Ադրբեջանցի լրագրողը մեկուսարանում հացադուլ է սկսել

Փարվիզ ՀաշիմլիԱդրբեջանի ներքին գործերի նախարարության հետաքննչական մեկուսարանում գտնվող “Բիզիմ յոլ” (Մեր ուղին) թերթի լրագրող Փարվիզ Հաշիմլին ապրիլի 15-ից հացադուլ է սկսել: Վերջինս այս մասին ասել է իր փաստաբան Էլչին Սադըգովին, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Լրագրողը իր փաստաբանին տեղեկացրել է, որ ապրիլի 14-ին դատարանում իր ելութի համար, որի ժամանակ բողոքել է իրեն պահելու պայմաններից և իրեն ծեծելուց, իր նկատմամբ կրկին ճնշում է գործադրվել: Մասնավորապես՝ Հաշիմլիին սպառնացել են պահել պատժախցում:

Հաշիմլին մեկ շաբաթ առաջ պահանջել է թուլ տալ իրեն հանդիպել հարազատների հետ կամ հեռախոսազրույց ունենալ, սակայն որևէ պատասխան չի ստացել:

Ապրիլի 15-ի առավոտյան նա կրկին պահանջել է իրեն ընձեռել այդ հնարավորությունը: “Այդ իսկ պատճառով Փավրիզը, տեղեկացնելով հետաքննչական մեկուսարանի ղեկավարությանը, հենց այսօր սկսեց հացադուլը` պահանջելով թույլ տալ հանդիպել իր հարազատների հետ”, ասել է Սադըգովը:

Փաստաբանի խոսքով՝ լրագրողի ինքնազգացողությունը վատ է եղել: Բացի այդ՝ նրա ատամը ցավում է և ունի պլոմբավորման կարիք, մինչդեռ մեկուսարանի ղեկավարությունը նշում է, որ մեկուսարանում ատամները չեն պլոմբում, այլ հեռացնում են:

“Բիզիմ յոլ” թերթի աշխատակից, “Մոդերատոր” ադրբեջանական կայքի ղեկավար Փարվիզ Հաշիմլին ձերբակալվել է 2013թ.-ի սեպտեմբերի 17-ին` “մաքսանենգության և անօրինական զենքի պահման մեղադրանքով”: Մարտին ձերբակալության ժամկետը երկարաձգվել է երեք ամսով:  Լրագրողը իրեն մեղավոր չի ճանաչում` հայտարարելով, որ քննության ընթացքում իրեն ստիպել են վկայությամբ հանդես գալ մի շարք պաշտոնատար անձանց դեմ, որոնք, իբրև թե, հովանավորում են ադրբեջանական ընդդիմությանը:

 Անկախ

Մանկավարժը հացադուլ կհայտարարի` իր ոտնահարված իրավունքները վերականգնելու համար

վարդան գալստյան231 տարվա մանկավարժ Վարդան Գալստյանը սպառնում է հացադուլ հայտարարել դպրոցում, եթե մինչև հաջորդ շաբաթ իր խնդիրը չլուծվի:
Գալստյանը 1983 թվականից աշխատում է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի միջնակարգ դպրոցում, դասավանդում է քիմիա և կենսաբանություն: 1987-2000 թթ. Գալստյանը նաև եղել է դպրոցի փոխտնօրեններից մեկը: Այժմ, երբ լրացել է Գալստյանի 55 տարին և օրենքով սահմանված կարգով նա կարող է մասնակի կենսաթոշակի անցնել, խնդիրներ են առաջացել:
Փետրվարի սկզբին Գալստյանը համապատասխան փաստաթղթերը ներկայացրել է սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժին, սակայն շուտով մերժում է ստացել. փոխտնօրեն աշխատելու 13 տարիները մասնագիտական ստաժ չեն համարել ու մերժել են:
Ըստ 2010-ին ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի` մասնակի կենսաթոշակի իրավունք ունեն կրթության ոլորտի որոշ կատեգորիաների աշխատողներ, եթե լրացել է նրանց 55 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից գոնե 12-ը` մասնագիտական: Իսկ մասնագիտությունների ցանկը, որոնք կարող են ընդգրկվել մասնակի կենսաթոշակի համակարգում, սահմանել է կառավարությունը 2011-ի 665-Ն որոշմամբ: Ըստ ցուցակի` նման իրավունք ունեն դպրոցական համակարգից ուսուցիչը, դասվարը, զինղեկը, մանկավարժ դաստիարակը, դաստիարակ-ղեկավարը, ջոկատավարը և ավագ ջոկատավարը, հրահանգիչը, խուլ-համրերի, կույրերի մանկավարժները, լոգոպեդը, լսողական կաբինետի վարիչը, ուսումնական և դաստիարակության գծով տեղակալները, տնօրենը:
Մինչ 2010 թ. մասնակի կենսաթոշակի անցնելուց բավարար է եղել տեղեկանքը դպրոցից, որ փոխտնօրենը կամ կազմակերպիչը նաև զուգահեռաբար դասավանդել է` օրենքով թույլատրված ժամաքանակով: Սակայն «Պետական կենսաթոշակների մասին» նոր օրենքում հստակ նշվում է, որ համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:
Ըստ այս տրամաբանության` Գալստյանը զրկվել է 13 տարվա մանկավարժական ստաժից, իսկ փոխտնօրենի ստաժն էլ հրաժարվում են դիտարկել` պատճառաբանելով, որ ցանկում «կազմակերպիչ» տերմինը չկա:
«Տառակերությամբ են զբաղվում: Այն ժամանակ փոխտնօրենը կոչվում էր կազմակերպիչ, հիմա` դաստիարակության գծով տեղակալ: Ընդամենը հաստիքի անվանումն է փոխվել: Ինչո՞ւ պետք է զրկվեմ ինձ հասանելիք կենսաթոշակի իրավունքից, ինչ է թե հաստիքի անունը փոխվել է»,- ասում է Գալստյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետի տեղակալ Ռոզա Մկրտչյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ խնդրին առնչվում են արդեն տարիներ շարունակ: Նրա խոսքով` հիմնավորող իրավական փաստաթուղթ չկա, որ կազմակերպչի հաստիքը վերանվանվել է դաստիարակության գծով տեղակալ: «Խորհրդային տարիներին դպրոցի տնօրենը երկու տեղակալ է ունեցել` ուսումնական գծով տեղակալ և կազմակերպիչ: Այն ժամանակ էլ ուսումնական գծով տեղակալը մասնակի կենսաթոշակի իրավունք ունեցել է, կազմակերպիչը` ոչ: Բոլորը չէ, որ այդ իրավունքը ունեն»,- ասում է Մկրտչյանը:
Նրա խոսքով` Գալստյանին մասնակի կենսաթոշակի իրավունք չտալը օրենքի սահմաններում է, եթե, իհարկե, Գալստյանը չկարողանա իրավական փաստաթուղթ ներկայացնել, որը կհիմնավորի, որ կազմակերպիչը և դաստիարակության գծով տեղակալը նույն հաստիքն են:
ԿԳՆ նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը «Անկախի» հետ զրույցում նշեց, որ հաստիքի ցանկացած փոփոխություն ուղեկցվում է իրավական փաստաթղթով, բացառություն չէ նաև այս դեպքը: Մակյանը նշեց, որ 1987-ին Գալստյանի հաստիքի ամբողջական անվանումն է եղել արտադասարանական ու դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ: Նրա խոսքով` խառնաշփոթի պատճառն այն է, որ Գալստյանի աշխատանքային գրքույկում պաշտոնի անվանումն ամբողջական չի գրվել:
Մակյանի խոսքով` խնդիրը կլուծվի, եթե Գալստյանի աշխատանքային գրքույկում դպրոցի ներկայիս տնօրինությունը, հիմք ընդունելով արխիվային փաստաթղթերը, ուղղում կատարի:
Գալստյանը, սակայն. արդեն հուսահատվել է հիմնարկությունների դռնից դուռ անցնելուց ու մերժումներ ստանալուց:
«Բա որ հանկարծ ուղղում կատարվի, հիմա էլ ասեն, թե կեղծում եմ արել, էդ ժամանանակ ի՞նչ կլինի: Վախենում եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ, ում դիմեմ»,- ասում է նա:

Ադրբեջանում Մասալլըի բնակիչները սպառնացել են հացադուլ հայտարարել

Ադրբեջան,Մասալլը   Ադրբեջանի Մասալլը շրջանի մի խումբ բնակիչներ մարտի 7-ին մամլո ասուլիս են հրավիրել, որի ժամանակ հայտարարել են տեղի իշխանությունների կողմից իրենց իրավունքների խախտման մասին: Շրջանի մտավորականների հասարակական միության ղեկավար Մամեդաղա Էյնուլլաևը հայտարարել է, որ բնակիչները հոգնել են մշտական ճնշման և վիրավորանքի առկայության պայմաններում ապրելուց և պաշտոնյաների կամայականությունները հանդուրժելուց, հաղորդում է “Հագին” կայքը;

“Մենք այսօր վերջին անգամ ներկայացրինք մեր բողոքները նախագահի աշխատակազմ: Եթե մեկ ամսվա ընթացքում պատասխան չստանանք, ապա անժամկետ հացադուլ կհայտարարենք”,- ասել է Մամեդաղա Էյնուլլաևը:

Բնակիչների քննադատության հիմնական թիրախը այդ շրջանի գործադիր իշխանությանն ղեկավար Ռաֆիկ Հուսեյնովն է: Նրանք բողոքել են կոռուպցիայից, կեղծ փաստաթղթերով հողի սեփականացումից, ճանապարհների վատ վիճակից, բնակիչների բողոքների նկատմամբ պաշտոնյաների անտարբերությունից, ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործումից, հիվանդանոցներում առկա կաշառակերությունից:

Մտավորականության ներկայացուցիչները Ադրբեջանի նախագահին խնդրել են ընդունել և լսել իրենց: “Կոռուպցիայի և օրենքի խախտման փաստերի մասին մենք բազմիցս նամակ ենք ուղարկել գլխավոր դատախազությանը, նախագահի աշխատակազմին, երկրի ղեկավարին, ներքին գործերի նախարարությանը, սակայն` ապարդյուն”,- բողոքել են շրջանի բնակիչները:

Անկախ

Ադրբեջանում Իսմայիլի գործով ձերբակալվածները հացադուլ են սկսել

ձերբակալությունԱդրբեջանում Իսմայիլի իրադարձությունների առնչությամբ մեղադրյալները՝ այդ նույն շրջանի բնակիչները, փետրվարի 25-ին հացադուլ են սկսել՝ բողոքելով դատախազի՝ նրանց դատելու պահանջների դեմ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը, հացադուլի մասնակիցները պահանջում են արդարացի դատավճիռ: Փետրվարի 24-ին դատախազը առաջարկել է 18 մեղադրյալներին դատապարտել 4-9 տարվա ազատազրկման:

Հացադուլին չեն մասնակցել “ՌԵԱԼ” շարժման ղեկավար Իլգար Մամեդովը և ընդդիմադիր “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն:

Հիշեցնենք, որ 2013թ.-ի հունվարի 23-ին Իսմայիլլի քաղաքում “Չըրագ” հյուրանոցի աշխատակիցները` անսթափ վիճակում, ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից են դարձել, որի արդյունքում անվայել վերաբերմունք են ցուցաբերել տեղի բնակչության նկատմամբ: Ի պատասխան, զայրացած ամբոխը այրել է “Չըրագ” հյուրանոցը: Հունվարի 24-ին բախում է տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների և տեղի բնակչության միջև: Վերջիններս պահանջում էին շրջանի ղեկավարության հրաժարականը: Դատարանի առջև կանգնել են 18 քաղաքացի, այդ թվում` “ՌԵԱԼ” շարժման ղեկավար Իլգար Մամեդովը և “Մուսավաթ” կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուն:

Անկախ

Ցմահ դատապարտված Վ.Աբաջյանը հացադուլ է հայտարարել

7713_bԱրդեն 6-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել նոյեմբերի 4-ին առաջին ատյանի դատարանի վճռով ցմահ ազատազրկման դատապարտված, «Խաչակիրներ» ՀԿ նախագահ, ազատամարտիկ Վաղարշակ Աբաջյանը։

Այդ կերպ նա փորձում է համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրել իրենց գործի նախաքննական կեղծիքների և դատավարության ընթացքում տեղի ունեցած խախտումների ու բացթողումների վրա։

Դատարանը Վաղարշակ և Հակոբ Աբաջյաններին մեղավոր է ճանաչել մի քանի հոդվածներով՝ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի և նրա ամուսնու՝ Յուրա Սրաբյանի սպանության գործով։ Վերջնական պատիժ է նշանակվել Վաղարշակ Աբաջյանի նկատմամբ՝ ցմահ ազատազրկում, Հակոբ Աբաջյանի նկատմամբ՝ 16 տարվա ազատազրկում։

Հացադուլ հայտարարած Վաղարշակ Աբաջյանը վճռական է տրամադրված և ասել է, որ արդյունքի չհասնելու դեպքում նաև ջրադուլ կհայտարարի, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ, քանի որ, Աբաջյանի կնոջ խոսքերով, նա շաքարախտ ունի։

Անցած վեց օրերի ընթացքում Աբաջյանին այցելել են միայն քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խմբի անդամները և հորդորել չգնալ այդ ծայրահեղ քայլին, սակայն՝ ապարդյուն։ Կնոջ փոխանցմամբ՝ նա դիտորդներին ասել է, որ հացադուլ է հայտարարել ոչ թե իր, այլ որդու՝ Հակոբ Աբաջյանի համար, որովհետև նրա նկատմամբ չափազանց խիստ պատիժ է նշանակվել։

Հավելենք, որ Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2013թ. նոյեմբերի 4-ի վճռով (նախագահող դատավոր՝ Արշակ Վարդանյան) Վաղարշակ և Հակոբ Աբաջյանները մեղավոր են ճանաչվել մի քանի հոդվածներով։

Վաղարշակ Աբաջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռքբերելը, պահելը, իրացնելը) և 38-338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ ցուցմունք տալը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ):

Վաղարշակ Աբաջյանը դատարանում հայտարարել է, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն Յուրա Սրաբյանի մահվան մեջ, որը պատճառվել է անզգուշորեն, ինչպես նաև՝ զենք պահելու և սուտ ցուցմունք տալու մեջ։ Իսկ «Մենք մերոնցով» թերթի գլխավոր խմբագիր Ալվարդ Աբրահամյանի սպանության հետ ինքը կապ չունի։

23-ամյա Հակոբ Աբաջյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանությունը՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, կազմակերպված խմբի կողմից, շահադիտական դրդումներով՝ այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով ), 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 7-րդ կետերով (մարդուն առևանգելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, երկու կամ ավելի անձանց նկատմամբ, շահադիտական դրդումներով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռքբերելը, պահելը, իրացնելը):

Նա նախաքննության և դատավարության ընթացքում բազմիցս պնդել է, որ ինքն անմեղ է և հոր դեմ ցուցմունքներ է տվել խոշտանգումների, բռնության ու սպառնալիքների ենթարկվելու արդյունքում։ Խախտվել է նրա՝ պաշտպան ունենալու և մերձավոր ազգականի դեմ ցուցմունք չտալու իրավունքը։ Խոշտանգումների վերաբերյալ բողոքն արդեն ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Գործում առկա խախտումներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան

Մեծ Բրիտանիայում վետերան-գուրկհերը հացադուլ են անում

Մեծ Բրիտանիայում  նեպալցի վետերան-գուրկհերը մյուս զինվորների նման հավասար իրավունքներ են պահանջում:

i (2)Նրանք տեղավորվել են խորհրդարանի  ու Պաշտպանության նախարարության , ինչպես նաև վարչապետ Քեմերոնի նստավայրի շենքի առջև: 1990-ականներին որպես պահեստայիններ զորացրված  գուրկհերն այսօր  ցմահ թոշակ են ստանում նորմի ընդամենը 3-րդ չափով:

“Մենք բողոքում ենք արդեն 20 տարի: Չգիտենք, թե էլի ինչ կարելի է անել, որ ուշադրություն հրավիրենք մեր խնդրին: Հազարավորները մահացել են` այդպես էլ արդարությունը չճաշակելով: Պաշտանության նախարարությունում  մենք ոչ մեկին չենք հետաքրքրում: Այնպես որ` կամ իմ իրավունքին կհասնեմ, կամ կմեռնեմ”,-ասում է նրանցից մեկը:

1814-ին բրիտանացիները փորձեցին զավթել Նեպալը, սակայն 2 տարի տևած մարտերից հետո պատերազմում ոչ ոք էլ չհաղթեց: Տեղի բնակիչների մարտական հմտություններն այնքան տպավորիչ էին անգլիացիների համար, որ նրանց իրենց մոտ ծառայության էին տանում:

Հիմա Բրիտանիայի բանակում 3,5 հազար գուրկհ է ծառայում: 2015-ին պլանավորվում է այդ թիվը նվազեցնել 1,5 անգամ, քանի որ թագավորական գանձարանում այդ բանակը պահելու համար  գումարը չի բավականացնում: