Պետք է մեծացնել գինու արտահանման ծավալները դեպի ռուսական շուկա. տնտեսագետ

DSC00252Քառյակն արդեն 12 կետանոց պահանջներ է ներկայացրել, որոնք կքնարկվեն սեպտեմբերին: Բացի այդ, վերջին շաբաթների ընթացքում ավելացել են մի քանի պահանջներ ևս, որոնք կապված են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման և սահմանամերձ գյուղերում բնակիչներին որոշակի արտոնություններ տալու հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը. «Խոսքը գնում է երկու ուղղությամբ արտոնություններ տալուն. մեկը հողի հարկի ու գույքահարկի արտոնությունների մասին է, մյուսը փոքր և միջին բիզնեսի արտոնագրային վճարների գործակիցների իջեցումը՝ գրեթե զրոյի հավասարեցնելով», – ասաց նա՝ հավելելով, որ կա ևս մեկը մտահղացում՝ մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ տարածքներում, արդյունաբերական գոտիներ ձևավորելու մասին: Այս օրենքի նախագիծն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

«Գործող օրենքները պետք է համապատասխան լինեն կյանքի պահանջներին: Սահմանամերձ գյուղում հեշտ չի ներդրում կատարելը, բայց մենք պետք է ստիպենք մեզ հասկանալ, որ այդ ներդրումը պետք է կատարվի: Այն մարդիկ, ովքեր մնացելեն սահմանամերձ գոտիներում, էլ չեն գնալու: Նրանք ամենահայրենասեր մարդիկ են», -ընդգծեց խմբակցության անդամը:

Անդրադառնալով Արևմուտքի և Ռուսաստանի փոխադարձ պատժամիջոցներին և արգելքներին, տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը, ով նույնպես ներկա էր հանդիպմանը, նշեց, որ Հայաստանը կարող է օգուտ քաղել այդ իրավիճակից գյուղատնտեսական ապրանքներ, ինչպես նաև՝ գինի արտահանելով Ռուսաստան: «Անցյալ տարի Հայաստանը արտահանել է 22.000 հազար տոննա ծիրան, այս տարի՝ 1,800 տոննա, անցյալ տարի 64-65 տոննա բանջարեղեն, այս տարի նախատեսվում է թիվը դրան հասցնել: Իսկ եկող տարի այդ թիվը պետք է հասնի 100-120 հազար տոննայի, ինչը մեր արտահանման ծավալները կմեծացնի մոտավորապես 80-90 միլիոն դոլարով»,- նշեց տնտեսագետը:

Վազգեն Սաֆարյանը կարևորում է հատկապես գինու արտահանումը Ռուսաստան, որտեղ վերջերս արգելվել է նաև մոլդովական գինու ներկրումը. «Երբ արգելվեց վրացական գինու ներկրումը ռուսական շուկա, հայ արտադրողները չկարողացան այդ իրավիճակից օգտվել, քանի որ դեռևս պատրաստ չէին դրան: Եթե կառավարությունը պետություն- մասնավոր բիզնես համագործակցությունը ավելի ճկուն իրականացնի, հնարավոր կլինի հասնել հաջողության»,-նշեց նա:

 

Անկախ

Քառյակը աշնանը հակահարված կտա իշխանություններին. Ռուբեն Հակոբյան

ՔառյակԱԺ-ի ոչ իշխանական ուժերը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեցին իրենց դիրքորոշումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ ընդունած որոշման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ երեկ ՀԾԿՀ-ը հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագինը, ըստ որի՝ բնակչության համար 1 կՎտ/ժ էլեկտրաէներգիան օգոստոսի 1-ից կթանկանա 10%-ով կամ 3,85 դրամով:

Քառյակի անդամները հայտարարեցին, որ այդ որոշումը քաղաքական էր: Ըստ նրանց` դա երկիրը տնտեսական աղետների առջև  է կանգնեցնելու, և Քառյակը պատրաստակամ է պայքարել այդ որոշումը չեղյալ համարելու համար:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը իր դերի մեջ չէ. նա չի կատարում օրենքով նախատեսված քայլերը: Գերակա պետք է համարվեն ժողովրդի շահերը, սակայն սա երբեք չի իրականացվում», – ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ընդգծելով, որ Հայաստանի տնտեսության փլուզված լինելը ակնհայտ է, սակայն իշխանություններին դա քիչ է հետաքրքրում. «Իշխանությունները ունեն ֆինանսների կարիք: Դրա աղբյուր կարող են լինել 2-ը. կորզել ժողովրդից և երկրորդը` դրսից պարտքեր վերցնել: Վերջին տարիներին արտաքին պարտքը մեծ չափսերի է հասել», -ասաց նա:

«Մենք որոշում դեռ չունենք քայլերի հետ կապված»,- իր հերթին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` անդրադառնալով քառյակի ծրագրերին: «Այս թանկացման արդյունքում գնաճ ու արտագաղթ է տեղի ունենալու: Գուցե անհույս լավատեսություն է, որ փորձենք համոզել իշխանություններին հետ կանգնել այդ քայլից, բայց փորձելու ենք»,- նշեց  նա` հավելելով, որ իրենք արդեն մի քանի միջոցներ քննարկել են, որոնցից մեկը Սահմանադրական դատարան դիմելն է:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ աշնանը իրենք իշխանություններին արժանի հակահարված կտան:

 

 Անկախ

Քառյակը հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որին միացել է նաև ՕԵԿ-ը

Քառյակ«Ազգային ժողովում այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում Ազգային ժողովի  ղեկավարությունը բազմիցս խախտեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը՝ սահմանափակելով խմբակցությունների և անհատ  պատգամավորների իրավունքները: Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս  նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձեցին կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը,  առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննակումների՝ խախտելով իրավական բոլոր  ընթացակարգերը խորհրդարանին պարտադրեց վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:  Արտահերթ  նստաշրջանի  այս փաթեթում ընդգրկված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքական ուժերի կողմից մերժված  «Կուտակային կենսաթոշակային  համակարգի մասին»  օրինագիծը, որը փորձ արվեց անցկացնել Իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև Ազգային ժողով կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը  թե քաղաքական, թե իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մամինը, ինչը լրջորեն խարխլում է մեր  պետականության հիմքերը: Ոչ իշխանական ուժերը հայտարարում են, որ կուտակային կենսաթոշակների վերաբերող  օրենսդրական քննարկումն ու քվեարկությունը անվավեր են, մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության  այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ  շարունակելու ենք պայքարել սահմանադրական դատարանի որոշման ամբողջական կիրառման համար», – հայտարարության այս տեքստով այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հանդես եկան ԱԺ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները: Տեղեկացնենք, որ  ՕԵԿ-ը նույնպես միացել է քառյակի վերոգրյալ հայտարարությանը։

Անկախ

Առաջարկում եմ Սփյուռքի նախարարութունը անվանափոխել և դարձնել Ներգաղթի նախարարություն. Լևոն Շիրինյան

Լևոն Շիրինյան“Քառյակի  պահանջները, մասնավորապես 12 կետերն արդեն ծամծմված թեմաներ են, որոնցից ժողովուրդն հոգնել է:   Քառյակը կարող էր արմատական փոփոխությունների պահանջ ներկայացնել, սակայն նա դա չի անում: Այն խուսափում է դիմել ժողովրդին, համագործակցել նրա հետ, Քառյակը պետք է գիտակցի, որ   առանց հասարակության պահանջի այս երկրում ոչինչ չի փոխվի”, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նա ընդգծեց, որ, եթե  Հայաստանում որևէ կուսակցություն որոշի Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ իրականացնել,   ապա ժողովրդի զգալի մասը կկանգնի հենց  այդ ուժի կողքին և հաղթանակը կլինի նրանը:

 

Քաղաքագետը նշեց` Քառյակը, որն իրեն կնքել է “ոչ իշխանական ուժ”,  մանիպուլյացիա է  անում. “Ո՛չ քառյակն է փոխվում, ո՛չ էլ իշխանության որակը.  այն  կուսակցությունները, որոնք խորհրդարանում են,  իշխանություն են: Սա ընդամենը քաղաքական մանիպուլյացիա է և ունի որոշակի նպատակ: Նրանք այդ  “ոչ իշխանական”անվամբ ապահովագրում են իրենց. եթե Հայաստանում ոչ մի փոփոխություն չլինի, նրանք դրա համար պատասխանատվություն  չեն կրի”:

Ըստ Շիրինյանի`  քառյակից  չափավոր կեցվածք ունեցող քաղաքական ուժը “Բարգավաճ Հայաստանն” է. Այն  իրեն այլընտրանք է անվանել, սակայն նույն ընդդիմությունն է. “Եթե “Բարգավաճ Հայաստանը” ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մոդելը որդեգրի,  ապա կարող է հասնել Հայաստանում  արդյունավետ  փոփոխությունների:  Եթե այդ կուսակցությունը  դիմի Հայաստանի  միջին խավին և հստակ աշխատի մեր երկրի  արդյունաբերության և գիտության վերականգման ուղղությամբ, ապա հստակ հաջողություններ կգրանցի,  կբացվի  նախագահական ընտրությունների ճանապարհ, որի արդյունքում հաղթանակ կգրանցի”:

 

Շիրինյանի կարծիքով` Հայաստանում փոփոխություններ կատարելու և ճգնաժամից դուրս գալու լավագույն ճանապարհը ներգաղթը խրախուսելն է. “Առաջարկում եմ Սփյուռքի նախարարութունը անվանափոխել և դարձնել Ներգաղթի նախարարություն”,- ասաց  նա` նշելով, որ անհնարին ոչինչ չկա “Այդ քայլը կնպաստի ներգաղթի աճին. Թայվանում 30-40 հազար քառ. կմ տարածքում ապրում է ավելի քան 20 մլն մարդ: Հայաստանում էլ է դա հնարավոր”:

 Անկախ