Երևանի քաղաքապետարանի առջև նստացույցը շարունակվում է: Սա բողոքի ակցիայի 8-րդ օրն է:
Ազատություն ռադիոկայանի ուղիղ միացմամն հետևեք իրադարձությունների ընթացքին:
Երևանի քաղաքապետարանի մոտ լարված իրավիճակ է: «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները փորձել են վրան տեղադրել քաղաքապետարանի առջև արդեն 7 օր նստացույց անողների համար, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել: Ոստիկաններն ու ակտիվիստները քաշքշել են միմյանց, ակտիվիստներից մեկը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոն բաժանմունք:
Իրավիճակին կարող եք հետևել Ազատություն ռադիոկայանի ուղիղ միացմամբ:
ՀՀ Ոստիկանապետ պրն. Վովա Գասպարյանին
ՀՀ քաղաքացի Սարհատ Պետրոսյանից
Ինչպես գիտեք նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի բազմաթիվ բնակիչներ, սատարելով միմյանց, իրենց արդարացի դժգոհությունն էին հայտնում հասարակական տրանսպորտի թանկացման կապակցությամբ։ Դրա շրջանակում մի շարք վարորդներ իրենց յուրօրինակ մասնակցությունն ունեցան այս հանրային գործողությանը, անվճար տեղափոխելով մեր այն համաքաղաքացիներին, ովքեր անարդարացիորեն թանկացված տրանսպորտից չէին ցանկանում օգտվել։ Հուլիսի 25-ին ՀՀ Վարչապետի ելույթն ու Երևանի քաղաքապետարանի որոշման փոփոխությունը նույնպես ապացուցեց այդ հանրային ընդվզման արդարացի լինելը։
Ես, նույնպես, սատարելու համար մեր համաքաղաքացիների արդարացի պահանջներին իմ անձնական օգտագործման ավտոմեքենայով միացել էի մեր համաքաղաքացիներին, որի արդյունքում ս.թ. հուլիստի 23-ին ժամը 19-ից 20-ի միջակայքում երեք քաղաքացիների
Ֆրանսիայի հրապարակից Կոմիտասի պողոտա տանելիս կանգնեցվել եմ 547 ՈՍ 01 պետամարանիշով ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի կողմից։ Հուլիսի 25-ին ծանուցվել եմ այն մասին, որ տուգանվել 10.000 դրամի չափով 038603030 կրծքանշանով ճանապարհային տեսուչի կողմից, բողոքարկման իրավունքով։
Հարգելի պարոն Գասպարյան,
Այս գրությամբ դիմում եմ Ձեզ տալ անհրաժեշտ հանձնարարական չկիրառելու համար նշված վարչական իրավախախտումը, քանի որ այն չի կատարվել դիտավորությամբ, այլ այն կատարվել է հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների Սահամանադրության ամրագրված իրենց անքակտելի իրավունքների իրացման։
Առդիր ներկայացվում է վարչական իրավախախտման որոշման պատճենը։
Կանխավ շնորհակալություն։
Հարգանքով,
Սարհատ Պետրոսյան
29 հուլիս 2013թ., ք. Երևան
Քաղաքացի Սերգեյ Տոնոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ցանկ` կոչ անելով, որ քաղաքապետարանը ծանոթանա առաջարկին:
Առաջարկների փաթեթը ներկայացնում ենք ստորև.
1.Ուղեվարձի գնի ձևավորման 3 եղանակներ
1.1 Երևանը բաժանվում է տրանսպորտային 6–8 գոտիների: Յուրաքանչյուր գոտու սահմաններում գործում է առանձին սակագին: Սակագները փոփոխվում են ըստ հատած գոտիների քանակի։
1.2 Ժամկետային տոմսերի համակարգի ներդրում (մեկօրյա, եռօրյա, շաբաթական, ամսեկան անսահմանափակ երթևեկման տոմսեր անկախ գոտիների քանակից)։
1.3 Քանակային տոմսերի համակարգի ներդրում (1, 2, 6, 10, 20, 60 երթևեկման համար նախատեսված տոմսեր անկախ ժամկետից և գոտիներից)։
Գոտիների քանակը, աշխարհագրական դասավորվածությունը, սակագները ենթակա են տնտեսական լուրջ հաշվարկի։ Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է ընդհանուր էլեկտրոնային համակարգի ստեղծում, ներառյալ արբանյակային տեղորոշման համակարգ (GPS), տոմսերի հաշվառման համակարգ և ընդհանուր կոորդինացման համակարգ։ Սոցիալական խոցելի խավերի համար նախատեսվում է տոմսերի պետության կողմից սուբսիդավորված հատուկ սակագին ։
2.Կանգառների ձևավորում և բարելավում, տրանսպորտային միջոցներ
2. 1 Կանգառներում տեղադրվում են կրպակներ, որտեղ՝
ա. վաճառվում և վերալիցքավորվում տոմսեր են,
բ. ուղևորները ստանում են տեղեկատվություն,
գ. փակցված է երթուղիների քարտեզը:
2.2 Կանգառներում տեղադրված երթևեկության կանոններին համապատասխանող «ԿԱՆԳԱՌ» նշանը տեղափոխել այսօր տեղադրված կանգառի սկզբնամասից վերջնամաս, քանի որ այն հանդիսանում է վարորդների համար ուղենիշ, և այժմ առաջին մոտեցող տրանսպորտի վարորդը կանգ է առնում նշանի մոտ՝ առաջացնելով իր հետևից տրանսպորտային խցանում։
2.3 Նույն գործողությունը վերաբերում է կանգառներում տեղադրվող էլեկտրոնային ցուցանակներին, քանի որ նրանք հանդիսանում են ուղենիշ և տեղեկատվության աղբյուր կանգառին մոտեցող նոր ուղևորների համար։ Փոփոխությունը կկանխի մարդկանց կուտակումները կանգառի սկզբնամասում։
2.4 Նույն գործողությունը վերաբերում է նաև կանգառներում տեղադրված հայտարարությունների ցուցատախտակներին և ուղևորի ու վարորդի տեսադաշտը փակող ուրիշ օբյեկտներին։
2.5 Արգելել հասարակական տրանսպորտին բացել դռները կանգառի սահմանագծերից դուրս։
2.6 Պարտադրել վարորդներին կանգ առնել կանգառի վերջնամասում վերջինիս դատարկության դեպքում։
2.7 Բոլոր կանգառները համալրել տեսախցիկներով։
2.8 Արգելել քաղաքային տրանսպորտին երթևեկել ճանապարհի ձախ եզրային գծով:
2.9 Արգելել տաքսիների մուտքը հասարակական տրանսպորտի կանգառի սահմաններ։ Կանգառներից ներքև ստեղծել տաքսիների համար նախատեսված կայաններ: Բոլոր տաքսիների համար մշակել միաձև նշաններ, օրինակ՝առջևի դռների վրա կոնտրաստ գույնով անկյունագիծ:
3 Աշխատակիցներ
3.1 Հասարակական տրանսպորտի վարորդների համար նախատեսել հատուկ համազգեստ։ Վարորդներին պարտադրել լինել սափրված, հարդարված, մաքուր և կոկիկ։ Նույնը վերաբերում է տրանսպորտային ոլորտում ծառայություն մատուցող բոլոր աշխատակիցներին։
3.2 Արգելել վարորդներին հասարակական տրանսպորտի մեջ միացնել ցանկացած տեսակի երաժշտություն, խոսել բջջային հեռախոսով և կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող խոչընդոտել անվտանգ երթևեկությանը։ Արգելել վարորդներին ծխել տրանսպորտի սրահում։
4. Երթևեկության անվտանգություն, ավտոկայանատեղիներ
4.1 Բոլոր երկկողմանի ճանապարհների վրա ստեղծել ճանապարհների հանդիպկած գծերը իրարից անջատող հատուկ արգելապատնեշներ (20–25սմ)։ Նպատակը՝ կանխել հանդիպակած գծով ՕԲԳՕՆը և ոչ պատշաճ տեղում շրջադարձերը
4.2 Խաչմերուկների վրա ստեղծել անկյունագծային վանդակավոր անվտանգության գծանշում (“Box Junction”, «Вафельница»)՝ խցանումները կանխարգելելու համար։
4.3 Ճանապարհային շինարարական աշխատանքների վայրը պետք է հստակ առանձնացված լինի հատուկ ճանապարհային կոների միջոցով և սկզբնամասում տեղադրված և լուսավորված «Արգելքի շրջանցումը» ավտոճանապարհային նշանով։
4.4 Արգելել տնտեսվարողների կողմից ճանապարհային հատվածների ինքնակամ զավթումը։
4.5 Ավտոկայանատեղիների հատվածում յուրաքանչուր ավտոմեքենային հատկացնել առանձին կայանատեղի։
4.6 Տեղափոխել երթուղային տրանսպորտի կայանները երթուղիների մեկնարկային կանգառներից անվտանգ և ոչ հասարակական գոտի (օրինակ՝ Աբովյան պուրակ, Ավանում՝ Մարշալ Բաբաջանյան–Նվեր Սաֆարյան փողոցների խաչմերուկ և այլն)։
5. Լրացուցիչ միջոցներ
5.1 Ստեղծել անանուն հեռախոսային և SMS «թեժ տրանսպորտային գիծ» կարճ հեռախոսահամարով։ Տրանսպորտային միջոցների սրահներում փակցնել թեժ գծի համարները և տեղեկատվություն։
5.2 Ֆինանսական կազմակերպությունների հետ մշակել մեխանիզմ, որը թույլ կտա վարկավորել շահագործող/սպասարկող ընկերւթյուններին տրանսպորտային ոլորտը զարգացման նպատակով (օրինակ՝ նոր ավտովուսներ ձեռք բերելու համար)։
5.3 Շահագործող/սպասարկող ընկերություններին պարտադրել, օգտվելով նախորդ կետի պայմաններից, մեկ տարի ժամկետում ձերբազատվելԵրևանում շահագորցվող երթուղային միկրոավտոբուսներից։
5.4 Ուղևորներին սպասակումից ստացված միջոցները կառավարվում են հատուկ նախատեսված պետական բանկային հաշիվներիօգնությամբ։ Ամեն հաշվարկային ժամանակշրջանի վերչում եկամուտները բաշխվում են սպասարկող/շահագորցող տնտեսվարողների միջև ըստ նրանց կատարած աշխատանքի (աշխաըանքի կատարվածությունը հսկվում է վերոհիշյալ էլեկտրոնային և արբանյակային համակարգերի միջոցով)։
5.5 Բոլոր գործողությունները իրականացնել թափանցիկ եղանակով, բոլոր ֆինանսական և տեխնիկական փաստաթղթերը տեղադրելով համացանցում։
5.6 Բոլոր խախտումների համար նախատեսել խստագույն ֆինանսական պատժամիջոցներ:
Հ.Գ. Որպես հաջող իրականացրած նախագծեր ուսումնասիրել Նիդերլանդների Թագավորության, Չինաստանի, մասնավորապես Շանհայ քաղաքի, Սինգապուրի հասարակական տրանսպորտի համակարգերը:
Հատուկ նշում՝ Ռուսաստանի տրանսպորտային համակարգ ըուսումնասիրության դաշտից հանել որպես ձախողված, ծախսատար և տրանսպորտային լուրջ խնդիրներ առաջացնող համակարգ:
Հասարակական տրանսպորտի ուղեվարձի սակագինը իջեցնելը չօգնեց իշխանություններին՝ փակել ցուցարարների բողոքի ճանապարհը։ Նրանք դեռ բազմաթիվ պահանջներ ունեն՝ տրանսպորտի գինը հիսուն տոկոսով թանկացնելու հակահասարակական որոշումը կայացնողներին ենթարկել պատասխանատվության, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանից պահանջել հրաժարական։
Ցուցարարները բարձրախոսով հայտարարում են, որ իրենց շրջափակած ոստիկանները դեռ երկար կանգնած կմանան այդտեղ, քանի որ իրենք հեռանալ չեն պատրաստվում և թույլ չեն տալու, որ քաղաքապետարանից որևէ մեկը դուրս գա։ Նրանք անժամկետ նստացույցի են անցել քաղաքապետարանի դիմաց։
«Վճարում ենք 100 դրամ» շարժումը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ այսօր, ժամը 12-ին Երևանի քաղաքապետարանի մոտ հավաք կլինի և կհրապարակվի շարժման հայտարարությունը կատարվածի և հետագա անելիքների մասին:
Ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.
«* Քաղաքապետի հայտարարությունից ակնհայտ է, որ քաղաքապետը և նրա աշխատակազմը՝ դրսևորելով ներուժի, կարողության և գիտելիքի պակաս, առանց համապարփակ սոցիալ-տնտեսական վերլուծության և այդ որոշումն ի կատար ածելու համար մշակված մեխանիզմների, ընդունել են տրանսպորտի ուղեվարձի թանկացման որոշում: Ընդ որում, այդ որոշումն ընդունվել է առանց հանրային քննարկումների և առանց շահագրգիռ կողմերի իրական մասնակցության: Հետևաբար քաղաքապետը և որոշման կայացմանը մասնակցած բոլոր մյուս պաշտոնյաները, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
* Մարդու հիմնարար սոցիալական իրավունքները ոտնահարող այս որոշման հետևանքով մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների: Ուստի՝ պահանջում ենք հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ, որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ վարորդներին պատճառված բարոյահոգեբանական վնասի պատասխանատվութունը ևս կրում է քաղաքապետարանը:
* Ուղեվարձի թանկացման վերաբերյալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հայտարարության համաձայն (http://www.tert.am/am/news/2013/07/18/transport-fare-yerevan/) ուղեվարձի թանկացումը կապ չուներ գազի գնի բարձրացման հետ, իսկ այսօրվա հայտարարությամբ քաղաքապետը ուղեվարձի թանկացումը բացատրում է նաև գազի գնի թանկացմամբ: Այս հակասական հայտարարությունները հերթական անգամ փաստում են քաղաքապետարանի աշխատակազմի, մասնավորապես՝ Հենրիկ Նավասարդյանի և Տարոն Մարգարյանի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքային որակների կամ հանրությանը միտումնավոր խաբելու մասին: Ավելին, Հենրիկ Նավասարդյանի ընտանիքին է պատկանում Երևանում ուղևորափախադրում իրականացնող «ԴՅԱԿՈ-ԱՐԹ» ՍՊԸ-ն: Այստեղ կա օրինախախտում, քանի որ տվյալ պաշտոնյան իր լիազորությունների շրջանակում գտնվող ոլորտում ունի մասնավոր շահ: Բացի այդ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը և «Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիաների ժամանակ բախումներ են հրահրել, իրենց լիազորությունները չարաշահել և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ պետական պաշտոնյային ոչ հարիր և հանցավոր վարքագիծ են դրսևորել: Ուստի, հաշվի առնելով այս բոլոր փաստերը, պահանջում ենք անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիխ Նավասարդյանին և Երևան տրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանին:
* Պահանջում ենք, որպեսզի քաղաքապետը ներկայացնի իր որոշման ընդունման և կասեցման իրավական և տնտեսական հիմքերը, բացի այդ չեղյալ համարի որոշումը, ոչ թե կասեցնի այն:
* Պահանջում ենք հրապարակել վերջին հինգ տարիների համար հանրային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ֆինանսական հոսքերը, ծախսերը, եկամուտները, վճարված հարկերը: Ներկայացնել ոլորտը մասնավորեցնելուց հետո ընթացիկ և երկարաժամկետ արդյունավետության գնահատման արդյունքները:
* Պահանջում ենք, որ այսուհետ քաղաքապետարանը հանրային համակեցություն համար կարևոր բոլոր հարցերում որոշումներ ընդունելիս ապահովի հանրության լայն շերտերի և բոլոր շահագրգիռ կողմերի իրական ու արդյունավետ մասնակցությունը:
Մենք առաջարկում ենք տրանսպորտի ոլորտի բարելավման համար ստեղծել պլատֆորմ, որը բացի վերոնշյալ պահանջներից, ներառում է նաև հետևյալ երկարաժամկետ նպատակները՝
* Հանրային ուղևորափոխադրումների համակարգը ապասեփականաշնորհել և վերադարձնել հանրային սեփականությունը համայնքին:
* Երևան քաղաքի տարածքում համալիր ու ինտեգրված հանրային տրասնպորտային համակարգ ստեղծել (վերգետնյա ու ստորգետնյա էլեկտրատրանսպորտ, ավտոբուս և միկրոավտոբուս), այլընտրանքային փոխադրամիջոցների ներառմամբ՝ մեկ միասնական ընկերության ստեղծումով:
* Ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների նկատմամբ սահմանել խիստ վերահսկողության, որպեսզի նրանք մատուցեն արժանապատիվ, որակյալ , անվտանգ ու քաղաքակիրթ ծառայություններ ու այդ ընթացքում խստագույնս ապահովեն վարորդների և մյուս սպասարկող անձնակազմի արժանապատիվ աշխատանքի իրավունքն ու պայմանները:
* Վարորդների անկախ արհմիությունների ստեղծում և հզորացում:
Կոչ ենք անում այս շարժման մեջ ներգրաված բոլոր շահագրգիռ կողմերին, խմբերին, ուժերին աշխատել վերոնշյալ պահանջների և նպատակների իրականացման ուղղությամբ»:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը երեւանցիներին.
Սիրելի՛ երեւանցիներ,
Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին որոշումը քաղաքապետի պաշտոնում կայացրած իմ` թերեւս ամենածանր որոշումն էր: Գերխնդիրը լուծում էր պահանջում շատ վաղուց: Քաղաքապետի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից ես իմ առաջնահերթ խնդիրներից եմ համարել Երեւան քաղաքի տրանսպորտային համակարգի հետեւողական արդիականացմանը զուգահեռ անընդհատ ուղիներ գտնել ուղեվարձն անփոփոխ պահելու համար:
Աշխատել ենք շատ մանրակրկիտ, տնտեսավարողներին ցույց ենք տվել խնայողության ճանապարհները, մեր մասնագետներն անընդհատ վեր են հանել ընկերությունների ծախսերում նվազեցումներ կատարելու հոդվածները, ինչի շնորհիվ մինչեւ հիմա կարողացել ենք անփոփոխ պահել ուղեվարձը: Անկեղծ ասած ես մինչ այս ամռան սկիզբ վստահ եմ եղել, որ դեռ մի քանի տարի էլ կկարողանանք այս ռեժիմով առաջ գնալ, ու վարձավճարները չեն բարձրանա:
Հավատացնում եմ ձեզ` իմ վստահությունը պարզապես բարի ցանկություն չէր, այլ մեր ամենօրյա աշխատանքով եւ այլ հավասար պայմանների համար կանխատեսումներով հիմնավորված մոտեցում:
Ցավոք, ոլորտի հետ անմիջական կապ ունեցող շուկաներում վերջին թանկացումներն ուղղակիորեն մեզ զրկեցին անգամ կոսմետիկ ուղղումներով առաջ գնալու մեր բոլոր հնարավորություններից: Խնդրահարույց որոշման կայացումն ու արագ քայլերով առաջ գնալն այլեւս անխուսափելի էր:
Մի կողմից մարդկանց անվտանգ ու արժանապատիվ փոխադրումների կազմակերպման խնդիրն է, մյուս կողմից սոցիալական ներկա իրավիճակում մեր քաղաքացիների համար ծախսեր ավելացնելու բեռը: Մի կողմից տրանսպորտային համալիրը կործանման եզր չհասցնելու եւ իրենց դարն անցած մեքենաներով մարդասպան համակարգի չհասնելու գիտակցումն է, մյուս կողմից` երեւանցիների համար նոր հոգս չստեղծելու կարեւորությունը: Երկուսն էլ խիստ կարեւոր, երկուսն էլ խիստ մտահոգիչ են ինձ համար:
Այո, ես դժվարությամբ եմ կայացրել 150 դրամ ուղեվարձ սահմանելու որոշումը, քչերը գիտեն, թե ինչ դժվարությամբ: Բայց ես քաջ գիտակցում եմ, որ իրավունք չունեմ խուսափել անցանկալի որոշումներից` հասկանալով, որ դրա դիմաց կարող ենք վճարել մարդկային կյանքերով: Մի քանի տարի հետո ես ինձ ուղղակի չէի ների, ոչ ոք դա չէր ների:
Այս որոշումը վերջը չէ. ճիշտ հակառակը` սա սկսած մեծ գործընթացի միայն սկիզբն է:
Ավտոպարկի ամբողջական արդիականացում, միասնական վճարման ժամանակակից համակարգի ներդրում, անվտանգության մակարդակի էական բարձրացում, թիրախային խմբերի համար նպատակային քաղաքականության իրականացման գործուն մեխանիզմների ստեղծում, ի վերջո` արժանապատիվ երթեւեկի ապահովում. այս խնդիրներն են, որոնք մենք միասին պետք է շատ արագ լուծենք:
Ու լուծելու՜ ենք:
150 դրամ ուղեվարձը հենց այս խնդիրները լուծելու գինն է, որ ցավոք պետք է վճարենք: Այլընտրանք պարզապես չունենք:
Սիրելի՛ երեւանցիներ,
Միեւնույն ժամանակ ակնհայտ է, որ մեր որդեգրած սկզբունքների համատեքստում մենք չենք կարող ուղեվարձի բարձրացման բեռը նույնկերպ դնել նաեւ այն սոցիալական խմբերի վրա, որոնց համար նախատեսել ենք արտոնյալ մոտեցումներ վճարումների միասնական համակարգի կայացման շրջանակներում: Համակարգի կայացումը շուրջ մեկ տարի կտեւի, մինչդեռ կայացված որոշումն այդ բեռն այսօր է դնում մեր կենսաթոշակառուների, ուսանողների, սոցիալապես անապահով ճանաչված խավի վրա: Ես արդեն իսկ հանձնարարել եմ ստեղծել մասնագետներից եւ շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով, որը կհասցնի մի քանի ամիսների ընթացքում մշակել բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել «Երեւան քաղաքի ներքաղաքային ուղեւորափոխադրումների վարձը վերանայելու մասին» որոշումը, իսկ մինչ այդ այս որոշման գործողությունը իմ կողմից կկասեցվի:
Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Մենք ուշադիր հետեւում ենք նաեւ այս օրերին մայրաքաղաքի կանգառներում մեր երիտասարդների կողմից կազմակերպվող ակցիաներին ու հնչեցվող կոչերին: Ինձ ուրախացնում է այն ջերմությունը, որն այսօր կրկին կա երեւանցիների միջեւ միմյանց օգնելու, իրար հանդեպ ավելի հոգատար լինելու առումով: Այս ջերմությունը արժեք է, որ պետք է կարողանանք պահել մեծ ու մնայուն գործեր անելու համար: Միեւնույն ժամանակ ափսոսում եմ երբեմն-երբեմն նկատվող տգեղ վերաբերմունքից մեր վարորդների հանդեպ. իրականում ծանրագույն աշխատանք կատարող ու ոչ համապատասխան վարձատրություն ստացող այդ մարդիկ մեծագույն հարգանքի են արժանի: Չկա մենք-դուք: Կա հինավուրց մայրաքաղաքը ու կանք մենք` բոլորս: Ու միասին մենք արժանին ենք հատուցելու Երեւանին: Անպայման: Շնորհակալություն:

Կրկին համար 8 ավտոբուսով Դավիթաշեն պետք է գնամ: Նախագահական նստավայրի մոտ կանգառում երիտասարդ վարորդը չեր բացում դուռը և գոռգոռում էր 83-ամյա ծերունու վրա, ամենալպիրշ խոսքերն ասում: Ապա 100-ոց մետաղադրամը թափով շպրտեց նրա դեմքին: Ես ներս մտա և սկսեցի նկարահանել: Նա սպառնալից շարժում արեց դեպի ինձ,
բայց հետո ինչ-որ բանից ետ քաշվեց: Նա ևս հրաժարվեց ասել իր անունը: Ողջ ճանապարհին նա ետ էր շրջվում և վիճում ուղևորների հետ: Շատ կանգառներում չէր կանգնում, կտրուկ արգելակում… Պահանջեցի, որ ինձ անհրաժեշտ կանգառում կանգնի: Մի կանգառ ավելի տարավ: Ստիպված էի ետ քայլել:
Այս վարորդներին հանդիպելով մտածում եմ. մի՞թե 50 դրամի հարցով լուծվում է խնդիրը: Սա ի՞նչ սպասարկում է: Մեր հասարակությունը սրա՞ն է արժանի: Թե վարորդներն էլ մեր հասարակության զավակներն են, ինչպես և թաքնված ու իրենց ազգակիցներին առաջ մղած գծատերերը, քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ, նրանց պաշտպան կանգնած պետայրեր… Սա՞ է քաղաքապետարանի մակարդակը՝ խուժան վարչության պետ, որը հայհոյում է լրագրողուհուն, խուժան գծատեր, խուժան վարորդ…
Ահա 7 ՛՛հերոս՛՛, սակայն և վախկոտ վարորդը…
Այսօր մամուլում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ ուղեվարձի պատճառով տեղի է ունեցել վիճաբանություն ք. Երևանի «Արարատ» կինոթատրոնի հարևանությամբ 23 74 Տ թիվ 67 երթուղին սպասարկող վարորդի և ուղևորի միջև, որ ավարտվել է ուղևորի կողմից դանակահարությամբ՝ վարորդին հասցնելով ոչ խիստ մարմնական վնասվածք թևի հատվածում/ ոստիկանությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել/:
«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները դատապարտում են որևէ տեսակի բռնություն, վիրավորանք կամ այլ անօրինական քայլ, որն ուղղված կլինի այլ քաղաքացիների, ոստիկանների կամ որևէ այլ մարդու դեմ: Պահանջում ենք, որպեսզի ՀՀ ոստիկանությունը արագ բացահայտի և պատասխանատվության ենթարկի բոլոր մեղավոր կողմերին: Միաժամանակ անթույլատրելի կհամարենք, եթե ոստիկանությունն օգտագործի սույն միջադեպը տրանսպորտային կանգառներում իրենց խաղաղ բողոքի իրավունքն իրացնող քաղաքացիների գործունեությունը սահմանափակելու համար:
Մենք` ՀՀ քաղաքացիներս, Երևանի բնակիչներս, հիմք ընդունելով իրավունքի գերակայության ու սահմանադրականության սկզբունքները և, առաջնորդվելով բացառապես խաղաղ ու ոչ բռնի պայքարի սկզբունքներով, բոլոր մասնակիցներին կրկին անգամ հիշեցնում ենք, որ տրանսպորտի թանկացման դեմ մեր պայքարը կրում է խաղաղ բնույթ և ընթանում է իրավունքի գերակայության շրջանականերում, ուստի կոչ ենք անում բոլորին գործել միմիայն իրավունքի ու քաղաքացիականության սահմաններում՝ հարգելով միմյանց իրավունքները և ազատությունները:
«Վճարում ենք 100 դրամ» շարժում
Այսօր «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի մոտ դանակահարության դեպք էր տեղի ունեցել, որի ընթացքում վնասվել էր 67Ա համարի երթուղայինի վարորդը:
Ականատեսը www.hra.am –ին պատմեց, որ մոտ 50 տարեկան, «սոլիդ հագնված» մի տղամարդ իջնելիս վճարել է 100 դրամ։ Վարորդը նորմալ է ընդունել դա և վերցրել է գումարը։ Սակայն ուղևորը սկսել է վիրավորել և կռիվ հրահրել։
«Վարորդը մեքենայից իջավ ու ասեց՝ «ի՞նչ ես ուզում, 100 ես տվել, լավ ես արել, թո՛ղ, գնա, ինչի՞ ես վիրավորում, թո՛ղ գնա, մենակ գնա» ու նստեց մեքենան։ Էդ տղամարդը հետևից գնաց, վարորդի դռան կողմից մոտեցավ ու մի դանակով մի քանի տեղից վնասեց ձախ ձեռքը»,– պատմեց միջադեպի ականատեսը:
Դանակահարությունից հետո աղմուկ է բարձրացել, վարորդին տեղափոխել են հիվանդանոց՝ բուժօգնություն ցույց տալու, իսկ 67ա համարի երթուղային մեքենան կանգնած է մնացել «Այրարատ» կինոթատրոնի դիմաց։
Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երևանցիներին: Քաղաքապետն ասել է, որ, թեև սակագինը բարձրացվել է, սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու: Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երևանի բնակչության 80 %-ն այդ խմբերում է: Խմբակցությունն առաջարկել է քաղաքապետի մոտ տրանսպորտի թանկացման հարցը քննարկել ԲՀԿ խմբակցության հետ համատեղ:
«Բարև Երևանը» վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ ուղեվարձերը պետք է վերադառնան նախկին սակագնին, ինչպես նաև՝ ներկայացրել է իր տեսակետը տրանսպորտային ոլորտի խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ:
Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը, ով համաձայնել էր քաղաքացիների խորհրդանշական նվեր տորթը` 50 դրամանոցի տեսքով քաղաքապետին հանձնել, իր ֆեյսբուքայն էջում գրում է.
«Հարգելի քաղաքացիներ, ձեր տված տորթը հանձնել եմ կազմակերպչական բաժին, որպեսզի փոխանցեն Տարոն Մարգարյանին: Նաև ավելացրել եմ, որ տորթը կիսելու ժամանակ տեղեկացնեն ինձ, եւ ես էլ մեծ սիրով կհամտեսեմ քաղաքացիական տորթից….»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ կառավարության նիստն սկսել վերջին օրերին Երևան քաղաքում հասարակական շարժման հետ առնչվող խնդիրներից:
Առաջին, մենք տեսնում ենք, որ սա մարդկանց ինքնաբուխ շարժում է, որը չունի կուսակցական բնույթ, չնայած վերջին օրվա իրադարձությունները ցույց են տալիս, որ որոշ կուսակցություններ, իհարկե, ցանկանում են օգտվել առիթից, բայց բուն պատճառը քաղաքապետարանի որոշումն է տրանսպորտի սակագների փոփոխության վերաբերյալ: Ավելի շուտ այս շարժումն ունի սոցիալական բնույթ, սոցիալական համերաշխության, արդարության համար` ընդդեմ աղքատության, այսինքն` հասկանալի մղումներ են ղեկավարում երիտասարդներին, ովքեր բարձրացնում են այս հարցը: Մենք տեսնում ենք, որ Հայաստանում ձևավորվում է ուժեղ քաղաքացիական հասարակություն, և մենք պարտավոր ենք հաշվի առնել այս իրողությունը պետական որոշումներ կայացնելիս և պետք է շատ ուշադիր լինենք քաղաքացիական հասարակության ձևավորման բոլոր խնդիրների նկատմամբ:
Երկրորդ, տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնությունը, անկախությունը նույնպես մեզ համար էական նշանակություն ունեն դեմոկրատական հասարակության կառուցման ճանապարհին, և այդ առումով, իհարկե, այս որոշումն ամբողջությամբ Երևանի քաղաքապետարանի իրավասությունների շրջանակում գտնվող խնդիր է, բայց մենք չենք կարող ուշադրություն չդարձնել այն տրամադրություններին, որ ստեղծում է այս որոշումը հասարակության մեջ և առնչվում է, բնականաբար, գործադիր իշխանությանը: Մենք պարտավոր ենք այս խնդիրը պահել մեր ուշադրության կենտրոնում:
Երրորդ, մենք մեզ համար կանոն ենք սահմանել, և ես մշտապես պահանջում եմ ձեզանից, որ այն որոշումները, որոնք առնչվում են մեծ զանգվածներին, անպայման քննարկվեն հանրության հետ, անպայման ներգրավենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Սա անհրաժեշտ կանոն է, բայց արդեն ակնհայտ է, որ բավարար չէ, որովհետև հասարակական կազմակերպությունները ներկայացնում են միայն իրենց կազմակերպությունների անդամների կարծիքն այն պարագայում, երբ մեր որոշումները վերաբերում են հազարավոր, երբեմն հարյուրհազարավոր մարդկանց: Սա նշանակում է, որ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք այսուհետ կարևոր որոշումներ կայացնելիս ապահովել հանրային քննարկումներ, հանրային լսումներ, բաց և հրապարակային դեբատներ: Կարծում եմ, որ տրանսպորտի սակագների փոփոխությունը հենց այդ ոլորտին վերաբերող խնդիր է, և մենք պարտավոր ենք այսուհետ այդ որոշումները կայացնելուց առաջ ապահովել հրապարակային հանրային քննարկումներ և դեբատներ: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա նաև օրենսդրորեն լրացնել այս բացը, և այն ռեժիմը, որ մենք այսօր կիրառում ենք օրենքով Հանրային խորհրդի գործունեությունը կանոնակարգելիս, որ Հանրային խորհրդին պարտադրում ենք հրապարակային քննարկումներ և լսումներ կազմակերպել, այդ մոտեցումն ամբողջությամբ իրեն արդարացնում է, որովհետև ժամանակ կա լսելու բոլոր ընդդիմախոսներին, նրանց փաստարկները, և հանրությանը մենք դրանով հնարավորություն ենք տալիս ճիշտ կողմնորոշվել, և հետագայում էլ այդ որոշումները կայացնողները նույնպես հաշվի են առնում հանրային կարծիքը և տրամադրությունները, ինչը չափազանց կարևոր է մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորման առումով: Այդ տեսակետից, իհարկե, մենք ուշադրությամբ հետևում ենք քաղաքապետարանի գործողություններին, և կխնդրեմ Ձեզ, պարոն Արեյան, մեզ տեղյակ պահել, թե ինչ քայլեր եք ծրագրում, որպեսզի պատասխանենք հանրությանն այսօր մտահոգող հարցերին:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Զեկուցեմ Ձեզ, որ այս օրերի ընթացքում Երևանի քաղաքապետն անձամբ հետևել է քաղաքային հասարակական ընդհանուր օգտագործման տրանսպորտի սակագնի բարձրացման ուղղությամբ հնչեցված և հնչեղություն ստացած հասարակական հարցադրումներին, վերլուծություններին, դիտարկումներին, եզրահանգումներին, գնահատականներին, առաջարկություններին: Միևնույն ժամանակ Երևանի քաղաքապետը հանդիպում է ունեցել հասարակական և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները, ինչպես նաև քաղաքապետարանի կողմից իրականացվել են խնդրի առնչությամբ սոցհարցումներ: Այս պահին Երևանի քաղաքապետը հանդիպումներ է անցկացնում Երևանի ավագանու կուսակցական խմբակցությունների հետ: Ամփոփելով բոլոր եզրահանգումներն ու առաջարկությունները, ինչպես նաև ի մի բերելով հետագա անելիքներն ու միջոցառումները` այսօր Երևանի քաղաքապետն անձամբ հրապարակային հայտարարությամբ կդիմի Երևանի բնակչությանը` ներկայացնելով բոլոր պարզաբանումներն ու անելիքները:
Այսօր մինչ կառավարությունը նիստ էր անցկացնում, կառավարության շենքի դիմաց քաղաքացիները բողոքում էին Երևանում հասարակական տրանսպորտի սակագների բարձրացումից: «Մեզ մի կթեք», «Ժպտալով վճարում ենք 100 դրամ և իջնում», «Ուղեվարձը 100 դրամ», «Արժանապատիվ կյանք մեր վարորդներին» և այլ պաստառներով ցուցարարները գործադիրին կոչ արեցին քայլեր ձեռնարկել` վերականգնելու Երևանի բնակիչների խախտված իրավունքները:
Նրանք նաև հայտարարեցին, որ դեմ կլինեն, եթե 100 դրամ ուղեվարձն ապահովվի պետբյուջեից սուբսիդիաների հատկացման հաշվին:
Մի տարեց կին, որ նախորդ բողոքի ակցիաներից հայտնի է որպես «ՀՀԿ-ական տատիկ», փորձեց սադրել հավաքվածներին` ակցիային քաղաքական երանգ հաղորդելով: Սակայն ակտիվիստները պարզապես անտեսեցին սադրիչ տատիկին` հայտարարելով, որ իրենց շարժման հետևում որևէ քաղաքական ուժ չկա կանգնած և իրենք շարքային քաղաքացիների ձայնն են բարձրացնում:
Բողոքի ակցիային մասնակցում էին շուրջ 200 քաղաքացիներ:
«Չենք վճարելու 150 դրամ» շարժման մասնակիցներից Աշոտ Խաչատրյանը «Անկախ»-ի հետ զրույցում ասաց, որ ակցիայի մասնակիցները Երևանի տարբեր շրջաններում շարունակում են բողոքի ցույցեր անցկացնել և իրազեկել քաղաքացիներին` կոչ աբելով 100 դրամ ուղեվարձ վճարել, այդ պատճառով էլ քիչ են:
«Չկա որևէ միջոցառում, որին պետք է բոլորը գան: Դրվում է ինֆորմացիան, ով ցանկանում, գալիս է: Շատ ապակենտրոն է մեր շարժումը, քանի որ չկա կոնկրետ կազմակերպիչ,- ասում է Խաչատրյանը, հավելելով, որ ապակենտրոնությունն իրենց ավելի ուժեղ է դարձնում` ոստիկանները չեն հասցնում իրենց հետևից, իրենք էլ համեմատաբար ավելի լայն շրջանակների են իրազեկում:
Այսօր մի խումբ քաղաքացիներ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին 50 դրամանոցի տեքսով խորհրդանշական տորթ նվիրեցին: Դրանով քաղաքացիները ցանկացան արտահայտել, որ իրենք իրենց պայքարում վճռական են տրամադրված և խաղաղ պայքարով հասնելու են հաղթանակի: 50 դրամանոցի տեսքով տորթի կողքին գրված էր` կերեք, կշտացեք:
Ոստիկանները քաղաքացիներին թույլ չտվեցին քաղաքապետարանի մուտքի մոտի մայթից առաջ անցնել: Մոտ 20-30 րոպե տևած բանակցություններն անարդյունք անցան: Ոստիկանները չընդունեցին առաջարկը, որ միայն մեկ մարդ տորթը քաղաքապետարան տանի և հանձնի: Չնայած մազմաթիվ կոչերին ու առաջարկներին` քաղաքապետարանի աշխատակազմից էլ որևէ մեկը դուրս չեկավ նվերն ըդնունելու: Ոստիկաններն առաջարկում էին տորթը մայթի վրա թողնել և հեռանալ:
Երբ թվում էր, որ հենց այդպես էլ պետք է արվի, այլ ելք չկա, եկավ ավագանու «Բարև Երևան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը: Վերջինս համաձայնեց տորթը քաղաքապետարան մտցնել և հանձնել քաղաքապետին` նշելով, որ այն իր քաղաքացիներից նվեր է: