Հայ արիներն ու ազգայնականները նշեցին Հայոց Վարդավառը

Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը… Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը…

Վարդավառ

Հայ արիականները եւ հեթանոս ազգայնականները ավանդության համաձայն նշել են Հայոց Վարդավառի տոնը: Այն ամենասիրված ու զանգվածային տոներից է, որ նշվել է ինչպես նախահեթանոսական եւ հեթանոսական ժամանակներում, այնպես էլ այսօր՝ քրիստոնեական համարվող, բայց այդպես էլ քրիստոնեավար չդարձած Հայաստանում:

Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հուլիսի 25-ին՝ Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կազմակերպել են հայ-արիական ծիսական տոնակատարություն:

Հազարամյակներ շարունակ, անգամ 301-ի հուդա–քրիստոնեական ներխուժումից ու հայոց ցեղասպանդից հետո, այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Աստղիկը սիրո եւ գեղեցկության մարմնավորումն է հայոց մեջ, եւ առհասարակ Տիեզերքում, քանզի միայն Հայ Աստվածային Համակարգում է, որ ի սկզբանե եղել է Սիրող Զույգերի Արարչակնքում…

Այսինքն՝ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի եւ Հայոց սիրո ու գեղեցկության Աստվածուհի Աստղիկի սերը ցայսօր եզակի է ներաստվածային պատմության մեջ, որ ստացել է Տիեզերքի Արարչի հովանավորությունն ու հավերժանալու առաքելությունը… Հայի զորությունն ու սերն ի սկզբանե միահյուսվել են, ինչը մեր Աստվածային Համակարգին ու Հայ Տեսակին օժտել է արդարամտությամբ՝ Արարչակարգին հավատարիմ մնալու Առաքելությամբ…

Եվ արդար ուժ է Վահագնի զորությունը, զերծ չարությունից ու բիրտ լինելուց… Եվ զորավոր ու հաստատուն է Աստղիկի սերը, զերծ սին ու տկար դրսեւորումներից… 

Հայ արիներն ու ազգայնականները հերթական տոնական միջոցառմանն ավանդական ջրախաղով միմյանց ջրել են հայ արի քրմերի կողմից օծված ջրով, եւ մեծ ու փոքր ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ սերը, որ տիեզերաստեղծ միջուկն է արարչական, քանզի ամեն բան արարվել է սիրով ու առաքինությամբ:

Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն 301-ից այս կողմ ինչքան էլ փորձում են վերացնել հայոց տոների արիադավան-հեթանոսական հետքերը՝ անարդյունք է լինում, ազգը գենետիկ-ծինաբանական հիշողությամբ պահպանում է նախնական իմաստը…

Վարդավառի տոնական արարողությունը այս անգամ եւս (Հայոց սրբազան տոմարով Աստղիկ օրը) կազմակերպվել է Քարի լճի մոտ՝ Արագածի գագաթները բարձրանալու ճանապարհին: Ծիսակարգը կատարել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները: Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու, իսկ սիրող զույգերին էլ Վահագնականչով ազգասիրական ու հայրենասիրական մղումներ հաղորդելու համար: Փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին եւ սերը առ ազգ եւ հայրենիք, այր ու կին:

 

Հայ Արիական Միաբանության

Լրատվական-տեղեկատվական կենտրոն

25.07.2014թ.

 

Հիմն Աստղիկին

Ելնում է ահա նազելի փառքով

Երկնի խորքերից Սիրո Դիցուհին,

Պճնված կույսի ճերմակ շղարշով,

Վառվելով իր սուրբ շողերի միջին:

Արևաշող աղբյուր` հույզերի,

Աստղաբույլ կերոն` սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:

Ելնում է շռայլ իր փառքից շիկնած,

Ցոլուն աչքերը ներքեւ խոնարհում,

Թեեւ նրանց մեջ երկնքից ծագած

Ամենից պայծառ ճաճանչն է բերում:

Արեւաշող աղբյուր` հույզերի,

Աստղաբույլ կերոն` սրտերի,

Լուսաշող Սիրո Թագուհի,

Գեղասքանչ Աստղիկ դիցուհի:

Հովհաննես Թումանյան

 

Վահագն

Փրկությանդ արեւ՛ Վահագնին տեսար…

Հովհաննես Հովհաննիսյան

 

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,

Օ, Վահագն արի։- Տեսնում եմ ահա,

Որ ծիծաղում ու քրքջում են նրանք

Արնաքամ ընկած դիակիդ վրա։

Թե մի՞ֆ էիր դու… Եկան, երգեցին

Մի հին իրիկուն գուսանները ծեր,

Որ հզո՛ր ես դու, հրոտ, հրածի՛ն,

Որ դո՛ւ կբերես փրկությունը մեր։

Եվ հավատացինք, հարբած ու գինով,

Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ո՛ւժի-

Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով

Մեր երկիրը հին դարձրին փոշի…

Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,

Որ նետեն քաղցած ոհմակներին կեր-

Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան

Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

Եղիշե Չարենց

 

Հրայր Թովմասյանը թումանյանական մտքերի մեջ է

Hrayr_TovmasyanՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում մեջբերել է Հովհաննես Թումանյանի հետևյալ խոսքերը.

“Խորապես ցավելով պետք է խոստովանենք, որ մեր ժողովրդի մեջ սաստիկ զարգացած է վրեժխնդրության զգացմունքը, և մեր մարդը, վրեժ առնելու համար, հաճախ կանգ չի առնում ոչ մի միջոցի առջև։ Եվ ավելի ևս զզվելին այն է, որ նա սիրում է իր վրեժը լուծել ու հարվածը տալ ուրիշի ձեռքով, ինքը միշտ մութի մեջ։
Ասիական այս գարշելի հատկությունը առանձնապես աչքի ընկավ և շատ ոճիրների պատճառ դարձավ մանավանդ վերջին շարժման խառնակ տարիներում, երբ իրար թշնամի մարդիկ իրենց ձեռքին գործիք էին դարձնում այս կամ այն կազմակերպության մարդկանց ու «գաղափարի» անունով իրենց հաշիվները մաքրում ամենայն անգթությամբ։
Բայց միայն խառնակ տարիները չեն. միշտ էլ գործի վրա են այդ չար, անհանգիստ հոգիները և չեն քաշվում մոլորության մեջ ձգելու նույնիսկ կառավարության պաշտոնյաներին։ Եվ որքա՜ն ջանք ու եռանդ, որքա՜ն նույնիսկ նյութական միջոցներ են գնում դրանց սարքած դավերի վրա, թե ինչ է այսինչը ուզում է վրեժ հանել այնինչից։
Եվ ի՜նչ խորամտություն, ի՜նչ սուր հայացք, ի՜նչ խոր ծանոթություն է հարկավոր գործի ու սովորությունների՝ այդ բոլոր մեքենայությունների տակից ճշմարտությունն ու արդարությունը հանելու համար։
Եվ, հիրավի, արդարությունը մեր երկրում շատ է տուժում մեր այս ցած հատկության պատճառով, այլև կորցնում ենք մեր բարոյական վարկն ու խոսքի արժեքը արդարադատության առաջ։
Եվ ամենուրեք է այս ախտը մեր կյանքում ու լոկ մտածելն անգամ սաստիկ, սաստիկ ծանր է”:

 

Անկախ

Հովհաննես Թումանյան – 145

թումանյանԹՈՒՄԱՆՅԱՆԸ «ԱՌԱԾԱՆԻՆ ՎԱՐՔԱԿԱՆՈՆ»-ՈՒՄ

Փիլիսոփայական գիտությունների դոկտոր Վալերի Միրզոյանի` հայկական ժողովրդական ասացվածքների և առածների արժևորման և օգտագործման վերաբերյալ ուսումնասիրությունների, հրապարակումների մասին վաղուց էի լսել: Դեպքից դեպք հիշում ու փնտրում էի: Եվ ահա այս տարի գիրք նվիրելու օրվա նախօրեին Վ. Միրզոյանի «Առածանին վարքականոն» գրքի 4-րդ, լրացված, բարեփոխված հրատարակությունը, որպես հաճելի անակնկալ, նվեր ստացա ընկերոջիցս` Ալավերդու թիվ 9 դպրոցի պատմության ուսուցիչ Էդվարդ Շահվերդյանից: Միանգամից սկսեցի կարդալ ու դժվարանում էի այն ցած դնել: Գրքի ծանոթագրությունում ասվում է. «Աշխատությունը տակավին եզակի մի փորձ է փիլիսոփայության և կառավարաբանության մոտեցումների համադրմամբ գնահատելու հայ ժողովրդական ասացվածքների և առածների վարքակարգավորիչ ներուժը, բացահայտելու դրանց գործառույթները անհատի և հանրային կյանքի ամենատարբեր բնագավառներում, հանգամանորեն քննարկելու առածանու արդյունավետ գործադրման մեթոդաբանությունը»:

Առածաբանության մեկնաբանության ընթացքում գործածվել են հայ և այլազգի հեղինակների կարծիքները, խորհուրդները, ստեղծագործությունները: Դրանք նույնպես վարքակարգավորիչ լիցք ունեն: Գրքի անվանացանկից իմանում ենք, որ գործածվել է ընդամենը 150 անուն, 287 անգամ ու առաջինը կրկին անմահ Հովհաննես Թումանյանն է, որ հիշատակվում է 11 անգամ: 2-րդ տեղում Հակոբ Պարոնյանն է (10 անգամ), իսկ 3-ից 4-րդ տեղերը, 8-ական անգամ հիշատակումով, կիսում են Ֆրիդրիխ Նիցշեն և Գարեգին Նժդեհը:

Հենց ներածականում Հովհաննես Թումանյանը բնութագրում է առածներն ու ասացվածքները. «Դրանցից ամեն մեկը մի ամբողջ պատմություն է պարունակում, այդ տեսակ խոսքը միայն հանճարներն են ստեղծում, մեկ էլ` ժողովուրդները, որ «…հազար-հազար աչքերով, հազար-հազար ականջներով, հազար-հազար խելքերով երկար տարիների ընթացքում նայում, լսում, քննում ու դատում են կյանքը և վերջը հանում են մի կարճ եզրակացություն»:

Հետո հեղինակն օգտվում է Թումանյանի մտքի գանձարանից` ներկայացնելով կնոջը վերաբերող առակները: Թումանյանը եզրակացնում է. «Մարդը կդակը վերա դնում` հետը մասլահաթ անում, խո իսան (մարդ) ա»: …Հովհաննես Թումանյանը նամակներից մեկում հանրային կարծիքի ուժը արժևորելու համար գրում է. «Ավելի լավ է մարդու աչքն ընկնի, քան թե անունը»:

Քիչ տարածում չունեն առանձին ազգերի մասին պատմությունները:
«Հայ ազգը հեղափոխական չէ», – բացահայտում է Վալերի Միրզոյանը և հիշատակում Հովհաննես Թումանյանի «Հայ ժողովուրդը հեղափոխական» հոդվածը:
Անցյալի, ներկայի և ապագայի միջև բախում չի կարող լինել, ու աշխատության 145-րդ էջում Հովհաննես Թումանյանի հանճարեղորեն պարզ ձևակերպումն է.
Էսօրն ինչ է որ, – մի երեկ է նոր,
Էսօրն էլ կանցնի, երեկ կդառնա,
Եվ սակայն կըրկին միևնույն է նա:
«Ամեն փորձանք մեկ-մեկ խրատ»-ը` հայոց լավատեսական ասացվածքներից մեկը, ավելի լավ չի բնութագրի, քան անմահ լոռեցու «Միշտ մի աղետ, մի վնաս, գալիս է մեզ անպակաս» միտքը: Բանն էլ, իրոք, այն է, որ փորձանքից չես խուսափի: Իսկ ստի մասին խոսելիս ինչպե՞ս կարող ենք մոռանալ Հովհաննես Թումանյանի «Սուտլիկ որսկանը»:
«Տեղդ նեղ լինի, լեզուդ մեղր արա», «Խոսքը մեկ, Աստված մեկ» շարքն է ներկայացնում Վ. Միրզոյանը և հիշատակում Հովհաննես Թումանյանի տարաբախտ Թմկա տիրուհուն:
«Ջուրը գացող, ծարավ դարձող» շարքի ասացվածքները օգնում է հասկանալու Հովհաննես Թումանյանի «Ձախորդ Փանոսը»:
«Հանաքը դանակ կդառնա»: Հենց այդպես եղավ, չէ՞, Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմում «ախպեր տղերքի»` Մոսիի և Սարոյի կատակով բռնած կռվի դեպքում: Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի հերոսն էլ այս գրքի 247-րդ էջում օգնում է հասկանալու «Խոզի գլուխը խալիչու վրա չի կենա» խոսքի արժեքը:

Որպես շտեմարան ընդունելով Ա. Ղանալանյանի «Առածանին»` Վալերի Միրզոյանը ներկայացնում է, որ դրանում 1405 անգամ հիշատակվել է 59 կենդանու անուն: Առաջին տեղում շունն է (215 անգամ): Հետաքրքիր է, որ շան մասին հիշատակումները քիչ չեն նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում: Ուշագրավ համադրությունները Վալերի Միրզոյանի գրքում շատ են: Եվ այն հավակնում է դառնալու սեղանի գիրք գործարարների, պաշտոնյաների, մանկավարժների և ուսանողների համար:

Ամեն մի հանդիպում Հովհաննես Թումանյանի խոհին ու մտքին տոն է: Ուզում եմ ընթերցողին ներկայացնել նաև Թումանյանի մտքի գանձարանը բնորոշող մի մանրապատում-իրապատում, որ վերջերս եմ կարդացել մամուլում.
– Ո՞վ է այդ հոգնած ճանապարհորդ ձիավորը, – Աբասթումանի անտառներով անցնելիս իր շքախմբին է դիմում փոխարքան:
– Հայ բանաստեղծ Թումանյանն է, – պատասխանում են նրան:
Շքեղ կառքը կանգնեցնելով` Կովկասի փոխարքա Վորոնցովը դիմում է Թումանյանին.
– Ասում են` դու հայ բանաստեղծ Թումանյանն ես:
– Այդպես է, Ձերդ գերազանցություն, – պատասխանում է բանաստեղծը:
– Ուզում եմ քեզ մի հարց տալ: Ի՞նչ կասես, խե՞լքն է ծանր, թե՞ հիմարությունը, – հեգնական ժպտում է փոխարքան:
– Իհարկե հիմարությունն ավելի ծանր է:
– Իսկ ինչպե՞ս կապացուցես, – խորամանկորեն հարցնում է Վորոնցովը:
– Շատ պարզ, – քթի տակ ծիծաղում է Թումանյանը, – տեսե՛ք, ինձ մի ձի է տանում, իսկ ձեզ` չորսը: Հիմա հասկացա՞ք` դրանցից որն է ծանր:
Փոխարքան այլևս ոչ մի բան չի ասում և ձեռքով նշան է անում կառապանին, որ շարունակի ճանապարհը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Անկախ

Թումանյանական ամիսն ավարտվեց

001Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին մեկնարկած Թումանյանական ամիսն ամփոփվել է։ Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյակի միջոցառումների թվում ներառված էին գիտական ընթերցումներ՝ «Բազմանդամ ընտանիքի հայր Հովհաննես Թումանյանի կերպարը», «Հովհաննես Թումանյանի զավակները», «Իմ Թումանյանը» թեմաներով։ Թումանյանական գիտական ընթերցումներին մասնակցել են Երևանի հանրակրթական ավելի քան 40 դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներ՝ տարիքային երկու խմբերով։

Թումանյանական ամսվա ամփոփման օրը, սահմանված կարգի համաձայն, խրախուսանքի է արժանացել 10 ընթերցում, իսկ դրանցից 6-ն արժանացել է առաջին, երկրորդ, երրորդ կարգի մրցանակների։ Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրերով են խրախուսվել նաև համաքաղաքային միջոցառումներ կազմակերպած դպրոցները։ Մրցանակները աշակերտներին և ուսումնական հաստատությունների տնօրեններին է հանձնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։

Թումանյանական ամսվա ընթացքում Հովհ. Թումանյանի անունը կրող դպրոցի, տուն-թանգարանի, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության համագործակցությամբ կազմակերպվել են գրական-երաժշտական ցերեկույթներ, հանդիպումներ գրողների հետ, բազմաբնույթ այլ միջոցառումներ։ Մեծ գրողի 145-ամյակի միջոցառումներին մասնակցել են նաև մայրաքաղաքի մանկապարտեզները. անցկացվել են բաց դասեր։ Լավագույն բաց դասերն անցկացրած մանկապարտեզները ևս արժանացել են խրախուսական անվանակարգերի մրցանակների։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Թումանյանները հոբելյաններում

images (1)Թումանյանով` մենք կանք: Առանց Թումանյանի` մենք չկանք: Տարազգի-տարալեզու գրականության մեծ աշխարհ մենք մտնում ենք Թումանյանով` և այս աշխարհը այլևս մեր հայրենի եզերքն է:
Հրանտ Մաթևոսյան
1939 թ. Դսեղում հիմնադրվել է ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանը: Այսպիսի երախտագիտություն գրողի մահից 16 տարի անց, այսպիսի նվեր նրա ծննդյան 70-ամյակին ու այդ ամենն այն աղետալի վերաբերմունքից հետո, որ ցուցաբերվել էր նրա երեք որդիների նկատմամբ` ընդամենը մեկ-երկու տարի առաջ:
Համլիկը Թումանյանի հինգերորդ զավակն էր` գրականագետ, լրագրող, թարգմանիչ, կուսակցական աշխատող: Ահաբեկչական գործունեություն ծավալելու և խորհրդային կարգերը տապալելու կոչեր անելու կեղծ մեղադրանքով առաջին անգամ բանտարկվել է 1935 թ. նոյեմբերի 4-ին: Մեղադրանքը չի հաստատվել, ազատվել է 1936 թ. հունիսի 10-ին: 1937 թ. հունիսի 11-ին կրկին բանտարկվել է լրտեսության և հանցագործության նախապատրաստման անհեթեթ մեղադրանքով: Գնդակահարվել է նույն տարվա սեպտեմբերի 13-ին:
Ի դեպ, դեռ այն ժամանակ, ճիշտ գնահատելով Լոռվա ձորի հեռանկարը, Թումանյանը ցանկանում էր, որ իր որդիներից մեկը դառնար երկրաբան, և ավագ որդուն` Մուշեղին, խորհուրդ է տալիս. ՙԼոռին մեծ ապագա ունի, հանքերով հարուստ երկիր է, երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, այ, ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքերի տերն են դարձել…՚: Մուշեղ Թումանյանը երկրաբան չդարձավ: Նա կենսաբան էր, մանկավարժ: Ենթադրվում է, որ 1938 թ. Ռուսաստանի արևելասիբիրյան երկրամասի բանտերից մեկում ինքնասպան է եղել, վերջին նամակը եղել է այդ թվականի փետրվարի 18-ի թվագրումով: Մուշեղ Թումանյանը ոչ ավելի, ոչ պակաս աշակերտների և բնակչության շրջանում խորհրդային կարգերը տապալելու փորձ անելու մտացածին մեղադրանքով ձերբակալվել է 1937 թ. նոյեմբերի 5-ից:
Գրողի ութերորդ զավակը` պետական, կուսակցական գործիչ Արեգ Թումանյանը, 1937 թ. բանտարկվել և 1938 թ. հունիսի 14-ին գնդակահարվել է որպես ժողովրդի թշնամի և արտասահմանյան լրտես:
հովհաննես թումանյանԳրողի երեք որդիներն էլ 1955 թ. հետմահու արդարացվել են: Արդարացումը իրականում ոչինչ չտվեց, իսկ թե ինչ կորցրեցին հայ մշակույթը և գրականությունը, մեջբերում եմ Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի այն տարիների նախագահ Մկրտիչ Ասլանյանի խոսքերը. ՙԵթե 1937 թ. մոլի ստալինականները և բերիականները չգնդակահարեին Համլիկ Թումանյանին, մենք Թիֆլիսում կունենայինք մեր նորօրյա վերնատունը` Համլիկ Թումանյանի նախագահությամբ՚:
Իհարկե, պատմությունը և ժամանակը հետընթաց չունեն: Մեզ մնում է դասեր առնել պատմությունից և արժևորել այդ պատմությունը կերտողների վաստակը: Ընթացիկ տարին հոբելյանական է ոչ միայն ամենայն հայոց բանաստեղծի, այլև նրա հոր` Տեր-Թադևոսի (1839 -1898 թթ., ծննդյան 175-ամյակը) և գրողի երեք զավակների համար: Տարվա ընթացքում լրանում է Մուշեղ Թումանյանի (1889-1938 թթ.) ծննդյան 125-ամյակը, արվեստաբան, դրամատուրգ, կովկասյան ճակատում զոհված Արտավազդ (Արտիկ) Թումանյանի (1894-1918 թթ.) ծննդյան 120-ամյակը և դուստրերից գրականագետ, մատենագետ Արփիկ Թումանյանի (1899-1981թթ.) ծննդյան 125-ամյակը: ՙՄեծ մարդ էր, զարմանալի մեծ մարդ, անդունդի խորություն ուներ, լայն հոգի, մեծ սիրտ, մեղմ բնավորություն, ժպիտը միշտ դեմքին՚,- Հովհ. Թումանյանի այս գնահատականը հոր մասին գալիս էր համոզելու, որ ուշադրության արժանի են նաև այս հոբելյանները: Կարծում եմ` գրողի տուն-թանգարանի 75-ամյակի տարին սովորական չի լինի ոչ միայն Դսեղում:
Արդեն տասնամյակներ են անցել այն օրից, երբ Երևանի Աբովյան փողոցի թիվ 1 շենքի պատին կարդացել եմ ամենայն հայոց բանաստեղծի` 1921 թ. այստեղ իջևանելու մասին հուշատախտակը: Այժմ, երբ այն կրկին աչքովս է ընկնում, թվում է, թե կարդում եմ առաջին անգամ: Վերջերս էլ մամուլից տեղեկացա, որ Հովհաննես Թումանյանը Երևանում եղել է ընդամենը հինգ անգամ, այն էլ` կարճատև այցերով: Ու ամենևին պատահական չէ, որ 1953 թ. Երևանում բացված Թումանյանի թանգարանի (մինչև 1979 թ. կոչվում էր տուն-թանգարան) ուղիղ 45 տարի առաջ կառուցված ներկայիս շենքի երկրորդ հարկում ընդօրինակվել է Թումանյանի Թիֆլիսի բնակարանը, որտեղ գրողը ապրել է կյանքի վերջին 14 տարիներին: Ես` որպես լրագրող, ընթերցող և լոռեցի, մտահոգվելով վերջերս հայկական կողմից գնված Թբիլիսիի տան ճակատագրով, կարծում եմ, որ ուշադրության արժանի է թումանյանագիտությանը վերաբերող երկու հիմնարար աշխատությունների (ՙՀովհաննես Թումանյան.հայրենագիտական համանվագներ՚, 2005. և ՙԹումանյանի ընտանեկան աշխարհը՚, 2011) հեղինակ, ճարտարապետական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Շախկյանի առաջարկությունը թանգարանը դարձնելու թանգարան-ինստիտուտ` թումանյանական արժեքների պահպանման, հետազոտման, հայտնաբերման և արժևորման կենտրոն: Նպատակահարմար ենք գտնում նաև 1980 թ. սահմանված Հայաստանի գրողների միության ՙԹումանյան՚ մրցանակի վերականգնումը` այն դարձնելով միջազգային գրական մրցանակ:
Հովհաննես Թումանյանի 150-ամյակը սարերի ետևում չէ: Հինգ տարին այնքան էլ մեծ ժամանակ չէ: Մեծ ու փոքր միջոցառումներ նվիրենք 2014 թ. Թումանյանների հոբելյաններին և այդ ջերմությունը պահենք մինչև 2019 թ., փորձենք ունենալ ու գերազանցել այն ոգևորությունը, որ ապրեց Լոռին և ողջ ազգը գրողի 100-ամյակի օրերին: Չմոռանանք նաև տարիներ առաջ բանաստեղծի ծննդյան օրվա առիթով ծնված միմյանց գիրք նվիրելու մասին նախաձեռնությունը: Կարծում եմ` գրքի նկատմամբ սերը կաճի, եթե կատարենք գրքի նվիրատվություններ, նաև գրքափոխանակություն:
Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Անկախ

Մենք հանճարեղ ընթերցողներ կլինենք. Գրող

ընթերցողՓետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Այս նախաձեռնությունը պատկանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին : Գրերի գյուտից անմիջապես հետո գրաբարով ստեղծվել են հայ մատենագիրների գիտական, պատմական ու կրոնական գրքեր, իսկ մեր տպագիր գրքի պատմությունն արդեն ունի 500 տարվա պատմություն: Գիրքը միշտ եղել է հայերի անբաժան ուղեկիցը, նվիրական մասունքներից մեկը. նույնիսկ ամենադժվարին պահերին, երբ մարդ փորձել է ամեն գնով իր կյանքը փրկել, չի մոռացել տանել գրադարանի գոնե իր համար ամենաթանկարժեք գիրքը: Միգուցե, այսօր շատ են խոսվում, որ հայ մարդը հեռացել է գրքից, չի կարդում, բայց միաժամանակ շատերը հակառակ տեսակետն են պնդում, որ հայերը շարունակում են գիրք կարդալ:

Գրող, բանաստեղծ Արաքս Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ առանց գիր ու գրականության կյանքն անգույն ու խամրած է, երբ ցանկություն կա որեւէ հեղինակի ստեղծագործության անդրադառնալ, ապա չպետք է երկմտել, միանշանակ դա օգտակար է: Գիրք գրելը, հրատարակելը, կարդալը, լեզուն պահպանելու կարևորագույն պայմաններից մեկն է, իսկ լեզուն, ինչպես ասել է Խաչատուր Աբովյանը` /Մեր ազգը պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը/.

/Գիրքը, հատկապես գեղարվեստական գիրքը, այլընտրանքային իրականություն է:

Գեղարվեստական գրականություն կարդալու ցանկությունը մեծ է հատկապես հետաքրքրասեր մարդկանց շրջանում,  սակայն կան անհատներ, ում կյանքը բովանդակալից է, հետաքրքիր, եւ գիրք կարդալն իրենց չի ձգում/:

Շատ ենք լսել /գիրք կարդալը նորաձեւ է/ արտահայտությունը, եւ եթե իսկապես փորձում ենք նորաձեւ լինել, ապա միանշանակ պետք է սկսել գիրք կարդալ: Մենք հանճարեղ ընթերցողներ կլինենք, բազմազան գրականությունն էլ հասանելի:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