Վարչապետն ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ ընկերության ներկայացուցիչներին

defaultՎարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից մեկի՝ «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին և ՀՀ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշումից բխող օրենսդրական նոր փաթեթին վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից այս տարվա հունիսին կուտակային կենսաթոշակային համակարգը կարգավորող նոր օրենսդրության ընդունմամբ լուծում տրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից բարձրաց¬ված խնդիր¬ներին, ինչը վկայում է ՀՀ կառա¬վարության՝ բարեփոխումն առաջ տանելու պատրաստակամության մասին:

Հովիկ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել նոր օրենսդրական կարգավորմամբ նախատեսված համակարգի վերաբերյալ, որը նախատեսում է քաղաքացիների ներգրավվածության երկու փուլ: Այս պահին համակարգին պարտադիր կմասնակցեն պետական հատվածի աշխատակիցները, որոնց աշխատավարձերը 2014 թ. հուլիսի 1-ից բարձրացել են, և աշխատաշուկա առաջին անգամ մտնողները, իսկ երեք տարի անց այն պարտադիր կլինի բոլորի համար:

Էռնստ-Լյուդվիգ Դրայսը կարևորել և բարձր է գնահատել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել ՀՀ կառավարությանը գործընթացի հաջող իրականացման հարցում:
Երկուստեք կարևորվել է կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացումը և այդ ուղղությամբ շարունակական քայլերի ձեռնարկումը: «Այս երկու-երեք ամսվա ընթացքում նոր կառավարությունը բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Մենք քաղաքական կամք ենք դրսևորելու՝ բարեփոխումը մինչև վերջ իրականացնելու համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը: ՀՀ վարչապետը և «Ցե-կվադրատ Ամպեգա Ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահը վերահաստատել են արդյունավետ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ կենսաթոշակային բարեփոխումը մեր երկրում հաջող իրականացնելու և ռեֆորմի նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով:

 

Անկախ

Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ուժերի հետ շարունակել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկումները

11383_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները և դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:
Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի որոշումներ կայացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս շարունակել քննարկումները կենսաթոշակային բարեփոխումների շուրջ:

Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանում. Թևան Պողոսյան

թևան«Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանում: Պետք է այնպիսի օրիգինալ լուծում մշակել, որ մարդիկ, ստանալով թոշակը, չծիծաղեն: Փոփոխությունները պետք է անել տարբեր մեխանիզմներով և սցենարներով», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով  Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի լրամշակված նախագծին:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններին խմբակցության հավանություն չտալը նա բացատրեց նրանով, որ տրամաբանական կլիներ ծախսել ավելի քիչ ռեսուրսներ պարտադիր հիմնադրամներ ընտրելուց հրաժարվողների դիմումների գրման և ընդունման վրա: «Մարդիկ հոգնում են համակարգից հրաժարվելու հայտարարություններ գրելով, բանը կհասնի նրան, որ կառավարությունը կհայտարարի, թե բնակչությունն ուզում է մասնակցել դրան: Եթե մենք ուզում ենք խնդրի լուծում գտնել, չի կարելի ղեկավարվել ժամանակի կեղծ շահումով»,- ասաց նա, հավելելով. «Մենք պետք է հասկանանք, որ հարկեր ենք տալիս պետությանը` նրանից ակնկալելով համապատասխան ծառայություններ»:

Ըստ պատգամավորի` գլխավորն այն է, որ մարդիկ հասկանան այդ անհրաժեշտությունը: Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ «պարտադիրը» ձևավորում է վարքը. մարդիկ չեն սիրում դրան հետևելով կուտակել: Կուտակում են այն մարդիկ, ովքեր չգիտեն ինչ անել ավելորդ գումարի հետ:

Թևան Պողոսյանը նշեց, որ հին օրենքը ուներ բազում խնդիրներ. այն լուծում չէր տալիս հղի կանանց խնդրին, ովքեր ամեն ամիս գումար չեն ստանում. «Հարց է առաջանում` ինչպես պետք է նրանք կուտակեն: Կամ վտանգավոր աշխատանք կատարող մարդիկ, ովքեր ավելի վաղ են թոշակի անցնում: Այսպիսի խնդիրներ են, որ պետք է քննարկվեն և պետք չէ միայն մեկ սցենար մտածել. Դրանք կարող են լինել տարբեր, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը և կյանքի իր ճանապարհը», -ասաց Պողոսյանը:

