Մենք գնացինք մի տեղ, որ գոյություն չունի. Գեղամ Նազարյան

գեղամ նազարյան«Քաղաքական իրավիճակը բարելավվում է, երբ փոփոխություններ են տեղի ունենում: Երբ փոփոխություններ տեղի չեն ունենում քաղաքական վիճակն  ավելի է լճանում: Այսօր մենք տեսնում ենք, որ մեր քաղաքական դաշտում որևէ փոփոխություն չի կատարվում, ընդհակառակը, տեղի է ունենում լճացման խորացում` իր բոլոր հետևանքներով, ինչը Հայաստանը և հայ ժողովուրդը զգալու է  իր մաշկի վրա` թե´ քաղաքական, թե´ տնտեսական ցնցումների ձևով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը: Նա նշեց, որ ավելի լավ կլիներ,  եթե ընդհանրապես փոփոխություններ չլինեին, քան թե պարզապես տեղաշարժեր. «Եթե Հասմիկ Պողոսյանը մնում է նախարար, եթե Արմեն Աշոտյանը մնում է նախարար , նշանակում է որ Սերժ Սարգսյանը ասում է . «Հայ ժողովուրդ, ինձ բացարձակապես հետաքրքիր չէ, թե դու ինչ ես մտածում կառավարության գործունեության մասին. Ես անելու եմ այն, ինչ մինչև այժմ արել եմ»»:

Քաղաքագետի կարծիքով տնտեսական և քաղաքական ցնցումները ակնհայտ կդառնան արդեն շատ մոտ ապագայում` 2015-ին: Նա երկրի քաղաքական իրավիճակը համեմատեց Ուկրաիայի նախաճգնաժամային իրավիճակի հետ, երբ Յանուկովիչի պաշտոնանկ արվելուց հետո հայտնի  դարձավ, որ գանձարանը դատարկ է. «Շուտով պարզ կդառնա, որ մեզ մոտ վիճակն  ավելի խայտառակ է»: Ըստ քաղաքագետի`  ստեղծված  իրավիճակի միակ լուծումը ժողովրդի դիմադրությունն է:

Քաղաքագետը չուզեց անդրադառնալ ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուն, քանի որ, ըստ նրա, այդ կուսակցությունը տեղ չունի քաղաքական դաշտում. «ՕԵԿ-ը ՀՀԿ դուստր ձեռնարկություն է, որը որոշվեց փակել»:

Խոսելով Հայաստանի Մաքսային միություն մտնելու մասին`  Գեղամ Նազարյանն ասաց, «Սերժ Սարգսյանի` սեպտեմբերին կատարած հայտնի հայտարարությունը անակնկալի բերեց բոլորին, այդ թվում` Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևին. «Մենք գնացինք մի տեղ, որ գոյություն չունի: Ուկրաինայի ճգնաժամից հետո ամեն ինչ էլ ավելի է փոխվել»:

 

 

“Մենք մեծ-մեծ ենք խոսում, սակայն մեր մահակը փոքր է”.ամերիկացի քաղաքագետ

Ուկրաինայում ճգնաժամի առաջացմանը նպաստել է Բարաք Օբամայի ադմինիստրացիան, հայտնել է վաշինգտոնյան հայտնի քաղաքագետ-հանրապետական Դմիտրի Սայմսը: New Republic հրատարակությանը տված հարցազրույցում նա հստակեցրել է, որ ԱՄՆ-ը ճնշում է գործադրել Ուկրաինայի քաղաքական պրոցեսի վրա ու “ճոճել քաղաքական նավակը”, ինչն էլ հանգեցրել է այս վիճակի:

o_906766Սայմսը ենթադրում է, որ Ռուսաստանի ցանկացած արարք չպիտի օգտագործվի որպես արդարացում Օբամայի ոչ կոմպետենտ ադմինիստրացիայի համար, հաղորդում է Россия 24″-ը: Սայմսի կարծիքով, ԱՄՆ-ը իրեն պահում է Շեքսպիրի ողբերգության Լիր արքայի նման.պաթետիկ հայտարարություններ է անում, որոնք ոչ ոք լուրջ չի ընդունում: Իր նյութը, թե ինչու Ռուսաստանը ԱՄՆ-ի հայտարարությունը լուրջ չի ընդունում, Սայմսը վերնագրել է` “Մենք մեծ-մեծ ենք, խոսքում, սակայն մեր մահակը փոքր է”;

“Ուկրաինան Ռուսական  կայսրության  մի մասն է եղել ավելի քան 300 տարի,- հիշեցնում է քաղաքագետը: Ու երբ նրանք որոշեցին առանձնանալ, ապա բոլորը համաձայն էին նման որոշման հետ` դա համարելով օրինական: Իսկ Ղրիմը եղել է Ուկրաինայի կազմում միայն 1954-ից, երբ Խրուշչովը որոշեց այն նվիրել ուկրաինացիներին, ընդ որում, արեց Ուկրաինայի` Ռուսաստանին միավորվելու 300-ամյակի կապակցությամբ: Այն ժամանակ Ուկրաինական ՍՍՀ-ն խորհրդային հանրապետություն էր, Միության անքակտելի մասը: Ու ոչ ոք նույնիսկ մղձավանջային երազում  անգամ չէր տեսել նման իրադարձություններ”:

Անկախ

Եկել է պտուղները քաղելու ժամանակը

Երևանի ավագանու ընտրություններով ավարտվեց ավելի քան  մեկ տարի տևած նախընտրական շրջափուլը: Ու հիմա գլխավոր հարցը ոչ թե հետընտրական զարգացումներն են` ընտրական  գործընթացի «պոչանքը», այլ թե ինչ քաղաքական մթնոլորտ ու առօրյա է սպասվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, և ինչպիսի փոփոխությունների առիթ կամ պատճառ դարձան անցյալ երեք ընտրությունները:

SONY DSCՔաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը, օրինակ, կարծում է, որ հետընտրական Հայաստանի պարագայում մենք խոսում ենք արդեն ավելի կայացած` կայուն իրավիճակի մասին, երբ ընտրական այս ցիկլից հետո ամեն մի քաղաքական ուժ իր ներուժը պետք է կենտրոնացնի ոչ միայն քարոզարշավային տարրերի վրա, այլև առօրյա աշխատանքի, որը պետք է իրականացվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ իշխանական կոալիցիայի մեջ ներկայացված ուժերի կողմից:

«Եթե մենք խոսում ենք խորհրդարանական քաղաքականության մասին, ապա այնտեղ ներկայացված բոլոր ուժերը ներկայացնելու են սեփական քաղաքականությունը. մեծամասնությունն իրականացնելու և զբաղվելու է քաղաքական որոշումների ներկայացմամբ ու ընդունմամբ, իսկ ընդդիմությունը կունենա իրեն բնորոշ քաղաքական հարցերի ներկայացումը, ներառյալ քննադատությունը անհրաժեշտության դեպքում` և՛ սեփական այլընտրանքի ներկայացումը, և՛ հաջորդ ընտրական փուլի նախապատրաստումը, որովհետև  նրանց հետագա աշխատանքը պայմանավորված է լինելու այն աշխատանքով, որ իրականացնում են այս տարիներին»,- նշեց քաղաքագետը:

Մի բան ակնհայտ է. քաղաքական դաշտն այլևս այն չէ, ինչ ընտրական ցիկլի մեկնարկին էր: Ընտրությունները շատ «մանրուքներ» երևակեցին Հայաստանի քաղաքական, ավելի ճիշտ` «պսեվդոքաղաքական» իրականության մեջ: Ու ստացվեց, որ իշխանությունները, վարչաբյուրոկրատական ապարատն ու օլիգարխիան, ընդունենք թե ոչ, արդար որակենք, թե անարդար, մաքուր ու թափանցիկ պրոցեսների ընթացքում ասենք թե կեղծարարության շնորհիվ, այնուամենայնիվ հաղթեցին: Բայց այս դեպքում հաղթեցին ոչ միայն իրենց մրցակից քաղաքական ուժերին ու կուսակցություններին, այլև հասարակությանը: Հաղթեցին թեկուզ հենց նրանով, որ հաջողեցին լռեցնել այդ հասարակությանն ու «գնել» ժողովրդի իշխանությունը: Ու հիմա մի վիճակ է ստեղծվել, որ ամեն ինչ կախված է մեկ մարդուց ու նրա շրջապատից: Ուզենք թե չուզենք, որոշումները մտահղացվում, ընդունվում և շրջանառվում են միայն մեկ հասցեում` Բաղրամյան 26-ում:

Եվ ստեղծված պայմաններում քաղաքական գործընթացները ճկունություն ու հետաքրքիր  շրջադարձերի հնարավորություն առանձնապես չունեն: Զուտ քաղաքագիտորեն`  ընտրություններում առաջացավ մի բևեռացում` իշխանություններ ու ժողովուրդ: Այս պարագայում արդեն նախագահը բացառիկ հնարավորություններ ունի: Որովհետև թույլ ընդդիմության պարագայում օրինաչափ է դառնում, որ վերափոխումները, որոնք պետք է կատարվեին ընդդիմության ճնշման տակ, կատարում է երկրի գլխավոր դեմքը` իր շուրջը համախմբելով իսկական ռեֆորմատորների:

«Եթե նախագահն ու իր  շրջապատն այս պարագայում հանդես գան որպես Հայաստանի ապագայով մտահոգ մարդիկ ու համապատասխան ռեֆորմներով, ապա քաղաքական կյանքը Հայաստանում էվոլյուցիա կապրի: Կարծում եմ` հենց այդպես էլ պետք է լինի, որովհետև մենք ճգնաժամն ու հետամնացությունն այլ կերպ հաղթահարել չենք կարող,-ասում է քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը:-  Հիմա մնում է, որ իշխանությունը դրան ընդառաջ գնա, և պետք է գնա: Համենայն դեպս ,այսօր իշխանություններին պետք է ասել, որ ազգային-հասարակական պահանջ է երկրի արդիականացումը քաղաքակիրթ ճանապարհով` նկատի ունենալով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթը, ծնելիության այս անկումը, ու նաև այն վիճակը, որ ստեղծվել է մեր երկրի սահմանների հարևանությամբ»:

Լևոն Շիրինյան Ըստ նրա, հիմա հասարակությունը պետք է երկրի ղեկավարին հստակ պահանջ ներկայացնի ու ասի` շատ էիր ուզում նախագահ մնալ, մնացիր, դե հիմա այս մարտահրավերները լուծիր: Եվ վստահեցնում է, որ նախագահը կարող է  այդ  գործընթացը գլխավորել: «Այլապես կստացվի, որ ՀՀԿ-ի հաղթանակը թվացյալ է, միակուսակցական համակարգը, որն այս կամ այն կերպ մենատիրություն է առաջացնում և Հայաստանում դա այս կամ այն կերպ կա, կարող է մեզ վերադարձնել, փոքր մոդելի իմաստով, 80-ականների Սովետական Միության «փառավոր» անցյալ, երբ կար կուսակցական մենատիրություն ու կայուն ճահճային վիճակ: Դրա արդյունքը ԽՍՀՄ-ի փլուզումն էր: ՀՀԿ-ն դրանից շատ պետք է վախենա, որովհետև այն կայունությունը, որ իրենք են ուզում, ես այսպես եմ հասկանում,  ճահիճ է և քայքայում: Դա անկում է: Շատ վտանգավոր է այդպիսի կայունությունը: Մենք պետք է հասարակության մեջ փակուղային վիճակի գիտակցությունը չառաջացնենք, որովհեև ճահիճը, փակուղու գիտակցմամբ զուգորդված, բոլորին դատապարտում է մահվան»,-  ասաց Լևոն Շիրինյանը:

Ստացվում է հետաքրքիր պատկեր. Հայաստանում քաղաքական դաշտը պետք է փոփոխություններ կրեր: Նորմալ քաղաքական հարաբերությունների պայմաններում այդ փոփոխությունների պահանջը հասարակությունը քաղաքական ուժերի միջոցով, հատկապես ընդդիմության, պետք է ներկայացներ իշխանություններին, իսկ իշխանություններն էլ պետք է տեղի տային հասարակական ճնշումներին: Բայց  ընդդիմությունը զրոյացավ և ցույց տվեց իր անճարակությունը: Եվ այն փոփոխությունները, որոնք անխուսափելի են, պետք է նախաձեռնի հենց իշխանությունը իր ներսում: Սրա մասին բազմիցս նշել ենք: Եվ իշխանություններն այժմ կանգնած են դժվարին  խնդրի առջև` ինքնամաքրման, որն ավելի ծանր է լինելու, քան արտաքին ազդեցությամբ փոփոխություններ կատարելը:

Բացի այդ, ընտրությունների ցիկլի ավարտը որոշակի շփոթ առաջացրեց կուսակցապետների մեջ: Ընտրությունների արդյունքները, իրենց բացասական բովանդակությամբ հանդերձ, դժվար է թերագնահատել, քանի որ հստակեցրեցին 2017-2018 թթ. իշխանության ժառանգման համար պայքարում ներիշխանական տարբեր ուժերի և դեմքերի մեկնարկային հնարավորությունները, բացահայտեցին ժամանակակից Հայաստանում պետական բյուրոկրատիա- քաղաքական տարր- հասարակություն փոխհարաբերությունների առանձնահատկությունները:

«Հետաքրքիր է, որ վերջին ընտրությունները ցույց տվեցին` ՀՀԿ-ի ներսում որոշակի պրոցեսներ են ընթանում և հին գվարդիան, որը փորձում էր ապացուցել իր անփոխարինելիությունը, տեղի է տալիս, ուժ են հավաքում երիտասարդ թևի ներկայացուցիչները: Որովհետև մենք տեսանք, որ նրանք ավելի «արդյունավետ» գտնվեցին, քան Հովիկ Աբրահամյանի կողմից ղեկավարվող հին գվարդիայի կազմը, որն իր վրա էր վերցրել ԱԺ-ի և նախագահական ընտրությունների անցկացումն ու  բացահայտ ձախողվեց: Գոնե այս անգամ բացահայտ ձախողումներ չեղան քարոզարշավի ընթացքում, ինչպես ԱԺ և նախագահական ընտրությունների ժամանակ: Ինչ վերաբերում է ընդհանուր մթնոլորտին, ապա այն, ինչ տեսնում ենք այսօր, դա իշխանական բյուրոկրատիայից և օլիգարխիայից քաղաքական դաշտի լիակատար կախվածության արդյունք է: Այսինքն` բյուրոկրատիայի և օլիգարխիայի ճիրաններից ազատվելու համար անհրաժեշտ է ձևափոխել հասարակություն-քաղաքական դաշտ փոխհարաբերությունները: Այդ փոխհարաբերություններում քաղաքական դաշտը, որպես դաստիարակիչ, պետք է հայտնվի հանրային վերահսկողության կիզակետում: Միայն հասարակական վերահսկողության շնորհիվ է հնարավոր ազատվել կեղծ ընդդիմադիրների բացահայտման գլխացավանքից: Իսկ իշխանություններն այլևս դհոլների ծառայությանն ապավինելու անհրաժեշտություն չեն ունենա»,- պարզաբանեց քաղաքագետ, ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Այսինքն` հասարակությունը հասկացավ, գիտակցեց, որ որևէ հույս չպետք է կապի քաղաքական դաշտի, կուսակցությունների և ուժերի հետ: Որովհետև այս տեսքով քաղաքական դաշտը չի կարող արտահայտել հասարակության պահանջները: Հասարակությունն այսօր ինքնակազմակերպվելու միտումներ է ցուցաբերում և սեփական հնարավորություններին ապավինելով` բարձրացնելու է իրեն հուզող խնդիրները: Որովհետև քաղաքական դաշտի` որպես հասարակության և իշխանությունների միջև միջնորդի դերն այսօր, մեր իրավիճակում հավասարվել է զրոյի: Ու եթե իշխանությունների ներսում չսկսվի վերոհիշյալ փոփոխությունը, ապա հասարակության ձգտումները, որն ինքնաբուխ զգում է սեփական միջոցներով ինքնակազմակերպվելու և սեփական խնդիրներն առաջ քաշելու անհրաժեշտությունը, կարող են շահարկվել  ապակառուցողական դեմքերի կողմից, ինչն, իհարկե,  ավելի քան վտանգավոր է: