ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ…Երբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է:

ԱՐՏԵՄ  ՄԻԿՈՅԱՆ

Կան անհատներ, ովքեր համաշխարհային ճանաչում ունենալով, համարվում են ազգի, ժողովրդի պարծանքն ու այցեքարտը: Նման անհատներից է աշխարհահռչակ ավիակոնստրուկտոր, ԽՍՀՄ ինժեներատեխնիկական զորքերի գեներալ-գնդապետ, ԽՍՀՄ ռեակտիվ ավիացիայի հիմնադիրներից, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծող Անուշավան (Արտեմ) Հովհաննեսի Միկոյանը:

Արտեմ Միկոյանի կոչումները թվարկածով չեն ավարտվում. նա ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս է (1968), Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս, վեց անգամ արժանացել է Ստալինյան մրցանակի, Լենինյան մրցանակի դափնեկիր, Կարմիր դրոշի շքանշանակիր, Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանակիր,  ինչպես նաև` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 3-8-րդ գումարումների պատգամավոր է եղել…

Արտեմ Միկոյանի գլխավորությամբ մշակված ու նախագծած ինքնաթիռներով համաշխարհային շուրջ 60 ռեկորդ է սահմանվել, որոնց մի զգալի մասը մնում է չգերազանցված:

Մեծ հայորդին ծնվել է 1905 թվականի հուլիսի 23-ին Լոռու Սանահին գյուղում, ատաղձագործ Հովհաննես Միկոյանի ընտանիքում:

Միկոյանների ընտանիքը բազմանդամ էր. Անուշավանը ընտանիքի հինգերորդ զավակն էր: Հայրն աշխատում էր Ալավերդու պղնձի կոմբինատում, մայրը` Թալիդան, համագյուղացիների պատվերով կար էր անում:

Խոսելով իր ընտանիքի մասին, մեծ ավիակոնստրուկտորը հետագայում ժպիտով պատմում է մի զավեշտալի դեպք: Սանահին գյուղում ընդունված ու հաստատված էր, որ երեխային մկրտելու համար քահանային վճարում էին մեկ ռուբլի: Սակայն չգիտես ինչու, այս անգամ նորածնին մկրտելու համար ծխական քահանան կրկնակի վճար է ուզում, և հայրն ստիպված էր վճարել…

Անուշավան Միկոյանի մանկությունն անցավ հայրենի գյուղում` Լոռվա սարերում: Ընտանիքի հոգսը թեթևացնելու համար պատանին այծերն էր արածեցնում գյուղի անտառներում: Նա նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում: Հետագայում նրա ուսուցիչ  Հովսեփ Գալստյանը լավ էր հիշում իր աշակերտին․

– Նա հետաքրքրությամբ, կարելի է ասել, սիրով էր հաճախում դպրոց։ Քամու նման արագաշարժ էր, բայց շատ ուշադիր։ Երբեք թույլ չէր տալիս իրեն հանկարծակիի բերել։ Սովորում էր նախանձելի ջանասիրությամբ։ Ինչ-֊որ արտակարգ շնորհք ուներ ըմբռնելու, կռահելու, թե ի՞նչ պետք է անել հետո:

1918 թվականին մի դիպված կանխորոշեց Անուշավան Միկոյանի ճակատագիրը: Թուրքական բանակը գրավել էր Լոռին: Սանահինի բնակչությունը քաշվել էր սարերը: Ամառային մի օր, սարերում հարկադրաբար վայրէջք է կատարում ՙՖարման՚ տիպի մի ռազմական ինքնաթիռ: Մինչ օդաչուն կարգի էր գցում շարժիչը, երեխաները շրջապատել էին ինքնաթիռն ու հետաքրքրությամբ զննում էին այն: Այդ օրվանից պատանին ուխտեց, որ պետք է թռչի…

1919 թվականին, հոր մահից հետո տակավին պատանի` հաստատվել է Թիֆլիսում, իր բարեկամուհի Վերգինե Թումանյանի տանը և այնտեղ շարունակել ուսումը: Շուտով սակայն, 1923 թվականին տեղափոխվել է Դոնի Ռոստով, ավագ եղբոր` Անաստաս Միկոյանի մոտ ու սովորել Դոնի Ռոստովի արհեստագործական ուսումնարանում: Ուսումնարանն ավարտելուց հետո Անուշավան Միկոյանն աշխատանքի է անցնում Կրասնի Ակսայ գործարանում որպես խառատի աշակերտ: Սակայն արհեստավոր դառնալը չէր նրա մղումը: Նա ուսման ծարավը հագեցնելու համար ուզում էր տեղափոխվել Մոսկվա և 1924 թվականին ուղևորվում է մայրաքաղաք: Եղբոր միջամտությամբ նրան ընդունում ու ապաստան է տալիս Ստեփան Շահումյանի այրին` Եկատերինա Սարգիսովան:

Մոսկվայում Միկոյանը  ընդունվեց աշխատանքի, հրաժեշտ տվեց Շահումյանի այրուն, բայցև հրաժարվեց տեղափոխվել եղբոր` Անաստաս Միկոյանի բնակարան ու հաստատվեց գործարանի դռնապանի տան խոհանոցի մի անկյունում:

Զրկանքներն ու ծանր աշխատանքը անհետևանք չմնացին: Անուշավանը հիվանդացավ թոքախտով` այն ժամանակվա համար վտանգավոր հիվանդություն:

Որոշ ժամանակ որպես խառատ աշխատելուց հետո 1928 թվականից Անուշավան Միկոյանը ծառայում է խորհրդային բանակում, մեկ տարի անց ուսման անցնում Օրյոլ քաղաքի տանկային ուսումնարանում, որ կազմավորել էր Սուրեն Ստեփանի Շահումյանը, ապա զորացրվելուց հետո Սուրեն Շահումյանի խորհրդով ընդունվում և 1936 թվականին ավարտում է Մոսկվայի Ժուկովսկու անվան Ռազմաօդային ճարտարագիտական ակադեմիան: Հենց Շահումյանն իր դիրքով ու ազդեցությամբ նպաստեց Միկոյանի` ակադեմիա ընդունվելուն, քանզի վերջինս անգամ միջնակարգ կրթություն չուներ: Բայց դա չխանգարեց ուսանող Միկոյանին` ագահորեն կլանել գիտելիքն ու լրացնել պակասը: Շուտով նա ակադեմիայի ուսանողների առաջատարներից դարձավ:

Դեռևս ուսանողության տարիներին` 1935 թվականին, Անուշավան Միկոյանն իր ընկերների հետ ստեղծեց առաջին ինքնաթիռը` Օկտյաբրյոնոկը: Ապա ընկերների հետ նախագծեց ԽԱԻ-1 մարդատար ինքնաթիռը, որ սակայն ավելի մեծ արագություն էր զարգացնում, քան ժամանակի ռազմական ինքնաթիռները: Դա մեծ հաջողություն էր: Սակայն դեռ ամեն ինչ առջևում էր:

Ակադեմիան ավարտելուց անմիջապես հետո նա աշխատանքի անցավ Ժուկովսկու անվան ավիագործարանում: Անուշավան Միկոյանի Հետագա ողջ կյանքն ու գործունեությունը կապված էին հենց այս գործարանի հետ:

Անուշավան Միկոյանը Մոսկվայում եղբոր` Անաստասի տանը հանդիպեց իր սիրուն` Զոյա Իվանովնա Լիսիցինային ու 1936 թվականի փետրվարի 23-ին գրանցվեց նրանց ամուսնությունը: Եղբոր ընտանիքի մասին Անաստաս Միկոյանը հետագայում իր հուշերում գրել է.

«Արտեմ Իվանովիչը ընտանիքի լավ հայր էր։ Նա մեծ ու լավ ընտանիք ունի։ Երբ առաջին անգամ մեր տուն բերեց Զոյա Իվանովնային, նա լավ տպավորություն գործեց։ Շատ հաճելի կին էր, բայց հաճելի կանայք շատ կան, իսկ մեր ընտանիքներն ունեն իրենց սովորություններրը, իրենց բարքերը։ Կհարմարվի՞ արդյոք։ Նա հազվագյուտ, հիանալի կին դուրս եկավ։ Նա կարողացավ ռուս կնոջ լավագույն գծերը զուգորդել հայ կանանց լավագույն սովորությունների հետ։

Օրինակ, հատկանշական է թեկուզ այն, որ երբ մեր գյուղից որևէ մեկը գալիս էր Մոսկվա, այցելում էր Արտեմ Իվանովիչին։ Այդպես է մեզ մոտ ընդունված՝ եկողը անպայման այցելում է։ Ինձ մոտ գալը, ասենք, բարդ էր՝ անցագիր էր հարկավոր, իսկ նրանց մոտ հեշտ էր։ Եվ Զոյան միշտ բոլորին ընդունում էր որպես հարազատների․․․»։

1940 թվականին, պատերազմի նախօրեին Անուշավան Միկոյանը Գուրևիչի հետ ստեղծեց հանրահայտ Միգ-1 կործանիչը: Սա իսկական հեղափոխություն էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում: Միկոյանի ստեղծած կործանիչները մեծ դեր ունեցան ոչ միայն Հայրենական պատերազմում Կարմիր բանակի` գերմանացիների դեմ մղած պայքարում, այլ առհասարակ, հետագայում ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի` օդում համաշխարհային տիրապետության հաստատման գործում: Հատկապես հզոր է ՄԻԳ-19 գերձայնային կործանիչը, ինչը մինչ օրս լավագույններից է համաշխարհային օդուժի պատմության մեջ:

Առհասարակ, Միկոյանի ստեղծած ՄԻԳ-երը արտահանվել են աշխարհի շուրջ 40 երկրներ` ավելի քան  60000 քանակով:

1940 թվականից մինչ կյանքի մայրամուտը Անուշավան Միկոյանը ԽՍՀՄ ինքնաթիռաշինարարական փորձարարական կոնստրուկտորական բյուրոյի հիմնադիր-պետն էր:

Անուշավան Միկոյանը նախևառաջ մեծ երազող էր: Բազմիցս հարցազրույցներում, անհատական զրույցներում արտահայտել է միտքը, որ իր աշխատանքում կարևորը` երազել կարողանալն էր: Ահա նրա հաջողության բանալին: Երազանք, և կամք` կյանքի կոչելու այդ երազանքը: Նա ուներ նաև իր սկզբունքը և հաջողության գաղտնիքը. ՙԵրբ դժվարությունները թվում են անհաղթահարելի և խոչնդոտները բազմապատկվում են, նշանակում է` հաջողությունը մոտ է՚:

Մեծ գյուտարարը, հայ ժողովրդի մեծ զավակը մահացավ 1970 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում, սրտի վիրահատության ժամանակ:

 

Վահե Անթանեսյան

Եռացատկորդ Լևոն Աղասյանը`աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակչում

աթլետիկաԱՄՆ-ի Յուջին քաղաքում ընթացող աթլետիկայի աշխարհի երիտասարդական առաջնության որակավորման փուլի մեկնարկներին մասնակցեցին Հայաստանի ներկայացուցիչները` եռացատկորդ Լևոն Աղասյանն ու սկավառակնետորդ Սուրեն Խաչատրյանը:

19-ամյա Լևոնը 20 երկրի 25 եռացակորդի պայքարում 16 մ 16 սմ արդյունքով գրավեց 6-րդ տեղը և իրավունք ստացավ հուլիսի 27-ին հանդես գալու եզրափակչում:

Սուրենը անհաջող կատարեց  3 մրցափորձերը և 0 ստացավ:

Գարրի Ժիրոյանը շախմատի Կաննի ավանդական փառատոնում

chess3Ֆրանսահայ պատանի միջազգային վարպետ Գարրի Ժիրոյանը շախմատի Կաննի ավանդական փառատոնում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 52 մասնակիցների պայքարում գրավեց 10-րդ տեղը: Ժիրոյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` բրազիլացի գրոսմայստեր Ալեքսանդր Ֆիերից:

Անջրպետը կես միավոր է

կգ42809Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Սիտգես քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում երեք հնարավորից վաստակել է 2,5 միավոր:

Կարեն Մովսիսյանն ունի 2 միավոր: Աղյուսակը 3 միավորով գլխավորում է միջազգային վարպետ Էռնեստո Գոմեսը (Կուբա):

Սեր` ճիշտ զարգացման համար

ol3001406288623Նյու Յորքի համալսարանի հետազոտողները հայտնում են, որ սիրող մայրերը ծայրահեղ անհրաժեշտ են աճող սերնդի գլխուղեղի բջիջների ու ինտելեկտուալ զարգացման համար:

Ինչպես «Current Biology»,  գիտական ամսագիրն է հայտնում, մայրական քնքշությունն ու ամուր կապը երեխայի հետ կարող է  վճռորոշ դեր կատարել   գլխուղեղի բջիջների հետծննդյան զարգացման փուլում` ներառյալ նեյրոնների ակտիվ զարգացումն ու փոխազդեցությունը:

Հետազոտության հեղինակները հույս ունեն , որ  այդ բացահայտումը հետագայում կարելի է կիրառել վաղ մանկության տարիքում գլուղեղի թերզարգացման հետևանքները վերացնելու նպատակով:

Գիտական հետազոտությունն անց է կացվել  դոկտոր Ռեջին Սալիվանի ղեկավարությամբ:

Անկախ

Բռնաբարության գործով դատավարության ժամանակ դատավորը քնել է

1376-390x290Մանչեսթրում դատավոր Ֆիլիպ Կատանը քնել է երեխայի բռնաբարության գործով դատական նիստի ժամանակ, հաղորդում է ВВС-ն:

Փաստաբանների խոսքով, Կատանը քնել է  զոհի խաչաձև հարցաքննության ժամանակ, գործի քննման առաջին օրը: Պաշտպանական կողմը դատավորի դեմ բողոք է ներկայացրել ու դատական գործընթացը դադարեցվել է:

Ներկայում ծառայողական հետաքննություն է ընթանում: Ինքը` դատավորն իր արարքը հրաժարվել է մեկնաբանել:

Դատախազության տվյալներով երեխայի բռնաբարության գործը նոր քննարկման է հանձնվելու:

Անկախ

Պերուում աճուրդի են հանվելու հետախուզության նախկին պետի ոսկիները

1375-390x290Պերուում աճուրդի է հանվելու ոսկյա ժամացույց և այլ թանկարժեք իրեր, որոնք բռնագրավված են հետախուզության նախկին պետից` Վլադիմիրո Մոնտեսինոսից, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Ներկայում 69-ամյա Մոնտեսինոսը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտման համար երկարաժամկետ կալանքի մեջ է: Նրան ձերբակալել են 2001-ին: Արդարադատությունից Մոնտեսինոսին չհաջողվեց  թաքնվել անգամ երկրից փախչելով:

Աճուրդը կայանալու է օգոստոսի 18-19-ին, երկրի մայրաքաղաք Լիմայի արդարադատության նախարարության շենքում: Պերուի կառավարւթյունը հույս ունի աճուրդից  առնվազն 1 մլն դոլար ստանալ: Վաճառքի  է հանվելու 152 կտոր ոսկերչական իր:

Անկախ

Օրացույցի այս օրը

3139

Այսօր Էսպերանտոյի օրն է: Ողջ աշխարհի առաջին արհեստական լեզվի սիրահարներն այսօր նշում են Էսպերանտոյի օրը: Այդ նշանագրերի համակարգը ստեղծել է ակնաբույժ Լուդվիգ Զամենհոֆը: Նա ծնվել է Բելոստոկում, որն այժմ գտնվում է Լեհաստանի տարածքում, իսկ 19-րդ դարում այն Ռուսական կայսրության տարածքում էր: Նրա հարևանները ռուսներ էին, բելառուսներ, լեհեր հրեաներ, գերմանացիներ, լիտվացիներ: Տարբեր ազգությունների մարդկանց հետ շփումն էլ նրա մեջ մեկ ընդհանուր լեզու ստեղծելու գաղափար ծնեց: Լեզու, որով կխոսեր մոլորակի ցանկացած բնակիչ: Նրա առաջին աշխատությունը հրատարակվեց Էսպերանտո կեղծանվամբ, թարգմանաբար`”հուսացող”, որն էլ շուտով դարձավ նրա ստեղծած լեզվի անունը:

Պաշտոնական վիճակագրություն չկա այն փաստի վերաբերյալ, թե քանի մարդ է խոսում էսպերանտոյով: Սակայն, “Էկոլոգիա” կայքը այդ լեզվով խոսողների թիվը գնահատում է 2 մլն մարդ: Աբյուրի համաձայն, մի քանի հարյուր մարդու համար էսպերանտոն մայրենի է, հատկապես ինտերնացիոնալ ընտանիքների երեխաների համար:

Օրվա ընտրությունը կապված է Զամենհոֆի 1887-ի հուլիսի 26-ին էսպերանտոյի առաջին ձեռնարկի հրատարակման հետ: Գիրքը, որ հրատարակվել է “Առաջին գիրք” վերնագրով, տպագրվել է Վարշավայում, կելտերի տպարանում:

Անկախ

Եգիպտացորենը` մշակութային ժառանգություն

եգիպտացորենԿոստա Ռիկայի իշխանությունները եգիպտացորենը երկրի մշակութային ժառանգության օբյեկտ են ճանաչել, հաղորդում է today.kz-ը:

Նախագահի արձակած համապատասխան հրամանը կհրապարակվի մոտ ժամանակներում: Բացի եգիպտացորենից, Կոստա Ռիկայում մշակութային արժեք  կհամարվեն նաև դրա աճեցման ու պատրաստման եղանակների ավանդույթները:

Երկրի նախագահ Գիլերմո Սոլիսն ասել է.»Մեր նախնիների ժառանգությունը, ովքեր դարերով են մշակել այն, ինչն այսօր ավանդույթի է վերածվել (եգիպտացորենի մշակումը), պետությանը հարկադրել է ամրապնդել այդ պատգամները»:

Հնագիտական պեղումների տվյալներով, եգիպտացորենի մշակությամբ Կոստա Ռիկայում զբաղվել են մթա 3 հազարամյակում: Ինչպես և ողջ Կենտրոնական Ամերիկայում, այստեղ ևս եգիպտացորենից պատրաստված մթերքներն օրաբաժնի մաս են կազմում:

Բերանի հոտ. պատճառներն ու պայքարի միջոցները

index37Տարբեր տվյալների համաձայն` հալիտոզով է (այդպես է կոչվում բերանի տհաճ հոտը) տառապում մարդկանց 50%-ը` երբեմն դառնալով լուրջ խնդիր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական կյանքում: Հարցվածների 50%-ը վստահեցնում է, որ բերանի վատ հոտն էականորեն նվազեցնում է հաջող կարիերա անելուն, եթե հատկապես տվյալ մարդու գործունեությունը կապված է շփման հետ, 20%-ը կարծում է, որ հալիտոզը մարդկային անձի ամենավանող դրսևորումն է:
Պատճառները կարող են ինչպես բերանի խոռոչում կատարվող պրոցեսները, այնպես էլ տոնզիլիտները, վերին շնչուղիների, կոկորդի, թոքերի (բրոնխոէկտատիկ հիվանդություններ, աբսցես, գանգրենա, տուբերկուլյոզ), նյութափոխանակության խանգարումները, երիկամային ու լյարդային քրոնիկ անբավարարությունը լինել:
Բերանի խոռոչում գոյություն ունի անաէրոբ միկրոօրգանիզմների մի մեծ խումբ, որոնց կենսագործունեության արդյունքում արտադրվում է ծծումբ պարունակող վատ հոտով նյութ: Եթե դրանց քանակը նորմի մեջ է, ապա հոտ չի լինում, իսկ եթե ավելցուկ է առաջանում, հոտն էլ ուղեկցում է դրան:
Առավոտյան` սննդակարգի լուրջ խանգարումներից հետո, գրեթե բոլորի բերանից վատ հոտ է գալիս: Դա կարելի է ֆիզիոլոգիական երևույթ համարել: Սովորական հիգիենիկ պրոցեդուրաներից հետո (բերանի խոռոչի ողողում, ատամների մաքրում) այդ հոտը լրիվ անցնում է:
Հալիտոզը հիվանդագին է համարվում, եթե բոլոր նշված պրոցեդուրաներից հետո էլ հոտը մնում է:
Ահա մի քանի պատճառներ, որոնք նպաստում են բերանի տհաճ հոտի առաջացմանը.
1. բերանում չորությունը,
2. թանձր թուքը,
3. լորձի ավելցուկը կոկորդում,
4. սպիտակուցներով հարուստ սնունդը,
5. ծխելը,
6. ալկոհոլը,
7. հորմոնալ խանգարումը,
8. բերանում չորություն առաջացնող դեղորայքի կիրառումը,
9. շաքարային դիաբետը,
10. տոնզիլիտը (կոկորդաբորբ),
11. պարադոնտոզը (լնդերի հիվանդությունները),
12. կարիեսը:
Թվարկված պատճառներից վերջին երկուսի դեպքում է միայն բերանի խոռոչի հոտը վերացնելու համար ստոմատոլոգի օգնություն պահանջվում:
Ընդհանուր հիվանդությունների դեպքում (ինֆեկցիոն, նյութափոխանակության խանգարում ու հատկապես ստամոքս-աղիքային տրակտի խանգարումներ` կապված ստամոքսի խոցի հիվանդության, գաստրիտների, աղիների բորբոքումների (կոլիտ), դիսբակտերիոզ ևն) լեզվի արտահայտված փառակալման երևույթ է նկատվում հատկապես լեզվի հիմքի մոտ: Այդ փառի տակ զարգանում են անաէրոբ մանրէներ, որոնք էլ հանգեցնում են բերանից տհաճ հոտի: Նման դեպքում տեղային հիգիենան, ասենք` ողողումը, նույնիսկ հակամանրէ դեղամիջոցներով ու ջրածնի պերօքսիդով, փառի քերումը և մյուս միջոցները ժամանակավոր արդյունք են տալիս: Դրա համար, լավ արդյունք ստանալու նպատակով հարկավոր է խնդրի հիմնավոր լուծում գտնել, այն է` հիվանդությունների բուժում: Նման օրինակները բազում են, երբ ստամոքսաղիքային ֆունկցիայի կարգավորումը հանգեցրել է հոտի իսպառ վերացմանը:
Աֆտոզային ստոմատիտ. ( հաճախ է մանուկների մոտ լինում, սակայն մեծահասակների հետ էլ է պատահում) լեզվի, այտերի ներսի կողմի, լնդերի ու շուրթերի լորձաթաղանթի վրա բշտեր վերքեր, խոցեր են առաջանում, որոնք ծածկված են մոխրագույն ֆիբրինային թաղանթով: Դրանց մեծ քանակության դեպքում առաջանում է դողէրոցք, լիմֆադենիտ, թուլություն, ուժեղ ցավով պայմանավորված ախորժակի կորուստ: Այդ բշտերը սովորաբար վարակիչ հիվանդությունների հետևանք են, սակայն բոլորի մոտ ու միշտ չէ, որ դրանք բորբոքային պրոցեսներ են առաջացնում:Ստամոքս-աղիքային տրակտի ֆունկցիայի խանգարումների ու ավիտամինոզի դեպքում օրգանիզմը թուլանում է, իմունիտետը` ընկնում, ու որպես հետևանք աֆտոզային երևույթ է առաջանում: Ու եթե դրանք շատ են, բնականաբար, վատ հոտն էլ անպակաս է:
Հալիտոզի բուժումը
Կարիեսի դեպքում անմիջապես բուժել ատամները, իսկ եթե անհնար է այլևս փրկել դրանք, ապա հեռացնել: Տարբեր պատճառներով առաջացած ստոմատիտների դեպքում հուսալի ու լավագույն միջոց է համարվում քրքումը, այդ թվում և ռադիոթերապիայի հետևանքով առաջացածները (բերանի խոռոչի քաղցկեղային հիվանդությունների բուժման ժամանակ), ինչպես և քիմիաթերապիայի դեպքում: Մեր տեղեկության համաձայն` քրքումն ամենահրաշալի միջոցն է այս դեպքի համար: Արևելքի բոլոր երկրներում հազարամյակներ շարունակ քրքումն օգտագործվում է որպես համեմունք: Այնպես որ վստահ կարելի է ասել, որ քրքումը բացարձակ անվնաս միջոց է անգամ տարբեր չափաբաժինների պարագայում: Այն հզոր հակամանրէ ու հակավիրուսային տեղային ազդեցություն է ունենում ու հրաշալի հակաբորբոքային ու վերքը սպիացնող միջոց է:
Քրքումն իմունիտետը խթանող հեպատոպրոտեկտոր է ու նույնիսկ լուրջ հակաքաղցկեղային միջոց է: Լավագույն ազդեցության համար երեկոյան երեկոյան քնից առաջ պետք է կես թեյի գդալ աղացած քրքում խմել: Այն բոլորովին տհաճ չէ ու նույնիսկ քմահաճ երեխաները կարող են առանց դժվարության խմել: Դրա համար փոշին լցնում են լեզվի վրա ու ոչ մեծ քանակությամբ ջրով կուլ տալիս: Դրանից հետո բերանը ողողել պետք չէ, քանի որ քրքումի ինչ-որ քանակություն մնում է լեզվի, լնդերի վրա: Այն վառ-նարնջագույն է, այնպես, որ բերանը զննելիս կարելի է հեշտությամբ նկատել: Եթե խնդիրը լուրջ է, ապա կարելի է քրքում ընդունել օրական մի քանի անգամ, սնունդ ընդունելուց հետո: Այն այնքան լավ ազդեցություն է ունենում, որ անգամ առավոտյան բերանից հոտ չի գալիս: Հոտ չի գալիս անգամ ատամնաթելով ատամների արանքները մշակելու ժամանակ:
Քրքումը լավ ազդեցություն է ունենում նաև ստամոքս-աղիքային տրակտի վրա, վերացնում է բորբոքումները, դիսբակտերիոզը, բարձրացնում է իմունիտետը, շատ արագ նպաստում է աֆտոզային խոցերի ապաքինմանը, կտրուկ թեթևանում է լնդաբորբը, գինգիվիտը, ֆարինգիտը, լյարդի ֆունկցիան է կարգավորվում:
Քիմիա- և ռադիոթերապիայի դեպքում քրքումը կիրառվում է ստոմատիտի կանխարգելման կամ բորբոքային պրոցեսները նվազեցնելու նպատակով:
Քիթ-կոկորդի բորբոքային հիվանդություններն ինքնին կարող են բերանից վատ հոտի առաջացման, քթով շնչառության խանգարման ու բերանի չորության պատճառ դառնալ, ինչը կարող է հանգեցնել մանրէների չափազանց բազմացման: Ռինիտների, սինուսիտների, ադենոիդների դեպքում շատ լավ արդյունք է տալիս շնչուղիների մեջ մեկ ամիս շարունակ օրական 3 և ավելի անգամ ծիծեռնախոտի (չիստոտել) հյութ կաթեցնելը: Տոնզիլիտների, ֆարինգիտների դեպքում լավ օգնում է նաև ակնամոմի թուրմը: Հնացած տոնզիլիտի դեպքում առաջարկվում է 5-6 օր ըմպանին 1%-անոց ֆորմալին քսել, օրական մեկ անգամ, առանց ընդմիջման, ցանկալի է քնելուց առաջ: Անհրաժեշտության դեպքում պրոցեդուրան կրկնել 1-2 շաբաթից:
Լավ ազդեցություն է ունեում նաև ջրային ոսպը (ռյասկա. լայն տարածում ունեցող ջրային բույս է): Այն կիրառում են մեղրի հետ խառնած 1 թ/գդալ, օրական 1 անգամ, 10 օր, ապա` շաբաթական մեկ անգամ: Այն հրաշալի կանխարգելիչ միջոց է սեզոնային մրսածության հետևանքով հիվանդությունների դեմ, որոնց մեծ մասը վարակիչ բնույթ ունի, ինչպիսին սովորական հերպեսն է կամ էլ աֆտոզային ստոմատիտը:
Եթե անգամ լուրջ բողոքներ ստամոքսաղիքային տրակտի հետ կապված չկան, այնուամենայնիվ երկարատև ու տհաճ ախտորոշման գործընթացն անցնելու փոխարեն կարելի է մի քանի շաբաթ կղմուխի (դեվյասիլ), մեղվամշկի (պիժմա), խատուտիկի արմատների կամ եղերդակի (ցիկորի) եփուկ խմել:
Բերանի տհաճ հոտը կարող է շատ լուրջ հիվանդության հետևանք լինել, ինչպիսին լյարդի անբավարարությունն է, քաղցկեղը կամ նեկրոտիկ անգինան: Նման հիվանդությունների բուժումը շատ լուրջ խնդիր է ու, բնականաբար, վերը թվարկված միջոցներով այն բուժել հնարավոր չէ:
Սմբատ Գրիգորյան
բուսաբույժ

Ջազի և էստրադայի երևանյան ճեմուղին համալրվեց Մարտին Վարդազարյանի աստղով

001 (10)Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանի, բազմաթիվ արվեստագետների և երաժշտասեր երևանցիների հետ միասին մասնակցել է հայկական ջազի և էստրադայի աստղերի ճեմուղում Երևանի ավագանու անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղի հանդիսավոր բացման արարողությանը: Ներկաները նախ իրենց գնահատանքի խոսքն են ուղղել մաեստրո Վարդազարյանին՝ բարձր գնահատելով նրա ունեցած դերը հայկական երաժշտարվեստի զարգացման գործում: Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ, բոլոր ներկաների անունից շնորհավորելով և ստեղծագործական նորանոր հաջողություններ մաղթելով մաեստրոյին, նկատել է, որ սա այն եզակի դեպքերից է, երբ այսօրինակ գնահատանքը վաստակաշատ արվեստագետին մատուցվում է կենդանության օրոք, ինչն իր հերթին առավել նշանակալի է դարձնում իրադարձությունը:

Այնուհետ բացվել է Մարտին Վարդազարյանի անունը կրող աստղը, որի պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և մաեստրո Վարդազարյանին: Մեկ անգամ ևս շնորհավորելով վաստակաշատ արվեստագետին` Տարոն Մարգարյանը մաղթել է նրան քաջառողջություն և ստեղծագործական երկարակեցություն՝ ի բարօրություն Երևանի և երևանցիների:

Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի և բարեմաղթանքների համար` Մարտին Վարդազարյանն իր հերթին վստահեցրել է, որ շարունակելու է իր նպաստը բերել հայկական երաժշտարվեստի զարգացման ու տարածման գործում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ

7601_bՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն Աղվերանում այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Շախմատի համաշխարհային 41-րդ օլիմպիադայի մեկնարկից առաջ եզրափակիչ ուսումնամարզական հավաքն անցկացնող շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականների հետ: Հանրապետության Նախագահը զրուցել է մեր շախմատիստների և նրանց մարզիչների հետ, հետաքրքրվել մարզավիճակով և մաղթել հաջողություններ:

 

Անկախ

ՀՀ վարչապետ. Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը պետք է կայանա ի շահ մեր պետության

Hovik-Abrahamyan1Դիլիջան կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Անդրադառնալով «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի վաճառքին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը նշել է. «Որոտանի ՀԷԿ-ը չօտարելու նպատակ մենք չունենք: Նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի այդ գործարքը կայանա, բայց կայանա ի շահ մեր պետության ու տնտեսության և պահպանվեն օրենքի բոլոր կետերը: Իհարկե, կան թերություններ և կետեր, որոնք ընդունելի չեն, օրինակ, շահութաբերության սանդղակը շատ բարձր է՝ 23.5 տոկոս, որին ես սկզբունքորեն դեմ եմ: Չի կարող լինել այնպիսի մի գործարք, որի դեպքում ապագա գնորդը 23.5 տոկոս շահութաբերություն ունենա: Մեր երկրում այդպիսի գործարք չի եղել, և այժմ աշխատում ենք այդ կարևոր փաստի վրա: Մենք կարևորում ենք ամերիկյան խոշոր ընկերության կողմից 180 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումը մեր տնտեսությունում: Ինչ վերաբերում է ընկերության նկատմամբ վստահությանը, ապա ես որևէ մութ բան չեմ տեսնում, քանի որ մենք արդեն 2-3 ամիս թափանցիկ աշխատում ենք: Որևէ ճնշում կամ ազդեցություն չկա: Լուրեր են շրջանառվում նաև, որ գործարքն ուզում ենք անվավեր համարել և օտարել ռուսական որևէ կազմակերպության: Եթե այն անվավեր լինի, քանի դեռ վարչապետ եմ, դեմ եմ լինելու Որոտանի ՀԷԿ-ը որևէ այլ երկրի գործարարին օտարելուն: Մենք առաջարկել ենք ամերիկյան կողմին մեր մոտեցումները, սկզբունքորեն այն բոլոր կետերը, որոնց հետ համաձայն չենք: Իրենք կտան կարծիք. եթե կհամաձայնվեն՝ լավ, եթե ոչ՝ գործարքը չի կայանա և չենք օտարի Որոտանի ՀԷԿ-ը»:
ՀՀ կառավարության երեկվա նիստում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերաբերյալ ընդունված որոշման կապակցությամբ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Այնտեղ կա կուտակված պարտք, և մեզ անհրաժեշտ է 3-4 օր քննարկելու և որոշում կայացնելու համար: Մենք հետամուտ ենք լինելու, որպեսզի յուրաքանչյուր գործընթաց ունենա իր իրական պատկերը: Որևէ խոչընդոտ չեմ տեսնում, կաշկանդվածություն չկա, և եթե կան մարդիկ, ովքեր մեղավոր են եղել այդ իրադարձություններում, պատասխան են տալու»: 
Վարչապետը խոսել է նաև ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների մասին՝ ընդգծելով. «Հայաստանի քաղաքացու բարեկեցությունն ուղղակիորեն կախված է մեր տնտեսության զարգացումից, ինչից էլ կածանցվեն մեր հաջողությունները բոլոր բնագավառներում»:

 

Անկախ

Հակառակորդը դարձյալ կրակում է Տավուշի գյուղերի ուղությամբ (լրացված)

загруженноеԼարված իրավիճակ Հայաստանի հյուսիսարևելյան սահմանին: Մոտ մեկ ժամ առաջ հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից սկսել է գնդակոծել Տավուշի մարզի սահամանամերձ Այգեպար, Ներքին կարմիրաղբյուր, Մովսես և Չինարի գյուղերը: Տեղեկությունը հաստատել է Ներքին կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը: Մովսեսի բնակիչները ևս Անկախ-ի թղթակցին հայտնել են, որ այս պահին ադրբեջանական զինուժը կրակում է սահմանապահ գյուղերի ուղղությամբ:

Մեր թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ. “Դրա վախտը չի, գյուղս քանդեցին”,-հուզված ասել է գյուղապետն ու անջատել հեռախոսը:

10357592_776848232337768_4203251466397025938_nԱդրբեջանական կողմի կրակոցների հետևանքով Ներքին կարմիրաղբյուր գյուղի հենակետերի մոտ գտնվող խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել: Գյուղի բնակիչերը չեն կարողանում դուրս գալ տներից: Ներքին կարմիրաղբյուրի բնակչուհի Ռիտա Գալստյանը և նրա ամուսինը` Նելսոն Գալստյանը, ասել են, որ այնքան ուժգին են կրակոցները, որ վախենում են անասնագոմից դուրս գալ և տուն գնալ: Սահմանամերձ Այգեպար գյուղի բնակիչ Սամվել Վիրաբյանը ևս հաստատել է տեղեկությունը, որ հակառակորդը գնդակոծում է գյուղը, կրակահերթերը ուղղված են բնակելի տների, գյուղի փողոցների վրա, և ինքն այս պահին աշխատանքի վայրում է, և մի քանի ժամ տևող կրակոցների պատճառով չի կարողանում տուն գնալ:

 Լրացված

65983_776848112337780_6522325107036315614_nՄովսեսի ուղղությամբ հակառակորդը կրակում է նռնականետերով: Գյուղացիների խոսքով, ադրբեջանական դիպուկահարների անկանոն կրակահերթերն ուղղված են կոնկրետ նպատակի` տների ուղղությամբ: <<Ուղղությունը փոխել են, մի ժամանակ շփման գծին ավելի մոտ <<Հոնուտ>> կոչվող թաղամասի վրա էին կրակում, հիմա փոխել են ուղղությունը, կրակում են գյուղի կենտրոնական հատվածի վրա: Հիմնական նպատակներից մեկն էլ ցորենի բերքահավաքին խոչընդոտելն է, երևի չեն էլ թողնի հնձենք արտերը>>,-նշել է Մովսես գյուղի բնակիչներից Անուշ Անոնյանը: Նա ասել է, որ կրակահերթերից մեկը դիպել է իրենց հարևանությամբ տներից մեկին, վնասել պատերը, դարպասները:

1908377_776848265671098_4728771033523872518_nԻ դեպ, հուլիսի 25-ին սահմանամերձ գյուղերում պետք է իրականացվեր հացահատիկի բերքահավաքը, որի անվտանգության ապահովման համար Մովսեսն ու Չինարին դիմել էին Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը` պահանջելով ներկա գտնվել տարածաշրջանում և ապահովել անվտանգության երաշխիքներ: Մինչդեռ ադրբեջանական կողմը այդ նույն ժամանակահատվածում սկսել է գնդակոծել գյուղերը:

 

Անկախ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին

g_imageՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Բուրկինա Ֆասոյից Ալժիր ուղևորվող «Էյր Ալջերիա» ավիաընկերության ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ, որին զոհ են գնացել բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ շուրջ հինգ տասնյակ ֆրանսիացիներ։

«Այս ծանր պահին կիսելով Ձեր, զոհվածների հարազատների և բարեկամ ֆրանսիացի ժողովրդի վիշտն ու ցավը՝ անկեղծ վշտակցություն և զորակցություն ենք հայտնում, մաղթում համբերություն ու ոգու արիություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։

 

Անկախ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ

SenՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Արևշատյանների ընտանիքին՝ անվանի հայագետ, փիլիսոփա, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Սեն Արևշատյանի մահվան կապակցությամբ:

«Նշանակալի է Սեն Արևշատյանի ավանդը հայ փիլիսոփայական մտքի պատմության ուսումնասիրության, աղբյուրագիտության գործում: Նրա ղեկավարությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը զարգացման և հարստացման լուրջ ճանապարհ է անցել: Հայրենասեր մտավորականն իր գիտական և հասարակական գործունեությամբ մեծ հեղինակություն է վաստակել ոչ միայն գործընկերների, այլև ողջ հասարակության շրջանում:

Խորին ցավակցություն եմ հայտնում Սեն Արևշատյանի հարազատներին, գործընկերներին և մերձավորներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

Անկախ

Վարչապետն այցելել է Դիլիջանի միջազգային դպրոց

unnamed8-320x228Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ Դիլիջանի միջազգային դպրոցի և ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնի շինարարական ծրագրերին ծանոթանալու նպատակով: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձինք:
Կառավարության ղեկավարը նախ դիտակետից հետևել է Դիլիջանի միջազգային դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին, ապա եղել շինհրապարակում, շրջել արդեն կառուցված մասնաշենքերում: Դպրոցի տնօրեն Ջոն Պադըֆութը Հովիկ Աբրահամյանին մանրակրկիտ տեղեկատվություն է ներկայացրել կատարված աշխատանքների և հետագա անելիքների վերաբերյալ: Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի վարչապետը կարևորել է միջազգային այս դպրոցի գործունեությունը՝ նշելով. «Կառավարությունը հնարավորինս կաջակցի այս ծրագրի իրականացմանը, և մենք սատարելու ենք յուրաքանչյուր նման նախաձեռնության: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին, կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին»:
Դիլիջանի միջազգային դպրոցն իրենից ներկայացնում է շուրջ 190 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծախսով բարեգործական նախագիծ, որի իրականացմանն աջակցել է ՀՀ կառավարությունը. 2013 թ. հունիսի 19-ին Ազգային ժողովը հաստատել է ՀՀ կառավարության հեղինակած՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն իրականացվելու է երկու փուլով՝ 110 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2014 թ.) և 80 մլն ԱՄՆ դոլար (շինարարության ավարտ՝ 31.07.2017 թ.): Շինարարական աշխատանքներում ներգրավված է շուրջ 800 մարդ՝ 60-ը վարչական պաշտոններում և 740-ը՝ բուն շինաշխատանքներում, ինչպես նաև ավելի քան 20 տեղական կազմակերպություն: Կրթահամալիրի տարածքը կազմում է 88 հա՝ Դիլիջանի ազգային պարկի հարևանությամբ:
Ծրագիրը միտված է նաև բարելավելու Տավուշի մարզի սոցիալ-տնտեսական վիճակը` նպաստելով գործազրկության կրճատմանը, սոցիալական ծրագրերի իրականացմանը, զբոսաշրջության զարգացմանը, Դիլիջանի ենթակառուցվածքների արդիականացմանը և բնապահպանական կայուն զարգացմանը:
Քոլեջը 16-18 տարեկան առաջին աշակերտներին կընդունի 2014 թ. օգոստոսին։ Նախատեսվում է, որ սաների թիվը 2023 թ. կհասնի առավելագույնը 650-ի: Ուսման վարձը լինելու է 30.000 ԱՄՆ դոլար, սակայն աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար` բարերարների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ: Դպրոցի շահագործման արդյունքում ընթացիկ ծախսը տարեկան կկազմի ավելի քան 10 մլն ԱՄՆ դոլար, կստեղծվի շուրջ 110 մշտական աշխատատեղ (82 ուսուցիչ, շուրջ 30 վարչական աշխատակից): Ուսումնական մասնաշենքերից ու կացարաններից բացի, համալիրն ունի նաև փակ լողավազան, մարզահրապարակներ, բեմարվեստի, դիզայնի, տեխնոլոգիաների և բժշկական կենտրոններ:
2013 թ. հոկտեմբերից Դիլիջանի միջազգային դպրոցն անդամակցում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» (United World Colleges-UWC) կրթական ցանցին և ստացել «UWC Dilijan» անվանումը (14 քոլեջներից մեկն է): Այս տարի UWC համակարգում կարող է ուսանել ՀՀ 17 քաղաքացի` 10-ը «UWC Dilijan» միջազգային դպրոցում, 7-ը` UWC-ի այլ երկրների քոլեջներում: Դպրոցն ստանալու է հավատարմագրում՝ Քեմբրիջի IGCSE՝ 14-16 և IB Diploma՝ 16-19 տարեկանների համար կրթական ծրագրերի համաձայն ուսուցում իրականացնելու համար, ինչը հնարավորություն կընձեռի ուսումը շարունակել աշխարհի առաջատար համալսարաններում: Դասավանդման լեզուն անգլերենն է լինելու, իսկ հայազգի քաղաքացիների համար հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր է լինելու:
2015 թ. Դիլիջանում իր գործունեությունը կսկսի ՀՀ ֆինանսների նախարարության՝ ԽՍՀՄ Կինեմատոգրաֆիստների միության հանգստյան տան բազայի վրա կառուցվող ուսումնական կենտրոնը: Հանրապետության վարչապետն այցելել է նաև կենտրոնի շինհրապարակ, տեղում ուսումնասիրել կատարված աշխատանքները, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարից հետաքրքրվել ընթացիկ և առաջիկա քայլերով:
Նախատեսվում է, որ վերակառուցման արդյունքում այս կառույցը կդառնա միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնական կենտրոն: Այստեղ իրականացվելու են ֆինանսների նախարարության աշխատակիցների վերապատրաստման, մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործման, տարածաշրջանային և միջազգային համաժողովների անցկացման, փորձի փոխանակման ծրագրեր: Փոփոխության են ենթարկվելու համալիրի արտաքին տեսքը, ճակատային հատվածը: Նոր համալիրը կունենա մարզահրապարակներ, մանկական կենտրոններ, համաժողովների, հանդիպումների համար նախատեսված դահլիճ, լողավազան, կինոսրահ, ռեստորան, ստորգետնյա ավտոկանգառ:

 

Անկախ

ՖԻՖԱ-ն մերժել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալելու իրավունքից Ռուսաստանին զրկելու կոչերը

FIFA_RUSSIAՖԻՖԱ-ն մերժել է 2018թ-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում չանցկացնելու կոչերը՝ նշելով, որ մրցումները կարող են դրական ազդեցություն ունենալ:

Ռուսաստանի ենթադրվող ներգրավվածությունը անցած շաբաթ Մալազիայի ավիաուղիների ինքնաթիռը Ուկրաինայում վայր գցելու գործի մեջ ստիպել է գերմանացի որոշ պատգամավորների վերանայել խաղերը հյուրընկալելու երկրի իրավունքը:

Ուրբաթ օրը ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ իրենք ցավում են բոլոր տեսակի բռնությունների համար, սակայն հարցականի տակ է դրել սպորտային մրցումների անցկացման վայրը փոխելու նպատակը:

Ուկրաինայի և ռուսամետ ապստամբների միջև կոնֆլիկտը սրվել էր Բրազիլիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտից օրեր անց:

Հուլիսի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բրազիլիայի իր գործընկեր Դիլմա Ռուսեֆի հետ ներկա էր գտնվել Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղին: Երկու նախագահները Մարականա մարզադաշտում տեղի ուենցած խաղը դիտելիս նստել են ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերի կողքին:

Ռուսաստանը հայտարարել է 12 մարզադաշտ վերանորոգելու և այլ կառույցներ կառուցելու համար նախատեսված 20 միլիարդ դոլար բյուջե ունեցող ծրագրի մասին: Սա առաջին Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է, որ անց կկացվի արևելյան Եվրոպայում:

 

Անկախ

Ջասթին Բիբերը պայամանագիր է կնքել Calvin Klein-ի հետ

justin-bieberՋասթին Բիբերը պատրաստվում է դառնալ Calvin Klein-ի մոդել: Ըստ MailOnline-ի երգիչը պայմանագիր է ստորագրել CK-ի հետ:

Calvin Klein-ից հայտարարել են, որ Ջասթինը լուսանկարվել է ֆիրմայի համար, իսկ արդյունքները կհրապարակվեն այս տարվա վերջերին:

Գաղտնիք չէ, որ Ջասթինը CK-ի երկրպագու է: Ապրիլից ի վեր Ջասթինը համացանցում տեղադրել է CK ֆիրմայի ներքնաշորով մի շարք լուսանկարներ:

Երգիչը այպիսով կմիանա հայտնի մարդկանց ցուցակին՝ ներառյալ Քեյթ Մոսը, Մարկ Ուոլբերգը, Էվա Մենդեսը և Լարա Սթոունը, ովքեր լուսանկարվել են խորհրդանշական ֆիրմայի ներքնաշորով:

Դեռևս հայտնի չէ, թե Ջասթին Բիբերը որքան կստանա այդ գովազդի համար: Նախկինում Քեյթ Մոսը ֆիրմայի հետ իր առաջին պայմանագիրց ստացել էր 1,2 միլիոն դոլար: Գումարի չափը հետագայում դարձել էր 4  միլիոն դոլար:

CK-ի ներկայացուցիչը Բիբերի վերջին քրեական գործերի մասին հարցին պատասխանել է, որ իրենք ասեկոսեների վերաբերյալ մեկնաբանություններ չեն կատարում:

 

Անկախ