Ադրբեջանը փակել է Վրաստանի հետ սահմանը. “Հագին” կայք

սահմանԱդրբեջանը տեղաշարժի համար փակել է վրաց-ադրբեջանական սահմանը Լագոդեխի հատվածում: Այս մասին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, տեղեկացնում է “Հագին” կայքը` հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին:

 

“Ինչպես հայտնում է ներքին գործերի նախարարության Սահմանապահ վարչությունը, սահմանը փակ է միայն այն մեքենաների համար, որոնք չեն համապատասխանում Ադրբեջանի օրենսդրությանը: Օրենքն ընդունել է ադրբեջանական կողմը: Որևէ այլ արգելք սահմանին չկա: Այդ օրենքն ընդունվել է արդեն վաղուց, և հայտարարվել էր, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից”, – հայտարարել է Իմերլիշվիլին:
Հարկ է նշել, որ Ադրբեջանում օրենք է ընդունվել, համաձայն որի սահմանափակվում է մինչ 2005 թվականն արտադրված ամերիկյան ու եվրոպական, ինչպես նաև՝ մինչ 2011-ն արտադրված ճապոնական մեքենաների մուտքը:
 

Հակառակորդը դարձյալ կրակում է Տավուշի գյուղերի ուղությամբ (լրացված)

загруженноеԼարված իրավիճակ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Մոտ մեկ ժամ առաջ հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահամանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես և Չինարի գյուղերը: Տեղեկությունը հաստատել է Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Մովսեսի բնակիչները ևս Անկախ-ի թղթակցին հայտնել են, որ այս պահին ադրբեջանական զինուժը կրակում է սահմանապահ գյուղերի ուղղությամբ:

Մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ. “Դրա վախտը չի, գյուղս քանդեցին”,-հուզված ասել է գյուղապետն ու անջատել հեռախոսը:

10357592_776848232337768_4203251466397025938_nԱդրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Ներքին կարմիրաղբյուր գյուղի հենակետերի մոտ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Գյուղի բնակիչերը չեն կարողանում դուրս գալ տներից: Ներքին կարմիրաղբյուրի բնակչուհի Ռիտա Գալստյանը և նրա ամուսինը` Նելսոն Գալստյանը, ասել են, որ այնքան ուժգին են կրակոցները, որ վախենում են անասնագոմից դուրս գալ և տուն գնալ: Սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Վիրաբյանը ևս հաստատել է տեղեկությունը, որ հակառակորդը գնդակոծում է գյուղը, կրակահերթերը ուղղված են բնակելի տների, գյուղի փողոցների վրա, և ինքն այս պահին աշխատանքի վայրում է, և մի քանի ժամ տևող կրակոցների պատճառով չի կարողանում տուն գնալ:

 Լրացված

65983_776848112337780_6522325107036315614_nՄովսեսի ուղղությամբ հակառակորդը կրակում է նռնականետերով: Գյուղացիների խոսքով, ադրբեջանական դիպուկահարների անկանոն կրակահերթերն ուղղված են կոնկրետ նպատակի` տների ուղղությամբ: <<Ուղղությունը փոխել են, մի ժամանակ շփման գծին ավելի մոտ <<Հոնուտ>> կոչվող թաղամասի վրա էին կրակում, հիմա փոխել են ուղղությունը, կրակում են գյուղի կենտրոնական հատվածի վրա: Հիմնական նպատակներից մեկն էլ ցորենի բերքահավաքին խոչընդոտելն է, երևի չեն էլ թողնի հնձենք արտերը>>,-նշել է Մովսես գյուղի բնակիչներից Անուշ Անոնյանը: Նա ասել է, որ կրակահերթերից մեկը դիպել է իրենց հարևանությամբ տներից մեկին, վնասել պատերը, դարպասները:

1908377_776848265671098_4728771033523872518_nԻ դեպ, հուլիսի 25-ին սահմանամերձ գյուղերում պետք է իրականացվեր հացահատիկի բերքահավաքը, որի անվտանգության ապահովման համար Մովսեսն ու Չինարին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` պահանջելով ներկա գտնվել տարածաշրջանում և ապահովել անվտանգության երաշխիքներ: Մինչդեռ ադրբեջանական կողմը այդ նույն ժամանակահատվածում սկսել է գնդակոծել գյուղերը:

 

Անկախ

Սահմանից 10 քայլ հետ… Այստեղ էլ մարդիկ են ապրում

Երասխ, գյուղապետարան (1)Վերջերս սահմանամերձ Երասխ գյուղում էինք: 21.3 քկմ ընդհանուր մակերեսով գյուղը Երևանից 80 կմ հարավ է գտնվում: Ըստ 2005 թ. տվյալների` գյուղի բնակչության թիվը կազմել է 762 մարդ: Ներկայումս` 729: Ըստ Արարատի մարզպետարանի կայքի տվյալների` գյուղն ունի 210 տնտեսություն, դպրոց, բուժկետ, կապի հանգույց, գրադարան:

 Գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ու հարևան Արմեն Իշխանյանը իրենց տան բակում` հետևում երևացող բլրի աջ հատվածում ադրբեջանական դիրքերն են, ձախ հյատվածում` հայկական


Գյուղապետ Ռադիկ Օղիկյանն ու հարևան Արմեն Իշխանյանը իրենց տան բակում` հետևում երևացող բլրի աջ հատվածում ադրբեջանական դիրքերն են, ձախ հյատվածում` հայկական

Բայցև ունի բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ: Դրանցից առաջնահերթերը, ըստ Երասխի գյուղապետ Ռադիկ Օղիկյանի, դպրոցն է: 127 աշակերտ ունեցող դպրոցի շենքն անմխիթար վիճակում է, պատերը` կիսաքանդ, ապակիները` կոտրտված ու հին: Եթե դպրոցի մուտքի դռան մոտ գրված չլինի, որ այն դպրոց է, հեշտությամբ կարելի է շփոթել հազարավոր լքված ու անխնամ շենք-շինությունների հետ, որոնք մեզ ժառանգություն են հասել ԽՍՀՄ-ից: Երասխում նույնիսկ գյուղապետարանը վարչական շենք չունի, գործում է բնակչի տան մեջ, որը վարձել է գյուղապետը: Գյուղի միակ ու այնքան անհրաժեշտ բուժկետը նույնպես տեղակայված է բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում:

«Ունենք աշակերտներ, ունենք մանկապարտեզ գնացող երեխաներ, սակայն պարտեզ ու գրադարան ստեղծելու պայմաններ չունենք: Նույնիսկ գյուղապետը գյուղապետարանի տարածք չունի, որ մեջը նստի, վարձ է տալիս, էլ ինչի՞ մասին է խոսքը: Չնայած գյուղապետը կարող է նաև վարձով տարածք վերցնել գյուղապետարանի համար, միայն թե գյուղը դպրոց, մանկապարտեզ, նորմալ բուժկետ ու այլ ենթակառուցվածքներ ունենա,- ոչ այնքան դժգոհելով, որքան խնդիրների բեռից խեղճացած, հոգոց հանելով պատմում է Ռադիկ Օղիկյանն ու շարունակում:- Խնդիրները շատ են, առավել ևս այս տարի, երբ գյուղացիների բերքը ամբողջությամբ ցրտահարվեց, ու գյուղացիների սոցիալական վիճակն ավելի վատացավ, ինչի հետևանքով շատ մարդիկ մեկնեցին արտագնա աշխատանքի, շատ մարդիկ էլ չկարողացան գնալ, սկսեցին ձմերուկ մշակել, բոստան տնկել»:

Մի խոսքով` սոցիալական վիճակը շատ վատ է պատերազմ տեսած, պատերազմ հաղթած Երասխ գյուղում, որն այսօր հանրապետության հարավ-արևմտյան սահման պահող բնակավայրերից է, գյուղի գլխին կախված բլրի վրա էլ տեղակայված են հայ, ու ադրբեջանցի դիրքապահները, որոնց զենքերի փողերը միշտ ուղղված են դեպի Երասխ, այնտեղից էլ` մինչ Երևան…

Երասխի կլիման խիստ չոր, ցամաքային է: Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են: Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 1920 հա: Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահող` զբաղեցնելով մոտ 492 հա: Գյուղն ունի նաև պտղատու և խաղողի այգիներ` 55 հա ընդհանուր մակերեսով: Երասխցիները մշակում են ջերմասեր բանջարաբոստանային մշակաբույսեր: Բնակչությունը զբաղվում է նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ:
Երասխի գյուղապետը, շնորհակալություն հայտնելով կառավարությունից, որ անցյալ տարվա մարտի որոշումով սահմանամերձ գյուղերի ժողովրդին ամբողջությամբ ազատեց հողի հարկերից, ոռոգման ջրի գինն էլ 50 տոկոսով փոխհատուցում է, նշեց, որ դա նպաստեց Երասխում գյուղատնտեսությամբ զբաղվելուն. շատ մարդիկ, եթե նախկինում մշակում էին 1 հա ձմերուկ, արդեն անցյալ ու այս տարի մշակում են 1.5-2.3 հա` ամեն մարդ իր հնարավորության սահմաններում:

Թո՛ղ կառավարությունը մեր մասին «չմտածի», թողնի հանգիստ ապրենք

Կարինե Իշխանյան, պատմում է թթենու պատմությունը

Կարինե Իշխանյան, պատմում է թթենու պատմությունը

Գյուղացիներն իրենց կյանքից դժգոհ չեն, միայն նշում են` եթե լրացուցիչ ուշադրության արժանանային` վատ չէր լինի:
«Դե մենք մեր բան ու գործին, դաշտերում, ինչ պետք է անենք: Բայց կարծում ենք, որ կառավարությունը, պետությունը մեզ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի: Սահման պահողը մենք ենք, մեզանից է սկսվում Հայաստանը, բայց մենք մոռացության ենք մատնված»,- ասում են մայր ու որդի Կարինե և Արմեն Իշխանյանները, որոնց տունը, գյուղապետի տան հետ միասին, գյուղի ծայրին է ու հակառակորդին ամենամոտը` հայ-ադրբեջանական շփման գծից ու հակառակորդի դիրքապահներից ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա:
Կարինե Իշխանյանը ցույց է տալիս տան առջև` ադրբեջանցի դիրքապահների հայացքի ներքո շորորվող թթենին ու պատմում, որ ծառն առաջին տարին բերք է տվել հեռավոր 1992 թ., երբ Երասխում մարտեր էին ընթանում, պատերազմ էր: Ծառի մոտ էլ ջուր չէր հասնում, և ինքն ու ամուսինը կրակոցների արանքներում, հաճախ նաև հենց կրակոցների պահին դույլերով ջուր էին վերցնում տան այգու աղբյուրից ու պատի տակով թաքուն մոտենում տան անկյունին, այնտեղից վազում դեպի թթենին, այդ ջուրն արագ լցնում ծառի տակ ու էլի շատ արագ հետ փախչում: Իսկ այսօր թթենին բերք է տալիս տիկին Կարինեի թոռնիկների ու հյուրերի համար, նաև իր ճյուղերին ճոճանակ է պահում, որ Կարինեի թոռնիկներն օրորվեն և ուրախանան, դրանով է կարծես խոհուն ծառն իր շնորհակալությունը հայտնում հոգատար տերերին, որ հակառակորդի գնդակների ներքո, իրենց կյանքը վտանգելով, կյանք են տվել իրեն ու բարակ շիվից ծառ դարձրել:

Սուսաննա Միքայլեյան` Երասխի բնակչուհի

Սուսաննա Միքայլեյան` Երասխի բնակչուհի

Փոքրիկ ու ամաչկոտ աղջիկ թոռան թաթիկը բռնած, ձեռքի փոքրիկ ճյուղով էլ թխսին ու ճտերին «տիրություն» անելով` Երասխի բնակչուհի Սուսաննա Միքայելյանն էլ է պատմում գլխով անցածը, նշում, որ ամուսինը զոհվել է կռիվների տարիներին, իրենք էլ շարունակում են ապրել հակառակորդի սպառնալիքի տակ` սեփական քրտինքը Երասխի կիսաանապատային հողերին խառնելով: Ցույց է տալիս բակում ուրախ թռչկոտող թոռնիկներին ու նշում. «Նրանց համար ենք ապրում, չարչարվում: Ուզում ենք նրանց համար լավ ապրուստ ստեղծել, դրա համար ամեն ինչի դիմանում ենք, ամեն դժվարություն փորձում հաղթահարել: Միայն թե մեր մասին «վերևներում» մի քիչ շատ մտածեն, որ էս երեխեքը մնան գյուղում` իրենց երեխեքն էլ էս գյուղի փողոցներում խաղան»:
Գյուղապետ Օղիկյանը նշում է, որ սահմանամերձ գյուղերին աջակցությունն այն կարգի չի մատուցվում, որ սահմանամերձ բնակիչն ամրապնդվի ու մնա իր գյուղում ու սահմանը պահի:

«Այսօր, ճիտ է, բոլորի ոգին տեղը, քաջությունը տեղը, ապրում են, ստեղծում են, աշխատում են, գյուղատնտեսություն, հողագործություն, ամեն ինչ էլ անում են, մշակում են խաղող, ծիրան, հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ, ձմերուկ ու սեխ են մշակում. աշխատասեր ժողովուրդ են: Բայց նաև ձեր լրատվամիջոցի շնորհիվ ես կխնդրեի մեր վերադաս մարմինների, մեր բարեգործների ուշադրությունը հրավիրել սահմանամերձ գյուղերում թեկուզ փոքր արտադրամսեր բացելու, աշխատատեղեր ստեղծելու, պետական ուշադրության արժանացնելու հարցերի վրա, որոնց կարիքն այսօր սահմանամերձ գյուղերը, համենայն դեպս` Երասխը շատ ունի»,- շարունակում է Ռադիկ Օղիկյանը:

Իսկ համագյուղացիներից Շիրազ Սահակյանը նշեց, որ իրենց ամբողջ օրվա գործը հողի, քար ու փշի հետ կռիվ տալն է, քարից բերք ու բարիք քամելը. «Մենք առավոտից դաշտերում ենք` աշխատում ու չարչարվում ենք, բայց դրանից էլ գոհ ենք: Մենք ստեղ ապրել ենք, ապրում ենք ու էլի կապրենք»:

Նրան մի դեպք պատմեցինք: Երբ հեռավոր ու դարձյալ սահմանամերձ գյուղերից մեկում` գյուղամեջում, ծառին թինկ տված 80-ամյա ծերունին իմացավ, որ լրագրող ենք, պատվիրեց, որ Երևան հասնելուն պես կառավարությանը հասցնենք իր պատգամը. «Թող կառավարությունն իր գործին նայի ու մեր համար չմտածի, թողնի հանգիստ ապրենք, թե չէ հենց սկսում է մեր մասին «մտածել», մեր վիճակը ծանրանում է»:
Շիրազին ծերունու խոսքերը շատ դուր եկան: Նա էլ նույն ոգով մեզ ասաց. «Ոնց պատմում էիք` թող մեզ Երևանից չանհանգստացնեն, թողնեն մենք հանգիստ մեզ համար ապրենք. չարչարվենք ու ապրենք»:

Ուկրաինան փակում է սահմանը Ռուսաստանի հետ

Ուկրաինա, սահման, ՌուսաստանՈւկրաինան մտադիր է փակել սահմանը Ռուսաստանի հետ: Այս մասին  ուկրաինական «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշենկոն:

« Սահմանը կփակենք անհապաղ: Այդ նպատակով այժմ ստեղծվում են անհրաժեշտ միջոցներ և մեթոդներ»,- նշել է նա: Նպատակը, ինչպես հայտնում է Lenta.ru կայքը, այն է, որ «կանխվի ռուսաստանցի այն տղամարդկանց մուտքը, ովքեր ունեն զինծառայությանը համապատասխան տարիք»:

Այն հարցին, թե արդյոք պլանավորվում է ականապատել սահմանը (այդ առաջարկությամբ ավելի վաղ հանդես էր եկել  «Ազատություն » ազգայնական կուսակցության անդամ, պատգամավոր Յուրի Սիրոտյուկը), Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը միանշանակ պատասխան չի տվել. « Սեփական տարածքի ականապատումը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի քաղաքացիների համար, կենդանիների համար: Սրանք հեշտ լուծվող հարցեր չեն:  Թեև ազգային անվտանգությունը ամեն ինչից վեր է, անհրաժեշտ է հաշվի առնել հարցի բոլոր կողմերը», – հայտարարել է նա:

Այլընտրանքային միջոցները պահանջում են ժամանակ և միջոցներ: «Մենք ներկայումս ունենք ոչ մեկը , ոչ մյուսը»,- հավելել է նա:

Անկախ

Արցախում ադրբեջանցիների արձակած կրակոցից փոխգնադպետ է զոհվել

ԼՂՀ ՊՆՄայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային-գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանիընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նույն տարածքում ադրբեջանցիները  ձեռքի շրջանում հրազենային վնասվածք էին պատճառել ժամկետային  զինծառայողի:

 

Հայ դիրքապահների ուղղությամբ` ավելի քան 2000 կրակոց մեկ շաբաթում

շփման գիծՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:

 

Անկախ

Ղրիմի ու Ուկրաինայի միջև սահման է կանգնեցվել

1367-390x290

Ղրիմի ու  մայրցամաքային Ուկրաինայի միջև գոյություն ունեցող սահմանն ապրիլի 25-ից գործելու է որպես պետական սահման:

«Մոտ ժամանակներում կորոշվի, թե որտեղ են հաստատվելու անցագրակետերը, ինչպես պետք է հատել սահմանը, ինչպես նաև միգրացիոն քարտեր հանձնելու անհրաժեշտությունը»,-ասել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցը»:

Նրա խոսքով, իշխանությունները տրանսպորտի ու մթերք փոխադրող մեքենաների սահմանափակում չեն մտցնի:

Անկախ

Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն անց է կացվել ապրիլի 16-ին: Այն ժամանակ Ռուսաստանին միանալու համար քվեարկեց  ընտրողների 96,77%-ը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում

timthumbՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:

Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, հակառակորդը ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում,  հակառակորդը տվել է 3  զոհ (որից մեկը` սպա)  և 6 վիրավոր:

Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:

Խոշոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին, կան զոհեր

թուրք-սիրիական սահմանԹուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Օնջուպընարի մաքսակետի մոտակայքում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթուցիկը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ: Պայթյունի հետևանքով 20 հոգի է զոհվել, մոտ 6  հոգու տեղափոխել են Թուրքիայի սահմանների մեջ գտնվող հիվանդանոցներ, սակայն նրանցից 4-ի կյանքը չի հաջողվել փրկել: Հայտնի է, որ ավելի քան 50 հոգի վիրավորվել է: Դեպքի մանրամասները ճշտվում են, պատասխանատուները առայժմ հայտնաբերված չեն:

Անկախ

 

Ադրբեջանը և Վրաստանը պետք է համաձայնեցնեն ընդհանուր սահմանի 180 կմ հատվածը

1 (7)Ադրբեջանը և Վրաստանը պետք է համաձայնեցնեն ընդհանուր սահմանի 180 կմ հատվածը, հայտարարել է Ադրբեջանի հողագրության և քարտեզագրության պետական հանձնաժողովի նախագահ Ղարիբ Մամեդովը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Վրաց-ադրբեջնական սահմանաը 480 կմ է, որից համաձյանեցված է միայն 300 կմ-ը: Չհամաձայնեցված հատվածում է գտնվում նաև վիճելի “Դավիթ Գարեջիի” վանական համալաիրը, որի մի մասը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Վրացական կողմը առաջարկել էր տարածքներով փոխանակվել, որպեսզի ամբողջ համալիրը Վրաստանում մնա, սակայն Բաքուն մերժել է այս առաջարկը:

Մայրավանքը համարվում է Սուրբ Դավիթի եկեղեցին, որը գտնվում է Վրաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծին: Ադրբեջանում այս վանքը համարում են ոչ թե վրացական, այլ աղվանական մշակույթի հուշարձան:

Անկախ

Հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում

ՊԲ,պնՆախորդ երկու շաբաթների համեմատ, հակառակորդի հետ շփման գծում նկատվել է լարվածության որոշակի թուլացում, որը հիմնականում պայմանավորված էր հայ զինվորի զգոնության և առաջնագծում վերջինիս պարտադրող լինելու հանգամանքով:

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից Անկախին տեղեկացնում են, որ ընդհանուր առմամբ, փետրվարի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3.500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան քայլեր ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Անկախ

Որո՞նք են պետական սահմանի հատման կանոնները

սահմանակետՆախ պետք է նշել, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 1-ին կետի համաձայն,  Հայաստանի Հանրապետության պետական սահմանը գիծն է և այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

            Ինչ վերաբերում է պետական սահմանի հատման կանոններին, ապա պետական սահմանի անցման կետերում ստեղծվում են սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետեր: Պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մաքսային հսկողության գոտի, որտեղ հսկողություն են իրականացնում բացառապես մաքսային մարմինները:

Սահմանապահ զորքերի զինծառայողներին և պետական սահմանի պահպանության պարտականություններ կատարող անձանց, Հայաստանի Հանրապետության սահմանակից պետությունների համաձայնությամբ, իրավունք է տրվում օգտվելու պետական սահմանը հատելու այլ կարգից:

Օդանավերը կամ թռչող այլ սարքերը պետական սահմանը հատում են և Հայաստանի Հանրապետության տարածքում թռիչք են կատարում թռիչքների համար հատկացված օդային միջանցքներով` «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին, այլ օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և իրավական այլ ակտերին համապատասխան: Պետական սահմանի հատումը Հայաստանի Հանրապետության օդային միջանցքներից դուրս թռիչքը թույլատրում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունից մեկնող օդանավերի կամ թռչող այլ սարքերի թռիչքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելուց հետո դրանց վայրէջքն իրականացվում են միջազգային թռիչքների համար բաց օդանավակայաններում: Թռիչքի և վայրէջքի այլ կարգ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հայաստանի Հանրապետությունից մեկնող կամ Հայաստանի Հանրապետություն մուտք գործող օդանավերի կամ թռչող այլ սարքերի համար բաց օդանավակայանների ցանկը, դրանցում գտնվելու, թռիչքի և վայրէջքի կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ թռիչքի կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Հայաստանի Հանրապետության օդային տարածք ու օդանավակայաններ մուտք գործող կամ այնտեղ գտնվող, Հայաստանի Հանրապետությունից դուրս մեկնող օդանավերը և թռչող այլ սարքերը պարտավոր են պահպանել թռիչքի, մաքսային, սանիտարական և այլ կանոնները:

Օտարերկրյա պետությունների օդանավերը և թռչող այլ սարքերը Հայաստանի Հանրապետության օդային տարածք հարկադրաբար մուտք գործելու կամ այդ տարածքում թռիչքային, ինչպես նաև օդանավակայաններում գտնվելու կանոնները հարկադրաբար չպահպանելու դեպքում պարտավոր են այդ մասին անհապաղ հայտնել Հայաստանի Հանրապետության մոտակա օդանավակայանի ղեկավարությանը և հետագայում թռիչքը շարունակել վերջինիս կամ այն օդանավի հրամանատարի կարգադրությունների համաձայն, որը ժամանել է օգնության կամ իրավիճակի պարզաբանման համար:

Պատրաստեց  Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Անկախ

Տավուշցիները մտադիր են ստեղծել սահմանապահ բրիգադ

110878Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման խորհրդի նախագահ Գագիկ Մելիքյանի և նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակրպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր:

Ինչպես «Անկախին» տեղեկացնում է կամակերպությունը, վերջին օրերին Հայ-Ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք  սահմանապահ գյուղերի բնակիչներին հայտնում են իրենց զորակցությունը և անհրաժեշտության դեպքում աջակից լինելու պատրաստակամությունը,  իսկ սահմանապահ սպաներին և զինվորներին կոչ են անում լինել զգոն:

Պատերազմի հավանական սկսվելու պարագայում Միավորման ղեկավարները վճռական են համխմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները եւ  հիմնադրել  «ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ» անվանումով կամավորական բրիգադ, որը անմիջական աջակցություն կցուցաբերի սահմանապահներին:

Անկախ

 

 

ԵԱՀԿ-ն մոնիթորինգ կանցկացնի հայ-ադրբեջանական շփման գծում

eahk  ԵԱՀԿ-ն մտադիր է հունվարի 15–ին մոնիթորինգ անցկացնել հայ-ադրբեջանական սահմանին՝  ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդը»: Ադրբեջանական տարածքում մոնիթորինգը կանցկացնեն ԵԱՀԿ-ի գործող համանախագահի օգնականներ Պիտեր Սվեդբերգը և Եվգենիյ Շարովը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումը կիրականացնեն  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա):

7 օր առաջնագծում

download (5)ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

Փոխհրաձգություն`ադրբեջանաիրանական սահմանին

Փոխհրաձգություն,ադրբեջանաիրանական, սահմանԱդրբեջանի և Իրանի սահմանին` ադբեջանական Գյոյթեփե սահմանապահ ուղեկալի մոտ, երկրի պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչները կանխել են Իրանից Ադրբեջանի տարածք անցնել փորձող 4 սահմանախախտի մուտքը:

Ինչպես հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը, համաձայն սահմանապահ ծառայության`օրինախախտները սահմանապահների նկատմամբ ուժ են կիրառել, որի հետևանքով փոխհրաձգություն է սկսվել: Սահմանախախտները ստիպված են եղել նահանջել, իսկ տեղանքում ուսումնասիրության արդյուքնում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Անկախ

700 կրակոց

4544101376891953ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի համարժեք պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Բուլղարիան Թուրքիայի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցում

Բուլղարիա,Թուրքիա, սահման, արգելապատնեշԲուլղարիայի իշխանությունները հայտնել են, որ իրենք պարիսպ են կառուցում Թուրքիայի հետ 274կմ երկարություն ունեցող սահմանի 30 կմ-անոց հատվածում, որպեսզի կանգնեցնեն անօրինական ներգաղթը:

Պաշտպանության նախարար Անգել Նայդենովը հինգշաբթի օրը նշել է, որ 3մ բարձրություն ունեցող պատի կառուցումը նախատեսված է ավարտել նախքան փետրվար: Այն հիմնականում կանցնի անտառապատ, բլրապատ տարածքներով, որոնք սահմանապահների տեսադաշտից դուրս են մնում:

Բուլղարիայի իշխանությունները հերքել են այն մեղադրանքները, որ իրենք պատը կառուցում են Սիրիայից և պատերազմից տուժած այլ երկրներից ԵՄ-ի տարածք մուտք գործել ցանկացող փախստականներին հեռու պահելու համար: Երկրին սպասվում է մեծ քանակությամբ ներգաղթյալների հոսք, որոնց տեղավորման համար Բուլղարիայի միջոցները չեն բավականացնում:

Սառը պատերազմի տարիներին Բուլղարիան իր սահմանը պատել էր փշալարով՝ իր քաղաքացիների արտագաղթը դեպի Արևմուտք կասեցնելու համար, սակայն 2004թ-ին ՆԱՏՕ-ին անդամակցելուց հետո բոլոր արգելապատերը հանվել էին:

 

Մեկ գիշերվա ընթացքում 500 սիրիացի ընտանիք հատել է Լիբանանի հետ սահմանը

սիրիացիներԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ մոտ 500 սիրիացի ընտանիք, որոնք միջինում բաղկացած են 6 հոգուց, երեկ գիշերը հատել են Լիբանանի հետ սահմանը: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Լիզա Աբու Հալեդը հայտնել է, որ Լիբանանի իշխանությունները առաջին անգամ թույլ են տվել սիրիացիների համար ժամանակավոր վրանային ճամբար կանգնեցնել: Կազմակերպության աշխատակիցները մեկ գիշերվա ընթացքում 21 վրան են կանգնեցրել և նախատեսում են մինչև այսօրվա ավարտը կանգնեցնել ևս 29-ը: «Մենք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեցինք՝ կապված ստեղծված իրավիճակի հետ»,-նշել է Հալեդը:

Նոյեմբերի 15-ից սկսած Լիբանանի տարածք առնվազն 13 հազար սիրիացի է անցել, իսկ ընդհանուր առմամբ Սիրիայի հարևան երկիրը հյուրընկալել է մոտ 1,4 մլն սիրիացի փախստականի:

Կյանքը` դիպուկահարի նշանառության տակ. սահմանապահ Բերքաբերի առօրյան

բերքաբեր

Բերքաբեր` գյուղ Տավուշի մարզում: Ունի 548 բնակիչ: Բարձրությունը ծովի մակարդակից` 700 մետր: Հեռավորությունը Երևանից` 161 կմ, մարզկենտրոն Իջևանից` 25,5 կմ, ադրբեջանական դիրքերից` 750-1000 մետր:

Գյուղը գտնվում է Ջողազի ջրամբարի ափին, բայց ջրամբարից օգտվել չի կարողանում: Գյուղի ճանապարհներն անբարեկարգ են, խմելու ջուր չունի, գազաֆիկացված չէ:  Համայնքապատկան 1131 հա հողատարածքից 830 հեկտարը մշակում են ադրբեջանցիները. տարածքն այժմ նրանք են վերահսկում: Գյուղի բնակիչներին մնացել են տնամերձ հողերը և ջրամբարի ափին գտնվող 301 հեկտարը, որը մշակում են ադրբեջանցի դիպուկահարների նշանառության տակ:

Արթուր Մադաթյան

Արթուր Մադաթյան. «Անգամ բանկերը մեզ վարկ չեն տալիս, վախենում են, որ կմեռնենք, չենք տա իրենց փողը»

Գյուղի տարեկան բյուջեն 8,6 մլն դրամ է, աշխատավարձերը և հարկերը մուծելուց հետո` մնում է 1,5 մլն դրամ, որով էլ ողջ տարին պետք է համայնք պահեն ու բարեկարգեն:

Չնայած այս ամենին, գյուղի բնակիչները լավատեսորեն են տրամադրված, խնդրում են միայն իրենց ապահովել խմելու ջրով և աշխատանքով:

«Մեր գյուղը շատ պինդ գյուղ է: Չնայած  չունենք աշխատատեղեր, նորմալ ապրելու միջոցներ, ամեն դեպքում մեր գյուղի ժողովուրդը` մեծից փոքր, ձիգ է, դիմանում են դժվարություններին»,- ասում է գյուղապետ Արթուր Մադաթյանը:

Գյուղապետը դժգոհում է, որ ձեռներեցները, բարերարները և առհասարակ, բոլորն իրենց գյուղի մասին մոռացել են: Խորհրդային տարիներին գյուղում 7-8 արտադրամաս է եղել, այժմ ոչ մեկը չկա: «Մարդիկ վախենում են, որ գան մեր գյուղում  մի գործ անեն:  Հիմա անգամ բանկերը մեզ  վարկ չեն տալիս, վախենում են, որ կմեռնենք, չենք տա իրենց փողը»,- դժգոհում է Մադաթյանը:

Գյուղում ջրի  միակ աղբյուրը գյուղապետարանի հարևանությամբ է գտնվում. ողջ գյուղը բարակ հոսող աղբյուրից է գալիս ջուր տանում: Խորհրդային տարիներին գյուղը խմելու ջուր ունեցել է, սակայն խողովակները քայքայվել են: Հարկավոր է 16-17 կմ երկարությամբ խողովակները փոխել կամ նոր գիծ անցկացնել: Մադաթյանն ասում է, որ վերջերս գյուղ կատարած այցելության ժամանակ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խոստացել է հարցին լուծում տալ, այժմ լիահույս ողջ գյուղը սպասում է խոստման կատարմանը:

Բերքաբերում գործող երկու խանութներից մեկը

Բերքաբերում գործող երկու խանութներից մեկը

Գյուղն ունի երկու խանութ կամ ավելի ճիշտ` կրպակ: Խանութներից մեկը Վազգեն Գևորգյանինն է, որն արդեն գործում է  7 տարի: Գևորգյանը նշում է, որ առևտրի ակտիվ սեզոնը ամառն է, երբ մարդիկ հանդ են գնում ու ստիպված խանութից ուտելիք են գնում: Մնացած ժամանակ առևտուրը պասիվ է` մի օր կարող է լինել, մի օր էլ` ոչ: Ապրանք գնելուց էլ հիմնականում պարտքով են տանում, մինչև թոշակը կամ նպաստը կստանան: «Աշխատանք չկա, մարդիկ փող չունեն, որ աշխատանք ունենան, առևտուր էլ լինի»,- ասում է Գևորգյանը:

Դպրոց` 37 աշակերտով և 5 դասարանով

Գյուղը, շնորհիվ «Սահման» ՀԿ-ի, ունի նաև գործող մանկապարտեզ. հին և չգործող մանկապարտեզի սենյակներից մեկը վերանորոգվել է, կահավորվել և հոկտեմբերի 25-ին իր դռները բացել մանուկների առջև: Ակնկալվում է, որ մանկապարտեզը կունենա մոտ 25 սան:

Գյուղի 37 աշակերտներն էլ շուտով իրենց ուսումը կշարունակեն հիմնովին վերանորոգված դպրոցում. այժմ ընթանում են ներքին հարդարման վերջին աշխատանքները: Դպրոցում կգործի նաև 7 համակարգիչներով և ինտերնետ կապով ապահովված ինֆորմատիկայի դասարանը:

Դպրոցի փոխտնօրեն Փաշիկ Աղամյանը,  մեզ հետ զրուցելով, շրջում է 182 աշակերտի համար նախատեսված երկհարկանի վերանորոգված դպրոցով ու լույսերն անջատում` բանվորներին զգուշացնելով, որ դպրոցը  հոսանքի վարձը վճարելու միջոցներ չունի, ուստի կարիք չկա, որ լույսը զուր տեղը միացված մնա:

աղամյան

Աղամյանի խոսքով` երեխաներն օգտակար զբաղմունք կունենան, եթե սպորտային խմբակներ գործեն

Աղամյանը հիշում է, որ խորհրդային տարիներին  ամեն դասարանում գոնե 15 աշակերտ կար, մինչդեռ այժմ ողջ դպրոցում 5 երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարան է գործում, և ընդամենը 14 ուսուցիչ է դասավանդում:

Անցած տարի 46 աշակերտ են ունեցել, այս տարի, սակայն, ընտանիքի հետ  3 երեխա է Ռուսաստան տեղափոխվել, 2-ը` Վանաձոր, մեկը` Իջևան: «Ամեն օր կրակոց, աշխատանք չկա, դրա պատճառով էլ ընտանիքներով գնում են»:

Աղամյանն ասում է, որ քիչ թե շատ սովորող երեխաներին ծնողներն այլ դպրոցներ են ուղարկում կամ 9-րդ դասարանն ավարտելուց հետո Իջևանի տեխնիկում են տանում. «Երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանում երեխան ի՞նչ պիտի սովորի, դրա համար ում երեխան որ մի քիչ սովորում է` այլ դպրոց են տանում»:

Վերջին տարիներին դպրոցի շրջանավարտներից երևանյան բուհերի դիմորդներ չեն եղել: Լավագույն դեպքում Իջևանում են ուսում ստանում, այն էլ, ըստ Աղամյանի, դա իմաստ չունի. միևնույն է, ավարտելուց հետո աշխատանք չեն ունենա:

Գյուղի միակ գրադարանը դպրոցում է գործում, սակայն, ըստ Աղամյանի, գիրք կարդացող չկա. հա՛մ գրականությունն է հնացած, հա՛մ էլ մերօրյա երեխաներին ավելի շատ իրենց հեռախոսներն են հետաքրքրում:

Կարծում է, որ եթե դպրոցում սպորտային խմբակներ գործեն, երեխաների առօրյան բազմազան կդառնա, հետաքրքրությունն էլ մեծ կլինի: Մանավանդ, որ վերանորոգված սպորտդահլիճում իրատեսական կլինի խմբակներ կազմակերպելը:

Աղամյանը նշում է, որ մինչև վերանորոգումը դպրոցի տանիքը ծակոտկեն էր դարձել ադրբեջանցիների գնդակներից, պատուհանների վրա էլ վնասված մասեր կային: Թե ինչպիսին է վիճակը վերանորոգումից հետո` չգիտի, դեռ ուսումնասիրելու առիթ չի եղել:

Նշում է, որ կրակոցներից պաշտպանվածության առումով  առաջին հարկի դասարաններն ավելի ապահով են, աշակերտներն էլ գիտեն, որ կրակոցների դեպքում պետք է հեռու քաշվեն պատուհաններից, անկյուններում սպասեն մինչ կրակահերթը դադարի:

«Չէի ուզենա, որ երեխաներս  էս կրակոցների տակ մեծանան»

Դպրոցի 37 աշակերտներից 4-ը Աղբալյանների ընտանիքից են: Սա գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկն է: Ընտանիքը վեց երեխա ունի` երեք աղջիկ և երեք տղա.  ավագը 13 տարեկան է, կրտսերը` 4:

աղբալյանՍամվել Աղբալյանը բանակում ծառայելուց հետո 10 տարի Ուկրաինայում է ապրել: Սակայն 80-ականների վերջին, երբ  իրավիճակը լարված էր, հայրենիք է վերադարձել. ծնողները  մենակ էին սահմանի վրա: Այստեղ էլ ընտանիք է կազմել ու այժմ հայրենական տնից հեռանալու որևէ մտադրություն չունի: Դժգոհում է, որ աշխատանք չկա,  արտագնա աշխատանքի մեկնել էլ չի կարող. «Էրեխեքին ո՞նց բրախես գնաս, մեկ էլ ու կրակոցը սկսեց, ո՞նց անեն: Վախում են, գոնե որ կողքին ես, հույս ես տալիս»:

Ութ անձից բաղկացած ընտանիքը գոյատևում է 60 հազար դրամ նպաստով,  ուլերի վաճառքից ստացած եկամտով և հողագործությամբ ստացված բերքով:  Սամվելի կինը` Իրինան, նշում է, որ երեխաները սոված չեն մնում, օրվա հացն ապահովել կարողանում են, սակայն խնդիր է երեխաներին հագուստով ապահովելը (մեր այցելության ժամանակ, երբ բավականին ցուրտ էր անգամ տաք հագուստով,  երեխաները թաց բակում ոտաբոբիկ էին վազվզում): Դժվար է նաև երեխաներին գրքերով ու գրենական պիտույքներով ապահովելը: Չորս  դպրոցականներից երկուսը դեռ տարրական դասարաններում են սովորում և գրքերն անվճար են ստանում: Սակայն երկու ավագների  դասագրքերի համար ստիպված է վճարել:

իրինաԻրինան ասում է` լավ կլիներ, եթե նպաստը մի քիչ ավելի լիներ, որ կարողանային ծայրը ծայրին հասցնել: Իսկ Սամվելն ասում է` եթե աշխատատեղ լիներ…

Խոսելով երեխաների ապագայի մասին` թե նրանց ապագան գյուղում է պատկերացնում,  Սամվելը ասում է. «Եթե սենց շարունակվի` ամեն օր կռիվ, չէ: Եթե խաղաղություն լինի, որ գոնե չեն կրակի` հա: Ես կյանքիս մեծ մասն ապրել եմ, սենց էլ կապրեմ, բայց չէի ուզենա, որ երեխաներս էս կրակոցների տակ մեծանան»:

2-րդ դասարանցի Արմինեն և 3-րդ դասարանցի Արսինեն

2-րդ դասարանցի Արմինեն և 3-րդ դասարանցի Արսինեն

Երբ կրակոցների մասին է խոսք լինում, երրորդդասարանցի Արսինեն սկսում է պատմել, որ կրակոցների ժամանակ մայրիկն  իրենց արագ-արագ տուն է ուղարկում` խորքի սենյակում թաքնվելու. ծնողների կարծիքով դա տան ամենաապահով մասն է:

Բերքաբերում լավ բաներ էլ են կատարվում

Հեռվում` օրերս բացված Սուրբ Գևորգ եկեղեցին

Հեռվում` օրերս բացված Սուրբ Գևորգ եկեղեցին

Օրերս Բերքաբերում բացվեց նորակառույց Սուրբ Գևորգ եկեղեցին: Սփյուռքահայ բարերարների` Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների աջակցությամբ եկեղեցի է կառուցվել հին` խորհրդային տարիներին քանդված  եկեղեցու վայրում:

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում  Բերքաբերի ազգագրական թանգարանը, որը գործում է արդեն 35 տարի: Գյուղապետի աջակցությամբ վերանորոգվել է շենքի տանիքը և թարմացվել է արտաքին հարդարանքը: Այստեղ պահվում են գյուղի հետ առնչություն ունեցող հնությունները` կահ-կարասի, գործիքներ, ձեռագործ աշխատանքներ և այլն:

«Սահման» ՀԿ-ի աջակցությամբ գյուղում հիմնվում են նաև ջերմոցային տնտեսություններ: Գործող երկուսից բացի, առաջիկայում կհիմնվեն ևս 4-ը:

Գյուղապետի խոսքով` այս տարի գյուղացիները 3 տոննա մեղր են ստացել: Եթե բնակիչներին օգնեն փեթակների ձեռքբերման և մեղրի իրացման հարցում` գյուղում մեղվաբուծությունը մեծ թափ կստանա:

Եվ ամենակարևոր ու դրական լուրը` այս տարի Բերքաբերում 6 երեխա է ծնվել. սա աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար: