Օպերայի և բալետի թատրոնը՝ մշակութային մաֆիայի զոհ

Aram_Khchaturyan_Monument_in_Yerevan-1024x682Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության մեջ շրջադարձային եղավ այս տարվա փետրվարի 10-ը, երբ հայտնի դարձավ, որ թատրոնի արտիստներն ՙԱնուշ՚ օպերայի ներկայացումից առաջ որոշել են բոյկոտել այն և բեմ դուրս չգալ: Պատճառը կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի դեմ բողոքն էր, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ բողոքի պատճառները շատ ավելին են և ներխոհանոցային բնույթ ունեն: Ակնհայտ էր, որ թատրոնի ներսում անառողջ մթնոլորտ է:

Դրան հաջորդեց թատրոնի տնօրենի հրաժարականը: Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարվեց մրցույթ, որին դիմեց 9, սակայն ներկայացավ 7 մասնակից: Մրցույթի երկրորդ` հարցազրույցի փուլ անցավ 3 թեկնածու` կոմիտասագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը և հանրությանը գրեթե անհայտ Անդրանիկ Արզումանյանը: Վերջինիս մասին միայն հայտնի էր, որ նա երկար տարիներ աշխատել է Եգիպտոսում որպես Ռուսաստանի մշակույթի կենտրոնի ղեկավար և մի քանի տարի առաջ վերադարձել է Հայաստան` ՙընտանեկան խնդիրների բերումով՚: Իսկ թե ինչով է զբաղվել Հայաստանում այդ մի քանի տարիներին, անորոշ է: Նաև պարզվեց, որ նա միաժամանակ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մասնագիտությամբ՝ արաբագետ, իսկ երաժշտության հետ որևէ առնչություն չունի:

manasyanԻնչևէ, հարցազրույցի փուլը հաղթահարեցին Գագիկ Մանասյանն ու Անդրանիկ Արզումանյանը: Հետաքրքիր է, որ հարցազրույցի փուլում արդեն անակնկալ արդյունքներ գրանցվեցին: Անդրանիկ Արզումանյանը փուլը հաղթահարեց 9 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, Գագիկ Մանասյանը՝ 7 կողմ, 5 դեմ:

Երկու մրցակիցներից լավագույնին ընտրելու ՙծանր գործը՚ մնաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուսերին: Եվ որքան էլ հանրության համար անակնկալ էր, Պողոսյանը նախապատվությունը տվեց հանրությանն անհայտ Անդրանիկ Արզումանյանին:

Եվ ահա Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ առանց այն էլ իրավիճակը լարված էր, թևակոխեց զարգացման նոր փուլ, և հիմա ոչ ոք չգիտի, թե ինչ ապագա է սպասում թատրոնին:

Մեզ հետ զրույցում, սակայն, թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանն ուրախ տոնով հայտնեց, որ այսօր նոր տնօրենի աշխատանքային առաջին օրն է, և նա շատ հաճելի տպավորություն է թողել աշխատակազմի վրա: Նա տեղեկացրեց նաև, որ առաջիկայում տնօրենը հանդես կգա առաջին մամլո ասուլիսով: Թատրոնի գեղարվեստական գծով փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանն էլ պակաս ոգևորված չէր: Նրա խոսքով՝ թատրոնում այս պահին գերազանց վիճակ է: Փոխտնօրենը խոստովանեց, որ օպերայի թատրոնում միշտ էլ շատ խնդիրներ են եղել, բայց հույս հայտնեց, որ դրանք կլուծվեն: Այն դիտարկմանը, որ նոր տնօրենին հանրությունը, այդ թվում և մշակութային, գրեթե չի ճանաչում, և նրա կենսագրությունը հավատ չի ներշնչում, Գրիգորյանն ասաց, որ չի կարծում, թե դա կխոչընդոտի թատրոնի աշխատանքները. ՙԱշխատանքը ցույց կտա, թե ինչ կլինի ապագայում՚,- ամփոփեց նա:

Այնուամենայնիվ, թատրոնի արտիստներից ոմանք իրենց մտահոգությունը հայտնեցին, որ իրավիճակը թատրոնում իսկապես անորոշ է, քանի որ իրենք չգիտեն, թե ում հետ գործ ունեն: Նշենք նաև, որ Անդրանիկ Արզումանյանի թեկնածությանը դեմ էին քվեարկել հանձնաժողովի անդամներ Կարեն Դուրգարյանը՝ թատրոնի երաժշտական ղեկավարը և գլխավոր դիրիժորը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը:

Իսկ Գագիկ Մանասյանը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ ինքը չափազանցրել էր ազատ և արդար մրցույթի անցկացման իր սպասումները: ՙԵս հետո հասկացա, որ Հայաստանում ոչինչ չի կարող արդար լինել: Հասկացա, երբ մի պաշտոնյա ինձ ասաց, որ ուզում են դրսից նոր մարդիկ բերել: Հիմա ես ի՞նչ մեղավոր էի, որ մութ ու ցուրտ տարիներին չէի գնացել էս երկրից, փոշմանե՞մ դրա համար՚:

Գագիկ Մանասյանի խոսքով՝ ինքը որոշել էր դիմել այդ մրցույթին՝ անկեղծորեն ցանկանալով հաղթելու դեպքում փոխել թատրոնի մթնոլորտը, իսկ որ դա իրեն կհաջողվեր` գրեթե կասկած չունի. ՙՕպերան այսօր ներսում խմբերի է բաժանված, աշխատողները մարդկային կոնտակտի կարիք ունեն, պետք է սիրեն իրար: Եթե սեր չդնես, ոչինչ չի ստացվի: Ինձ բոլորը գիտեն, ես ամեն տեղ խաղաղության աղավնի եմ, փորձում եմ հաշտեցնել մարդկանց, համերաշխություն մտցնել: Իմ աշխատողները, որոնք մոտ 300-ն են, ինձ սիրում են, ու երեկ, երբ իմացել են` ես չեմ անցել, քեֆ են արել: Անգամ զավեշտալի բան ասեմ՝ մի խումբ աշխատողներ իմ քննության օրը գնացել են եկեղեցի, մոմ են վառել, որ հանկարծ հաջողություն չունենամ: Այնպես որ, կոլեկտիվն ինձ սիրում է, ես էլ իմ կոլեկտիվն եմ սիրում, ու երևի թե բարին սա էր՚:

Այնուամենայնիվ, Մանասյանին մտահոգում է իշխանությունների որդեգրած ՙդրսից մարդ բերելու՚ քաղաքականությունը, որը, ըստ նրա, ուրիշ ոլորտներում նույնպես կիրառվելու միտում ունի, և իհարկե ձևական մրցույթների անցկացումը: Ինչ վերաբերում է իրեն հաղթած մրցակցին, ապա անգամ մրցույթից առաջ է իմացել, որ նրան են նշանակելու, սակայն որոշել է պայքարել՝ հավատալով արդարությանը:

Իսկ կասկածները խորացել են, երբ հանձնաժողովի մի շարք անդամներ, որոնք իր ընկերներն են, լավ գիտեն իր անցած ուղու, իր կենսագրության մասին, դեմ են քվեարկել իր թեկնածությանը:

Հիշեցնենք, որ Գագիկ Մանասյանը Հայաստանի պետական Ֆիլհարմոնիան ղեկավարում է 2006 թվականից: 2009-ից նա ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրային խորհրդի անդամ և ղեկավարում է ՀԽ մշակույթի հանձնաժողովը: ՀՀ վաստակավոր գործիչ է:

Մանասյանը, որ մշակույթի ոլորտում բավականին մեծ կապեր ունի, մինչ այդ երբևէ չէր լսել իր մրցակցի մասին: Բոլորի պես միայն իմացել է, որ նա Եգիպտոսում ռուսական մշակութային կենտրոն է ղեկավարել: ՙԿլուբի վարիչ է եղել, ոչ ավելին՚,-բնութագրում է նա:

Ինչպես Մանասյանը, այնպես էլ մշակութային հանրության լայն շրջանակներում կարծում են, որ Անդրանիկ Արզումանյանի նշանակումը պայմանավորված է Հասմիկ Պողոսյան-Արմեն Սմբատյան համագործակցությամբ: Արմեն Սմբատյանը ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրենն է, և ըստ շրջանառվող լուրերի՝ հենց նա է մշակույթի նախարարի ստվերային հրահանգիչը շատ ու շատ որոշումներում: Շրջանառվում է նաև այն տեղեկությունը, որ Սմբատյանն էլ փոխարինելու է Պողոսյանին` մշակույթի նախարարի պաշտոնում:

загруженное (1)Ի վերջո, ո՞վ է Անդրանիկ Արզումանյանը և կկարողանա՞ բարեփոխել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, վերականգնել մարդկային խզված հարաբերություններն ու հաստատել ստեղծագործական, համերաշխ մթնոլորտ. այս հարցերն այսօր պատասխան չունեն թե հանրության շրջանում, թե° Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Իսկ թատրոնը փորձաքար դարձնելն ու ինչ-որ մարդկանց անձնական շահերին սպասարկելը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ այս կարևորագույն մշակութային օջախի համար:

Թատրոնի պաշտոնական կայքում, ցավոք, դեռևս նախկին տնօրենի տվյալներն ու կենսագրությունն են, ուստի մեզ չհաջողվեց գոնե այդ միջոցով ծանոթանալ նոր տնօրենի անցած ճանապարհին և հասկանալ, թե վերջապես ինչ ներդրում է ունեցել այդ մարդը հայ մշակույթի զարգացման և ընդհանրապես մշակույթի զարգացման ոլորտում, որ նման անվանի թեկնածուներից, որոնցից մեկն էլ, օրինակ, ՀՀ ժողովրդական արտիստ, հանրահայտ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էր, հենց նրան վստահվեց երկրի գլխավոր թատրոնի ղեկը:

 

Անկախ

 

 

 

 

«Ապակողմնորոշում եք ողջ հասարակությանը». մշակույթի նախարարը` Շուշան Պետրոսյանին

загруженноеՀանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հարցը:

Նա ասաց, որ ճանաչում է այդ պաշտոնի համար դիմած ինը թեկնածուներին, և նրանցից մի քանիսին անգամ համարում մշակութային արժեք: «Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվելու տնօրենի ընտրության հարցում»,-հետաքրքրվեց պատգամավորը մշակույթի նախարարից` միաաժամանակ նկատելով, որ նախընտրելի է նրանցից մեկը, որը ծանոթություն և միջազգային լուրջ աշխատանքային փորձ ունի:

Հասմիկ Պողոսյանը նախ հիշեցրեց, որ առաջնորդվում է ոչ թե ինքը, այլ  ՊՈԱԿ-ի մասին օրենքը և հանձնաժողովը, որը ստեղծվելու է այդ նպատակով: «Անշուշտ ամենակարևորը լինելու է այն, թե ինչ հայեցակարգ են ներկայացնելու թեկնածուները»,-ասաց նախարարը` նկատելով, որ իր համար անհասկանալի է այն, որ քննարկում են թեկնածուների ով, ինչ լինելը, մինչդեռ մի ոլորտի գիտելիքներն այս դեպքում բավարար չեն, և որ կառավարման ոլորտը այլ պահանջներ էլ է ներկայացնում:

Շուշան Պետրոսյանն արձագանքեց, որ ինը թեկնածուներից միայն մեկն է ներկայացրել հայեցակարգ, ինչը նախարարին խիստ վրդովեցրեց. «Խնդրում եմ այդպիսի հայտարարություններ չանեք, որովհետև ապակողմնորոշում եք ողջ հասարակությանը»:

Նախարարը հայտնեց, որ բոլոր թեկնածուների ներկայացրած փաստաթղթերի փաթեթի մեջ ներառված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում նաև հայեցակարգերը. «Այլ խնդիր է, որ մեկը որոշել է մինչ այդ հանրայնացնել իր ծրագիրը»,-ասաց նա:

Հասմիկ Պողոսյանը հորդորեց այս հարցում լինել մի քիչ զգույշ ու հանգիստ, քանի որ առաջին անգամն է, որ  ընտրվում է և ոչ թե նշանակվում Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն:

 

Անկախ

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրինությունը ստանձնելու ցանկություն է հայտնել մի հզոր անհատականություն

բարսեղ

Թատերագետ Լևոն Մութաֆյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

“Այսօր լրացավ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին մասնակցության հայտերի ընդունման ժամկետը…
Ինչպես վաղօրոք հայտարարել էի, ցանկանում էի մասնակցել մրցույթին, սակայն…
Նախարարություն գնալու ճանապարհին ես տեղեկացա, որ մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհահռչակ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ:
Ես առավել քան երջանիկ եմ, ուրախ: Իմաստ չունի մասնակցել մի մրցույթի, ուր կա անառարկելի թեկնածու՝ ի դեմս ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ:
Համոզված եմ, որ մյուս բոլոր թեկնածուները պետք է ինքնաբացարկ հայտնեն, որովհետև ցանկություն է հայտնել թատրոնի տնօրինությունը ստանձնել մի հզոր անհատականություն, համաշխարհային հռչակի մարդ, որի միայն ներկայությունը մեր թատրոնում արդեն երևույթ կլինի:
Հատկապես մշակույթի ոլորտում մրցույթները միշտ էլ «առեղծվածային»  են, սակայն համոզված եմ, որ մրցութային հանձնաժողովը ծափերով պիտի ընդունի Բարսեղ Թումանյանին և նրան խնդրի ղեկավարել թատրոնը:
Բարսեղ Թումանյանի մուտքով մեր օպերային թատրոնը կվերագտնի իր ընթացքը, այն իսկապես թատրոն կդառնա, մենք կհպարտանանք մեր թատրոնով: Վերջապես թատրոնը կղեկավարի մեծ պրոֆեսիոնալը:
Վստահ եմ, որ մշակույթի նախարարությունն այս պահին ցնծության մեջ պիտի լինի, որովհետև արհեստավորներին փոխարինելու է գալիս ՄԵԾ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺԸ, համաշխարհային ճանաչում ունեցող անհատականությունը:
Բարի երթ, ՍԻՐԵԼԻ ԲԱՐՍԵՂ”:

 

Անկախ

Լարված մթնոլորտ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. տնօրենն ու փոխնախարարը ժողով են անցկացրել դժգոհ աշխատակիցների հետ (լրացված)

օպերա

Քիչ առաջ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց, թե այսօր ինչ ժողով է եղել և ինչ հարցեր են քննարկվել` կապված երեկ թատրոնի արտիստների կողմից իրականացված բողոքի ակցիայի հետ:

Նրա խոսքով` կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքը զայրացրել է երիտասարդությանը, իսկ իրենց թատրոնում մեծ քանակ են կազմում երիտասարդները (200-ից ավելի արտիստներ`միայն ստեղծագործական կոլեկտիվներում):

Տնօրենը հայտնեց, որ չնայած երիտասարդները բորբոքված են, իրենք ժողովի ընթացքում բացատրական աշխատանքներ են կատարել` ասելով, որ իրենց գումարները պահվել են, բայց ոչ մի տեղ չեն փոխանցվել, պարզապես սպասում են Սահմանադրական դատարանի մարտի 28-ի որոշմանը. “Այդ գումարները էլի մերն են, Սահմանադրական դատարանը ինչպես կորոշի, մենք այդպես էլ կվարվենք,-ասաց Հովհաննիսյանը` նշելով, որ այդտեղ որևէ հակասահմանադրական բան չկա,-եթե մարտի 28-ին որոշվի, որ դա պարտադիր է, մի մարդուց երեք ամսվա գումար պետք է պահվի, էն ժամանակ ավելի զգալի կլինի, քան հիմա: Իսկ եթե Սահմանադրական դատարանը հակառակը կորոշի, այդ գումարները թատրոնում են, անմիջապես հաջորդ օրը բոլորն իրենց գումարները կստանան”:

Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխատողների աշխատավարձերին, տնօրենի խոսքով` իրենք խոստացել են աշխատավարձերը բարձրացնել և հունվարի 1-ից 20 տոկոսով բարձրացրել են. “Բայց աշխատողները չեն ստացել, կստանան փետրվարի աշխատավարձի հետ միասին: Դա մի քիչ աշխատատար աշխատանք է, թատրոնում կան կատեգորիաներ, ամեն կարգն ըստ իր չափի պետք է բարձրանա, պետք էր հաշվարկներ անել, և ուղղակի հնարավոր չէր հունվարին վերջացնել”

Տնօրենը նաև նշեց, որ փետրվարի 23-ին “Անուշը” կներկայացվի հանրությանը, և այն մարդիկ, որոնք տոմս էին գնել երեկվա համար, կարող են այդ օրը մասնակցել:

Ի դեպ, Կամո Հովհաննիսյանը նկատեց, որ իր կարծիքով` թատրոնի արտիստների երեկվա քայլը արտիստին վայել չէր: “Ամեն մարդ պետք է իր կարծիքը հայտնի, բայց հանդիսատեսը չպետք է տուժի դրանից”,-ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ հանդիսատեսը ողջունել է այդ քայլը, Հովհաննիսյանը գլխով համաձայնեց:

“Ես նորություն ասած չեմ լինի, որ մեր հանրապետությունում կա սոցիալական հարց, աշխատավարձերի պակաս լինելու հարց, դա կա, իսկ ես իմ կոլեկտիվի հետ եմ, պետք է իրար հետ լինենք”,-նշեց նա նա:

Թատրոնի ներսում տիրող իրավիճակը տնօրենը կեսկատակ կեսլուրջ որակեց թույլից չափավոր. “Աշխատում ենք իրավիճակը կայունացնել, որովհետև երիտասարդության մեծ քանակ կա մեզ մոտ, և նրանց հետ բացատրական աշխատանքներ է պետք տանել, տեսնենք ինչ կստացվի”:

Կամո Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք նաև, թե որպես ՀՀ քաղաքացի ինչ կարծիք ունի կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ: Նա ասաց, որ եթե համակարգն իր վրա տարածվեր, ապա մեծ հաճույքով կօգտվեր դրանից: Նա բերեց երջանկահիշատակ Օհան Դուրյանի օրինակը` պատմելով, որ երբ վատ տարիներին Հայաստանում երկու-երեք ամսով աշխատավարձերն ուշացնում էին, մաեստրոն Ֆրանսիայից չորս հազար դոլար թոշակ էր ստանում` իր կյանքի ընթացքում կուտակած լինելով: Կամո Հովհաննիսյանը հավատում է, որ Հայաստանում նույնպես դա կաշխատի` թեկուզ 30 տարի անց:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մուտքի մոտ մի քանի ժամ շարունակ մի խումբ լրագրողներ` այդ թվում “Անկախ”-ի թղթակիցը, փորձում էին պարզել, թե ինչ է կատարվում ներսում:

Բանն այն է, որ թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյաի և մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի մասնակցությամբ ներսում ժողով էր ընթանում: Սկզբում թատրոնի շենքից դուրս եկող աշխատակիցներն արագ անցնում են` որևէ հարցի չպատասխանելով: Մի երիտասարդ աշխատակից էլ  զայրացած դուրս եկավ`  լրագրողներին ասելով` արդեն ուշացել եք, և հեռացավ:

Ակնհայտ էր, որ ներսում ժողովը բուռն է, սակայն հայտնի չէր, թե ինչ է մասնավորապես քննարկվել:

Հետաքրքիրն այն է, որ երեկ ակցիային բուռն կերպով իրենց իրավունքները պաշտպանող արտիստներն այսօր խոսքները մեկ արած չէին պատասխանում լրագրողների հարցերին և կարծես փախչում էին տեսախցիկներից ու ձայնագրիչներից:

Կցկտուր խոսքերից պարզ դարձավ միայն, որ քննարկմանը խոստացել են լուծել նրանց աշխատավարձերի բարձրացման հարցը: Ինչ վերաբերում է կենսաթոշակային պահումներին, ապա երիտասարդներից մեկի խոսքով` պայքարը շարունակվելու է, և իրենք բոլորը ստորագրելու են: Հարցին, թե ինչ են ստորագրելու, նա այդպես էլ չպարզաբանեց:

Շենքից դուրս եկողների մի մասն էլ նշում էր, որ իրենց խնդիրները լուծելու են ներսում, և որ դա իրենց ներքին խոհանոցն է: Այնուամենայնիվ, եղան մարդիկ, որոնք նշեցին, որ պետք է պայքարեն իրենց խնդիրների լուծում տալու համար, քանի որ ժողովի ընթացքում հնչած խոստումներն իրենց չեն բավարարել:

Քիչ անց շենքից դուրս եկավ նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նրա խոսքով` մեր օպերայի և ընդհանրապես արվեստի խնդիրներով շատ անհանգստացած են և ամեն ինչ պետք է անեն, որ բոլորը գոհ լինեն` միաժամանակ նշելով, որ առայժմ որևէ կոնկրետ լուծում չկա: “Ես հավատում եմ, որ ամեն իչ լավ է լինելու,-ասաց Խառատյանը,- բա ինչի համար ենք աշխատում, ինչի համար ենք 8 ժամ մարզում էս մարդկանց, որ բալետի որակը բարձրանա, որովհետև էսօր ազգի դեմքը էս արվեստն է”:

Անկախ-ի տեղեկություններով` աշխատավարձերի հարցը թատրոնում բարձրացել է դեռևս նախորդ տարի: Ըստ մեր աղբյուրի` բարձրացում եղել է, սակայն չի հասել աշխատողին,և  աշխատակիցները երեկ հասկանալով, որ կրկին խոստացված բարձր աշխատավարձի փոխարեն ստացել են դեռ մի բան էլ պահումներով աշխատավարձ, ներկայացումից մոտ մեկ ժամ առաջ միավորվել են և որոշել բոյկոտել այն` հրաժարվելով մասնակցել ներկայացմանը, ինչի հետևանքով «Անուշ» օպերայի ներկայացումը երեկ ձախողվել էր:

Հարցին, թե այն երբ է բեմադրվելու, մասնակիցներից ոչ ոք հստակ պատասխան չտվեց:

Այդպես էլ որևէ հստակ տեղեկատվություն չստանալով տեղի ունեցող ժողովի, ինչպես նաև թատրոնի ղեկավարության և աշխատակիցների հետագա անելիքների մասին` լրագրողները պահանջեցին, որպեսզի թատրոնի ղեկավարությունը հանդես գա պաշտոնական հաղորդագրությամբ կամ ճեպազրույցով և ներկայացնի ժողովի ընթացքում բարձրացված հարցերն ու արդյունքները:

 

Անկախ