Մահացել է գրող, հրապարակախոս Մեդորա Խաչատրյանը

մեդորա2014թ հունիսի 15-ին, կյանքի 77 տարեկանում մահացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտոր , գրող , լրագրող, հրապարակախոս Մեդորա Սրապիոնի Խաչատրյանը :

Մեդորա Խաչատրյանը ծնվել է 1937-ին Իջևանում, ուսուցչի ընտանիքում : 1954-ին ավարտել է հայրենի քաղաքի N1 դպրոցը, 1959թ՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը :

1965-ին ավարտելով ասպիրանտուրան և պաշտպանելով թեկնածուական թեզ, ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան :

1991թ Մեդորա Խաչատրյանը՝ խոշոր եղջերավոր կենդանիների կոնստիտուցիայի մանրադիտակային երկարամյա ուսումնասիրությունների ծավալում  նյութի հիման վրա պաշտպանել է դոկտորական թեզ և բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի հաստատմամբ ստացել է գյուղատնտեսական գիտությունների դոկտորի աստիճան : Իր բնագավառում որպես կին՝ գիտությունների դոկտորի աստիճանով, հանրապետությունում նա միակն է : Ավելի քան 50 գիտական աշխատանքներն ու մի շարք գյուտերը հանդիսանում են նրա կենսագրության ավելի քան երեսուն տարիների քրտնաջան ու նվիրված աշխատանքի արդյունքը :

Մեդորա Խաչատրյանը գիտական աշխատանքներին սիրով զուգակցել է գրական ստեղծագործությունը՝ գրելով բանաստեղծություններ, պատմվածքներ, հուշեր : Տպագրվել է «Հայ գրող», «Գրական թերթ», «Ավետաբեր», «Շիրակուհի» լրագրերում: Դեռ դպրոցական տարիներից թղթակցել է «Ավանգարդ», «Պիոներ», «Պիոներ կանչ», «Երեկոյան Երևան», «Հայաստանի Հանրապետություն», «Իրավունք», «Ազգ», «Առավոտ» պարբերականներին : Հայրենիք, հայրենի բնաշխարհ, խոհ, սեր. Ահա նրա նախասիրությունների ոչ լրիվ շրջանակը :

Մամիկոն Խոջոյանին հուղարկավորեցին (լուսանկարներ)

խոջոյանի հուղարկավորությունՔիչ առաջ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին գերեվարված, խոշտանգված ու հայկական կողմին վերադարձված 77-ամյա Մամիկոն Խոջոյանի հուղարկավորությունը: Նրա մարմինն ամփոփել են գյուղի գերեզմանատանը: Մամուկ պապիի թաղմանը նրա հորեղբորորդին՝ Արսեն Խոջոյանը, չի մասնակցել: Նա հայրիկի մոտ է՝ Սևանում, որտեղ զբաղվում են անասնապահությամբ:

Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը մահացել է մայիսի 20-ի երեկոյան: Նրա դին Երևանում ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Թե ինչ մահաբեր նյութերի ներարկման հետևանքով է ծերունին մահացել, ցույց կտա փորձաքննության արդյունքը, որը կհրապարակվի:

Անկախ

Կյանքից հեռացել է ամերիակահայ դաշնակահար Լյուսի Իշխանյանը

LucyՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 80-րդ տարում վախճանվել է ամերիկահայ անվանի դաշնակահար, խաչատրյանագետ Լյուսի Իշխանյանը։

Լյուսի Իշխանյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն էր,  «Սթեյնվեյ արթիսթ» գործակալության անդամ։ Դաշնակահարը սովորել է «Ջուլիարդում» /ԱՄՆ/՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան, ապա ուսումը շարունակել Կոլումբիայի համալսարանում:

Լյուսի Իշխանյանը եղել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի սանը: Կոմպոզիտորը Իշխանյանին բնորոշել է որպես տաղանդաշատ արտիստի՝ օժտված փայլուն տեխնիկական տվյալներով և միաժամանակ երաժշտական զգացողության խորությամբ: Լ․ Իշխանյանը եղել է Արամ Խաչատրյանի դաշնամուրի սոնատի առաջին կատարողը /Նյու Յորքի «Էվերի Ֆիշեր Հոլլ» համերգասրահ/:

Լ. Իշխանյանն իր յուրաքանչյուր համերգում մշտապես ներառել է առնվազն մեկ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն:

1991թ-ին Լյուսի Իշխանյանը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շնորհալի դաշնակահարների համար սահմանանել է հատուկ կրթաթոշակ: Նա նաև աջակցել է Ջուլիարդի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի միջև համագործակցությանը: 1992թ-ին Լ․Իշխանյանը Ջուլիարդում հիմնել է հատուկ կրթաթոշակային հիմնադրամ, որն աջակցել է երևանյան կոնսերվատորիայից Ջուլիարդում ուսանելու տեղափոխված ուսանողներին:

Կյանքից հեռացել է Մեխակ Տեր-Սարգսյանը

Մեխակ Տեր-ՍարգսյանՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ կյանքի 79-րդ տարում կյանքից հեռացել է Մովսես Խորենացի մեդալակիր, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի պատվավոր անդամ, Հայաստանի տպագրական գործի հիմնադրման և զարգացման ասպարեզում մեծ ավանդի տեր Մեխակ Պողոսի Տեր-Սարգսյանը:

Մեխակ Տեր-Սարգսյանը ծնվել է 1935թ. մարտի 17-ին Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում: Տեղի յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի եռամյա պոլիգրաֆիական արհեստագործական ուսումնարանը, այնուհետև աշխատանքի է անցել Երևանի պոլիգրաֆ-կոմբինատում՝ որպես գրաշար-էջադրող:

1957-1958թթ. աշխատել է Թբիլիսիի «Զարյա Վոստոկա» թերթի տպարանում` որպես «Սովետական Վրաստան» թերթի գրաշար-էջադրող: 1958թ․-ին Երևանի N 2 տպարանում եղել է «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» և «Սովետական Հայաստան» թերթերի գրաշար-էջադրողը: 1958թ․-ին զորակոչվել է խորհրդային բանակ․ երեք տարի ծառայել է Օդեսայի զինվորական օկրուգում, եղել է «Գվարդիական դրոշ» և «Մարտական պոստում» թերթերի  խմբագրությունների տպարանի պետը: Զորացրվելուց հետո՝ 1961-1968թթ․ շարունակել է աշխատել  N 2 տպարանում` որպես շարվածքային արտադրամասի վարպետ, ավագ վարպետ, արտադրամասի պետ, իսկ տպարանների վերամիավորումից հետո՝ որպես N 1 տպարանի գլխավոր տեխնոլոգ:

1966–1971թթ. աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է Մոսկվայի համամիութենական պոլիգրաֆիական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետը՝ ստանալով պոլիգրաֆ արդյունաբերության ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն:

1971-1975թթ․ եղել է Երևանի պետական համալսարանի տպարանի տնօրենը: 1975թ․-ին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության գլխավոր ինժեներ-փոխտնօրեն, իսկ 1984թ․-ին՝ ՀԽՍՀ Հրատպետկոմի  պարբերական մամուլի նորաստեղծ բաժնի պետ:

1986–1991թթ.  նրա նախաձեռնությամբ ստեղծվել է ԽՍՀՄ  տարածքում առաջին  և միակ պարբերական արտադրահրատարակչական միավորումը: Մեխակ Տեր-Սարգսյանը աշխատել է որպես այդ միավորման գլխավոր տնօրեն, ապա 1991թ․-ին, միավորման լուծարումից հետո, նշանակվել է Հայհրատպետկոմի N 3 տպարանի տնօրեն: Մասնակի սեփականաշնորհումից հետո տպարանը վերանվանվել է «Ոսկան Երևանցի» տպագրատուն-արտադրահրատարակչական բաց բաժնետիրական ընկերություն:

1994թ․-ից մինչ օրս «Ոսկան Երևանցի» Ա/Հ բաց բաժնետիրական ընկերության տնօրենն էր:

Մ. Տեր-Սարգսյանը Գյուտերի և հայտնությունների գործերով ԽՍՀՄ պետական կոմիտեի կողմից տրված պոլիգրաֆիայի վերաբերյալ երկու գյուտերի, ինչպես նաև մի շարք մասնագիտական, տնտեսագիտական և գիտահանրամատչելի հոդվածների հեղինակ էր:

Հայաստանի պոլիգրաֆիայի ասպարեզում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով, իսկ 2011թ․-ին` Մովսես Խորենացի մեդալով: Նոր Նորք համայնքի պատվավոր քաղաքացի էր:

Մեխակ Տեր-Սարգսյանի  հոգեհանգիստը տեղի կունենա  ապրիլի 22-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական 2 /նախկին 105 ա/ շենքում: Հուղարկավորությունը՝ ապրիլի 23-ին, ժամը 14:00-ին:

Վառարանից բռնկված հրդեհի հետևանքով 85-ամյա տանտիրուհին ծխախեղդ է եղել

25.01.10Մարտի 23-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Բերդավան գյուղում տուն է այրվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում. 1929 թ. ծնված Ռոզա Մուրադյանի տան ննջասենյակում վառարանից հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով վերջինս ծխախեղդ է եղել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

 

Անկախ

Գրիգոր Գուրզադյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր երեկոյան, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում

գրիգոր գուրզադյանՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ականավոր գիտանական, աստղաֆիզիկոս, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:
Այս մասին Անկախին տեղեկացնում են ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Գրիգոր Գուրզադյանի հիշատակը, ապա ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Գրիգոր Գուրզադյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 24 , ժամը 1800-2000-ը, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժամը 1200-1400-ը, Գիտությունների ազգային ակադեմիայում:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում։

Վարորդը և 2 ուղևորները մահացել են

ավտովթարՓետրվարի 19-ին, ժամը 05.30-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 222 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել պատի, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները տեղում մահացել են:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը` հունվարի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում

ղարաբեկյանՀայ արդի երաժշտարվեստը ծանր և անդառնալի կորուստ կրեց: 2014 թ. հունվարի 10-ին կյանքի 59-րդ տարում հանկարծամահ եղավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, մաեստրո Արամ Ղարաբեկյանը:

Մեզանից հեռացավ ինքնատիպ ու տաղանդաշատ մի արվեստագետ, որի կյանքն ու գործունեությունը հայրենիքին ու հայրենական մշակույթին անմնացորդ նվիրումի փայլուն օրինակ էին:

Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955 թ. հուլիսի 4-ին Թեհրանում: Ավարտել է Բոստոնի «New England» երաժշտանոցը, ապա սովորել երաժշտական ֆենոմենոլոգիա Գերմանիայի Մայնց քաղաքի համալսարանում: Դիրիժորական արվեստի գաղտնիքները Ղարաբեկյանը յուրացրել է Ֆրանկո Ֆերարայի ղեկավարությամբ՝ Իտալիայում, այնուհետև, 1979 թ. աշակերտել լեգենդար Սերջիու Չելիբիդախեին՝ Գերմանիայում: Կոմպոզիցիայի և դիրիժորության դասեր է ստացել նաև Մասաչուսեթսի Թենգլվուդ երաժշտական կենտրոնում՝ Յաքոբ Դրաքմենի և Լեոնարդ Բերնսթայնի ղեկավարությամբ:

Ա. Ղարաբեկյանի դիրիժորական գործունեությունը սկսվել է 1983 թվականից, երբ իր իսկ նախաձեռնությամբ հիմնադրել և ղեկավարել է Բոստոնի «ՍինֆոՆովա» կամերային նվագախումբը: Նրա ղեկավարությամբ՝ 1983-1991թթ., նվագախումբը համերգային լայն գործունեություն է ծավալել, ելույթներ ունեցել ամերիկյան հայտնի համերգասրահներում (Նյու-Յորքի «Carnegie Hall», Լոս Անջելեսի «Dorothy Chandler Pavilion», «Boston’s Symphony Hall», «Jordan Hall»)` ամենուրեք արժանանալով մամուլի և քննադատների բարձր գնահատանքին:

Արամ Ղարաբեկյանը ղեկավարել է Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Օպերայի և բալետի թատրոնը: Որպես հրավիրյալ դիրիժոր ելույթներ է ունեցել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ, Մյունխենի «Սինֆոնիետա», Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ, Ուկրաինայի ռադիոյի և հեռուստատեսության, Զագրեբի, Լվովի Շրևեպորտի, Զեջիանգի սիմֆոնիկ և այլ նվագախմբերի հետ, հյուրախաղերով հանդես եկել Եվրոպայում, Միացյալ Նահանգներում և նախկին Խորհրդային Միության երկրներում:

                Իր եռանդուն ու բազմակողմանի երաժշտակատարողական գործունեության համար Արամ Ղարաբեկյանն արժանացել է միջազգային հեղինակավոր մրցանակների. ԱՄՆ-ի կոնգրեսի Հատուկ հռչակագիր, Լյուսիեն Վուլսնի անվան մրցանակ (1988), Ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների միության (ASCAP) մրցանակ (1989), Հարվարդի երաժշտական ընկերության «Լավագույն կատարման մրցանակ»: Նրա կատարումները «Բոստոն Գլոբի» կողմից չորս անգամ ճանաչվել են որպես «Տարվա լավագույնը»:

 Արվեստագետի կյանքի 12 տարիները կապված էին հայրենիքի երաժշտական կյանքի հետ: 1997 թ. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հրավերով ստանձնելով վերակազմավորված Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարությունը՝ Ղարաբեկյանը կարճ ժամանակաընթացքում նոր շունչ ու ոգի հաղորդեց խմբի գործունեությանը: Ղարաբեկյան-գլխավոր դիրիժորի ջանքերի շնորհիվ կամերային նվագախումբը դարձավ հանրապետության առաջատար երաժշտախմբերից մեկը՝ ծավալելով աննախադեպ եռանդուն համերգային գործունեություն. բազում ելույթներ ու հյուրախաղեր թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, մշտապես նորացվող նվագացանկ՝ դասական կամերային երկերից մինչև 20-րդ դար, արգենտինյան տանգոյից մինչև հայ ավանդական գործիքներով հնչող գործեր, բազմաթիվ ձայնագրություններ ու նկարահանումներ…

 Արամ Ղարաբեկյանի ղեկավարության տարիներին նվագախումբը ելույթներ է ունեցել Միացյալ Նահանգներում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Վրաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Արաբական Միացյալ Էմիրություններում: Հիշարժան են նվագախմբի տպավորիչ ելույթները Քենթերբերիի (Անգլիա), Հալլեի  (Գերմանիա), Դիմիտրիայի (Հունաստան), «Սանկտ Պետերբուրգի պալատներ» (Ռուսաստան)   միջազգային փառատոներում: Հայաստանի պետական կամերային նվագախմբին էին վստահված Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային հանդիսությունների բացման համերգը Բեռլինում, ինչպես նաև ելույթը Նիկոսիայում՝ Կիպրոսի նախագահական պալատում: Նվագախմբի ելույթները հեռարձակվել են CNN  և Ռուսաստանի «Կուլտուրա» հեռուստաալիքներով:

Դասական երաժշտության համերգներին զուգահեռ՝ Ղարաբեկյանն իր հետ բերեց ելույթների նոր ձևաչափ՝ բացօթյա համերգներ Երևանում (Open Music Fest, 2009) և հեռավոր մարզերում, երաժշտական տարբեր նախագծեր պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ (Գառնի, Զվարթնոց, Շուշի): Գառնիի տաճարի 2004 թ. բացօթյա գալա-համերգի տեսագրությունը 2005 թ. Բուխարեստի  ECO-ETNO-FOLK միջազգային կինոփառատոնում արժանացավ հատուկ դիպլոմի:

2007 թ. նվագախմբի նախաձեռնությամբ  կազմակերպվել է դասական երաժշտության առաջին  Արցախյան փառատոնը, որը  2008 թ. Ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ,  արժանացել է  «Լավագույն դասական նախագիծ» մրցանակին:

Արդի երաժշտության զարգացման ու խթանման նպատակով Արամ Ղարաբեկյանն ու  ՀՊԿՆ-ն պատվիրել ու կատարել  են ժամանակակից կոմպոզիտորների ավելի քան 40 նոր գործ, այդ թվում նաև՝  նվագախմբի համար գրված ստեղծագործություններ հայ ավանդական նվագարանների ներգրավումով՝ դուդուկ,  զուռնա, շվի, քամանչա:

Հայաստանից մեկնելուց հետո Արամ Ղարաբեկյանը շարունակեց իր երաժշտակատարողական գործունեությունը ամերիկյան մայրցամաքում: Իրեն բնորոշ խանդավառությամբ կրկին ձեռնամուխ եղավ գեղարվեստական տարբեր նախագծերի իրականացմանը՝  ղեկավարեց համերգային տարբեր ծրագրեր, հանդես եկավ հյուրախաղերով (2012-ին՝ Իսրայել, 2013-ին՝ Չինաստան): Ստեղծեց «Բաց երաժշտական հասարակության հիմնադրամը», որի նպատակները բազմազան էին ու հեռահար՝ համերգային, կրթական, գեղարվեստական փոխանակման, փառատոնային և այլն: Հիմնադրամի շրջանակներում Ղարաբեկյանի գլխավորությամբ կազմակերպվեց 2012 թ. սեպտեմբերի 21-ին Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում ամերիկյան «Շաթլ: Ինդևոր» տիեզերանավի դիմավորելու հանդիսավոր արարողության գեղարվեստական մասը:

2014 թ. մարտին Արամ Ղարաբեկյանի ղեկավարությամբ նախատեսված համերգը  Միչիգանի համալսարանում թավջութակահար Սուրեն Բագրատունու մասնակցությամբ և Վաչե Շարաֆյանի երաժշտությամբ պետք է անցներ «Cello Plus Festival»-ի շրջանակներում:

Ղարաբեկյան-դիրիժոր-երաժշտի հավատամքը դասական երաժշտության բարձր գաղափարներին ազնվորեն ծառայելու առաքելությունն էր: Նրա համար երաժշտությունը մասնագիտություն չէր, այլ, իր իսկ խոսքով՝ կենսակերպ, երկրի վրա ի վերուստ տրված մարդկային կյանքի ժամանակահատվածն ապրելու և արարելու միջոց: Դրանով էր նա առանձնանում, դրա մեջ էր տեսնում իր գործի ճշմարիտ ընթացքը:

Նա ապրում էր Ժամանակի ու Տարածության իր օրենքներով, փնտրում իրեն հուզող հարցերի պատասխանները երաժշտական տարբեր դարաշրջանների հեղինակների երկերում: Դիրիժորական ինքնատիպ ձեռագիրն ու ստեղծագործական վառ անհատականությունը, երաժշտական համարձակ մտահղացումները՝ ավանդականի ու նորի համադրումով,  համերգային բազում անմոռաց երեկոների հաջողության գրավականն էին: Մաեստրո Ղարաբեկյանի դիրիժորական փայտիկն, ասես, աներևույթ մի ուժի շնորհիվ վերածվում էր կախարդական գավազանի, որի հատու և վճռական բախումներն ի զորու էին ծնունդ տալ երաժշտական ամենատարբեր ու անսովոր ընթերցումների: Նա հավատում էր, որ երաժշտությունը միավորում է մարդկանց, գիտեր արվեստի մոգական ազդեցության ուժը: Դասական երկերի բարձրարվեստ կատարումներից զատ՝ մաեստրոն «ստիպում էր» դահլիճի հանդիսատեսին դառնալ իր՝ «ղարաբեկյանական», երաժշտական թատրոնի անսպասելի մասնակիցը՝ փշրելով բոլոր կաղապարներն ու կարծրատիպերը:

Այդպես էլ հեռացավ՝ անսպասելի, այս դեպքում, ավա՜ղ, կրկին կոտրելով կարծրատիպը…

Դեռ երկար ենք զգալու այս անդառնալի կորստյան ցավն ու Երաժշտի երկրային բացակայությունը: Նա գնաց միանալու մեր մեծերին՝ հայ դիրիժորական արվեստի երկնակամարում թողնելով իր վառ ու պայծառ Աստղի լույսը…

Թող Լույս իջնի շիրիմին…

Պայծառ հիշատակ, մաեստրո Ղարաբեկյան…

 Հունվարի 23-ին, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում: 

Անկախ

ՃՏՊ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում, վարորդը մահացել է

ավտովթարՀունվարի 14-ին, ժամը 19.30-ին, «Մերսեդես-Բենց Ե180» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է ծառի:
Վարորդը` 1979 թ. ծնված Վլադիմիր Ծատուրյանը, տեղում մահացել է:
Ոստիկանությունից Անկախին տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ

սերժ սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա անվանի դիրիժոր, Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի վաղաժամ մահվան մասին:

Աշխարհի լավագույն կոնսերվատորիաներում ուսանած Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, արժանացավ բազմաթիվ միջազգային մրցանակների՝ զարգացնելով նաև հայրենի երաժշտարվեստը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Արամ Ղարաբեկյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

Անկախ

Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը տեղի կունենան հունվարի 10-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

խեչոյանՀոկտեմբերի 8-ին ծանր, երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր, ժամանակակից հայ արձակի ամենապայծառ դեմքերից մեկը` Լևոն Խեչոյանը:

Լևոն Խեչոյանը ծնվել է 1955 թվականին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Բարալեթ գյուղում։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ 1987 թվականից ապրում էր ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։

Գրել սկսել է դեռևս դպրոցական տարիներից։ Նրա անդրանիկ ժողովածուն լույս է տեսել 1991 թվականին՝ «Խնկի ծառեր» վերնագրով։ Հետագա տարիներին հրատարակվել են «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» (1995 թ.), «Սև գիրք, ծանր բզեզ» (1999 թ.), «Տան պահապան հրեշտակը» (2002 թ.), «Ձայներ և տեսիլներ» (2006 թ.), «Փուշը, հայր, փուշը» (2011թ.), «Պատմվածքներ և հարցազրույցներ» (2013թ.) և այլ ստեղծագործություններն ու ժողովածուները, որոնք գնահատվել և սիրվել են ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն հասարակայնության կողմից: 2014 թվականին կհրատարակվի նրա «Մհերի դռան գիրքը» նոր վեպը:

«Սև գիրք, ծանր բզեզ» վեպի համար 1999 թվականին արժանացել է ՀՀ պետական գրական «Ոսկե եղեգն» մեծ մրցանակին, 2005 թվականին «Հողի դողը» պատմվածքների ժողովածուի համար` Հրանտ Մաթևոսյանի անվան, 2006 թ. «Հունվարի 5-ը և 6-ը» գրքի համար` Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» և այլ մրցանակների: Խեչոյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, անգլերեն, արաբերեն, հունարեն և այլ լեզուներով:

Որպես ազատամարտիկ առաջին իսկ օրից մասնակցել է Արցախյան հերոսամարտին:

Լևոն Խեչոյանը գրողի, քաղաքացու, հայի ազնվագույն տեսակ էր, անմնացորդ` նվիրված գրականությանն ու հայրենիքին: Նա իր գրականությունը ստեղծում էր տքնանքով ու  տառապանքով, իր յուրաքանչյուր բառը քամելով Հայաստանի հողից, հայ մարդու հոգուց, ապավինելով արդարությանը, ճշմարտությանը, լույսին, սիրուն և արժանապատվությանը` այն գիտակցությամբ, որ գրականություն ստեղծելը դափնեպսակի հասնելու ձգտում չէ, և ավելի ազնիվ է ունենալ «քիչ հեղինակություն արժանիորեն, քան թե մեծ փառք՝ առանց իրավունքի…»: Եվ նա իր կյանքով ու ստեղծագործությամբ  իրավացիորեն վաստակեց իր տեղը ինչպես գրականության և մարդկանց սրտերում, այնպես էլ հավերժության մեջ:

Կառավարական հանձնաժողովից Անկախին տեղեկացնում են, որ մեծ քաղաքացու և գրողի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Վերջին հրաժեշտը` հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:

Ավտոբուսները Կեչառիս կմեկնեն հունվար 11-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից:

 

Մահացել է Արմեն Մազմանյանը

Արմեն Մազմանյան54 տարեկան հասակում կյանքից հեռացել է   Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր   Արմեն Մազմանյանը:  Նա մահացել է Երևանի «Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնում:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 19-ի նիստում 10 հազար  եվրո էր հատկացրել Մազմանյանի բուժումը ԳԴՀ-ում կազմակերպելու համար:

Արմեն Մազմանյանը ծնվել է 1960 թ., Երևանում: 1984-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը:  Մազմանյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ էր, արժանացել էր նաև Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի, «Մահ իմացյալ անմահություն»  և Մարտական ծառայության մեդալների:

Անկախի խմբագրակազմը ցավակցում է Արմեն Մազմանյանի հարազարտներին:

Մազմանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ.

 

«Մերսեդես-Բենց»-ի վարորդը մահացել է

ավտոպատահարՀունվարի 7-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 52-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ծառին, ինչի հետևանքով վարորդը` 1988 թ. ծնված Սերյոժա Կարապետյանը, տեղում մահացել է, իսկ 20-ամյա ուղևորը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։
Կատարվում է քննություն:

Անկախ

Տեղի է ունեցել Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը

Ջիմ Թորոսյան,մահ,կառավարական հանձնաժողով,նիստՎարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, Միջազգային ճարտարապետական ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության ճարտարապետության և շինարարության ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ նախագահի մրցանակակիր, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և Պատվո նշան շքանշանակիր, Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշանակիր, Երևանի և Սպիտակի պատվավոր քաղաքացի, ճարտարագիտության պրոֆեսոր Ջիմ Թորոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը:

Ներկայացվել են հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Ջիմ Թորոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 8-ին՝ ժամը 18:00-20:00-ին` Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հունվարի 9-ին՝ ժամը 12:00-14:00-ին, ՀՀ ճարտարապետների միությունում տեղի կունենա Ջիմ Թորոսյանի վերջին հրաժեշտը, հուղարկավորությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։

Անկախ

Ազատ Սարգսյանի հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում

ազատ սարգսյանԻնչպես  Անկախին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահի հոր՝ Ազատ Ավետիսի Սարգսյանի քաղաքացիական հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին:

Հուղարկավորությունից առաջ վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին՝ նույն վայրում:

Վախճանվել է նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Սարգսյանը

ազատ սարգսյանՀՀ Նախագահի աշխատակազմը խոր ցավով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին, 84 տարեկան հասակում Ստեփանակերտում վախճանվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայրը՝ Ազատ Ավետիսի Սարգսյանը:

Անկախի խմբակրակազմը ցավակցում է ՀՀ նախագահին և Սարգսյանների ընտանիքին Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ:

Մահացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը

Hasmik SoghomonyanԱրտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը:

Հասմիկ Սողոմոնյանը ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին Երևանում:

1974թ.-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարարությունում 1977թ.-ից: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ԱԳՆ քաղաքական լրատվության, հյուպատոսական բաժիններում:

1992-1995թթ. աշխատել է Հայաստանի նորաստեղծ ԱԳՆ հյուպատոսական վարչությունում:

1995-1999թթ. Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում աշխատել է որպես հյուպատոսական բաժնի վարիչ։ 1999-2002 թթ.՝ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար:

Հասմիկ Սողոմոնյանը 2002-2003 թթ. հանդիսացել է ԱԳ նախարարի խորհրդական: 2003-2006 թթ. Բելգիայում ՀՀ դեսպանության խորհրդական, հյուպատոսական բաժնի ղեկավար:

2006-2009թթ. աշխատել  է  ԱԳՆ Եվրոպայի վարչությունում որպես խորհրդական:

2009թ-ից Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդականն էր:

Հասմիկ Սողոմոնյանին շնորհվել էր արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

Հասմիկ Սողոմոնյանը ՀՀ ԱԳՆ կազմավորման առաջին իսկ օրից իր գիտելիքներն ու փորձը ներդրել է արտգործնախարարության հյուպատոսական ծառայության ստեղծման և կայացման գործընթացում:

Հասմիկ Սողոմոնյանը երկու երեխաների մայր էր։

ԱԳՆ իր ցավակցությունն է հայտնում Հասմիկ Սողոմոնյանի զավակներին, հարազատներին և մերձավորներին: Վառ անհատականությամբ օժտված, հմուտ և օրինակելի դիվանագետի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: