Հակառակորդը կրակել է քաղաքացիական ավտոմեքենայի վրա, որն ամբողջությամբ այրվել է

2-Small1Հայաստանի հյուսիսարեևելյան սահմանագոտում այսօր համեմատաբար խաղաղ է եղել: Մովսեսցիների խոսքով, գյուղի ուղղությամբ հնչել են հատուկենտ կրակոցներ: Սակայն նախօրեին ադրբեջանցի դիպուկահարները, դարձյալ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, Ներքին կարմիրաղբյուր-Այգեպար ճանապարհահատվածում կրակել են քաղաքացիական ավտոմեքենայի ուղղությամբ:

Տավուշ գյուղի բնակիչ Վարդան Դարբինյանին պատկանող մեքենան ամբողջությամբ այրվել և մոխրի է վերածվել: Բարեբախտաբար, ավտոմեքենայից ուղևորները կարողացել են ճողոպրել և չեն տուժել:

 

Անկախ

Ներքին Կարմիրում գիտեն ինչպես խլացնել հակառակորդի կրակահերթի ձայնը

10555157_771517426204182_1230814253_nՕլիմպիական չեմպիոնների գյուղն ամեն օր սեփական մաշկի վրա է զգում թիկունքից հակառակորդի հարվածները: 2012 թ. օլիմպիական չեմպիոն, ձյուդոյիստ Արսեն Գալստյանի լուսանկարով վահանակը սահմանապահ համայնքի կենտրոնական հատվածում է: Նրա հաղթանակն է նաև, որ ոգևորում է սահմանամերձ գյուղի փոքրիկ բնակիչներին, գյուղով լրացուցիչ հպարտանալու առիթ տալիս: Ներքինկարմիրցի երեխաներից շատերն են ցանկանում մարզական աշխարհում Արսենի նման հաջողությունների հասնել: Մինչև այդ, սակայն, հասկանում են, որ պետք է լավ սովորեն, շատ պարապեն: Գյուղի միակ կրթօջախը հակառակորդի դիպուկահարների թիրախներից է, բայց, բարեբախտաբար լավ վիճակում է:
Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի մանկապարտեզի շենքը բարերարների հատկացրած միջոցներով այս պահին վերանորոգվում է: Մոտ մեկ ամիս առաջ գյուղի մանկապարտեզի համար հենապատ է կառուցվել, որպեսզի հնարավոր լինի երեխաներին պաշտպանել հակառակորդի արձակած կրակահերթերից: Նախադպրոցական այս հաստատությունը նախատեսված է մոտ 50 երեխայի համար, 25 երեխա արդեն հաճախում է մանկապարտեզ, որի բակում ստեղծվել է նաև խաղահրապարակ:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանի խոսքով` մինչև նոր համայնքային կենտրոնի կառուցումը գյուղապետարանը ևս տեղակայված էր մանկապարտեզի շենքում: «Հակառակորդը բազմիցս կրակել է մանկապարտեզի, երեխաների ուղղությամբ: Այդ պատճառով մենք պատնեշ ենք կառուցել, մանկապարտեզի նորոգումն էլ ընթացքի մեջ է: Այս մանկապարտեզը մեր գյուղի նախկին դպրոցի շենքն է եղել, որտեղ ավարտել են Ներքին Կարմիրի առաջին շրջանավարտները»,- ասաց Մանվել Կամենդատյանը:
1990-ականների հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին հրետակոծվել և հրկիզվել է համայնքային կենտրոնը, որտեղից գյուղացիները հրաշքով փրկել են գրադարանը` մոտ 5 հազար կտոր գրականություն: Գյուղի գրական հարստությունն այնուհետև ի պահ է տրվել մանկապարտեզին, որտեղից էլ այն տեղափոխվել է վերջերս բացված նոր համայնքային կենտրոն: «Ներքինկարմիրցիները նախընտրում են կարդալ մեծ մասամբ պատմական գրքեր, շատ են սիրում Րաֆֆի, Հրանտ Մաթևոսյան, Սերո Խանզադյան, Ստեփան Զորյան, Վախթանգ Անանյան, Վահանգն Դավթյան, Համո Սահյան, Ավետիք Իսահակյան, Շահան Շահնուր: Պատմական գրականության ընթերցումը որոշակիորեն ազդում է երեխաների կերպարի ձևավորման վրա: Համոզված եմ, որ սահմանին ապրող երեխայի մեջ հայրենասիրական զգացումներն ավելի ընդգծված են: Դպրոցականները վերցնում են առավելապես ծրագրային գրականություն: Մեր ամենատարեց ընթերցողը 70 տարեկան է, շատ է սիրում պատմական երկեր»,- ասում է գրադարանի ղեկավար Հասմիկ Դարբինյանը: Նրա խոսքով` գրքերը հիմնականում խորհրդային շրջանի են, դրանք համարում է թանգարանային նմուշներ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հազիվ են փրկել ադրբեջանական գնդակոծությունից:
10485980_771517712870820_543504168_nԳյուղի գրադարանավարը շատ կցանկանար համալրել գրադարանը ժամանակակից գրականությամբ, բայց այս պահին որևէ ծրագիր որևէ հրատարակչության կամ անհատի հետ չկա: Վերջին համալրումը եղել է վերջերս, գրադարանը նվեր է ստացել տավուշցի Արտաշես Փալանդուզյանի բանաստեղծությունների ժողովածուն:
6-րդ դասարանցի Մերի Շառյանը գրադարանի ակտիվ ընթերցողներից է, հիմա ձեռքին «Չարաճճի մկնիկի արկածներն» են: «Մոխրոտիկը» շատ եմ սիրում և կցանկանայի, որ բոլոր պատմությունները նման ավարտ ունենային: Չեմ ուզում, որ կռիվ լինի, մեր գյուղի վրա կրակեն: Մեր տանը մեկ սենյակն է մի քիչ ապահով տեղում, երբ սկսվում են կրակոցները, տեղափոխվում ենք այնտեղ, մյուս սենյակները նայում են հակառակորդի դիրքին»,- ասում է փոքրիկ Մերին: Ներքինկարմիրցի փոքրիկի երազանքն է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի դառնալ և դասավանդել հայրենի կրթօջախում: «Մեր դպրոցի ուսուցիչները շատ լավն են, լավ են սովորեցնում, մենք լավ հասկանում ենք, դրա համար էլ ուզում եմ նրանց նման լավ մասնագետ դառնամ»:
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետը հպարտ է դպրոցի բոլոր աշակերտներով: Կյանքի ու մահվան սահմանագծին ապրող համայնքի դպրոցահասակները մշտապես իրենց լավագույն ձևով են դրսևորում: Թեև դպրոցը ադրբեջանական սահմանից հեռու է ընդամենը 600-700 մետր, և երբեմն դասերն ընդհատվում են հանկարծակի կրակոցների վերսկսման պատճառով, ներքինկարմիրցի աշակերտները սովորում են բարձր առաջադիմությամբ: «Մեր շրջանավարտները այս տարվա բուհական ընդունելության քննություններին հավաքել են բարձր միավորներ, այդ փաստը չափազանց ոգևորող է: Երեխաներ, որոնց օրն անցնում է տուն-դպրոց-ապաստարան ճանապարհին, ամենաբարձրն են ստացել, դա մեզ համար մեծագույն հպարտություն է: Վստահաբար կարող եմ ասել, որ նրանք ընտրել են այնպիսի մասնագիտություն, որը պետք է մեր հանրապետությանը», – անթաքույց հպարտությամբ ընդգծում է գյուղապետը:
10526621_771517722870819_417654512_nՄանվել Կամենդատյանն ասաց, որ այս պահին գյուղում բնակվում է 1150 մարդ: Որպես սահմանամերձ բնակավայր` Ներքին Կարմիրաղբյուրն ունի որոշակի արտոնություններ, գյուղացիներն ազատված են հողի հարկից, ոռոգման ջրի օգտագործման համար էլ գործում է 50 տոկոս զեղչ: «Հավատացեք, դա որոշակիորեն ամրացնում է գյուղացու բազուկները, հողի հարկը կազմում է 4 մլն դրամ, կառավարությունը հատկացնում է դոտացիա: Հողի հարկի հետ կապված արտոնությունը սահմանված է կառավարության որոշմամբ, այն տրամադրվեց հանրապետության նախագահի մեր մարզ կատարած այցից հետո»:
Մանվել Կամենդատյանը նաև նշում է, որ ոչ միայն մշակովի այգետարածքները, այլև ամբողջ գյուղն է հակառակորդի նշանառության տակ, հետևաբար ոչ միայն հողի մշակումն է ռիսկային, այլև անգամ ապրելն այս սահմանագծին: Գրեթե օր չկա, որ սահմանին կրակոցներ չհնչեն: «Կրակոցներ են հնչում օրվա տարբեր ժամերին: Վնասները, լինեն տանիքի թիթեղներ, պատեր ու դարպասներ, այնքան շատ են, բայց և ոչ կարևոր: Խնդիրը հոգեբանական ազդեցությունն է, որ ունենում է հակառակորդի` հայկական կողմին ուղղված յուրաքանչյուր փամփուշտ»:
Ինչ վերաբերում է այն լուրերին, թե հակառակորդի կողմից նկատելի են զինտեխնիկայի կուտակումներ, Մանվել Կամենդատյանը նշեց, որ սահմանին ապրողի համար դա նորություն չէ: «Պարբերաբար թե՛ մեր, թե՛ նրանց կողմից լինում են զորավարժություններ, դա նաև այդ նպատակով է: Այդ փաստը չէ, որ մեզ անհանգստացնում է, այլ այն, որ դիպուկահարները շարունակում են գտնվել շփման գծում»:
Ադրբեջանական դիպուկահարների ու դիրքապահների արձակած կրակահերթերի ձայները ավագ ու կրտսեր հայ սահմանապահները խլացնում են` ընթերցելով, հող մշակելով, պարզապես ապրելով պատերազմի ու խաղաղության միջև…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սահմանամերձ գյուղի բնակչին անգամ տուն մտած հակառակորդի գնդակը չի ստիպի հեռանալ գյուղից

10157407_742030539152871_168156104372970674_nՙՙԴոնար, էս պատը էս խի ա ծակ՚՚: Ներքին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Վոլոդյա Պետրոսյանը անակնկալի է եկել, երբ հացի սեղանի շուրջ աչքը պատին է ընկել ու տեսել, որ պատի վրա մի մեծ ծակ է հայտնվել: ՙՙՆայեմ, տենամ, որ մի պենջակ ունեմ, արդեն կյոմը մտնելիս եմ հագնում, տենամ` ջիբս  ծակել ա, ստիով մտել, ստիով տյուս եկել, մեջին ինչ ըլել ա` պասպորտ, սոցիալական քարտ, պյան, սաղ տվել-շաղ տվել: Ասկոլըչնի ա ըլել, վեր տրաքել ա՚՚,-պատմում է կարմիրաղբյուրցի Վոլոդյա Պետրոսյանը:

Հիմա իրենց տան ուղղությամբ հակառակորդի կրակած փամփուշտը ճղված պիջակի գրպանում է պահում, ինչպես ինքն է ասում` ՙՙերկուսն էլ որպես հուշ՚՚:

10353106_742026109153314_2187747477785728632_nԿրակոցի ժամանակ ինքն ու կինը բազմոցին նստած հեռուստացույց դիտելիս են եղել, փամփուշը գրեթե իրենց քսվելով է անցել, մտել պատի մեջ: Տեղի ունեցած այս դեպքից մոտ մեկ տարի է անցել: ՙՙԻնչ անեմ, դյորը քյնամ, մեր տունն ա, հեսա տենում եք` փետ եմ դարսել, որ չերևան շանորդիք, առաջը  նստում եմ, ինչքան ուզըմ են թող կրակեն, վախըմ չեմ: Բայց կինս` Դոնարը, վախըմ ա: Մի օր որ սկսեցին կրակիլը, Դոնարը հոնի ծառի տակին էր, կանչըմ եմ, ասըմ ա , սպասեմ կրակոցը կըտրի, նոր ծառի տակիցը տյուս կյամ: Ասըմ եմ ` այ քու տունը շինվի, ծառը հո քեզ փրկիլ չդի, արի տուն՚՚,-կես կատակ պատմում է Վոլոդյա Պետրոսյանը:

10296675_742025069153418_4041820210194176684_n (1)Նրանց խաղողի այգին ևս հակառակորդի նշանառության տակ է, մշակելը` ռիսկային: ՙՙԲայց դե ինչ անենք, որ չմշակենք, ոչ թոշակ ենք ստանում, ոչ նպաստ, եկամուտ չունենք: Մնացած հողերը թուրքի պատճառով բրախած ա՚՚,-ասում է տիկին Դոնարան, որն անընդմեջ հնչող կրակոցների պատճառով շաքար է ստացել, վատառողջ է, բայց էլի գործից չի կարողանում կտրվել, ձմռան ավելուկն արդեն հավաքել, հյուսել է, կախել, որ չորանա: ՙՙՀողերի մեծը մասը չենք կարում մշակենք, հենց քյընըմ ենք, կրակըմ են, չեն թողում, տրակտորի վրա էնա, որ կրակեցին, բրախեցինք էդ հողը, արդեն 2 տարի ` չենք մշակում:  Գյուղի մեծ մասի հողերն ըտեղ ա, ամբողջը թողած, մի վախտ կեսը մշակում էին,  կեսը չէ, հիմա սաղ թողել են, վախում են՚՚,-ասաց Վոլոդյա Պետրոսյանը:

10330406_742027535819838_3295108708616479011_n

Նա մատնացույց է անում դիմացի սարն ու նշում` այ այստեղից են Ներքին կարմիրը մաղում, Հայերի հանդ ենք ասում:  ՙՙՊատուհանը փակել եմ, քարով պատել, որ գոնե մի քիչ ապահովություն զգանք՚՚:

Վոլոդյա Պետրոսյանը  1990-ականներին պահել է հայրենի գյուղի սահմանը, ասում է` առջին գիծ ենք, որպես սահմանապահի`կարմիր գրքույկ ունենք, ես էլ, Դոնարն էլ:

10382985_742028579153067_863338121714550920_n ՙՙԷն օրը մեկը զանգել ա, ասում ա` ապահովության համար դուրս եկեք տնից, գնացեք ավելի ապահով թաղամաս, մայիսի 9-ն էր, դե հաղթանակի օրն ա, Շուշիի օրն ա, մտածեցին`կարող ա առիթավորվեն, կրակեն, էլի:  Ասեցի` չէ քեմատաղ, դուրս գալու տեղ չունեմ, մեր տանն եմ մնալու, հաղթանակի օրը մեր տանն եմ նշելու՚՚:

Անկախ

Ներքին կարմիրաղբյուր գյուղի հին ավտոկանգառում մարդիկ այլևս ավտոբուսի կամ տաքսիի չեն սպասում

10335734_740618322627426_1479819075_nՏավուշի մարզի Ներքին կարմիրաղբյուր գյուղի հին ավտոկանգառում մարդիկ այլևս ավտոբուսի կամ տաքսիի չեն սպասում: Կանգառը, որտեղից շամշադինցիները Ադրբեջանի Թովուզ կայարանի շուկա էին ճանապարհվում կամ կտրում-անցնում Ղազախն ու դուրս գալիս Իջևան, հիմա ադրբեջանական դիպուկահարների գլխավոր թիրախն է, քարուքանդ են արել, գնդակոծել:  Գյուղի պատանիներն էլ չգործող կայարանի պատերին ու գյուղի աղջիկների առաջ <<սրտներն են բացել>>` թողնելով սիրային բանաձևեր:

<<Ալիբեյլի, Հաջալու, Օքյուզլու, Թովուզ կայարան, Աղստավ, Ղազախ ու արդեն Իջևան: Էն ժամանակ Իջևանի ճամփան դեպի Երևան չկար, մենք էդպես էինք դուրս գալիս, գնում Երևան>>,-հիշում է Ներքին կարմիրաղբյուրի բնակիչ Սամվել Փարսյանը:

10331786_740618325960759_295752575_nԿիսակայարանում ու նաև շրջակայքում այժմ մարդիկ աշխատում են քիչ լինել, զգուշանում են, այն մոտ է հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին պատմությունները հիշելիս  Ամալյա Չոբանյանը ադրբեջանական հարսանիքին իր և ամուսնու` Սուրեն Չոբանյանի մասնակցությունն է մտաբերում: <<Դոստեր ունեիք, հաճախ էինք հյուր գնում, իրենք գալիս, անգամ հարսանիք էին հրավիրել: Ընդեղից սրբիչներ էինք հիմնականում առնում, գնում էինք մեշոկներով ապրանք առնում, բերում տունը լցնում: Հիմա վայրենացել են, մոռացել են հարևանությունը, էլ չեն հարցնում` ով ա ինչ ա` կրակում են, որտեղ կկպչի, կկպչի>>,-ասում է Ամալյա Չոբանյանը:

10335723_740618332627425_331318432_nԱդրբեջանի Թովուզ կայարանի երբեմնի գնումներից Ամալյա տատը մի գորգ է պահել, չի հիշում` որքան արժեր, բայց հիշում է, որ էժան է գնել: Գյուղը գնդակոծելու ադրբեջանական գլխավոր հենակետը Հայերի յալում է տեղակայված, որը ժամանակին սահմանամերձ այս գյուղի խոտհարքն էր, հիմա հակառակորդն է այնտեղ դիրքավորված: Այդ բարձունքից է, որ գյուղի այս թաղամասը միշտ կրակի տակ է:

10370714_740618329294092_1704558045_nՆերքին կարմիրցիները կանգառը գյուղի տակից գյուղի սկիզբ են տեղափոխել: Վառ գույնի տանիքով կայարանից գյուղից դուրս եկող ճանապարհը շրջանցում է հակառակորդի տեսադաշտը: Այժմ ճանապարհը բարեկարգվում է: Գրեյդերով գրունտային ճանապարհի թումբ ու փոսերը հարթեցվում են: Կարո՞ղ է ասֆալտապատեն. այս հարցին գյուղացիներն արձագանքում են` Աստված ձայնդ լսի….

 

Անկախ

Այս պահին լարված իրավիճակ է հյուսիսարևելյան սահմանին

չինարիԱյս պահին լարված իրավիճակ է հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամից ավելի է, հակառակորդը դարձյալ սկսել է գնդակոծել Տավուշի մարզի Չինարի, Մովսես, Ներքին կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը: Քիչ առաջ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը Անկախի թղթակցին տեղեկացրել է, որ գյուղում լարված իրավիճակ է: Կրակահերթը հասել է դպրոցի թաղամաս: Գնդակներից մեկը ներխուժել է տներից մեկը, որտեղ գտնվել են երկու անչափահաս երեխաներ և նրանց հղի մայրը: ՙՙՉգիտեմ` ինչ անեմ, էնպիսի իրավիճակ ա, չեմ կարողանում դուրս գամ, մեքենայով գնամ, հանկարծ վախից էդ հարսին բան չպատահի՚՚,-ասել է Չինարիի գյուղապետը: Մովսես գյուղի բնակիչ Անուշ Անտոնյանն էլ Անկախին ասել է, որ գյուղի ուղղությամբ ուժեղ կրակոցներ են, գնդակները կոտրել են տան պատուհաններ, վնասել տանքիները, պատերը, անգամ դռներն ու մտել տներից ներս: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, կորուստները միայն նյութական են:

Անկախ

Վարուժանն ու Արմենը գիտակցված մահով կերտեցին իրենց անմահությունը

Սահմանամերձ գյուղՀացուպանրի տոպրակը միշտ թախտի ոտքից կախված էր: Ամեն րոպե հավանական էր ստիպված տնից փախչելը, տեղափոխվելը հատուկ կացարաններ` ապաստարաններ, գիշերը կամ գուցե մի քանի օր այնտեղ մնալը: Կռիվ սկսելու համար ադրբեջանական կողմի համար ժամ-պատարագ չկար: Մի անգամ հողը հերկելն էր կիսատ մնում, մեկ ուրիշ անգամ` խաղողաքաղը, մեկ այլ դեպքում ադրբեջանական գնդացիրը դպրոցական դասերն էր անավարտ թողնում, կամ էլ գյուղի մշակույթի տան ամանորյա հանդեսի երգերի ձայներն էին խլանում հակառակորդի կրակահերթի տակ: Ու եթե Բերդի ռադիոն այդ օրը լռում էր վիրավորների կամ զոհերի մասին, նշանակում էր` կարելի է լույսը բացվելուն պես շարունակել գյուղական առօրյան, ապրել ու ապրեցնել հայրենիքի այդ հողակտորը:

Ադրբեջանի հետ Հայաստանի ամենաերկար սահմանը հյուսիսարևելյան դարպասն է` Տավուշի մարզը: Ապաստարաններում միայն կանայք, երեխաներն ու պապիկ–տատիկներն էին: Տղամարդիկ դիրքերում էին, կամավոր, զենքը ձեռքին: Ասկյարը հենց որոշ ժամանակ կտրում էր ձայնը, գյուղի ամենաընդարձակ ապաստարանը` դպրոցի նկուղը, միանգամից դատարկվում էր: Եթե ոչ, ապա մեծերը զրուցում էին, փոքրերը հայրենասիրական երգերը բարձր ձայնով երգում: Խմբակային համերգը կուլ էր տալիս գյուղի վրա թափվող անգամ ամենամեծ տրամաչափի զենքի` գրադի դղրդացող աղմուկը:

90-ականների պատերազմական իրավիճակում շատերը չէին էլ գիտակցում այն նվիրական գործը, որ կատարեցին նոր ծնվող հայկական բանակն ու կամավորական ջոկատներն անկախացող Հայաստանի կայացման ու հետագա ընթացքի համար: Այդ օրը նենգ թշնամին առանց նախնական փոքր կրակոցների, միանգամից սկսեց Տավուշի ուղղությամբ խոշոր տրամաչափի զինատեսակներով գնդակոծումը: Հացուպանրի տոպրակը մնաց թախտի ոտքից կախ… Ապաստարան չկարողացանք հասնել: Բոլորի տան պատուհանները փակված էին ավազով լի մի քանի պարկերով. այդպես ավելի անվտանգ էինք զգում: Մտել էինք սեղանի տակ ու ձեռքերով ամուր փակել ականջները: Հակառակորդը դադարեցնում էր կրակահերթը, երբ մերոնք մի լավ պատասխան էին տալիս, ու մենք գիտեինք` որոնք են մեր կողմից տրվող հակահարվածները, անգամ մեր զենքերի ձայնն էինք տարբերում…

Նման մի օր էր, երբ խոզերին կերակրելիս Ռուբեն պապիկը խփվեց, գնդակից հրդեհված խոտի դեզը փրկելիս Տիգրան պապիկի ոտքը ջարդվեց, հնգամյա Ավետիքը ծանր վիրավորվեց, երիտասարդ Վարսիկին հացի հերթում այլևս չտեսանք: Երբ կրակը մի քիչ դադարեց, սեղանն ազատ թողեցինք ու բակ դուրս եկանք: Տատիկս մինչև այգու ծայրը հասավ ու արագ էլ վերադարձավ. «Վարուժը, Սաշայի տղա Վարուժը…»: Տատ, Վարուժն ի՞նչ…

1743191_691784970844095_1468161855_n1992-ի ամառն էր` օգոստոսի առաջին օրը: Տավուշի ամբողջ սահմանագծում լարված իրավիճակ էր: Վարուժան Պողոսյանն ընդամենը 19 տարեկան էր, բայց հասցրել էր արդեն Հադրութում բազկի ուժը ցույց տալ, ապա վերադառնալ հայրենի գյուղ, մտնել կամավորական ջոկատ ու դառնալ զինվորական, հագնել հայրենիքի պաշտպանի համազգեստը: Այգեպարի ուղեկալում էր, Վարուժանը եղավ նաև Պառավաքարի, Մովսեսի, Ներքին Կարմիրաղբյուրի սահմանագծում: Վարուժանի տատը` Խանում տատիկը, հետո, արցունքները սրբելով, պետք է պատմեր, որ կես ժամով թոռը եկավ տուն, ինչքան համոզեց` իր պատրաստած կարտոֆիլի տապակայից մի քիչ գոնե ուտի, նոր գնա, զինվոր թոռը չլսեց, շտապում էր, դիրքեր պետք է բարձրանար: Հին գերեզմանոցի տարածքը հիմա էլ Այգեպարի ամենավտանգավոր հատվածն է: Հակառակորդը սկսեց Մովսեսից, այնուհետև Այգեպարի սահմանագծում հարձակման անցավ: Վարուժանն ու նրա մարտական ընկերները` թովուզցի Աշոտը, վերինկարմիրաղբյուրցի Ռոբերտը, նավուրցի Հրաչն ու այգեպարցի Դավիթը, հակահարաձակման անցան: Դավիթ Անիկյանը, որ այժմ Պառավաքարի գումարտակի հրամանատարն է, ասում է, որ իրավիճակն առավել քան լարված էր: Թշնամին ընդամենը հարյուր մետրի վրա էր, դիրքը` խաչաձև կրակի տակ: Այն տարիներին այստեղ խրամատներ չկային, տղաները ցրված էին, քարերի հետևից դիմագրավում էին հակառակորդի առաջախաղացումը: Դավիթն ամենամոտն էր Վարուժանին: Երբ փամփուշտները սպառվեցին, Դավիթն իջավ լիցքավորելու զենքը: Մի քանի մետր էր հեռացել մարտական ընկերոջից: Թշնամին նախ տանկն էր գործի դրել, ապա հետևակը:

Տանկը դեռ չէր մոտեցել, Վարուժանը նռնականետով հետ շպրտեց դավադիր հակառակորդին: Իսկ տանկի դեմ տղաների պայքարը վերածվեց հերասամարտի: Ադրբեջանցիների առաջխաղացումը կանխվեց: Դավիթը հիշում է` Վարուժանը ծնկաչոք մարտնչում էր: Վարուժանը կյանքի գնով պաշտպանեց հայրենի հողը` կասեցնելով ադրբեջանցիների ներթափանցումը: Լսված վերջին բառերը` վայ, խփվեցի… Մենք այլևս չտեսանք հարևան Վարուժանին: Վստահ էինք, որ հենց խաղաղվի, նրա հարսանիքն է լինելու: Բակի հինգ-վեց երեխաներով չարաճճիությամբ հետևում էինք, գիտեինք, որ Վարուժանն ընտրած հարսնացու ունի: Նրանց այլևս չտեսանք:

Հիմա մեծ է գիտակցությունը, թե որքան թանկ է զինվորի սխրանքը, որի արդյունքն այժմ անկախ Հայաստանն է ու նրա ամուր բանակը, անվտանգ սահմաններն ու հայրենիքի խաղաղ լուսաբացները: Վարուժանի աճյունն ամփոփված է հայրենի գյուղի գերեզմանատանը: Հայացքը հայրենի եզերքին, հպարտ կանգնած, դեմ դիմաց Ղարադաշին, որը հիմա հակառակորդի համար Տավուշի ուղղությամբ գլխավոր դիտակետն է:

krtser-serzhant-arme-d106

Արմեն Հովհաննիսյան

Դարանակալած թշնամին զգուշանում է, քանի դեռ քաջարի մարտիկի հայրենիքում Վարուժանի օրինակը ոգեշնչում է անընդհատ հզորացող Հայկական բանակ զորակոչվող նոր զինվորին: Այս դեպքից անցել է ուղիղ 22 տարի, շատ բան է փոխվել, բայց հայ զինվորի ոգին մնացել է նույնը: Վարուժանը ևս 19 տարեկան էր, ինչպես և Արմեն Հովհաննիսյանը: Երիտասարդության սահմանագիծը նոր-նոր հատող, հայրենիքի պաշտպանի համազգեստով տղաների սխրանքի շնորհիվ թշնամին նահանջեց: Վարուժանն ու Արմենը գիտակցված մահով կերտեցին իրենց անմահությունը…

Մայա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Անկախ

Հյուսիսարևելյան սահմանը կրկին կրակոցների տակ է. կա մեկ վիրավոր (լրացված)

chinar-village-armeniaԻրավիճակը շարունակում է լարված մնալ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Արդեն մեկ ժամ է` հակառակորդը գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի` Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի, Մովսեսի և Չինարիի ուղղությամբ:

Պառավաքարի գումարտակի հրամանատար Դավիթ Անիկյանը Անկախի թղթակցին հայտնեց, որ 16-ամյա դուստրը` Լիանան, Այգեպարի իրենց տանը նստած ոտքին ստացած հրազենային կրակոցից քիչ առաջ վիրավորվել է, և շտապ տեղափոխել են Բերդի հոսպիտալ:

Հոսպիտալի բժիշկ Ցոլակ Մելիքյանը հայտնեց, որ այս պահին աղջկան վիրահատում են:

Մինչ այդ Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Անկախի թղթակցին հայտնել էր, որ այս պահին, անվտանգության նկատառումներից ելնելով, անջատված են գյուղի բոլոր լույսերը, մարդիկ պատսպարված են տների առաջին հարկերում: Գյուղապետը նշեց, որ տնից դուրս գալը ռիսկային է:

Հայկական կողմը պատասխանում է հակառակորդի կրակոցներին: Գյուղապետի խոսքով` կրակոցներն այսօր ավելի ուժգին են. նախօրեին մեծմասամբ դիրքերի, հիմա` գյուղի ուղղությամբ է:

Սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ հեռախոսազրույցում կրակոցների ձայնը լսելի էր: Մովսես գյուղի ղեկավարն էլ հայտնեց, որ հակառակորդի թիրախում հատկապես Հոնուտ կոչվող թաղամասն է. “Կրակոցները հասնում են անգամ գյուղի կենտրոն, գրասենյակ, ամեն դեպքում խուճապ չկա, մարդիկ իրենց տներում են, տարհանման խնդիր չկա”,-նկատեց նա:

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը տեղեկացրեց, որ ինքն ու գյուղի երիտասարդներն այս պահին համայնքի կենտրոնում, ապահով տեղ կանգնած զրուցում են` փորձելով կատակներով խլացնել գյուղի ուղղությամբ կրակահերթի ձայնը:

Հենց նոր վիրավորի հայրը տեղեկացրեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել, գնդակը ոտքից հանել են, երեխայի վիճակը լավ է:

Անկախ