«Մեր հասարակությունը պետք է համակերպվի այն իրավիճակի հետ, որ մենք չլուծված հակամարտության խնդիր ունենք». Սեյրան Օհանյան

137531Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրացրեց վերջին շրջանում երկրի սահմաններում տիրող անհանգստության հարցը, որի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր ունեցավ:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե պաշտպանության նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ այդ հարցի քննարկումն ինչ է տվել և հնարավոր չէ՞ արդյոք մեր սահմաններն այնպես կահավորել, որ հնարավորինս զերծ մնանք նման գործողություններից և խուսափենք մարդկային կորուստներից:

Սեյրան Օհանյանի խոսքով` եթե վերլուծենք այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը և սահմանային իրադրությունը, ապա կգանք այն եզրակացության, որ սահմանին այսօր կայուն լարված իրավիճակ է, ինչը նորություն չէ մեզ համար: «Մենք և մեր հասարակությունը պետք է համակերպվի այն իրավիճակի հետ, որ մենք ունենք չլուծված հակամարտության խնդիր, ուստի մեր հակառակորդի ռազմատենչ եռանդը պետք է լուծենք հակագործողությունների և կանխարգելիչ գործողությունների միջոցով»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով` հակառակորդի գործողությունները մեզ ստուգելու դիտավորյալ բնույթ են կրում: «Հարցի լուծման համար մենք պետք է վստահության մթնոլորտ ձևավորենք, իսկ դա կայանում է նրանում, որ զերծ պետք է մնանք դիպուկահարների կրակոցներից, հրադարի ռեժիմը խախտելուց, պետք է կանխվեն դիվերսիոն հետախուզումները և ամենակարևորը` միջազգային հետաքննություն անցկացնել, որի մասին ես խոսել եմ նաև Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ: Ցավոք, համանախագահները նշում են, որ այսօր պատարստ չեն միջազգային հետաքննություն իրականացնել` կապված ֆինանսական, նյութատեխնիկական, մասնագիտական ռեսուրսների ներդրումների հետ»:

Ինչ վերաբերում է վերջին օրերի ընթացքում Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած դեպքերին, Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են այն բանին, որ թույլ չտան լարվածության նոր օջախի ստեղծմանը:

Սահմանին տիրող լարվածությանն անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Նա հետաքրքրվեց, թե նախարարը Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին բարձրացրե՞լ է արդյոք հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը:

Սեյրան Օհանյանն ասաց, որ նման հանդիպումները շատ անգամ անցնում են փակ ընթացակարգով և ձեռք է բերվում պայմանավորվածություն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առումով:

Այնուամենայնիվ, նա ասաց, որ այդ նիստի ընթացքում մի շարք կարևոր փաստաթղթեր են ընդունվել, որոնք վերաբերում են պաշտպանական ընդհանուր մեխանիզմների ձևավորմանը: «ՀԱՊԿ-ից մեր ցանկությունն այն է, որ միացյալ գործողություններ ակնկալենք նաև մեր տարածաշրջանում,-ասաց նախարարը:

 

Անկախ

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

ֆինանսների նախարարություն«Որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ ՕԵԿ պատգամավորներից մեկի հայտարարությանը` այդ կապակցությամբ ներկայացնելով նաև խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանի հայտարարությունը և մեկնաբանություններ ինչ-որ անհասկանալի ճնշումներ գործադրելու մասին,- տեղեկացնում է «Անկախին» ֆինանսների նախարարության մամուլի կենտրոնը:- Այդ առնչությամբ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ հնչեցված մեղադրանքներն անտրամաբանական են ու, բնականաբար, չեն արտացոլում իրականությունը, և Հեղինե Բիշարյանը, որպես խմբակցության քարտուղար, պետք է որ այդ մասին քաջատեղյակ լիներ»:

Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ կառավարությունը ցանկանում է օրինական երանգ տալ կոռուպցիոն երևույթները քողարկելուն

Ազգային ժողովում շարունակվում են ՛՛Պետական գնումների մասին՛՛ և “Պետական ու ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փոթեթների քննարկումները: Ընդդիմադիր պատգամավորներն անհանգստացած են՝ գտնում են, որ այս փոփոխությամբ կառավարությունը ցանկանում է օրինական երանգ տալ կոռուպցիոն երևույթները քողարկելուն, քանի որ փոփոխություններով նախատեսվում է պետական պահպանության ենթակա անձանց սպասարկման ծախսերն իրականացնել գաղտնիության պամաններում:

նաիրա զոհրաբյանՆախագծի մասին խոսելիս ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեց նախկին վարչապետին. ՛՛Նախկին վարչապետը ինքնաթիռներով մեկնում էր այլ երկրներ՝ հարկատուների հաշվին և այդ ծախսերը չէին երևում: Այդ ծախսերը չպետք է գաղտնի լինեն: Ծախսեր են անում գաղտնի գրիֆի տակ, սա անընդունելի է, սա պետք է հանրությանը հայտնի լինի»:

լևոն զուրաբյանՊատգամավոր Լևոն Զուրաբյանը մտքերի փոխանակության իր հերթին նկատեց, որ շատ ժողովրդավար երկրների նախարարներ կամ վարչապետեր հրաժարական են տվել հենց անհիմն ծախսերի բացահայտման արդյունքում. ՛՛Սրա կողքին մենք քննարկում ենք նախագիծ, որը նպատակ ունի քողարկել ծախսերը հարկատուներից` ՀՀ քաղաքացիներից, գաղտնիության շղարշի տակ չարաշահումներ եւ կոռուպցիոն գործարքներ անել: Սա նշանակում է մեկ բան, որ մեր երկրում կոռուպցիան պահպանվում է պետության կողմից», – ասաց Լևոն Զուրաբյանը:

բիշարյան հեղինե“Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար ևս անընդունելի է օրենքի այս նախագիծը. ՛՛Ես չեմ հասկանում, թե ինչի համար է սա արվում: Ի՞նչ է փոխվել: Մենք երբեք չենք կենտրոնացել մեր ղեկավար մարմինների ծախսերի վրա: Լրատվամիջոցներն են երբեմն անդրադարձել դրանց, սակայն սա նորմալ է, ես չեմ կարծում, որ հիմքեր կան նման նախագիծ բերել և արտահերթ, հրատապ ռեժիմով քննարկել… Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին՝ համարելով, որ շատ ավելի կարևոր օրենքներ կան, որ մենք պետք է քննարկենք և ընդունենք, քան այս նախագիծը, որը, չգիտես ինչու, բերվել ու քննարկվում է արտահերթ ռեժիմով՛՛, – եզրափակեց Հեղինե Բիշարյանը:

 Անկախ

«Մենք սկզբունքային ուժ ենք և հավատարիմ ենք մնալու կոալիցիոն համաձայնագրին». ՕԵԿ դիրքորոշումը կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ

բիշարյան հեղինեՉորս խմբակցությունները հանդես են գալիս կառավարության հրաժարականի պահանջով, իսկ թե ինչու «Օրինաց երկիր» կուսակցությունն այս հարցում չի արտահայտում իր դիրքորոշումը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն այսպես պատասխանեց. « ՕԵԿ-ը կնքել է կոալիցիոն համաձայնագիր և, որպես սկզբունքային քաղաքական ուժ, դեմ չի գնա իր սկզբունքներին: Մենք կոալիցիոն համաձայնագրի վերանայման ինվենտարիզացիոն խնդիր չենք տեսնում: Դա անընդունելի է, առավել ևս, որ մենք սկզբունքային քաղաքական ուժ ենք և հավատարիմ ենք մնալու կոալիցիոն համաձայնագրին»:

Ըստ Բիշարյանի` կառավարությանն անվստահություն չհայտնելով հադերձ  որևէ մեկը չի ասում, թե մեր երկրում բազմաթիվ խնդիրներ չկան, որ բոլորը լուծված են: Պարզապես խնդիրներն ավելի արագ թափով են շատանում, քան կառավարությունն է քայլեր կատարում: Կառավարությունը պետք է դանդաղ մտածի, բայց արագ գործի:

«Խնդիրների հետևից հասցնելու համար պետք է հորդորենք կառավարության անդամներին, անկախ այն բանից Հանրապետական կուսակցության անդամներ են, թե ՕԵԿ-ական, որ ավելի արագ գործնական քայլեր անել »,-խորհուրդ տվեց Հեղինե Բիշարյանը:

«Գազի խնդիրներով զբաղվող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը կտա հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները». Հեղինե Բիշարյան

հեղինե բիշարյանՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն  այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ կոալիցիոն քաղաքական ուժերի որոշման համաձայն Ազգային Ժողովում կձևավորվի գազի խնդիրներով զբաղվող Գազամատակարաման համակարգերի գործունեությունների ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի և կտա գազի հետ առնչվող բոլոր հարցերի պատասխանները:

«Փետրվարի 21-ին բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության են լինելու ԱԺ նախագահի մոտ, իսկ փետրվարի 24-ից արդեն հանձնաժողովը կանցի աշխատանքի, այն կունենա նախագահ, տեղակալ և բաղկացած կլինի տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներից: Հանձնաժողովը կաշխատի մինչև նոյեմբեր ամիսը: Հանձնաժողովը բոլոր հարցերի պատասխանը կտա հանրությանը»,-վստահեցրեց Հեղինե Բիշարյանը, ապա հավելեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն` հանձնաժողովի անդամներից չորսը կլինեն ՀՀԿ-ից, մեկական անդամ էլ մնացած կուսակցություններից:

Հարցին` ինչո՞ւ իշխող կուսակցությունն ընդառաջ չգնաց հանձնաժողով ձևավորելու ընդդիմադիր ուժերի ավելի վաղ արած առաջարկին, արդյո՞ք հակառակվելու պատճառ կա՞ր, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Հակառակվելու պատճառ չկա, պետք չէ հակադրության մեջ դիտել այս խնդիրը: Ուղղակի կոալիցիոն ուժերը աշխատեցին մեկ համալիր նախագծի վրա, ավելի շատ մանրամասնեցին գազի հետ կապված խնդիրները, որպեսզի որևէ թիրախ բաց չմնա: Բացի գոյացած պարտքից ու գազի գնից, կան բազմաթիվ այլ հարցեր, որոնք պետք է ուսումնասիրվեն ու հանրությանը ներկայացվեն: Երբ բոլոր հարցերը կգտնեն իրենց պատասխանները, այլևս կարևոր չի լինի, թե ո՞ւմ կողմից է ձևավորված այդ հանձնաժողովը»:

Այն նկատառմանը` արդյո՞ք համամասնությունը խախտված չէ, երբ ՀՀԿ-ն ձևավորվող հանձնաժողովում ունի 4 անդամ, իսկ մնացած խմբակցությունները մեկական, Հեղինե Բիշարյանը պատասխանեց. «Նաիրա Զոհրաբյանն առաջարկել է իրենց խմբակցությունից երկու անդամ ներգրավվել, որովհետև իրենք համամետաբար մեծաքանակ ուժ են ԱԺ-ում, ԱԺ նախագահն էլ, կարծես թե, սկզբունքորեն դեմ չէ դրան: Իսկ մեր կուսակցությունից հանձնաժողովի աշխատանքերին կներգրավվի Հովհաննես Մարգարյանը»:

Հեղինե Բիշարյանը, ոչ ավել ոչ պակաս, խոսեց ողջ հայության անունից

1362139472-7ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ սենսացիոն հայտարարություն արեց. հանդես գալով ՀՀ բոլոր քաղաքացիների անունից` նա ասաց, որ չկա գեթ մեկը, որը հոգու խորքում համաձայն չէ Մաքսային միությանն անդամակցելուն, եթե անգամ դրա մասին բարձրաձայն չի արտահայտվում կամ հակառակն է ասում:

Թե ինչի հիման վրա   է Բիշարյանն այդ համոզմանը հանգել, նա բացատրությունն էլ տվեց. «Կարծում եմ` չեք կասկածում, որ մենք շատ ենք հանդիպում հասարակության հետ և այդ հարցերը քննարկում: Դեռ չեմ հանդիպել մի մարդու, որին մտահոգում է հայ-ռուսական հարաբերությունների լավ լինելը»:

Ավելի հեռուն գնալով` Բիշարյանն ասաց, որ անձամբ իր ռուսաստանաբնակ հայ բարեկամ-ծանոթներից է տեսակետ հարցրել, և հասկացել է, որ նրանք ոգևորված են այդ լուրից և իրենց շատ լավ են զգում:

«Մեր քաղաքական ուժն էլ է արդեն հայտարարել, որ այս համագործակցությունը բխում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերից, իսկ դրան զուգահեռ պետք է շարունակվեն Եվրամիության հետ հարաբերությունները»:

Ինչ վերաբերում է Մաքսային միության և Ազատ առևտրի գոտու միջև հակասությանը, ապա Բիշարյանը հավատում է երկրի քաղաքական ղեկավարների ճկունությանը և համոզված է, որ նրանք կանեն այնպես, որ Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերությունները մեկը մյուսին չխանգարեն, այլ ընդհակառակը` օգնեն: