Ինչպես քիչ գումարով հանգստանալ Հայաստանում

Քիր Ապերի գլխին Լուսանկարը`One way tour-i

Քիր Ապերի գլխին
Լուսանկարը`One way tour-ի

Ամառային տապը օր օրի սաստկանում է, իսկ այն մարդիկ, որոնք դեռ արձակուրդում չեն, պլանավորում են իրենց առաջիկա հանգիստը: Ոմանք գիտեն, թե ուր են գնալու, ինչքան են ծախսելու: Ոմանք էլ դեռ փնտրտուքի մեջ են` պարզելու, թե որտեղ կարելի է հանգստանալ հնարավորինս մատչելի գներով:
«Անկախը» ևս պրպտել է ու մի քանի առաջարկներ առանձնացրել, որոնք կարող են օգտակար լինել մեր ընթերցողների համար:
Այսպես, ակտիվ հանգստի սիրահարների համար հետաքրքիր փաթեթներ է առաջարկում One way tour կազմակերպությունը: 2011-ից գործող ընկերությունն արդեն հասցրել է 200 արշավ իրականացնել ՀՀ տարածքում, Արցախում, Արևմտյան Հայաստանում, Պարսկահայաստանում, որոնց մասնակցել է շուրջ 4 հազար մարդ:
Արշավների կազմակերպիչ Մաթևոս Բարսեղյանն ասում է, որ հետզհետե ակտիվ հանգստի պահանջարկը մեծանում է, մարդիկ սկսում են գիտակցել, որ հանգստյան մեկ-երկու օրը կարելի է բնության գրկում անցկացնել և լիցքաթափվել: Արշավների կազմակերպիչները պատմաբան-աշխարհագրագետի հետ միասին ընտրում են հետաքրքրություն ներկայացնող վայրեր, երթուղի մշակում ու մարդկանց ծանոթացնում հայրենի բնաշխարհին ու պատմական վայրերին: Բարսեղյանն ասում է, որ հատկապես պահանջված ուղղություններ են Տաթևն ու Լաստիվերը, որտեղ ամեն շաբաթ խումբ է ուղևորվում: Բայց պարբերաբար կազմակերպում են նաև արշավներ դեպի քիչ հայտնի վայրեր, օրինակ` վերջերս այցելել են Ջիլիզա գյուղ և Չախալաբերդ:
«Քայլարշավով տուրերին հիմնականում 18-45 տարեկան անձինք են մասնակցում, բայց ունեցել ենք 2-80 տարեկան մասնակիցներ»,- ասում է Բարսեղյանը:
Նա նշում, է, որ իրենց գործում հիմնական խանգարող գործոնը զուգարանների բացակայությունն է և պատմական հուշարձանների մոտակայքում կուտակված աղբը:
Պասիվ հանգստի սիրահարների համար ևս հետաքրքիր առաջարկներ կան: Օրինակ` Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարանը համացանցում ներկայացված ջերմուկյան առողջարաններից ամենամատչելին է: Այստեղ մեկ անձի հանգստի արժեքը սկսվում է 11 հազար դրամից:
Արզնիում հնարավոր է հանգիստը կազմակերպել օրական 12 հազար դրամով: Նման սակագին է առաջարկում Արզնիի թիվ 1 առողջարանը:
Ծաղկաձորում ևս հանգստի ամենամատչելի առաջարկը սկսվում է 12 հազար դրամից: Ծաղկաձորում նման բացառիկ սակագին է առաջարկում «Ռիպա» առողջարանը:
Եթե ուզում եք Լոռու մարզի հրաշք բնությունը վայելել, ապա կարող եք ընտրել «Օձուն» պանսիոնատը, որտեղ մեկ օրվա հանգստի արժեքը սկսվում է 9 հազար դրամից (միայն նախաճաշով) և 12 հազար դրամից` երեք անգամ սննդի դեպքում:
Դիլիջանում ևս հնարավոր է հանգիստը կազմակերպել` սկսած օրը 12 հազար դրամից: Այստեղ նման սակագին է առաջարկում «Հայք» հանգստյան տունը:
Համեմատաբար մատչելի գներով է հնարավոր կազմակերպել հանգիստը Ստեփանավանում: Այստեղ «Լոռի բերդ» տուրիստական հանգրվանում մեկ անձի համար մեկ օրվա արժեքն է 7-8 հազար դրամ:
Համեմատաբար մատչելի առաջարկներ կան նաև Հանքավանում գործող հանգստյան տներից: Այսպես, Հանքավանի «Խոտորջուր» առողջարանում մեկ անձի մեկօրյա հանգստի արժեքը կազմում է 10000 դրամ, Մարմարիկ հանգստյան տանը` 7000 դրամ:
Այս ամենը` համացանցում ներկայացված ընկերությունների ու հյուրատների առաջարկած ծառայությունների մասին:
Վստահաբար, հնարավոր է ավելի մատչելի սակագներով տարբերակներ գտնել արդեն համացանցից դուրս, կոնկրետ վայրում ունեցած ծանոթների միջոցով: Չէ՞ որ հյուրատների գաղափարը մեզ մոտ նոր-նոր է զարգանում, և շատերը համացանցում ներկայացված չեն, չնայած հաջողությամբ գործում են:
Իհարկե, թվարկված մատչելի սակագների դեպքում դժվար թե ակնկալեք նոր վերանորոգված և գերհարմարավետ սենյակներ, բայց հանգստի գնում եք ոչ թե սենյակի, այլ բնության, մաքուր օդի և աղմուկից կտրվելու համար: Այսպիսով, պարզ է դառնում, որ Հայաստանում էլ հնարավոր է մատչելի գներով հանգստանալ և դրա համար չհասնել հարևան երկիր: Պարզապես պետք է լավ փնտրել: Եվս մեկ կարևոր հանգամանք. քանի որ մատչելի հանգստյան տների նկատմամբ պահանջարկը մեծ է, հարկավոր է գոնե 1-2 ամիս առաջ տեղեր պատվիրել, այլապես վերջին պահին, այն էլ ներկայիս թեժ սեզոնին, հաստատ ազատ մատչելի սենյակներ չեք գտնի:

 

 

 

Ինչպե՞ս լավ հանգստանալ և աշխատանքի վերադառնալ առանց սթրեսների. խորհուրդներ հոգեբանից

անուշ ալեքսանյանԱմառ է, արձակուրդների բուռն սեզոնը, երբ ամեն ոք կա՛մ արդեն արձակուրդում է, կա՛մ էլ ծրագրում է իր առաջիկա հանգիստը: Այս սեզոնին շատ է խոսվում այն մասին, թե ինչպես կարելի է ճիշտ հանգստանալ: Հանգստի մեկնողներս, որպես կանոն, գիտենք, որ արևի տակ ցերեկային ժամերին չպետք է մնալ, որ ծովափ մեկնելիս արևապաշտպան քսուքները, արևային ակնոցը պարտադիր են, որ պետք է խուսափել շուտ փչացող սննդամթերքից, ինչպես նաև անծանոթ մթերքներից: Այս ամենն ապահովում են ֆիզիկական առողջությունը: Իսկ ինչպե՞ս հանգստանալ, որ ֆիզիկականից բացի կարողանանաք պաշտպանել նաև հոգեկան առողջությունն ու արձակուրդից վերադառնալիս չլինենք շատ ավելի հոգնած ու ուժասպառ, քան արձակուրդի մեկնելուց առաջ էինք:

Այս թեմայով «Անկախը» զրուցել է «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան Անուշ Ալեքսանյանի հետ:

– Անուշ, ի՞նչո՞ւ են բոլորը ցանկանում ամռանը հանգստի գնալ, սա կարծրատի՞պ է:

– Չեմ կարծում, որ ձևավորված կարծրատիպ է, ավելի շատ եղանակային փոփոխությունների հետ է կապված, շոգ եղանակին մարդկանց աշխատունակությունն ընկնում է, և մարդիկ ձգտում են հանգստանալ: Նաև կապված է ծովափնյա սեզոնի հետ:

– Ինչպե՞ս պետք է հանգստանալ, որ հանգստից վերադառնալիս ավելի շատ հոգնած չլինենք:

– Հանգստի մասին թյուր պատկերացումներ կան, որոնք ևս խանգարում են, որ ճիշտ կազմակերպենք մեր հանգիստը: Օրինակ` շատերը կարծում են, որ ամառային հանգիստը պետք է պարտադիր ծովափին լինի կամ միայն ծովափնյա հանգիստն է հանգիստ: Իրականում այդպես չէ: Յուրաքանչյուր մարդ պետք է ինքն իրեն հետևի և հասկանա, թե ինչպես կկարողանա հանգստանալ: Մարդիկ կան, որոնք գեղարվեստական գրքեր կարդալով են հանգստանում: Այս պարագայում կարելի է արձակուրդն անցկացնել հանգիստ և անտառաշատ մի վայրում, որտեղ հնարավոր է ժամերով պառկել ծառի տակ ու կարդալ:
Այն մարդիկ, որոնք պասիվ աշխատանքային գրաֆիկով են ապրում, գուցե նախընտրեն ակտիվ հանգիստը, ոչ թե պասիվը:

Մարդու խառնվածքից էլ է կախված, թե ինչ հանգիստ կնախընտրի: Չկան ընդհանուր հանձնարարականներ կամ խորհուրդներ բոլորի համար, բայց կան անհատական առանձնահատկություններ, որոնք յուրաքանչյուր մարդ պետք է փորձի հասկանալ և հաշվի առնել: Խորհուրդս այն է, որ չհետևեն հանգստի գովազդվող տեսակներին, չակնկալեն, որ հանգիստը յուրաքանչյուրի համար նույնը լինի:

Հանգիստ կարող է լինել գործունեության տեսակի, բնակության վայրի, տարածքի փոփոխությունը: Ցանկալի է, որ մարդաշատ, խոշոր քաղաքներում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն հանգիստ միջավայր, որտեղ աղմուկը քիչ է: Օրինակ` ցանկալի չէ, որ մեծ քաղաքում ապրող մարդիկ հանգստի համար ընտրեն մարդաշատ և աղմկոտ հանգստի վայր, եթե անգամ դա ծովափ է: Նման պարագայում միջավայրը կարող է փոխվել, բայց ազդակները, որոնք արտաքին աշխարհից գալիս են, չփոխվեն, այսինքն` հանգստանալ պետք է նաև արտաքին ազդակները փոխելով:

– Իսկ ինչպե՞ս մարդ կարող է կողմնորոշվել, թե իրեն հանգստի որ տեսակն է հարկավոր:

– Փորձելով, հանգստի համար ընտրելով այնպիսի միջավայր, որը լրիվ տարբերվում է իրենից: Մարդ կարող է գնալ Լաս Վեգաս հանգստի, որտեղ լիքը էմոցիոնալ զբաղմունքներ կան, ատրակցիոններ, խաղեր, ժամանցի վայրեր, սա կարող է շատ ծանրաբեռնել մարդուն և հոգնեցուցիչ լինել, չնայած միջավայրի փոփոխություն է: Էմոցիոնալ ծանրաբեռնվածությունը ևս շատ հոգնեցնող է: Սեփական ոճը գտնելու համար մարդ պետք է փորձի վերլուծել և հասկանալ, թե ինչն է իրեն շատ հոգնեցնում: Մարդիկ հաճախ նախընտրում են ընտանիքի հետ հանգիստը, բայց երբեմն ընտանիքի հետ հանգիստը կարող է հանգստացնող չլինել, որովհետև մարդիկ իրենց ընտանիքից, ընտանեկան հարաբերություններից, նույն մարդկանց հետ անընդհատ լինելուց և շփվելուց ևս հոգնում են: Տարվա ընթացքում կարելի է մեկ շաբաթ տրամադրել մենակ հանգստին, ինչը, կարծում եմ, հայկական միջավայրում մի քիչ խորթ կարող է թվալ: Հայերս դժվարանում ենք հանգստանալ, ժամանց կազմակերպել և լիարժեք գոհանալ այդ հանգստով և հանգստյան տնից իսկապես հոգնած ենք գալիս:

– Շատ մարդիկ փորձում են տանն իրենց հանգիստը կազմակերպել, որտեղ չկա միջավայրի փոփոխություն: Այս պայմաններում ինչպե՞ս կարելի է հանգստանալ:

– Իսկապես, կան մարդիկ, որոնք հանգստանում են իրենց տանը, այսինքն` կարող են լիարժեք թուլանալ, հանգստանալ իրենց իսկ միջավայրում: Օրինակ` շատ մաքրասեր մարդիկ, որոնք կարևորում են հիգիենայի կանոնները, կարող են հյուրանոցում, որտեղ իրենք չեն ապահովում մաքրությունը, լրացուցիչ լարվածության և անհանգստության մեջ լինել: Նման մարդիկ ավելի լավ է` տանը հանգստանան, իրենք իրենց ժամանակ տրամադրեն: Կարող են ընտանիքի անդամներին ուղարկել հանգստի, իսկ իրենք մնալ տանը և հանգստանալ տան միջավայրում: Սա արդեն անհատական առանձնահատկություն է:

– Իսկ կա՞ հանգստի օպտիմալ ժամանակահատված, որի ընթացքում մարդը վստահաբար կկարողանա ազատվել կուտակված բացասական լիցքերից և դրական էներգիայով լեցուն աշխատանքի վերադառնալ:

– Չկա այդպիսի օպտիմալ ժամանակահատված: Դրանք ավելի շուտ աշխատանքի նկատմամբ հիգիենիկ պահանջներն են, որոնք սահմանվում են աշխատանքային օրենսգրքով: Տարբեր երկրներում տարբեր աշխատանքների համար սահմանվում է հանգստի տարբեր ժամանակահատված: Բայց առհասարակ մարդը ողջ հանգիստը չպիտի թողնի արձակուրդին, այլ աշխատանքային ժամանակահատվածում` ազատ և հանգստյան օրերին, երեկոները կարողանա լիարժեք օգտագործել և հանգստանալ: Այն մարդիկ, որոնք չեն կարողանում աշխատանքային ժամանակահատվածում ապահովել իրենց փոքր հանգիստը, սովորաբար չեն կարողանում նաև արձակուրդի ժամանակ հանգստանալ:

Հանգիստը պետք է ոչ միայն արձակուրդի ժամանակ լինի, այլ ամբողջ տարվա ընթացքում: Սա անձնային որակ է, որը մարդ պետք է զարգացնի:

– Իսկ մարդն ինչպե՞ս պետք է զարգացնի այդ կարողությունը: Ընդհանրապես հանգստի մշակույթ ասվածն ինչպե՞ս պետք է ձևավորվի մարդու մեջ:

HOlidays– Այդ մշակույթը ձևավորվում է և՛ աշխատանքի նկատմամբ վերաբերմունքով, և՛ սեփական անձի նկատմամբ վերաբերմունքով ու հարգանքով: Երբ մեր աշխատանքը գերագնահատում ենք, իսկ մեզ թերագնահատում, կարող ենք չափից դուրս մեծ պահանջներ ունենալ մեզնից, սպառել մեր էներգիան մինչև վերջ և հանգստին ժամանակ չտրամադրել ո՛չ աշխատանքային օրվա, ո՛չ շաբաթվա և ո՛չ էլ արձակուրդի ժամանակ: Արձակուրդը և հանգիստը նաև մեր անձի նկատմամբ մեր վերաբերմունքն են: Եթե բավարար չափով հարգում ու սիրում ենք մեր անձը, անպայման ժամանակ կհատկացնենք հանգստի համար, իսկ եթե այդ պահանջմունքին ուշադրություն չենք դարձնում, նշանակում է` բավարար չափով ուշադիր չենք մեր նկատմամբ:

– Ի՞նչ խորհուրդ կտաք այն մայրերին, որոնք չեն կարող ամուսնուն, երեխաներին թողնել ու գոնե մի քանի օր տրամադրել մենակ հանգստին:

– Մեր մշակույթում ընդունված չէ օգնել մայրերին երեխաների խնամքի հարցում: Սովորաբար, եթե ծնողների հետ են ապրում, նրանք օգնում են կենցաղային հարցերում: Մայրը, իհարկե, պետք է զբաղվի երեխաների խնամքով, բայց այդ հարցում էլ օգնության կարիք ունի: Օրինակ` մայրն ինչ-որ ժամանակ կարիք է ունենում իր երեխաներից հանգստանալու: Չեմ ասում բոլորը, չեմ ասում ռեժիմի նման պետք է լինի, բայց ինչ-որ պահի, եթե մայրը կարիք կունենա հանգստանալու, պիտի լինեն մարդիկ, որոնք կուզենան օգնել այդ ընթացքում:

Օրինակ` մի օր տատիկն ու պապիկը կամ հայրիկը կարող են զբաղվել երեխայի խնամքով: Եթե դա սովորություն լինի, օրինակ` շաբաթվա մեջ մեկ օր հայրը զբաղվի երեխաներով, որպեսզի մայրն իրեն կարողանա ժամանակ հատկացնել, այդ դեպքում գուցե մայրն այդ չափով չհոգնի երեխաների խնամքից: Իսկ հանգստի ժամանակ կարելի է պայմանավորվել հայրիկի հետ, որ մասամբ կամ որևէ կոնկրետ ժամանակահատված նա զբաղվի երեխաների խնամքով: Հանգստի ժամանակ մի փոքր էլ հայրը պետք է իր երեխաներով զբաղվի: Այնպես է ստացվում, որ հաճախ արձակուրդի ժամանակ էլ հայրերը չեն ուզում իրենց երեխաներով զբաղվել: Իրականում նրանց հանգիստն էլ մի քիչ այդպես պետք է կազմակերպվի, որ երեխայի հետ խաղալով, վազվզելով հանգստանան: Դա էլ արդեն մշակույթի խնդիր է: Եթե հայրն ուզում է հանգստանալ երեկոները, շաբաթ և կիրակի, արձակուրդի ժամանակ, այդ դեպքում մայրը ե՞րբ պետք է հանգստանա: Սա էլ արդեն գենդերային անհավասարության խնդիր է:

– Հանգստից հետո, երբ աշխատանքի ենք վերադառնում, առաջին օրերն ամենաբարդն են: Ինչպե՞ս մեղմել այս վիճակը, ի՞նչ անել, որ հանգստից հետո աշխատանքին վերադառնալն ավելի հեշտ լինի:

– Նախ` դա որոշ չափով բնական երևույթ է, որովհետև ցանկացած փոփոխություն մեզ համար սթրեսային է: Որպեսզի այս անցումը հեշտ լինի, ցանկալի է արձակուրդի վերջին օրերը դարձնել աշխատանքին վերադառնալու նախապատրաստական շրջան: Օրինակ` կարելի է գնալ գնումների, որոնք պետք են աշխատանքի գնալու համար, դա կարող է լինել նոր հագուստ, աշխատանքային օրագիր, այլ իրեր, որոնցով կնախապատրաստվենք աշխատանքին, կարելի է առաջիկա աշխատանքային շաբաթը պլանավորել, զանգել գործընկերներին: Եթե մինչև արձակուրդի վերջին օրն ուզում ենք մեզ տրամադրել հանգստին, լրիվ աշխատանքից կտրվելուն, ապա աշխատանքի գնալու առաջին օրը շատ հոգնեցնող կարող է լինել:

 

«Էլ ի~նչ տուրիստ, որին գոնե մեկ անգամ չեն խաբել»

վրաստան1Ամռան ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ բարձրանում է նաև ամառային արձակուրդներն անմոռանալի կազմակերպելու հարցը: Ու սա, անկախ սոցիալական, հասարակական դիրքից, կարգավիճակից ու կարողություններից: Այսինքն` յուրաքանչյուրն էլ փորձում է իր հանգիստը կազմակերպել` սեփական գրպանի պարունակությանը համապատասխան: Ամառային հանգստի աժիոտաժի մեջ արդեն մի քանի տարի է, ինչ իր ուրույն տեղն ունի հարևան Վրաստանը, մասնավորապես, Աջարիայի ծովափնյա բնակավայրերը` Բաթումին, Քոբուլեթին, Ուրեկին, Սարփին և այլն: Սրա համար մի շարք պատճառներ կան, իսկ առաջինը` հենց այդ ուղղությամբ է ամենակարճ, ամենաէժան ճանապարհը դեպի ծով: Սրանում կարելի է համոզվել ամենահասարակ` հայտարարությունների կայքերում ու սոցցանցերում հանգստի կազմակերպման համար համապատասխան որոնումների ընթացքում. նման կայքերում արդեն պարզ է դառնում, որ ծովափնյա հանգստի բոլոր առաջարկվող ուղղություններից Աջարիայի լողափերի համար, հիմնականում, ամենաքիչ ծախսերն են պահանջվում: Երբեմն, նույնիսկ, ավելի քիչ, քան հենց Հայաստանում հանգստի անցկացման համար: Թողնենք Հայաստանի ու Վրաստանի տուրիստական ոլորտների գների ու ծախսերի համեմատությունը ու անցնենք ոչ պակաս կարևոր խնդրի:

Բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ են պատրաստվում ամառային արձակուրդն անցկացնել Աջարիայում, մի բնական ու տրամաբանական հարց է ծագում. իսկ արդյոք առաջարկվող ծառայություններն ու գները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ իրականությունն այլ է` արդյոք չե՞ն խաբում իրենց:

Այս առումով տուրիզմի համար մի հին ասացվածք կա. «Էլ ի~նչ տուրիստ, որին չեն խաբել…»: Աջարիայում հանգստի որակի, առաջարկվող ծառայությունների գների ու, առհասարակ, ծախսերի վերաբերյալ տարաբնույթ կարծիքներ են հնչում միշտ: Բայց նաև բավական հաճախակի են հանդիպում այնպիսիք, ովքեր պնդում են, որ Աջարիայում խաբեությունը շատ է:

Հանուն արդարության նշենք, որ խաբեություն, իհարկե, պատահում է, ինչպես և Հայաստանում: Մասնավորապես, հաճախակի են դեպքերը, որ Հայաստանում Աջարիայի հյուրանոցների ուղեգրեր վաճառողները հաճախորդներին վաճառում են մի փաթեթ, բայց հաճախորդները տեղում հանդիպում են այլ պայմանների: Օրինակ` հենց այն հյուրանոցում, ուր կանգ էինք առել մենք, նույն օրը եկան նաև 3 այլ հայ ընտանիքներ: Միջանցքում հանդիպեցինք ընտանիքների տղամարդկանց հետ, ովքեր ինչ-որ բանից դժգոհ էին ու «ակտիվ բանակցությունների» մեջ էին հյուրանոցի ադմինիստրացիայի հետ: Պարզվեց, որ նրանք Երևանում տուրիստական ընկերությունում պատվիրել են 3 հատ 4 տեղանոց համարներ, բայց Քոբուլեթիի հյուրանոցում նրանց ասում էին, թե իրենց պատվիրել են 4 հատ 3 տեղանոց համարներ:

Հայերից Կարենը, արդեն հայերենով, ասաց, որ եթե տուրիստական ընկերության աշխատակցուհին հենց իր ներկայությամբ զանգած ու ճշտած չլիներ պատվերի մանրամասները, ապա ինքը կհավատար, թե իրոք տուրիստական ընկերությունն է վրիպել: Մի խոսքով` նրանց փորձում էին պարտադրել 4 համարներն էլ զբաղեցնել, քանի որ պատվերն այդպիսին է եղել: Հետո, իհարկե, համաձայնության եկան, սակայն երևույթը ամենևին էլ հաճելիներից չէր: Նման «պատահական թյուրըմբռնումներ» վրացիների մոտ, կարծես, շատ են պատահում: Օրինակ` մենք էլ, ծանոթ լինելով այդ հյուրանոցին, քանի որ արդեն մի քանի տարի է, ինչ հենց այնտեղ ենք հանգրվանում, պատվիրել էինք երկու տեղանոց մեկ համար` անպայման պատշգամբով: Բայց մեզ առաջարկում էին համար առանց պատշգամբի: Մեր դեպքում, որպես հին հաճախորդների, հարցը շատ արագ լուծվեց, սակայն էլի վրիպակի համար հղում կատարեցին տուրիստական գործակալությանը: Համենայն դեպս, մասնավոր զրույցներից դատելով էլ, բավական շատ են դժգոհությունները, որ վրացի հյուրանոցատերերը շատ են խաբում, այլ բան են ներկայացնում, այսպես ասած` վաճառքի, սակայն վերջում փորձում են այլ բան վաճառել: Ի դեպ, եթե հյուրանոցում համարն էլ նախօրոք չես պատվիրել ու դրա համար վճարել, տեղում կարող է պարզվել, որ բոլորովին այլ գին պետք է վճարել: Սա նույնպես, կարծես, օրինաչափություն է, որը հունից հանում է հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են Աջարիայում անցկացնում իրենց հանգիստը: Մի փոքր այլ է պատկերը մասնավոր բնակարաններ կամ տներում սենյակներ վարձելու առումով: Սակայն այստեղ էլ հալած յուղի տեղ չի կարելի ընդունել բնակարանատիրոջ կողմից նախօրոք` առանց կացարանը տեսնելու առաջարկած պայմանները, քանի որ վրացիները, ինչպես արևելյան բոլոր ժողովուրդները, իրենց ապրանքը գերագնահատելու սովորությունից զերծ չեն: Մի խոսքով, փոքրիկ աչալրջությունը ոչ ոքի էլ, բոլոր դեպքերում, չի խանգարում:

Այլ տեսանկյունից նայենք Աջարիայում հանգստի անցկացմանը. «Էժան գներով բնակարան չե՞ք ուզում, մատչելի գներով տաքսի~, լավ պայմաններով տուն` հենց ծովի ափին, 100 մետր հեռավորությամբ…»,- ու էլի բազմաթիվ նման` կոտրած ռուսերենով բացականչություններ, որ լսում են Աջարիայի ծովափնյա բնակավայրերում ավտոբուսներից, մեքենաներից, գնացքից իջնող հայերը: Արևի այրող ճառագայթների ու ծովի խոնավ օդի հետ միախառնվելով` այս բացականչություններն արևելյան խառնաշփոթ շուկայի կերպարանք են ստանում երկար ճանապարհից հոգնած, մի քանի օր ինքնամոռաց ծովի ալիքներին ու ափի արևին տրվել վրաստան2ցանկացող հովեկների համար, ովքեր դեռ չեն էլ հասցրել թոթափել ճանապարհի փոշին ու հոգնությունը: Ծով, ծովափ ու արև երազող հայացքները ավտոբուսների, գնացքի, մեքենաների դռների հետևում հանդիպում են ոչ թե տուրօպերատորների կեղծավոր, արհեստական, բայցևայնպես քաղաքավարի ու բարեհամբույր ժպիտներին, այլ մարդկային դեմքերի մի ամբողջ հեղեղի` իր գունեղ առաջարկություններով և վրացական առոգանությամբ ռուսերենի տարափով. «զդայուտցա կվարտիրի, խառոշի կոմնատ, ս կոնդիցիոներ, պո սամոյ նիզկոյ ցենե, տաքսի, բիջո, նե խոչիշ տաքսի, դավայտե յա բուդու պամագատ վաս ս վեշամի»: Հովեկները չեն էլ հասցնում ուշքի գալ, թե արևախանձ դեմքով վրացին ինչ է ուզում իրենցից` բերանում կարծես տաք կարտոֆիլ պահած ինչ-որ անհասկանալի բառեր արտաբերելով:

Ու մեկ էլ տեսնում ես, որ ճամպրուկներդ արդեն, անկախ քո կամքից ու ցանկությունից, հենց այդ «բիջոյի» թեթև ձեռքով ուղևորվում են դեպի իր «տեխնիկայի վերջին ճիչ» ավտոմեքենան, իսկ վրացին էլ դեռ գոռգոռում է. «Դավայ, յա պամագու, բիջո…»: Մեզ մի անգամ «բախտ» վիճակվեց նկատել, թե ինչ ջանասիրությամբ է մեր ճամպրուկները իր` նախորդ դարի 80-ականների արտադրության փոքրիկ ԲՄՎ-ի մեջ խցկում մի կարճլիկ վրացի, ընթացքում վրացերեն շաղակրատելով ու աչքերը խորամանկորեն փայլեցնելով: Փորձեցի առարկել, թե մեզ իր տաքսին պետք չէ, քանի որ շատ փոքր է, ես մենակ չեմ, այլ ևս հինգ հոգու ուղեկցությամբ, որ բոլորի իրերը տեղավորելուց հետո մեզ էլ տեղ չի մնա և այլն… Վրացին էլ` իր ջանասիրությամբ ու գործնականությամբ «համոզեց», թե իր մեքենան մենք իրենից լավ չգիտենք, ու դեռ կարող ենք մի երկու հոգու էլ կողքից հրավիրել` միասին տեղ հասնելու համար: Հետո, երբ փորձում էի առարկել, նա վճռականորեն շրջվեց, թե բոլոր տաքսիստներին ինքը կասի, որ մեզ չտանեն, եթե մենք իր մեքենայով չուղևորվենք հյուրանոց, քանի որ ինքը, զբաղված լինելով մեզանով ու մեր իրերով, չի կարողացել իր համար այցելու «ապահովել»:

Լուրջ չընդունեցինք ու սկսեցինք կայարանի մեծ ավտոկանգառում, ուր այդ պահին մոտ 20-30 տաքսի կանգնած կլիներ, այլ մեքենա փնտրել: Բայց, ո~վ զարմանք, ոչ ոք չի համաձայնում մեզ տեղափոխել` բոլորը հայացքով ցույց են տալիս մեր «հին բարեկամի» ուղղությամբ: Ստիպված համաձայնեցինք ու մի կերպ` խցկված, հասանք հյուրանոց: Բայց տեղում էլ պարզվեց, որ պետք է վճարենք ոչ թե նախօրոք պայմանավորված գումարը, այլ կրկնակին, քանի որ վարորդը միանգամից երկու մեքենայի ուղեբեռ և ուղևոր է տեղափոխել…

Նման տարաբնույթ առաջարկություններից առաջին անգամ օգտվողները, ովքեր ծանոթ չեն տեղական գներին, վրացիների կողմից դիտարկվում են ճիշտ այնպես, ինչպես պարսիկ տուրիստները` հայ տաքսիստների աչքին` որպես փողի քսակ: Նման դեպքերում, իհարկե, տաքսին, օրինակ, 1 վրացական լարի վերցնելու փոխարեն հանգստացողից վերցում է 2-3, երբեմն էլ 4 կամ 5 լարի: Եվ համեստ ու ամոթխած հովեկները շատ են ընկնում այս թակարդը:

Հատուկ ուշադրության է արժանի Աջարիայում` Հայաստանից տուրիստական հոսքի մեծանալուն զուգընթաց դիտարկվող «գնային վարիացիաների» երևույթը: Օրինակ` հուլիսի կեսին, երբ տուրիստական հոսքերը դեռ փոքր են, շուկայում 1 կիլոգրամ լոլիկն արժեր 70-80 տետրի (վրացական մանրադրամ, մոտ 175-200 ՀՀ դրամին համարժեք), արդեն հուլիսի երկրորդ տասնօրյակում լոլիկի գինը հասավ 1 լարիի (250-260) դրամ, իսկ հուլիսի վերջին, երբ արդեն սկսվում է Հայաստանից տուրիստների ամենամեծ հոսքը, նույն վաճառողի մոտ լոլիկն արդեն արժեր 1,5 լարի (մոտ 360-370 դրամ): Այսինքն` ընդամենը 10 օրում գինը բարձրացավ 50 տոկոսով ու դեռ ավելի կբարձրանա օգոստոսին: Նշեցինք միայն լոլիկի օրինակը, սակայն նույնը վերաբերում է բոլոր տեսակի ապրանքներին:

Բոլոր հայ տուրիստներն էլ, ովքեր մեկնում են Աջարիա, պետք է հաշվի առնեն մեկ հանգամանք. նույն ապրանքը տուրիստների համար մի գին ունի, տեղացիների համար` մեկ ուրիշ: Անձնական օրինակից ելնելով` նշեմ, որ, օրինակ` վաճառողը խաշած եգիպտացորենը մեզ վաճառեց 2 լարիով (50-520 դրամ), իսկ անմիջապես մեր հետևից մոտեցած վրացուն, աչքով-ունքով հասկացրեց, որ թաքուն տա 1 լարի: Սա արդեն խաբեություն էլ չէ, այլ հայերի համար` աջարական առօրյա…

 

Գևորգ ԱՎՉՅԱՆ, Երևան-Քոբուլեթի-Բաթումի-Երևան