Այսօր սիրիացի գրոհայինները Հալեպում սպանել են 123 մարդու,որոնցից մեծ մասը խաղաղ բնակիչներ էին: Սիրիայում այս ջարդի մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը վկայակոչելով САНА տեղեկատվականին:
Author Archives: Վարդուհի Իշխանյան
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով N3661-Ա որոշման գործողությունը կասեցնելու վերաբերյալ իր որոշումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկայում ստեղծվելիք հասարակական կազմակերպություններից ու շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողովում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի երթուղիները սպասարկող ընկերություններից ևս կլինեն ներկայացուցիչներ, ովքեր իրենց հերթին կներկայացնեն իրենց մոտեցումներն ու առաջարկները:
Իսկ մինչ այդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է ապահովել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքն ու տնտեսվարողներին հորդորել է սպասարկումն իրականացնել պատշաճ մակարդակով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Փնտրվում են անվճար երթուղի բացած երկու երիտասարդները
«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցներից Սոնյա Մսրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ժողովուրդ, ինձ պետք է այս երիտասարդներից ինչ-որ կոնտակտ, կարո՞ղ եք գտնել:

Որոշ վարորդներ չեն պատրաստվում ուղեվորներից պահանջել 150 դրամ ուղեվարձը
Facebook սոցիալական ցանցի իրատես դիտորդ օգտատերը պնդում է, որ որոշ վարորդներ չեն պատրաստվում ուղեվորներից պահանջել 150 դրամ ուղեվարձը: Այդ մասին է վկայում հետևյալ գրառումը. «Այսօր նստեցի երթուղային տաքսու դիմացը` հատուկ նպատակով: Ցանկանում էի վարորդի հետ զրուցել վերջին հայտնի թանկացման մասին:
Ի զարմանս ինձ, երթուղայինի վարորդը, որը միջին տարիքի միջին-վիճակագրական վարորդ էր, ասաց, որ թե ինքը, թե բազմաթիվ այլ վարորդներ, որոնց հետ ինքը զրուցել է, նշել են, որ չեն պատրաստվում ժողովրդից պահանջել 150 դրամ ուղեվարձ, և ով տա 100 դրամ, իրենք խելոք կվերցնեն: «Մեկ ա` ես էդ 150 դրամից օգուտ չունեմ, էդ սաղ գնում ա գծի տիրոջը»,- նշեց վարորդը` ավելացնելով, որ իրենք էլ են վատ զգում նոր սակագնից: «Ես էս ժողովրդի հետ կիսելու բան չունեմ, էսքան ժամանակ 100-ով եմ քշել, էլի 100-ով կքշեմ, թող չտան, ավելի լավ: Գոնե սենց էս երկրում մի բան կփոխվի»,- վարորդներին բնորոշ լեքսիկոնով ասաց վարորդը,- «Մենակ ես չեմ, լիքը շոֆեր կա, որ հիմա ինչ ասես ասում ա սրանց. Խեղճ ժողովրդի վերջին կոպեկն են ուզում քերեն, մեջտեղը մենք ենք վատամարդ դառնում»:
Վարորդը նաև նշեց, որ ներքին համաձայնություն ունեն 100 դրամ վճարողներից չպահանջել վճարել 150 դրամ: Համաձայնությունը դեռ լատենտ է, քողարկված, բայց եթե տեսնեն, որ հասարակության մեջ դա տարածվում է (150 դրամ չվճարելը), ապա իրենք էլ են միանալու ժողովրդին: «Օրենքները իրանք են ընդունում, բայց արդյունքում մենք ենք մեզ վատ զգում. Ինչի՞ համար: Թող ով ինչ ուզում ա տա. Մեկը ես չեմ պնդելու, որ 150 դրամ տան»»:
Ավտոպատահար Երևան-Երասխ ավտոճանապարհին, կան վիրավորներ և զոհ
Հուլիսի 19-ին, ժամը 23.19-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան – Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան – Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2102» մակնիշի 32 LU 264 պետհամարանիշով (վարորդ՝ Արշակ Սիմոնյան, ծնվ.1955թ.) և «ՎԱԶ 2107» մակնիշի 71 MM 007 պետհամարանիշով (վարորդ՝ Ռոման Մուրադյան, ծնվ.1984թ.) ավտոմեքենաները, ինչից Ա. Սիմոնյանը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Գոհար Սիմոնյանը (ծնվ.1964թ.), Նորայր Սիմոնյանը (ծնվ.1989թ.),«ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռ.Մուրադյանը, ուղևոր Մարտին Ավետիսյանը (ծնվ.1988թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ռ.Մուրադյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, ով տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հանել են Ա. Սիմոնյանի դին, հոսանքազրկել ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Տղամարդը ձերբակալվել է գերեզմանոցից 56 գանգ գողանալու և դրանք Ավստրիայում գտնվող իր տանը պահելու համար
Տղամարդը ձերբակալվել է գերեզմաններից 56 գանգ և կմախքի այլ մասեր գողանալու և իր տանը պահելու համար:
Ոստիկանությունը Ավստրիայի Բուրգենլանդ նահանգում բնակվող 47-ամյա տղամարդուն գտել է, երբ նա անանուն կերպով փորձել է հնոտիաշուկայում վաճառել երեք գանգ և երկու ազդրի ոսկոր:
Հետախույզները տղամարդու տանը հայտնաբերել են գանգեր և 55 այլ ոսկորներ պարունակող կմախքների թանգարան:
Պետական ORF հեռուստաալիքը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ տղամարդը այդ ոսկորները գողացել է եկեղեցու գերեզմանատնից:
Ոստիկանության ներկայացուցիչը The Guardian-ին հայտնել է, որ իր 37 տարվա աշխատանքային փորձի ընթացքում ինքը նման դեպքի երբեք չի հանդիպել՝ ավելացնելով, որ ինքը չգիտի, թե ինչու է տղամարդը հավաքել այդ ոսոկրները:
Ոստիկանությունը բացահայտումից հետո տղամարդուն մեղադրել է մահացածների հանգիստը խանգարելու մեջ:
Ոստիկանության տվյալներով՝ ոսկորները վերադարձվել են գերեզմանոց:
Ներկայացվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունները
Կառավարությունում այսօր մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների 2013 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։
2013 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ զեկուցումներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ սփյուռքի, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության և ՀՀ բնապահպանության նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության պետը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը: Գերատեսչությունների ղեկավարները վարչապետին զեկուցել են ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրների կատարման և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ:
Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2013 թ. առաջին կիսամյակում գերատեսչություններին տրված հանձնարարականների, ինչպես նաև աշխատակազմերի ստորաբաժանումների կատարողականներին:
Սեյրան Օհանյանը ընդունեց Հայաստանում Լիտվայի Հանրապետության նորանշանակ դեսպանին
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 15-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը պաշտոնի ստանձման կապակցությամբ ողջունեց և շնորհավորեց դեսպանին: Բարձր գնահատելով երկու երկրների միջև երկկողմ պաշտպանական բնագավառում համագործակցության ներկայիս մակարդակը` Սեյրան Օհանյանը համոզմունք հայտնեց, որ 11 տարվա պատմություն ունեցող համագործակցությունը կշարունակվի ընդլայնվել:
Դեսպան Է.Պետրիկասը հաստատեց համագործակցությունը զարգացնելու լիտվական կողմի պատրաստակամությունը` նշելով, որ այն կզարգանա ոչ միայն երկկողմ ձևաչափով, այլ նաև բազմակողմ՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում:
Ըստ «Forbes» պարբերականի՝ արժի Թուրքիա այցելել «Գեզի» այգու համար
«Forbes» պարբերականը «10 պատճառ Թուրքիա գնալու համար» վերնագրով մի վերլուծական հրապարակում է արել: Վերլուծության մեջ ամենից առաջ խոսվում է «Գեզի» այգու ցույցերի մասին, նշելով, որ «անհրաժեշտ է Թուրքիա գնալ պատմական ցույցը ապրելու և ականատես դառնալու համար»:
Թուրքիա այցելելու երկրորդ պատճառը, ըստ «Forbes»-ի, թուրքական բաղնիքն է:
Հրշեջ-փրկարարները կատվին ու շանը փրկել են խեղդվելուց
Հրշեջ-փրկարարները կատվին անվնաս դուրս են բերել
Հուլիսի 13-ին, ժամը 20.49-ի ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 8 տանը կատուն ընկել է 5տոննա տարողության ջրի բաքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կտրել են բաքը և կատվին անվնաս դուրս են բերել:
***
Հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել լճից
Հուլիսի 13-ին, ժամը 19.38-ի ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում շունն ընկել է լիճը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.55-ին հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել լճից:
Սպասվում են կարճատև տեղումներ
Հուլիսի 14-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-16-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝
Հուլիսի 14-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հուլիսի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 39.10C (1980թ)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 12.60C (1974թ)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 26.30C
Մինսկի խումբը մտադիր չէ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը. Ադրբեջանում Իրանի դեպան
Քանի դեռ չի լուծվել Ղարաբաղյան հակամարտությունը, հարցականի տակ կմնա պատերազմի վերսկսման հավանականությունը, հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, հուլիսի 11-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դեսպանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը շահագրգռված չէ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ:
Մոհսեն Փաքայինը հավելել է նաև, որ Լարաբաղյան հակամարտության չլուծված լինելը վտանգում է տարածաշրջանի անվտանգությունը: “Մինսկի խումբն առ այսօր ի՞նչ է արել՝ ոչինչ, բացի մի քանի հանդիպում անցկացնելուց, որոնց ելքը նախապես պարզ էր: Մենք, ընդհանուր առմամբ, չենք կարծում, որ տարածաշրջանի հետ առնչություն չունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի երկները շահագրգռված են Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ: Այդ խնդիրը պետք է լուծվի տարածաշրջանի երկրների միջնորդությամբ”,-ասել է նա:
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է միջնորդ հանդես գալ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: “Հակամարտության երկու կողմերի համաձայնությունը ստանալու դեպքում Իրանը` որպես տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկիր, համապատասխան երկրների հետ քննարկումներ կսկսի և կառաջարկի խնդրի կարգավորման իր նախագիծը”,- նշել է նա:
Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում բնակիչների ամենշաբաթյա ընդունելությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է անցկացրել
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն` յուրաքանչյուր շաբաթվա հինգշաբթի օրը, ժամը 14-ից մինչև 16-ը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները կազմակերպում են բնակիչների հետ ընդունելություն: Հերթական ընդունելության օրը՝ հուլիսի 11-ին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անակնկալ այցով անձամբ է եղել Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ու լսել բնակիչներին:
Քաղաքապետի հետ անակնկալ հանդիպումը ողջունվել է բնակիչների կողմից: Տարոն Մարգարյանն էլ վստահեցրել է, որ այսուհետ անակնկալ այցերով պարբերաբար կլինի բոլոր վարչական շրջաններում՝ տեղում հետևելու վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կազմակերպվող աշխատանքների ընթացքին, ինչպես նաև անձամբ լսելու և ծանոթանալու բնակիչների բարձրացրած խնդիրներին:
Բնակիչների կողմից քաղաքապետին ներկայացված խնդիրները հիմնականում կրել են կոմունալ-կենցաղային ու սոցիալական բնույթ: Լսելով բարձրացվող հարցերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին տեղում հանձնարարել է լինել հետևողական դրանց լուծման հարցում:
Քաղաքապետարանի ստորաբաժանումներում ու վարչական շրջաններում հաստատված ընդունելության օրերի սահմանմամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից բոլոր պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրվել բնակիչների հետ անմիջական շփման միջոցով առավել տեղեկացված լինել բարձրացվող խնդիրներին ու հնարավորին արագ լուծում տալ դրանց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Ապամոնտաժելու և դետալները վաճառելու նպատակով ավտոմեքենա փախցնողները ձերբակալված են
Հուլիսի 3-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել Վեդի քաղաքի Թումանյան փողոցի շենքերից մեկի բակում կայանված «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան փախցնելու մասին:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի բաժինների և ԼՂՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ՝ նշված ավտոմեքենան փախցնելու կասկածանքով, հուլիսի 9-ին, ժամը 09.00-ին, Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցից Արարատի բաժին բերման են ենթարկվել 1985 թ. ծնված Դավիթ Դ.-ն և 1988 թ. ծնված Արկադյա Հ.-ն:
Պարզվել է, որ նրանք հուլիսի 3-ին, ժամը 02.00-ի սահմաններում, դռան փականը բացելով՝ բակից փախցրել են ավտոմեքենան և ապամոնտաժելու ու դետալները վաճառելու նպատակով տարել ԼՂՀ Ստեփանակերտ քաղաք:
Ավտոմեքենան` սարքին վիճակում, առանց պետհամարանիշերի, հայտնաբերվել է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:
Ձեռնարկվում են միջոցառումներ մեքենայի պետհամարանիշերը հայտնաբերելու ուղղությամբ:
Դավիթ Դ.-ն և 1988 թ. ծնված Արկադյա Հ.-ն ձերբակալված են:
Բրազիլիայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
Հուլիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդմոն Մարինյու Դուարտե Մոնտեյրուին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով դեսպան Մոնտեյրուին նշանակման կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի ու Բրազիլիայի միջև ձևավորվել են ջերմ բարեկամական հարաբերություններ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր առաքելության ընթացքում իր ներդրումը կունենա երկու երկրների
համագործակցության խորացման գործում:
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար դեսպան Մոնտեյրուն ասաց, որ Բրազիլիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ինքը կանի առավելագույնը տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու նպատակով:
Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց միջխորհրդարանական կապերի
ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընլդայնմանը, գործարար կապերի
խթանմանը, արտգործնախարարությունների միջև պարբերական
խորհրդատվությունների անցկացմանը, մշակութային և կրթական ոլորտներում
փոխգործակցության նպատակով քայլերի ձեռնարկմանը:
Հորդառատ անձրևի հետևանքները
Հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ են պահվել կոմունալ ծառայությունների պետը և Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը: Դեպքի վայրում են գտնվում նաև Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, խմբի պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Պարզվել է, որ անձրևաջրերը լցվել են մոտ 30 տներ և նկուղներ:
Նույն օրը ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը լցվում են նաև Սյունիքի մարզի Աղիտու գյուղի մի շարք տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Սյունիքի մարզի քաղաքաշինության պետը: Պարզվել է, որ մոտ 1 մ բարձրությամբ ջրաբերուկներով է լցվել Կ. Ջավադյանին պատկանող տունը (70 քմ), ինչի հետևանքով փլուզվել է տան պատը (6 քմ): Տունը բնակեցման ենթակա չէ: Տան տիրոջը տրվել է ժամանակավոր կացարան:
Ի լրումն հուլիսի 3-ի տեղեկագրի` հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Սիսիան քաղաքի Սյունիք, Կամո, Ն.Ստեփանյան, Սպանդարյան, Երիտասարդական, Գայի, Մ.Գորկի, Մկրտումյան, Սիսական և Շիրակ փողոցները և լցվել են որոշ տներ, նկուղներ, անասնագոմեր, խանութներ և արտադրամասեր: Վերոնշյալ վայրերում ջրահեռացման աշխատանքներ են իրականացնում Սիսիանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցները և մարզային հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Լոնդոնի անգլիական հեռուստաընկերությունը ռամազան ամսին ուղիղ եթերով ազան է հեռարձակելու, Անգլիայի մահմեդականները ցնծում են
Անգլիական «Channel 4» հեռուստաընկերությունը մեկ շաբաթից սկսվող մահմեդական մեծ պահքի՝ ռամազանի ամսվա ընթացքում ամեն առավոտ ուղիղ եթերով հեռարձակելու է իսլամական աղոթքի կանչը՝ ազանը: Բացի այդ՝ անգլիական ալիքը հավատացյալ մահմեդականներին հիշեցման կարգով հայտնելու է նամազի ժամերը, ինչպես նաև մոտ օրերս ցուցադրվելու է ռամազանի մասին պատմող մի քանի րոպեանոց ֆիլմ:
Թուրքական «Ռադիկալը» գրում է, որ հեռուստաընկերության տնօրեն Ռալֆ Լին նշել է, թե իրենք հաշվի են առել, որ նման որոշման համար կարող են քննադատության արժանանալ: Տնօրենը ընդգծել է, որ Անգլիայում օրեցօր աճում է մահմեդականների թիվը: «Մեր հեռուստադիտողների մեծամասնությունը երիտասարդներ են, իսկ Անգլիայի մահմեդականների կեսը մոտ 25 տարեկան է»,-նշել է տնօրեն Լին:
Հեռուստաընկերության որոշումը արժանացել է Անգլիայի մահմեդական համայնքի բարձր գնահատականին: Վերջիններս նշել են, որ այս կերպ ալիքը օգնում է երկրում իսլամականության ճիշտ ներկայացմանը: Անգլիայում 2011 թվականի տվյալներով մոտ 3 միլիոն մահմեդական է բնակվում: Սա կազմում է երկրի բնակչության 5 տոկոսը:
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում
Հուլիսի 3-4-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է, իսկ 5-ին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ:
6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ին կնվազի 3-4 աստիճանով, հուլիսի 6-7-ին՝ նույնքանով կբարձրանա:
Երևանում`
Հուլիսի 3-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ: Հուլիսի 5-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հուլիսի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 37.20C (1989թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 10.80C (1920թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 24.40C
ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԵՄ կողմից Դիվանագիտական դպրոցի աջակցության ծրագրի մեկնարկին նվիրված ընդունելություն
Հուլիսի մեկին ԱԳՆ-ում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված
Դիվանագիտական դպրոցին ԵՄ կողմից աջակցության ծրագրի նոր փուլի
մեկնարկին:
Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Դիվանագիտական դպրոցի գործընկեր ԲՈՒՀ-երի ղեկավարներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, Դիվանագիտական դպրոցի տարբերի տարիների շրջանավարտներ:
Իր ողջույնի խոսքում կարևորելով Դիվանագիտական դպրոցի գործունեությունը՝ որակյալ դիվանագիտական կադրերի պատրաստման գործում, նախարար Նալբանդյանը նշեց, որ բացումից ընդամենը երեք տարի անց Հայաստանի Դիվանագիտական դպրոցը վերաճել է լավ համբավ ունեցող ուսումնական հաստատության, որն առաջարկում է բարձրորակ մասնագիտական կրթություն նրանց, ովքեր ձգտում են համալրել ՀՀ դիվանագիտական ծառայությունը, ինչպես նաև վերապատրաստման ծրագրեր` իրենց կարիերայի կայացման ճանապարհին գտնվող դիվանագետներին և պետական այլ հաստատությունների արտաքին կապերի վարչությունների աշխատակիցներին:
“Այս ընթացքում Դիվանագիտական դպրոցը տվել է շուրջ ութ տասնյակ
շրջանավարտ, որոնցից 41-ը ներկայումս աշխատում են Արտաքին գործերի
նախարարությունում: Այս նոր ծրագրի մեկնարկը վառ հաստատումն է այն բանի,
որ մեր միջազգային գործընկերները դրական են գնահատում Դիվանագիտական
դպրոցի նվաճումները”. – ասաց արտգործնախարարը:
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպական Միությանը, բոլոր գործընկեր կազմակերպություններին ու երկրներին, որոնք նպաստել են Դիվանագիտական դպրոցի զարգացմանը կայացմանը, ինչպես նաև այն բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, մասնագետներին և հրավիրյալ դասախոսներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել կրթական գործընթացում վերջին մի քանի տարիների ընթացքում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան իր խոսքում, անդրադարձավ Դիվանագիտական դպրոցի անցած ճանապարհին, ընդգծելով, որ այն իր գործունեության կարճ ժամանակահատվածում այն բավականին շոշափելի արդյունքների է հասել և ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը այդ անցած ուղու գնահատականն է։
2013թ. մայիսին մեկնարկած Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող նոր ծրագիրը աջակցելու է ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի վարչական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը կներառի նաև տեղեկատվական և արտադասարանային մի շարք լրացուցիչ միջոցառումներ, ուսումնական այցեր Բրյուսելում և Վիեննայում տեղակայված եվրոպական և միջազգային կազմակերպություններ։
Տիգրանաշենի ոլորաններումավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը. կան տուժածներ
Հունիսի 30-ին, ժամը 09.12-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում ավտոմեքենան շրջվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Արարատ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 18 ՍՏ 917 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել 1981 թ. ծնված Ա. Գևորգյանի դին (Վանաձոր քաղաքի բնակիչ):
Հրշեջ-փրկարարները տուժածներ` 1993 թ. ծնված Մ. և 1968 թ. ծնված Վ. Դավոյաններին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածներին հոսսպիտալացրել են Արարատի բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Բժիշկները Մ. Դավոյանի վիճակը գնահատել են ծանր, իսկ Վ. Դավոյանինը` բավարար:


