«Այժմ Գուրգեն Շիրինյանի ժամանակն է». Վահագն Չախալյան

загруженное (1)Ջավախահայ քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Վեց տարի առաջ այս օրը Հարավային Օսեթիայի արկածախնդրությունից ընդամենը օրեր առաջ Մ. Սահակաշվիլու հանցավոր ռեժիմը մեկ այլ սադրանք էր նախաձեռնել, «լավ մտածված» օպերացիա’ պետական մեքենայի աննախադեպ ահաբեկչական գործողությունների ուղեկցությամբ, որը նպատակ էր հետապնդում ապակայունացնել Ջավախքը:

2008թ-ի հուլիսի  17-21-ը թերեվս երբեվիցե չի ջնջվի ջավախահայության պատմության էջերից: Այն կմնա որպես «ջավախահայության սև օրեր» անվանումով:

Մի քանի հազար հատուկ ջոկատայինների մասնակցությամբ խուզարկություններ կատարվեցին Հայ Առաքելական Եկեղեցու եվ Հայոց Լեզվի կարգավիճակ պահանջող հարյուրավոր ջավախահայերի բնակարաններում, տասնյակ հայկական հասարակական կազմակերպությունների գրասենյակներում, փակվեցին դրանցից մի քանիսը, դրա հետ մեկտեղ ձեռնոց նետվեց Խոսքի Ազատությանը, փակվեցին «Երիտասարդական ռադիո»-ն, որը հայերեն երգեր հեռարձակող միակ ռադիոկայանն էր տարածաշրջանում, «Ջավախք-ինֆո» լրատվական գործակալությունը, որը տարածաշրջանում գոյություն ունեցող ինֆորմացիոն վակուումը կոտրողների առաջատարն էր,«Ջավախք-նեթ» ինտերնետային պրովայդերը, որը առաջինը հնարավորություն ընձեռնեց  ջավախքցիներին ինտերնետ ունենալ ,«Քաջատուն» շաբաթաթերթը, նաև նորաստեղծ «Ազատություն TV »-ն, առգրավվեց նրանց պատկանող շարժական եվ անշարժ գույքը, արգելվեց հայատառ գրքերի եվ թերթերի ներմուծումը…         Ձերբակալվեցին եվ արտաքսվեցին բազմաթիվ արժանավոր հայորդիներ:Սպանվեցին Ախալքալաքի շրջանային ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Արթուր Բերուջանյանը եվ Արմեն Գաբրիելյանը՝ հետագայում փորձելով նրանցից առաջինի  սպանությունը Գուրգեն Շիրինյանի, իսկ երկրորդի սպանությունը՝ իմ վրա բարդել:

Վերը նշվածը Սահակաշվիլու հանցավոր ռեժիմի կողմից այդ օրերին Ջավախքում կատարած անօրինական եվ հակապետական գործողությունների մի մասն է ընդամենը: Սեփական երկրի այլազգի քաղաքացիների հանդեպ գործած հանցագործությունների համար «Վրաստանի ազգային շարժում» կուսակցության առաջնորդները դեռևս պատասխան են տալու Արդարադատության առջև:

«Վրացական Երազանքի» իշխանության գալու շնորհիվ Արդարությունը սկսեց փոքր քայլերով, բայց վերականգնվել: Բացի Գուրգեն Շիրինյանից, մնացած բոլոր հալածյալների կարգավիճակը փոխվեց: Բանտում եղածներն այսօր ազատության մեջ են, հարկադրյալ հեռացվածներն ազատ կարող են գալ գնալ իրենց ծննդավայր, սակայն դեռևս չլուծված են մնում ոչ միայն վերը նշված անձերի բարոյական վնասների եվ կազմակերպությունների առգրավված գույքի փոխհատուցման հարցերը, այլև Գուրգեն Շիրինյանի տուն վերադարձի հարցը:

Այժմ Գուրգեն Շիրինյանի ժամանակն է…”

 

Անկախ

Վրաստանի ՏԻՄ ընտրություններում Ախալքալաքում և Նինոծմինդայում ազգությամբ հայեր են հաղթել

Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններով եզրափակվեցին  Վրաստանի ընտրությունները, որով իշխանությունները վերջապես  ավարտին հասցրին իշխանափոխությունը Վրաստանում, քանի որ այս ընտրությունների արդյունքում Վրաստանի շրջանների մեծ մասում հաղթել են “Վրացական երազանք” կոալիցիայի ներկայացուցիչները”-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Ջոնի Մելիքյան

Այս ընտրությունների միակ խնդիրն, ըստ փորձագետի, ընտրողների մասնակցության ցածր մակարդակն է.  նախորդ ընտրությունների հետ համեմատելով` փորձագետը նշեց, որ այս տարի Վրաստանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 43%-ը, երբ 4 տարի առաջ` 2010 թ-ին մասնակցությունը 49%-էր կազմում: Ջոնի Մելիքյանը ընտրությունների ժամանակ եղել է Թիֆլիսում` ականատես լինելով ընտրությունների ողջ ընթացքին: Փորձագետը նշեց, որ այս ընտրություններն առանձնահատուկ էին նրանով, որ բացի Թիֆլիսից մյուս քաղաքներում ևս ուղղակի ընտրություններով քաղաքապետեր պիտի ընտրվեին: Տվյալների համաձայն` քաղաքներից 4-ում քաղաքապետերն արդեն ընտրվել են, իսկ 8 քաղաքներում 50% շեմը չհաղթահարելու պատճառով նախատեսվում է ընտրությունների երկրորդ փուլ անցկացնել:

“Մեծամասնական ընտրակարգով առաջին տեղում է “Վրացական երազանք” կոալիցիան, երկրորդ տեղում է “Միացյալ Ազգային շարժումը”, երրորդը`  “Բուրջանաձե միասնական ընդդիմություն” կոալիցիան, իսկ չորրորդը` “Պատրիոտների դաշինքը”,-ամփոփելով ընտրությունների արդյունքները` նշեց Ջոնի Մելիքյանը:

Փորձագետը տեղեկացրեց, որ Ջավախքում, ավելի կոնկրետ` Նինոծմինդայում ու Ախալքալաքում, իշխող “Վրացական երազանք” կոալիցիան առաջադրել էր հայազգի քաղաքական գործիչների, իսկ ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանում “Վրացական երազանքը” առաջադրել էր ազգությամբ վրացի գործչի, իսկ ընդդիմություն հանդիսացող “Միացյալ ազգային շարժումը”` ադրբեջանցու, ինչն էլ նախընտրական շրջանում բախումների բերեց:

Ըստ նախնական տվյալների` Ջավախքում` Նինոծմինդայում ու Ախալքալաքում, հաղթել են ազգությամբ հայեր, Նինոցմինդայում` Գագիկ Ղարսլյանը “Վրացական երազանք” կուսակցությունից` 80%-ով, իսկ Ախալքալաքում` Էդուարդ Աղայանը` “Վրացական երազանք” կուսակցությունից `60.55 %-ով, ինչը ցույց է տալիս, որ վրացահայերը ինչ-որ չափով ներկայացված կլինեն և այս օղակի ընտրություններում կփորձեն որոշ բարեփոխումների, զարգացումների հարցեր բարձրացնել:

«Վրաստանի երիտասարդ սերունդը երբեք չի ապրի հայկականացված Վրաստանում». Մ. Սահակաշվիլի

սահակաշվիլիՀոկտեմբերի 12-ին Թբիլիսիում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հույս է հայտնել, որ «Վրաստանի երիտասարդ սերունդը երբեք չի ապրի  թե՛ Եվրասիական միությունում, թե՛ հայկականացված Վրաստանում, այլ կապրի Եվրոպայում»: Սա Վրաստանի էքսցենտրիկ նախագահի առաջին նման հայտարարությունը կամ արտահայտությունը չէ: Ամեն անգամ, երբ նրան հայկական արմատներ են վերագրվում, մի «հետաքրքիր» բան հորինում է ու հայտարարում, ինչը դժգոհություն է առաջացնում Վրաստանի հարևաններից որևէ մեկի մոտ: 

Դա Սահակաշվիլու հերթական չմտածված արտահայտությո՞ւնն էր

«Սահակաշվիլու համար այդ տիպի հայտարարությունը նորություն չէ, նա շուտ-շուտ է անում այդպիսի հայտարարություններ, ընդ որում` ոչ միայն Հայաստանի վերաբերյալ: Օրինակ` նույնը կարող է ասել Ուկրաինայի կամ մեկ այլ երկրի մասին, մի անգամ էլ ասել է` «մենք նորմալ ազգ ենք, ղազախների և ուզբեկների նման չենք» և այլն: Սահակաշվիլին այնքան էլ չի կարողանում իր խոսքերը վերահսկել: Երկրորդ` Սահակաշվիլին չի կարողանում ընդունել Վրաստանի դերը միջազգային ասպարեզում  և անձամբ իր  դերը` որպես վրաց քաղաքական գործչի, այլ ոչ թե միջազգային նշանակություն ունեցող անձի: Դրա համար նա փորձում է ինչ-որ միջազգային կատեգորիաների համար խոսել, ասես նրա ելույթներն ուղղված են ոչ թե Վրաստանի ներքին լսարանին, այլ ուրիշ երկրներին ու գործիչներին»,- Սահակաշվիլու հայտարարության կապակցությամբ նշում է Վրաստանի հարցերով փորձագետ Հրանտ Միքայելյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ մի քանի ամիս առաջ էլ նույն կերպ Միխայիլ Սահակաշվիլին  խոսել է  Ադրբեջանի մասին, այնտեղից նեղացածության դրսևորումներ նկատեց ու հետո նորից կարծես ինչ-որ չափով մեղմեց իրավիճակը:

Բայց Վրաստանի նախագահի այս հայտարարությունը` «հայկականացված արտաքին քաղաքականության» մասին, ըստ մասնագետների, այլ հիմնավորումներ ունի: Մասնավորապես` արդեն մի տարի է, ինչ Վրաստանում իշխանափոխություն է եղել, և եթե ուշադիր նայում ենք,  նա վերջին տարին այսպիսի բազմաթիվ «հուզիչ» ելույթներ ու հայտարարություններ է ունենում, հատկապես երբ արտասահմանում է գտնվում:

«Նա անընդհատ փորձում է իր ելույթներով ու հայտարարություններով հակադրվել Վրաստանի գործող իշխանություններին: Վերջին հայտարարությունը, որը վերաբերում է Հայաստանին ու հայկականությանը, իհարկե, կարելի է դասել հենց այդ շարքը, Վրաստանի նոր իշխանություններին հակադրվելու քայլերի շարունակությունն է: Որովհետև, ինչպես հիշում ենք, երբ Իվանիշվիլին հունվարին ժամանեց Հայաստան, կարծիք հայտնեց, որ Վրաստանը կարող է Հայաստանի օրինակով իրականացնել արտաքին քաղաքականությունը: Այսինքն` լավ հարաբերություններ ունենալ ու ձգտել Եվրոպային` եվրաինտեգրացիա զարգացնել, միաժամանակ լավ  հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Եվ Սահակաշվիլու այս խոսքերն ու արտահայտությունները հիմնականում կարելի է հենց դրա հետ կապել: Ինչպես նաև` ընդհանուր առմամբ տարածաշրջանում ընթացող գործընթացների հետ»,- այս կապակցությամբ նշեց Վրաստանի հորցերով մեկ այլ փորձագետ` Ալիկ Էրոյանցը:

Ըստ փորձագետի դիտարկումների, Սահակաշվիլին ներկայումս չի կարող նախագահ լինել և ավարտում է իր պաշտոնավարման ժամկետը, բավականին ընկել է նրա վարկանիշը թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Եվ նրա այդ բոլոր հայտարարություններն ուղղված են արտաքին աշխարհին և երկրի ներսում հասարակությանը ցույց տալու համար, որ դեռ ուժեղ է, դեռ կարող է և ապագայի համար քաղաքական դիվիդենտների պաշար է դիզում: Այդ քայլը նա, ըստ մասնագետի, անում է հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի աչքը շոյելու համար, քանի որ տարածաշրջանում նրա հիմնական համակիրները Ադրբեջանի գործող նախագահն ու Թուրքիայի բարձր ղեկավարությունն են:

«Վերջին շրջանում նա ոչ այնքան հակահայկական, որքան պրոթուրքական ու պրոադրբեջանական հայտարարություններով է հանդես եկել` դարձյալ հակադրվելով Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն, որը, իհարկե, փոխեց երկրի արտաքին քաղաքականության ուղղվածությունը: Այսինքն` փորձեց բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի ընթացքում Վրաստանի գործող իշխանությունները հայտարարում էին, որ Ադրբեջանին որպես էներգետիկ բնագավառում Ռուսաստանի այլընտրանքի պետք է դիտել: Համագործակցությունը ոչ այնքան ակտիվ է ընթանում Թուրքիայի հետ, ինչպես Սահակաշվիլու թիմի իշխանության ժամանակ էր և այլն: Այսինքն` Սահակաշվիլին հետագայի համար քաղաքական պաշար է հավաքում ու փորձում է Ադրբեջանի ու Թուրքիայի համակրանքը պահել»,- նշեց Ալիկ Էրոյանցը:

Բոլոր դեպքերում երկրի ղեկավարը մեկ այլ երկրի անվան հետ կապված նման հայտարարություն չպետք է անի. դա գեղեցիկ չէ: Ու շատ բնական է, որ այս հայտարարությունը շարժում է հայերի զայրույթը ոչ միայն Հայաստանում, այլև հենց բուն Վրաստանում: Այստեղ կարևոր է հասկանալ, թե սա ինչ հետևանքներ կարող է ունենալ թե՛ Վրաստանի արտաքին ու ներքին քաղաքականության, թե՛ Վրաստանի հասարակական կարծիքի և թե՛ հայ-վրացական հարաբերությունների վրա:

«Իմ կարծիքով` նրա այս հայտարարությունը ոչ մի լուրջ հետևանք ունենալ չի կարող, որովհետև Սահակաշվիլին Վրաստանի նախագահն է լինելու մինչև հոկտեմբերի 27-ը. տեխնիկապես` մինչև տարեվերջ: Այդ ընթացքում նա, ամեն դեպքում, կփորձի այնպես անել, որ իրեն հիշեն: Այսինքն` մինչև իր պաշտոնավարման ժամկետի վերջը էլի կփորձի խոսել: Դրա համար չպետք է նրան ուշադրություն դարձնել, որովհետև հիմա դա ոչ մի հետևանք չի ունենա,  առավել ևս, որ Վրաստանում նրան առանձնապես չեն էլ լսում»,- համոզմունք հայտնեց Հրանտ Միքայելյանը:

Եթե Սահակաշվիլին նոր ընտրվելիս լիներ կամ դեռ պաշտոնավարման ժամանակ ունենար, կամ նրա թիմի իշխանության օրոք լիներ այս հայտարարությունը, ապա դրան կարելի էր լուրջ վերաբերվել: Սակայն ներկա փուլում մի քիչ իրավիճակն այլ է, քանի որ գործող իշխանությունները բոլորովին այլ արտաքին քաղաքականություն են իրականացնում: Իհարկե, որոշակի հակահայկական նիշ կա Վրաստանի նախագահի հայտարարության մեջ, բայց նրա հակահայկական կեցվածքն առաջին անգամ չէ, որ դրսևորվում է:

Օրինակ` Սահակաշվիլին մի քանի օր առաջ շնորհավորեց Ալիևին երրորդ անգամ «վերընտրվելու»,  «պատմական հաղթանակի» կապակցությամբ:

«Նա անընդհատ խոսում էր ժողովրդավարությունից, եվրոպական արժեքներից և կարծես այսպիսով եվրոպական արժեքների սկզբունքներին դավաճանում է` շնորհավորելով մի մարդու` մի երկրի նախագահի, որը նույն ժողովրդավարության չափանիշներով բավականին ցածր մակարդակ է դրսևորում: Այնպես որ սա ևս մեկ անգամ իր վրա ուշադրություն հրավիրելու հերթական միջոց էր: Չեմ կարծում, թե նպատակադրված ու պատրաստված էր այդ խոսքն ասել, ուղղակի պահի տակ հարմար գտավ, որ պետք է ասի ու ասաց»,- ասաց Ալիկ Էրոյանցը` հավելելով, թե Սահակաշվիլու խոսքերը Վրաստանում հակահայկականության ալիք չեն կարող բարձրացնել: