Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք. նկարչուհի Մարիամ Գալստյան

6Մինչև հունիսի 29-ը Գեղագիտության ազգային կենտրոնում կցուցադրվեն Մարիամ Գալստյանի գրաֆիկական աշխատանքները: Ցուցասրահում ներկայացված են նկարչուհու 115 գործեր: Սա 24-ամյա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է. առաջինը կայացել է դեռ 9 տարեկան հասակում, Մարտունու պատկերասրահում:

Ցուցահանդեսի բացմանը ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ միության դռները շուտով կբացվեն երիտասարդ նկարչուհու առջև, երբ կատարի արարողակարգային բնույթի մի քանի քայլեր: Նա նշեց նաև, որ սկզբում ծանոթացել է հեղինակի գործերին, հետո նոր հեղինակին: «Անընդհատ մտքիս կար, թե ով է այս վառ անհատականությունը, ինչ մեծ վարպետություն ունի,- ասաց Աղամյանը, ապա անդրադառնալով մեկ գծով արված ճեպանկարներին` շեշտեց, որ նկարիչների միության այսօրվա անդամների մեծ մասը չի կարող այդպիսի գիծ քաշել:
«Միությունում Ձեզ նման մարդկանց պակասն ունենք»,- ասաց Աղամյանը:

5«Անկախը», օգտագործելով առիթը, զրուցել է երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի հետ: Նա Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոս է, մասնակցել ու հաղթել է բազմաթիվ միջազգային մրցույթներում:

– Ցուցահանդեսի բացման ժամանակ նշվեց, որ քեզ տարբեր ժանրերում ես փորձում: Ի վերջո, ժանրերից ո՞րն է ավելի մոտ:
– Շատ դժվար հարց է: Որոշ ժամանակ նկարում էի դեկորատիվ, դա միքս էր, որ մեջս կուտակել էի: Հետո անցա գծանկարի: Հիմա նկարում եմ մի գծով, նաև խառը տեխնիկայով: Նյութերի ու ոճերի բազմազանությունը չեմ կարողանում իմ մեջ փակել: Երբ արվեստագետը ստեղծագործում է մի ոճում, հայտնաբերում է այն իր համար, հետո պարփակվում է այդ ոճի մեջ, իր համար ամեն բան սովորական է դառնում: Այդ ժամանակ ներսից կարծես քաղցի զգացողություն է առաջանում, որն էլ այդ ժանրում չի բավարարվում, ուստի քիչ-քիչ ուրիշ բանի է գնում: Ինձ համար կարևոր է ներքին քաղցը հագեցնելը: Դրանից են երևի գալիս ոճական փոփոխությունները: Զուտ մտադրություն, որ ոճը հարկավոր է փոխել, չունեմ, ուղղակի իմ ներքին պահանջմունքն է, ինձ համար մի նոր բան անելու ցանկությունն է դրդում դրան:

1– Ցուցադրված աշխատանքներից մեկում նշում ես, որ քո նկարների հերոսը պետք է լինի տառապող ու պայքարող մարդը: Ինչպիսի՞ն է նա, ո՞վ է քո նկարների հերոսը:

– Ես ապրում եմ գյուղում` Ներքին Գետաշենում, տեսնում եմ մարդկանց, որոնք տարբեր են, մայրաքաղաքային կյանքից դուրս են: Ես փորձ եմ անում նկարել այն մարդկանց, որոնց տեսնում եմ գյուղում: Դա այն միջավայրն է, որ ես շատ լավ զգում եմ ու ներքուստ ապրում դրանով: Իմ ներսում ապրում է այն մարդը, որը տեսնում է, թե ինչ դժվարությամբ են մարդիկ կարողանում գոյատևել, զուտ գոյատևել, դա ապրել չեմ կարող անվանել: Ինձ հետաքրքիր են թեկուզ առօրյա փոքր խնդիրները. այդ մարդիկ ջղայնանում են, հուզվում, ուրախանում, ապրում… Դա կյանքի այն շերտն է, որ քաղաքում չի երևում:
Արվեստը սովորաբար ցուցադրվում է քաղաքում, ոչ ոք գյուղում չի բացում պատկերասրահ ու նկարներ ցուցադրում: Ու ոչ ոք չի տեսնում այդ մարդկանց կյանքը: Գուցե սա փորձ է իմ աչքերով բացահայտելու, թե ինչ են զգում այդ մարդիկ: Դա կարող է լինել սովորական, հին հացի վառարանի մեջ բոքոններ թխող կնոջ կերպար, որը վառում է թերթի կտորներ, չորացած կաղամբի գլուխներ, ու այդ ամեն ինչը հորինված չէ: Ես չեմ փորձում հորինել, դա այն է, ինչ տեսնում եմ, այն, ինչն ինձ ստիպում է հուզվել:

2– Քեզ փոքր-ինչ ճանաչողն անգամ բոլոր նկարներում անպայման կնկատի Մարիամին: Ինքնաճանաչման փորձե՞ր ես անում, թե …

– Ինքնաճանաչողության մղումից է գալիս, ուզում եմ բացահայտել ինձ աշխարհի և աշխարհն ինձ համար: Ամենահետաքրքիրն այն է, որ փորձում եմ գտնել, հասկանալ, թե ես ով եմ, ես ինչ եմ ուզում: Բայց միայն ինձ վրա չեմ կենտրոնանում, իմ ցանկությունները շատ նման են հազարավոր ինձ նման մարդկանց ցանկություններին. ինձ, ինչպես և շատերի համար հետաքրքիր է ամեն օր արթնանալ ու փորձել բացահայտել ինձ` ես ով եմ, ինչ եմ ուզում, ինչն է ինձ հուզում:
Մարդիկ կան, որ ուզում են պատկերել մերկ ֆիգուր, անում են դասական ձևով: Ես, օրինակ, մերկ ֆիգուրների շարք եմ անում, ինձ հետաքրքրում է ոչ թե մերկ ֆիգուրը, այլ վերաբերմունքը նրա հանդեպ: Մերկ ֆիգուրի հիանալի օրինակներ ունենք ամբողջ արվեստի պատմության ընթացքում, բայց յուրաքանչյուր մարդ իր վերաբերմունքը պետք է ունենա:

3– Նկարներից մի քանիսում մաթեմատիկական բանաձևեր կան, ի՞նչ են դրանք խորհրդանշում:

– Մայրս մաթեմատիկոս է, ու այն շրջանում, երբ նկարում էի, ծանրութեթև անելու, ինչ-որ բան հաշվարկելու, մտածելու կարիք կար: Ինքնաբերաբար, դա մաթեմատիկական բանաձևերի միջոցով եմ արտահայտել:
Պարտադիր չէ, որ դիտողին բացատրեմ, թե ինչ եմ փորձում ասել, նա պետք է տեսնի ու մտածի: Բոլորը փորձում են հասկանալ` ինչու, ոչ ոք չի փորձում զգալ, մինչդեռ դա ընդամենը զգացողություն է: Ես չեմ կարող բացատրել իմ զգացողությունը, ես գիտեմ` ինչ եմ անում, բայց բացատրել դժվարանում եմ:

– Բազմաթիվ նկարներում նույն կենդանու պատկերն է հանդիպում, որն իրականի հետո որևէ աղերս չունի: Ի՞նչ է դա և ի՞նչ է խորհրդանշում:

– Երկնագույն մեծ ծավալներ լցնող ֆիգուրը` կիսամարդ, կիսավիշապ, կիսաչորքոտանի ինչ-որ երևույթ, իմ ներսում ապրող երկնագույն վագրն է, ես այդպես եմ անվանում այն էմոցիոնալ դաշտը, որում ես ապրում եմ, երբեմն նա հանգիստ է, երբեմն կատաղած, անընդհատ ինչ-որ բան ունի ասելու և արտահայտվում է նկարներում:

4– Ո՞րն է նկարիչ Մարիամի ասելիքն իր լսարանին:
– Ուզում եմ, որ այն, ինչ անում եմ, մարդկանց ստիպի մտնել թանգարան, ցուցասրահ: Ուզում եմ, որ արվեստը մտնի մարդկանց կյանք:

– Իսկ, ըստ քեզ, ներկայիս միջավայրը որքանո՞վ է նպաստում արվեստագետի գործունեությանը:

– Երբեմն ասում են` հանճարեղ մարդ էր, բայց պայմանները ստիպեցին այսպես վարվել: Տաղանդավոր լինում են շատերը: Հանճարեղության ողջ իմաստն այն է, որ այդ շատերի մեջ կան մարդիկ, որոնք չեն կոտրվում: Միջավայրը կարող է վատ կամ լավ լինել, բայց կարևորն այն է, թե ով է գնում մինչև վերջ:

 

 

«Եթե արժեքավոր գործ ես անում, մի օր քեզ կնկատեն, պետք չէ հատուկ ջանքեր գործադրել…»

10477091_722554547805377_838313244_n«Ես անկեղծ նկարում եմ՝ չմտածելով` դա դուր կգա մարդկանց, թե ոչ: Կտավի վրա մի ուրվագիծ եմ անում և նախապես չպլանավորված «սցենարով» սկսում աշխատել: Կտավում արտացոլվում է իմ հոգեվիճակը, իմ տրամադրությունն ու ասելիքը»,-այսպես է նկարագրում իր ստեղծագործական վիճակը գեղանկարիչ Հասմիկ Գասպարյանը:

Երիտասարդ նկարչուհին գտնում է, որ արվեստի մեջ ամենակարևորը անկեղծությունն ու ազատությունն է. արվեստը չի սիրում պարտադրանք, պատվեր ու սահմանափակում: «Երբ առանց մտածելու ես նկարում, կարծես գույներն իրենք էլ իրենց տեղը գտնում են, ինչպես բնության մեջ, որտեղ ամեն ինչ իր կատարյալ տեղն ու դերն ունի: Ստեղծագործող մարդու համար սահմաններ չպետք է լինեն՝ հատկապես հոգևոր առումով: Իսկ ստեղծագործությունը պետք է լինի ինքնաբուխ ու անկեղծ»:

IMG_4380Հասմիկը ստեղծագործելիս երաժշտություն է լսում՝ հիմնականում դասական և ռոք: Խոստովանում է, որ դա ազդում է նկարի վերջնական արդյունքի վրա, և հետո, երբ նայում է կտավին, այնտեղից կարծես այդ երաժշտությունն է լսում:

Ի՞նչ է պետք արվեստագետին անկաշկանդ ու անկեղծ ստեղծագործելու համար: «Արվեստանոց, մեկուսացում, հոգեվիճակ, նաև դժվարություններ, խնդիրներ, կենսափորձ…»,-թվարկում է նա:

Իսկ թե ինչն է խոչընդոտում արվեստին, ասում է. «Լճացած վիճակը: Արվեստը սիրում է կտրուկ քայլեր, փոփոխություններ: Կարևորը՝ չվախենալն ու առաջ գնալն է: Չպետք է վախենալ մարդկանց կարծիքից»:

IMG_4357Հայաստանում արվեստագետի համար, այն էլ այնպիսի արվեստագետի, որն իր աշխատանքից ֆինանսական օգուտ չի ստանում, լուրջ խնդիր է սոցիալական բարեկեցության ապահովումը:  Խնդիր է նաև հասարակության անտարբերությունը արվեստի նկատմամբ. նկարչուհին այդ ամենը սեփական կաշվի վրա է զգում, բայց այնուամենայնիվ, նշում է, որ իր համար դրանք առաջնային խնդիրներ չեն և չեն կարող խոչընդոտել իր ստեղծագործական աշխատանքին: «Ինձ համար ավելի կարևոր է ստեղծագործության մեջ նորանոր բարձունքներ նվաճելը՝ մնալով, իհարկե, իմ ոճի մեջ: Իսկ կատարելագործվելու տեղ միշտ կա, դա անվերջանալի պրոցես է, ու ես այդ պոտենցիալը զգում եմ իմ մեջ: Ինձ պետք է միայն լիարժեք մեկուսացում ու կենտրոնացում իմ աշխատանքի վրա»:

IMG_4370Հասմիկ Գասպարյանի ինքնատիպ կտավներն այսօր կախված են Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրդարանի դահլիճում: Հունիսի 14-ին տեղի ունեցավ ցուցահանդեսի բացումը:

Նկարչուհու ստեղծագործություններն արվեստանոցի պատերից դուրս հանելու և արվեստասեր հանրությանը ներկայացնելու գործն իր վրա է վերցրել «Այլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը: «Շատերն ասում են՝ արվեստ չկա: Համամիտ չեմ,-ասում է կազմակերպության նախագահ, բանաստեղծ Վահե Արսենը,-կա, պարզապես կապն է կտրված: Մենք փորձում ենք վերականգնել արվեստ-հասարակություն այրված կամուրջը»:

Ինչ վերաբերում է Հասմիկի աշխատանքների ցուցահանդեսի կազմակերպմանը, ապա ընտրությունը պատահական չէ. նրանց գլխավոր նպատակը ստվերում գտնվող տաղանդավոր արվեստագետներին ներկայացնելն է:

10371517_248249592041150_2903744938787430287_n«Չնայած որ Հասմիկի նկարները դեռ հանրայնացված չեն, իրեն շատերը չեն ճանաչում, սակայն նա շատ լուրջ է վերաբերում իր արվեստին: Հետաքրքիր է, որ նա տարիներով մի նկարի վրա աշխատում է, փորձում է ամբողջացնել: Հասմիկի կտավներում անձնականն ու անանձնականը խառնվում են իրար: Նա ներքին ապրումը կարողանում է տրանսֆորմի միջոցով փոխանցել կտավին: Զգում ես ապրումը, ներքին եռը, վակումը և իրականության բեկումն ընկալում ես անմիջապես, սակայն նա ներքին ապրումները պատկերում է լիովին  այլ իրավիճակում»:

Վահե Արսենը նույնպես Հասմիկի արվեստի մեջ բարձր է գնահատում ինքնատիպությունն ու անկեղծությունը: Նա նշում է որ այն պահին, երվ արվեստը վերածվում է ապրանքի, ինչ որ մի վատ բան է կատարվում դրա հետ, ու ամեն չափանիշ սկսվում է փոխվել: «Եթե նկարիչը սկսում է «կոպյա» անել ու վաճառել մեկ անգամ լավ վաճառված կտավը, այն այլևս արվեստ չէ: Հասմիկի մոտ որևէ կտավ չի կրկնվում, քանի որ նրանում դրված ապրումն ու հոգեվիճակն էլ չի կրկնվել»,-ասում է նա:

10472181_722571504470348_759913585_nՆկարչուհի Մարիամ Մուղդուսյանը Հասմիկի կտավների մասին ասում է. «Նրա աշխատանքներում ժամանակի կանգն է, տպավորություն է, որ շարժումն ու գործողությունն այդ պահին կանգնել-մնացել են: Հետո ժամանակն իր մեջ սկսում է ներսուզում ունենալ, և կարող ես անվերջ խորանալ աշխատանքի մեջ: Դիտելիս տպավորություն եմ ստանում, որ կարող եմ ուղիղ խորանալ, հենց ուղիղ, ոչ լայնությամբ կամ երկարությամբ: Նրա աշխատանքները տանում են խորացման և կենտրոնացման»:

Հասմիկ Գասպարյանի կտավներն Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում կցուցադրվեն մոտ մեկ ամիս: Սա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է՝ չնայած որ նա իր նկարները կարող էր հանրությանը ներկայացրած լինել շատ ավելի վաղ:

IMG_4374Ինչևէ, նա արվեստագետի այն տեսակն է, որն առաջին հերթին ստեղծագործում է ինքն իր համար: Իսկ մնացածը, ինչպես ասում է, ժամանակի ու հանգամանքների խնդիր է: «Եթե արժեքավոր գործ ես անում, մի օր քեզ կնկատեն, պետք չէ հատուկ ջանքեր գործադրել,-նկատում է նա՝ խոստովանելով, որ շատ ուրախ է, որ իրեն  նկատել ու գնահատել է «Այլ Արտը», որի շուրջ համախմբված մարդիկ արվեստի իսկական նվիրյալներ են, և իրենց համագործակցության հիմքում չկա որևէ նյութական, ֆինանսական շահագրգռվածություն, կա միայն մի բան՝ արվեստը:

 

Անի Գասպարյան

Անկախ

Երևանում առաջին անգամ տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես

տտՄայիսի 30-ին Երևանի Սիրահարների այգում տեղի կունենա Մոբայլ հավելվածների ցուցահանդես` «Mobile App Expo 2014»-ը:

Ցուցահանդեսին կմասնակցեն մոբայլ ոլորտի ընկերություններ` «Օրանժ Արմենիա»-ն,  «Ինսթիգեյթ Մոբայլ»-ը, «ԱրմԹաբ»-ը, «ԷսԷֆԷլ»-ը, «ԱյԴրամ»-ը, «Սամսունգ»-ն ու այլ ընկերություններ: Կազմակերպությունները կներկայանան խելացի հեռախոսների և սարքերի համար իրենց մշակած խաղերով, բիզնես, կրթական, ժամանցային և սոցիալական ծրագրերով:  Android  հենքով աշխատող թաբլեթի համար լավագույն ափփը մշակած կազմակերպությունը կստանա մրցանակ`  Samsung Galaxy NotePRO  թաբլեթը:

«Հայաստանում ստեղծվում են  շատ հետաքրքրիր և մրցունակ հավելվածներ: Դրանց ցուցադրությունը նպատակ ունի նաև խթանել  ոլորտում նոր ստեղծվող ձեռնարկությունների աշխատանքը և փորձարկել ու ծանոթանալ ոչ միայն Հայաստանյան օգտագործողի համար մշակված հավելվածներին, այլև ամբողջ աշխարհում միլիոնավոր օգտագործողներ ունեցող  տեղական արտադրության մոբայլ ծրագրերի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «էմ լաբ էկա»–ի տնօրեն Մարիամ Դավթյանը:

Նա պատմեց նաև ծրագրված միջոցառումների մասին. «Բաց դաս կանցկացվի առաջին դասարանի աշակերտների համար հայկական արտադրության շարժական համակարգիչների` ԱրմԹաբերի օգնությամբ: Կանցկացվի նաև մոբայլ հավելվածների աքսելերացիայի ճամբար, որի ընթացքում տարածաշրջանի սկսնակ ընկերությունները կաշխատեն փորձագետների հետ WindowsPhone հենքով նորարար հավելվածների գաղափարների վրա: Լավագույնները  AppCampus ծրագրի կողմից կստանան ֆինանսավորում»:

Ցուցահանդեսին կմասնակցեն նաև ԱՊՀ երկրների մի քանի ընկերություններ.

«Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի տեխնոլոգիական ոլորտն ընդգրկվի հասարակական կյանք, քանի որ հասարակությունը տեղյակ չէ, թե զարգացման ինչ փուլում է գտնվում Հայաստանում այս ոլորտը: Պատահական չէ, որ ցուցահանդեսն անում ենք հանրային տարածքում, բաց տեղում, և մեծ մասնակցություն ենք ակնկալում»,- նշեց «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի տնօրեն Եվա Հյուսյանը:

Ալեքսանդր Թամանյանի ցուցահանդեսը` Վարդենիս քաղաքում

Ալեքսանդր ԹամանյանԱպրիլի 29-ից սկսած` Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի տանն անց է կացվում Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործությունների ցուցահանդես:

Կազմակերպիչն ականավոր ճարտարապետի ծոռն է` Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Թամանյանը:

Ցուցահանդեսին ներկայացված են ոչ միայն Թամանյանի ճարտարապետական նախագծերը, այլև աշխատանքային գործիքներ, կենսագրական լուսանկարներ և այլն: Ցուցահանդեսն ուղեկցվել է ռեժիսոր Տիգրան Խզմալյանի` Թամանյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմով:

Հայաստանի հեռավոր այս քաղաքում մեծ ճարտարապետի կյանքի ու ստեղծագործության լուսաբանումը ճանաչողական, ուսուցողական, ինչպես նաև սահմանամերձ քաղաքի մշակութային կյանքն ակտիվացնելու նպատակ ունի:

Ցուցահանդեսի ամենաակտիվ այցելուներն են դպրոցահասակ երեխաները, որոնց համար այս ցուցահանդեը ճարտարապետին բացահայտելու հիանալի հնարավորություն է:

Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը խորին շնորհակալություն է հայտնել ցուցահանդեսի կազմակերպիչներին` հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները քաղաքում շարունակական կլինեն, քանի որ մշակութային կյանքը չպետք է կենտրոնանա միայն մայրաքաղաքում, այլ պետք է ներառի նաև հեռավոր շրջանները` զարգացնելով նաև մարզային ու համայնքային մշակութային կյանքը:

Ցուցահանդեսի փակումը տեղի կունենա վաղը` մայիս 4-ին:

 

Անկախ

 

 

 

Նախագահը դիտել է իտալացի անվանի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը

6249Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում դիտել է իտալացի անվանի արվեստագետ Բրունո Բրունիի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Այն հայ արվեստասերներին բացառիկ հնարավորություն է ընձեռում՝ ծանոթանալու իտալական արդի արվեստին: Արվեստագետը Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում ներկայացնում է իր բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանք:

Կարմիր բլուր հնավայրում վերջերս հայտնաբերված գտածոները՝ ցուցահանդեսում

Կարմիր բլուր հնավայր, գտածոներ,ցուցահանդես

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացնում են, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևան քաղաքի պատմության թանգարանի սրահում «Պատմության հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացմանը։ Ցուցահանդեսում ներկայացված են Կարմիր բլուր պատմամշակութային հնավայրում հայտնաբերված գտածոները, որոնք թվագրվում են  Ուրարտուի ժամանակաշրջանից մինչև մ.թ. 1-ին դար։ 40 հա տարածքով այս հնավայրը բաղկացած է նախաուրարտական բնակավայրից, միջնաբերդ ունեցող ուրարտական քաղաքից։ Մ.թ.ա. 6-րդ դարից մ.թ. 1-ին դարը այն ծառայել է որպես դամբարանադաշտ։ Ցուցադրությունում ներկայացված են կենցաղային խեցեգործական ու ապակե առարկաներ, զարդեր, զենքի բրոզե մասեր և այլն։

Տարածքը հայտնաբերվել 1939թ., առաջին պեղումներն ավարտվել են 1968թ.. դրանց ընթացքում պարզվել է նաև քաղաքի անունը, որը արձանագրությունում նշվում է Թեյշեբաինի անվամբ։

Հնավայրում պեղումների երկրորդ շրջանը սկսվել է մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմամբ պայմանավորված ճանապարհաշինական ծրագրի արդյունքում։ Երևանի քաղաքապետարանի նախագծով այստեղ կառուցվելու է ասֆալտապատ ճանապարհ՝ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը, ինչպես նաև կամուրջ՝ Հրազդանի կիրճի լայնությամբ:

«Մենք ունենք բավականին ճկուն նախագիծ՝ ամենատարբեր ճանապարհաշինական լուծումներով, ինչպես, օրինակ, որոշակի հատվածներում սյուներ կիրառելու տարբերակն է, որպեսզի հնավայրը չվնասվի։ Այստեղ ճանապարհի կառուցումը դեռևս խորհրդային տարիներին էր ծրագրված։ Ծրագիրը նախաձեռնելիս պարզ էր, որ որոշակի վիճահարույց կողմեր կան, քանի որ վայրը պատմահնագիտական հուշարձան է։ Հետևաբար ձևավորվեց աշխատանքային խումբը՝ մասնագետների, հասարակական կազմակերպությունների՝ շահագրգիռ բոլոր կողմերի  ներկայացուցիչների ներգրավմամբ, և բազմաթիվ քննարկումների արդյունքում որոշվեց, որ նախևառաջ անհրաժեշտ է պեղումներ կազմակերպել, որպեսզի որևէ հնություն գետնի տակ չմնա։ Այդպիսով, ճանապարհի կառուցումը դարձավ պատճառ, որ հայտնաբերվի Կարմիր բլրի դամբարանադաշտը։ Նախագիծը փոխըմբռնման եղանակով է արվում, որպեսզի և՛ քաղաքը շահի, և՛ մեր պատմամշակութային արժեքները վերհանվեն ու ևս մեկ անգամ ներկայացվեն հանրությանը, աշխարհին»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հավելել, որ ճանապարհի կառուցումը նաև մեխանիկորեն կսահմանափակի Կարմիր բլրին հարակից գերեզմանի ընդլայնումը։

Անկախ

 

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարի արևելուհիները» խորագրով ցուցահանդեսը

middle_73aff97a1e76f1cff92b0bdee03140a8Երեկ` մարտի 14-ին Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է «Քոչարի արևելուհիները» խորագրով ցուցահանդեսը, որը ուղեկցվում է մեկնաբանող տեքստերով և տեսաֆիլմով: Ցուցահանդեսում բարձրարժեք վերատպություններով ներկայացված է ժամանակաշրջանի արձագանքը:

Ցուցահանդեսը  բաց կլինի մինչև ապրիլի 15-ը:

2013 թ. հոկտեմբերի 22-ին Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում` Պոմպիդու կենտրոնում, բացվել է «Մոդեռնի բազմազանությունը» ցուցահանդեսը, որտեղ նոր և ընդլայնված մեկնաբանությամբ ներկայացված էր 1905-1970 թթ. համաշխարհային մոդեռն արվեստը: Տարբեր երկրներում ապրած և ստեղծագործած արվեստագետներ էին ներկայացված իրենց բնորոշ գեղագիտությամբ, ինչը հնարավորություն էր տալիս ծանոթանալու այդ ժամանակահատվածի կերպարվեստի բազում արտահայտչաձևերին: Մատիսի, Պիկասոյի, Ման Ռեյի և այլ հանրաճանաչ նկարիչների ստեղծագործությունների շարքում ընդգրկված էր Քոչարի «Արևելուհիները» գեղանկարը:

19-րդ դարի սկզբին Եգիպտոսի գրավումով Եվրոպայում բացահայտվեցին Արևելքի նոր գաղտնիքներ և առեղծվածներ, որոնցից ամենագայթակղիչը հարեմն էր` դրախտի մասին երազի մարմնացումն աշխարհի վրա… Եվրոպացի արվեստագետներն իդեալականացնում էին այդ անծանոթ և շատ առումներով փակ աշխարհը:

Քոչարը նույնպես անդրադարձել է այս թեմային: Հրապուրված արևելուհիների հմայքով՝ նա ստեղծել է կանանց կերպարների սքանչելի շարք: Դրանք այսօր տեղ են գտել արտասահմանյան մասնավոր հավաքածուներում:

«Գարնանային հավաքածու» խորագրով ցուցահանդես՝ նվիրված կանանց տոներին

«Գարնանային հավաքածու» խորագրով ցուցահանդես Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին տեղեկացրեցին,որ Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է Հայաստանի ժողովրդական վարպետ, ՌԴ արվեստի պալատի անդամ Օլգա Հակոբյանի  «Գարնանային հավաքածու» խորագրով ուլունքագործության աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված կանանց միջազգային օրվա և մայրության ու գեղեցկության տոներին: Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 200 աշխատանքներում ներառված են «ԱՆԿԱՌՍ»-ՖՐԻՎՈԼՏԵ կոչվող հյուսվածքաձև տեխնիկայի միջոցով թելերով և ուլունքներով հյուսված վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր, գլխարկներ և այլ ցուցանմուշներ:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից նախապես շնորհավորելով կանանց տոների կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալը կարևորել է մշակութային նմանօրինակ միջոցառումների անցկացումը և պատրաստակամություն հայտնել մշտապես աջակցելու նման նախաձեռնություններին:

«Ստեղծագործող հայ կանանց ներկայանալու հնարավորության ընձեռումը շատ կարևոր է մեզանում: Այս ցուցահանդեսն իր տեսակի մեջ բացառիկ է, որի կապակցությամբ շնորհավորում եմ ինչպես հեղինակին, այնպես էլ մեզ բոլորիս: Երևանյան արվեստասեր հասարակությունն հնարավորություն ունի մեկ ամիս շարունակ այցելելու ու ծանոթանալու բարձրաճաշակ այս աշխատանքներին»,-նշել է Արամ Սուքիասյանը:

Ժողովրդական վարպետն իր շնորհակալությունն է փոխանցել քաղաքապետին՝ շնորհավորանքների, ինչպես նաև աջակցության պատրատակամության համար:

«Գարնանային հավաքածու» ցուցահանդեսում ներառվել են նաև Երևանի պատմության թանգարանի ավանդական տարազների որոշ նմուշներ:

Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 7-ը:

 

Անկախ

Բեռլինի Պերգամոնյան խորանը 5 տարի փակ կլինի այցելուների համար

Pergamon Altar1Բեռլինի թանգարանների պատասխանատու պաշտոնյաները հայտնել են, որ քաղաքի ամենահայտնի մշակութային գանձերից մեկը՝ մթա 2-րդ դարում կառուցված Պերգամոնյան խորանը, սեպտեմբերից ի վեր հինգ տարի շարունակ փակ կլինի այցելուների համար, քանի որ կառույցում, որտեղ այն տեղակայված  է,  վերանորոգման աշխատանքներ են իրականացվելու:

Մարմարե ֆրիզով զարդարված խորանը կառուցվել է մթա 197-156 թթ. Բերգամա քաղաքում, որն այժմ Թուրքիայի տարածքում է գտնվում: Այն Բեռլինի Պերգամոն թանգարանի գլխավոր ցուցադրանմուշն է հանդիսանում:

Բեռլինի հանրային թանգարանների պատասխանատու պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնել են, որ կենտրոնական դահլիճը, որտեղ գտնվում է խորանը, կփակվի սեպտեմբերի 29-ին և հավանաբար կվերաբացվի 2019թ-ին՝ չնայած իրենք նախատեսում են կառույցի մոտակայքում խորանի բնօրինակ մասնիկներով ցուցադրություն բացել:

«Պատուհան դեպի աշխարհը» բաց կլինի մեկ ամիս

ցուցահանդես«Մեր նպատակն է հանրությանը ներկայացնել այն լուսանկարիչներին, ովքեր մինչ այս ներկայացված չեն եղել, նրանց աշխատանքները անհայտն էին հասարակությանը»,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում «Պատուհան դեպի աշխարհ» միջազգային ֆոտոցուցահանդեսի մասին նշեց PhotoPodium.com-ի կազմակերպիչներից Արմեն Ենգոյանը:

Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության և Թեքեյան կենտրոնի հետ համատեղ այսօր բացվեց «Պատուհան դեպի աշխարհ» խորագրով ցուցահանդեսը: Դրա շրջանակներում ցուցադրվեցին աշխարհի տարբեր երկրների 41 լուսանկարիչների մոտ 87 աշխատանքներ:

Պրն. Ենգոյանի խոսքով ցուցահանդեսը միտված է ծանոթացնելու մարդկանց հայ նկարիչների աշխատանքներին, նաեւ օտարերկրյա նկարիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու Հայաստանին և հայ մշակույթին: Պատուհան դեպի աշխարհը շատ բազմազան է: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:

Լուսանկարիչ Ռուբեն Չախմախչյանը ներկայացրել է երկու աշխարանք, խորագիրը իրեն գրավել է, այն ընդգրկում է ժանրային բազմազանություն եւ մեծ հնարավորություն է տալիս գործել, աշխատել ու զգալ նկարը: Հանդիսատեսը առօրյայից շեղվել ու իրեն նվիրել է արվեստին:

Նկարիչ Սամվել Սեւադան մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացված բոլոր լուսանկարիչները պրոֆեսիոնալներ են, մեկը մեկից տաղանդավոր:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Հավատն է պակասում մարդկանց աչքերում. Լուսանկարչուհի

մարդու իրավունքներ, ցուցահանդես“Մարդու իրավունքները խախտված են ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում: Ես ընտրել էի երկու նկար, որոնցում պատկերված էին Երեւանի “Քանաքեռ”ուռուցքաբանական կենտրոնում բուժվող երկու մանուկներ”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում մարդու իրավունքների թեմայով լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսի մասին նշեց հաղթող մասնակից, լուսանկարչուհի Անահիտ Հարությունյանը:

մարդու իրավունքԱյս տարի աշխարհը նշում է Մարդու իրավունքների Վիեննայի հռչակագրի եւ գործողությունների ծրագրի քսանամյակը, որն ընդունվեց 1993թ., ինչպես նաեւ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնի ստեղծման քսանամյակը, որն այս քսան տարիների ընթացքում հնարավորություն է ընձեռնել անկախ եւ հեղինակավոր մի ձայնի՝ խոսել մարդու իրավունքների մասին ամբողջ աշխարհում:

մարդու իրավունքԼուսանկարչուհու համոզմամբ հավատն է պակասում մարդկանց աչքերում, հավատը հրաշքին, պետք է օգնել քեզ եւ աշխարհին կրկին հավատալու եւ ոչ մի վարկյան չկասկածելու:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ասել է.

“Եկեք ակտիվացնենք մեր ջանքերը, որպեսզի կյանքի կոչենք մեր վրա դրված հավաքական պատասխանատվությունը՝ խթանելու եւ պաշտպանելու բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը”:

մարդու իրավունք“Բարձրացրու ձայնդ՝ պաշտպանելու քո իրավունքները”. Սա է այս տարվա հայաստանյան քարոզարշավի նշանաբանը: ՄԱԿ-ը լուսանկարների մրցույթի հաղթողներին հանձնեց մրցանակներ: Մրցույթի նպատակն էր խրախուսել երիտասարդներին կիսվել մարդու իրավունքների, ներառականության եւ հանրային կյանքին մասնակցության խթանման իրենց փարձառություններով:

DSC05454Լուսանկարչուհի Հասմիկ Տոնապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր 5 նկարները նկարել է Գյումրի քաղաքում, ինչպես նաեւ Շիրակի մարզի տարբեր գյուղերում: Պատկերել է անօթեւանության խնդիրը Գյումրի քաղաքում նաեւ ոչ արժանապատիվ կյանքի դրվագները:

Պարգեւատրման արարողությանը հետեւեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճը: Ավելի քան 60 երիտասարդներ հնարավորություն ունեցան ազատորեն քննարկել իրենց տեսակետները մարդու իրավունքների վերաբերյալ եւ այն հարցի շուրջ, թե ինչպես նրանք կարող են թվային դարաշրջանում ավելի ակտիվ դեր ունենալ իրենց իրավունքների պաշտպանության ու խթանման, ինչպես նաեւ իրենց հասակակիցների կրթման հարցում:

Մարդու իրավունքների քարոզարշավը կշարունակվի Հայաստանի մարզերում բանավեճերի շարքով, որը կվարեն միջազգային կազմակերպությունները՝ խթանելով մարդու իրավունքների խաղաղության եւ հանդուրժողականության համաշխարհային արժեքները:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 Անկախ

ՀԿԵ-ն մասնակցեց հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսին

ՀԿԵ ՓԲԸ«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մասնակցեց դեկտեմբերի 3-ին բացված Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսին, որն անցկացվեց «Ռուսաստան. Հայաստան. Մաքսային միություն» Երրորդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում:

Ցուցահանդեսը բացել են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:

Հայաստանի Հանրապետության վարչապետը նշեց, որ երկու երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Տիգրան Սարգսյանի խոսքերով, նման միջոցառումները կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում:

Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:

Ննջավագոնի կուպեի տեսքով ձևավորված Հարավկովկասյան երկաթուղու տաղավարում հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահները զրուցեցին Ընկերոթյան գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի հետ: Վարչապետը հետաքրքրվեց ՀԿԵ-ի կոնցեսիոն պարտավորությունների կատարման ընթացքով և Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորություններով:

Հարկ է նշել, որ օրիգինալ ձևավորված ՀԿԵ-ի տաղավարը հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն ցուցահանդեսի այցելուների, այլ նաև միջոցառման այլ մասնակիցների մոտ:

«ՀԿԵ» ՓԲԸ ներկայացուցիչները մասնակցել են նաև «Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների պայմաններում հայ-ռուսական համատեղ նախագծերը տրանսպորտի ոլորտում» կլոր սեղանին: Ընկերության գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանը մասնակիցներին ներկայացրել է ՀԿԵ գործունեության հիմնական ուղղությունները, ուղևորա- և բեռնափոխադրումների ոլորտում մատուցվող ծառայությունները, անցած 5 տարիներին արձանագրված ձեռքբերումները:

 

 

Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը մասնակցել են հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդեսի բացմանը

Տիգրան Սարգսյան, Մաքսիմ Սոկոլով, հայ-ռուսական,ցուցահանդեսՏնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն այսօր մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների ցուցահանդեսի բացման արարողությանը:

Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել է ցուցահանդեսի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել միջոցառման կազմակերպման գործում ներգրավված բոլոր կողմերին. «Մեր երկրների տարածաշրջանների միջև ֆորումի և ցուցահանդեսների անցկացումն արդեն ավանդույթ է դարձել: Դրանք կարևոր օղակ են միջպետական հարաբերությունների շղթայում, որոնք համալրում են հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը և նպաստում երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը»: Ընդգծելով, որ այսօրվա դրությամբ ՌԴ երկու տասնյակ տարածաշրջանի հետ ստորագրված է շուրջ 30 համաձայնագիր՝ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրության ընդլայնումը և արդյունավետության բարձրացումը, իրավական դաշտի կատարելագործումը: «Ֆորումի և ցուցահանդեսի անցկացումը պետք է նպաստեն գործարար կապերի հաստատմանը, դրա արդյունքում՝ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը: Եվ առաջին հերթին դրանից պետք է օգտվի փոքր ու միջին բիզնեսը: Տարածաշրջանում Հայաստանն առաջատար դիրք է զբաղեցնում Doing Business-ի համար բարենպաստ միջավայրի պայմաններով, և ռուսաստանյան գործարարները պետք է օգտվեն այդ հանգամանքից»,– նշել է կառավարության ղեկավարը: Վարչապետի խոսքով՝ անդամակցությունը Մաքսային միությանը, ինչպես նաև Եվրոպական միության և մերձավորարևելյան տարածաշրջանի երկրների հետ տնտեսական կապերը լրացուցիչ խթան կհանդիսանան մեր երկրի տնտեսությունում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու համար:
Իր հերթին Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այս ցուցահանդեսին ՌԴ ութ նահանգապետերի մասնակցությունը վկայում է նաև տարածաշրջանների մակարդակով հայ-ռուսական փոխհարաբերությունների արդյունավետության, միջմարզային կապերի սերտացմանը ցուցաբերվող ուշադրության և պատասխանատվության մասին:
Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո Տիգրան Սարգսյանը և Մաքսիմ Սոկոլովը շրջել են ցուցահանդեսին մասնակցող տաղավարներով, ծանոթացել Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների, ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացրած արտադրանքին ու ծառայություններին:
ՀՀ վարչապետն ու ՌԴ տրանսպորտի նախարարը ցուցահանդեսի մասնակիցներին մաղթել են բեղմնավոր և արդյունավետ աշխատանք:
Հայ-ռուսական երրորդ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում անցկացվող ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի 10 մարզերը և Ռուսաստանի 9 նահանգները, ինչպես նաև մասնավոր ընկերություններ: Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել մինչ օրս ունեցած ձեռքբերումները և քննարկել առաջիկա անելիքները՝ առկա ներուժը բացահայտելու և նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Միջոցառման շրջանակում անցկացվելու է 9 կլոր-սեղան տարբեր թեմաներով՝ սկսած ինտեգրացիոն գործընթացների ավարտած կոնկրետ ոլորտային ծրագրերի քննարկմամբ:

 

Հայկական գինիների ցուցահանդես-համտես Մոսկվայում

Հայկական գինիներ, ցուցահանդես,ՄոսկվաՄոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվայի կառավարության հետ համատեղ, առաջին անգամ  կազմակերպել է հայկական գինիների ցուցահանդես-համտես: Միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկված քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, պատվիրակության այլ անդամներ: Ցուցահանդեսին մասնակից շուրջ 15 հայկական ընկերությունները ներկայացրել են իրենց արտադրանքը Ռուսաստանի գինիների ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերություններին` հնարավորություն ստեղծելով առևտրատնտեսական արդյունավետ համագործակցություն ծավալել:

Միջոցառմանը մասնակից գինու ռուս մասնագետները, համտեսելով ներկայացված գինիների տեսականին, բարձր են գնահատել դրանց  որակական հատկությունները:

Կազմակերպիչները վստահեցրել են, որ նման միջոցառումները լինելու են շարունակական և կազմակերպվելու են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Երևանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Նախագահն այցելել է ազգային արժույթի թողարկման 20-ամյակի առթիվ կազմակերպված ցուցահանդես

 Սերժ Սարգսյան, ազգային արժույթ, 20-ամյակ,ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում ՀՀ ազգային արժույթի թողարկման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի (ԿԲ) կազմակերպած ցուցահանդես, որտեղ ներկայացել են 1994թ-ից մինչ այսօր ԿԲ-ի թողարկած բոլոր հուշադրամները: Ցուցահանդեսի շրջանակներում կայացել է նաև 2013թ. թողարկված «Հայկական այբուբենի տառերը» հուշադրամների շարքի շնորհանդեսը՝ հայկական տառերի ոսկե և արծաթե հուշադրամների հավաքածուի ներկայացմամբ: Այն համալրում է բանկի թողարկած «Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին», «Սահակ Ա Պարթևին», «Վռամշապուհ արքային» նվիրված հուշադրամների շարքը:

Ցուցադրությունը դիտելուց հետո, Հանրապետության Նախագահը մասնակցել է դրամի 20-ամյակի և բանկային աշխատողի օրվա առթիվ ԿԲ-ի հրավիրած ընդունելությանը: