«Ուզում ես ճերմակ աղավնիներ թափի գլխներին, ուզում ես ոսկի, թուրքը մնում ա թուրք». մովսեսցի բնակիչ

10531406_786274271395164_2714524108505593352_oՏավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին բացվելուց հետո նույն գյուղի բնակիչ Ղուկաս Խաչատրյանը, վերականգնելով իրենց ընտանեկան ավանդույթը, սկսել է ճերմակ աղավնիներ պահել: <<Խաղաղության թռչուն է, տեսնելիս քաղցրանում ես, երջանկանում ես, ինչ ասեմ>>,ասում է նա:

Գյուղում Ղուկասին բոլորն են ճանաչում, բնորոշում՝ որպես ամենակարդացած ու ինտելեկտուալ բնակիչներից մեկը:

10380862_786274288061829_2038049076237307008_o

Ի դեպ, մովսեսցի Ղուկաս Խաչատրյանը 1990-ականների արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է: Նա պայքար է մղել Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում ամբողջ երկայնքով: Ղուկասը դիպուկահար է եղել, նաև Մովսեսի սահմանում թեժ մարտերից մեկի ժամանակ վիրավորվել հակառակորդի գնդակից:

Ղուկաս Խաչատրյանն ապրում է հայրենի գյուղի եկեղեցու անմիջական հարևանությամբ, ունի երեք զավակ, որոնց կոչել է Արաբո, Սոսե և Սողոմոն: <<Զավակներիս անուններն իսկապես պատահական չեն, Սոսեն, գիտեք, Աղբյուր Սերոբի կինն է եղել, Սողոմոնը՝ Սողոմոն Թեհլերյանը մերն ա, Կոմիտասը, որի անունը Սողոմոն էր, մերն ա, Սողոմոն Իմաստունը մերն ա, պապս էլ էր Սողոմոն, դե մերն ա ու մերը>>,-կես կատակ ավելացնում է Ղուկաս Խաչատրյանը:

10505034_786274268061831_1531233912223031211_oՆա 12 աղավնի ունի, որոնք տալիս է նաև գյուղ եկած հյուրերին, առաջարկում եկեղեցու բակում իսկ թռցնել՝ մտքում պահելով խորհրդանշական երազանքն ու խաղաղության ցանկությունը:

1961793_786274274728497_2120470573585924099_oԿյանքի ու մահվան սահմանագծին ապրող Ղուկասի խոսքով՝ ոչ մի խաղաղության աղավնի և որևէ այլ միջոց չի կարող սանձել իրենց անհաջող հարևանների գործողությունները, խաղաղություն հաստատել: <<Ինչ վերաբերում ա՝ ճերմակ թռչուններս տանեմ, սահմանի վրա խաղաղություն պահանջեմ, մենք բոլորս ենք համոզվել՝ 12-րդ դարից առայսօր դրանք չեն փոխվել: Թուրքը մնում ա թուրք: Ուզում ես ճերմակ աղավնիներ թափի գլխներին, ուզում ես ոսկի, դրանք անփոփոխ են, դրանց հետո ուժով պետք ա խոսես>>,-ասում է պատերազմի ու խաղաղության միջև ադրբեջանցիների հետ 50-ամյա հարևանությամբ ապրող Ղուկաս Խաչատրյանը:

 

Անկախ

Սահմանամերձ Մովսեսում գյուղի տոնը չեն նշի

10271609_783617668327491_748326690412800668_nԱմեն տարի օգոստոսի երկրորդ կիրակին նշվում է` որպես Մովսես գյուղի տոն: Վաղը` օգոստոսի 10-ին, սակայն, սահմանապահ համայնքը տոնակատարություններ չի կազմակերպի` վերջին օրերին սահմանային լարվածության պատճառով:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը Անկախ-ի թղթակին հայտնեց, որ անվտանգության նկատառումներից ելնելով` մեծ միջոցառում տեղի չի ունենա: <<Անվտանգության նպատակով հետաձգվել է տոնախմբությունը>>,-նշեց նա:

10389084_783617458327512_4873690891779681900_nՄովսեսի <<տոնացույցում>> գյուղի օրը կարմիրով է արդեն մի քանի տարի` գյուղի հովանավոր, գործարար Վազգեն Վանեսյանի նախաձեռնությամբ, ում աջակցությամբ էլ կառուցվել է Մովսեսի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Վաղը գյուղի հոգևոր տաճարում կմատուցվի պատարագ, որին կհաջորդի մատաղի մատուցման արարողությունը:

10563193_783616524994272_8573578556107934465_nԳյուղի օրվա առիթով ելույթ կունենա մշակույթի տան երգի ու պարի խումբը, որն արդեն մի քանի օր է` փորձեր է կատարում: Երգչախումբը կկատարի <<Խիո խիո>> ստեղծագործությունը:

 

 

Անկախ

Հակառակորդը քիչ առաջ կրակել է դաշտում աշխատող մովսեսցու ուղղությամբ

10482657_782183738470884_9154102776959938587_nՄոտ մեկ ժամ առաջ հակառակորդը կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղի հայտնի «Խաչի» բարձունքի ուղղությամբ, որտեղ աշխատելիս է եղել մովսեսցի Սլավա Պապյանը:

Այդ բարձունքում են գտնվում գյուղի հեռուստահաղորդիչ արբանյակները:

Կրակահերթի հետևանքով հրդեհվել է բարձունքի խոտածածկ հատվածը, սակայն մովսեսցիները կարողացել են մարել կրակը` կանխելով տարածումը:

Բարեբախտաբար, տուժածներ չկան: Այս պահին Մովսես գյուղի այդ տարածքն ամբողջությամբ ծխապատ է:

 

Անկախ

Սահմանապահ Մովսեսի վանքերն ու արտերը վտանգված են

movsesՄովսեսցիները բոլորին մատնացույց են անում գյուղի կենտրոնին ուղիղ հայացքով նայող բարձունքը: Եկեղեցուն, համայնքային կենտրոնին ու դպրոցին նայող սարի գագաթին հիմա ադրբեջանական դիրքերն են, որտեղից, ի դեպ, գյուղի ամենաակտիվ ու մարդաշատ թաղամասն ուղիղ նշանառության տակ է և հաճախ է դառնում հակառակորդի թիրախ: Բայց սա չէ միայն, որ սահմանապահ մովսեսցիներին մտահոգում է:
Գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհին` Ջավահիր Բադալյանը, իր աշակերտներին արդեն պատմել է այն պատմամշակութային ու հոգևոր վայրերի մասին, որոնք հիմա ադրբեջանական տիրապետության տակ են, գերեվարված ազերի դիպուկահարների կողմից:
Մովսեսի դպրոցի մուտքի մոտ ամենավտանգավոր տեղն է` հակառակորդի դիպուկահարների աչքի առաջ, հենց այդ կետից է երևում այն բարձունքը, որտեղ Երեցի խաչն է, նրանից արևելք` VII դարի Սուրբ Հակոբյաց վանքը, որը մինչև նախորդ դարի կեսերը, մովսեսցիների խոսքով, հաստատ կանգուն է եղել: Ավելի ուշ, ըստ մովսեսցիների, վանքերն ավերվել են, կանգուն են մնացել միայն խաչերը: «Ազերիները հիմա քանդած կլինեն: Դրանից դեպի հյուսիս-արևելք գտնվել են երկաթահանքեր, որոնք XVIII-XIX դարերում շահագործել են ֆրանսիացիներն ու անգլիացիները: Իհարկե, երբ XX դարասկզբին Հայաստանը խորհրդայնացվել է, այդ հանքերը փակվել են, իսկ անգլիացիներն ու ֆրանսիացիները` հեռացել»,- պատմում է Ջավահիր Բադալյանը:
Մովսեսի դպրոցականները չեն հասցրել տեսնել իրենց գյուղի տարածքի վանական համալիրներն ու դիտարժան վայրերը, հակառակորդն այնտեղ բույն է դրել, բայց դա չի խանգարել, որ նրանք անգիր անեն հայրենի գյուղի պատմությունն ու պահանջատեր լինեն: Ահա թե ինչու գյուղի կրթական հաստատությունն ավարտած գրեթե բոլոր տղաները վճռական են իրենց հողը թշնամուց պաշտպանելու գործում: «Երեքին արդեն բանակ ենք ճանապարհել, երեքին էլ շուտով կճանապարհենք, մեկի բանակի ուրախ հավաքը նախատեսված էր հուլիսի 23-ին»,- ասում է գյուղի գլխավոր պատմաբանը:
Մովսեսի միջնակարգ դպրոցն ունի 147 աշակերտ, այս տարի ունեցել է 15 շրջանավարտ, որոնցից 8-ը դիմել են բուհեր, հաջողությամբ հանձնել միասնական քննությունները և ընդունվել: Նրանք ընդունվել են ԵՊՀ լրագրության, բանասիրության ֆակուլտետներ, մանկավարժական և գյուղատնտեսական համալսարաններ: «Դե որ սահմանից գնացել, ընդունվել են, պետք է ամեն գնով սովորեն,- ասում է Ջավահիր Բադալյանը` անդրադառնալով սահմանամերձ մարզի երեխաների` ուսման հետ կապված խնդիրներին, ուսման վարձավճարների փոխհատուցման հնարավորություններին:- Վերջին շրջանում կրակոցները հաճախակի են դարձել, դասերն անընդհատ ընդհատվել են հակառակորդի արձակած կրակահերթերի պատճառով, երեխաներին տուն ենք ուղարկել»:
գյուղ ՄովսեսՋավահիր Բադալյանի խոսքով` հայ-ադրբեջանական շփման գծում վիճակը վերջին շրջանում ավելի է լարվել, այնպես որ, Մովսեսի կիրակնօրյա դպրոցն իր դռները ժամանակից շուտ փակել է: Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի օրհնությամբ, Մովսես գյուղի կիրակնօրյա դպրոցի 19 սաները ուսուցիչների հետ հուլիսի 22-ին ճանաչողական այցով մեկնել են Սանահին ու Հաղպատ:
Ի հեճուկս հակառակորդի, տիկին Ժանետան խանութի դուռը երբեք չի փակում, եթե անգամ «անհաջող հարևանը» սկսում է գնդակոծել գյուղը: Գյուղի կենտրոնում գործող առևտրի սրահը զերծ չի մնացել գնդակոծությունից, փամփուշտները նաև այստեղ են հասել, ծակծկել պատերը: «Մենք էլ չենք վախըմ, սըվերել ենք: Սկզբնական շրջանում շատ ինք վախըմ, պադվալն ինք մտնըմ, հիմա չէ, ցավդ տանեմ, չէ, չէ, չէ, էրեխեքն են մի քիչ վախըմ»,- ասում է տիկին Ժանետան: Նա ասում է, որ գյուղում թեև շատ խանութներ կան, բայց հաճախորդներն են քիչ: «Օրը եթե 10 հազար դրամի առևտուր եմ անում, շատ գոհ եմ լինում: Մովսեսցիները հագուստին ուշադրություն չեն դարձնում, մեծ է սննդի պահանջարկը»: Ապրանքափոխանակությունն այստեղ դեռևս առևտրի ընդունված ձև է, հիմնականում հավկիթներով է փոխանակումն իրականացվում:
Մովսեսցիների գլխավոր անհանգստությունն այս պահին ակտիվացած հակառակորդն է, որն ամեն ինչ անում է գյուղատնտեսական աշխատանքները խափանելու համար: Սահմանամերձ գյուղի ցորենի ցանքատարածությունների զգալի հատվածը թշնամու հետ անմիջական սահմանի վրա է: Հասկերն արդեն հնձելու ժամանակն է, սակայն ադրբեջանցի դիրքապահները չեն թողնում իրականացնել բերքահավաքը: «Մենք նամակ են ուղարկել Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` մեզ տրամադրելու անվտանգության երաշխիքներ, որպեսզի կոմբայնավարը ազատորեն մտնի դաշտ, առանց վախենալու, որ կարող է հակառակորդի թիրախում հայտնվել»:
Մովսեսցի կոմբայնավար Արթուր Վարդանյանն ասաց, որ կոմբայնը վտանգավոր տարածքից հանելուց հետո էլ «Ճոճեր»-ի ցորենի դաշտ չեն մտել: «Ո՞վ ռիսկ կանի, մտնի, կրակի տակ ա: Հիմա մենք մյուս դաշտում ենք հնձում, որտեղ կրակոցներ չկան: Բայց ադրբեջանցիների դիրքերի մոտ մոտ 30 հեկտար դեռ ունենք, որ պետք ա հնձենք: Կոնկրետ ես 8 հեկտար ունեմ, չգիտեմ` դա ոնց պետք ա լինի: Կարմիր խաչը թող նրանց մոտ կանգնի, մեր կողմից կրակոց չի լինում: Մենք վախենում էինք, որ մեր նոր ստացած կոմբայնի շարժիչը վնասած կլինեն, բայց լավ էր` փամփուշտը թիթեղին էր կպել, սարքել ենք»,- անդրադառնալով հացահատիկի բերքահավաքի անվտանգ կազմակերպման նպատակով սահմանամերձ համայնքներից Կարմիր խաչին ուղղված նամակներին` ասաց Մովսես գյուղի կոմբայնավարը: Նա պատմեց, որ գյուղում ամեն մի շարժի դեպքում ազերի դիրքապահները կրակում են, լինի կոմբայն թե ուղևորատար ավտոմեքենա: Գյուղացիների տեղեկություններով` ԿԽՄԿ-ն այժմ բանակցում է ադրբեջանական կողմի հետ` գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ անվտանգության երաշխիքներ ստանալու համար: Մինչև այդ, Արթուր Վարդանյանի տեղեկացմամբ, հակառակորդը գրեթե ամեն օր կրակում է գյուղի ու բնակիչների ուղղությամբ` Հայաստանի հյուսիսարևելյան սահմանի ուղղությամբ մշտապես լարվածություն պահելով:
Մայա Խաչատրյան

«Առասպել է, թե Երևանը ավելի անվտանգ է, քան Մովսեսը». Նիկոլ Փաշինյան

նիկոլ-փաշինյանԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Առասպել է, անիրական առասպել, թե Երևանը ավելի անվտանգ է, քան Մովսեսը: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց «Սմերչ» համակարգեր, Երեւանի Շենգավիթ համայնքում գտնվող մեր տունը ադրբեջանական ուղիղ նշանառության տակ է՝ Նախիջեւանից: Էլ չեմ ասում, որ Մովսեսից Երեւան երեք ժամվա ճանապարհ է, Երասխավանից՝ մեկ ժամվա: Եւ ուրեմն՝ Մովսեսի, Այգեպարի, Կիրանցի, Ոսկեպարի, Ասկերանի, Մարտակերտի, Երասխավանի ուղղությամբ հնչած ամեն կրակոց մեզնից յուրաքանչյուրին ուղղված մարտահրավեր է: Այդ մարտահրավերը ուղղված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ նրանից Հայաստանո՞ւմ է գտնվում նա, թե արտերկրում: Այդ մարտահրավերը ուղղված է յուրաքանչյուր սփյուռքահայի՝ անկախ նրանից նա երբեւէ Հայաստանում եղե՞լ է, թե ոչ: Ու մենք պետք է ընդունենք այդ մարտահրավերը: Մենք շատ սխալներ ենք գործել վերջին 23 տարում, վերջին 230 տարում, վերջին 2300 տարում: Շատ ենք ձախողվել, բայց դա չի նշանակում, թե մարտահրավերը մերը չէ: Մեզ թալանել են մեր սեփական երկրում, սպանել ու նվաստացրել, բայց դա չի նշանակում, թե հայրենիքը մերը չէ: Մենք պիտի ընդունենք այդ մարտահրավերը, որովհետեւ չգիտեմ, թե մենք էս ի՞նչ Հայաստանում ենք ապրում, կամ որտեղ ենք ապրում, բայց մեր երեխեքը պետք է ապրեն Ազատ, Հպարտ եւ Երջանիկ Հայաստանում: Սա է մեզնից յուրաքանչյուրին ուղղված ամենամեծ մարտահրավերը»:

 

Անկախ

Հակառակորդն առավոտյան գնդակոծել է սահմանամերձ Մովսես գյուղը

Movses-villageՔիչ առաջ Տավուշի մարզի Մովսես գյուղից Անկախ-ի թղթակցին հայտնեցին, որ առավոտյան 10:30-ի սահմանններում հակառակորդը խոշոր տրամաչափի զինտեխնիկայից կրակահերթ է բացել Մովսես գյուղի ուղղությամբ, գնդակները դիպել են գյուղապետարանի, եկեղեցու, դպրոցի ու փոստի շենքերին: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը մեզ տեղեկացրեց, որ ինքն այդ պահին գտնվել է գյուղապետարանում: «Նստած գրագրություն էի անում, կրակոցը հասավ իմ սենյակ, դիպավ պատուհանիս: Միշտ էլ լինում են սահմանային կրակոցներ կամ այգիների վրա, այսօր գյուղի ուղղությամբ էր»,-ասաց Արարատ Ավալյանը:

Հակառակորդը կրակ է բացել հատկապես գյուղի եկեղեցու ուղղությամբ, որի բակում այդ պահին կանգնած զրուցելիս են եղել եկեղեցու մոմապահն ու հարևան Վերին կարմիրաղբյուրցի մի երիտասարդ, որի ավտոմեքենան ևս դարձել է հակառակորդի թիրախ: Ադրբեջանական զինուժը գնդակոծել է նաև Այգեպար-Մովսես ճանապարհը, որով այդ պահին Մովսեսի ջրաղաց է մեկնելիս եղել մեր տեղեկություններով մեկ ավտոմեքենա: Բարեբախտաբար, վնասներ չկան, իսկ սահմանամերձ ճանապարհն անմիջապես փակվել է

 

Անկախ

Սահմանամերձ Չինարիի, Մովսեսի ու Ներքին կարմիրի լավագույն շրջանավարտները պայքարում են` բուհեր ընդունվելու համար

10174997_754055811283677_7288535766876554702_nՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի ավարտեց 12 աշակերտ` 5 տղա, 7 աղջիկ: Նրանցից երեքը դիմել են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Անահիտ Պետրոսյանը դիմել է ԵՊՀ ռոմանագերմանական լեզուների ֆակուլտետ, հայոց լեզվից միասնական քննությունն արդեն հանձնել է, ստացել` 18,75 միավոր: Չինարիի միջնակարգ դպրոցի շրջանավարտներ Հերիքնազ Աղասյանն ու Մարիամ Մակարյանը ևս դիմել են բուհ` մեկը ԵՊՀ, մյուսը Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համասարանի աշխարհագրական ֆակուլտետներ:

10336628_754055857950339_2023909814870326887_nՉինարիի դպրոցի տնօրեն Գրետա Դալլաքյանը Անկախի թղթակցի հետ զրույցում նշել է, որ երկու տղա դիմել է ԴՈՍԱՖ` ձեռք բերելու վարորդական իրավունք: Նրանք կզորակոչվեն բանակ: Դպրոցի երեք շրջանավարտ տղաները որոշակի առողջական խնդիրներ ունեն: <<Ես կարծում եմ` այդ խնդիրները պատերազմի, անընդհատ կրակոցների, վախերի, սթրեսների հետևանքով են: Խնդիրները սրտի, գլխի հետ են կապված, բայց բուժման և որոշակի ժամանակից հետո հնարավոր է մեր այդ երեք տղաները ևս բանակ գնան>>:

Սահմանամերձ Ներքին կարմիրաղբյուր գյուղի դպրոցին այս տարի հրաժեշտ տվեց 11 աշակերտ: Նրանցից 9-ը հայտագրվել է բուհ ընդունվելու համար: Նրանք դիմել են ՀՊՏՀ, ԵՊՀ, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան, Հայաստանի պետական ագրարային համալսարան և Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ: Ներքին կարմիրցի դիմորդներն արդեն հանձնել են հայոց լեզվի միասնական քննությունը: <<Մենք երեխաների գրավորները ստուգել, համեմատել ենք, կարծում ենք, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն: Ավագյան Անին հավաքել է 19 միավոր, Միրզոյան Էմման 18,75, Իսրայելյան Մարիամը` 18,25>>:

Ներքին կարմիրի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Նառա Պապյանը Անկախ-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մասնագիտության ընտրության հարցում իրենք երեխաներին որոշակի ուղություն տվել են: <<Ես անգլերենի մասնագետ եմ: Շատ կցանկանայինք, որ կարիերայի մասնագետ ունենայինք, նա մեր շրջանավարտների հետ որոշակի աշխատանք իրականացներ: Ամեն դեպքում, մենք խորհուրդներով փորձում ենք օգնել: Երեխաները որոշ ծրագրային հարցեր կրկնուսույցի մոտ են սովորում, Բերդում: Դա շատ լավ է, նախ երեխաները շրջկենտրոն են գնում, միջավայր են փոխում, դա նաև միասնական քննությունների ժամանակ իրենց ուժերի հանդեպ վստահություն է ապահովում>>,-ասաց Նառա Պապյանը:

10405687_754055737950351_62594759753306948_nՀայաստանի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Մովսես գյուղի միջնակարգ դպրոցի լավագույն շրջանավարտները ևս դիմել են բուհեր: Նրանք դիմել են ԵՊՀ, Երևանի պետական մանկավարժական համալսարան, Ագրարային համալսարան, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղ և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համլսարան: Մովսեսի դպրոցի տնօրեն Ռուզաննա Ադամյանը նշել է, որ դիմել է ՀՕՖ երեխաների ուսման վարձերի զեղչերի համար Մովսեսը ևս բարեսիրական այդ կառույցի նախագծած քարտեզի մեջ ընդգրկելու նպատակով: <<Մեր երեխաները միշտ օգտվել են բուհական զեղչերի համակարգերից: Ոչ միայն այն պատճառով, որ սահմանամերձ բնակավայրերից են, այլև ուսման առաջադիմության համար, զոհված ազատամարտիկի երեխա լինելու հանգամանքը ևս հաշվի է առնվում>>:

 

Անկախ

Մովսեսի բնակիչները հակառակորդի կրակոցների ժամանակ կսահմանեն հերթապահություն

մովսեսՏավուշի մարզի Մովսես գյուղում վերջին շրջանում հակառակորդի ակտիվացումը լուրջ մտահոգությունների առիթ է դարձել:

Ըստ Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանի, ադրբեջանական դիրքապահները ցերեկային ժամերին կրակ են բացել գյուղին պատկանող այգիների և հանդամասերի ուղղությամբ: Իսկ ավելի ուշ, հակառակորդը կրակել է արդեն գյուղի ուղղությամբ: Գնդակոծության հետևանքով վնասվել են բազմաթիվ տների պատեր, տանիքներ, գազատար խողովակներ: Խոշոր զինատեսակներից արձակված գնդակները ներխուժել են մովսեսցիներից մեկի տան խոհանոց: Բարեբախտաբար, այս անգամ ևս տուժածներ չկան, վնասը սոսկ նյութական է:

Հակառակորդի հետ շփման գծին շատ մոտ այս գյուղի բնակիչները որոշել են իրենց ուժերով ևս ամրացնել իրենց բնակավայրի և համագյուղացիների անվտանգությունը: Մովսեսի երիտասարդ տղամարդիկ որոշել են կազմավորել խմբեր, կրակոցների ժամանակ սահմանել հերթապահություն:  <<Կրակահերթերի ժամանակ դե կարող ա խոտի դեզ ա վառվում կամ մեկին շտապ օգնություն ա պետք, Աստված չանի` վիրավոր ա լինում, արագ արձագանքենք>>,-Անկախ-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում նշեց Մովսեսի բնակիչ Վալերի Անտոնյանը: Նա ասաց, որ նախաձեռնությունն իրենցն է, առաջիկայում էլ հերթապահության խմբերն արդեն ձևավորված կլինեն:

 

Անկախ