Անկախ

Ես պատրաստ եմ վճարել 5% ավել հարկ` ծնողներիս արժանապատիվ թոշակի և ոչ թե իմ բարեկեցիկ ծերության համար

551528_376535952460870_1393829428_n

«Դեմ եմ կենսաթոշակային բարեփոխումենրին» նախաձեռնության անդամ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում վերջնականապես փակվեց այսօրվա թոշակառուներին արժանապատիվ թոշակ տալու հարցը: Կուտակային համակարգի արդյունքում մեզ խոստանում են արժանապատիվ թոշակ 30-35 տարի անց, այսինքն դրանով ասվում է, որ միակ լուծումը դա է. մինչ այդ Հայաստանում նորմալ թոշակ չեն ստանալու:

Իսկ ո՞վ պետք է մտածի մեր ծնողների թոշակների մասին, ովքեր իրենց աշխատանքի շնորհիվ կառուցել են մեր երկիրը, ովքեր իրենց պայքարի շնորհիվ պարգևել են մեզ անկախ Հայաստան և Արցախ: Իսկ մենք ի՞նչ ենք արել:
Սերունդների համերաշխությունը տնտեսական կատեգորիա չէ, այլ բարոյական արժեհամակարգի կաևորագույն մաս: Ծնողների կենսաթոշակի մասին մտածելը յուրաքանչյուրիս պարտքն է:

Ես դեմ եմ կենսաթոշակային բարեփոխումներին, ոչ միայն նրա համար, որ չեմ վստահում իշխանություններին, ես դեմ եմ ոչ միայն համար, որ չեմ վստահում ներդրողներին, ես դեմ եմ, որովհետև ուզում եմ այսօր մեր ծնողների համար ապահովել արժանապատիվ կենաթոշակ:
Ես պատրաստ եմ վճարել 5 տոկոս ավել հարկ` ծնողներիս արժանապատիվ թոշակի և ոչ թե իմ բարեկեցիկ ծերության համար»-գրել է նա:

 

Անկախ

Գործող իշխանությունը սպառել է իրեն ամեն տեղ, ամեն ինչում.Ակտիվիստներ

ակտիիստներ«Միասին պայքարելու ենք ժողովու´րդ:  Դուրս եկեք փողոց, մենք հաջողության ենք հասնելու»,- հունվարի 18 –ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Կենսաթոշակային բարեփոխումներ. ապահով, թե վտանգված ծերություն» թեմայով հեռուստատեսային  քննարկման ընթացքում կոչ արեց  ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով ակնհայտ է, որ սա չարիք է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների համար: Այս բարեփոխումները չեն կարող առաջիկա տասնամյակներում գործադրվել ՀՀ-ում այն ձևով, որ հիմա ներկայացվում են: Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ պայքարին միացած ԱԺ ոչ իշխանական 4 ուժերից «Ժառանգություն»  կուսակցության փոխնախագահ  Արմեն Մարտիրոսյանը եւս կարեւորեց քաղաքացիների ակտիվությունը.

ոչ կուտակային կենսաթոշակին«Եթե մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցեն այդ պայքարին մինչև հունվարի 25-ը, ապա կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կարող է որոշում ընդունել ի շահ քաղաքացիների»:

Բանախոսներից «Դեմ եմ» նախաձեռնություն անդամ Մանե Թանդիլյանն էլ պնդեց. «Եթե հասարակության բոլոր տարրերը դժգոհ են, ուրեմն իշխանությունն իրոք մի բան էն չի անում: Մի բան ակնհայտ է` այդ օրենքն ա´յս տեսքով ա´յս ժամանակ` իշխանության հանդեպ անվստահության բարձր մթնոլորտում, ընդունվել չի կարող»:

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը եւս ընդգծեց, որ մինչ օրս անգամ համապատասխան  փոփոխություններ արված չեն  Աշխատանքային օրենսգրքում` սահմանելու համար այնպիսի հասկացություններ, ինչպես օրինակ «ինքնազբաղն» է:  «Մինչդեռ գործադիր և օրենսդիր մարմինները պարտավոր էին նախագծի իրականացման մասին հասարակությանն իրազեկել ամենավաղ փուլում»:

Ամփոփելով իրենց մտահոգությունները` քննարկման բանախոսները   հավաստեցին համակարգի  ներդրման դեմ պայքարելու իրենց վճռականությունը.

«Մենք հաստատակամ ենք այն առումով, որ պայքարի այս ձևը ճիշտ է, ուրիշ ձև չկա: Պետք է համակարգային փոփոխություն, և սա կլինի սկիզբը: Գործող իշխանությունը սպառել է իրեն ամեն տեղ, ամեն ինչում»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Պետությունը կամաց-կամաց հրաժարվում է իր սոցիալական պարտավորություններից

կենսաթոշակային2014 թ. հունվարի 1-ից երկրում ծրագրվում է պարտադիր կարգով կուտակային կենսաթոշակային համակարգ ներդնել: Դրանում կներառվեն 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները: Նախատեսվում է, որ 2014 թ. պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կանցնի Հայաստանի մոտ 260 հազար քաղաքացի:

 Նոր համակարգը, ինչպես հավաստիացնում են դրա «ճարտարապետները», ավելացնում է պարտադիր կուտակային  բաղադրիչը, որով ապագա կենսաթոշակառուն կձևավորի իր կենսաթոշակի չափը: Այսինքն` յուրաքանչյուր աշխատակից ամեն ամիս իր կուտակային հաշվին պետք է ներդնի իր չհարկված աշխատավարձի 5%-ը, ևս 5%, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ այդ հաշվին պետք է փոխանցի նաև պետությունը:

Քաղաքացիներն իրենց կենսաթոշակային միջոցները չեն կարող տնօրինել մինչև 63 տարեկանը լրանալը, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ժամկետից շուտ դառնան անաշխատունակ կամ լքեն Հայաստանը` հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից և այլն:

Ինչպես արդեն գիտենք, այս «բարեփոխումները» հասարակության լայն զանգվածների մեջ առաջացրին դժգոհությունների մեծ ալիք: ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները, ինչպես նաև մի շարք անկախ պատգամավորներ հանդես եկան այս նոր օրենսդրական փաթեթի դեմ, իսկ քաղաքացիական հասարակությունն ինքնակազմակերպվեց ու ստեղծեց «Ընդդեմ պարտադիր կենսաթոշակային վճարումների» նախաձեռնությունը: Բայց ինչպես երկուշաբթի օրը կառավարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը, ամեն դեպքում 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կոնսաթոշակային համակարգը կսկսի գործել:

Ինչ է սպասում մինչև 40 տարեկան ՀՀ քաղաքացիներին

Այն քաղաքացիները, որոնց վրա տարածվում է 2014 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, մինչև փետրվարի 20-ը պետք է ընտրած լինեն իրենց կուտակված կենսաթոշակային միջոցների կառավարչին: Այս պահի դրությամբ ակտիվների ընդամենը երկու այդպիսի կառավարիչներ են դիմել ԿԲ  լիցենզիա ստանալու` ֆրանսիական «Amundi»-ն ու գերմանական «Talanx»-ը:

«Բանակցություններ են վարվել ևս 5-7 ընկերությունների հետ, բայց վերջնական լիցենզիա ստանալու հայտով դիմել են հենց այս ընկերությունները: Աշխատանքային առումով այս ընկերություններն արդեն պատրաստ են աշխատանքներին, զուտ իրավական-տեխնիկական խնդիրներ են մնացել, որոնք առաջիկայում կլուծվեն»,- լրագրողներին հայտնել էր Դավիթ Սարգսյանը:

Իսկ ԿԲ-ի փոխնախագահ Ներսես Երիցյանը պարզաբանել է, թե ինչու  է ընտրվել փետրվարի 20 ժամկետը. որովհետև մեր վճարման ցիկլն այնպիսին է, որ հունվար ամսվա հարկային վճարումները կատարվում են մինչև փետրվարի 20-ը: Այսինքն` ՀՀ քաղաքացիները երեք ամիս ժամանակ ունեն ընտրելու կուտակային կենսաթոշակային համակարգով իրենց կուտակած միջոցների` ակտիվների կառավարչին. մինչև փետրվարի 20-ը ներառյալ: Իսկ եթե քաղաքացին մինչ այդ չկարողանա ինքնուրույն ընտրություն կատարել, ապա  նրա փոխարեն դա կանի համակարգչային ծրագիրը` նրան ընդգրկելով որևէ կառավարչի ամենացածր ռիսկեր ունեցող փաթեթի մեջ:

Այս երկու ընկերություններն ունեն 3-ական փաթեթներ` ցածր ռիսկայնությամբ, ցածր բայց կայուն եկամուտ ապահովող, միջին ռիսկայնությամբ, բայց մի քիչ ավելի բարձր եկամուտ ապահովող և բարձր ռիսկայնությամբ ու բարձր եկամուտներ ապահովող: Քաղաքացիներն էլ, ինչպես նշեց Վաչե Գաբրիելյանը, տարին մեկ անգամ անվճար կարող են փոխել իրենց կենսաթոշակային հաշվի կառավարչին ու փաթեթը:

Հայաստանում ապագա թոշակները կկազմեն աշխատավարձերի 40%-ը, ինչպես նշում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Այս գործակիցը  հիմնված է 30 տարվա ստաժի և 63 տարեկանում թոշակի անցնելու ենթադրության վրա: Գործող մոդելներով ձևավորվել էին և՛ կենսաթոշակային տարիքը, և՛ ապագա թոշակի չափը»,- ասել է նախարարը:

Իսկ ամենամյա կենսաթոշակային կուտակումները, ինչպես նշում է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը,  կկազմեն 100-150 մլն դոլար: Ըստ կառավարության` նոր կենսաթոշակային համակարգի գոյության առաջին 5 տարիներին կուտակումները կկազմեն 800 մլն դոլար:

Ըստ հաստատված կարգի` կենսաթոշակային ֆոնդերը կարող են իրենց կողմից կառավարվող միջոցների 40%-ը տեղադրել արտասահմանյան ակտիվներում, իսկ 60%-ը` Հայաստանի ներսում:

կենսաթոշակային (1)Սա, ինչպես ժամանակին նշում էր տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Արա Նռանյանը ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանի հետ բանավեճում, նշանակում է Հայաստանից ոչ միայն մարդկային, հումքային և այլ կարևորագույն ռեսուրսների արտահանում, այլև փողի արտահանում, և Հայաստանը դառնում է կանխիկ փող արտահանող երկիր: Այն ժամանակ Վ. Արամյանը հերքում էր այդ տեսակետը: Իսկ այժմ կառավարությունն ինքն է  նշում, որ այդ փողերը կարտահանվեն, և փորձում է պարզաբանել ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի բերանով. «Դա բնական ապահովագրություն է` արժութային տատանումների նկատմամբ: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ բաժնետոմսերի շուկան պետք է դեռ զարգանա  Հայաստանում, իսկ դրսում կան բարձրակարգ բաժնետոմսեր, որոնք բարձր եկամուտներ կարող են ապահովել` այդ ակտիվների կառավարման տեսակետից»:

Կառավարությունը հավատացնում է, թե կուտակված կենսաթոշակները չեն կորչի

Բայց հարց է առաջանում` ի՞նչ կլինի, երբ ակտիվի կառավարիչը սնանկանա. «Ոչինչ. ակտիվի մեկ այլ կառավարիչ կգա, արժեթղթերը կփոխանցվեն նրան, ու նորից գործառույթները կկատարվեն»,- այս հավաստիացումն էլ տալիս է Վաչե Գաբրիելյանը:

Որպեսզի քաղաքացիների փողերը ավելի ապահով լինեն ֆինանսական շուկաներում ու չկորչեն, կան նաև սահմանափակումներ, թե մեկ թողարկողի մոտ ու մեկ երկրում որքան ակտիվներ կարող են կուտակվել. մի գործիքում այդ սահմանափակումը 10-20%-ից ավելի կուտակումն արգելելն է, իսկ մյուս գործիքում` 5%-ը:

Ի՞նչ պետք է լինի այն դեպքերում, երբ մարդը կուտակել է բավականին միջոցներ, բայց մինչև կենսաթոշակային տարիքի հասնելը վախճանվել է, կամ երկարակյաց է ու ավելի շատ փող պետք է ստանա, քան հասցրել է կուտակել իր կյանքի ընթացքում:  Չօգտագործված գումարները, նշում են կառավարության ներկայացուցիչները,  կվերադարձվեն ժառանգներին, իսկ եթե քաղաքացիները երկարակյաց լինեն, ապա կշարունակեն ապահովված ապրել, քանի որ դա համարվում է  հիմնադրամի ռիսկերից մեկը:

Բայց ամեն ինչ այդքան հեշտ, պարզ ու միանշանակ չէ: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ օրերս լրագրողներին այս հարցի կապակցությամբ ներկայացրեց իր դիտարկումները:

«Ինչպես ԱՊՊԱ-ի դեպքում էր, այս անգամ էլ պարտադիր ձևն ընտրվեց: Եթե պարտադիր գումար պետք է գանձեք, ապա ինչո՞ւ պետական ֆոնդեր չեք ստեղծում ու դրանցում կուտակում գումարները: Այսինքն` կառավարությունը պարտադրում է քաղաքացիներին գումարներ փոխանցել իրենց ընկերոջ գրպանը»,- նշել է Հրանտ Բագրատյանը:

«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնությունն էլ է կարծում, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքը դրական կողմ չունի: Նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը հիշեցնելով, որ համակարգի ներդրումից հետո 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիները կստանան 6.6-13%-ով պակաս աշխատավարձ, նշում է, որ ուժի մեջ մտնելուց հետո օրենքը սարսափելի հետևանքներ կունենա: «Մարդիկ կստանան ցածր աշխատավարձեր, իսկ ծերության օրոք, իբր, կստանան երիտասարդ տարիներին կուտակած իրենց գումարները, բայց թե ումից և ինչպես` հայտնի չէ: Հայաստանից ավելի զարգացած տնտեսություններ ունեցող երկրներում, ինչպես, օրինակ` Ռուսաստանում և Արգենտինայում, կենսաթոշակային նմանատիպ օպերատորներից մեկը սառեցրել է գործընթացը, մյուսը` սնանկ հայտարարվել»,- ասել է նա լրագրողներին:

Հասկանալու համար այս հարցերի պատասխանները, հիշենք, որ կառավարության անդամների ներկայացմամբ` կուտակային կենսաթոշակային ֆոնդերի` Հայաստանին ամենամոտ տարբերակները ներդրել են Սլովակիան, Էստոնիան, Չիլին, լատինաամերիկյան էլի մի քանի երկրներ և այլն: Ընդ որում, ասում է Վաչե Գաբրիելյանը, այս բոլոր երկրներից միայն 1-2 դեպքեր են եղել, որ թոշակային ֆոնդերի ակտիվների կառավարիչներից դժգոհ են եղել, այն էլ այդ դժգոհությունները վերաբերել են ակտիվների ցածր եկամտաբերություն ունենալուն, և որպես ռիսկերի կառավարում` նման դեպքերում ազգայնացվել են այդ կենսաթոշակային ֆոնդերը:

Իսկ այն հարցին, թե  հնարավո՞ր է հետագայում հրաժարվել ներկայումս ընդունվող համակարգից, և ի՞նչ պետք է արվի համաշխարհային ճգնաժամերի դեպքում, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պատասխանում է, որ եթե աշխարհում ֆինանսատնտեսական ճգնաժամ լինի, ապա փորձված գործիքներ կկիրառվեն ռիսկերը չեզոքացնելու համար, մասնավորապես` տնտեսական աճի վրա ուշադրություն կդարձվի, որպեսզի այդ աճով ապահովվեն կենսաթոշակային միջոցները: Բացի այդ, ակտիվները կներդրվեն ոչ թե մեկ, այլ տարբեր ոլորտներում ու տնտեսության ճյուղերում, որպեսզի մեկի տապալումից բոլոր ակտիվները չտուժեն:

«Իսկ եթե աշխարհում ամեն ինչ փլուզվի, ապա այդ դեպքում ոչինչ անել չի լինի»,- նշում էր Դավիթ Սարգսյանը:

Հրանտ Բագրատյանն իր ասպիրանտների հետ միասին ուսումնասիրել է այսպիսի կենսաթոշակային համակարգ ունեցող բոլոր երկրների փորձը, ու համոզված հայտարարում է, որ այն երկրներում, որոնց մոդելը, իբրև,  ընտրել է Հայաստանը, այդպիսի համակարգ չի գործում:

