ԱԺ-ի համար 80 հազար դոլարանոց ամենագնացն ավելի կարևոր է, քան կոմբայնը սահմանամերձ գյուղի համար

toyota-land-cruiser-v8-03Կառավարությունը հուլիսի 24-ին 2014 թ. պետական բյուջեով նախատեuված կառավարության պահուuտային ֆոնդից 55 մլն 33 հազար դրամ գումար հատկացրեց ՀՀ Ազգային ժողովին: Այս գումարից 33 մլն 150 հազար դրամը`«Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով. նախատեսված է այդ 33 մլն 150 հազար դրամն ուղղել Ազգային ժողովի և «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի միջև 2013 թ. դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրի շրջանակներում «Toyota Land Cruiser» մակնիշի 4.6 լ շարժիչի աշխատանքային ծավալով ավտոմեքենայի դիմաց վճարում կատարելուն: 21 մլն 883 հազար դրամն էլ ԱԺ-ին հատկացվեց «Վարչական սարքավորումներ» հոդվածով, և այդ 21 մլն 883 հազար դրամից 17 մլն դրամը պետք է ուղղվի ԱԺ վարչական մասնաշենքը ժամանակակից տեսահսկվող համակարգով վերազինելու համար պահանջվող ծախսերին, որը, ըստ կառավարության, խիստ անհրաժեշտ է` պայմանավորված անվտանգության խնդիրներով:

Առաջին հայացքից պարզ ու հասկանալի է: ԱԺ-ին, իհարկե, պետք են ծառայողական մեքենաներ, ու այդ մեքենաները պետք է ձեռք բերվեն: Բայց ուշադրություն դարձնենք «մանրուքներին»:

Toyota Land Cruiser ավտոմեքենան, որի համար պետությունը հարկատուների հաշվին ստիպված եղավ վճարել 33 մլն 150 հազար դրամ կամ մոտ 80 հազար ԱՄՆ դոլար, շքեղ մեքենա է: Եվ երբ լրագրողները հարցնում են, թե այսօրվա սոցիալական ծանր պայմաններում արժե՞ նման շքեղ մեքենա գնել, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ասում է, թե միշտ կարելի է սոցիալական վիճակի հետ կապված հարցադրումներ անել, բայց մեքենաներն ու սոցիալական վիճակն իրար հետ համադրելի չեն…

Այս ուշագրավ դիտարկումն անելիս պարոն նախարարը, անկասկած բաց է թողել տեղի պարագան. նայած` որտեղ: Հայաստանո՛ւմ համադրելի չեն: Իհարկե, երկրի աղքատիկ բյուջեն և բնակչության մեկ երրորդի աղքատությունը այդ նույն բնակչության ընտրած ու հարկերի հաշվին վարձատրվող մարդկանց քմահաճություններին բնավ համադրելի չեն:

Իսկ ընդհանրապես մեքենաներն ու սոցիալական վիճակը միշտ էլ համադրելի են

Օրինակ` նույն օրը, երբ կառավարությունը ԱԺ-ին տրամադրեց վերոհիշյալ գումարը, նույն նիստի ժամանակ էլ Սյունիքի մարզպետարանին 4 մլն 552,2 հազար դրամ գումար հատկացրեց Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով: Այդ գումարով Մեղրիի տարածաշրջանի 72 շահառուների կողմից 2013 թ. ընթացքում անհատական ոռոգման պոմպերով օգտագործած 4 մլն 552,2 հազար դրամ գումարի չափով էլեկտրաէներգիայի ծախսը փոխհատուցվեց: Ընդ որում, կառավարությունը նշում էր, որ հաշվի առնելով տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը և գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքի ապահովումը, ինչպես նաև բնակչության ցածր կենսամակարդակը` անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցելու այդ ծախսերը: Իսկ Մեղրիի պես քանի՞ շրջան կա, որտեղ նման ծրագրերն ուղղակի սոցիալական մեծ խնդիրներ կարող էին լուծել: Հաշվենք ինքնուրույն, եթե ԱԺ-ի 33 միլիոնանոց ամենագնացի փոխարեն այդ գումարի կեսը ծախսվեր, քանի՞ նման ծրագիր կարելի էր իրականացնել:

