ՈԱԱԿ-ը հետևում է 5 բուհերում որակի ներքին ապահովման համակարգի ներդրմանը

Monitoring in Khorenaci university 2«Որակի ապահովման ազգային կենտրոն»-ը (ՈԱԱԿ) բովանդակային  մշտադիտարկում է իրականացնում հինգ բուհերում` պարզելու որակի ապահովման ներքին համակարգի ներդրման արդյունավետությունը: Ուսումնասիրվում են պլանավորված գործողությունները, դրանց իրականացման աստիճանը, փաստացի ձեռքբերված արդյունքները,  և թե  որքանով են արդյունքները նպաստել տվյալ բուհի դրամաշնորհային ծրագրի նպատակների իրականացմանը:

Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան,  ԳԱԱ Գիտակրթական միջազգային  կենտրոնը,  Մովսես Խորենացու անվան համալսարանը և Եվրասիա միջազգային համալսարանը  ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն»  վարկային երկրորդ ծրագրի շրջանակներում  դրամաշնորհ են ստացել «Որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ դրա հետագա բարելավման նպատակով բուհերին դրամաշնորհների տրամադրման» ծրագրով:

Նախատեսվում է, որ   դրամաշնորհ ստացած հինգ բուհերը 12 ամիս տևողությամբ  ծրագրեր կիրականացնեն` ընդհանուր 4 փուլով:

Հուլիսի 11-17-ը` գործընթացի երկրորդ փուլի ավարտից հետո,  ՈԱԱԿ-ը նշված բուհերում մոնիտորինգ  է անցկացնում` պարզելու, թե որքանով են արդյունավետ իրականացնում որակի ապահովման ներբուհական համակարգի ներդրման կամ  բարելավման  ծրագրերը: Մշտադիտարկման  արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը կներկայացվի «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին:

ՈԱԱԿ-ը բուհերին ներկայացրեց շարունակական բարելավման ծրագրի առանձնահատկությունները

DSC05220«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» (ՈԱԱԿ) հավատարմագրման փուլում գտնվող հինգ բուհերի ներկայացուցիչների համար հուլիսի 11-ին կլոր սեղան-քննարկում  էր կազմակերպել` ներկայացնելու  շարունակական բարելավման գործողությունների ծրագիր կազմելու  նախընտրելի մոտեցումները և առանձնահատկությունները:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանի գյուղատնտեսական համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան  հավատարմագրման գործընթաց են անցնում: Փորձագիտական զեկույցներն արդեն ուղարկվել են բուհեր: Հաջորդիվ բուհերը, հաշվի առնելով փորձագետների մատնանշած խնդիրները և խորհրդատվությունը, պետք է բարելավման պլան կազմեն և դրա իրագործման ժամանակացույց մշակեն:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ շարունակական բարելավման գործողությունների ծրագիր կազմելիս բուհերը   հաշվի առնեն  նշված նպատակի իրագործման  հնարավորությունը սահմանված ժամանակահատվածում:

Մասնակիցները  ՈԱԱԿ մասնագետներին հղեցին շարունակական բարելավման գործողությունների ծրագրի  վերաբերյալ  իրենց հուզող հարցերը, ստացան բազմակողմանի և սպառիչ պատասխաններ:

ՈԱԱԿ-ն աշխատում է հավատարմագրման գործընթացի բարելավման ուղղությամբ

DSCN2059ՈԱԱԿ-ը բուհերի ներկայացուցիչների հետ քննարկում է հավատարմագրման գործընթացը և հնարավոր բարեփոխումներն`այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

Հուլիսի 9-ին և 10-ին ՈԱԱԿ-ում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում  բուհերի  ներկայացուցիչների և փորձագետների հետ:

«Մեր աշխատակիցներն ուսումնասիրել են ինքնավերլուծությունները և փորձագետների արձագանքները, վեր հանել խնդիրները: Բայց մենք կարևորում ենք նաև հավատարմագրման գործընթացին մասնակցած բուհերի ներկայացուցիչների կարծիքը: Մենք ուզում ենք դիտարկումներ լսել` հասկանալու, թե ինչ խոչընդոտներ են եղել յուրաքանչյուրիդ համար հավատարմագրման գործընթացում, ինչն է ցանկալի փոխել, որպեսզի գործընթացն ավելի արդյունավետ դառնա»,- ասաց ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանն` ողջունելով մասնակիցներին:

Բուհերի ներկայացուցիչները  և փորձագետները քննարկեցին հավատարմագրման գործընթացի փուլերը և չափանիշներն ու չափորոշիչները: Նրանց  կողմից բարձրաձայնված  խնդիրները և ներկայացված առաջարկները  հետագայում կուսումնասիրվեն: Սա  կնպաստի   ՈԱԱԿ-ի ընթացակարգերի  ու փաստաթղթերի վերանայման գործընթացին, ինչն էլ իր հերթին հնարավորություն կտա ապահովել հավատարմագրման գործընթացի շարունակական բարելավումը:

Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կրթության որակի ապահովման գործում

DSCN2021ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընդունեց Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտության նախարարության Եվրոպական և միջազգային հարաբերությունների վարչության տնօրենի գիտական հետազոտությունների գծով խորհրդական  Ժան Լյուկ Կլեմենտին:

Կլեմենտը Հայաստանում է ծանոթանալու հայաստանյան  բարձրագույն կրթական համակարգին և առանձնահատկություններին:

Պրն Թոփչյանը ֆրանսիացի հյուրին ներկայացրեց ՈԱԱԿ կառուցվածքը,  գործունեությունը և հիմնական նպատակները: Մանրամասն քննարկվեց հավատարմագրման գործընթացը` զուգահեռաբար համեմատելով   եվրոպական երկրներում նույն գործընթացի հետ:

DSCN2024Քննարկվեց  անդրազգային կրթություն ապահովող բուհերի հավատարմագրման հնարավորությունը, կրթության համադրելիությունը Հայաստանում և Ֆրանսիայում, ինչպես նաև  որակավորումների ազգային շրջանակը` այն համեմատելով Բոլոնյան համակարգի հետ:

Թոփչյանն ու Կլեմենտը քննարկեցին նաև կրթության որակի ապահովման ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարները: Կլեմենտը նշեց, որ իրենք հետաքրքրված են ուսանողների շարժունակության սահմանների ընդլայնմամբ և կցանկանային, որ ֆրանսիացի ուսանողը կարողանար իր կրթությունը շարունակել նաև հայաստանյան բուհերում և հակառակը:

Կողմերը պայմանավորվեցին համագործակցությունը խորացնելու հետագա քայլերի մասին:

Հավատարմագրվող բուհերը կծանոթանան փորձագիտական զեկույցներին և բարելավման պլան կմշակեն

ՈԱԱԿՓորձագիտական զեկույցների նախնական տարբերակներն ուղարկվել են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող հինգ բուհեր:

ԵՊՏՀ-ն, Երևանի գյուղատնտեսական  համալսարանը, Երևանի «Հայբուսակ»  համալսարանը, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը և Պետական կառավարման ակադեմիան ինստիտուցիոնալ հավատարմագրում են անցնում:

Հավատարմագրման դիմած բուհերն ինքնավերլուծություն էին ներկայացրել ՈԱԱԿ («Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»), իսկ ապրիլ-մայիս ամիսներին կայացավ փորձագիտական խմբերի այցը համալսարաններ: Այժմ ամեն  բուհի համար պատրաստ է  փորձագիտական խմբի զեկույցի նախնական տարբերակը, որն էլ  ուղարկվել է բուհերից յուրաքանչյուրին:

Ըստ ՈԱԱԿ հավատարմագրման կարգի` ուսումնական հաստատությունը կարող է փորձագիտական զեկույցի նախնական տարբերակի վերաբերյալ  դիտողություններ ներկայացնել կամ հավաստել իր համաձայնությունը զեկույցի հետ: Եթե առարկությունները և դիտողությունները փորձագետները հիմնավորված համարեն, զեկույցի նախնական տարբերակում փոփոխություններ կկատարվեն: Այնուհետև փորձագետները ՈԱԱԿ կներկայացնեն զեկույցի վերջնական տարբերակը:

Զեկույցում առկա խորհրդատվության հիման վրա յուրաքանչյուր բուհը կկազմի բարելավման պլան և դրա իրագործման ժամանակացույց:

Հիմք ընդունելով ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը, փորձագետների զեկույցը և ուսումնական հաստատության կողմից ներկայացված փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագիրը, ՈԱԱԿ-ը կկազմի  վերջնական եզրակացության նախագիծ և այն կներկայացնի  հավատարմագրման հանձնաժողով՝ որոշում ընդունելու համար:

Բուհերի աշխատակիցներն որակի ապահովման համակարգի մշակման և բարելավման թեմայով վերապատրաստում են անցել

training (1)Հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի շուրջ 400 աշխատակիցներ տեսական ու գործնական հմտություններ են ձեռք բերել բուհերում որակի ներքին և արտաքին ապահովման  համակարգերի ներդրման վերաբերյալ:

Ավարտվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»  (ՈԱԱԿ) հիմնադրամի անցկացրած որակի ապահովման համակարգերի մշակում և իրականացում թեմայով  վերապատրաստումների եռափուլ ծրագիրը: Դասընթացի առաջին և երկրորդ փուլերի ընթացքում մասնակիցները գիտելիքներ են ստացել  որակի ապահովման մեխանիզմների, տվյալների հավաքագրման և ինքնավերլուծություն կազմելու վերաբերյալ, որոնք ամրապնդվել են գործնական առաջադրանքներով: Իսկ երրորդ փուլը եղել է  ուղղորդում բուհերում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերլուծություն կատարելու մի շարք գործիքներ, որից հետո, ստացված գիտելիքների հիման վրա,  մասնակիցները համեմատական վերլուծության են ենթարկել իրենց բուհում առկա  գնահատման համակարգը:

Վերապատրաստումներն իրականացվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարությանը խթանել բարեփոխումները մասնագիտական կրթության ոլորտում՝ Բոլոնիայի հռչակագրի համատեքստում: Ծրագիրը ֆինանսավորվել է Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից:

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են  բուհերի շուրջ 400 որակի ապահովման պատասխանատուներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Վերապատրաստումների յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մասնակիցները լրացրել են  դասընթացների արդյունավետությունը ստուգող հարցաշարեր, որոնք  վերլուծվել են, և շարունակաբար կատարվել է դասընթացների բարելավում:

Հարցաշարերի վերլուծությամբ պարզվել է, որ մասնակիցները բարձր են գնահատել դասընթացների արդյունավետությունը և նշել, որ ձեռք բերված գիտելիքները կիրառելի են իրենց բուհում:

«Արարատը» երկխոսություն կստեղծի բուհի և գործատուի միջև

Ռուբեն ԹոփչյանՀայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի 9-րդ ընդհանուր ժողովն ավարտվեց սեմինարով` նվիրված TEMPUS-ի ծրագրերին, որոնցից մեկն էլ «Արարատն» է:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդես եկավ «Արարատ ծրագիր` նպատակների քննարկում. վստահության ձևավորում» թեմայով զեկույցով:  Թոփչյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակները, քննարկվեցին ներկայում առկա խնդիրները և դրանց պատճառները:  Ուսանողներն առաջ քաշեցին  մասնագիտության ընտրությունն ավելի լուրջ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը, այլապես դպրոցն ավարտած երիտասարդը հաճախ տարրական պատկերացում չի ունենում իր ընտրած մասնագիտության մասին, ինչն էլ սխալ կողմնորոշման պատճառ է դառնում:

Քննարկվեց նաև շուկայում առկա հակասության պատճառը. մի կողմից շուկան ունի աշխատողների կարիք, մյուս կողմից էլ շուկան լի է գործազուրկներով: Ուսանողները դժգոհեցին նաև կրթական ծրագրերի անհամապատասխանությունից շուկայի պահանջներին:

Թոփչյանը նշեց, որ ծրագրի նպատակներից  է, որ բուհերը հաշվի առնեն  իրենց մատուցած կրթական ծրագրի պահանջարկված լինելը: ՈԱԱԿ-ը ևս հաշվի է առնում այդ գործոնը ծրագրային հավատարմագրում իրականացնելիս:

«Արարատը» եռամյա ծրագիր է, որ մեկնարկել է 2012-ի դեկտեմբերին: Նպատակն է երկխոսություն ստեղծել աշխատաշուկայի և բուհերի միջև, որպեսզի շուկան կարողանա իր պահանջները բուհին հասցնել, նա էլ իր հերթին շուկայի պահանջներին պամապատասխան մասնագետներ պատրաստել:

Ծրագրի համակարգողն է ՀՊՏՀ-ն: Իսկ ծրագրի արդյունքները կենտրոնացվելու են ՈԱԱԿ-ում, որոնք  էլ կիրառվելու են բուհերի ծրագրային հավատարմագրման ժամանակ:

Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովումը`քննարկման առարկա Զագրեբում

Ռուբեն ԹոփչյանՀայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման հիմնական մարտահրավերներն ու միտումներն են քննարկվել միջազգային սեմինարին:

Հունիսի 12-13-ին Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացավ «Կրթության որակի ապահովումը  TEMPUS-ի գործընկեր երկրների բուհերում» խորագրով   սեմինարը, որը կազմակերպել էին Եվրոպական հանձնաժողովը  և EACEA (The Education, Audiovisual and Culture Executive Agency):

Սեմինարի նպատակն է վեր հանել և քննարկել որակի ապահովման ոլորտում առկա մարտահրավերները և միտումները TEMPUS-ի գործընկեր երկրներում: Մասնավորապես, նպատակն է թիրախավորել  այս երկրների կարիքները և քննարկել ներկայում ընթացող բարեփոխումները բուհերի մակարդակով:

Սեմինարին զեկույցով հանդես եկավ ՀՀ  «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Զեկույցի թեման էր  «Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման խնդիրներն անցումային ժամանակաշրջանում: Վստահության ձևավորում»: Թոփչյանը  ներկայացրել է որակի ապահովման հիմնական մարտահրավերները, բարեփոխումները, դրանց ազդեցությունը ընդհանուր համակարգի վրա  և միտումները Հայաստանում` համեմատական անցկացնելով Արևելյան Եվրոպայի այլ երկրների հետ:

 

Աշխատաժողով` նվիրված անդրազգային կրթության ներդրման հեռանկարներին

Ruben Topchyan«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի պատվիրակությունը տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ հունիսի 4-5-ին մասնակցեց Մեծ Բրիտանիայի Գլոսթեր քաղաքում կայացած աշխատաժողովին` նվիրված անդրազգային  կրթության ներդրման խնդիրներին:

Աշխատաժողովը կազմակերպվել էր TEMPUS-ի «Հայաստանում և Վրաստանում անդրազգային կրթության որակի առաջխաղացում և ճանաչում» ծրագրի շրջանակներում:

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում Հայաստանի, Վրաստանի, Բելգիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի  ներկայացուցիչները  ներկայացրել են իրենց երկրում իրավիճակն անդրազգային կրթության ներդրման առումով, քննարկել են առկա մարտահրավերները, հնարավոր օրենսդրական խնդիրները և հետագա մշակումների համար անհրաժեշտ նախապատրաստությունները:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկույց է ներկայացրել «Կարգավորման ազգային շրջանակները Հայաստանում. ինչ պետք է հաշվի առնել  մեթոդաբանությունը մշակելիս» թեմայով, որտեղ ներկայացրել է անդրազգային կրթության վիճակը Հայաստանում:

Աշխատաժողովին մասնակցել են նաև անդրազգային  կրթություն ապահովող հայաստանյան բուհերի  ներկայացուցիչներ:

Փորձագետները կամփոփեն բուհեր այցելության արդյունքները

երևանի գյուղատնտեսական համալսարանԱվարտվեց հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերի այցելությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան: Ավելի վաղ փորձագետներն այցելել էին նաև Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ

Փորձագետները մայիսի 5-14-ը ուսումնասիրություն են կատարել ՀՊՏՀ-ում և Գյումրու ու Եղեգնաձորի մասնաճյուղերում, իսկ մայիսի 12-16-ը`ՀՀ պետական կառավարման ակադեմիայում և Երևանի գյուղատնտեսական համալսարանում: Այցելության ընթացքում  փորձագետները հանդիպում-քննարկումներ են ունեցել բուհերի ռեկտորների, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ուսանողական ինքնակառավարման մարմինների, ուսանողների, բուհերի շրջանավարտնեևրի, պոտենցիալ գործատուների հետ:

Մինչ այցելությունը բուհերը ներկայացրել էին ինքնավերլուծություն` հավատարմագրման կարգի պահանջների համաձայն: Այցելության ընթացքում հարց ու պատասխանի միջոցով փորձագետները պարզեցին նաև առանձին խմբերի կարծիքը առաջադրված հարցերի շուրջ:

Փորձագիտական խմբերում ընդգրկված են երեք  հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող:  Հավատարմագրումը կազմակերպում և իրականացնում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը  (ՈԱԱԿ)

Այսքանով ավարտվում են փորձագետների այցելությունները ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում  անցնող հինգ բուհեր:

Այցից հետո փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկման արդյունքները: Յուրաքանչյուր խմբի ղեկավարը  կամփոփի  դրանք ու  կներկայացնի  զեկույց, որն էլ կուղարկվի բուհին:  Ուսումնական հաստատությունը  կարող է ներկայացնել իր դիտարկումները, որից հետո զեկույցն  ավարտական տեսքի կբերվի:

Բուհը, վերջնական  զեկույցի և կից խորհրդատվության հիման վրա, պետք է մշակի իր հետագա բարելավման պլանը, որի իրագործումը սահմանված ժամկետում  կնպաստի կրթության որակի բարձրացմանը:

Գործընթացի ավարտական փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշման  հրապարակումը:

Հավատարմագրում. Փորձագետները կայցելեն ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան

expertsԱյսօր մեկնարկում է փորձագիտական երկու խմբերի այցը Երևանի գյուղատնտեսական համալսարան և ՀՀ պետական կառավարման ակադեմիա:

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերը մայիսի 12-16-ը երկու բուհերում հանդիպում-քննարկումներ կունենան բուհերի ռեկտորների, փոխռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:

Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը:

Մինչ այս բուհերն, ըստ Կառավարության կողմից հաստատված պետական հավատարմագրման կարգի, արդեն ներկայացրել են ինքնավերլուծություն, որն էլ փորձագետներն ուսումնասիրել են: Այցի ավարտից հետո փորձագիտական խմբի ղեկավարը կամփոփի փորձագետների եզրակացությունները և կներկայացնի վերջնական զեկույց: Դրա հիման վրա կմշակվի բուհի հետագա բարելավման պլանը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող:

Երևանի գյուղատնտեսական համալսարանի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ  տնտեսագիտության ամբիոնի դոցենտ  Աղավնի Հակոբյանը: Միջազգային փորձագետը Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի  ընդունելության գործընթացի ղեկավար, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Թեո Վաբելսն է:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՄՀ պրոֆեսոր   Սամվել Պիպոյանը: Միջազգային փորձագետը Իսպանիայի  Վալենսիայի տեխնոլոգիաների համալսարանի ռեկտորի  ինստիտուցիոնալ և միջազգային զարգացման գծով խորհրդական Գայ Հագն է:

Նշենք, որ ներկայում  ինստիտուցիոնալ հավատարմագրում է իրականացվում հինգ բուհերում: Մինչ այս փորձագիտական խմբերն արդեն այցելել են Երևանի «Հայբուսակ» համալսարան, «Մխիթար Գոշ»  հայ-ռուսական միջազգային համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Անդրազգային կրթության որակի ապահովումը` միջազգային քննարկման առարկա

աշխատաժողովԱպրիլի 28-30-ը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ)  պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայի Լիոն քաղաքում  կայացած աշխատաժողովին` նվիրված բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցների վերապատրաստման և կարողությունների զարգացման  խնդիրներին:

Աշխատաժողովը կազմակերպվել էր TEMPUS-ի «Հայաստանում և Վրաստանում անդրազգային կրթության որակի առաջխաղացում և ճանաչում» ծրագրի շրջանակներում:

Աշխատաժողովին երկրները ներկայացրել են իրենց փորձը ոլորտում, հիմնախնդիրները  և լուծման մեխանիզմները: Մշակվել ու հստակեցվել է հետագա աշխատանքային հայեցակարգը:

ՈԱԱԿ աշխատակիցները   զեկույց են ներկայացրել   «Որակի արտաքին ապահովում.  որակն ապահովող կառույցների պահանջները, մեթոդները և գործընթացները» թեմայով, որտեղ ներկայացրել են հայաստանյան փորձը ոլորտում :

Քննարկվել են  նաև անդրազգային կրթության որակի ապահովման  չափորոշիչները և մեթոդաբանությունը:

Աշխատաժողովի մասնակից երկրներից են եղել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Բելգիան, Վրաստանը և այլն:

Հավատարմագրում. Փորձագետները կայցելեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

տնտեսագիտականՀավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկում է փորձագիտական խմբի այցը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Մայիսի 5-14-ը փորձագիտական խումբը կայցելի ՀՊՏՀ Երևանյան կրթահամալիր, Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղեր,  որտեղ  ուսումնասիրություններ կկատարի`հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա: Խումբը հանդիպում-քննարկումներ  կունենա  բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ:

Մինչ այս բուհն արդեն ներկայացրել է ինքնավերլուծություն ըստ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) մշակած ձևաչափի, փորձագիտական խումբն էլ ուսումնասիրել է այն:

Այցից հետո  փորձագիտական խումբը կամփոփի այցելության արդյունքները, խմբի ղեկավարը վերջնական զեկույց կներկայացնի, որի հիման վրա էլ կկազմվի բուհի հետագա բարելավման պլանը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Հանձնաժողովի ղեկավարն է ՀԱԱՀ ամբիոնի վարիչ, տեխն. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արա Ամիրյանը: Միջազգային փորձագետը Լեհաստանից է.   տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Միեչիսլավ Սոխան Լեհաստանի հավատարմագրման հանձնաժողովի փոխնախագահն է:

Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:

Փորձագետներն ուսումնասիրություն կատարեցին երկու բուհերում

mkhitar gosh

Քննարկում «Մխիթար Գոշ» համալսարանում

Ավարտվեց  հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական երկու խմբերի այցելությունը Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարաններ:

Այցելության 6 օրերի ընթացքում` ապրիլի 21-26-ը,  փորձագետները հանդիպում-քննարկումներ ունեցան բուհերի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների,  ուսանողական ինքնակառավարման մարմինների, ուսանողների, բուհերի շրջանավարտների, ինչպես նաև պոտենցիալ գործատուների հետ:

Մինչ այցելությունը բուհերը ներկայացրել էին ինքնավերլուծություն`ըստ «Որակի ապահովման ազգային կենտրոնի» (ՈԱԱԿ)  ներկայացրած չափանիշների: Այցելության ընթացքում հարց ու պատասխանի միջոցով փորձագետները պարզեցին նաև առանձին խմբերի կարծիքը առաջադրված հարցերի շուրջ:

Փորձագիտական խմբերում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող: Միջազգային փորձագետները Բելգիայից էին:

Քննարկում «Հայբուսակ» համալսարանում

Քննարկում «Հայբուսակ» համալսարանում

Այցից հետո փորձագետները կներկայացնեն իրենց դիտարկման արդյունքները: Խմբի ղեկավարը  կամփոփի  դրանք ու  կներկայացնի վերջնական զեկույցը: Բուհը, զեկույցի և կից խորհրդատվության հիման վրա, պետք է մշակի իր հետագա բարելավման պլանը, որի իրագործումը սահմանված ժամկետում  կնպաստի կրթության որակի բարձրացմանը:

Գործընթացի ավարտական փուլը կդառնա հավատարմագրման հանձնաժողովի որոշման  հրապարակումը:

Կհրապարակվի 10 բուհերի հավատարմագրման մասին որոշումը

ՈԱԱԿ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի  հավատարմագրման հանձնաժողովն   առաջիկայում որոշում կկայացնի հայաստանյան տասը  բուհերի հավատարմագրման վերաբերյալ:

Հավատարմագրման գործընթացի ամփոփիչ փուլ են հասել ԵՊՀ-ն, ԵՊԲՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀՊՃՀ-ն, ԵրՃՇՊՀ-ն, ԵՊԼՀ-ն, ԵՊԿ-ն, ՀԱԱՀ-ը, Գլաձոր համալսարանը և Հյուսիսային համալսարանը:

Հավատարմագրման հանձնաժողովը երեք հնարավոր որոշում կարող է կայացնել. hավատարմագրել, պայմանական հավատարմագրել, չհավատարմագրել:

Հավատարմագրումը նշանակում է, որ  բուհը  թույլատրելի նվազագույնից բարձր  որակ է ապահովում: Այս դեպքում բուհը հավատարմագրվում է 6 տարով և հնարավորություն է ստանում խորհրդատվությունների միջոցով էլ ավելի որակյալ գործունեություն ծավալել: Հավատարմագրված բուհերը,  ըստ միջազգային պրակտիկայի,  ամեն տարի պետք է ներքին վերլուծություն կատարեն, իսկ երեք տարի անց` աուդիտ` հասկանալու`  արդյո՞ք բարելավման պլանը ճիշտ ու արդյունավետ են իրականացնում:

Պայմանական հավատարմագրումը նշանակում է, որ խնդիրներ կան և նշված ժամանակահատվածում դրանք պետք է վերացվեն: Եթե խնդիրները շատ են և լուրջ, բուհին հատկացվում է երկու տարի դրանք շտկելու համար: Իսկ ոչ հրատապ լուծում պահանջող խնդիրների դեպքում բուհը պայմանական հավատարմագրում է ստանում չորս տարով:

Պայմանական հավատարմագրման դեպքում բուհը վեց ամիսը մեկ հաշվետվություն է ներկայացնում ՈԱԱԿ-ին իր կատարած աշխատանքների մասին:

Մերժման դեպքում բուհը միայն փորձագետների մատնանշած խնդիրները լուծելուց հետո կարող է նորից դիմել հավատարմագրում անցնելու համար:

Հավատարմագրման նպատակն է որոշել թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից  հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագետները կայցելեն «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» համալսարաններ

expertsԱպրիլի 21-ին կմեկնարկեն փորձագիտական խմբերի այցերը  Երևանի «Հայբուսակ» և «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային  համալսարաններ:

Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի  ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ):

Սա հավատարմագրման գործընթացի երկրորդ փուլն է: Մինչ այս,     փորձագիտական  այցին ընդառաջ, ըստ ՈԱԱԿ-ի կողմից մշակած ձևաչափի, բուհերն արդեն իրենց ինքնավերլուծությունները  ներկայացրել են ՈԱԱԿ, որի կողմից ձևավորված փորձագիտական խմբերն ուսումնասիրել են  այն:

Այցից հետո  փորձագետները կամփոփեն դիտարկման արդյունքները, և խմբի ղեկավարը կներկայացնի վերջնական զեկույցը, որի  հիման վրա հավատարմագրման հանձնաժողովն որոշում կկայացնի:

Ձևավորված փորձագիտական 2 առանձին խմբերը, հիմնվելով միջազգային չափորոշիչների վրա, ուսումնասիրություններ են իրականացնելու հիշյալ բուհերում մինչև  ապրիլի 26-ը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ ուսանող և մեկ միջազգային փորձագետ:

Միջազգային փորձագետները Բելգիայից են:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր  Անդրե Գովերթը Բելգիայի ՔեյՀո Սինթ Լիեվեն (KaHo Sint-Lieven)  համալսարանի պրոֆեսոր է, ղեկավարել է  համալսարանի որակի ապահովման և կրթական ծրագրերի վերահսկման բաժինը: Բազմաթիվ գիտական հոդվածների և հրատարակությունների հեղինակ է: Որպես փորձագետ կամ փորձագիտական խմբի ղեկավար աշխատել է Բելգիայում, Խորվաթիայում, Բոսնիայում և Հերցեգովինայում:

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր , պրոֆեսոր  Ժան Կորնելիսը  Բրյուսելի ազատ համալսարանի  (Vrije Universiteit Brussel)  միջազգային համագործակցության գծով փոխռեկտորն է: Կորնելիսը 470-ից ավելի գիտական հրապարակումների հեղինակ և համահեղինակ է,  նաև 4 պատենտների համահեղինակ է:

Փորձագետների խումբը ապրիլի 21-23-ը կայցելի «Հայբուսակ» համալսարանի երևանյան գրասենյակ, իսկ ապրիլի 25-26-ին`Գյումրիի մասնաճյուղ:

Փորձագետների երկրորդ խումբը ապրիլի 21-23-ին կայցելի «Մխիթար Գոշ» համալսարանի Վանաձորի մասնաճյուղ, իսկ ապրիլի 25-26-ին`երևանյան գրասենյակ:

Բուհերում փորձագետները առանձին-առանձին հանդիպում-քննարկումներ կունենան բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի հետ, ինչպես նաև ուսանողների, շրջանավարտների, ինքնավերլուծություն կատարած խմբի հետ:

ՈԱԱԿ-ն աջակցում է բուհում որակի ապահովման համակարգի կայացմանը

ՈԱԱԿ«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային   կենտրոն» հիմնադրամի  (ՈԱԱԿ) աշխատակիցներն աջակցում են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային  որակի ներքին ապահովման համակարգի կայացման հարցում:

Բուհում ապրիլի 10-11-ին ընթանում է «Որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները» թեմայով  երկօրյա սեմինարը`նախատեսված բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Սեմինարին որպես բանախոսներ մասնակցում են նաև ՈԱԱԿ աշխատակիցները:

Երեկ կայացած սեմինարին որպես բանախոս է հանդես եկել ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Հարություն Մարզպանյանը, ով ներկայացրել է, թե ինչ է որակի ապահովման համակարգը, ինչու է կարևոր որակի ներքին ապահովման մշակույթի ձևավորումը  բուհում, ինչ  մեխանիզմներ պետք է ներդրվեն, որպեսզի կայանան որակի ներքին ապահովման համակարգի առանձին տարրերը: Այնուհետև Մարզպանյանը պատասխանել է բուհի աշխատակիցների՝ կրթության որակի ապահովման  ներբուհական համակարգի կայացմանն առնչվող բազմաբնույթ հարցերի:

Այսօր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում շարունակվող սեմինարին  որակի ապահովման արտաքին համակարգը կներկայացնեն և հարցերին կպատասխանեն ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի պետ Անուշավան Մակարյանը և բաժնի մասնագետ Հարություն Մարզպանյանը:

Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման ոլորտում

ANQA2«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը  ապրիլի 2-3-ին Թբիլիսիում մասնակցեց երկօրյա համաժողովի` նվիրված  «Բարձրագույն կրթության համադրելիության և միջազգայնացման խթանում» (PICQA)  ծրագրի արդյունքների ամփոփմանը

Պատվիրակության ներկայացուցիչը ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի անունից ողջույնի խոսք հղեց   համաժողովի մասնակիցներին, իսկ միջոցառման ավարտին ներկայացավ ամփոփիչ ելույթով:

Համաժողովի ընթացքում ծրագրից իրենց քաղած դասերը և որակի ապահովման փորձն են ներկայացրել հայաստանյան բուհերից Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը և Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը:

PICQA-ն TEMPUS-ի իրականացրած եռամյա ծրագիր է, որը կոչված է Հայաստանում և Վրաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարձրացմանը`զարգացնելով որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները, որոնք ընդունելի ու կիրառելի են ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում:

Ծրագրի իրականացման ընթացքում երկու երկրների բուհերը սերտորեն համագործակցել են, բուհական համակարգերի միջև համագործակցության եզրեր են ստեղծվել, ձևավորվել է վստահության և փոխգործակցության մթնոլորտ: