաքաղաքի տեղը դեռ չի քննարկվել: «Ես մտածում եմ, որ Նովոռոսիայի ներկայիս սահմանները վերջնական չեն: Մայրաքաղաքի մասին խոսակցություններ կլինեն, երբ կողմնորոշում կլինի»,-պարզաբանել է նա:

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունը դիմել է մի շարք երկրների, այդ թվում` Ղազախստանին, իրեն անկախ պետություն ճանաչելու խնդրանքով: ԼԺՀ-ն իր սուվերենության մասին հայտարարեց մայիսի 11-ին անցկացված հանրաքվեից հետո:

Անկախ

«Այստեղ կանգառ չէ, պարոն Հակոբյան». Գալուստ Սահակյան

imagesԱզգային ժողովը վավերացրեց Հայաստանի ու Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրած համաձայնագրերը, որոնցով նախատեսվում է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման նպատակով Հայաստանին տրամադրել 60 միլիոն եվրո և 100 միլիոն դոլար` Լանջիկ-Գյումրի-Թալին ավտոճանապարհահատվածի կառուցման համար:

Այնուհետև Խորհրդարանն անցավ 2013-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության քննարկմանը: Հիմնական զեկուցող Ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը արդեն սկսել էր զեկուցել, սակայն դահլիճում աղմուկ էր, և Ազգային ժողովի նախագահը ստիպված էր գործընկերներին ուշադիր լինելու կոչ անել: «Պետք է խնդրեմ Ձեզ, որ չաղմկեք: Խնդրում եմ, որ այստեղ չկանգնեք, խոսեք, այստեղ կանգառ չէ, պարոն Հակոբյան: Ձեզ ենք սպասում, ակտիվ պահեք ձեզ, բայց լուռ»,-դիմելով դահլիճում կանգնած պատգամավորներից մեկին` ասաց Խորհրդարանաի ղեկավարը:

Բյուջե-2103-ի կատարողականի մասին Օրենսդիր մարմնին զեկուցեց Ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Նա ներկայացրեց նախորդ տարվա եկամտային ու ծախսային ֆինանսական ցուցանիշները` ընդգծելով, որ բյուջեի եկամուտներն ապահովվել են հարկային եկամուտների և մուտքերի հաշվին:

2013-ի փաստացի եկամուտները կազմել են մոտ մեկ տրիլիոն 71 միլիարդ դրամ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 13,2 տոկոսով և ապահովել ծրագրի 90,8 տոկոս կատարողական: Ներկայացնելով 2013 թվականին արձանագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները՝ գլխավոր գանձապետը նշեց, որ 2013 թվականին գրանցվել է 3.5% տնտեսական աճ, որի ձևավորմանը հիմնականում նպաստել են ծառայությունների, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ճյուղերում արձանագրված աճը:

2013 թվականի ընթացքում միջին գնաճը կազմել է 5.8%, 12-ամսյա գնաճը՝ 5.6%: Հաշվետու տարում միջին ամսական աշխատավարձը անվանական արտահայտությամբ աճել է 6 %-ով՝ կազմելով 158 հազար 239 դրամ: Գործազրկության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.1%-ով՝ կազմելով 16.2%:

 

Անկախ

Վարչապետի մոտ քննարկվել են ՀՀ ՎՊ-ի կողմից մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները

11363_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները: Քննարկվել են արձանագրված խախտումները և թերությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:
Արդյունքների ամփոփումից ելնելով՝ ՀՀ վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ համապատասխան մարմինների ղեկավարներին՝ ձեռնարկել միջոցներ կարճ ժամկետում բացթողումները շտկելու, ինչպես նաև ներկայացնել համակարգային առաջարկություններ խախտումները հետագայում բացառելու համար, խախտումների և թերությունների համար պատասխանատու անձանց ենթարկել պատասխանատվության՝ ընդհուպ մինչև աշխատանքից ազատում, իսկ քրեական տարրեր պարունակող դեպքերի համար գործերը փոխանցել իրավապահ մարմիններին:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ խնդիրներին.

Առողջապահության ոլորտ.

1. Քննարկվել է առողջապահական դիսպանսերներում հիվանդների բուժման և հետազոտության ժամկետների անհարկի ավելացման (հաշվետվություններում մարդ/օրերի թվի իրականից ավել ներկայացման) հետևանքով բյուջետային միջոցների ոչ արդյունավետ օգտագործման (լրացուցիչ չհիմնավորված ծախսերի) հետ կապված հարցը:
ՀՀ առողջապահության նախարարը տեղեկացրել է, որ մշակվում են և ներդրվելու են ֆինանսավորման նոր մեխանիզմներ, որոնց կիրառմամբ կբացառվեն ոչ հավաստի տվյալների հիման վրա վճարումների իրականացումը, ինչպես նաև ՀՀ ՎՊ-ի կողմից նախանշված մյուս ռիսկերը:
2. Դեղերի ձեռքբերման հետ կապված նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքներով եղել են դեպքեր, երբ նախարարության կողմից բանակցային ընթացակարգով անմիջապես արտադրողից ուղղակի գնում իրականացնելու շնորհիվ խնայվել են ՀՀ պետական բյուջեի զգալի միջոցներ (օրինակ ինսուլինի ձեռքբերման դեպքում):
Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ առողջապահության նախարարությանը քննարկել և ներկայացնել համապատասխան առաջարկություն գնման մեխանիզմների փոփոխման վերաբերյալ, որի արդյունքում կնվազեն ծախսերը՝ առանց դեղերի որակական հատկանիշների վրա ազդեցության:

Սոցիալական ոլորտ.

Քննարկվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի, ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման հետ կապված հարցերը՝ ներկայացնելով չարաշահումների կոնկրետ օրինակներ:
Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը մշակել համապատասխան օրենդրական փոփոխությունների փաթեթ, որը կբացառի այս ոլորտում առկա չարաշահումները, կապահովի սոցիալական արդարությունը:
Միաժամանակ հանձնարարվել է ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին և ՀՀ առողջապահության նախարարին՝ սահմանել խիստ վերահսկողություն անաշխատունակության թերթիկների տրամադրման գործընթացի նկատմամբ:

Քաղաքաշինության ոլորտ.

Քննարկվել են քաղաքաշինական գործող նորմերի և վերադիր ծախսերի հետ կապված խնդիրները:
Հանձնարարվել է ՀՀ քաղաքաշինության նախարարին՝ պատշաճ ուշադրություն դարձնել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի արդիականացմանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ ՀՀ ՎՊ-ի վերհանած խնդիրների լուծման ուղղությամբ:

Գյուղատնտեսության ոլորտ.

Քննարկվել է «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի շրջանակներում ենթավարկերը գյուղացիներին և ընկերություններին տրամադրելու գործող մեխանիզմի հարցը:
Համարվել է անընդունելի գործող վարկավորման մեխանիզմը, որի արդյունքում գյուղացիական տնտեսությունների վարկավորումը իրականացվել է բարձր տոկոսադրույքով (ընդհուպ մինչև 24%):
Հանձնարարվել է բանակցել միջազգային կազմակերպությունների հետ, վերանայել վարկերի տրամադրման մեխանիզմները՝ գյուղացիական տնտեսություններին ապահովելով ավելի էժան ռեսուրսներով:

Նոր կառավարությունը կոռուպցիայի դեմ կպայքարի նորովի՝ խորհրդի նոր կազմով

սուրեն քրմոյանԻրավական պետության կայացման հարցում առանցքային դեր ունեն օրինավորության հաստատումը հանրային կառավարման համակարգում և կոռուպցիայի դեմ պայքարը:
Չնայած այն հանգամանքին, որ դա կառավարության ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից է, հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման հսկողություն ապահովող և այդ գործունեությունն իրականացնելու լիազորություններով օժտված մարմինը ներկայումս բացակայում է:
Նման հիմնավորմամբ էլ նոր կառավարությունն ընդունել է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու և խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» որոշում:
Ի՞նչ լուծում է առաջարկում կառավարությունը. ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ՝ դրան վերապահելով հակակոռուպցիոն բարեփոխումների կատարման համակարգումն ու վերահսկողությունը, ինչպես նաև խորհրդի` բարձրորակ մասնագետներով համալրված, մշտապես գործող քարտուղարություն, որի աշխատանքներում կներգրավվեն նաև անկախ փորձագետներ:
Խորհրդի կազմում նախատեսվում է ընդգրկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, ՀՀ ֆինանսների, արդարադատության նախարարներին, գլխավոր դատախազին, Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահին, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների մեկական ներկայացուցչի, Հանրային խորհրդի նախագահին, համայնքների միության մեկ և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչների: Խորհուրդը ղեկավարելու է ՀՀ վարչապետը:
Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծվել է 2004 թ. հունիսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով: Իսկ մինչ այդ՝ 2001-2003 թթ., կառավարությունն ամբողջականացրել է կոռուպցիայի դեմ պայքարի պետական քաղաքականությունը, օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմնական շրջանակները։
Այնուհանդերձ հայտնի չէ, թե այս 10 տարիների գործողությունների արդյունքում որքանով է Հայաստանում նվազել կոռուպցիան, քանի որ, ինչպես գիտենք, մինչ օրս էլ դա համարվում է երկրի լրջագույն մարտահրավերներից մեկը:
Նաև նշենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ գործող կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը սկսեց ակտիվանալ 2012 թ. վերջին՝ նախագահական ընտրություններից առաջ: Այն ժամանակ խորհրդի նիստերին մասնակցելու հրավեր ուղարկվեց խորհրդարանական ոչ իշխանական ուժերին, ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը մերժեցին՝ նշելով, որ դա իմիտացիոն բնույթ ունի, իսկ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» մասնակցեցին` ելնելով քաղաքական էթիկայից: ՀՅԴ-ն կարծում էր, որ Հայաստանում պետք է ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի գործակալություն, ոչ թե խորհուրդ, որը զբաղվում է միայն նիստեր անելով և կոռուպցիայի փաստն արձանագրելով:
Ինչևէ: Նոր կառավարությունը պարտավոր է շարունակել նախորդներից մնացած ծրագրային ժառանգությունը, և ապրիլի 10-ին հաստատել է Հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգը, որի շրջանակներում մինչև 2014 թ. հուլիսի 15-ը Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկմանը պետք է ներկայացվի հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Հակակոռուպցիոն ծրագրերի առաջնահերթ իրականացման ոլորտներ են համարվել կրթության, առողջապահության, պետական եկամուտների հավաքման, ոստիկանության ոլորտները՝ քաղաքացիներին ծառայությունների մատուցման մասով:
Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է շահագրգիռ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային կառույցների հետ մշակել հակակոռուպցիոն ռազմավարության նոր նախագիծը:
Մեզ հետ զրույցում ՀՀ արդարադատության նորանշանակ փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ նախարարությունն այս հարցով կոնկրետ հանձնարարականներ է ստացել և հիմք ընդունելով հայեցակարգը՝ պետք է երկամսյա ժամկետում մշակի կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր և միջոցառումների ժամանակացույց:
«Պետությունը կոռուպցիայի դեմ պայքարը ծրագրային փուլերով իրականացնում է: Հիմա մենք մտել ենք նոր փուլ, որը նոր մոտեցումներ է ամրագրել: Մասնավորապես, հակակոռուպցիոն քաղաքականության իրականացումն այսօր պետք է հիմնված լինի փոփոխության տեսության վրա, ինչը ենթադրում է կոռուպցիայի դեմ պայքարի վերաիմաստավորում, նոր արժեքների ու սկզբունքների ամրագրում: Ամենաառաջինը քաղաքական կամքն է: Պետության բոլոր ճյուղերը լիովին պետք է գիտակցեն կոռուպցիայից զերծ հասարակություն ունենալու կարևորությունն ու համագործակցեն այդ դաշտում: Ամրագրված է նաև, որ իշխանության և հանրային ինստիտուտների ներկայացուցիչներն իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնահերթությունը պետք է տան հանրային շահին»,- ասաց Քրմոյանը:
Հարցին, թե նախկինում այդ սկզբունքներն ամրագրված չե՞ն եղել, Սուրեն Քրմոյանը պատասխանեց. «Մենք նորովի ենք դրանք ներկայացնում, քանի որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումները պետությունները շատ երկարատև փուլերով են իրականացնում, և դա վերջացող պրոցես չէ: Խորհրդի ներկայիս կազմն էլ շատ ներկայացուցչական է, մենք բազմակարծության հիման վրա պետք է այդ բոլոր միջոցառումներն իրականացնենք»:
Իսկ խորհրդի կազմում ընդգրկված անձինք տվել են արդեն ներգրավվելու համաձայնությունը, թե ոչ, Քրմոյանն ասաց, որ այո, հարցը քննարկվել է պաշտոնատար անձանց հետ:
Սակայն գոնե խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների մասով կարող ենք վստահ ասել, որ նրանք անգամ տեղյակ չեն նոր խորհրդի գոյության մասին: Մեզ հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտնեցին, որ տեղակ չեն, թե խոսքն ինչի մասին է: Նրանք, բացառությամբ Լևոն Զուրաբյանի, չցանկացան նաև դիրքորոշում հայտնել իրենց մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ՝ նշելով, որ քանի դեռ առաջարկ չկա, դիրքորոշում էլ չկա: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավարը վստահ հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի այդ խորհրդի աշխատանքներին, ինչ էլ որ այն լինի, ովքեր էլ որ ներգրավված լինեն, քանի որ դույզն-ինչ վստահություն չունեն դրա նկատմամբ:
Սակայն Սուրեն Քրմոյանը հայտնեց, որ աշխատանքները դեռ նոր են սկսվում, և ընդդիմադիր խմբակցությունները նույնպես սահմանված ժամկետում կտեղեկանան խորհրդի մասին: Նա նաև հույս հայտնեց, որ ընդդիմադիրները չեն մերժի իրենց առաջարկը, քանի որ սա ուղղված է իրենց կողմից մատնանշված գաղափարների, սկզբունքների ու խնդիրների լուծմանը. «Նրանք պետական կառույցների կողմից լսելի են լինելու, և նրանց առաջարկները պետք է պարտադիր կարգով քննարկվեն: Կարծում եմ՝ նոր ձևավորված կառավարության հանդեպ ընդդիմությունն ավելի կոնստրուկտիվ վերաբերմունք կդրսևորի և անպայման իր մասնակցությունը կունենա այս գործընթացում: Այնուամենայնիվ, դա իրենց որոշելիք հարցն է»:
Հարցին, թե նախորդ ռազմավարության և ընդհանրապես այս կառույցի նախորդ գործունեության վերաբերյալ վերլուծություն և արդյունքների գնահատում արվել է, թե ոչ, Քրմոյանն ասաց՝ այո: «Կատարվել է 2009-12 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության համապատասխան վերլուծություն, կան դրա արդյունքները: Վեր են հանվել այն խնդիրները, որոնք դեռևս պետք է լուծում ստանան, պետք է վերաձևակերպվեն, պետք է շարունակվեն կամ փոփոխվեն»,- նշեց նա:
Ըստ Քրմոյանի՝ հենց այդ զեկույցն է հիմք հանդիսանալու հաջորդ ռազմավարության մշակման համար, որովհետև հաշվի են առնվելու նախորդի թերություններն ու առավելությունները. «Մենք փորձելու ենք այնպիսի քայլեր անել, որոնց արդյունքները զգալի կլինեն հասարակ քաղաքացու վրա: Մասնավորապես, պետական ծառայություններ ստանալիս քաղաքացին անմիջապես պետք է զգա վարչարարության բարելավումն ու ռիսկերի նվազեցումը»:
Նոր կառավարություն, կոռուպցիայի դեմ պայքարի նոր մեխանիզմներ և նոր խոստումներ: Այդ չարիքն արմատախիլ անելու համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ և իհարկե՝ քաղաքական կամք: Համակարգային փոփոխությունների առումով ակներև է, որ մեծ ակնկալիքներ չկան, իսկ թե որքանով կառավարության նոր անդամները, որոնց մի մասի անունը կապվում է օլիգարխիայի հետ, թեկուզ մի քանի օղակներում կոռուպցիան նվազեցնելու կամք կդրսևորեն, ցույց կտա մոտ ապագան:

 

 

 

Կառավարությունում քննարկվել են Արմավիրի և Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջև հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցեր

11341_am_2Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավար Միրոսլավ Նովակի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Արմավիրի և Մորավսկի-Սիլեզյան մարզերի միջև ձևավորվող համագործակցությունը, ինչը կնպաստի երկկողմ տնտեսական, մշակութային և հումանիտար կապերի զարգացմանը:

«Հայաստանի և Չեխիայի միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական կապեր: Մեծապես կարևորում ենք երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը տարբեր բնագավառներում»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Միրոսլավ Նովակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ իր հետ Հայաստան են ժամանել մի խումբ գործարարներ, ովքեր գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում, այդ թվում` գյուղատնտեսության և զբոսաշրջության: Աշխատանքներ են տարվում նաև Երևան-Օստրավա չարտերային չվերթների կազմակերպման ուղղությամբ:
Մորավսկի-Սիլեզյան մարզի ղեկավարը տեղեկացրել է, որ երկու երկրների գործարարների միջև արդեն իսկ ձեռք են բերվել տարբեր պայմանավորվածություններ՝ համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական կապերի ընդլայնմանն ուղղված աշխատանքները և նշել, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել երկու մարզերի միջև փոխգործակցության զարգացմանը:
 Անկախ

Սուրեն Քրմոյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

սուրեն քրմոյանՀայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Սուրեն Քրմոյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

Այսօր կառավարության որոշմամբ Սուրեն Քրմոյանն ազատվել էր Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

***
Սուրեն Քրմոյան

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ., 3 փետրվարի, ք. Երևան

Կրթություն
1994 -1999 թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ
1999 – 2002 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ, ատենախոսսություն «Սեփականության իրավունքի սահմանադրաիրավական հիմունքները» թեմայով: Շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
2001 թ. – կրթական ծրագիր «Գնումների գործընթացի կառավարումը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող ծրագրերում», Թուրին, Իտալիա: Շնորհվել է գնումների կառավարման մասնագետի որակավորման վկայական:

Աշխատանքային գործունեություն
1997 – 1998 թթ. – ՀՀ տրանսպորտի նախարարություն, Համաշխարհային բանկի կողմից աջակցվող վարկային ծրագրի իրականացման գրասենյակ
1998-2008 թթ. – ՀՀ կենտրոնական բանկ, իրավաբանական վարչություն, իրավաբան
1998-2000 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, գործերի կառավարիչ և իրավական խորհրդական
2000-2003 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավական փորձագետ
2004 թ. – Առողջապահական համակարգի արդիականացման ճապոնական դրամաշնորհային ծրագիր, տեղական փորձագետ, իրավաբան
2004-2011 թթ. – «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ, իրավաբան
2001-2011 թթ. – ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական
2011-2014թթ.-ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար
2014 թ. մայիսի 22-ից՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Այլ տվյալներ
Զինապարտ է, շարքային: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի: Շուրջ 35 գիտական հոդվածի հեղինակ, առողջապահական իրավունքի հարցերով մի շարք գրքերի, ուսումնական ձեռնարկների համահեղինակ:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու որդի:

Սուրեն Քրմոյանն ազատվել է ԱՆ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից

սուրեն քրմոյանԱյսօր կայացած նիստում Կառավարության որոշմամբ Սուրեն Քրմոյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Վարչապետը հեղափոխությո՞ւն է անում

1299824128Հայաստանի տնտեսական կյանքում ակնհայտ է մի բան` փողի պակաս կա: Այդ պակասը զգացվում է ամենուրեք ու ամեն ինչից: Փող չկա պետության համար. դա երևում է պետության` սոցիալական ծախսերը լիարժեք հոգալու, իր ֆունկցիաները կատարելու անկարողությունից, հակառակ պարագայում հարկային քաղաքականությունն ուղղված չէր լինի հնարավոր յուրաքանչյուր անկյունից փող «քերելուն»: Բիզնեսի համար էլ փող չկա, որովհետև այդ բիզնեսի ստեղծած բարիքներից` ապրանքներից ու ծառայություններից օգտվող հասարակությունը փող չունի. լայն սպառողի գումարները, որոնցով գոյանում է մեծ բիզնեսը, օրավուր նվազում են: Մարդիկ սկսել են խնայել անգամ սննդի ծախսերը: Գործարարներն ու ձեռներեցներն ամեն ինչ անում են այս դժվար ժամանակներում գոյատևելու համար, պետությունը` նույնպես: Այսինքն` գործադիրի գործունեության մեջ ինչ-որ բան այն չի եղել կամ սխալ հունով է ընթացել: Ուստի, նոր կառավարությունից ակնկալվում էր տնտեսական քաղաքականության փոփոխություն` արմատական քայլեր:

Տնտեսությունը փրկել են ուզում «խորհրդավոր» հանդիպումներով

Տնտեսական քաղաքականության փոփոխության առումով ուշագրավ էր մայիսի 14-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը մոտ 100 խոշոր գործարարների ու բանկերի ներկայացուցիչների հետ: Համաժողովը փակ էր, հատկապես` լրագրողների համար: Կազմակերպիչների պարզաբանմամբ` որպեսզի գործարարներն ավելի ազատ ու անկաշկանդ լինեն:
Հանդիպման մասին կառավարության կայքից տեղեկանում ենք` վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն:

Սրանով, ինչպես ասում են, վերջանում է այդ խորհրդավոր հանդիպման պաշտոնական մասը: Իսկ հանդիպումից հետո բոլորը հայտարարեցին, թե այսուհետ սահմանված են խաղի նոր կանոններ, բոլորը գործելու են հավասար պայմաններում, հավասար դաշտում:

Իհարկե, կառավարության որդեգրած տնտեսական ուղեգծում առանցքայինը կառավարության ներկայացրած ծրագիրն է: Բայց թղթի վրա գրվածից, առավել կարևոր է ամրագրված դրույթների ընկալումն ու մեկնաբանումը թե՛ հեղինակների կողմից, թե՛ նրանց կողմից, որոնց վրա անմիջականորեն պետք է տարածվեն կառավարության ծրագրով նախատեսվող խաղի նոր կանոնները:
Հայ խոշոր գործարարների հետ կառավարության նախաձեռնած գործարար համաժողովից հետո էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողներին հայտնեց, որ համաժողովը, ընդհանուր առմամբ, նպատակ ուներ, որ երկրի խոշոր արտադրողները, սպառողները, ընդհանրապես բոլորը տեղյակ լինեն կառավարության հետագա ծրագրերից: Թե ինչ երաշխիք կա, որ այս անգամ ամեն ինչ նորմալ ընթացք կունենա և խոստումներից ու պայմանավորվածություններից անցում կլինի գործուն քայլերի, Կարեն Ճշմարիտյանը պատասխանեց, թե այդ երաշխիքները գալիս են հետևողական աշխատանքով, ծրագրերով, կոնկրետ ներդրումային ծրագրերին աջակցելով, ներդրում անողի համար ճիշտ շարժառիթներ ստեղծելու միջոցով:

«Այսինքն` էական չէ` դա 100 միլիոն դոլար է, թե 100 հազար դրամ է: Այնուամենայնիվ, դա պետք է շարժառիթ լինի, հատկապես` բիզնեսի համար: Եթե շարժառիթ չկա, ապա ներդրումներ չեն լինի: Իսկ դա ներդրումային լավագույն միջավայրն է, ներդրողի համար լավագույն պայմաններն են, որ կան, որ կառավարությունն իր իրավասությունների շրջանակներում կարող է տրամադրել: Սա ընդհանուր գաղափարախոսությունն էր»,- նշեց Կարեն Ճշմարիտյանը:

Ու այս հանդիպումից հետո խորհրդավորության շղարշը սկսեց քիչ-քիչ ցրվել:
Լրատվամիջոցներում սկսվեցին մանրամասներ հրապարակվել այդ հանդիպման վերաբերյալ: Այսպես. գործարարների հետ հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանն առանձնապես շատ չի խոսել, ներկայացրել է իր սպասելիքները գործարարներից, ասել է, թե որոշել է հստակեցնել խաղի կանոնները, պարզեցնել իրավիճակը, քանի որ խնդիրները լուրջ են, մանավանդ` կապված հարկահավաքության հետ, երկրում մոլեգնում է արտագաթը, որի չափերն ահռելի են, պետք է կատարվի հարկային դաշտի հավասարեցում, բյուջեն այլևս գերավճարներով չպետք է լցվի, ավելացված արժեքի հարկի նկատմամբ մոտեցումը պետք է վերանայել և այլն:

«Բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են»

աբրահամյանԿառավարության մայիսի 15-ի նիստի ժամանակ արդեն, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ նախորդ օրը հանդիպել է հայաստանյան գործարարների հետ, և հանդիպման ընթացքում սահմանվել են խաղի ընդհանուր կանոններ, ձեռք է բերվել պայմանավորվածություն` բոլորը պետք է աշխատեն հավասար պայմաններում և դուրս գան ստվերից: Մինչև հուլիսի 1-ը վարչապետը գործարարներին հնարավորություն տվեց դուրս գալու ստվերից և նորմալ աշխատելու: Ըստ վարչապետի` գործարարները պետք է պահպանեն խաղի կանոնները, իսկ եթե չպահպանեն, ապա կառավարությունն իր լծակներով կստիպի անել դա:
Կառավարության նիստից հետո էլ ՀՀ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը լրագրողներին ասաց. «Շատ հստակ ասվեց, որ այսուհետ ոչ ոք, անկախ իր ծագումնաբանությունից, խնամիական, բարեկամական կապերից, բիզնեսում ներկայացվածությունից, քաղաքական և կառավարական հովանավորությունից` բացառություններից չի օգտվելու. վերջ: Գիծ է քաշվում, որից հետո բոլորս աշխատելու ենք հավասար դաշտում,- և հավելեց,- դա, իհարկե, մի քիչ դժվար կլինի»:

Ինչպես ասում է Օրուելը «Անասնաֆերմայում», «բոլոր կենդանիները հավասար են, բայց որոշներն ավելի հավասար են»: Խոշոր գործարարների հետ վարչապետի ու կառավարության հանդիպմանը ներկա չէր, օրինակ, ամենախոշոր գործարարներից մեկը` Գագիկ Ծառուկյանը, որքան էլ Հովիկ Աբրահամյանն ու նրա նախարարը` Կ. Ճշմարիտյանը, հավատացնում էին, թե «համահավասարության» սկզբունքի կիրառումը սկսվելու է հենց իրենցից` իրենց մերձավորներից ու հարազատներից:

Այնուամենայնիվ, հանդիպմանը ներկա որոշ գործարարներ իսկապես ոգևորված էին այդ հանդիպումից: Ավարտից հետո գործարար Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ), օրինակ, լրագրողներին ասաց, թե շատ լավ, գործարար մթնոլորտ էր տնտեսական համաժողովում, և այդ ջերմ մթնոլորտում կառավարությունն ու գործարարները ելքեր էին փնտրում, թե ինչ անեն, որ երկրի տնտեսությունը զարգանա, տնտեսություն, կառավարություն, հարկային դաշտ` ամեն ինչ լավ լինի.
«Ես վստահ եմ, որ նոր վարչապետի նախաձեռնած ծրագրերը կյանքի են կոչվելու, և գործարար միությունը մեծ զարգացում է ապրելու»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԱՊ-ի սեփականատեր Ալիկ Պետրոսյանն էլ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետն ասել է, թե ազնիվ աշխատելու համար, եթե պետք լինի փոխել օրենսդրությունը, ապա անպայման կփոխվի այն: Պատգամավորը վստահեցնում էր, որ բոլոր գործարարների համար ցանկալի է, որ աշխատեն օրենքի դաշտում, ոչ թե ստվերում, բայց եթե օրենքներ կան, որ ժամանակին ընդունվել են ու այսօրվա պայմաններին չեն համապատասխանում, ուրեմն դրանք պետք է փոխվեն: «Պետք է դրական բարեփոխումներ լինեն, օրենսդրությունը փոփոխվի, որ հնարավորություն լինի ազնիվ աշխատելու, որ գործարարները կարողանան մեծացնել իրենց բիզնեսը, մուծեն հարկերը, ոչ թե լինի քերելու տարբերակով»,- ասաց Ալիկ Պետրոսյանը:

«Մի տնտեսական փուլում ենք, երբ այս հարցի լուծումը, այսինքն` ստվերի կրճատումը, փոքր ու միջին ձեռնարկատիրության և խոշոր ձեռնարկությունների միջև հարաբերությունների կարգավորումը, ընդհանրապես սոցիալ-տնտեսական զարգացմամբ նախատեսվող ծրագրին աջակցությունը, ծրագրի կատարումն էապես կախված է նրանից, որ բոլորն ընդունեն խաղի կանոնները»,- կառավարության նիստից հետո ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը` հավելելով, որ մինչ այդ էլ կային խաղի կանոններ, բայց բավարար չէին:

Խաղի նոր կանոնների սահմանման նպատակը, ըստ Կարեն Ճշմարիտյանի, ամենևին էլ բյուջեի եկամուտներն ավելացնելը չէ, այլ ավելի շատ երկրում սպառման դաշտն ավելացնելը, եկամուտների վերաբաշխման հարցը լուծելը: Նախարարի խոսքով` երբ եկամուտների կենտրոնացում է տեղի ունենում, դա երկրի տնտեսության վրա բավական բացասական է ազդում: Նախարարը պարզաբանեց, թե ինչ նկատի ունի` «եկամուտների վերաբաշխում» ասելով. եկամուտները կլինեն ոչ թե կենտրոնացված, այլ վերաբաշխված հասարակության տարբեր շերտերի միջև: Ավելի պարզ` նրանք, ովքեր կարողանում են ինչ-որ արդյունք ստեղծել, իրենց գործով զբաղվել, լիարժեք ներդնել իրենց մտավոր ու ֆիզիկական ունակությունները, դրա դիմաց կստանան համարժեք նյութական, բարոյական, հոգևոր և այլ փոխհատուցում:

Այստեղ արժե հիշել, որ սոցիալ-տնտեսական հարաբերություններում սովորաբար եկամուտների ու փողերի վերաբաշխումն իրականանում է հեղափոխության կամ հեղաշրջման ճանապարհով: Ու եթե կառավարությունն է հայտարարում վերաբաշխման անհրաժեշտության մասին, կնշանակի ականատես ենք լինելու հեղափոխական փոփոխությունների` աննախադեպ` իշխանությունների կողմից ձեռնարկված: Որքան էլ պարադոքսալ հնչի: Եթե, իհարկե, այս հայտարարությունները հերթական պոպուլիստական ելույթներ չեն:

Հովիկ Աբրահամյանը Սինգապուրի վարչապետի օրինակով է սկսելու իր մերձավորներից

Աբրահամյան հովիկԱզգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք նպատակ են դրել հարկային դաշտը դուրս բերել ստվերից: Դիտարկմանը, որ նա հայտարարել է, թե սկսելու է իր մերձավորներից, Հովիկ Աբրահամյանը պարզաբանեց. «Երբ Սինգապուրի վարչապետին հարցրել են, թե ինչպես է հաջողության հասել, նա պատասխանել է, որ սկսել է իր մերձավորներից»։

Վարչապետը կրկնեց նաև իր այն միտքը, որ երբ պետական պաշտոնյան բիզնեսով զբաղվի, ապա պետք է հրաժարվի իր պաշտոնից, քանի որ դրանք անհամատեղելի են:

Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին լուրերին և այն հարցին, թե պատրա՞ստ է ստուգել նրա ունեցվածքը, ասաց՝ այո:

«Վարչապետերի ակումբ»-ի մասին հարցին ի պատասխասն՝ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեռևս պետք է մտածեն ձևաչափի մասին, իսկ գաղափարը նրա կարծիքով ճիշտ է, քանի որ կան նախկին վարչապետեր, որոնք մեծ փորձ ու գիտելիքներ ունեն, և պետք է այդ ռեսուրսն արդյունավետ օգտագործել:

«Նաիրիտի» վերագործարկման հարցի վերաբերյալ նա ասաց, որ խնդիրը բավականին բարդ է, և պետք է այդ հարցով ստեղծել հանձնաժողով, որն էլ կուսումնասիրի և որոշում կկայացնի՝ հնարավո՞ր է արդյոք «Նաիրիտը»  վերագործարկել, թե ոչ։

Ինչ վերաբերում է նրա կողմից հայտարարված  պարտադիր, բայց ոչ պարտադրված արտահայտությանը, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ բացատրությունն օրենքի փաթեթում կլինի:

 

Անկախ

Հովիկ Աբրահամյանը չդիմացավ Փաշինյանի մեղադրանքներին

загруженноеՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր էլ չկարողացան զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից ու վեճից:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարության ծրագրում կան բազմաթիվ հնչեղ խոսքեր, բայց դրանց կշիռը հասկանալու համար նախ պետք է հասկանալ, թե այդ խոսքերն ընդհանրապես ինչ նշանակություն ունեն հանրապետականի թիմի և անձամբ Հովիկ Աբրահամյանի համար:

Նա հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ պետական ապարատն ու գործարարությունը պետք է տարանջատվեն իրարից: Մինչդեռ հենց Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանն ու Դավիթ Հարությունյանը հայտարարագրել են մի միլիոնավոր դոլարներ, անշարժ գույք և այլն:

«Դուք բոլորդ էս ողջ ընթացքում եղել եք պետական պաշտոնյաներ: Եթե բիզնեսով չեք զբաղվել, ապա ինչպե՞ս եք աշխատել այդ գումարները: Իսկ եթե զբաղվել եք, ապա դա կոռուպցիա է»:

Փաշինյանի երկրորդ հարցը վերաբերում էր կառավարության ծրագրում նշված նվազագույն հինգ տոկոս աճին: «Բայց կներեք, Դուք չպետք է շեմը նախատեսեք, 2013 թվականին  Սերժ Սարգսյանն է շեմը նշանակել շեմը՝ ասելով, որ եթե կառավարությունը չապահովի յոթ տոկոս տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Հիմա սա ձեր կառավարության ծրագի՞րն է, թե՞ ձեր հրաժարականի դիմումը: Նաջարյանի (ի նկատի ունի՝ Սերժ Սարգսյանին-Անկախ) ասածը ձեր համար ի՞նչ նշանակություն ունի»:

Պատգամավորի երրորդ հարցը վերաբերում էր պարտադիր բառին և Հովիկ Աբրահամյանի նշած «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ Աղայանի բացատրական բառարանում պարտադիր բառի հայերեն բացատրությամբ այն նշանակում է պարտադրված: «Հիմա Դուք ասում եք՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված: Կներեք, բայց հայոց լեզվում սա որևէ նշանակություն չունի»:

Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Պարոն Փաշինյան, շատ լավ է, որ Դուք բառարան եք ընթերցում, ես ժամանակ կգտնեմ ու Ձեր օրինակին կհետևեմ: Իսկ ընդհանրապես Ձեր ձեռագիրն է միշտ ինչ որ բան փնտրել-գտնելն ու քննադատելը:Բայց մեկ է՝ ես իմ գործն անելու եմ՝  ինչքան էլ, որ Դուք խոսեք»:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը կոչ արեց պատգամավորին այդքան նեգատիվ չվերաբերվել գործարարությանը՝ նշելով որ նրանց շնորհիվ է, որ կառավարությունն աշխատավարձ, թոշակ է վճարում, բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. «Այս գեղեցիկ դահլիճն էլ է գործարարների հարկերի արդյունք,-նկատեց վարչապետը,-իսկ Դուք գործարարներին հանրության մոտ փորձում են ներկայացնել բոբոներ: Գործարարների շնորհիվ պետք է այս երկիրը զարգանա: Այնպես որ, գործարարներին շատ հարգանքով վերաբերվեք»:

Ինչ վերաբերում է իր ունեցվածքին, ապա Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երբևէ չի էլ թաքցրել դա և հայտարարագրել է այն օրենքի տառին համահունչ: «Այո, ես այն տարիներին հողագործութհամբ էլ եմ զբաղվել: Երբ օրենքը թույլ է տվել զբաղվել բիզնեսով, զբաղվել ենք, երբ թույլ չի տվել, չենք զբաղվել»:

Հովիկ Աբրահամյանը նաև հորդորեց հարգանքով խոսել նախագահի մասին՝ նշելով, որ նրա կողմից հայտարարված յոթ տոկոս տնտեսական աճը եղել է քաղաքական գնահատական ու ցանկություն: «Այո, մեր նոր կառավարւթյունն իր առջև դրել է միջնաժամկետում հինգ տոկոս աճ արձանագրելու ծրագիր, և ես համոզված եմ, որ դա մեզ հաջողվելու է: Առանց մեծամտության, համախմբելով քաղաքական ուժերին, գործարարներին՝ պետք է հասնենք հաջողությունների: Ես պատրաստ եմ ընդունել յուրաքանչյուր ողջամիտ քննադատություն և եթե հարկ լինի, նույնիսկ ներողություն խնդրել, իսկ անհիմն քննադատությունը և պարբերաբար նույն բանը տարբեր բառերով ներկայացնելը ոչ մի լավ բանի մեր ժողովրդին չի բերի»:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պատասխաններից ավելի ոգևորվեց: Նա ասաց, որ զարմանում է, թե ինչու է վարչապետն իրենից պաշտպանում գործարարներին, որոնց դեմ ինքը ոչինչ չունի, այլ ընդամենը երեք պաշտոնյանի մասին է խոսել, որոնք զբավում են գործարարությամբ: «Ես հենց դա եմ ուզում հասկանալ՝ Դուք գործարա՞ր եք, թե՞ կառավարության ղեկավար ու անդամներ: Ասում եք՝ ժամանակին նաև հող եք մշակել: Էդ ո՞նց է, որ բոլորը հող են  մշակում, տոկոսի տակ են ընկնում, Դուք մշակում եք, միլիոններ եք աշխատում»:

Ինչ վերաբերում է քննադատություններին, ապա Փաշինյանը նշեց, որ դա ոչ թե իր տեսակն է, այլ պարտականությունը. «Բա հո չե՞նք եկել իրար էստեղ անեկդոտ պատմենք, ժպտանք, գնանք»:

Սակայն այսքանով կրքերը չհանդարտվեցին: Հովիկ Աբրահամյանին ի վերջո հունից հանեցին Փաշինյանի հայտարարությունները, և նա մի պահ անգամ անցավ «դու»-ի՝ նշելով, որ Փաշինյանը պատկերացում էլ չունի, թե ինչ է նշանակում գործարարություն: «Եթե ձեզ հող էլ տան, չեք կարող մշակել: Դուք մի ընտանիք էլ չեք պահել ձեր կյանքում, բացի քննադատելուց»:

Իսկ երբ Փաշինյանը տեղից փորձում էր հակադարձել, Աբրահամյանն ասաց. «Ձեռքերով էլ խոսում եք, խնդրեմ: Սա փողոց չի, էթիկա էլ չունեք, որ լսեք; Երբ Դուք էիք խոսում, ինչքան էլ ինձ տհաճ էր, ես լսում էի: Իսկ եթե մտածում եք, որ իմ ունեցվածքն ապօրինի է, տվեք դատախազություն, թող ստուգեն: Ուրիշի փողը հաշվելն ամենահեշտն է»:

Գալուստ Սահակյանն էլ իր հերթին փորձում էր եզրափակել խոսակցությունը. «Պարոն Աբրահամյան, Փաշինյանի վրա շատ ժամանակ ծախսեցիք: Պարոն Փաշինյան, քննադատել կարելի է, իսկ չարություն անել՝ ոչ…»:

 

Անկախ

«Ո՞նց հավատամ…». Զուրաբյանը բերում է Գագիկ Խաչատրյանին սուպերնախարար դարձնելու օրինակը

Լևոն ԶուրաբյանՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինքն այն մարդկանցից է, որը չի պատրաստվում որևէ ձևով համագործակցել նոր կառավարությնա հետ:

Այնուհետև, նա հարց ուղղեց վարչապետին. «Ո՞նց հավատամ Ձեզ,  եթե Դուք ձեր առաջին իսկ քայլերով հերքում եք Ձեր ասածները: Օրինակ, Գագիկ Խաչատրյանին սուպերնախարար նշանակելու Ձեր քայլը»:

Այնուհետև Զուրաբյանը թվարկեց ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող բիզնեսները՝ հղում կատարելով նաև «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված տեղեկություններին՝ երթուղայինի գծեր, տաքսի ծառայություն, մի շարք մենաշնորհային ընկերություններ և այլն: «Այսինքն, նա շատ հստակ բիզնես շահեր ու հետարքրություններ ունի, և Դուք այդ մարդուն տալիս եք հարկային, մաքսային, ֆինանսական ոլորտը և ուզում եք, որ մենք հավատանք, որ չկա շահերի բախում, չկա հարստություր դիզելու և առավելություններ ստեղծելու միտում: Ես ո՞նց հավատամ»,-հարցրեց պատգամավորը:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ հավատալ-չհավատալն իր գործն է, սակայն նա դատապարտված է հավատալու, քանի որ իրենք իսկապես անելու են այն, ինչ խոստացել են:

«Գագիկ Խաչատրյանը շատ պրոֆեսիոնալ պաշտոնյա է և պետեկամուտների համակարգը զարգացնելու գործում անձնական շատ մեծ ներդրում ունի: Եվ այսօր տարբեր երկրներ ուզում են ուսումնասիրել այն համակարգը, որը ներդրված է մեր պետեկամուտների կոմիտեում: Ինչ վերաբերում է գործարարությամբ զբաղվելուն, ապա նորից եմ ասում՝ կլինի Հովիկ Աբրահամյանը, Դավիթ Հարությունյանը, կամ Գագիկ Խաչատրյանը, թե մեկ ուրիշը, բոլորը պետք է հասկանան, որ այս նշանակումից հետո այլևս իրավունք չունեն օգտվելու: Եթե շարունակեն, ապա ազատվելու են ու գնան: Անփոխարինելի մարդ չկա»,-ասաց Հովիկ Աբրահամյանը, ապա հարցրեց, թե այդ նույն «Հետքը» չէ՞ր, որ խոսում էր նախկին վարչապետի օֆշորի մասին: «Մի հիմնավորում, մի վերջնական բան չեղավ, ես էլ չգիտեմ՝ վերջը դա ի՞նչ էր: Եթե գազի մարդը գիտի, թող ասի, իմանանք (Գազի մարդ ասելով՝  ի նկատի ուներ Արամ Մանուկյանին-Անկախ)»:

Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Ինչպես հասկացա, Տիգրան Սարգսյանի գործով Դուք արդեն վճիռ ունեք»:

Երբ Հովիկ Աբրահամյանը փորձեց պարզաբանել, Զուրաբյանն ասաց, որ խոսելու իր հերթն է, և իր ժամանակից չի ուզում տալ նրան: «Դուք էնքան գովեցիք Գագիկ Խաչատրյանին, որ ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ եթե մարդ պրոֆեսիոնալ է, ապա իրեն ազատում է Սահմանադրության պահանջներից ու պարտավորություններից: Դուք, փաստորեն, Ձեր խոսքով օրինականացրեցիք այն դրույթը, որ մարդը կարող է միաժամանակ զբաղվել բիզնեսով և լինել նախարար կամ պատգամավոր: Իսկ եթե ձեր ասածն այն է, որ սրանից հետո չեն զբաղվելու, ապա դա նշանակում է, որ նախկին հանցագորութնունները ջրվեցին-գնացի՞ն»:

Ընդմիջումը սկսվեց, և Գալուստ Սահակյանը հորդորեց «պրովոկացիաները» թողնել ընդմիջումից հետո:

 

Անկախ