կենսաթոշակային (2)«Նշում էին Էստոնիայի մասին, ես ձեզ հավաստիացնում եմ, որ Էստոնիայում նման բան չկա: Նախ` նրանց մոտ պարտադիր չէ համակարգը, այլ կամավոր, և երկրորդ` էստոնացիները Հայաստանի պես 5% գումարներ չեն գանձում, այլ ասում են` քանի որ մեր պետությունն աղքատ է, իսկ նրանք մեզնից հարուստ են, քաղաքացիների համար լուրջ բեռ կլինի 5%, ու սահմանել են 2%»,- ասում էր Բագրատյանը:

Նրան հասկանալի չէ նաև, թե ինչու պետք է այդ գումարները դուրս հանվեն Հայաստանից, ու ինչու պետք է հայկական ձեռնարկությունները չկարողանան սեփական կեսնաթոշակային ֆոնդերը տնօրինել:

Ի դեպ, ինտերնետում մի քանի րոպե փնտրելուց հետո նկատեցինք, որ աշխարհում կա այդպիսի փորձ, օրինակ` «Կրայսլեր» ընկերության բաժնետոմսերի 40%-ը պատկանում է նույն ընկերության աշխատակիցների ստեղծած կենսաթոշակային ֆոնդին: Նույնպիսի իրավիճակ է նաև «Ջեներալ էլեկտրիկս»-ում, սակայն թվերի այլ հարաբերակցությամբ: Սա, ինչպես նշում են ամերիկացի փորձագետները, նախ ավելի է ամրապնդում աշխատակիցների ու ընկերության կապը,  բացի այդ, բարձրացնում է աշխատողների մոտիվացիան ու շահագրգռվածությունը, քանի որ նրանք հասկանում են, որ իրենց աշխատանքից են կախված այն եկամուտները, որոնք պետք է ապահովեն իրենց բարեկեցիկ ծերությունը: Այդ ընկերությունների աշխատողները նաև լրացուցիչ օժանդակություն են ցուցաբերում ընկերության արտադրանքի սպառման հարցում, քանի որ անձնական շահագրգռվածություն ունենալով` համոզում են իրենց ծանոթ-բարեկամներին գնել հենց իրենց արտադրանքը:

Բագրատյանի համար հասկանալի չէ նաև, թե ինչու հենց երկու ընկերություն պետք է կառավարի այդ կենսաթոշակային ֆոնդերը, ոչ թե, օրինակ` 27 կամ 30, ինչպես Էստոնիայում է:

Այս համակարգը մի վտանգ էլ ունի. մարդիկ կսկսեն թաքցնել իրենց աշխատանքը, որպեսզի կենսաթոշակային ֆոնդերին գումարներ չմուծեն:

Նշենք նաև, որ կուտակային կենսաթոշակային կամավոր համակարգն արդեն 3 տարի է, ինչ գործում է Հայաստանում, բայց այդ համակարգում ընդգրկվելու համար, ըստ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, դիմել է 3 կամ 4 հոգի: Այս կամավոր համակարգին չեն անդամակցել անգամ կառավարության այն ներկայացուցիչները, որոնք այս համակարգի ամենաջերմեռանդ ջատագովներն են:

 

 

Կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացվել

Վաչե Գաբրիելյան,Դավիթ Սարգսյան,Արտեմ Ասատրյան, Ներսես ԵրիցյանըԱյսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել «Կենսաթոշակային բարեփոխումներ. կուտակային կենսաթոշակային համակարգ և աշխատավարձեր» թեմայով մամուլի ասուլիս, որի ընթացքում համակարգի վերաբերյալ պարզաբանումներ են ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Ինչպես նշել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, կենսաթոշակային բարեփոխումները, մասնավորապես , կուտակային կենսաթոշակային համակարգի անցումը, երկարատև, տարբեր ձևաչափերով և մանրամասն քննարկված ոլորտներից է: Ըստ նրա`քննարկումների ընթացքում ծագած բազմապիսի հարցերին տրվել են մանրամասն պատասխաններ: Սակայն, քանի որ համակարգը գործարկվելու է 2014թ. հունվարի 1-ից, ուստի քաղաքացիների մոտ առաջացել են բազմաթիվ հարցեր` ինչպես է այն կիրառվելու, ինչ խնդիրներ են առաջանալու, ինչ լուծումներ են տրվելու:
Նշենք, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում կներառվեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված քաղաքացիները: