Պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ. հայոց բանակի տարվա գլխավոր կարգախոսը

shqert2011-32«Պետք է դպրոցը, բուհն ու բանակը դարձնել արատավոր երևույթների դեմ պայքարի ամրոցներ և միասնական պատերազմ հայտարարել փողոցային արատավոր բարքերի դեմ»: Ահա սա է 2014 թվականի հայոց ազգային բանակի առաջնահերթ խնդիրը:

Թերևս մի քիչ ուշացած, բայց ուրախալի և ողջունելի է, որ կարևորվում է ազգային ոգու, գաղափարախոսության ամրապնդման անհրաժեշտությունը` դրվելով բանակի կազմակերպչական աշխատանքների հիմքում, քանի որ հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել մեր բանակի ամենակարևոր, ամենաանհրաժեշտ և ամենաարժեքավոր պաշարը` ոգին: Իսկ դա մեզ օդ ու ջրի պես է անհրաժեշտ, քանի որ ոգին է հաղթում պատերազմում, հատկապես` անհավասար պատերազմում, որին առայժմ մեր բանակն ամեն վայրկյան պետք է պատրաստ լինի:

«Եթե Ադրբեջանը պատերազմի պատրաստ լինի, միշտ էլ պատրվակ կգտնի դա հայտարարելու»,- մի անգամ ասաց Վազգեն Մանուկյանը` նշելով, որ  բանակի ուժը գնահատելիս հաշվի են առնում երկու փակագծերի արտադրյալը:- Մի փակագծում այն է, թե ինչքան բնակչություն ունի երկիրդ, որքան և ինչ ռազմատեխնիկա, քանի զինվոր, ինչպիսին են տնտեսական ցուցանիշներդ, ՀՆԱ մակարդակը և այլն: Երկրորդ փակագծում այն է, թե որքանով են զինվորներդ նվիրված ազգային գաղափարներին, ինչ զոհաբերությունների են պատրաստ հանուն այդ գաղափարների, ինչքանով են համոզված, որ արդար գործ են անում, ինչքանով են միասնական, ինչքանով են կարողանում կարգուկանոն ապահովել և այլն»:

Այդ ամենն էլ ձևավորում են բանակի մարտական ոգին, և Արցախյան հաղթանակն էլ այդ ոգու շնորհիվ էր: Այդ ոգին է, որ այսօր հակառակորդին զգաստացնում է ու զսպում պատերազմի վերսկսումը:

Սակայն, Արցախյան պատերազմի ժամանակ մեր նորաստեղծ կամավորական բանակի ոգին բարձր էր նախ և առաջ պատերազմին նախորդած իրադարձությունների շնորհիվ, երբ մեր ժողովուրդը հավաքական, միասնական, գաղափարական պայքարի մի կուռ բռունցք էր:

Անցել է 22 տարի: Շատ բան է փոխվել այդ պայքարից հետո, և որքան էլ ցավալի է, այսօր չունենք այն խանդավառ հասարակությունը, որն իրականություն դարձրեց մեր երազանքը` Անկախ Հայաստանն ու Արցախը:

Հասարակության մի զգալի հատված այսօր անտարբեր է ամեն ինչի հանդեպ, ոչ ադեկվատ իրականությանը, ապրում է ֆիզիկական գոյությամբ, մի կողմ թողած գաղափարներն ու երազանքները: Իսկ երիտասարդական միջավայրը մեծ մասամբ լի է փողոցային բարքերով ու «գողական» մտածելակերպով, որից ծնունդ առած երիտասարդներն էլ համալրում են Ազգային բանակի շարքերը: Եվ որքան էլ բանակն իր ներքին կանոնակարգով խստապահանջ լինի, միևնույն է, փողոցային «կանոնակարգը» սրբորեն պաշտող երիտասարդին վերադաստիարակելը հեշտ գործ չէ:

seyran-ohanyan«Հայ ժողովրդի անվտանգությունը լիարժեքորեն ապահովելու համար մեծ արդյունք կտա Ազգային բանակի վերջնական ձևավորումը` հիմնված, մի կողմից, հայ ազգային ավանդույթների, մեր և միջազգային փորձի վրա, մյուս կողմից` մարդկային գործոնի, որը հնարավորություն կտա հաստատելու միջանձնային հարաբերությունների առողջ մթնոլորտ, բարձր մարտական ոգի և մեկընդմիշտ ամրապնդելու բանակի կարգապահությունը»,- 2014 թվականի տարեմուտի իր ուղերձում նշում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:- Նաև նորություն չէ, որ սրանք այն գործոններն են, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Չվերարժևորել ու հենվելով դրանց վրա` չհասնել վերջնական նպատակին, նշանակում է չհարգել անցյալը և ապագայի նկատմամբ էլ անպատասխանատու լինել»:

Պաշտպանության նախարարը հայ զինվորին հիշեցնում է, որ իր երկիրը երբեք անարդար պատերազմ չի մղել, չի պղծել գերեզմաններ ու սրբավայրեր, որ ինքը վարձկան չէ, քնած մարդուն կացնահարող չէ, այլ իր երկիրը, իր հարազատներին է պաշտպանում թշնամուց  և կռվում է նաև այն պատմական անարդարության, ապօրինի որոշման դեմ, որով մեկին թույլատրվել է առնել մի ողջ ժողովրդի դարավոր սեփականությունը և տալ ուրիշին:

Նախարարի մտահղացմամբ` զինված ուժերում գործարկված արգելքների հաղթահարման և վճռական գործողությունների ու նորմացույցների ուսուցման «Վահագն» համակարգն առաջին հերթին հենց գաղափարական նշանակություն ունի: Անվանումն էլ պատահական չէ` հայոց դիցարանի պատերազմի աստված Վիշապաքաղ Վահագնը, որի անվան համապատասխան տառերով սկսվում են հետևյալ գաղափարները` Վարպետություն, Անձնուրացություն, Հանդգնություն, Արագություն, Գերազանցություն, Նպատակասլացություն:

Երկար տարիների զինվորական ծառայության ընթացքում մտածելով զինված ուժերում արտակարգ դեպքերի կանխարգելման և կարգապահության ամրապնդման մասին` Սեյրան Օհանյանը եզրակացրել է, որ կարգապահության ուղղությամբ գերազանց արդյունքի միայնակ հասնել հնարավոր չէ:

Իսկ որո՞նք են արտակարգ պատահարների պատճառները. անվտանգության կանոնների խախտում, զգոնության թուլացում և ոչ կանոնադրական միջանձնային հարաբերություններ:

5-ej-hajoc-banakՆախարարը վստահ է, որ առաջին երկու պատճառների կանխարգելմանն ուղղված աշխատանքներում իրենց հաջողվել է բարձր արդյունքներ ստանալ և պատահարների հավանականությունը մոտեցնել նվազագույնի: Իսկ ահա միջանձնային ոչ կանոնադրական հարաբերությունները նա հիմնականում համարում է բանակ «ներխուժած» փողոցային արատավոր բարքերի հետևանք, որոնց դեմ արդյունավետ պայքար մղելու և իսպառ վերացնելու համար պետք է հասարակության օգնությունը. «Պետք է գործի լծվենք ազգովի: Չէ՞ որ մեր բանակն առաջին հերթին ազգային բանակ է, որը ձևավորվել է հանուն հայ ժողովրդի լինելության, նրա միասնական ջանքերով, հերոս զավակների մաքառմամբ և հաղթանակ տարել հենց ազգային ոգու, հային բնորոշ արժանիքների շնորհիվ: Հիմա նորից փորձության առաջ ենք և եթե չկարողանանք այն հաղթահարել, դավաճանած կլինենք ինքներս մեզ: Միավորվե´նք,- կոչ է անում նախարարը,- հիմա´ է ծնվել այս գաղափարը, ոչ թե 10 տարի առաջ, ոչ թե 2 տարի առաջ, այլ հենց հիմա´: Նշանակում է` եկել է համաժողովրդական միասնության միջոցով հերթական անգամ հաղթանակի հասնելու ժամանակը»:

Մեր բանակը պիտի մաքրվի ներքին բացասական երևույթներից, որպեսզի կարողանա ջանքերը  կենտրոնացնել դեպի դրսի ուժերը: Իսկ այդ բացասական երևույթներից մաքրվելու համար պաշտպանության նախարարությունն օգնության ձեռք է խնդրում իր դաշնակիցներից` դպրոցից, բուհից, հասարակական և պետական մյուս կառույցներից, ինչպես նաև ծնողներից և յուրաքանչյուր գիտակից ու հայրենասեր, իր երկրով մտահոգ հայ մարդուց:

«Բանակը մեր տունն է, մեր ամրոցը, որտեղ բոլորը պետք է ապրեն այդ ամրոցի համար ընդհանուր, բոլորի համար միևնույն օրենքներով: Իսկ ով չցանկանա ապրել մեր բերդ-ամրոցի օրենքներով, դատապարտված է այլ բերդում` քրեակատարողական հիմնարկում այնտեղի օրենքներով ապրելուն»,- ասում է նախարարը` վստահեցնելով, որ հասարակության կողմից տրվածն իրենք վերադարձնելու են բազմապատկված, քանի որ, եթե դաստիարակված, հայրենասեր սերունդ են ընդունում բանակ, ապա շատ ավելի է մեծանում հրամանատարների պատասխանատվության չափը` կառուցելու և´ պատրաստությամբ, և´ կարգապահությամբ իդեալական բանակ ու հասարակությանը տալու պիտանի անդամ` իր ուժով, հայրենասիրությամբ, սկզբունքայնությամբ, կարգապահությամբ ու բարեկրթությամբ:

Անի Գասպարյան

Անկախ

 

Ազատագրելը հեշտ է, պահել այդ հաղթանակը` առավել դժվար. Վազգեն Մանուկյան

վազգեն մանուկյան,պաշտպանության նախարար1988թ.-ի փետրվարին, միաժամանակ դրվեց և հանուն Արցախի պայքարի, և անկախ պետականության վերականգնման, և Ազգային բանակի ստեղծման սկիզբը : Հունվարի 28-ին Հայաստանի երրորդ հանրապետության բանակի տարեդարձն է : Չափահասության սահմանը հատած մեր բանակն իր կայացման ճանապարհին, մի քանի դժվարագույն և առանցքային փուլ է հաղթահարել: Մասնագետները բանակի անցած ուղին բաժանում են երեք փուլի` առաջին. 1988-ի փետրվարից 1992 թվականի մայիս, երկրորդ. 1992 թ.-ի հունիսից 1994 թվականի մայիս ընկած ժամանակաշրջանը և երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ այժմ: Իհարկե, որոշ փորձագետներ գտնում են, որ թևակոխել ենք արդեն 4-րդ փուլ:Հարցազրույց Վազգեն Մանուկյանի հետ է, որը 1992-93 թթ-երը եղել է պաշտպանության նախարար:

-Դուք պաշտպանության նախարար նշանակվեցիք թե բանակաշինության, և թե պատերազմական գործողությունների դժվարին և պատասխանատու ժամանակահատվածում, այդ ընթացքում ճակատագրական ի՞նչ լավ ու վատ որոշումներ են կայացվել, ինչու չէ նաև, նախքան ձեր պաշտպանության նախարար դառնալը:

-Նախ չմոռանանք, որ ազգային բանակի կայացման սկիզբը դրվեց, Սումգայիթի դեպքերից հետո, երբ այն հույսերը, որ կապել էինք խորհրդային բանակի հետ, չարդարացան: Պետք էր ունենալ պաշտպանական սեփական միջոցներ և սկսեցին ձևավորվել առաջին ջոկատները, դրանց հիմնական կառավարողը «Ղարաբաղ» կոմիտեն էր, հետո արդեն, ՀԱԲ-ը և այլ ջոկատներ: Ի՞նչ ունեցանք . անկանոն, իրար հետ միավորվել չցանկացող ջոկատներ և 1918 թվականի խմբապետերի մասին վատ հիշողություններ: Այդ պատկերն ինձ համար, որպես վարչապետի, լուրջ հիմք էր անկանոնից կանոնավոր ջոկատների անցման համար. առաջին հրամանը կառավարության եղավ 1990 թվականի սեպտեմբերին, ՄՀՕՋ-ի կազմում ստեղծել բանակատիպ մի ստորաբաժանում, բանակ կոչել այն չէինք կարող, քանի որ դեռ Խորհրդային միությունում էինք : Կոչ եղավ `հավաքագրել մարդկանց և պահանջ` զինաթափել նրանց, ով չէր ընդգրկվի այս ստոաբաժանման կազմում, անկեղծ ասած, մի քիչ շտապել էի, քանի որ, պոտենցիալ անդամներն այդ պահին դրսում էին: Արդեն 1991 թ.- մայիսի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտեն: Ես առաջարկեցի, որ այն, Վազգեն Սարգսյանը ղեկավարի, ընդ որում, վարչապետ դառնալուց հետո, «Ղարաբաղ» կոմիտեի ջոկատների կառավարման լիազորություններս հանձնել էի Վազգենին, բայց նա հակառակվեց, քանի որ այդ ժամանակ նա Գերագույն խորհրդի պաշտպանության հանձնաժողովի նախագահն էր, որը զինվորականների հետ խոսելու պետական կարգավիճակ էր տալիս, իսկ կոմիտեն, թեև ստեղծվել էր կառավարության կողմից, բայց ԽՍՀՄ օրենքների տրամաբանության շրջանակում համարվում էր անօրինական, և ես այդ պաշտոնն առաջարկեցի Վահան Շիրխանյանին: Երբ արդեն 92-ին, պառլամենտականից անցանք նախագահական իշխանության, ստեղծվեց պաշտպանության նախարարությունը, սակայն դեռ կանոնավոր բանակ չունեինք. Շուշիի ազատագրմանը միայն ջոկատներ են մասնակցել, Շուշիի հաղթանակից հետո, ըստ էության, ունեցանք կանոնավոր զինուժ. որոշվեց ստեղծել միաժամանակ 2 կանոնավոր բանակ` ռազմական փորձ ունեցող տղամարդկանց բրիգադաների կազմավորմամբ, ընդ որում` պրոֆեսիոնալ բանակին զինվորագրվածները աշխատավարձ էին ստանում, վերջ ի վերջո, տարիներ շարունակ կամավոր լինելով և հայրենասիրությամբ ընտանիք պահել չես կարող, ավելին ասեմ, մենք Ռուսաստանի համեմատությամբ, 1,5 անգամ բարձրացրեցինք, այսպես ասած` աստղի դիմաց տրվող գումարը, որովհետև ՌԴ-ում 400 կադրային զինվորական ունեինք, որոնք պատրաստ էին գալ Հայաստան և մասնակցել բանակաշինության գործին, եթե ընտանիքը պահելու խնդիր չլիներ, արդյունքում`շատերը եկան, բայց հիմա էլ այլ խնդրի առջև կանգնեցինք. կադրային զինվորականների և ֆիդայիների միջև «հակամարտություն» սկսվեց, սրա մեջ շատ չեմ խորանա, բայց մեզ հաջողվեց հարթել տարաձայնությունը: Փաստորեն, պատերազմական դժվարին իրավիճակում, մեզ միաժամանակ հաջողվեց ունենալ և ապագայի բանակ,և ազատագրական պայքար մղող կանոնավոր զինուժ, ի դեպ, 18 տարեկան զինվորները մարտի չէին ուղարկվում, միայն ծայրահեղ դեպքերում, հիմնական ողջ ծանրությունը պրոֆեսիոնալների ուսերին էր: Ինչ վերաբերում է իմ պաշտոնավարման ընթացքում` պատերազմի դաշտում, մեր ունեցած հաղթանակներին, ապա պիտի ասեմ, որ ճակատագրական լուրջ հաջողություններ ենք ունեցել. Կապանի օպերացիան, որի արդյունքում, մեզ հաջողվեց առաջ գալ և 140 կմ-ով լայնացնել տարածքը` լեզվակը վերցրեցինք, Քելբաջարի (Քարվաճառ) ազատագրումը, Մարտակերտի հետգրավումը, եթե չլիներ Քելբաջարի հաղթանակը, մենք չէինք կարող պահել Մարտակերտը, Քելբաջարի ազատագրումը, ոչ միայն հնարավորություն տվեց պաշտպանել Մարտակերտը, այլև` կրճատել ռազմաճակատի գիծը . մի ամբողջ տարածքի փոխարեն, մենք վերևում մի փոքր տարածք էինք պաշտպանում, սա նաև կոտրեց ադրբեջանական բանակի ողնաշարը. նրանք բարոյալքված էին և մենք ինչքան ուզես, կարող էինք առաջ գնալ: Այս հաղթանակը կերտեցինք Արցախի ջոկատների հետ միասին, ես երբեք չեմ տարանջատել Հայաստանի և Արցախի ջոկատները: Սա բոլորիս հաղթանակն էր:

-Պարոն Մանուկյան, իսկ ի՞նչ կասեք կորուստների մասին, որ ունեցանք Շուշիի, Լաչինի (Քաշաթաղ) հաղթանակներից հետո և ինչպես արցախյան պատերազմի մասնակիցներից ոմանք պնդում են.«Մեր մեղքով»:

-Այո’, Շուշիի, Լաչինի փայլուն ու անհավանական հաղթանակներից հետո կորցրեցինք Շահումյան, Մարտակերտ. թշնամին առաջ էր գալիս, Վազգենը մահապարտների ջոկատ հավաքելու կոչ արեց, հուսահատված պահի կոչ, այն, իհարկե, դեր խաղաց. մի քանի օր հնարավոր եղավ պահել հակառակորդի հարձակումն ու առաջխաղացումը: Արծվաշենը, որի կորստի համար, հետո Վազգեն Սարգսյանին էին մեղադրում, մենք, իրոք, պաշտպանելու հնարավորություն չունեինք, այլ հարց էր, որ պետք էր լինել առավել ազնիվ և արծվաշենցիներին ասել.«Մենք ձեզ չենք կարող պաշտպանել» և ժողովրդին տարհանեին, որպեսզի մարդկային և նյութական կորուստներ չունենայինք: Արծվաշենը հետո կարող էինք վերցնել, բայց պահել` ոչ, դրա համար մենք ստիպված պիտի լինեինք առաջ գնայինք, մտնեինք, հակառակորդի կողմից էլի որոշ տարածքներ վերցնեինք, ահնար էր: Առհասարակ, ազատագրելը հեշտ է, պահելն այդ հաղթանակը` առավել դժվար, ուստի ազատագրման ժամանակ, սա է հաշվի առնվում : Օրինակ` Մարտունին, որտեղ հրամանատարը Մոնթեն էր, դաշտավայր էր, կարող էինք առաջ գնալ, բայց պաշտպանել դա` ոչ: Հիշում եմ, Մոնթեն միշտ իր տղաների առջից էր գնում, ես ասում էի. «Մոնթե՛, առջևից մի գնա, գիտենք, որ խիզախ ես», իսկ նա պատասխանում էր.

«Ամեն վայրկյան պիտի ապացուցես խիզախությունդ, թե չէ, ինչպես պիտի լինի, ինչպես պիտի ոգևորես զինվորիդ»:

Ես դա ասում էի, որովհետև գիտեի, որ Մոնթեն զոհվի, ամեն հաջողություն կորցնելու ենք և այդպես էլ եղավ. մենք մի քանի կմ առաջ էինք գնացել և բարձրունքի վրա պաշտպանական գիծ կառուցել, Մոնթեն խփվեց և մենք րոպեների ընթացքում կորցրեցինք այդ առավելությունը: Իսկ Գետաշենը կորցնելու ժամանակ ես վարչապետ էի, իսկ երկիրը` ԽՍՀՄ-ի տիրապետության տակ, Գետաշենին հարվածեց ոչ թե Ադրբեջանը, այլ` խորհրդային բանակը, իսկ նրանց դեմ զինված պայքարն անհեթեթ կլիներ: Գետաշենի կորուստը ռազմական հարց չէր, այլ` քաղաքական:

-Խոսեցինք կորուստներից, երբեմն կարծիքներ ենք լսում, որ ՀՀ առաջին նախագահի մեղքով, մենք տարածքներ կորցրեցինք, թե որոշ տարածքներ էլ Լևոն Տեր Պետրոսյանից գաղտնի են ազատագրվել, ի՞ նչ կասեք այս մասին:

-Ես հիմա, չեմ ուզում ասել, գնահատականներ տալ այս կամ այն տարածքի ազատագրման հետ կապված, բայց մի բան կասեմ` Լևոն Տեր-Պետրոսյանը ներքին համոզմունք ուներ, որ ադրբեջանցիներին չենք կարող հաղթել. խորհրդային բանակից Հայաստանում մնացել էր 500 վագոն զենք, Ադրբեջանում` 10.000 և սա հիմք էր տալիս Լևոն Տեր Պետրոսյանին մտածելու, որ մենք պարտվելու ենք, իր շրջապատի մարդիկ սրան հավատում էին, ես` հակառակում էի համոզված: Ընդհանրապես, բանակի ուժը չափվում է 2 գործոնով`1. ազգային եկամուտ, ռազմական բյուջե, զինամթերքի և բնակչության քանակ, 2. բնակչության համախմբվածություն, վստահություն դեպի հաղթանակը, հոգեբանական պատրաստվածությունն ու տրամադրվածությունը: Առաջին նախագահը, հիմք էր վերցնում առաջին գործոնը, ես` երկրորդ և պարզվեց չէի սխալվում: Ի՞նչ էր առաջարկում Լևոն Տեր-Պետրոսյանը. «Դադարեցնել պայքարը, բանակցությունների միջոցով լուծել հարցը», սա ճիշտ չէր, որովհետև հակառակորդը մեզ հանգիստ չէր թողնելու. հիշենք Ալիևի հայտարարությունը, թե կնոջ հետ գալու է ու Սևանում լողանա: Խաղ կա, որ չարժի խաղալ, բայց եթե մտել ես խաղի մեջ, չպետք է հետ քաշվել, մինչև չհաղթես, եթե մենք կես ճանապարհից հետ գնայինք, մենք ՀՀ տարածքներ էինք կորցնելու:

-Պարոն Մանուկյան, նորից անդրադառնանք բանակաշինությանը, այսօր շատ է խոսվում, թե պետք է հրաժարվենք ռուսական բանակի «կնիքից», որ մեր բանակը ազգային մենթալիտետին համահունչ չէ և որ , ի սկզբանե, պետք էր ազգային բանակ ստեղծվեր: Դուք կիսո՞ւմ եք այս տեսակետը:

-Մենք քննարկումներ արեցինք. ստեղծել ՆԱՏՕ-ական, թե՞ ռուսական բանակ: Որոշվեց երկրորդ տարբերակը, և հակառակը հնարավոր էլ չէր, ի վերջո մեր սպաները խորհրդային բանակի փորձն ու գիտելիքն ունեին, և մենք ստեղծեցինք ռուսական կամ խորհրդային բանակի կառուցվածքով ազգային բանակ, պատերազմի ժամանակ ու երբ դու ինքդ չես պատրաստում «ազգային սպաներ», խոսել այլ համակարգային տարբերակի մասին անիմաստ էր: Չեմ կարող ասել, որ ռուսական դպրոցն անցած սպաները պակաս հայրենասեր էին, Արցախի պատերազմն անցած ֆիդայիներից՝ սովետական մտածողություն ունեին, բայց քարոզչություն տարվում էր: Պիտի ասեմ, որ մենք մեծ իմաստով չենք տուժել, ընդօրինակելով ռուսական բանակի կառուցվածքային սխեման: Հիշում եմ , ըստ այդ սխեմայի, պիտի ունենայինք խողոկաշար անցկացնող բատալիոն, սկզբում մտածում էինք, ինչներիս է պետք, բայց հետո, այդ ստորաբաժանումն օգնեց նավթ տեղափոխել: Ինչ վերաբերում է, թե խորհրդային բանակից ժառանգել ենք չգրված օրենքներ` կաշառակերություն, «դեդավշինա», համաձայն չեմ, այդ երևույթները բոլոր բանակներում էլ կան, սա անհատի ներքին համոզմունքների, դաստիարակության հարց է, դրա դեմ իհարկե պետք է պայքարել: Ավելին ասեմ` ես միշտ կողմ եմ եղել և հիմա էլ պնդում եմ, որ 18 տարեկանը լրանալուց հետո, բոլորը զորակոչվեն, ծառայեն 1,5 տարի, բանակում նրանց լավ կրթեն, ծառայությունից հետո, նրանց համար պիտի ապահովվի բարձրագույն անվճար կրթություն, այլապես այսօր, կրթական համակարգը վնասում է բանակին. պետպատվերի տեղերը կրճատում են, «փողի», ոչ թե մտքի ընտրյալները անվճար ԲՈՒՀ են ընդունվում, իսկ ապագա գիտնականները դուրս են մնում, որոշ բացառություն կարող է լինել երաժիշտների, մաթեմատիկոսների և ֆիզիկոսների համար, այն էլ, եթե ինչ-որ գյուտի ստեղծմամբ է զբաղված:

Շարունակությունը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Հայոց բանակը

հայոց բանակՀայ ժողովրդի պատմությունը պայքարի ու պատերազմի պատմություն է: Անգամ ավանդությունն է փաստում, որ հայն իր գոյության իրավունքը կերտեց հայկյան աղեղից դիպուկ արձակած նետով: Եվ Հայոց ձորի ճակատամարտը, որտեղ Հայկը գետնեց Բելին, համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ նկարագրված հնագույն ճակատամարտն է:

Պատմությունը մեզ շիտակ դաս է տվել. երբ թուլացել է հայկյան աղեղը, երբ թուլացել է հայորդու բազուկը, թշնամու սուրն է կախվել մեր գլխին:

Հայը դեռ հազարամյակներ առաջ ռազմարվեստի մեջ իր նորամուծությունները մտցրեց. առաջին անգամ երկաթի կիրառությունը, երկաթյա զենք ու զրահի առաջին կիրառությունը մեր նախնիներին է պատկանում, առաջին հեծելազորի ստեղծման և ձին որպես ռազմի գործիք կիրառելու պատիվը նույնպես  մեր նախնիներինն է:

Շատ տերություններ կորան, փոշիացան պատմության քառուղիներում, բայց հայոց բանակը մեր ազգի գոյության ու կենսունակության գրավականը եղավ:

Որտեղ ասես որ արյուն չի թափել հայ զինվորը: Դեռ հեռավոր մ.թ.ա. 612 թվականին Բաբելոնն ու Մարաստանը իրենց թշնամի Նինվեն կործանելու համար փնտրում էին հայ զինվորի աջակցությունը, և Պարույր Հայկազնը իր հեծյալներին առաջնորդեց Միջագետք` կործանելու Նինվեն` հանուն իր ազգի գոյատևման:

Մ.թ.ա. 331 թվականին եվրոպական մայրցամաքից Ասիան նվաճելու եկած Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհանվաճ անհաղթ բանակներին միակ լուրջ դիմադրությունը հայերը ցույց տվին Գավգամելայի դաշտում, երբ պարսկական բանակի ձախ թևը կազմող հայկական գնդերը կարողացան անսասան մնալ մակեդոնական փաղանգի առջև և դարձյալ երաշխիքը եղան Հայաստանի անկախության: Իսկ երբ մակեդոնական բանակը ցանկացավ արդեն բուն Հայաստանը նվաճել, Սպերի ճակատամարտում հայոց բանակը ջախջախեց մակեդոնացիներին ու սպանեց նրանց զորավար Մենոնին:

Մ.թ.ա. II դարում հզոր Հռոմի հիմքերը ցնցած կարթագենցի Հաննիբալը հայ զինվորի բազկին միայն վստահեց և ապաստան գտավ Հայոց երկրում:

Տիգրան Մեծ արքան հայ հեծելազորի ոտքերի տակ փոշիացրեց ողջ արևելքը: Պարթևստան, Մարաստան, Օսրոյենե, Գամիրք, Ասորիք… Տասնյակի չափ մեծ ու փոքր երկրներ հպատակեցրեց: Բազմիցս ջարդեց հռոմեական լեգեոնները և աստվածացվեց սեփական ժողովրդի կողմից:

62 թվականին հայոց զորքերը կարողացան ջարդել հռոմեական անպարտ բանակը: Հռոմը դեռ երկար պիտի հիշեր այդ նվաստացումը: Ոչ դրանից առաջ, ոչ էլ հետո, ոչ մի բանակի, ոչ մի զորավարի չի հաջողվել այդպես նվաստացնել Հռոմին: Եվ այդ հաղթանակով Տրդատ Ա Արշակունին նվաճեց Հայաստանում թագավորելու իրավունքը:

III դարում Խոսրով Գ Մեծ հայոց արքան հայոց հեծելազորով հրի ու սրի ճարակ դարձրեց Սասանյան դարձած Պարսկաստանը, և պարսից արքան միայն Անանկ Պարթևի դավաճանությամբ կարողացավ կանգնեցնել հայոց հաղթարշավը:

IV դարից Մամիկոնյան պայազատները ղեկավարեցին հայոց զինուժն ու իրենց արյամբ օծեցին հայոց հաղթանակները: Վասակ Մամիկոնյան սպարապետը սասանեց պարսից և բյուզանդական զորությունը, Մուշեղ Մամիկոնյան զորավարը Ձիրավի դաշտում իր քաջությամբ ու մեծահոգությամբ արժանացավ անգամ իր  ոսոխի` Շապուհի հիացմունքին, Մանվել Մամիկոնյան սպարապետն օր ծերության մահվան մահճում անիծում է իր բախտը, որ չի նահատակվում ռազմի դաշտում, այլ վախճանվում է անկողնում… Ահա հայ զինվորի, նվիրյալ հրամանատարի կերպարը:

VII դարից հայոց այրուձին կանգնեցրեց իսլամի կանաչ դրոշի շարժը դեպ Եվրոպա: Եվ արաբական հորդաները, չկարողանալով տիրանալ հայոց հողին, դեպի Եվրոպա իրենց ուղին հարթեցին` նվաճելով ողջ Հյուսիսային Աֆրիկան, որտեղից էլ անցնելով Ջիբրալթարը` ոտք դրեցին եվրոպական մայրցամաք:

Եվ IX դարում Բագրատունի ասպետները սուր բարձրացրին իսլամի դեմ ու առաջնորդեցին հային դեպ ազատություն: Բագրատունյաց խոնարհված դրոշը փառքով պսակեցին Զաքարյան հսկաները, որ ազատության հաղթարշավ սկսելով Լոռուց` կարճ ժամանակում թոթափեցին ստրկության շղթաներն ու թագով զարդարեցին իրենց լուսավոր ճակատները:

Անգամ օտար հողում` Կիլիկիո երկրում հայոց զինվորը հայրենիք կերտեց ու պետականություն ստեղծեց:

Եվ որտեղ ասես, որ հայ զինվորը  իր կեցվածքով չսրբագրեց մեր պատմությունը:Շարունակություը կարդացեք հետևելով հղմանը:

Անկախ

Հայոց բանակի ստեղծման առաջին քայլերը,տեսանյութ

հայոց բանակ

1991թ. մայիսի 4-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե:
Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրած  այդ թիվ 325 որոշմամբ` Նախարարների խորհրդին առընթեր Զինվորական գերատեսչությունների աշխատանքի կոորդինացման կոմիտեն կազմավորվեց որպես Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտե:
Երբ Հայաստանի Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն ստեղծվեց, Հայաստանի Հանրապետությունը դեռևս Սովետական Միության կազմում էր: Կոմիտեն ստեղծվեց «Կոլցո» գործողությունը սկսվելուց չորս օր անց:  Մոսկվայի ձեռնարկած «Կոլցո» գործողությունը Սովետական բանակի պատմության մեջ նրա մղած վերջին  ներքին պատերազմն էր: Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններում ու Հայաստանի սահմաններին խորհրդային բանակի ու ադրբեջանական միլիցիայի զինված ջոկատների դեմ կռվի դուրս եկան տեղացիները, նրանց օգնության մեկնած կամավորները:
Դեռ 1990 թ.սեպտեմբերի վերջին, Մոսկվային հավատացնելով, թե իբր հասարակական կարգը պահպանելու համար, Նախարարների խորհուրդը հիմնել էր հայկական կանոնավոր բանակը սկզբնավորելիք առաջին գունդը` ներքին գործերի նախարարությանն առընթեր Հանրապետության պաշտպանության և հասարակական կարգի պահպանության հատուկ գունդը: Ներքին գործերի նախարարը Կառլոս Պետրոսյանն էր: 1990 թ. հոկտեմբերի 5-ին գունդն իր առաջին երդումը տվեց Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին: (Հայաստանի Հանրապետության վարչապետ Վազգեն Մանուկյանն  իր ողջույնի խոսքն ուղղեց գնդի մարտիկներին:)
ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր պաշտպանության կոմիտեն գործեց մինչև 1992 թ.: Սովետական Միության պաշտոնական լուծարումից մեկ ամիս անց` 1992 թ. հունվարի 28-ին, կառավարության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ստեղծելու որոշմամբ, կոմիտեն լուծարվեց:

 

 

 

ԶՈՐԱՀԱՆԴԵՍՆ  ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՆՔ
«Հուզումնալից է այս պահը: Մենք ճանաչում ենք միմյանց: Շատերիդ հետ ենք հանդիպել ևʹ Կոռնիձորում, ևʹ Մանաշիդում, Երասխավանի ճակատամարտի ժամանակ: Փոխվել են ժամանակները: Մենք ըմբոստ ուժ էինք, որ ուզում էինք պաշտպանել մեր ժողովրդին, և մեր պայքարը գնում էր ոչ միայն արտաքին թշնամու դեմ, այլ նաև ներքին: Այժմ մենք ունենք մեր հանրապետությունը: Այն դեռ լրիվ անկախ չէ: Մենք ստիպված ենք հաշվի առնել տարբեր հանգամանքներ: Բայց մենք քայլում ենք այդ ուղղությամբ և կհասնենք քաղաքական անկախության, տնտեսական անկախության: Շատ մարդիկ, որոնք նախորդ շրջանում բուռն գործունեություն էին ծավալում, ցավոք սրտի, այսօրվա պայմաններում չեն  կարողանում գտնել իրենց տեղը կյանքում: Դուք գտաք այդ տեղը` ձեր վրա վերցնելով մի շատ ծանր և հերոսական պարտականություն` ծառայել ժողովրդին, ծառայել նվիրվելով: Ես ողջունում եմ և կուզենայի ձեզ ներշնչել այդ բարձր ոգին, երազանքի ոգին: Երազանքի, որ մենք նորից պիտի դառնանք մի հզոր ազգ` արժանի մեր պապերին: Մենք դեռ շատ բան ունենք տալու աշխարհին, և սա մեր առաջին քայլերից մեկն է, որ մեզ տանում է այդ ուղղությամբ: Մենք կունենանք հզոր պետություն, հզոր բանակ, հզոր տնտեսություն և կվերադարձնենք մեր նախնիների փայլը:Ողջույն ձեզ»:
«Հայք», թիվ 34, 9 հոկտեմբերի, 1990 թ.
Վազգեն Մանուկյանը հետագայում` պատերազմի տարիներին` 1992 թ. սեպտեմբերից մինչև  1993 թ. օգոստոսը, Հայաստանի պաշտպանության նախարարն էր:

Անկախ