Սա դեռ մի կողմ. մեկ այլ տեսանկունից նայենք հարցին: Սահմանամերձ կամ ավելի ճիշտ` սահմանապահ գյուղեր կան, որոնք պարբերաբար ենթարկվում են հակառակորդի գնդակոծության, օրինակ` Չինարին, Բարեկամավանը, Ներքին Կարմիրաղբյուրը և այլն, որոնք գյուղտեխնիկայի խնդիր ունեն: Չինարիում, օրինակ, կոմբայն չկա, ուրիշ գյուղերի կոմբայնավարներն էլ չեն գնում Չինարի հունձի, որովհետև կրակոցներից վախենում են: Ու Չինարին ամեն տարի բերքահավաքի շրջանում լուրջ խնդիրներ է ունենում:

Մեկ ոչ թանկ, թեկուզ` ռուսական արտադրության կոմբայնը արժի մոտ 78 հազար դոլար: Սակայն, ինչպես ժամանակին նշում էր գյուղատնտեսության փոխնախարարներից մեկը, ռուս գործընկերների հետ բանակցությունների արդյունքում հնարավոր է այդ կոմբայնը ներկրել մոտ 50 հազար դոլարով: Ու հիմա համեմատենք` ԱԺ-ի համար 80 հազար ԱՄՆ դոլարով գնված Toyota Land Cruiser-ն է ավելի կարևո՞ր, թե՞ սահմանապահ գյուղի կոմբայնը: Կամ ԱԺ-ի 17 մլն դրամի տեսահսկման համարգ տեղադրելն ու եկող-գնացողին հետևե՞լն ավելի շատ կարող է երկրի ավտանգության հարցերը լուծել, թե՞ սահմանապահ ժողովրդին սահմանին պահելը` այդ գումարներով նրանց համար սոցիալական նշանակության հարցեր լուծելով կամ գոնե գյուղտեխնիկայով նրանց ապահովելով…

Ընտրությունը թանկի ու թանկարժեքի միջև կանգ է առնում թանկարժեքի վրա

Իհարկե, լրագրողների «Իսկ մոտ 80 հազար դոլարանոց մեքենաների փոխարեն ավելի համեստ մեքենաներ չի՞ կարելի գնել» հարցին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն էլ ավելի ուշագրավ պատասխան է տվել. «Գիտե՞ք ինչ կա, պետք է հարցնել նրանց, ովքեր գնում են մեքենաները»:

Շատ լավ, բայց ֆինանսների նախարարը, որի ղեկավարած սուպերնախարարության գործառույթների մեջ նաև մտնում են պետական ծախսերի վերահսկողական որոշ գործառույթներ, այդ հարցը գնողներին տվե՞լ է, թե ինչու 80 հազար դոլարանոց մեքենա, և ոչ, օրինակ` 25-30 հազար դոլարանոց: Մինչդեռ Գագիկ Խաչատրյանը փորձում էր արդարացնել գնումը` նշելով, որ եթե վերցնենք, վերլուծություն անեք ծախսային մասերը, ապա նախկինում սովետական մեքենաներ են եղել, դրանց բենզինի և սպասարկման ծախսերն ավելի թանկ են նստում երկար հատվածի համար, քան այն մեքենաներինը, որոնք գնվում են:

Այ քեզ նորություն: Չգիտենք, թե ինչ հաշվարկներ են կատարել ու ինչ վերլուծություն արել Գագիկ Խաչատրյանն ու 80 հազար դոլարանոց մեքենա գնելու որոշում կայացրած մարդը, բայց մի բան ակնհայտ է` թե՛ սովետական, թե՛ ժամանակակից ռուսական և թե՛ ներկայիս միջազգային շատ ճանաչված ավտոարտադրողների մեքենաների պահեստամասերի և սպասարկման ծախսերն ուղղակի անհամեմատելի են 4.6 լիտր աշխատանքային ծավալով շարժիչ ունեցող նոր Toyota Land Cruiser-ի հետ, որի միայն մեկ լուսարձակի գինը մոտ 1000-2000 ԱՄՆ դոլար է: Բայց երբ լրագրողները դիտարկում են, որ Տոյոտան էլ թանկարժեք ու թանկ պահվող մեքենա է, կարող էին ավելի համեստ մեքենա գնել, ֆինանսների նախարարը փորձում է արդարացնել, թե կարող էին, բայց որ գնել են, ուրեմն անհրաժեշտություն կա. «Երևի լեռնային շրջաններ այցելությունների համար»:

Իհարկե, վատ չէ ու պետք է լեռնային շրջաններ այցելելու համար ավտոպարկում համապատասխան արտաճանապարհային կարողություններով օժտված մեքենա ունենալ: Իհարկե, Toyota Land Cruiser-ը հիանալի արտաճանապարհային է: Բայց լեռնային շրջանների այցելությունների համար կարելի էր գնել, օրինակ, Kia-ի արտաճանապարհայիններից, թեկուզ` ամենաթանկը, որն իր հատկանիշներով ամենևին չի զիջում Toyota Land Cruiser-ին, գնային առումով, սակայն, մոտ 2-3 անգամ ավելի էժան է: Ի դեպ, ՊՆ-ն, որն արտաճանապարհայինների կարիքը, թերևս, ամենից շատ է զգում, հենց Kia-ներ է օգտագործում: Կամ նույն Toyota-ից, բայց ոչ թե Land Cruiser, այլ, օրինակ` անհամեմատ ավելի էժան Highlander, որը դարձյալ, հիանալի ամենագնաց է:

ԱԺ մեծապատիվ պարոններին թանկարժեք մեքենաներով լեռնային շրջաններ տեղափոխելը մի՞թե ավելի կարևոր է Հայաստանի համար, քան նույն գումարները նույն լեռնային բնակավայրերի կարիքներին ուղղելը:

 

Փոքրիկ Վիկտորյայի թիկունքին սահմանամերձ Չինարին ու Չորաթանն են

10590555_779172908771967_1208158691839929230_nՀակառակորդը րոպեներ առաջ դարձյալ գնդակոծել է Հայաստանի հյուսիսարևելյան սահմանային բնակավայրերը:

Մովես գյուղից Անկախի թղթակցին տեղեկացրել են, որ ոչ ինտենսիվ, բայց օրվա ընթացքում պարբերաբար կրակահերթեր հնչել են:

Մովսեսում հինգշաբթի հարսանիք է նախատեսված, մարդիկ աղոթում են, որ պսակադրությունը խաղաղ անցնի: Վերջին օրերին լարված է իրավիճակը նաև Չինարիում: Սամվել Սաղոյանը մեր թղթակցին ասել է, որ մի կերպ իրենց հաջողվել է հնձել մոտ երեք հեկտար հացահատիկ: <<Շորերով քնում եմ, շորերով արթնանում, լվացվելու ժամանակ էլ չունենք, ոչ ժամ ունենք, ոչ պատարագ, գիշերն ու ցերեկը խառնվել են իրար>>,-ասել է Չինարիի գյուղապետը:

Ըստ նրա, նախորդ օրերի կրակահերթերն ուղղված են եղել գյուղի տներին` քարուքանդ անելով տան տանիքներ, դարպասներ, գնդակները դիպել են սառնարաններին, լվացքի մեքենաներին: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

10309476_779172948771963_7841844604560216941_n

Տավուշի սահմանային լարվածությունը վերաբերում է նաև Չինարիի հարևանությամբ գտնվող Չորաթան գյուղին, որի դպրոցի տնօրենը մի քանի օր առաջ խաղողի այգում աշխատելիս հրաշքով է փրկվել հակառակորդի կրակոցից: Փամփուշտը, անցել նրա գլխավերևով, հինգ սանտիմետրի տարբերությամբ դիպել է ծառին:

Դպրոցի տնօրենը՝ Վազգեն Զարգարյանը, ունի հինգ երեխա, որոնցից մեկն էլ երկամյա Վիկտորյան է:

Փոքրիկ աղջնակի թիկունքում սահմանամերձ10526046_779172995438625_3031893482613341477_n

Չորաթանն է ու Չինարին, որոնց սահմանապահը ոչ միայն դիրքերում հերթապահող մեր բազմաթիվ զինվոր

տղաներն են, այլ նաև երկու տարեկան Վիկտորյան…

 

Անկախ

«Էս սհաթիս էլ զենքը վեր կունեմ, կքյնամ` կռվելու». 81-ամյա այգեպարցի բնակիչ

10176003_736175803071678_5896466335082590084_n“Պա’պ, մի հատ կրակեցին…”,-երեկ երեկոյան` 20:30-ի սահմաններում, ադրբեջանական կրակահերթի ձայնը լսելուց հետո ասաց Տավուշի մարզի Այգեպար գյուղի 12-ամյա բնակիչ Սայադ Արզումանյանը:

Բակում երեխաների հետ խաղալիս անգամ երեխայի ուշադրությունն ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ գտնվող դիմացի սարն է` հակառակորդի դիրքը: <<Մի հատը ոչինչ>>,-պատասխանեց Սայադի զինվորական հայրը:

Սայադը որոշումը չի փոխել` զինվոր է դառնալու, ծառայելու է Տավուշում` պահպանելով հայրենի գյուղի սահմանը: Ֆուտբոլի երկու գնդակները Սայադին Գերմանիայից են ուղարկել` համացանցում լսելով նրա` զինվոր դառնալու մասին խոսքը, որոշել են ուրախացնել փոքրիկ սահմանապահին: Խաղի գնդակները ցած է դնում, հետո պահարանից հանում իրնեց տան ուղղությամբ ադրբեջանական դիպուկահարների արձակած արդեն պայթած գնդակները:

10271590_736175983071660_4653910906160277660_n<<Էդ տականքները ինչ են ուզում մեզնից>>,-սա արդեն տան ավագ Սայադը` Սայադի 81-ամյա պապն է վրդովվում: Հիշում է Այգեպարին կպած ադրբեջանական Ալիբեյլիի հետ հարևանական տարիները և ավելացնում` <<թուրքը մնըմ ա թուրք>>:

Վարպետ Սայադի խաղողի այգին հենց դիպուկահարի դիտակետում է: <<Գնում ենք, որ մշակենք, շատ վախտ ճամփի կեսից հետ ենք գալի, կրակում են, չեն թողնում` աշխատենք: Կապույտ ժիգուլի ունեի, գնում էի դրանով Թովուզ-Կայարան, ադրբեջանցի շատ ծանոթներ ունեի: Ադրբեջաներեն մաքուր խոսում եմ: Էս սհաթիս էլ զենքը վեր կունեմ, կքյնամ` կռվելու>>,-ասում է 81-ամյա այգեպարցի բնակիչը:

Ինչ վերաբերում է տավուշցիների` հայ-ադրբեջանական սահմանը հատելուն, ապա Սայադ Արզումանյանի խոսքով, շուտով էդ խնդիրը, հավանաբար, էլ չի լինի, շփման գծի ամբողջ երկայնքով փշալար է քաշվելու: <<Մեր շունը որ շուն ա, չէ, էն կողմն անց չի կենա, դրանց հոտը /նկատի ունի ադրբեջանցիներին/ տարբեր ա: Մեկ-մեկ, որ մոտ ենք լինում սահմանին, շունը վռազ հետ ա գալի>>,-ասում է այգեպարցի բնակիչը:

10294457_736177056404886_3989320408430217988_nՍահմանամերձ գյուղի սահմանապահ ընտանիքի գլխավոր ցանկությունը խաղաղությունն է: Փոքրիկ Սայադը նաև քույր ունի, որի նպատակն է տնտեսագիտական համալսարան ընդունվելը: Իր սենյակի լուսամուտը ուղիղ հակառակորդի դիրքապահներին է նայում: Անին հենց այստեղ է դասերը պատրաստում: Հանրապետության նախագահը, ի պատասխան իրեն ուղղված նամակի, Անիին համակարգիչ է նվիրել:

 

Անկախ

Աջակցությունը սահմանամերձ գյուղի բազմազավակ ընտանիքին շարունակվում է

Հայաստանյան բազմաթիվ առաջատար էլեկտրոնային պարբերականներում նախորդ ամիս «Շիրակ կենտրոնի» հրապարակած ՝«Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում» տեսանյութը ևս զգալի արձագանք գտավ:

Այն Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին էր: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք Էին դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը: Մեր տեսանյութի հրապարակումից ընդամենը մեկ ամիս անց, նրանց նվիրեցին այն ամենը, ինչ հարկավոր է բազմազավակ ընտանիքի համար: Երևանից Մարինա Նուշիկյանը բազմազավակ ընտանիքին նվիրեց լվացքի մեքենա, սեղան ու աթոռներ, ալյուր ու վառելափայտ:

Ստոկհոլմի «Շիրակ» Շվեդիա-Հայաստան բարեգործական միությունը “Swedish Armenian society, “Shirak ” in Stockholm “-ը հագուստներ և սնունդ։ Իսկ “Դանդի Փրիշս Մեթալս Կապան”ՓԲԸ -ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը կահույք, համակարգիչ, սառնարան և վառելափայտ: Ի դեպ բոլորը նոր ու որակյալ:

«Շիրակ կենտրոնի» հերթական բարեգործական ձեռնարկի մասին առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում:
)
Անկախ

Սահմանամերձ գյուղում 11 զավակներով ընտանիքն ապրում է համագյուղացու կիսախարխուլ խրճիթում

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները տեսանյութեր պարտաստելիս և գործընկեր կազմակերպությունների ու անհատ բարերեարների աջակցությամբ օգնություններ բաժանելիս առավելապես ուշադրության կենտրոնում են պահում բազմազավակ, կացարանային սուր խնդիրներ ունեցող ընտանիքներին:

Ներկայացվող տեսանյութը Շիրակի մարզի հեռավոր սահմանային գյուղերից մեկում, սոցիալական և բնակարանային ծանր պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքի մասին է: Նրանք 20 տարի է, ինչ բնակվում են համագուղացու կիսախարխուլ ու խոնավ խրճիթում: Պետական պատկան մարմինները նրանց բնակարանային պայմանների բարելավման խոստումներ վաղուց են տալիս, սակայն խոստումներն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բազմազավակ այս ընտանիքի համար երազանք են դարձել անգամ այնպիսի տարրական բաներ, ինչպիսին են լվացքի մեքենան, սեղանն ու աթոռները, ալյուրն ու վառելափայտը:

Անկախ

Կյանքը` դիպուկահարի նշանառության տակ. սահմանապահ Բերքաբերի առօրյան

բերքաբեր

Բերքաբեր` գյուղ Տավուշի մարզում: Ունի 548 բնակիչ: Բարձրությունը ծովի մակարդակից` 700 մետր: Հեռավորությունը Երևանից` 161 կմ, մարզկենտրոն Իջևանից` 25,5 կմ, ադրբեջանական դիրքերից` 750-1000 մետր:

Գյուղը գտնվում է Ջողազի ջրամբարի ափին, բայց ջրամբարից օգտվել չի կարողանում: Գյուղի ճանապարհներն անբարեկարգ են, խմելու ջուր չունի, գազաֆիկացված չէ:  Համայնքապատկան 1131 հա հողատարածքից 830 հեկտարը մշակում են ադրբեջանցիները. տարածքն այժմ նրանք են վերահսկում: Գյուղի բնակիչներին մնացել են տնամերձ հողերը և ջրամբարի ափին գտնվող 301 հեկտարը, որը մշակում են ադրբեջանցի դիպուկահարների նշանառության տակ:

Արթուր Մադաթյան

Արթուր Մադաթյան. «Անգամ բանկերը մեզ վարկ չեն տալիս, վախենում են, որ կմեռնենք, չենք տա իրենց փողը»

Գյուղի տարեկան բյուջեն 8,6 մլն դրամ է, աշխատավարձերը և հարկերը մուծելուց հետո` մնում է 1,5 մլն դրամ, որով էլ ողջ տարին պետք է համայնք պահեն ու բարեկարգեն:

Չնայած այս ամենին, գյուղի բնակիչները լավատեսորեն են տրամադրված, խնդրում են միայն իրենց ապահովել խմելու ջրով և աշխատանքով:

«Մեր գյուղը շատ պինդ գյուղ է: Չնայած  չունենք աշխատատեղեր, նորմալ ապրելու միջոցներ, ամեն դեպքում մեր գյուղի ժողովուրդը` մեծից փոքր, ձիգ է, դիմանում են դժվարություններին»,- ասում է գյուղապետ Արթուր Մադաթյանը:

Գյուղապետը դժգոհում է, որ ձեռներեցները, բարերարները և առհասարակ, բոլորն իրենց գյուղի մասին մոռացել են: Խորհրդային տարիներին գյուղում 7-8 արտադրամաս է եղել, այժմ ոչ մեկը չկա: «Մարդիկ վախենում են, որ գան մեր գյուղում  մի գործ անեն:  Հիմա անգամ բանկերը մեզ  վարկ չեն տալիս, վախենում են, որ կմեռնենք, չենք տա իրենց փողը»,- դժգոհում է Մադաթյանը:

Գյուղում ջրի  միակ աղբյուրը գյուղապետարանի հարևանությամբ է գտնվում. ողջ գյուղը բարակ հոսող աղբյուրից է գալիս ջուր տանում: Խորհրդային տարիներին գյուղը խմելու ջուր ունեցել է, սակայն խողովակները քայքայվել են: Հարկավոր է 16-17 կմ երկարությամբ խողովակները փոխել կամ նոր գիծ անցկացնել: Մադաթյանն ասում է, որ վերջերս գյուղ կատարած այցելության ժամանակ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը խոստացել է հարցին լուծում տալ, այժմ լիահույս ողջ գյուղը սպասում է խոստման կատարմանը:

Բերքաբերում գործող երկու խանութներից մեկը

Բերքաբերում գործող երկու խանութներից մեկը

Գյուղն ունի երկու խանութ կամ ավելի ճիշտ` կրպակ: Խանութներից մեկը Վազգեն Գևորգյանինն է, որն արդեն գործում է  7 տարի: Գևորգյանը նշում է, որ առևտրի ակտիվ սեզոնը ամառն է, երբ մարդիկ հանդ են գնում ու ստիպված խանութից ուտելիք են գնում: Մնացած ժամանակ առևտուրը պասիվ է` մի օր կարող է լինել, մի օր էլ` ոչ: Ապրանք գնելուց էլ հիմնականում պարտքով են տանում, մինչև թոշակը կամ նպաստը կստանան: «Աշխատանք չկա, մարդիկ փող չունեն, որ աշխատանք ունենան, առևտուր էլ լինի»,- ասում է Գևորգյանը:

Դպրոց` 37 աշակերտով և 5 դասարանով

Գյուղը, շնորհիվ «Սահման» ՀԿ-ի, ունի նաև գործող մանկապարտեզ. հին և չգործող մանկապարտեզի սենյակներից մեկը վերանորոգվել է, կահավորվել և հոկտեմբերի 25-ին իր դռները բացել մանուկների առջև: Ակնկալվում է, որ մանկապարտեզը կունենա մոտ 25 սան:

Գյուղի 37 աշակերտներն էլ շուտով իրենց ուսումը կշարունակեն հիմնովին վերանորոգված դպրոցում. այժմ ընթանում են ներքին հարդարման վերջին աշխատանքները: Դպրոցում կգործի նաև 7 համակարգիչներով և ինտերնետ կապով ապահովված ինֆորմատիկայի դասարանը:

Դպրոցի փոխտնօրեն Փաշիկ Աղամյանը,  մեզ հետ զրուցելով, շրջում է 182 աշակերտի համար նախատեսված երկհարկանի վերանորոգված դպրոցով ու լույսերն անջատում` բանվորներին զգուշացնելով, որ դպրոցը  հոսանքի վարձը վճարելու միջոցներ չունի, ուստի կարիք չկա, որ լույսը զուր տեղը միացված մնա:

աղամյան

Աղամյանի խոսքով` երեխաներն օգտակար զբաղմունք կունենան, եթե սպորտային խմբակներ գործեն

Աղամյանը հիշում է, որ խորհրդային տարիներին  ամեն դասարանում գոնե 15 աշակերտ կար, մինչդեռ այժմ ողջ դպրոցում 5 երկկոմպլեկտ և եռակոմպլեկտ դասարան է գործում, և ընդամենը 14 ուսուցիչ է դասավանդում:

Անցած տարի 46 աշակերտ են ունեցել, այս տարի, սակայն, ընտանիքի հետ  3 երեխա է Ռուսաստան տեղափոխվել, 2-ը` Վանաձոր, մեկը` Իջևան: «Ամեն օր կրակոց, աշխատանք չկա, դրա պատճառով էլ ընտանիքներով գնում են»:

Աղամյանն ասում է, որ քիչ թե շատ սովորող երեխաներին ծնողներն այլ դպրոցներ են ուղարկում կամ 9-րդ դասարանն ավարտելուց հետո Իջևանի տեխնիկում են տանում. «Երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանում երեխան ի՞նչ պիտի սովորի, դրա համար ում երեխան որ մի քիչ սովորում է` այլ դպրոց են տանում»:

Վերջին տարիներին դպրոցի շրջանավարտներից երևանյան բուհերի դիմորդներ չեն եղել: Լավագույն դեպքում Իջևանում են ուսում ստանում, այն էլ, ըստ Աղամյանի, դա իմաստ չունի. միևնույն է, ավարտելուց հետո աշխատանք չեն ունենա:

Գյուղի միակ գրադարանը դպրոցում է գործում, սակայն, ըստ Աղամյանի, գիրք կարդացող չկա. հա՛մ գրականությունն է հնացած, հա՛մ էլ մերօրյա երեխաներին ավելի շատ իրենց հեռախոսներն են հետաքրքրում:

Կարծում է, որ եթե դպրոցում սպորտային խմբակներ գործեն, երեխաների առօրյան բազմազան կդառնա, հետաքրքրությունն էլ մեծ կլինի: Մանավանդ, որ վերանորոգված սպորտդահլիճում իրատեսական կլինի խմբակներ կազմակերպելը:

Աղամյանը նշում է, որ մինչև վերանորոգումը դպրոցի տանիքը ծակոտկեն էր դարձել ադրբեջանցիների գնդակներից, պատուհանների վրա էլ վնասված մասեր կային: Թե ինչպիսին է վիճակը վերանորոգումից հետո` չգիտի, դեռ ուսումնասիրելու առիթ չի եղել:

Նշում է, որ կրակոցներից պաշտպանվածության առումով  առաջին հարկի դասարաններն ավելի ապահով են, աշակերտներն էլ գիտեն, որ կրակոցների դեպքում պետք է հեռու քաշվեն պատուհաններից, անկյուններում սպասեն մինչ կրակահերթը դադարի:

«Չէի ուզենա, որ երեխաներս  էս կրակոցների տակ մեծանան»

Դպրոցի 37 աշակերտներից 4-ը Աղբալյանների ընտանիքից են: Սա գյուղի բազմազավակ ընտանիքներից մեկն է: Ընտանիքը վեց երեխա ունի` երեք աղջիկ և երեք տղա.  ավագը 13 տարեկան է, կրտսերը` 4:

աղբալյանՍամվել Աղբալյանը բանակում ծառայելուց հետո 10 տարի Ուկրաինայում է ապրել: Սակայն 80-ականների վերջին, երբ  իրավիճակը լարված էր, հայրենիք է վերադարձել. ծնողները  մենակ էին սահմանի վրա: Այստեղ էլ ընտանիք է կազմել ու այժմ հայրենական տնից հեռանալու որևէ մտադրություն չունի: Դժգոհում է, որ աշխատանք չկա,  արտագնա աշխատանքի մեկնել էլ չի կարող. «Էրեխեքին ո՞նց բրախես գնաս, մեկ էլ ու կրակոցը սկսեց, ո՞նց անեն: Վախում են, գոնե որ կողքին ես, հույս ես տալիս»:

Ութ անձից բաղկացած ընտանիքը գոյատևում է 60 հազար դրամ նպաստով,  ուլերի վաճառքից ստացած եկամտով և հողագործությամբ ստացված բերքով:  Սամվելի կինը` Իրինան, նշում է, որ երեխաները սոված չեն մնում, օրվա հացն ապահովել կարողանում են, սակայն խնդիր է երեխաներին հագուստով ապահովելը (մեր այցելության ժամանակ, երբ բավականին ցուրտ էր անգամ տաք հագուստով,  երեխաները թաց բակում ոտաբոբիկ էին վազվզում): Դժվար է նաև երեխաներին գրքերով ու գրենական պիտույքներով ապահովելը: Չորս  դպրոցականներից երկուսը դեռ տարրական դասարաններում են սովորում և գրքերն անվճար են ստանում: Սակայն երկու ավագների  դասագրքերի համար ստիպված է վճարել:

իրինաԻրինան ասում է` լավ կլիներ, եթե նպաստը մի քիչ ավելի լիներ, որ կարողանային ծայրը ծայրին հասցնել: Իսկ Սամվելն ասում է` եթե աշխատատեղ լիներ…

Խոսելով երեխաների ապագայի մասին` թե նրանց ապագան գյուղում է պատկերացնում,  Սամվելը ասում է. «Եթե սենց շարունակվի` ամեն օր կռիվ, չէ: Եթե խաղաղություն լինի, որ գոնե չեն կրակի` հա: Ես կյանքիս մեծ մասն ապրել եմ, սենց էլ կապրեմ, բայց չէի ուզենա, որ երեխաներս էս կրակոցների տակ մեծանան»:

2-րդ դասարանցի Արմինեն և 3-րդ դասարանցի Արսինեն

2-րդ դասարանցի Արմինեն և 3-րդ դասարանցի Արսինեն

Երբ կրակոցների մասին է խոսք լինում, երրորդդասարանցի Արսինեն սկսում է պատմել, որ կրակոցների ժամանակ մայրիկն  իրենց արագ-արագ տուն է ուղարկում` խորքի սենյակում թաքնվելու. ծնողների կարծիքով դա տան ամենաապահով մասն է:

Բերքաբերում լավ բաներ էլ են կատարվում

Հեռվում` օրերս բացված Սուրբ Գևորգ եկեղեցին

Հեռվում` օրերս բացված Սուրբ Գևորգ եկեղեցին

Օրերս Բերքաբերում բացվեց նորակառույց Սուրբ Գևորգ եկեղեցին: Սփյուռքահայ բարերարների` Ժիրայր և Սիրանուշ Կանելյանների աջակցությամբ եկեղեցի է կառուցվել հին` խորհրդային տարիներին քանդված  եկեղեցու վայրում:

Եկեղեցու հարևանությամբ է գտնվում  Բերքաբերի ազգագրական թանգարանը, որը գործում է արդեն 35 տարի: Գյուղապետի աջակցությամբ վերանորոգվել է շենքի տանիքը և թարմացվել է արտաքին հարդարանքը: Այստեղ պահվում են գյուղի հետ առնչություն ունեցող հնությունները` կահ-կարասի, գործիքներ, ձեռագործ աշխատանքներ և այլն:

«Սահման» ՀԿ-ի աջակցությամբ գյուղում հիմնվում են նաև ջերմոցային տնտեսություններ: Գործող երկուսից բացի, առաջիկայում կհիմնվեն ևս 4-ը:

Գյուղապետի խոսքով` այս տարի գյուղացիները 3 տոննա մեղր են ստացել: Եթե բնակիչներին օգնեն փեթակների ձեռքբերման և մեղրի իրացման հարցում` գյուղում մեղվաբուծությունը մեծ թափ կստանա:

Եվ ամենակարևոր ու դրական լուրը` այս տարի Բերքաբերում 6 երեխա է ծնվել. սա աննախադեպ ցուցանիշ է վերջին տարիների համար: