Իրաքն ահազանգում է ՄԱԿ-ին

irak (1)ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչ Մուհամեդ Ալի ալ Հաքիմը նամակ է ուղղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին` ահազանգելով, որ  «Իրաքի և Շամի իսլամական պետության» ահաբեկիչները գրավել են Բաղդադի մոտակայքում գտնվող Մութհանա ռազմաբազան և այնտեղ առկա քիմիական պաշարները: Նամակում ասված է, որ տարածաշրջանում ստեղծված անապահով մթնոլորտի պատճառով Իրաքը չի կարող իրականացնել քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները:

Հայտնի է, որ դեռևս Սադամ Հուսեյնի ժամանակ հիմնված բազայում առկա են քիմիական տարբեր թունավոր նյութեր և թափոններ:

Նշենք, որ 29-ին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել էր Իրաքում խալիֆայության ստեղծման մասին` Աբու Բաքր Բաղդադիի գլխավորությամբ:

 

Անկախ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը միասնության կոչ է արել Իրաքին

պանգի մուն ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, հանդես գալով կազմակերպության ժնևյան գրասենյակում անցկացված համաժողովի ժամանակ, խոսել է վերջին օրերին «Իրաքի և Շամի իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից իրականացվող անընդունելի գործողությունների մասին: Քարտուղարը Իրաքի վարչապետ Նուր ալ Մալիքին կոչ է արել ավելի գործնական քայլերի դիմել երկրում միջէթնիկ հողի վրա բռնության աճի դեմ պայքարելու համար: Գի Մունը ընդգծել է Իրաքում մեկ միասնական պետության մեջ սունիների, շիաների և քրդերի խաղաղ գոյակցության անհրաժեշտության մասին:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Պան Գի Մունը, դատապարտելով Իրաքում քաղաքացիների սպանությունն ու թուրք դիվանագետների առևանգումը, նշել է, որ բանակցություններ է վարել Իրանի և Թուրքիայի առաջնորդների հետ՝ հույս հայտնելով, որ նրանք կարող են համապատասխան աջակցություն ցուցաբերել իրաքյան կառավարությանը երկրում խաղաղություն և կայունություն հաստատելու համար:

 Անկախ

 

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձը ընտանիքի միջազգային օրվա առթիվ

ban_ki-moon_portraitՏոնելով այս տարվա Ընտանիքների միջազգային օրը՝ մենք ճանաչում ենք ընտանիքների ներդրած նշանակալի ավանդը ՄԱԿ-ի առաքելությունը խթանելու գործում:

Ապահովելով իր անդամներին տնտեսական և զգացմունքային աջակցությամբ ընտանիքները կարող են մեծացնել գործուն, հոգատար քաղաքացիներ՝ ովքեր կապրեն  ընդհանուր շահի համար: Ամուր, բարգավաճ ընտանիքները, անկախ ձևաչափից, կարող են օգնել՝ նվազեցնելու աղքատությունը, ապահովելու  մայրերի բարեկեցությունը, խթանելու գենդերային հավասարությունը և պաշտպանելու մարդու իրավունքները:

Աջակցությունը ընտանիքներին շատ կարևոր է նրանց ամբողջ ներուժն իրականացնելու համար: Սա նշանակում է նրանց վերածել զարգացման քաղաքականությունների, հաշվի առնել նրանց պայմանները հակամարտություններին անդրադառնալիս և խթանել բոլոր ընտանիքների հանդեպ հավասար վերաբերմունք՝ անկախ նրանց կառուցվածքից: Քանի որ մենք ձգտում ենք ունենալ ավելի կայուն ապագա, հասնել Հազարամյակի զարգացման նպատակներին, ձևավորել զարգացման նոր օրակարգ և պայքարել կլիմայի փոփոխության դեմ, եկեք համախմբենք աշխարհի բոլոր ընտանիքները:

Ընտանիքների այս միջազգային օրվա կապակցությամբ եկեք ձգտենք  ամրապնդել այս փոքր, բայց անչափ կարևոր օղակները, որոնք կան  յուրաքանչյուր հասարակությունում, այնպես, որ կարողանանք հասնել ավելի մեծ առաջընթացի՝ որպես մեկ մարդկային ընտանիք:

***

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2014 թ․-ը Հայաստանում  հռչակել է Ընտանիքի տարի՝ մեկ անգամ ևս շեշտելով կառավարության հանձնառությունը ընտանիքների նկատմամբ: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը վստահ է, որ ընտանիքի բարեկեցությունն էական նշանակություն ունի կայուն զարգացման համար և որ խտրականությունից ու ընտանեկան բռնությունից զերծ ընտանիքներն ավելի առողջ են, ամուր և ապահով:

Ռուանդայի ցեղասպանությունից 20 տարի անց. քաղված և չքաղված դասեր. Բան Կի-Մունի ելույթը

պանգի մունԱյսօր Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում պետական ​​և համայնքային ղեկավարները պայքարում են, որ երկիրը գտնի խաղաղության ուղին:

Երկուշաբթի օրը Կիգալիում միանալու եմ Ռուանդայի ժողովրդին՝ նշելու 20-րդ տարելիցը ցեղասպանության, որի արձագանքները դեռ զգացնել են տալիս Աֆրիկայի Մեծ Լճեր տարածաշրջանում տիրող անորոշության պայմաններում և միջազգային հանրության հավաքական գիտակցության մեջ:

Յուրաքանչյուր իրավիճակ ունի իր զարգացման դինամիկան: Այդպես է նաև Սիրիայի հակամարտության դեպքում, որն ամեն օր նոր զոհեր է խլում: Սակայն յուրաքանչյուրն առաջադրել է կյանքի և մահվան բազմաբարդ մարտահրավեր. ի՞նչ կարող է անել միջազգային հանրությունը, երբ մեծաքանակ անմեղ բնակչություն է կոտորվում, իսկ կառավարությունը չի կարողանում կամ չի ուզում պաշտպանել իր ժողովրդին, կամ երբ նաև հենց իր միջոցով է գործադրվում բռնությունը: Եվ ի՞նչ կարող ենք անել այս դաժանությունների ի հայտ գալն ի սկզբանե կանխելու համար:

Ռուանդայի և Սրեբրենիցայի ցեղասպանությունները միջազգային հանրության խորհրդանշական ձախողումներն էին: Ռուանդայում գործադրված վայրագության ծավալը մինչ օրս էլ ստիպում է ցնցվել. օրական միջինը 10,000 մահ՝ ամեն օր, երեք ամիս շարունակ, երբ ատելությամբ լի ռադիոհեռարձակումները բորբոքում և հրահրում էին ռուանդացիներին՝ սպանել ռուանդացիների:

Միջազգային հանրությունը կարևոր առաջընթաց է արձանագրել այս սարսափելի իրադարձությունների դասերը կենսագործելու հարցում: Մենք այժմ միակամ ենք անպատժելիության դեմ, ինչի մարմնավորումն է Միջազգային քրեական դատարանի ստեղծումը: Միջազգային և ՄԱԿ-ի կողմից օժանդակվող տրիբունալները, այդ թվում՝ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալը, հետամուտ են պատասխանատվության իրականացման և նկատելի զսպող ազդեցություն ունեն միջազգային հիմնարար նորմերի հնարավոր խախտողների վրա: Մի շրջադարձային դատավճռով պետության նախկին ղեկավարը դատապարտվել է ռազմական հանցագործությունների համար:

Միջազգային հանրությունն ստանձնել է «պաշտպանելու պատասխանատվությունը»: Պետություններն այլևս չեն կարող պնդել, որ վայրագ հանցագործությունները պետության ներքին խնդիրներ են՝ միջազգային հանրության մտահոգության սահմաններից դուրս: Ավելի ու ավելի մեծ թվով կառավարություններ և տարածաշրջանային կազմակերպություններ ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմներ են մշակում: ՄԱԿ-ը և իր գործընկերներն ավելի հաճախ են մարդու իրավունքների թեժ կետերում դիտորդներ տեղակայում՝ «աչքեր և ականջներ», որոնք զգուշացնում են կառավարություններին և ոչ պետական դերակատարներին, որ աշխարhը հետևում է իրենց: Եվ քանի որ նման հանցագործություններ են ծրագրվում, մեր թիրախը վտանգի առանցքային գործոններն են` սկսած համապատասխան հաստատությունների բացակայությունից մինչև անպատասխան մնացած դժգոհություններ:

Մենք նաև ավելի հաստատակամորեն ենք գործում`պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ մոլեգնող սեռական բռնությունից: Հաստատակամ խաղաղապահ մոտեցումների շնորհիվ պարտության է մատնվել աենավայրագ զինյալ խմբերից մեկը Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության արևելյան հատվածում: Հարավային Սուդանում ՄԱԿ-ը բացել է իր խաղաղապահ կայանների դարպասները` ապաստան տալով մահացու վտանգների ենթակա տասնյակ հազարավոր մարդկանց: Քսան տարի առաջ նման քայլերն անհավատալի կլինեին: Այսօր դա մանրակրկիտ քննարկված քաղաքականություն է՝ մեր նոր «Իրավունքներն՝ անհապաղ» նախաձեռնության գործնական իրականացման օրինակ, Ռուանդայի իրականություն դարձած դասերից: Նման իրավիճակները դեռևս խոցելի են, սակայն հակազդեցությունը մեկն է` միայն ավելի լավ պաշտպանություն:

Այնուամենայնիվ, այս աշխատանքը պարբերաբար բախվել է տեղատվությունների: Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմի ավարտը 2009 թ. հանգեցրեց տասնյակ հազարավոր զոհերի և Միավորված ազգերի կազմակերպության համակարգային ձախողման՝ խնդիրները բարձրաձայնելու և գործողությունների դիմելու հարցում: Ավելի քան երեք տարի Սիրիայի իրավիճակին արձագանքելու հարցում միջազգային հանրությունը միակամություն հանդես չէր բերում` տրամադրելով անհրաժեշտ մարդասիրական ֆինանսավորման միայն մի մասը և միաժամանակ թեժացնելով կրակը՝ երկու կողմերին զենք մատակարարելու միջոցով՝ սխալաբար հավատալով ռազմական լուծման հնարավորությանը:

Աշխարհը պետք է հաղթահարի այս բարոյական «սպիտակ բծերը»: Անդամ պետությունները կարող են ունենալ ազգային շահերի միմյանց հետ մրցակցող սահմանումներ կամ չցանկանալ ստանձնել ֆինանսական կամ ռազմական նոր հանձնառություններ: Հնարավոր է` նրանք վախենան բարդությունից և վտանգներից կամ անհանգստանան, որ այլ երկրներում ահագնացող ճգնաժամի մասին քննարկումների առանցքում մի օր կհայտնվեն իրենց սեփական իրավիճակները: Սակայն այս անտարբերության և անվճռականության արդյունքները հստակ են` անմեղ արյան հեղում, քայքայված հասարակություններ, և առաջնորդներ, ովքեր նորից ու նորից կրկնում են՝ «այլևս երբեք», ինչն ինքնին շարունակական ձախողման նշան է:

Նախորդ տասնամյակի ընթացքում Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը պայքարել է իր աղետալի իրավիճակի վերաբերյալ համաշխարհային իրազեկման համար, իսկ նախորդ տարվա ընթացքում ապրեց պետության անկում, անօրինության հաղթարշավ և սարսափալի զանգվածային սպանություններ, որոնք լայնածավալ ահաբեկչություն հարուցեցին և զանգվածային գաղթի պատճառ դարձան: Մարդիկ շահագործում են կրոնական հայացքները քաղաքական նպատակներին հասնելու պայքարում` վտանգելով մահմեդականների և քրիստոնյաների խաղաղ համակեցության բազմամյա ավանդույթը:

Կոչ եմ անում միջազգային հանրությանը՝ ապահովել անհետաձգելիորեն անհրաժեշտ ռազմական օգնություն՝ մարդկանց կյանքերը փրկելու, փողոցներում կարգ ու կանոն հաստատելու և մարդկանց իրենց համայնքներ վերադառնալու հնարավորություն տալու համար: Աֆրիկյան Միությունը և Ֆրանսիան զինված միավորումներ են տեղակայել, սակայն Եվրոպական միության զինված միջամտության ջանքերը դեռևս ապարդյուն են: Կա ոչ պակաս հրատապ խնդիր` սկսել քաղաքական գործընթաց, որում հաշտեցումը կարևոր դեր ունի: Բռնության ցանկացած հետագա դրսևորում կարող է ընդգրկել ավելի մեծ տարածաշրջաններ:

Երբ պետության անկումը այսքան խորացած է, մարտահրավերները կարող են թվալ անհաղթահարելի: Սակայն պատմությունը այլ բան է վկայում: Միջազգային հանրության կայուն աջակցությունը հնարավորություն տվեց արմատական փոփոխություններ իրագործել Սիերա Լեոնեում և Թիմոր-Լեստեում: Ռուանդան գրանցել է զարգացման ուշագրավ ձեռքբերումներ, իսկ այլ պետություններ վերականգնվել են անասելի բռնություններից հետո: Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը կարող է անցնել նույն ճանապարհը: Ես շարունակելու եմ լինել կառավարության կողքին` ուրվագծելու այն ուղին, որը հնարավորություն կտա ստեղծելու կայուն և բարգավաճ երկիր՝ որքանով որ հնարավոր կդարձնեն իր ռեսուրսներն ու ավանդույթները:

Ռուանդայում այցելելու եմ ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք եմ մատուցելու զոհերի հիշատակին, ինչպես արել եմ աշխարհը ցնցած այլ ողբերգությունների դեպքում` տասնամյակներ առաջ տեղի ունեցած Աուշվիցից և Կամբոջայից մինչև մեր ժամանակներում կատարված այլ ողբերգություններ: Միջազգային հանրությունը չի կարող հավակնել ուշադրություն հանդես բերել վայրագ ոճրագործությունների հարցում, իսկ հետո խուսափել միջոցներ և կամք ներդնելուց, որոնք անհրաժեշտ են դրանք իրականում կանխելու համար: Համաշխարհային առաջնորդները պետք է անեն ավելին` կանխելու կանխարգելելին և հակազդելու մեր աչքի առաջ տեղի ունեցող դաժանություններին: Մարդիկ ամենուր պետք է մտովի անցնեն տուժածների ուղին` Սիրիայից մինչև Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, և հարցնեն իրենք իրենց, թե էլ ինչ կարող են անել, որպեսզի ստեղծեն մարդու իրավունքների և արժանապատվության աշխարհ բոլորի համար: Եկե՛ք ցույց տանք զարհուրելի վտանգների ենթարկվող մարդկանց, որ իրենք միայնակ կամ լքված չեն, և որ իրենց «փրկօղակն» արդեն ճանապարհին է:

Բան Կի-Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է

Անկախ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

 Էդվարդ Նալբանդյան Մարտի 28­-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրավիճակի սրման վերաբերյալ նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին, որտեղ, մասնավորապես, ասված է.

«Հայաստանն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ առավելապես հայերով բնակեցված հինավուրց Քեսաբ քաղաքում և շրջակա 12 գյուղերում իրավիճակի սրման կապակցությամբ:  Հասանելի բոլոր վկայությունները և Քեսաբի աշխարհագրական դիրքը թույլ են տալիս եզրակացնել, որ վերջին հարձակումները, առանց որևիցե կասկածի, իրականացվել են Թուրքիայի տարածքից սահմանը հատած, ալ-Քաիդայի հետ կապված ահաբեկչական խմբերի կողմից: Բռնի գործողությունները, որոնք մեծ մասամբ ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, հանգեցրել են տեղի բնակչության տեղահանմանը: Ծայրահեղական խմբերը պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները, զգալի վնաս են հասցրել բնակիչների ունեցվածքին՝ արձանագրելով մարդու իրավունքների կոպտագույն խախտումների  գորշ տեսարան: Միայն մի քանի տարեց մարդիկ են մնացել քաղաքում, ովքեր ի վիճակի չեն եղել հեռանալ: Այս սոսկալի հարձակումները մեծապես վտանգում են ՄԱԿ-ի ԱԽ կողմից միաձայն ընդունված 2139 և 2118 բանաձևերի իրականացումը, որոնք ուղղված են ճանապարհ հարթելու սիրիական ճգնաժամի լուծման համար:

Հայաստանը բազմաթիվ առիթներով բարձրացրել է Սիրիայում զինված հակամարտության պայմաններում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում հայերի, պաշտպանության անհապաղ անհրաժեշտության մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ խոցելի իրավիճակում և դարձել են առաջնային թիրախներ: Քանի որ հումանիտար ճգնաժամը շարունակվում է, շատ կարևոր է անհապաղ պահանջել թուրքական իշխանություններից ձեռնարկելու հրատապ քայլեր՝ ծայրահեղական խմբերի կողմից իր տարածքի հետագա օգտագործումը կանխելու համար:

Քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառումը, անկախ նրանց էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, պետք է միանշանակորեն դատապարտվի: Միջազգային հանրությունը պետք է վճռական ջանքեր գործադրի տեղահանված մարդկանց՝ ներառյալ հայերի, ապահովությունը և անվտանգությունը երաշխավորելու համար, պայմաններ ստեղծելու իրենց բնակության վայրերը նրանց շտապ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար և ապահովելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն՝ իրենց հրատապ կարիքները հոգալու համար»:

 Անկախ

Պան Գի Մունը կոչ է արել պահպանել օլիմպիական խաղաղության ավանդույթը

Pan-Gi-MunՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը համաշխարհային հանրությանը կոչ է արել հետևել ավանդությանը և օլիմպիական խաղերի ժամանակ պահպանել խաղաղություն: Դիմելով բոլոր այն երկրներին, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այդ թվում նաև Սիրիային, քարտուղարը զինված բախումների մասնակից կողմերին կոչ է արել վայր դնել զենքերը գոնե Սոչիի Օլիմպիադայի ողջ ընթացքում:
Նշենք, որ հնուց ի վեր օլիմպիական խաղերի ընթացքում միշտ դադարեցվել են պատերազմները և հաստատվել է ժամանակավոր խաղաղություն:

 Անկախ

Այցելություն Աուշվից ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հոդվածը

պանգի մունԱյս տարի Հիշատակի միջազգային օրը՝ Աուշվիցի (Օսվենցիմի) համակենտրոնացման ճամբարի ազատագրման տարեդարձը (հունվարի 27) նշվում է այնպիսի մի ժամանակ, երբ մեր շուրջն ամենուր հիշեցումներ են մոռացության վտանգների մասին: Այս տարի լրանում է Ռուանդայի ցեղասպանության երկրորդ տասնամյակը: Հակամարտությունները Սիրիայում, Հարավային Սուդանում եւ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում վտանգավոր հանրային չափումներ են ձեռք բերել: Մոլեռանդությունը շարունակում է իր ընթացքը մեր հասարակություններում եւ մեր քաղաքականություններում: Աշխարհը կարող է եւ պետք է ավելին անի՝ վերացնելու այն թույնը, որը հանգեցրել է այդ ճամբարների ստեղծմանը:

Անցյալ նոյեմբերին այցելեցի Աուշվից-Բիրկենաու: Այդ օրը սառը քամի էր փչում. հողը ոտքերի տակ քարքարոտ էր: Բայց հագիս վերարկու եւ ամուր կոշիկներ ունեի: Մտքով գնացի նրանց մոտ, ովքեր ոչ մեկն ունեին, ոչ՝ մյուսը. հրեաներ եւ այլ գերիներ, որ ժամանակին ճամբարի բնակչությունն էին: Իմ մտքում այդ գերիներն էին՝ ժամեր շարունակ մերկ կանգնած սառնամանիքին, իրենց ընտանիքներից բաժանված եւ սափրած գլուխներով, քանի որ նրանց պատրաստում էին գազային խցիկների համար: Մտքով նրանց հետ էի, ովքեր ողջ պահվեցին միայն մինչեւ մահ աշխատեցվելու համար: Եվ նախ եւ առաջ՝ մտածեցի, թե որքան անմեկնելի է մնում Հոլոքոստն անգամ այսօր: Դաժանությունն այնքան բացարձակ էր, ընդգրկումն այնքան մեծ, նացիստական աշխարհայացքն այնքան աղճատված ու ծայրահեղ, սպանությունն այնքան կազմակերպված ու հաշվարկված…

Թվում էր՝ Բիրկենաուի բարաքները ձուլված էին հորիզոնին բոլոր ուղղություններով. մահվան հսկա մի գործարան: Սենյակներից մեկը լցված էր «Անունների գրքով», որում միլիոնավոր հրեա զոհերի անուններն են: Ընդ որում՝ դա տվյալների մի հատվածն էր միայն. ամբողջականը ներառում էր նաեւ լեհերի, գնչուների, սինտիների, խորհրդային ռազմագերիների, այլախոհների, հոմոսեքսուալների, հաշմանադամություն ունեցող անձանց եւ այլն: Ինձ հատկապես ցնցեց մի տեսանյութ, որում պատկերված էր 1930-ականների եվրոպացի հրեաների կյանքը՝ ընտանեկան ճաշկերույթների եւ լողափնյա հանգստի տեսարաններ, երաժշտական եւ թատերական ներկայացումներ, հարսանիքներ եւ այլ ծեսեր. եւ այս ամենը վայրագորեն ոչնչացվել է մարդկային պատմության մեջ եզակի համակարգային սպանդի միջոցով:

Մարիան Տուրսկին՝ լեհաստանցի հրեա, ով ողջ է մնացել Աուշվիցում եւ այսօր Աուշվիցի միջազգային կոմիտեի փոխնախագահն է, ինձ ուղեկցեց Arbeit Macht Frei («աշխատանքն ազատություն է շնորհում») գրությամբ տխրահռչակ դարպասի մոտ. այս անգամ՝ ազատության պայմաններում: Րաբունապետ Յիսրաել Մեյր Լաուն, ով Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարը վերապրած մարդկանցից է եւ այժմ Թել Ավիվի գլխավոր րաբունապետն է, ինձ հետ կանգնած էր զառիվայրին, որտեղ գնացքները ժամանակին դատարկում էին իրենց մարդկային բեռը, եւ վերհիշում էր այն ցավալի պահը, երբ էսէսական հրամանատարի ցուցամատի արագ շարժումով որոշվում էր՝ ով պետք է մեռնի, ով՝ ապրի: Ես սգում եմ նրանց համար, ովքեր մահացան ճամբարներում, եւ ակնածանքով եմ լի նրանց նկատմամբ, ովքեր ապրեցին. ովքեր կրում են վշտալի հիշողություններ եւ միաժամանակ ցույց են տվել մարդկային ոգու ուժը:

Ինձ ուղեկցում էին նաեւ Օսվենցիմի Երիտասարդական հանդիպումների միջազգային կենտրոնի ուսանողները, ովքեր ձգտում են կամուրջներ կառուցել ժողովուրդների ու պետությունների միջեւ: «L’dor v’dor»,- ասաց Մարիան Տուրսկին ինձ (եբրայերեն՝«սերնդեսերունդ»). իմաստնության փոխանցումը: Այս պատճառով է, որ Աուշվից-Բիրկենաուն ներառված է UNESCO/ՄԱԿԳՄԿ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Մենք չենք կարող ապագան կառուցել՝ առանց հիշելու անցյալը. այն, ինչ կատարվել է երբեւէ, կարող է կրկնվել:

Թշնամանքի դեմ պայքարը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր առաքելություններից մեկն է: Մեր հատուկ դատարաններն ու տրիբունալները պայքարում են հանուն անպատժելիության վերացման, արդարադատության կայացման եւ խախտումների կանխարգելման: Ցեղասպանության կանխարգելման եւ պաշտպանելու պատասխանատվության հարցերով ՄԱԿ-ի հատուկ խորհրդականները ուշիուշով դիտարկում են աշխարհը՝ բաց չթողնելու վայրագ հանցագործությունների նախանշանները: «Քաղաքակրթությունների դաշինք» նախաձեռնությունը ձգտում է հակազդել ատելության դրսեւորումներին՝ հակասեմիտականությունից եւ իսլամոֆոբիայից մինչեւ ուլտրաազգայնականություն եւ կանխակալ վերաբերմունք փոքրամասնությունների նկատմամբ: Մեր նոր՝ «Իրավունքներն առաջնային ճակատում» նախաձեռնության նպատակն է ամրապնդել վաղ գործողությունները՝ մարդու իրավունքների կոպիտ խախտումները կանխարգելելու նպատակով:

Գրեթե մեկ տասնամյակ «Միավորված ազգերի կազմակերպությունը եւ Հոլոքոստը» հանրային իրազեկման ծրագիրն աշխատել է ուսուցիչների եւ սովորողների հետ բոլոր աշխարհամասերում՝ խթանելու հանդուրժողականությունն ու համընդհանուր արժեքները: Ծրագրի ամենաթարմ կրթական փաթեթը, որն ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության Հոլոքոստի հիշատակի թանգարանի հետ համագործակցությամբ, կօգնի դասասենյակներում ներկայացնել Հոլոքոստին նվիրված ուսումնասիրությունները՝ Բրազիլիայից ու Նիգերիայից մինչեւ Ռուսաստան ու Ճապոնիա: ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում այս տարվա հիշատակի արարողության գլխավոր խոսնակը լինելու է Սթիվեն Սփիլբերգը, որի Հոլոքոստի հիմնադրամը՝ «Վիզուալ պատմության եւ կրթության ինստիտուտ» անվամբ, կարեւոր հանգրվան էր վերապրածների վկայությունների պահպանման տեսանկյունից:

Աուշվիցի դիակիզարանից մի քանի քայլի վրա ես մի պահ դադար առա՝ մտորելու: Ես շոշափեցի փշալարը, որն այլեւս էլեկտրականացված չէր, բայց դեռեւս սուր էր ու ահասարսուռ: Ես ափեափ լի էի այդտեղ տեղի ունեցածի հրեշավորության զգացողությամբ եւ խոնարհումով՝ բազմաթիվ պետությունների այն զինվորների եւ առաջնորդների խիզախության եւ զոհողությունների նկատմամբ, ովքեր հաղթահարեցին նացիստական սպառնալիքը: Հուսով եմ՝ մեր սերունդը եւ եկող սերունդները վառ կպահեն հավաքական նպատակի այդ նույն զգացումը՝ կանխելու այսօրինակ սարսափի կրկնությունը որեւէ տեղ, որեւէ մեկի կամ որեւէ խմբի նկատմամբ եւ կառուցելու հավասարության աշխարհ բոլորի համար:

 Անկախ

2014-ը` բյուրեղագրության տարի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի  ուղերձը նվիրված բյուրեղագրության տարվան.

-Այս տարի նշվում է ժամանակակից բյուրեղագրության հիմնադրման հարյուրամյակը: Մենք նշում ենք նորարարական առաջընթացի 100 տարին:

Բյուրեղագրությունը հիմնարար նշանակություն ունի նյութի կառուցվածքը հասկանալու հարցում:

Այն չափազանց կարեւոր դեր ունի նյութագիտության, առողջապահության, գյուղատնտեսության եւ կենսատեխնոլոգիայի ասպարեզներում:

Այսօր բյուրեղագրությունը կառուցվածքային գիտությունների առանցքում է. այն բացահայտում է հանքային նյութերի եւ կյանքի մոլեկուլների կազմությունը, գիտնականներին օգնում նախագծել նոր սերնդի նյութեր եւ կենսականորեն անհրաժեշտ դեղամիջոցներ:

Ի նշանավորումն այս կարեւոր ներդրումների՝ Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովը 2014 թվականը հայտարարեց որպես Բյուրեղագրության միջազգային տարի: Նպատակն է՝ բարձրացնել իրազեկվածության մակարդակը բյուրեղների ներուժի վերաբերյալ, խորացնել համագործակցությունը եւ գործընկերություններ հաստատել ամբողջ աշխարհում:

Բյուրեղագրությունը կարեւոր տեղ ունի, քանի որ մենք ձգտում ենք հասնել ներառական կայուն զարգացման. քաղաքականություններ, որ նպաստավոր են մարդկանց եւ մոլորակի համար:

Երախտագիտություն եմ հայտնում UNESCO/ՄԱԿԳՄԿ-ին, ինչպես նաեւ Բյուրեղագրության միջազգային միությանը եւ մյուս բոլոր գործընկերներին:

Շնորհակալություն, որ ձգտել եք օգնել հասարակություններին՝ շահագործելու գիտությունների ամբողջ ներուժը հանուն կայուն զարգացման: Եկեք տարին վերածենք մեծ հաջողության:


Ջոն Քենեդիի թողած անջնջելի հետքը. Պան Գի-մուն

պանգի մուն       Ես անձամբ շատ զղջում եմ, որ ավելի լավ չպահպանեցի այն ինքնագիրը, որ ստացա նախագահ Քենեդիից, երբ ինձ՝ կորեական մի հետամնաց գյուղից եկած տասնչորս տարեկան անհայտ դեռահասի, այդչափ մեծ բախտ  վիճակվեց  հանդիպել նրան:

 

Ես ԱՄՆ էի եկել ամբողջ աշխարհի մի խումբ երիտասարդների համար Կարմիր Խաչի կողմից կազմակերպված մի ճանաչողական ուղևորության շրջանակներում: Դա ավելին էր, քան այցելություն օտար երկիր. դա ուխտագնացություն էր դեպի հնարավորությունների, վառ ժողովրդավարության երկիր, որն իմ ազգին իր օրհասական պահին օգնել էր փրկվելու:

Նախագահ Քենեդիի ստորագրությունը արագ անհետացավ իմ ընկերների բազմաթիվ մատնահետքերից, ովքեր միմյանցից խլում էին  փայլուն թղթի վրա տպված  Սպիտակ Տան տեղեկագիրը և այնպիսի խանդավառությամբ էին միմյանց փոխանցում, որ մինչ այն ինձ վերադարձավ, արդեն նրա գրածի հետքն էլ չէր մնացել:

 

Բայց ոչինչ չէր կարող ջնջել այն դրոշմը, որ թողեց Ամերիկայի նախագահը իմ կյանքում: Հանդիպումը նրա հետ եղավ բեկումնային ինձ համար: Սպիտակ Տան հարավային մարգագետնում այդ օրն արտասանած նրա խոսքերն էին, որ ինձ ոգեշնչեցին և իմ մեջ արթնացրեցին դիվանագետ դառնալու և հանրային ծառայությանը նվիրվելու որոշումը:

 

Նայելով մեր բազմազան խմբին, որը կազմված էր այն ժամանակ «Երկաթե վարագույրի» հակառակ կողմերում գտնվող երկրների ներկայացուցիչներից,  նախագահ Քենեդին մեզ հիշեցրեց, որ մենք կարող ենք ընկերներ լինել, եթե անգամ մեր կառավարությունները դեմ են միմյանց: Եվ նա ասաց բառեր, որոնք դարձան իմ կյանքի նշանաբանը. «Չկան ազգային սահմանափակումներ, կա միայն մի հարց, թե արդյոք մենք կարող ենք օգնության ձեռք մեկնել միմյանց»:

 

Մեծանալով և ազգային դիվանագիտական ծառայության մեջ առաջ շարժվելով` ինձ մոտ այդ գաղափարն ավելի սրվեց, և ես որոշեցի գործել հանուն համընդհանուր հանրության շահերի: Որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար` ես փորձում եմ հնարավորինս անել` ծառայելու աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնց  կողմից էլ ընդունվել է  Կազմակերպության կանոնադրությունը:

Նախագահ Քենեդին մեծ հավատ ուներ ՄԱԿ-ի նկատմամբ: Ընդհանուր վեհաժողովում ունեցած նրա վերջին ելույթը` մահվանից շաբաթներ առաջ, հնչեց որպես նախաբան՝ ուղղված այն խնդիրներին, որոնք մինչ օրս էլ շատ ցավոտ են մեզ համար: Նա շեշտեց մարդու իրավունքների անբաժանելիությունը: Նա արտահայտվեց ընդդեմ շռայլ ռազմական ծախսերի: Նա կոչ արեց ռասայական և կրոնական հանդուրժողականության: Նա բարձր գնահատեց ՄԱԿ-ի խաղաղապահությունը: Եվ նա պնդեց, որպեսզի մենք խաղաղությունն ընդունենք ոչ միայն թղթի վրա, այլև մեր սրտերում: Սրանք արժեքներ են, որոնք ես պաշտպանում եմ ՄԱԿ-ի նվիրյալների կորպուսի աշխարհասփյուռ անդամների հետ միասին:

 

         Ամբողջ աշխարհում երիտասարդների հետ իմ սեփական շփումների ժամանակ ես փորձում եմ հաղորդել  այն բառերը, որ լսել էի Ջոն Քենեդիից. եղեք աշխարհի քաղաքացի և սիրեք Ձեր երկիրը` աշխարհին ծառայելով:

 

Գլխավոր քարտուղար դառնալուցս կարճ ժամանակ անց, ինձ այցի եկավ սենատոր՝ Էդուարդ Քենեդին: Նա ինձ տվեց շրջանակի մեջ դրված Սպիտակ Տան բակում մեր խմբանկարը և նախագահ Քենեդիի այդ օրվա ելույթի տեքստը: Ես խորապես զգացված էի, որ սենատոր Քենեդին հասկանում էր, թե ինձ համար ինչպիսի մեծ արժեք է իր եղբոր հետ ունեցած հանդիպումը:

 

Վերհիշելով կես դար առաջ նախագահ Քենեդիի ողբերգական մահը` ես հասկանում եմ, որ գուցե զուր է, որ ես զղջացել եմ նրա ինքնագիրը կորցնելու համար: Այդ ստորագրությունը պարզապես անհետ չջնջվեց թղթից. իմ ընկերները կլանեցին այն մաշկով՝ շնորհիվ իրենց խանդավառության: Ես հույս ունեմ շարունակել տարածել այս մարդու մտքերը, մի մարդ, ով ամուր կառչած էր բարձր սկզբունքներից և այդպիսի հավատ էր տածում Միավորված ազգերի, բոլոր մարդկանց ու, հատկապես, աշխարհի երիտասարդության հանդեպ:

 

ՊԱՆ Գի-մունը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն է:

Գլխավոր քարտուղարի ուղերձը ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ

6k7COk6f0FcKikgNdnHxiGdjmIՀարգելի բարեկամներ,

 

ՄԱԿ-ի օրը հնարավորություն է ընձեռում գիտակցելու, թե այս անգնահատելի կազմակերպությունը որքանով է աջակցում խաղաղության պահպանմանն ու համընդհանուր առաջընթացին:

 

Ժամանակն է խորհել, թե էլ ինչ կարող ենք անել ավելի լավ աշխարհ կառուցելու  մեր տեսլականը կյանքի կոչելու  համար:

 

Սիրիայում ընթացող պայքարը  անվտանգության ապահովման մեր ամենամեծ մարտահրավերն է:

 

Միլիոնավոր մարդիկ ապավինում են  ՄԱԿ-ի մարդասիրական անձնակազմի կենսափրկարար աջակցությանը:

 

ՄԱԿ-ի փորձագետները ձեռք-ձեռքի աշխատում են Խաղաղության Նոբելյան մրցանակակիր` Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ` Սիրիայում առկա քիմիական զենքի  պաշարները ոչնչացնելու համար:

 

Եվ մենք հետամուտ կլինենք, որպեսզի այս  չափազանց երկար տևած տառապանքից հետո հարցին տրվի  դիվանագիտական լուծում:

 

Կայուն զարգացման  իրականացումը՝ մեր զարգացման ամենահրատապ մարտահրավերն է:

 

Հազարամյակի զարգացման նպատակները կիսով չափ կրճատել են աղքատությունը:

 

Այժմ օգտագործելով այս պահը, մենք պետք է հաստատենք նույնքան  ոգեշնչող հետ-2015 թ․  զարգացման օրակարգը և համաձայնության գանք  կլիմայի փոփոխության վերաբերյալ:

 

Այս տարի կրկին մենք տեսանք , թե ինչպես ՄԱԿ-ը միավորված ջանքերով անդրադարձավ զինված հակամարտության, մարդու իրավունքների, շրջակա միջավայրի և շատ այլ հարցերի:

 

Մենք շարունակում ենք ցույց տալ, թե ինչի կարող ենք հասնել խմբակային գործունեության շնորհիվ: Մենք կարող ենք անել նույնիսկ ավելին:

 

Այն աշխարհում որտեղ համացանցային կապն օրեցօր աճում է,  մենք պետք է գործենք ավելի միասնական:

 

Եկեք այսօր, ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ,  պարտավորվենք իրականություն դարձնել մեր հիմնադիր  իդեալներն ու աշխատենք միասին հանուն խաղաղության, զարգացման և մարդու իրավունքների: