Հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագնի շուրջ կրքերը նորից սկսում են թեժանալ

100 դրամԵրևանի քաղաքապետարանում օրեր առաջ տեղի ունեցավ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի հերթական նիստը: Երևանի քաղաքապետի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը նշեց, որ ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի սահմանման նպատակով դեկտեմբերի ընթացքում միջազգային խորհրդատուն կատարել է Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքի ուսումնասիրություն, որի արդյունքներն արդեն պատրաստ են:

Ուսումնասիրություններն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ և տեղական ու միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների կենտրոնի կողմից: Քաղաքապետարանի հրապարակած համապատասխան տեղեկատվությամբ նշվում է. «Ուղևորատրանսպորտային հետազոտությունների աշխատանքային խմբի ղեկավար Սերժի Տիոն, մանրամասնորեն ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, նշել է, որ դրանք իրականացվել են բոլոր ուղղություններով և կազմվել են օրվա, ամսվա ու տարվա կտրվածքով` հաշվի առնելով միջազգային փորձը և մեթոդաբանությունը, որոշակի չափանիշներ և առանձնահատկություններ, այդ թվում նաև աշխատանքային և հանգստյան օրերի ցուցանիշները, ինչպես նաև պիկային և երեկոյան ժամերը: Աշխատանքներում ներգրավվել են տասնյակ դիտարկողներ, որոնք տարբեր ժամերի երթևեկել են տարբեր երթուղիներով: Ուսումնասիրություններն իրականացվել են շահագործվող բոլոր 2200 տրանսպորտային միջոցներում: Ըստ այդմ, նշվել է, որ մեկ տարվա միջինացված կտրվածքով` մայրաքաղաքի վերգետնյա տրանսպորտային միջոցների ուղևորահոսքը կազմում է 167 միլիոն 957 հազար 518 քաղաքացի»:
Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված ծախսերի նախնական քննարկված ամփոփ հաշվարկը, որը քննարկվել էր նաև հանձնաժողովի նախորդ նիստերում, Սերժի Տիոն նշել է, որ համադրելով ուղևորահոսքի և ծախսերի տվյալները` ձևավորվել են ներքաղաքային ուղևորափոխադրումների համար որոշակի սակագներ: Համաձայն կատարված հաշվարկի` գազով աշխատող միկրոավտոբուսների պարագայում այն կազմել է 207.2 դրամ, նույն վառելիքով աշխատող ավտոբուսների` 196.2 դրամ և դիզելային վառելիքով աշխատող ավտոբուսների` 252.3 դրամ:

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանն այդ ուսումնասիրությունն անվանում է «պարտիզանություն», քանի որ հանձնաժողովն աշխատել է հուլիսից մինչև ապրիլի 4-ը, բայց հանձնաժողովի անդամներն այդ տվյալների մասին իմանում են միայն ապրիլի 4-ին: Այնինչ, իրենք պետք է տեղյակ լինեին, թե որ կազմակերպությունն է հաշվարկներ կատարում, որ արժանիքների համար է այդ կազմակերպությունն ընտրվել, որ մեթոդիկայով են աշխատում և այլն:
Ով այդ հետազոտությունը պատվիրել ու վճարել է, նշեց ՀԿ-ի նախագահը, նա էլ հստակ պարամետրեր է տվել արդյունքների համար: Այդ զեկույցում քաղաքացիներին հետաքրքրող հիմնական պատասխանը չի երևում` որքա՞ն ուղևոր է փոխադրում մեկ միկրոավտոբուսը մեկ օրում: Որովհետև, պարզաբանեց Պողոսյանը, ուղեվարձերի սակագները գոյանում են` ծախսերը բաժանելով ուղևորների թվի վրա, ու այստեղ այլ մաթեմատիկա հնարելու կարիք չկա:

«Եթե այդ զեկույցի մեջ ոչ մի տեղ ուղևորների թիվը չի նշվում, էլ ինչների՞ս է պետք այդ հետազոտությունը: Մի թիվ էլ հրապարակեցին` 613 հազար մարդ է երթևեկում: Ես հազարավոր անգամ հայտարարել եմ, որ Երևանում երթևեկում է 600 հազարից ավելի ուղևոր, ու Իտալիայից կամ ինչ-որ երկրից կազմակերպություն հրավիրել պետք չէր այս թիվը ստանալու համար, մեզ այն հայտնի էր: Երեկ էլ մեզ ասում են` 613 հազար, ի՞նչը փոխվեց: Կամ ասում են, թե քանի վարորդ է առանց սափրվելու մեքենա վարում: Դա արհամարհանք է, նշանակում է, որ ովքեր պատվիրել են, իրենց գործը չեն հասկանում»,- ասաց Արմեն Պողոսյանը:
Ընդ որում, հետազոտության տվյալների հավաստիությանը Արմեն Պողոսյանը չի կասկածում, կասկածում է մեթոդիկային, համարում է, որ ճիշտ մեթոդիկա ընտրված չի եղել: Արդյունքն էլ այն է, որ սակագինը 200 դրամի շրջանակներում ստացվեց:

Ո՞վ է «հուշել» մեթոդաբանությունը

Այս ուսումնասիրության մեջ, վերջնական գին ստանալու համար, առանցքային նշանակություն է ունեցել ներքաղաքային ուղևորափոխադրումների համար պահանջվող ծախսերի հաշվարկը: Որովհետև հասարակական տրանսպորտի գները հաշվարկելիս, ինչպես նշեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը, ըստ էության, հաշվի են առնվել քաղաքապետարանի կողմից ընդունված նախորդ հաշվարկները: Իսկ նախորդ ծախսի մասով բազմաթիվ դիտարկումներ կան, որոնք մինչ օրս քաղաքապետարանի կողմից հրապարակավ չեն ժխտվել ու դեռ պետք է քննարկվեն:
Ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնելու համար կատարվող կամ անհրաժեշտ ծախսերը, որ ներկայացվում են քաղաքապետարանի կողմից, մեկ տրանսպորտային միավորի հաշվարկով, հետևյալն են `

1 միկրոավտոբուսի համար 1 մլն 45 հազար 90 դրամ, դիզելով աշխատող ավտոբուսների համար` 1 մլն 870 հազար 907 դրամ, իսկ գազով աշխատող ավտոբուսի համար` 1 մլն 454 հազար 209 դրամ:

«Երբ կապվեցինք «Այ Փի Էս Սի»-ի հետ, մեզ ասացին, որ մեթոդաբանությունն իրենցը չէ: Նախ` ինձ համար զարմանալի է, որ հետազոտությունն արած ընկերությունն իրեն պատասխանատու չի համարում այն հարցում, թե ինչ մեթոդաբանությամբ է իրականացվել աշխատանքը: Որովհետև ուսումնասիրության հիմքում առաջին հերթին ընկած է մեթոդաբանությունը, մասնավորապես` ընտրանքը: Կոնկրետ «Այ Փի Էս Սի»-ն ասաց, որ մեթոդաբանությունն իրենցը չէ, իրենք չգիտեն, թե ումն է, ընդհանուր լղոզված պատասխան եմ ստացել: Միգուցե պատվիրատուն ասել է, թե դա ճիշտ է, բայց մի քանի էական կետեր կան, որոնց մասին պետք է խոսել»,- ասաց Պիպոյանը:

Մասնավորապես, պարզաբանում է Բապկեն Պիպոյանը, 10 լավագույն երթուղիների ու իդեալական վիճակի համար պահանջվող ծախսերի ու առկա վիճակի համար ծախսերի հաշվարկների արդյունքների տարբերությունը: Դրանք անհամադրելի արժեքներ են, ինչը հետազոտություն անողը պետք է իրականացներ, հասկանար, թե լավ ու վատ վիճակների միջև շեղման տոկոսը որքան է:

Նա նշեց, որ խնդիր կա նաև ընդհանրացման առնչությամբ` հասարակական տրանսպորտի ուղևորահոսքի համեմատությունը մետրոյի ուղևորահոսքի հետ` համապատասխան դասիչով:

«Ավելի պարզ ասած` ենթադրենք` դեկտեմբերին մետրոյով տեղափոխվում է 1000 մարդ, դա պայմանական 1 միավոր է ընդունվում ու համեմատվում է մնացած ամիսների հետ: Ըստ այդմ` 1, 1.1 կամ 0.8 միավորների հետ բաշխում ենք մետրոն ու քաղաքային տրանսպորտը` փաստացի ստացված ուղևորահոսքը` համեմատելով մետրոյի համապատասխան դասիչի հետ: Այս կերպով են «Այ Փի Էս Սի»-ում հաշվարկը կատարել: Ես չգիտեմ, թե ով է այս մեթոդաբանության հեղինակը, բայց սա անգրագիտության գագաթնակետն է: Չեմ կարծում, թե միջազգային փորձում նման մեթոդաբանություն կա, բայց եթե անգամ այդպիսի բան կա, ապա այդ միջազգային փորձը կարող էր գործել, եթե հասարակական տրանսպորտի չվացուցակը պահպանված լիներ»,- պարզաբանեց Բաբկեն Պիպոյանը:

Հնարավոր է 100 դրամ սակագնով հասարակական տրանսպորտ ունենալ

Ուղեվարձի ստացված սակագնի վերաբերյալ էլ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տարեկան հոսքի համադրությամբ ստացված գինը չի կարող իրատեսական լինել, և դա փաստում է նաև քաղաքապետարանը: Վահե Նիկոյանը հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է, որ, այդուամենայնիվ, անհրաժեշտ է վերլուծել ստացված արդյունքներն ու փորձել հնարավորինս նվազեցնել մեկ ուղևորի փոխադրման համար ստացված միջինացված արժեքը:
«Ուսումնասիրելով ամբողջ ուղևորահոսքը և ունենալով արդեն որոշակի հաշվարկներ` մենք պետք է քայլեր ձեռնարկենք նաև հնարավորինս օպտիմալացնելու ծախսերը: Սակայն սա կախված է մի շարք բաղադրիչներից և չափորոշիչներից: Այստեղ հատկապես կարևորում ենք սոցիալական որոշակի խմբերի համար այդ արժեքի փոփոխումը: Պետք է նշեմ, որ սա բնավ էլ չի նշանակում, թե կիրառման առումով վերլուծության արդյունքում ստացված միջինացված սակագինը մեզ համար ընդունելի է: Ըստ այդմ, վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որպեսզի այդ արժեքը հնարավորինս նվազի: Պետք է փորձենք գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի լինի ինչպես ծառայություններ մատուցողների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Տեսեք, թե խոսքը ուր է հասնում քաջ որսկանի գյուլլի պես: Տրամաբանությունը պարզ է, չէ՞, «միջազգային խորհրդատուն նշում է, որ ուղեվարձի սակագինը 207 դրամ է, իսկ «մարդասեր» քաղաքապետարանը նետվում է փրկելու սեփական ժողովրդին ու «մի կերպ հաջողում» հասարակական տրանսպորտի սակագինը պահել 150 դրամի սահմաններում:

Բաբկեն Պիպոյանը սեփական հաշվարկներն ունի, ու նշում է, որ անգամ քաղաքապետարանի միջազգային խորհրդատուի ուսումնասիրության արդյունքը` հանգեցնում է նրան, որ գրագետ կառավարման դեպքում մենք միանշանակ կարող ենք ունենալ շատ լավ հանրային տրանսպորտ. «Ուսումնասիրությունն էլ փաստեց, որ մենք ունենք անարդյունավետ գծեր, ունենք լրիվ նույն մարդատարությամբ երկու մեքենա, և եթե մեկի ծախսերը մյուսին գերազանցում է 50 տոկոսով, դա նշանակում է, որ պետությունն է սխալ քաղաքականություն իրականացնում: Այսինքն` պետք էր ի սկզբանե հասկանալ, թե որի ծախսն է ավելի ցածր, դա էլ ներկրեինք: Եվ եթե դա պետական մարմինները չեն արել, սխալվել են, ապա այդ սխալի հետևանքով քաղաքացի՞ն պետք է տուժի»:

Ներքաղաքային ուղեվարձերի նրա հաշվարկների արդյունքում ստացվում է, որ եթե ճիշտ մոդելով կառավարվի քաղաքային տրանսպորտը, ապա ոչ միայն հնարավոր է Երևանում ունենալ 100 դրամով ներքաղաքային հանրային տրանսպորտ, այլև, եթե ունենանք կենտրոնացված ավտոպարկ ու տրանսպորտից ստացված եկամուտները ծառայեն նաև քաղաքային բյուջեին, ապա ստացված միջոցներով հնարավոր կլինի ապահովել անգամ քաղաքի գիշերային լուսավորությունը:

Թե’ Տարոն Մարգարյանը, թե’ ՀՀԿ մեծամասնությունը կարող են հրաժարական տալ. Նիկոլ Փաշինյան

նիկոլ փաշինյանԻնչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը` ըստ որի Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնողը 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունն է լինելու:

Քիչ առաջ նախագծի վերաբերյալ ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս օրինագիծն ակնհայտորեն Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատրաստություն է. «Առաջին այդպիսի փորձը, եթե հիշում եք, տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, բայց ձախողվեց հանրային հուժկու դիմադրության արդյունքում: Կառավաությունը և Երևանի քաղաքապետարանը, որն արդեն իսկ հայտարարել է, որ մեկ տարի հետո պետք է տեղի ունենա ուղեվարձի փոփոխություն, հաշվարկել են, որ այդպիսի հզոր ճնշումները չափազանց շատ են Երևանի գիտությունների թեկնածու քաղաքապետ Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար և ահա որոշել են այդ պատասխանատվությունը ցրել ավագանու 65 անդամների միջև: Ինչպես գործող օրենքում, այնպես էլ ԱԺ-ին ներկայացրած նախագծով, նախատեսված է ուղեվարձի վերանայման ինստիտուտ: Ապրանքները կարող են թանկանալ, էժանանալ, ուստի տարին մի քանի անգամ ուղեվարձը փոխելն անընդունելի է: Եթե մարդը հարյուր դրամով է շահել մրցույթը, պետք է ասի, որ հինգ տարի այդ հարյուր դրամը լինելու է անփոփոխ: Եթե կպարզվի, որ հաղթածը չի ուզում սպասարկի, թող հրաժարվի, թող հայտարարվի նոր մրցույթ: Եթե պարզվի, որ ոչ մի ընկերություն չի ուզում հարյուր դրամով սպասարկել, հարցը պետք է իր վրա վերցնի տեղական ինքնակառավարման մարմինը: Մի բան հստակ է` քանի դեռ քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու իր խմբակցության հետ հանդիսանում է քաղաքային իշխանություն, Երևանում ուղեվարձը փոխվել չի կարող, քանի որ  Երևանի քաղաքապետ, գիտությունների  թեկնածու Տարոն Մարգարյանը 2013 թվականի մարտի 28-ին, երբ արդեն ընթանում էին քաղաքապետի ընտրությունները, հայտարարել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում: Այսպիսով, թե’ Տարոն Մարգարյանը, թե’ ՀՀԿ մեծամասնությունը կարող են հրաժարական տալ, Երևանում տեղի կունենան արտահերթ ավագանու ընտրություններ, քաղաքացիներն էլ նորընտիր ավագանու հետ քննարկեն ուղևորափոխադրման գնի հարցը», – եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

«Բարև Երևան». 10 դատավոր փաստում է, որ Հայաստանում արդարադատություն չկա

«Բարեւ Երեւան»Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը Անկախին տեղեկացնում է, որ ստացել է ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013թ. երկու որոշումները՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ Երեւանի քաղաքապետի 19.07.2013թ. եւ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 11.11.2013թ. որոշումները չեղյալ ճանաչելու պահանջով «Բարեւ Երեւան» խմբակցության զույգ վճռաբեկ բողոքները վերադարձնելու մասին:

 

«Բարեւ Երեւան» խմբակցությունն արձանագրում է, որ հասարակության օրինական շահերը պաշտպանելու իր պարտականությունը եւ ավագանու խմբակցությանը օրենսդրորեն վերապահված իրավունքը չի կարողացել իրացնել դատական համակարգի իսպառ բացակայության ու կոռումպացվածության պատճառով, որի մասին տարեվերջին վկայեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանն իր արտահերթ զեկույցում:

 

Արձանագրում ենք, որ Վարչական դատարանը երկու անգամ՝ 14.08.2013թ. եւ 24.09.2013թ. անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է վարույթ ընդունել «Բարեւ Երեւան» խմբակցության հայցադիմումները եւ դրանք ետ է վերադարձրել:

 

ՀՀ վարչական դատարանը թեպետ հայտնել է, թե վարույթ է ընդունել նույն խնդրով «Բարեւ Երեւան» խմբակցության երկու վերաքննիչ բողոքները, սակայն դատաքննություն եւ արդարադատություն փաստացի չի իրականացրել եւ 11.11.2013թ. որոշումներով կրկին մերժել է բողոքները:

 

ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես 27.12.2013թ. որոշել է քննության չառնել երկու վճռաբեկ բողոքները ու դրանք ետ է վերադարձրել:

 

Այդպիսով, ՀՀ դատական ատյաններից ոչ մեկը արդարադատություն չի իրականացրել, միասնաբար խախտել են մասնավորապես Մարդու իրավունքների եւ ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները՝ հանրությանը, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությանը զրկելով դատարանի հասանելիությունից:

 

«Բարեւ Երեւան» խմբակցությունը սույն ակնհայտ փաստի վրա է հրավիրում ՀՀ արդարադատության խորհրդի ուշադրությունը եւ պահանջում կարգապահական վարույթ հարուցել այս գործով որոշումներ արձակած ու դատական հասանելության սկզբունքը խախտած բոլոր դատավորների՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արծրուն Միրզոյանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Աշոտ Սարգսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորներ Ե.Խունդկարյանի /նախագահող դատավոր/, Ե.Սողոմանյանի, Վ.Աբելյանի, Վ.Ավանեսյանի, Մ.Դրմեյանի, Գ.Հակոբյանի, Է.Հայրիյանի, Տ.Պետրոսյանի հանդեպ:

 

«Բարեւ Երեւան» խմբակցությունը սույն աղաղակող փաստի վրա է հրավիրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը, ով բուռն քննադատության թիրախ դարձավ իր հրապարակած արտահերթ զեկույցի գնահատականների համար, ինչպես նաեւ՝ ՀՀ գլխավոր դատախազի ուշադրությունը, ով պահանջեց դատարանների կոռումպացվածության վերաբերյալ գեթ մեկ փաստ տրամադրել:

 

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցով «Բարեւ Երեւան» խմբակցությունը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իր ձեռնարկելիք քայլերի մասին:

 Անկախ

 

Երևանի քաղաքապետարանը` 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորողներին

phpThumb1Բաց նամակներով և սրտացավության ամպագոռգոռ տեսակետներով ու պնդումներով էլեկտրոնային դաշտը հեղեղած բոլոր անձանց տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հրապարակային մրցույթին Երևան քաղաքի թվով 23 ավտոբուսային և մեկ միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար որևէ կազմակերպության կողմից հայտ չի ներկայացվել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ 100 դրամ սակագնով ուղևորափոխադրման կազմակերպումը հիմնավորող և գերշահույթների մասին խոսողներն այսքան անտարբեր են իրենց գնահատականով նման շահավետ մրցույթի նկատմամբ այն դեպքում, երբ կարելի էր մասնակցել, հաղթել ու բոլորին ապացուցել իրենց պնդումների իրավացիությունը։

Բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են պնդել այդ նույն տեսակետի ճշմարտացիությունը, առաջարկում ենք մասնակցել հայտարարված նոր մրցույթին, որը կանցկացվի դեկտեմբերի 12-ին, ինչի մասին Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 25-ին հանդես է եկել հրապարակային մրցույթի հրավեր-հայտարարությամբ, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ ինչպես քաղաքապետարանի www.yerevan.am պաշտոնական կայքի «Հայտարարություններ»  բաժնում, այնպես էլ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում նույն օրը զետեղված սույն հայտարարության տեքստից։

Սա իրապես լավ հնարավորություն է ընձեռում ձեզ մասնակցել մրցույթին և գործնականում հիմնավորել ձեր սրտացավությունը՝ մեր բնակիչներին 100 դրամ սակագնով որակյալ և անվտանգ ծառայություն մատուցելու տեսանկյունից։

Միաժամանակ ավելորդ չենք համարում նաև տեղեկացնել, որ Երևան քաղաքին նվիրաբերվածծ բոլոր ավտոբուսները սպասարկվում են Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցների կողմից և հանդիսանում են համայնքային սեփականություն։

Երևանի քաղաքապետարան

Արմեն Պողոսյանը` մանրէների և տրանսպորտի գնի բարձրացման մասին

Արմեն ՊողոսյանՆոյեմբերի 10-ը որակի համաշխարհային օրն է: Այս թեմայով այսօր ասուլիս էր հրավիրել  Հայաստանի Սպառողների ասոցացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նա հավաստիացնում է, որ  այսօր մեզանում շատ ոլորտի մարդիկ իրենք էլ լավ չեն պատկերացնում, թե ինչ է որակը:

«Որակը  տվյալ արտադրանքի փաստացի չափանիշների համապատասխանեցումն է հայտարարված չափանիշներին», – սահմանեց Արմեն Պողոսյանը և նշեց սննդի  ոլորտի մի քանի առաջնահերթ խնդիրներ:  Ըստ նրա` այդ խնդիրների շարքում այսօր առաջնային տեղ է զբաղեցնում մակնշումը:«Լուրջ խնդիր է նաև մանրէազերծումը: Մանրէներն  ունեն այնպիսի վարքագիծ, որ տնային պայմաններում դրանց դեմն առնել գրեթե անհնար է, ուստի արտադրամասում պետք է լինի իդեալական ստերիլություն, ինչի համար  առանձնակի մեծ գումար ու խելք պետք չէ, պետք է ընդամենը լինել պարտաճանաչ»- ասաց Արմեն Պողոսյանը:

Նա անդրադարձավ նաև տրանսպորտի խնդիրներին ու նշեց, որ, մասնակցելով հանձնաժողովի աշխատանքներին, գիտի, որ գնի թանկացումը ոչ մի լավ բանով չի ավարտվելու. «Ոչ մի լավ բան չեմ կանխատեսում, բայց հնարավոր է նաև, որ երկրորդ անգամ սոցիալական բունտ լինի, քանի որ անգամ ներկայիս վիճակում 100 դրամ սակագնով կարելի է որակապես շատ ավելի լավ տրանսպորտ ունենալ»: