Հայ-թուրքական հարաբերությունները ապագա չունեն. ադրբեջանցի վերլուծաբան

Ռուֆիզ ՀաֆըզօղլուԱդրբեջանական «Թրենդի» արաբալեզու լրատվության ղեկավար Ռուֆիզ Հաֆըզօղլուն հանդես է եկել մեկնաբանությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան կատարած այցի վերաբերյալ:

«Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունը Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին ոչ միանշանակ է ընդունվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Պարզ է, որ Անկարայում Թուրքիայի արտգործնախարարի այցից մեծ սպասելիքներ ունեին, կապված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ: Ահմեդ Դավութօղլուն, որը «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարի հիմնադիրն է, Թուրքիայում ունի մեծ կշիռ՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի համեմատությամբ, որը նույնպես ժամանակին այց կատարեց Երևան: Չնայած նրան, որ Անկարայի կողմից իրականացվող «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հաջողություններ ունեցավ որոշ երկրների հետ հարաբերություններում, այնուհանդերձ Հայաստանը չօգտվեց դրանից: Հայաստանը ամեն անգամ մերժում է Թուրքիայի մեկնած ձեռքը: Թուրքիայի ղեկավարներն էլ շատ լավ գիտեն, որ հայ-թուրքական հարաբերությունների լավացման հարցում անհրաժեշտ առաջընթաց չի գրանցվելու: Հայաստանից Դավութօղլուի վերադարձից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ երկու երկրների միջև առկա խնդիրները մոտակա ժամանակում չեն լուծվի»,-նշել է Հաֆըզօղլուն:

Անկախ

Մեր ցանկությունը, իդեալը, տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է. Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ ԴավութօղլուԹուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր անգլիացի գործընկերոջ՝ Ուիլիյամ Հեյգի հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: ԶԼՄ-ների ներկայացուցիչներից մեկը Դավութօղլուին հիշեցնելով Սևծովյան տնտեսական համագործակցության կոնֆերանսին մասնակցելու Հայաստանի ուղարկած հրավերը, հարցրել է, թե արդյո՞ք քայլեր ձեռնարկվելու են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին կենդանություն հաղորդելու համար: «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք ժողովի հրավերը օրինաչափություն է»,-նշել է Դավութօղլուն:
Արտգործնախարարը, հայտնելով, որ համաժողովին հրավիրվել են կազմակերպության անդամ բոլոր երկրները, նշել է, որ կարիք չկա այս հրավերը առանձնահատուկ կերպով մեկնաբանել: «Մեր ցանկությունը, իդեալը, տեսլականը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն է, Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հարցերի լուծումը և րոպե առաջ խաղաղ մի հանգուցալուծմամբ Հարավային Կովկասում մշտական խաղաղության հաստատումն է: Այս նպատակին հասնելու համար կանենք անհրաժեշտ ամեն բան, կձեռնարկենք անհրաժեշտ ամեն քայլ»,-հայտարարել է Դավութօղլուն:

 

Անկարան Հայաստանի հետ «լուռ դիվանագիտություն» է վարում. «Միլիյեթի» սյունակագիր

Սամի Կոհեն,Լեռային Ղարաբաղ,հայ-թուրքականԹուրքական «Միլիյեթի» հրեա սյունակագիր Սամի Կոհենը իր այսօրվա հոդվածում փորձել է ներկայացնել հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը և այս հարցի շուրջ Անկարայի դիրքորոշումը:
«Ըստ Անկարայի տեսակետի՝ եթե լուծվի Լեռային Ղարաբաղի հարցը, Երևանի հետ ունեցած արգելքը կվերանա: Այնուհանդերձ այս խնդրում 20 տարվա ընթացքում ոչ մի առաջընթաց չի գրանցվել: ԵԱՀԿ Մինսկի խումբը տարիներ շարունակ լուծում է փնտրում, սակայն որևէ արդյունքի չի կարողանում հասնել: Երևանը նպատակ չունի վերջ դնել «տարածաշրջանում գոյություն ունեցող օկուպացիային և այս հողերը (կամ դրանց մեծ մասը) վերադարձնել Բաքվին»: Այս պայմաններում անհավանական է թվում, որ Անկարան Հայաստանի հետ կսկսի հարաբերությունների նորմալացման գործընթացը: Եթե նույնիսկ Ղարաբաղյան հարցի լուծման ճանապարհին մի հրաշք լինի: Այնուամենայնիվ թուրքական դիվանագիտությունը այս գործը հեշտացնելու ուղղությամբ ջանքեր է գործադրում: Եթե նայենք արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի՝ «NTV»-ում արած հայտարարությանը, ապա կարելի է նկատել, որ Անկարան լուծումների փնտրտուքների մեջ է: Արդյո՞ք արդյունք կտա այս «լուռ դիվանագիտությունը»: Եթե տա, ինչ հիանալի կլինի, եթե ոչ, ապա նշանակում է, որ Երևանի հետ առկա իրավիճակը չի փոխվի»,-գրում է Կոհենը:

Թուրքիայում սկսել են շարադրել հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը

 հայ-թուրքականԹուրքական պատմագիտական ընկերությունը սկսել է մեծ աշխատություն գրել հայ-թուրքական հարաբերությունների պատմական զարգացումների վերաբերյալ: Ընկերության հայտարարությամբ՝ այս նախաձեռնության նպատակն է «ընդդեմ Թուրքիայի միջազգային օրակարգ բերված հարցերը միջազգային հանրությանը ներկայացնել պատմական ճշմարտությանը համապատասխան և այնպիսի ֆիլմեր և վավերագրական նյութեր նախապատրաստել, որոնք արձագանք կգտնեն միջազգային ասպարեզում»:

Աշխատությունը ընդգրկելու է երկու երկրների հարաբերությունների պատմությունը, ինչպես նաև այնպիսի հոդվածներ, որոնք դիտարկում են հայ-թուրքական առնչությունների սոցիալական ասպեկտները: Բացի այդ՝ ժողովածուի մեջ ներառվելու են հայ-թուրքական հարաբերություններին անդրադարձած մի շարք մասնագետների գրչին պատկանող մեկնաբանություններ: Թուրքական «Զամանի» հաղորդմամբ՝ այս հրատարակությունը յուրատեսակ նախապատրաստություն է 2015 թվականին ընդառաջ:
Նշենք, որ Թուրքական պատմագիտական ընկերությունը հիմնադրվել է 1931 թվականին Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսաֆա Քեմալ Աթաթուրքի նախաձեռնությամբ և կարգադրությամբ: Ընկերությունը, մշակելով թուրքական պաշտոնական պատմագրության մեզ հայտնի թեզերը, հանդիսանում է պատմական կեղծարարությամբ զբաղվող խոշոր մի կառույց:

Հայ-թուրքական հարաբերությունները կարող էին ավելի լավ լինել. Ահմեդ Դավութօղլու

Ահմեդ Դավութօղլու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն շվեյցարանկան «Neue Zürcher Zeitung» թերթին տված հարցազրույցում նշել է, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունները ավելի լավ վիճակում են, քան 10 տարի առաջ: Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան կարևորում է հարևան երկրների հետ հարաբերությունները, այդ թվում նաև Հայաստանի: «Հայ-թուրքական հարաբերությունների վիճակն ավելի լավ է, քանի 10 տարի առաջ էր, սակայն կարող էր շատ ավելի լավ լիներ: Մենք 2009 թվականին Հայաստանի հետ արձանագրություններ ստորագրեցինք, սակայն Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց շարունակել օկուպացնել ադրբեջանական հողերը»,-ասել է Դավութօղլուն:

Դիրարբեքիրը ինչքան քրդերին, այնքան էլ հայերին ու ասորիներին է պատկանում. Օսման Բայդեմիր

baydemirԱվստրիայի մայրաքաղաք Վիենայում հայկական և ասորական համայնքները ընթրիք են կազմակերպել Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի պատվին: Ընթրիքին ներկա են գտնվել Ավստրիայի հայկական համայքի առաջնորդ Ալի Թաղյանը, ասորական համայնքից` Յուսուֆ Գյունեյը, Վիեննայի քաղաքային խորհրդի անդամ Ասլան Էրգենը, ինչպես նաև հայ համայնքի մի շարք անվանի դեմքեր:

Ինչպես հաղորդում է «Pirsus Haber» կայքը՝ Ալի Թաղյանը Վիենայի բոլոր հայերի անունից շնորհակալություն է հայտնել Օսման Բայդեմիրին Միջին Արևելքի ամենամեծ եկեղեցին հանդիսացող Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման համար: Բայդեմիրն էլ իր հերթին նշելով, որ Դիրաբեքիրը ինչքան քրդերինն, այնքան էլ հայերին և ասորիներին է պատկանում, հայերին Դիրաբեքիր է հրավիրել: Բայդեմիրը նաև նշել է, որ եկեղեցու մի մասը վերածվելու է հայկական մշակույթի թանգարանի, իսկ Ալի Թաղյանն ու Յուսուֆ Գյունեյը ցանկություն են հայտնել ներկա գտնվելու թանգարանի բացմանը:

Նշենք, որ Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնման համար քաղաքապետարանի բյուջեից 1 մլն թուրքական լիրա էր հատկացրել: Բայդեմիրի նման պահվածքը առիթ է հանդիսացել, որպեսզի նա բազմիցս քննադատության արժանանա հայամետ լինելու համար: Այս պարագայում բոլորովին զարմանալի չէ, որ թուրքական կայքը քաղաքապետի Վիենա կատարած այցի մասին պատմող հոդվածը վերնագրել է հետևյալ կերպ. «Բայդեմիրի հայասիրությունը մայրցամաքներ է անցնում»:

Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանը հայկական եկեղեցի է այցելել

2Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպան Դեյվիդ Ռեդդաուեյն այցելել է Քայսերիի (Կեսարիա) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի. տեղեկացնում է “Հայ թերթ” կայքը։

Նա մի քանի կրոնական կենտրոններ այցելելուց հետո ուղևորվել է Կեսարիա, մոմ վառել հայկական եկեղեցում ու նվիրատվություն արել եկեղեցու հիմնադրամին։

Դեսպանը նշել է, որ ժամանակին հայերի և թուրքերի միջև պատմական ու գեղեցիկ միասնություն է եղել, և այդ շինություններն անցյալի ապացույցներն են։

Բրիտանացի դիվանագետը հավելել է, որ երկու ժողովուրդների պատմության ընթացքում որոշ խնդիրներ են առաջացել, որոնք հնարավոր է լուծել, եթե երկու երկրների միջև հանդիպումներ տեղի ունենան։

Հայկական եկեղեցի այցելելուց հետո դեսպանը նաև որոշ մզկիթներ է այցելել և մեկնել Կեսարիայից:

 

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Աղվան Հովսեփյանի հայտարարությանը

g_imageՊաշտոնական Անկարան արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ օրեր առաջ արած այն հայտարարությանը, որ «Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին պետք է նյութական փոխհատուցում տրամադրվի, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները, Հայաստանի Հանրապետությունն էլ պետք է ստանա իր կորցրած տարածքները»:

Թուրքիայի արտգործնախարարությունը տարածել է հայտարարություն, որում նշվում է. «Հայաստանի գլխավոր դատախազի հայտարարությունն արտացոլում է Թուրքիայի տարածքային ամբողջականության և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի իշխող շրջանների դիրքորոշումը: Այդ դիրքորոշումը, սակայն, հակասում է այնպիսի միջազգային կազմակերպությունների առջև Հայաստանի ստանձնած պարտավորություններին, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն: Բոլորը պետք է հասկանան՝ որևէ մեկը Թուրքիայից հողեր պահանջելու իրավունք չունի»:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հուլիսի 5-ին, մայրաքաղաք Երևանում, «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով համաժողովի ժամանակ, անդրադառնալով Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական կողմին, մասնավորապես հայտարարել էր.«Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը: Զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային: Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը՝ այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվենԹուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»: