Թխվածք` ղեկին չծխելու, բջջային հեռախոսով չխոսելու և կանգառների համար նախատեսված տարածքը չխախտելու դիմաց

001Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը, «Երևանտրանս» ընկերությունը և Երևանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը կազմակերպել են ակցիա, որի ընթացքում վերոհիշյալ ուսումնական հաստատության ուսանողները մայրաքաղաքի կանգառագոտիներում հասարակական տրանսպորտի վարորրդներին կոչ են արել ղեկին չծխել, մեքենան վարելիս չխոսել բջջային հեռախոսով և կանգառել միայն այդ նպատակով նախատեսված տարածքներում:

Կարգը չխախտելու, ուղևորների առողջությունն ու անվտանգությունը չվտանգելու համար կարգապահ վարորդներին շնորհակալություն են հայտնել և թխվածք հյուրասիրել: Հայտնաբերված սակավաթիվ կարգազանց վարորդներին էլ են հյուրասիրել` հույս ունենալով, որ այսուհետ նրանք էլ կարգապահ կդառնան:

Միջոցառմանը ներգրավվել են  նաև այն քաղաքացիները, ովքեր կանգառագոտիներից դուրս են սպասել հասարակական տրանսպորտին: Ուսանողները նրանց էլ են քաղցրավենիք հյուրասիրել՝ հորդորելով, որ տրանսպորտին սպասեն միայն նախատեսված հատվածներում:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում՝ բացառելու համար սահմանված կարգը խախտելու դեպքերը: Ըստ նրա՝ վերջին շրջանում կարգազանց վարորդների թիվը կտրուկ նվազել է, և նմանատիպ նախաձեռնությունները հաճախ բարոյախրատական ավելի մեծ ներգործություն են ունենում, քան վարչական լծակների կիրառումը:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուն քաղաքացիներին կոչ է արել ակտիվություն ցուցաբերել և, վարորդների կողմից թույլ տրված խախտումներ նկատելիս, ահազանգել Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 010-51-41-52, 010-51-41-87, 010-51-42-36 կամ «Երևանտրանս» ընկերության թեժ գծի 010-39-16-53 հեռախոսահամարներով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Անկախ

 

Մերօրյա անեծք` Բոգոյի սպասարկած երթուղուց օգտվես

ավտոկայանԻնչո՞ւ է տրանսպորտի և կապի նախարարությունն աչք փակում խախտումների վրա

Եթե ուզում եք մեկին անիծել, պարզապես մաղթեք, որ միկրոավտոբուսով Երևանից Մարտունի գնա: Դա պատիժ է, որը մարդու թե՛ նյարդերը, թե՛ առողջությունն է քայքայում:

Մարտունեցի 21-ամյա Մարիամն ուսանող է, արդեն 5-րդ տարին է` ապրում է Երևանում: Ասում է, որ առաջին  կուրսում կարոտին չէր դիմանում ու ընտանիքին այցելության էր գնում ամեն երկու շաբաթը մեկ, սակայն երբ ձմեռը վրա հասավ` ստիպված հայրենի քաղաք այցելությունների պարբերականությունը կրճատեց. չդիմացավ Երևանից Մարտունի գնալու, ապա վերադառնալու ճանապարհի դժվարություններին: Հիմա 4-6 շաբաթը մեկ է Մարտունի գնում. «Երթուղայինի վատ աշխատելու պատճառով հարազատներիս շաբաթներով չեմ տեսնում: Ավտոկայանում ամռանը շոգին, ասֆալտի վրա, արևի տակ ենք դաղվելով երթուղայինին սպասում, ձմռանը` ձյան,  սառույցի վրա: Տարիների ընթացքում  ճարպկացել եմ` սովորել եմ կողքիններիս արմունկներով լավ հրել, որ կարողանամ տեղ զբաղեցնել միկրոավտոբուսում. առաջին կուրսում մինչ երկու քայլ էի անում դեպի միկրոավտոբուսը, մարդիկ, իրար հրելով,  բոլոր տեղերը զբաղեցնում էին»:

Հակոբն էլ, որ երեք տարվա ուսանող է, ասում է, որ չի հիշում, թե վերջին անգամ երբ է միկրոավտոբուսով Մարտունի գնացել:  «Ուրբաթ օրը կեսօրից հետո Մարտունի գնացող գազել չկա, կիրակի էլ առավոտյան 11-ից հետո Երևան եկող գազել չկա: Ո՞նց գնամ»,- ասում է նա` հավելելով, որ տաքսիով է գնում-գալիս. ճիշտ է` կրկնակի թանկ է, փոխարենը խնայում է առողջությունն ու ժամանակը:

Տողերիս հեղինակը Երևան-Մարտունի և Մարտունի-Երևան  միջքաղաքային երթուղուց օգտվելու տասը տարվա փորձ ունի: Ցավոք, պետք է փաստել, որ տարեցտարի  երթուղայինի աշխատանքի որակը վատանում է, չնայած այն երբեք էլ բավարար չի եղել:

Եթե նախկինում  հարկավոր էր Հյուսիսային ավտոկայանում լինել 18:30-19:00-ին վերջին երթուղայինով գնալու համար, ապա այժմ ժամը 17-ից հետո Մարտունի գնալն իրատեսական չէ: Նույնը և Մարտունուց Երևան հասնելուն է վերաբերում:

Եթե տարիներ առաջ վարորդները բավարարվում էին լրացուցիչ աթոռիկների վրա 2 ուղևոր նստեցնելով, ապա այժմ պարտադիր է 3-4 լրացուցիչ ուղևորի առկայությունը, այլապես մեքենան տեղից ժամերով  չի շարժվի (մի քանի օր առաջ եմ Մարտունուց Երևան հասել միկրոավտոբուսով, որը 19 ուղևոր էր փոխադրում , վարորդն էլ հետը` 20):

Գնալով ավելի ու ավելի է վատանում նաև միկրոավտոբուսների սանիտարական վիճակը. կեղտոտ  ու ջարդված նստարաններ, անգամ զզվելի է դրանց վրա նստելը, ջարդոտված հատակ, կեղտից խամրած ապակիներ ու ամեն կողմից անցքեր, որտեղից ձմռանը ցուրտը ներս է սողոսկում:

Տարիների ընթացքում միայն մի բան չի փոխվել` վարորդները շարունակում են ճանապարհին ռաբիս երգեր լսել ու անդադար ծխել:

Պակասել է նաև երթուղին սպասարկող միկրոավտոբուսների թիվը, կամ գուցե ուղևորահոսքերն են շատացել: Այժմ  առավոտյան առաջին միկրոավտոբուսին հասար` լավ, եթե ոչ, ապա ստիպված կլինես դրսում ժամերով սպասել, մինչև մի միկրոավտոբուս հայտնվի: Սակայն, եթե միկրոավտոբուսը կարող է 18-19 ուղևոր տանել, ապա այդ ժամերի ընթացքում դրսում առնվազն 30 մարդ է հավաքվում: Ու մշտապես քաշքշուկից ու լեզվակռվից (երբեմն ոչ միայն) հետո 8-10 մարդ դրսում է մնում, եթե օրվա վերջ է, նաև Երևան կամ Մարտունի չի հասնում:

Պետք է նշել, որ չնայած միկրոավտոբուսները չեն հասցնում բավարարել պահանջարկը և պատշաճ կերպով սպասարկել ուղևորներին, տաքսիների աշխատանքը Հյուսիսային ավտոկայանում արգելված է: Մի անգամ չէ, որ պատահել է. ժամեր շարունակ միկրորավտոբուսի սպասելուց հետո փորձել եմ տաքսի կանչել Մարտունի հասնելու համար: Ամեն անգամ մերժում եմ ստացել: Իսկ ծանոթ վարորդներից մեկն էլ բացատրեց. «Եթե տեսնեն, որ ուղևոր եմ վերցնում Մարտունի տանելու համար` կծեծեն»:

Չնայած իրավիճակին,  տրանսպորտի և կապի նախարարությունից հավաստիացնում են, որ երթուղու վատ աշխատանքի մասին դիմում-բողոքներ չեն ստացել:

Տրանսպորտի և կապի նախարարությունից, «Անկախի» հարցմանն ի պատասխան, տեղեկացնում են, որ թիվ 306 Երևան-Մարտունի երթուղու սպասարկման վերջին մրցույթն անցկացվել է 2012 թ. հոկտեմբերի 18-ին, 4 տարի շահագործման ժամկետով` մինչև 2016 թվականի նոյեմբերի 16-ը, իսկ թիվ 307 Մարտունի-Երևան երթուղունը` 2013 թ. փետրվարի 8-ին, նույնպես 4 տարի շահագործման ժամկետով` մինչև 2017 թ. փետրվարի 19-ը:

Միջմարզային  երկու միկրոավտոբուսային երթուղիներն էլ  շահագործում է «ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ն:

Պետք է նշել, որ մինչ այդ էլ երթուղին նույն ընկերությունն է շահագործել, և հարց է առաջանում. նման սարսափելի սպասարկման պարագայում ինչպե՞ս է ընկերությունը կրկին շահել մրցույթը:

Երևան-Մարտունի երթուղին սպասարկում են 5, իսկ Մարտունի-Երևան երթուղին` 4 միկրոավտոբուսներ:

Տրանսպորտի և կապի նախարարությունից «Անկախին» տեղեկացնում են, որ երթուղին աշխատում է հստակ չվացուցակով` առաջին երթուղայինը Երևանից Մարտունի է ուղևորվում 10-ին, վերջինը` 18:30-ին, իսկ Մարտունուց Երևան` առաջինը 8-ին, վերջինը` 18:00-ին: Ըստ չվացուցակի` ամեն 1-1,5 ժամվա ընթացքում մեկ երթուղային է ճանապարհ դուրս գալիս: Սակայն  իրականում որևէ չվացուցակ չի գործում, և միկրոավտոբուսը (եթե, իհարկե, լինում է) ճանապարհ է ընկնում այն ժամանակ, երբ իր ուզած թվով ուղևորներ է հավաքում: Երկրորդ` տրամաբանական հարց է առաջանում, այդ ինչպե՞ս է, որ Վարդենիսի կամ Գավառի տարածաշրջաններից ավելի շատ բնակիչներ ունեցող Մարտունիում  երթուղայինը կրկնակի նվազ պարբերականությամբ  է աշխատում: Գավառում և Վարդենիսում Երևան մեկնող հասարակական տրանսպորտն աշխատում է 30-40 րոպեն մեկ պարբերականությամբ, երթուղի են դուրս գալիս չվացուցակում նշված ժամին, եթե անգամ մի քանի ուղևոր է նստած:

«ԱՐՍՄԱՇ-ԱՎՏՈ» ՍՊԸ-ում վերջին թեմատիկ ստուգումը նախարարությունն անցկացրել է 2013-ի հոկտեմբերին: Ստուգման ժամանակ, ըստ ՏԿՆ-ի, հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք «սահմանված ժամկետում ընկերության կողմից  վերացվել են» (սակայն վերոնշյալ խնդիրներից և ոչ մեկը չի լուծվել ու չի մեղմվել):

Համացանցը փորփրելուց պարզ դարձավ, որ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ն  գրանցված է  Երևանում` Նորագյուղ 119  հասցեում, պատկանում է ոմն Բոգոյի, որը պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորներից է: Բոգո մականունով անձի հետ «Անկախն» առնչվել է 2013-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Նորագյուղի 9/27 և 9/28 ընտրատեղամասերում Բոգո անունով անձն ընտրողներին ազատ ուղղորդում էր, թե որ քվեատուփին մոտենան, հանձնարարականներ էր տալիս Ընտրատեղամասային հանձնաժողովի անդամներին և հասցրեց անգամ սպառնալ տվյալ պահին ընտրատեղամասում գտնվող դիտորդին, որը բարձրաձայնել էր իր տեսած խախտման մասին:

«ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ» ՍՊԸ-ի մասին ողջ  տեղեկատվությունը խնամքով քողարկված է. այն գրանցված չէ որևէ տեղեկատվական համակարգում, հատուկենտ հրապարակումները չհաշված, ընկերության անվանումը առկա է միայն ՏԿՆ կայքում:

Հաշվի առնելով այն, թե ում է պատկանում երթուղին սպասարկող ընկերությունը, հասկանում ես, թե ինչու է երթուղին այդքան վատ սպասարկվում, ինչու է հենց այդ ընկերությունը հաղթել մրցույթում և ինչու ՏԿՆ-ն բողոքներ չի ստանում և  տեղյակ էլ չէ «ԱՐՍՄԱՇ ԱՎՏՈ»-ի խախտումների մասին: Մեկ այլ հարց էլ է առաջանում. էլ ինչի՞ համար են ոլորտը կարգավորող օրենքները և տրանսպորտի ու կապի նախարարությունը, եթե ոմն քրեական հեղինակություն կարող է բացահայտ  անտեսել այդ ամենը:

Ստորագրահավաք տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ

993303_599809320049879_1359687082_nFacebook սոցիալական ցանցի ակտիվիստները քաղաքապետարանին ուղղված էլետրոնային ստորագրահավաք են կազմակերպել, որում պահանջում են անվավեր ճանաչել Երևան քաղաքում երթուղային

տաքսիների,ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձը թանկացնելու որոշումը:

Ակտիվիստների նամակում ասվում է. «Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ս.թ. հուլիսի 20-ից Երևան քաղաքում երթուղային տաքսիների,ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձը թանկացել է 50-100%-ով, ինչի վերաբերյալ պատկան մարմինները տվել են, մեղմ ասած, անտրամաբանական հիմնավորումներ: Ելնելով վերոհիշյալից՝ մենք՝ ՀՀ քաղաքացիներս,պահանջում ենք Երևանի քաղաքապետարանից անվավեր ճանաչել

վերոհիշյալ որոշումը՝ ուղեվարձը թողնելով մինչև հուլիսի 20-ը եղած սահմաններում»:

Ստորագարահավաքին արդեն միացել է 2495 մարդ:

150 դրամ չվճարելու կոչ անող ակտիվիստներից մի քանիսը ոստիկանության Մաշտոցի բաժնում են

993303_599809320049879_1359687082_n«Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է» ֆեյսբուքյան նախաձեռնության ակտիվիստները  այսօրվանից սկսել են մարդկանց իրազեկել, որ պետք է բողոքել տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ: Նրանք իրենց պայքարն սկսել են  թռուցիկներ բաժանելով։

Արդեն կան տեղեկություններ, որ այսօր առավոտյան ոստիկանության Մաշտոցի բաժին ենտարել քաղաքացիական ակտիվիստներ Արսեն Օհանյանին, Դավիթ Հարությունյանին և Սոնյա Մսրյանին, քանի որ նրանք թռուցիկներ են փակցրել մասնավոր տների և խանութների վրա:

«100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է». Բաբկեն Պիպոյան

timthumb«Աշխարհի բոլոր երկրներում վճարելու հարմարավետությունը հօգուտ սպառողի է: Քաղաքացիական հասարակության աջակցությունը պետք է: Վարորդները բարյացակամ վերաբերմունք կցուցաբերեն ուղեւորների հանդեպ: Ճիշտ է` վատ է իրականությունը, բայց հնարավոր է միջոցներ ձեռնարկել 150 դրամ չվճարելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տրանսպորտի թանկացման պատճառաբանությունների ուռճացման ու նոր բացահայտված մանրամասների մասին նշեց «Իրազեկ եւ պաշտպանված» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Բանախոսի պնդմամբ` առաջին կոնֆլիկտային իրավիճակը ստեղծվում է  վարորդի եւ սպառողի միջեւ, որոնք ամենաքիչ մեղավորներն են. «Հարկերը վճարում է ՀՀ քաղաքացին, Երեւան քաղաքի բյուջեն միայն լցվում է: Մենք ոչ թե գործարարներ ենք ունեցել, այլ առաքյալներ, ովքեր իրենց սուրբ պարտքն են կատարել, սա աբսուրդ է: Այս վատ նկարչության մեջ ամեն ինչ ուռճացված է, չի կարելի մոլորեցնել ժողովրդին. 100 դրամի պարագայում էլ այսօր գերշահույթ է»:

«Հասարակական տրանսպորտը 100 դրամ» հասարակական նախաձեռնության հիմնադիր-անդամ Լուսինե Մնացականյանի խոսքով` իրենց նախաձեռնությունը պատրաստել է հանրային կուպոններ՝ թղթից, որի վրա գրված է 50 դրամ. «Մեր վարորդները մեծ մասամբ կիրթ եւ հասկացող մարդիկ են: Մեր նախաձեռնությունն ուղղված չէ վարորդին, այն, ինչ  արվում է, արվում է եʹւ վարորդի, եʹւ հասարակության դեմ, մենք պաշտպանում ենք մեր իրավունքները: Իր գծատիրոջը վարորդը կտանի եւ ցույց կտա, որ հասարակությունը հրաժարվում է վճար կատարելուց»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Տրանսպորտային անհնազանդությունը սկսված է

993303_599809320049879_1359687082_n

 

 

 

 

 

 

 

 

 

 

Facebook սոցիալական ցանցում մի քանի ակտիվիստներ այսօր առավոտից սկսել են «Տրանսպորտային անհնազանդություն» նախաձեռնությունը: Նախաձեռնությանը արդեն միացել են 1200-ից ավել օգտատերեր: Ակտիվիստները տարածել են հաղորդագրություն հետևյալ բովանդակությամբ. «Հուլիսի 20-ի առավոտից սկսում ենք երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ: Արդեն կազմվել են մի քանի խմբեր, որոնք քաղաքի տարբեր հատվածներում առավոտից կաշխատեն: Եթե կան այլ մարդիկ, որոնք ցանկանում են

մասնակցել ու ներգրավված չեն այդ խմբերում, կարող են այստեղ գրել, կազմել իրենց խումբը և անցնել գործի, կամ դա իրականացնել միայնակ` տպելով թռուցիկի տեքստը կամ գրելով այստեղ և եթե կլինեն պատրաստի տպված թռուցիկներ վերցնել դրանք: Նույնիսկ թռուցիկի բացակայության պարագայում նստում ենք երթուղայիններ, դեմոնստրատիվ  վճարում ենք 100 դրամը` բացատրելով վարորդին և մյուս ուղևորներին, թե ինչու է դա արվում և կոչ անելոով մյուս ուղևորներին ևս վճարել 100 դրամ»:

Հանրային խորհուրդը համաձայնություն չի տվել ուղեվարձի թանկացման վերաբերյալ

163224Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման առնչությամբ այսօր մի խումբ ակտիվիստեր բողոքի ակցիա էին իրականացրել Երևանի քաղաքապետարանի դիմաց` պահանջելով չեղյալ հայտարարել  ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը:

Ակցիայի մասնակիցների պահանջները լսելու և որոշակի մեկնաբանություն տալու նպատակով նրանց հետ էր հանդիպել Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, որին տեսնելով՝ ակցիայի մասնակիցները սկսել էին կոպեկներ շպրտել նրա ուղղությամբ: Գևորգյանը, այնուամենայնիվ, պարզաբանել էր ուղեվարձի բարձրացման պատճառները` նշելով, որ դրա վերաբերյալ Հանրային խորհրդում նույնպես տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում կողմերը եկել են այն եզրակացության, որ տրանսպորտի գինը պետք է կազմի 150 դրամ:

arm135905163185Ավելի ուշ ակցիայի մասնակիցներին պարզաբանում էր տվել Հանրային խորհրդի անդամ, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը և հայտնել, որ Հանրային խորհրդում նախորդ շաբաթ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, մեկ տասնյակից ավելի գծատերեր: Նրա փոխանցմամբ` գծատերերիւ մի մասը, ինչպես նաև ՀԽ տրանսպորտի ենթահանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կարծիք են հայտնել, որ հնարավոր է գինը պահել 100 դրամ, եթե կառավարությունը որոշակի չափով սուբսիդավորի ոլորտը, քաղաքապետերանի ներկայացուցիչն ու գծատերերի մի մասն էլ հայտարարել է, որ 100 դրամ պահել հնարավոր չէ, քանի որ թանկացել են ավտոմեքենաները, դրանց պահեստամասերը և այլն:

Վազգեն Սաֆարյանի խոսքով` այդ խորհրդակցության ժամանակ Հանրային խորհրդում որոշում է կայացվել ստեղծել հանձնաժողով և քննարկել այդ երկու մոտեցումները. «Հանրային խորհուրդը գին որոշող մարմին չէ, մենք ընդամենը առաջարկել ենք տեսակետները քննարկելու արդյունքում գտնել ընդունելի լուծում բոլոր կողմերի համար»,-ասաց նա:

Վազգեն Սաֆարյանի խոսքով` ընդամենը օրեր առաջ ինքը և քաղաքապետի խորհրդականը հեռուստաեթերում զրույց են ունեցել այս թեմայի վերաբերյալ և համակարծիք եղել այն հարցում, որ տրանսպորտի որակը պետք է բարելավի, որ վարորդները 14 ժամ և ավելի չաշխատեն, որ երկու հերթով գործեն և այլն»:

Իսկ ընդհանրապես Վազգեն Սաֆարյանը գտնում է, որ պետք է կառավարությունը քայլեր ձեռնարկի մարդկանց սոցիալական վիճակը վարելավելու ուղղությամբ` աշխատավարձերի, նպաստների, թոշակների բարձրացում, որպեսզի մարդկանց արձագանքն էլ այսպիսին չլինի:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ, տրանսպորտի ուղեվարձը հուլիսի 20-ից կթանկանա 50 դրամով եւ կկազմի 150 դրամ: Տրոլեյբուսում երթեւեկելը կարժենա 100 դրամ՝ ներկայիս 50-ի փոխարեն, իսկ ավտոբուսներում կամ միկրոավտոբուսներում երթեւեկելը՝ 150 դրամ՝ ներկայիս 100-ի փոխարեն: Չի փոխվի միայն մետրոյի ուղեվարձի գինը: