Եթե մի քանի ոսկե մեդալ ունենայինք…

Razmik-Stepanyan1Ռուսաստանի Կազան քաղաքում կայացած Համաշխարհային ուսանողական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներն արժանացան 10 մեդալի (1 ոսկե, 5 արծաթե, 4 բրոնզե) և ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրին 32-րդ տեղը: Վերադարձից հետո տպավորությունները հայտնեց Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, «Հայաստան» մարզական միության նախագահ Ռազմիկ Ստեփանյանը:

– 160 երկրների պատվիրակներ էին մասնակցում: Նախորդ` Չինաստանի Շենժեն քաղաքում կազմակերպված խաղերում ուժերն էին չափել 152 պետությունների ներկայացուցիչներ: Կազանում ստուգատեսը բարձր մակարդակով էր  կազմակերպվել: Վստահորեն կարելի է ասել, որ նախկինում ոչ մի երկրում խաղերն այդպիսի շուքով չէին անցկացվել: Ռուսաստանը նախապատրաստման համար 1 մլրդ 200 մլն դոլար էր ծախսել: Համեմատության համար նշենք, որ Շենժենում անցկացված խաղերի կազմակերպիչները ծախսել էին  800 մլն դոլար: Հայաստանի պատվիրակության կազմում 39 մարզիկ կար: Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ ) դարձավ չեմպիոն: Նրա թիմակիցներ Մհեր Կարապետյանը (82 կգ) և Հակոբ Առաքելյանն (+100 կգ) արժանացան բրոնզե պարգևների: Արծաթե մեդալների տիրացան բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ), ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշներ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ), շախմատիստ Զավեն Անդրիասյանը: Բռնցքամարտիկ Հենրիկ Մոկոյանը (56 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը կանգնեցին պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին: 62 երկրների ներկայացուցիչներ են մեդալներ նվաճել: Նվաճած պարգևների հաշվարկով Հայաստանից հետ են մնացել մարզական համարում ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Սերբիան, Բուլղարիան, Լատվիան, Արգենտինան, Հունաստանը, Ֆինլանդիան, Վրաստանը, Իրանը և այլն:

 – Զուգահեռներ անցկացնենք մեր սահմանակից երկրների հետ: Հետաքրքիր է, թե ինչպես է Ադրբեջանը շրջանցել  Թուրքիային: Այդ երկրների ներկայացուցիչները համապատասխանաբար 19-րդ (4 ոսկի, 5 արծաթ, 7բրոնզ) և 29-րդ (2-0-5) տեղերում են:

– Ադրբեջանի ներկայացուցիչները մեծ փողեր են ծախսում սպորտը զարգացնելու համար: Թուրքիան հանպատրաստից էր մասնակցում: Նախկինում այդ երկրի ներկայացուցիչները շատ ավելի լրջորեն էին նախապատրաստվում և մասնակցում խաղերին: Ի դեպ, եթե կազմակերպիչները մի շարք մարզաձևեր լրացուցիչ չընդգրկեին խաղերի ծրագրում, Հայաստանի ներկայացուցիչներն էլ այդպիսի ավար չէին ունենա: Խաղերի պարտադիր մարզաձևերի շարքում մենապայքարային մի շարք մարզաձևեր չեն նախատեսված, սակայն Ռուսաստանի ներկայացուցիչների առաջարկով խաղերի ծրագրում էին հայտնվել ըմբշամարտը, գոտիներով ըմբշամարտը, ծանրամարտը, բռնցքամարտը, սամբոն: Դա ձեռնտու էր Հայաստանի ներկայացուցիչներին:

 – Զարմանալի է, որ մարզական մեծ ներուժ ունեցող Իրանը մեզնից հետ է մնացել, 33-րդ տեղում է (1-5-3): Նույնը կարելի է ասել նաև 48-րդ հորիզոնականում հայտնված Վրաստանի մասին (0+1+2):

– Իրանի ներկայացուցիչները նախկինում կազմակերպված խաղերում էլ առանձնապես չեն փայլել: Վրաստանի ներկայացուցիչները նույնպես նախկինում մեզանից առաջ երբեք տեղեր չեն զբաղեցրել:

 – Օրինաչափ էր, որ առաջին երկու տեղերը գրավել են Ռուսաստանի (155-75-62) և Չինաստանի (26-29-22) ներկայացուցիչները: Բայց զարմանալի է, որ 3-րդ տեղում ճապոնացիներն են (24-28-32):

Կազան– Բանն այն է, որ տարբեր երկրներում յուրովի են նախապատրաստվում խաղերին:  Հայաստանի կառավարությունը, մեր երկրի ԿԳ նախարարությունը, կարևորելով խաղերին Հայաստանի  մարզիկների նախապատրաստվելը և մասնակցությունը, ամեն ինչ արել էին, որ նրանք լավ հանդես գան: Եվ դա տվեց իր արդյունքը: Տրամադրվել էր 23 մլն դրամ: Ֆինանսական մեծ միջոցներ չեն առանձնացվել, սակայն Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և մի շարք այլ մարզաձևերի ֆեդերացիաների համագործակցությունը հանգեցրեց նրան, որ մեր մարզիկները կարողացան լավ նախապատրաստվել և մեդալներ նվաճել: Հայաստանի մի շարք մարզաձևերի ֆեդերացիաներ լրացուցիչ ներդրումներ են կատարել: Մեր երկրի ներկայացուցիչները հանդես եկան բռնցքամարտի, գոտիներով ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, լողի, աթլետիկայի, շախմատի, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի, սամբոյի մրցումներում:

 – Մեր երկրի` բոլո՞ր մարզաձևերի ներկայացուցիչների մրցելույթներից եք գոհ: Կա՞ն այնպիսի մարզաձևեր, որոնց ներկայացուցիչները չարդարացրին սպասելիքները:

– Լավ հանդես եկան մեր ըմբիշները: Ուրախալի է, որ մեդալներ բերեցին Հայաստանի սամբիստները, բռնցքամարտիկները: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան լրացուցիչ երկու մարզիկի էր գործուղել Կազան և հոգացել էր բոլոր ծախսերը: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան էլ  լրացուցիչ 6 մարզիկի մասնակցելու ծախսերն էր հոգացել: Հայաստանից լրացուցիչ 4 սամբիստ էր մասնակցում: Դա մեծ աջակցություն էր: Ինչ վերաբերում է չարդարացած հույսերին, ապա հարց կարող է առաջանալ, թե ինչպես հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը Համաշխարհային ուսանողական խաղերում սոսկ 3-րդն է: Բանն այն է, որ վիճակահանության քմահաճույքով Արսենը մրցեց օլիմպիական խաղերի չեմպիոն, ռուսաստանցի Ռոման Վլասովի հետ, որին պարտվել էր 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերի եզրափակչում: Երկրորդ գոտեմարտում Ջուլֆալակյանը ռուսաստանցի ըմբիշին կրկին զիջեց լարված մրցակցությունում: Դրանից հետո մեր  մարզիկը կարող էր պայքարել միայն 3-րդ տեղի համար: Սպասելիքներն ավելի մեծ էին նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանից: Բայց նրա գոտեմարտի ժամանակ մրցավարական կողմնակալ վերաբերմունք եղավ: Եվ եթե մեր երկու առաջատար ըմբիշներներին ոսկե մեդալ նվաճել չի հաջողվել, ապա նրանք ուժեղ մրցակիցների են պարտվել: 

– Իսկ ազատ ոճի մեր ըմբիշների հավաքականի նվաճած մեկ մեդալը քիչ չէ՞: 49 կգ քաշային բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանից էլ մեծ ակնկալիքներ կային:

– Եթե մեդալ կա, արդեն լավ է: Սպորտում ամեն ինչ հնարավոր է, և Սողոմոնյանի  համար մրցամարտը նույնպես ցանկալի հունով չընթացավ: Մի փոքր տակտիկական սխալը, հնարավորությունները ժամանակին չօգտագործելն իր հետևանքներն ունեցավ: Ընդ որում, առաջին իսկ մրցամարտում նրա հակառակորդը Եվրոպայի չեմպիոն ռուսաստանցի մարզիկ էր: Իսկ ահա  դժգոհ ենք Հայաստանի ծանրորդների մրցելույթներից: Մեր երկրից մրցահարթակ դուրս եկած երեք մարզիկներն էլ չդրսևորեցին իրենց կարողությունները: Աղասի Աղասյանը, որը Շենժենում չեմպիոն էր դարձել, 77 կգ քաշային կարգից տեղափոխվել է 85 կգ քաշային կարգ և դժվարացավ: 95 կգ քաշային Վարդան Դավթյանը, չկարողանալով բարձրացնել իր պատվիրած ծանրությունը, 0 ստացավ: 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը բավարարվեց 5-րդ տեղով: Բայց ընդհանուր առմամբ մեր պատվիրակների մասնակցությունը խաղերին կարելի է գնահատել լավ: Գերազանց կլիներ, եթե մի քանի ոսկե մեդալ ունենայինք: Առնվազն երեք ոսկե պարգև պետք է նվաճեինք: Ի դեպ,  չեմպիոն դառնալուն շատ մոտ էր Զավեն Անդրեասյանը: Նա  և ֆիլիպինցի Ուեսլի Սոն հավասար միավորներ հավաքեցին, բայց քանի որ լրացուցիչ ոսկե մեդալ չկար, մրցավարական հանձնաժողովը որոշեց «արագ» շախմատի միկրոմրցամարտ անցկացնել: Եվ հաջողությունը մեր գրոսմայստերին ուղեկից չեղավ: Այդուհանդերձ, այս խաղերում ամենից շատ մեդալներ ենք  նվաճել: 2015-ին Հարավային Կորեայի Քվանջու քաղաքում կայանալիք խաղերում մեդալների այսպիսի քանակ չենք ունենա: Բանն այն է, որ կորեացիները, պարտադիր ծրագրով մարզաձևերից բացի, ընդգրկել են այնպիսի մարզաձևեր, որոնցում Հայաստանի ներկայացուցիչներն այնքան էլ մեծ հաջողություններ չունեն: Հոռետեսություն չէ, սակայն նախապես կարելի է ասել, որ իրատես լինելով` մեծ ակնկալիքներ չենք ունենա: Նախորդ` Չինաստանում կայացած խաղերում Հայաստանն ընդամենը երկու մեդալ ուներ: Ծանրորդ Աղասի Աղասյանը չեմպիոն էր հռչակվել, արծաթե մեդալակիր էր դարձել նրա թիմակից Հայկ Հակոբյանը:

 – Ի՞նչ պարգևներ են սպասում Կազանում աչքի ընկնողներին:

– Սահմանված կարգով տարեվերջին բոլորն էլ պետության կողմից պարգևների կարժանանան: Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահն է և  խրախուսանքի կարժանացնի մեդալակիրներին: Դա նախատեսվում է հոկտեմբերին` Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ավարտից հետո, այդ ստուգատեսի լավագույններին պարգևատրելու ժամանակ: Խաղերն ընթացքում են, մնացել են հանդբոլի և մինի ֆուտբոլի մրցաշարերը:

 

Նոր մարզաձևեր` ՀՄԸՄ խաղերի ծրագրում

The 9th Armenian General Athletic Union (Homenetmen) GamesԵրևանում մեկնարկել են Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) 9-րդ մարզական խաղերը: Համալիր ստուգատեսը կավարտվի օգոստոսի 3-ին: Երկրորդ անգամ է այն կազմակերպվում Հայաստանում, և կան մի շարք առանձնահատկություններ:

Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության (ՀԱՍԿ) ատենապետ, խաղերի կազմկոմիտեի անդամ Հրաչյա Շմավոնյանը հատկապես առանձնացրեց այն հանգամանքը, որ այս անգամ կազմակերպչական աշխատանքներում մեծ դեր են ունեցել ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Փաստը խոսուն է և վկայում է, որ  ճակատագրի բերումով աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցներին միավորող, կապերն ավելի սերտացնելու հնարավորություն տվող այս միջոցառման դերն առավել կարևորվում է:

Խաղերը, որոնց կարող են մասնակցել 12-24 տարեկան պատանիները և երիտասարդները, առաջին անգամ ՀՄԸՄ-ի կենտրոնական վարչության հովանավորությամբ կազմակերպվել են 1981-ին Կանադայում: Այնուհետև 4 տարին մեկ դրանք անցկացվել են ԱՄՆ-ում (երկու անգամ), Ֆրանսիայում, կրկին Կանադայում, Լիբանանում, Հունաստանում: 8-րդ խաղերի մասնակիցներին հյուրընկալել էր Հայաստանի մայրաքաղաքը: Եվ ահա աշխարհի 18 երկրների 651 մարզիկներ կրկին հավաքվել են Երևանում: Առաջին անգամ խաղերին մասնակցում են Քուվեյթի, Իրաքի և Եգիպտոսի ներկայացուցիչները:

Հավելենք, որ ՀՄԸՄ-ն մարզական և սկաուտական կազմակերպություն է, որը հիմնվել է 1918-ին Կոստանդնուպոլսում: Այն հարում է ՀՅԴ-ին: Ներկայումս ՀՄԸՄ-ն աշխարհի 25 երկրներում ունի 100 մասնաճյուղ, որոնց անդամագրված է 25 հազարից ավելի մարդ: Հայաստանում կազմակերպության անդամների թիվը հասնում է 2 հազարի:

Խաղերի ծրագրում 8 մարզաձև կա` ֆուտբոլը, բասկետբոլը, վոլեյբոլը, սեղանի թենիսը, թենիսը, շախմատը, աթլետիկան, լողը: Նախորդ խաղերի համեմատությամբ մարզաձևերի թիվն ավելացել է 3-ով: Իրենց նորամուտն են նշում վոլեյբոլի, թենիսի, աթլետիկայի ներկայացուցիչները: Ընդ որում, տարբեր մարզաձևերի մեկնարկներն անցկացվում են մեր երկրի լավագույն մարզաբազաներում:

Խաղերի մասնակիցներից շատերն առաջին անգամ են Հայաստանում և  լավ հնարավորություն  են ստացել անմիջականորեն ծանոթանալու երկրին, լինելու տեսարժան վայրերում, կատարելագործելու հայերենը:  Ի դեպ, հուլիսի 31-ը հայտարարված էր ազատ օր, մրցումներ չկայացան:  Մասնակիցներն այցելեցին Հայաստանի իրենց նախընտրած վայրերը:

Մրցասպարեզներում թեժ պայքարը շարունակվում է: Աչքի ընկնողներին սպասում են հուշագավաթներ և պարգևներ: Խաղերը կավարտվեն օգոստոսի 3-ին:

 

 

Գևորգ Ղազարյանի թիմը ՉԼ մրցաշարում հաղթեց խոշոր հաշվով

գղGevorg_GhazaryanՖուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Գևորգ Ղազարյանի թիմը`Կարագանդայի «Շախտյորը», սեփական հարկի տակ 3:0 հաշվով առավելության հասավ ալբանական «Սկենդերբեուի» նկտմամբ:

Ղազարյանը «Շախտյորի» մեկնարկային կազմում էր և  մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Պատասխան խաղը կկայանա օգոստոսի 6-ին Ալբանիայում:

Տեխնիկական արդյունքներ

«Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան) – «Սկենդերբեու» (Ալբանիա)՝ 3:0

Գնդակները խփեցին`Ալդին Ջիջիչը, 8, Ռոման Մուրտազաևը, 79, Սերգեյ Խիժնիչենկոն, 89

Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը երկրորդն է

տղBiel-1Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացվող փառատոնի Ֆիշերի շախմատի, կամ ինչպես ընդունված  անվանել  «Շախմատ 960-ի»  մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Յան Սմիթսի (Հոլանդիա) հետ: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանին շնորհվեց երկրորդ մրցանակը:

Ղարամյանը հաջող հանդես եկավ նաև Բիլի փառատոնի արագ շախմատի մրցաշարում: Այստեղ նա 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 117 մասնակիցների մեջ բաժանեց 2-7-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով Ղարամյանը հինգերորդն էր: Հայ գրոսմայստերը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնայից (Հնդկաստան):

Առաջին անգամ Հայաստանում` գեղանկարչական աշխատանքների բացառիկ ցուցահանդես

MHM79817 copyԱյսօր երևանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց  «Արևելքից` արևմուտք, մոդեռնից` պոստմոդեռն, հայ արվեստագետներ» ցուցահանդեսը: Այն ուշագրավ է այն առումով, որ ցուցադրվում են վերջին 100 տարվա գեղանկարչական տարբեր ուղղությունների գործեր: Ոչ միայն հեղինակներն են տարբեր, այլև նրանց գեղեցիկի ընկալումը, այն ներկայացնելու ոճերն ու ձևերը:

Ցուցահանդեսում համաշխարհային ճանաչում ունեցող բոլոր ուղղություններն են (սկսած իմպրեսիոնիզմից), որոնցից ազդվել են հայ նկարիչները, յուրովի տեղայնացրել դրանք: 19-րդ տարի վերջից սկսած մինչև մեր օրերի գործեր են: Ընդ որում, հայ գեղանկարիչները  նախկինում այդպիսի ընդգրկումով երբեք չեն ցուցադրվել մեկ հարկի տակ:

Նախաձեռնողը «Աբրահամ Աննա աուկցիոն» ՍՊԸ-ն, Երևանում հիմնված «Բարձր արվեստ» կենտրոնն է: Վերջինս գործում է  2005-ից, իսկ վերջին շրջանում էլ ավելի է ակտիվացրել գործունեությունը` հայկական մշակույթը փորձելով մատչելի դարձնել տարբեր երկրների ներկայացուցիչների համար: Ընդ որում, կիրառվում են  ժամանակակից մեթոդներ և ձևեր, իսկ գլխավորը հայ նկարիչների գործերն աճուրդով վաճառելու, դրանք աշխարհին ճանաչելի դարձնելու հնարավորություն է տրվում:

Ի դեպ, ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի շրջանակում: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Աբրահամ Աննա աուկցիոնի»  գործադիր տնօրեն Աննա Գրիգորյանը նպատակը մեկն է` միավորել արվեստի տարբեր տեսակները, ընդօրինակել 10-րդ անգամ անցկացվող կինոփառատոնի փորձը, և հետագայում գեղանկարչական այնպիսի ցուցահանդես կազմակերպել, որը նույնպես միջազգային ճանաչման արժանանա:

Իսկ ներկայիս ցուցահանդեսում, որը միավորել էր դասական և ժամանակակից արվեստի ներկայացուցիչներին մեկ հարկի տակ, ճանաչված վարպետների գործերի կողքին, երիտասարդ, հեռանկարային ստեղծագործողների աշխատանքներ են: Ներկայացված են Փանոս Թերլեմեզյանի, Վարդան Մախոխյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Գևորգ Գևորգյանի (Ջոտտո), Արշիլ Գորկիի, Էդուարդ Իսաբեկյանի, Ժան Գարզուի, Սերգեյ Փարաջանովի, Ժան Ժանսեմի, Հակոբ Հակոբյանի, Սերգեյ Փարաջանովի, Վարուժան Վարդանյանի, Ռոբերտ էլիբեկյանի, Գարիկ Կարապետյանի, Կարեն Օհանյանի և ուրիշների գործերը: Շուրջ 7 տասնյակ արվեստագետների աշխատանքներ են:

Ցուցասրահում մեծ թվով այցելուներ էին: Ներկա էին նաև «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները: Ողջույնի խոսք ասաց Հարություն Խաչատրյանը:

Վերջում, հայկական արվեստի զարգացնան և քարոզչության գործում ունեցած մեծ ներդրաման համար, մրցանակ հանձնվեց «Ոսկե ծիրան» փառատոնի մասնակից, Ատոմ Էգոյանի «Արարարտ» ֆիլմում նկարահանված դերասանուհի Արսինե Խանջյանին: Պարգևը շատ շռայլ էր` Մինաս Ավետիսյանի «Մերկ կինը» նկարը: Դերասանուհին այդպիսի վերաբերմունքից անակնկալի եկավ և հուզմունքից արտասվեց: «Ծնվելով Լիբանանում, հայեցի դաստիարակություն ստանալով, պարտավորված էի զգում: Եվ ապրելով Կանադայում, երջանիկ եմ, որ բախտ եմ ունեցել հայկական արվեստում ներդրում ունենալու: Ինձ օգնել է իմ ժողովրդի ուժը: Այս պարգևը մեծ անակնկալ է և էլ ավելի է իմաստավորում իմ կյանքը, քանի որ այն համարում եմ իմ սիրելի ժողովրդից ստացած գնահատական»,-ասաց նա:

Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային փառատոնին

images ՀԱՕԿՀոլանդիայի Ուտրեխտ քաղաքի  «Հալդենվարդ» ստադիոնում  հուլիսի 14-ին տեղի կունենա  Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային 12-րդ փառատոնի  բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև: Նախատեսվում է եվրոպական 49 երկրների շուրջ 3300 մարզիկ – մարզուհիների մասնակցությունը: Նրանց թվում կլինեն Հայաստանի ներկայացուցիչները. թենիսիստներ` Միլենա Ավետիսյանը, Լինդա Օհանյանը, Դավիթ Մուրադյանը, Հրաչ Խաչատրյանը, խճուղային հեծանվորդներ` Աբել Մանուկյանը, Էդգար Ստեփանյանը, Պավել Ստեփանյանը, աթլետներ` Ռաֆայել Պետրոսյանը, Վարդան Նիկոլայանը, Մարիաննա Բաղյանը, Իրինա Պողոսյանը, լողորդներ` Անի Պողոսյանը, Վանիկ Բարսեղյանը, մարմնամարզիկներ`  Արսեն Գևորգյանը, Վիգեն Խաչատրյանը, Հայկ Պետրոսյանը և ձյուդոjիստներ`  Ալբերտ Մկրտչյանը, Ռոբերտ Գաբրիելյանը, Գրիգոր Սահակյանը, Ավետիք Գրիգորյանը, Շահեն Աբաղյանը, Էդվարդ Գրիգորյանը:

Մեր երկիրը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձևերում. բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ: Բանն այն է,  որ նշած մարզաձևերի եվրոպական ֆեդերացիաները մասնակցության իրավունք են տալիս  միայն բարձր վարկանիշ ունեցող տղաների և աղջիկների  ութական թիմերի:

Ուտրեխտյան փառատոնը  կավարտվի հուլիսի 20-ին:

 

 

Խոստումներ, որոնք չեն կատարվել

atletikaՉնայած մի շարք դժվարություններին` Հայաստանի աթլետները շարունակում են միջազգային ներկայացուցչական մեկնարկների մասնակցել, նաև հույսեր ներշնչել: Օրերս մեր երկրի 27 մարզիկ–մարզուհիներ Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում կարողությունները փորձեցին  Եվրոպայի 3-րդ խմբի գավաթի խաղարկության մրցաշարում և 15 երկրների հավաքականների պայքարում հանգրվանեցին 9-րդ հորիզոնականում: Հետաքրքիր է իմանալ, թե արդյոք գո՞հ է իր սաների մրցելույթներից Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ  Միշա Հայրապետյանը: 

– Մասնակցում էին նաև տանտերերի, Մալթայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Իսրայելի, Վրաստանի, Ադրբեջանի, Անդորրայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Եվրոպայի փոքր երկրների միացյալ հավաքականները: Մրցումների ծրագրում աթլետիկայի չորս տասնյակ մրցաձև էր: Մերոնք չմասնակցեցին միայն տղամարդկանց և կանանց ձողացատկի մրցումներին, կանանց խոչընդոտավազքին:  Ընդհանուր առմամբ մեր մարզիկները լավ մրցելույթներ ունեցան: 

– Երկու տարի առաջ Ռեյկյավիկում կայացած այս ստուգատեսում մերոնք 7-րդն էին: Ինչո՞վ է պայմանավորված նահանջը:

– Մեր լավագույն աթլետները հիմնականում դրսևորեցին իրենց կարողությունները:  Միայն նիզականետորդ Մելիք Ջանոյանը սայթաքեց: Նա այս անգամ լավ մարզավիճակում չէր և իր համար ցածր արդյունք ցույց տվեց` բավարարվելով 7-րդ տեղով` 65 մ 34 սմ: Մինչդեռ Ջանոյանը պետք է պայքարեր 1-2-րդ տեղերի համար: Մելիքը պատճառաբանեց, որ վնասվածքը խանգարում է: Ջանոյանը մասնակցել է օլիմպիական վերջին երկու խաղերին: Նրա լավագույն արդյունքն է 79 մ 12 սմ: Չի կարելի ասել, թե թիմը թուլացել էր, պարզապես մի քանի մրցաձևերում մերոնք չկարողացան իրենց լիարժեք դրսևորել: Նկատի ունեմ մարզուհիների նետումները, բացառությամբ` մրճանետման: Գնդի, սկավառակի նետումների արդյունքները ցածր էին: Մասնավորապես, այդ մրցաձևերում հանդես եկավ Աննա Շահնազարյանը և սպասելիքները չարդարացրեց: Արագավազորդ Հրանտ Եղիազարյանի մեղքով  երկու մրցաձևերում 0-ներ ունեցանք: 100 մ վազքում նա կեղծ մեկնարկ կատարեց և որակազրկվեց: 4х100 մ փոխանցավազքում էլ Հրանտը չկարողացավ փոխանցել փայտիկը, և այդ սխալի պատճառով մեր թիմը կրկին  0 ստացավ: Մարզիկն առաջին անգամ էր  միջազգային այդպիսի ներկայացուցչական մրցաշարի մասնակցում: Թերևս, նրան խանգարեց փորձի պակասը:

Իսկ մրցանակային տեղեր գրավեցին Հայաստանի չորս մարզիկներ: Նրանցից երեքը զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: Վարդան Փահլևանյանը հեռացատկեց 7 մ 74 սմ: Լևոն Աղասարյանը եռացատկում ցույց տվեց 15 մ 67 սմ: Ամալյա Շառոյանն էլ աչքի ընկավ  400 մ արգելավազքում` 1.00,50 վայրկյան: Աշոտ Հայրապետյանը 1500 մ վազքում 3-րդ էր` 8.53,14 վարկյան: Կարևոր էր, թե այս կամ այն մարզիկը քանի միավոր է բերում հավաքականին: Այս առումով առանձնացավ Շառոյանը, որը 4-րդն էր 100 մ արգելավազքում`14,35 վայրկյան: Նա իրեն լավագույն դրսևորեց նաև փոխանցավազքերում`   4х100 մ, 4х400 մ: Ամալյան թիմին բերեց 45 միավոր Վերջին մրցաձևերին հաջող մասնակցեց նաև Դիանա Խուբեսերյանը: Նա լավ հանդես եկավ 200 մ վազքում` 24,73 վայրկյան և 4-րդը ճանաչվեց: Դիանան հավաքեց 41 միավոր: 32 միավոր վաստակած Սաթենիկ Հովհաննիսյանը կարող էր ավելի բարձր արդյունք ցույց տալ, սակայն նա, հեռացատկելով 5 մ 82 սմ, գրավեց 5-րդ տեղը: Աշոտ Հայրապետյանը և Արամ Դավթյանը վաստակեցին 30 և 24 միավոր: Վերջինս հանդես եկավ 200 մ և 400 մ վազքերում, 4х100 մ, 4х400 մ փոխանցավազքերում: Սպասելիքներն ավելի մեծ էին Աղասյանից, նա մի փոքր զիջեց առաջին տեղը գրաված մարզիկին, մինչդեռ եռացատկորդի անձնական ռեկորդն է` 16 մ 33 սմ: Նրան այս տարի հետապնդում են վնասվածքները, թերևս դա էլ խանգարեց, քանի որ լիովին չէր ապաքինվել: Այժմ փորձում ենք այնպես անել, որ  նա կազդուրվի, վերագտնի լավագույն մարզավիճակը և ավելի բարձր արդյունք ցույց տա Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Ինչևէ, առաջին տեղը գրավեց Սլովակիայի հավաքականը: Մեր սահմանակից Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մերոնցից առաջ էին: Ադրբեջանի ներկայացուցիչները 312,5 միավորով 8-րդ տեղում են, իսկ Վրաստանի ընտրանին 338 միավորով 7-րդն է: 9-րդ հորիզոնականում հանգրվանած մեր հավաքականն ունի 301 միավոր:

 – Առջևում մերոնց ի՞նչ փորձություններ են սպասում:

– Իտալիայի Ռիեթի քաղաքում հուլիսի 16-22-ը կայանալու է Եվրոպայի պատանեկան առաջնությունը, իսկ հուլիսի 28-29-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կանցկացվի Բալկանյան երկրների աթլետների ամառային առաջնությունը: Հայաստանը Բալկանյան պետությունների թվում չէ, բայց մեր երկրի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ներկայիս ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հեղինակության շնորհիվ, մեր մարզիկներին իրավունք է վերապահվել մասնակցելու այդ ստուգատեսին: Ի դեպ, ձմռանը մերոնք հանդես են եկել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կազմակերպված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Հայաստանի հավաքականի մարզուհիները 5-րդ, մարզիկները` 9-րդ տեղում էին: Ցավոք, ամառային առաջնությանը թիմերով մասնակցել չենք կարող: ճիշտ է,  մեր մարզիկներին հյուրընկալելու են, հոգալու են սննդի, գիշերելու ծախսերը, սակայն ճանապարհածախսի խնդիր կա, և մեծ պավիրակությունով չենք կարող մեկնել մրցավայր: Հայաստանից  հանդես կգա 10 մարզիկ-մարզուհի: Մինչդեռ թիմային պայքարին մասնակցելու համար առնվազն պետք մրցասպարեզ հանել 25 աթլետ: Դեռ որոշված չեն այն մարզիկների անունները, որոնք կարողություններն են փորձելու այդ ստուգատեսում: Ամեն ինչ կհստակեցվի հուլիսի վերջին: Ինչ վերաբերում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը, ապա հանդես կգան նրանք, ովքեր վարկանիշ ունեն` 5 մարզիկ-մարզուհի: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Սաթենիկ Հովհաննիսյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Ալբերտ Մարտիրոսյանը (գնդի հրում, նիզակի նետում), Սուրեն Խաչատրյանը (սկավառակի նետում), Դիանա Խուբեսերյանը (100 մ և 200 մ վազք):

 – Սպասելիքներն ինչպիսի՞ն են:

– Եթե մեր մարզիկները ցույց տան այն արդյունքները, որոնց ի վիճակի են, ապա առնվազն երկու մրցանակակիր կունենանք:

 – Մինչև 18 տարեկան մարզիկների այդ ստուգատեսում նախկինում Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ չեն ունեցել: Հետաքրքիր է` այդպիսի լավատեսության համար ի՞նչ հիմքեր կան:

– Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների լավագույն արդյունքը զբաղեցրած 4-րդ տեղն է, սակայն մերոնց  ներկայիս արդյունքները բարձր են: Հույսեր է ներշնչում Մարտիրոսյանը: Նա 6 կգ-ոց գունդը հրել է 16 մ 40 սմ: Սպասվում է, որ Իտալիայում Ալբերտն ավելի բարձր արդյունք ցույց կտա: Խուբեսերյանը 100 մ և 200 մ վազքերում լավ ցուցանիշներ ունի: Աղասյանը 16 մ 33 սմ արդյունք է ցույց տվել, որը կրկնելու դեպքում կարող է  հաջողության հայտ ներկայացնել: Խաչատրյանն էլ վերջերս Թբիլիսիում կազմակեպված միջազգային մրցումներում սկավառակը նետել էր 50 մ 50 սմ, որը նույնպես լավ արդյունք է:

 – Նախատեսվա՞ծ է ուսումնամարզական հավաք:

– Հուլիսի 6-16-ը Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները Ֆրանսիայի Մարսել քաղաքում ուսումնամարզական հավաք կանցկացնեն այդ երկրի հավաքականի հետ համատեղ:

 – Փաստորեն, շարունակում է հիմնախնդիր մնալ Հայաստանում աթլետիկայի մարզաբազայի բացակայությունը:

– Աշխարհում միակ երկիրն ենք, որը չունի ժամանակակից պահանջներին համապատասխանող աթլետիկայի մարզադաշտ: Արտաշատի մարզադաշտի վազքուղիները շարքից դուրս են եկել: Այնտեղ միայն մրցումներ են կազմակերպվում:

 –Իսկ ի՞նչ են ասում մեր մարզական այրերը, որևէ մեկը մի բան խոստանո՞ւմ է անել` դրությունը շտկելու համար:

– Հայաստանի նախագահը խոստացել է, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտն աթլետիկական հատվածներ է ունենալու: Ընդ որում, ֆինանսների մի մասը տրամադրելու է Աթլետիայի միջազգային ֆեդերացիան: Մնացածը պետք է մեր միջոցներով իրականացվի:

 – Իսկ «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադաշտն ինչո՞ւ չի վերանորոգվում:

– Դա մեզանից կախված չէ: Ժամանակին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր երկրի սպորտպետկոմի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը վստահեցնում էին, որ այդ հարցը կկարգավորվի: Ի դեպ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ ասել էր, որ մեկ տարում խնդիրը կլուծվի:  Բայց  տարիներն անցել են, և ոչինչ չի փոխվել: Ի դեպ, Մալթան, որի հավաքականը մեր մրցակիցն էր օրերս կայացած մրցումներում, Հայաստանից շատ փոքր երկիր է, բայց  աթլետիկայի ժամանակակից 5 մարզադաշտ ունի: 2010-ին, երբ ադ երկրում մրցումների էինք մասնակցում, ուղղակի ապշել էինք:

 – Այդ դեպքում ի՞նչն է ստիպում մարդկանց Հայաստանում աթլետիկայով զբաղվել:

– Պարզապես` սերն այդ մարզաձևի նկատմամբ: Աթլետիկա պարապողները որոշակի մտավոր կարողություններ պետք է ունենան, իսկ գլխավորն այն է, որ այն բազային է մյուս բոլոր մարզաձևերի համար:

 – Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան պարապողներին ապահո՞վում է մարզական գույքով, հանդերձանքով:

– Ռոբերտ Էմմիյանի ջանքերի շնորհիվ 2012-ին Ֆրանսիայից մեծ քանակությամբ մարզագույք է բերվել Հայաստան: Մարզական հանդերձանքի վիճակն ավելի բարդ է: Արդեն երեք տարի է, ինչ «Ադիդաս» ֆիրման չի աջակցում Հայաստանի ֆեդերացիային:

Ջրագնդակի մասնագետների սեմինար` «Սպիտակ» մարզաառողջարարական կենտրոնում

images ՀԱՕԿՄիջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, «Օլիմպիական  համերաշխություն»   ծրագրի շրջանակներում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  նախաձեռնությամբ  մեր երկրում  իրականացվում է ազգային  մարզական  համակարգի զարգացման  եռափուլ ծրագիր:

Հուլիսի 1-ից   «Սպիտակ»  մարզաառողջարարական կենտրոնում  գրագնդակի հայկական դաշնության  հրավերով Երևանի , Վանաձորի  և Գյումրիի 20 մարզիչ-մանկավարժներ ունկնդրում են ջրային մարզաձևերի միջազգային միության  փորձագետ Յուրի Դրոզինին (Սևաստոպոլ):

 

Միջոցառումը կավարտվի հուլիսի 10 –ին :

Հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ Համփի Կոներուն

25441 chessԷլինա Դանիելյանն անհաջող հանդես եկավ Դիլիջանում անցկացված կանանց «Գրան պրի» մրցաշարի 2-րդ փուլում: Նա 11 հնարավորից վաստակեց 4,5 միավոր և զբաղեցրեց նախավերջին` 11-րդ տեղը` առաջ անցնելով միայն Բելա Խոթենաշվիլուց (4 միավոր):

Մրցաշարի հաղթող ճանաչվեց Հնդկաստանի ներկայացուցիչ  Համփի Կոներուն, որը վաստակեց 8 միավոր: 2-րդ տեղը գրավեց Աննա Մուզիչուկը (7 միավոր), որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունքի հասած Նանա Ձագնիձեից:

 

Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպա լիգայի հանդիպումները

ffa5Հուլիսի 4-ին և 11-ին կկայանան 2013-2014թթ. Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլի հանդիպումները, որոնք կսպասարկեն նաև հայ մրցավարական անձնակազմերը: «Հիբեռնիանս» (Մալթա)-«Վոյվոդինա» (Սերբիա) զույգի առաջին հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Արման Ղուշչյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին, «Տա Կալի» մարզադաշտում:

«Ինտեր» (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» (Ֆարերյան կղ.) զույգի պատասխան հանդիպման մրցավար է նշանակվել Անդրանիկ Արսենյանը: Մրցավարի 1-ին և 2-րդ օգնականներն են Էրիկ Արևշատյանն ու Հովհաննես Ավագյանը: Չորրոդ պաշտոնյաի պարտականությունները կկատարի Մանուկ Ֆահրադյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին, Տուրկու քաղաքի համանուն մարզադաշտում:

Մեդալներ` ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում

OLYMPUS DIGITAL CAMERAՉեռնոգորիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները:

Գերազանց հանդես եկավ Արմեն Մելիքյանը (58 կգ): Նա, պարտության մատնելով բոլոր մրցակիցներին, կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:Միայն տանուլ տալով եզրափակիչ գոտեմարտերը, երկրորդը ճանաչվեցին Սլավիկ Գալստյանը (42 կգ) և Էդգար Թամազյանը (46 կգ): 69 կգ քաշային Հրաչ Կալաչյանը երրորդն էր: 

Առջևում է շախմատի Հայաստանի նախկին չեմպիոնը

ռHovhannisyanRՋերմուկում կազմակերպված շախմատի Կարեն Ասրյանի հուշամրցաշարում խաղացված 6 տուրից հետո աղյուսակը շարունակում է գլխավորել Հայաստանի նախկին չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը:
Մասնակիցների դասավորությունը

1. Հովհաննիսյան 5.5
2. Բաղդասարյան 4.5
3. Անդրիասյան 4.5
4. Ֆիեր 4.5
5. Վարդանյան 4.5
6. Քալաշյան 4
7. Բաբուջյան 4
8. Չիբուխչյան 4
9. Տեր-Սահակյան 4
10. Հարությունյան 4
11. Աղասարյան 4
12. Պոստնի 4
13. Մելքումյան 4
14. Գորովեց 4
15. Խոմերիկի 4

Ընդամենը՝ 55 մասնակից

Էլինա Դանիելյանը կխաղա առաջատարի հետ

էimagesԴիլիջանում մեկնարկել է շախմատի կանանց «Գրան պրիի» 2-րդ փուլի մրցաշարը, որին մասնակցող12 շախմատիստուհիների թվում է Էլինա Դանիելյանը:

Մեկնարկային տուրում Էլինան, հանդես գալով  սպիտակ խաղաքարերով, ոչ-ոքի ավարտեց պարտիան Անտուանետա Ստեֆանովայի հետ, իսկ 2-րդ տուրում  սևերով պարտվեց Համփի Կոներուին: Դանիելյանը 2 տուրից հետո կես միավորով նախավերջին` 11-րդ տեղում է: 2 միավոր վաստակած Նանա Ձագնիձեն միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հերթական` 3-րդ տուրում ուշադրության կենտրոնում կլինի Դանիելյանի և Ձագնիձեի մրցամարտը:

Կանանց բռնցքամարտ` զարգացման սուղ հնարավորություններ

sport 2-boxsԲռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականն այս օրերին շարունակում է մրցելույթները Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կազմակերպված Եվրոպայի առաջնությունում: Իսկ ահա այս մարզաձևի  հին աշխարհամասի և  աշխարհի կանանց առաջնություններն անցկացվում են առանձին:  Այդ է պատճառը, որ մեր երկրի մարզուհիների ընտրանին այժմ նախապատրաստվում է առաջիկա փորձություններին: Այդ մասին ահա թե ինչ ասաց թիմի գլխավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը:

– Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի կանանց հավաքականը կանոնավոր պարապմունքներ է անցկացնում: Թիմի թեկնածուների թվում 29 մարզուհի  կա: Բոլորն էլ հեռանկարային են, հույսեր են ներշնչում: Դժվարությամբ համակերպվեցի, որ Հայաստանի տղամարդկանց հավաքականից հետո մարզեմ մեր երկրի կանանց ընտրանին: Բայց այժմ այնպես եմ խորամուխ եղել այդ աշխատանքում, որ չեմ պատկերացնում ինձ առանց դրա: Մտահոգում է ֆինանսական կողմը: Միջոցները բավարար չեն մեր մարզուհիներին միջազգային մրցաշարերի գործուղելու համար, որպեսզի նրանք ռինգ դուս գան, կարողությունները փորձելու հնարավորություն ստանան: 

– Սովորաբար Հայաստանի բռնցքամարտի առաջնություններին զուգահեռ ուժերն են չափում նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: Այս տարի ինչո՞ւ նման բան չարվեց:

– Ոչ բոլոր քաշային կարգերում ունենք մի քանի մարզուհիներ: Այդ է պատճառը, որ որոշվեց առաջնություն չանցկացնել: Եթե նախկինում ամեն քաշային կարգում արժանի մրցակցուհիներ կային, ապա այժմ  10 քաշային կարգերում ոչ բոլորում է այդպիսի վիճակ: Այդուհանդերձ, մի շարք քաշային կարգերում ունենք մեկական լավ մարզուհի: Եվրոպայի աշխարհի առաջնություններում մարզուհներն ուժերն են չափում 10 քաշային կարգերում, իսկ օլիմպիական խաղերում նրանք մրցում են միայն 3 քաշային կարգերում:

 – 2013-ին խոշորամասշտաբ ի՞նչ մեկնարկներ են նախատեսված:

– Մայիսին պետք է կայանային երիտասարդների և աղջիկների աշխարհի առաջնությունները, սակայն կազմակերպիչ երկրի` Իտալիայի ներկայացուցիչները հրաժարվել են, և սպասում ենք, որ որոշվի, թե որտեղ են կայանալու այդ ստուգատեսները: 

– Ունե՞նք այնպիսի մարզուհիներ, որոնց հետ կարելի է հույսեր կապել:

– Ֆրիդա Սարգսյանը (48 կգ), Անի Հովսեփյանը (54 կգ), Անուշ Գրիգորյանը (81 կգ), Քրիստինե Սարգսյանը (51 կգ), Անուշ Աբգարյանը (56 կգ ) աղջիկների և երիտասարդ մարզուհիների ցանկացած մրցաշարում կարող են մեդալակիր դառնալ: Ընդ որում, մեր մարզուհիները հավակնում են 2014-ին հաջող մասնակցելու նաև պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին: Իսկ դրա համար պետք է մինչև վարկանշային մրցումները կարողությունները մի քանի անգամ փորձեն միջազգային մեկնարկներում, սեփական ուժերի նկատմամբ ինքնավստահություն ձեռք բերեն: Ինձ մտահոգում է, որ դրա հնարավորութունը չկա: Կարծում եմ, որ օլիմպիական ստուգատեսում կունենանք երկու մարզուհի: Քրիստինեն Եվրոպայի աղջիկների առաջնության մրցանակակիր է: Նախատեսված էր սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին մեծահասակների, երիտասարդների և աղջիկների Եվրոպայի առաջնություններն անցկացնել Ֆրանսիայում, սակայն ֆրանսիացիներն էլ հրաժարվել են  մրցումներ կազմակերպելուց: Առայժմ անորոշ վիճակ է, փորձում են նոր մրցավայր գտնել:

 – Հայաստանի հավաքականում մեծահասակ փորձառու մարզուհիներ կա՞ն:

– 64 կգ քաշային Արմինե Սինաբյանը մարզվում է Շվեդիայի Ուպսալա քաղաքում: Հին աշխարհամասի առաջնությունից երեք ամիս առաջ նա կժամանի Հայաստան: Արմինեի հետ կապը պահպանվում է: Առաջիկայում Արմինեն միջազգային մրցաշարի է մասնակցելու: Աշխեն Սիմոնյանն էլ 75 կգ քաշային կարգից  փոխադրվել է 81 կգ քաշային կարգ և քրտնաջան պարապում է: Ի դեպ, հավաքականի 6 մարզուհիներ Արմավիրի մարզից են և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ շաբաթը 5 օր Երևան են գալիս և պարապում  Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության շենքում գտնվող հարմարավետ մարզասրահում: Հավաքականում 18 մարզուհի է: Ի դեպ, կանանց բռնցքամարտը ոչ միայն Արամավիրի մարզում, մայրաքաղաքում է արմատավորված: Պարապողներ կան նաև Գյումրիում, Վանաձորում, այլ բնակավայրերում:

 – Կանանց բռնցքամարտը շա՞տ բանով է տարբերվում տղամարդկանց բռնցքամարտից:

– Կարելի է ասել, որ այժմ շատ քիչ է տարբերությունը, բայց կան  միայն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին հատուկ որոշ նրբություններ: Ծանրաբեռնված պարապելու, տեխնիկատակտիկական պատարաստականության առումով մարզուհիները տղամարդկանցից գրեթե ոչնչով հետ չեն մնում: 2013-ին Չինաստանում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ ինքս հիացմունքով եմ հետևել բարձրակարգ մարզուհիների մասնակցությամբ մրցամարտերի: Ոչ միայն պատրաստականության մակարդակով, այլև  ռինգում դրսևորած  մտածելակերպով, մտահղացումների իրականացմամբ մարզուհիներն  ուժեղ սեռի ներկայացուցիչներից չէին տարբերվում: Կարելի է ասել, որ մարզուհիները բռնցքամարտի ավելի բարձր մշակույթ էին դրսևորում: Հատկապես ուշագրավ էր, որ իրար ջարդելու, վնասելու ձգտում չունեին:

 – Այնուամենայնիվ, գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար բռնցքամարտով զբաղվելը հեշտ գործ չէ: Մերոնք սիրո՞ղ մարզուհիներ են, թե՞ պրոֆեսիոնալ, նրանք վարձատրվո՞ւմ են:

– Ոչ մի վարձատրություն չկա: Միայն այս տարի մրցումներին մասնակցելու համար մեծահասակ մարզուհիների համար ֆինանսներ են հատկացվել: Ֆեդերացիայի ներկայացուցիչներն էլ ոչնչով չեն օգնում, պարզապես հրաժարվել են: Ֆեդերացիայի ղեկավարությունը մտադրություն չունի կանանց բռնցքամարտը ֆինանսավորել, չնայած այն օլիմպիական խաղերի ծրագրում է, երկրի պատվի խնդիր է:

  – Պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերի վարկանիշային ի՞նչ մրցումներ են կազմակերպվելու:

– Առայժմ պարզ չէ, սակայն հնարավորը պետք է արվի որպեսզի մեր հեռանկարային մարզուհիներից երկուսը` Քրիստինեն և Անին ուղեգրեր նվաճեն և խաղերին  մասնակցեն:

– Ինչո՞ւ օլիմպիական խաղերում միայն երեք քաշային կարգում են մարզուհիները մրցում` 51 կգ, 60 կգ, 75 կգ:

– Չի բացառվում, որ հաջորդ օլիմպիական խաղերում այդ քաշային կարգերի թիվն ավելանա: Դա մեզ միայն կուրախացնի, քանի որ տարբեր քաշային կարգերում ունենք շնորհալի մարզուհիներ:

 – Ինքնանպատակ չէ՞, որ մեր երկրի կանանց հավաքականը կանոնավոր պարապում է, սակայն դրսում միջազգային մրցաշարերի մասնակցելու շատ սահմանափակ հնարավորություններ ունի:

– Մտավախությունն այն է, որ  աղջիկները կարող են հուսահատվել: Հայաստանում կանանց բռնցքամարտը զարգացնելը դժվար է: Պատկերն այլ կլիներ, եթե մարզուհիները շահագրգռվածություն ունենային, միջազգային մրցումների հաճախակի մասնակցեին, մրցանակներ նվաճելու հնարավորություն ստանային: Մնում է սպասել, որ աստիճանաբար ամեն բան կկարգավորվի:

 – Հայաստանում կա՞ն բռնցքամարտի կենտրոններ, որոնք իրենց դռները փակում են գեղեցիկ սեռի  ներկայացուցիչների առջև:

– Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հրահանգ է տվել, որ բռնցքամարտի կենտրոններում զարգացնեն կանանց բռնցքամարտը: Թեև մասսայականության առումով գոհանալու առիթ չկա, բայց եթե մեր մարզուհիները լավ արդյունքի հասնեն, պարապողների թիվը կտրուկ կավելանա:

 – Հավաքականի մարզուհիները ձգտո՞ւմ են պրոֆեսիոնալ դառնալ, հետագայում մեծ փողեր վաստակել:

–  Այդ մասին դժվարանում եմ որևէ բան ասել, սակայն շնորհալի մարզուհիներ կան: Առայժմ Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացնելու, մրցամարտեր կազմակերպելու ուղղությամբ քայլեր չի կատարում, թեև տղամարդկանց բռնցքամարտում ԱԻԲԱ-ի հովանու ներքո նաև պրոֆեսիանալների  մրցաշարեր են անցկացվում:

 

Սասանված հեղինակությունը վերականգնել է պետք

մինասյան-վարդանՀունիսի 7-ին Երևանում և հունիսի 11-ին Կոպենհագենում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին կմրցի Մալթայի և Դանիայի հավաքականների հետ: Եվրոպական B խմբում ընդգրկված մեր երկրի թիմն այդ հանդիպումների ընթացքում պետք է փորձի լավ խաղ ցուցադրել, վերականգնել սասանված հեղինակությունը: Թե դա ինչքանով է իրատեսական` կպարզվի առաջիկայում: Փաստն այն է, որ մեր երկրի հավաքականն անհաջող է հանդես գալիս այդ ստուգատեսում և անցկացրած 4 խաղից հետո վաստակած 3 միավորով հանգրվանել է աղյուսակի նախավերջին` 5-րդ հորիզոնականում:

Առաջիկա մրցակիցը` խմբում վերջին տեղը զբաղեցնող Մալթայի հավաքականը, ամենևին էլ ուժեղ չէ: Դեռևս ոչ մի միավոր չունի, և անցկացրած 5 խաղերում միայն պարտություններ է կրել: Այնպես որ, եթե Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք խաղում Հայաստանի ընտրանին չկարողանա հաղթել մրցակցին, ապա անհաջողություն կհամարվի:

Ի դեպ, մերոնք առավելության են հասել միայն Մալթայի (1:0) թիմի նկատմամբ և տանուլ են տվել մյուս  երեք խաղերը: Այդ է պատճառը, որ օրակարգային էր դարձել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի հարցը: Այն չընդունվեց, քանի որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չցանկացավ այդ ելքը, հետո էլ նույնպիսի դիրքորոշում դրսևորեց ՀՖՖ գործկոմը: Փաստորեն, եթե թիմն առաջիկա խաղերում չարդարացնի իրեն, ակնհայտ կդառնա, որ այդ քայլը սխալ է եղել և Հայաստանի հավաքականի անհաջողությունների պատճառներից մեկն էլ բարձրակարգ մարզիչ չունենալն է: Իսկ  լավ մասնագետի հրավիրելու համար մեծ փողեր են անհրաժեշտ:

Մեր թիմի ֆուտբոլիստների զգալի մասն արտասահմանյան ակումբներում է խաղում: Հիմնական հույսն այն է, որ նրանք իրենց լավ կդրսևորեն:

Հատկապես սպասելիքները մեծ են Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանից: Նա հավաքականում մի փոքր զգուշավոր է և ընտրական այս մրցափուլում աչքի չի ընկել տպավորիչ խաղով: Ուկրաինայի առաջնության վերջին հանդիպումներում Մխիթարյանի մեջ որոշ հոգնածություն էր նկատվում, հաճախակի էր սխալվում: Այնուամենայնիվ Հենրիխն ի վիճակի է երկու հանդիպում նվիրումով անցկացնել, մնում է սպասել, որ նրա խաղը կստացվի: Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանին վերջին շրջանում խանգարում է վնասվածքը, և դժվար է ասել, թե նա ինչքանով կարող է օգտակար լինել: Բայց Մովսիսյանը և Մխիթարյանը դարձել են Ռուսաստանի և Ուկրաինայի ավարտված առաջնությունների ռմբարկուներ և խնդիր ունեն գնդակներ խփելու նաև Հայաստանի հավաքականի մարզազգեստով խաղադաշտ դուրս գալիս: Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսին էլ թեև երբեմն-երբեմն խանգարում է վնասվածքը, այդուհանդերձ նրանից առաջիկա խաղերում սպասելիքները մեծ են: Մարկոս Պիզելին «Կուբանից» տեղափոխվել է «Կրասնոդար» և իրեն դրսևորելու նոր հնարավորություններ է  ստացել, այնպես որ լավ տրամադրությամբ կարող է մասնակցել առաջիկա խաղերին: Նույնը կարելի է ասել նաև Արթուր Սարկիսովի մասին, որը Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» կազմում վարձավճարով էր հանդես գալիս և այժմ վերադարձել է հարազատ ակումբ` Մոսկվայի «Լոկոմոտիվ»: Ռոբերտ Արզումանյանն էլ ղազախական «Ակտոբեի» կազմում  բացել է իր խփած գնդակների հաշիվը: Էդգար Մանուչարյանն էլ (Ռուսաստան, «Ուրալ») վատ մարզավիճակում չէ:

Մտահոգում է այն, որ  հավաքականի խաղացողներից  ոչ բոլորն են իրենց թիմերի  մեկնարկային կազմերում եղել, խաղային փորձ կուտակել: Մասնավորապես, Դոնեցկի  «Մետալուրգի» ներկայացուցիչներ Կառլեն Մկրտչյանը և Գևորգ Ղազարյանն այդ կարգավիճակում են եղել: Նույնը կարելի է ասել մաև Մոսկվայի «Դինամո» ակումբի ղեկավարության հետ աշխատանքային պայմանագիրը երկարաձգած դարպասապահ Ռոման Բերեզովսկու մասին:

Ինչևէ, Վարդան Մինասյանն ընտրության մեծ հնարավորություններ ունի: Վնասվածքների պատճառով հավաքական չեն հրավիրվել միայն Լևոն Հայրապետյանը (Լեհաստան, «Լեխիա») և Հրայր Մկոյանը (Չեխիա, «Բուդեյովիցե»): Ի դեպ, Մինասյանը շարունակում է զարմացնել իր որոշումներով: Բանն այն է, որ նա նախկինում հավաքական էր հրավիրում  Մոլդովայի բազմակի չեմպիոն ԲԱՏԷ ակումբի ներկայացուցիչ Զավեն Բադոյանին, երբ նա թիմում չէր խաղում: Վերջին շրջանում հայ ֆուտբոլիստը ԲԱՏԷ-ի մեկնարկային կազմում էր, սակայն Հայաստանի հավաքականի մարզիչը նրան հրավեր չի ուղարկել:

Ինչ վերաբերում է առաջիկա Հայաստան-Մալթա խաղին, ապա ենթադրվում է, որ «Հանրապետական» մարզադաշտը լեցուն չի լինի հանդիսականներով: Պատճառները տարբեր են: Դեր է խաղում նաև այն հանգամանքը, որ տոմսերի գները նույնն են մնացել, ինչ ավելի հեղինակավոր մրցակիցների հանդիպումների ժամանակ:

Ում է վստահում Չեզարե Պրանդելին

12548Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր թիմի կազմում հունիսի 15-30-ը կմասնակցեն Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի համադաշնությունների գավաթի խաղարկությանը:

Ահա թե ովքեր են հրավիրվել հավաքական.

Դարպասապահներ

Ջանլուիջի Բուֆոն, Ֆեդերիկո Մարկետի, Սալվատորե Սիրիգու

Պաշտպաններ

Իգնասիո Աբատե, Մատիա դե Շուլիո, Դավիդե Աստորի, Անդրեա Բարձալի, Լեոնարդո Բոնուչի, Ջորջիո Կելինի, Քրիստիան Մաջո

Կիսապաշտպաններ

Ալբերտո Ակվիլանի, Անտոնիո Կանդրևա, Դանիելե դե Ռոսի, Ալեսանդրո Դիամանտի, Ռիկարդո Մոնտոլիվո, Էմանուելե Ջիակերինի, Կլաուդիո Մարկիզիո, Անդրեա Պիրլո, Ալեսիո Չերչի

Հարձակվողներ

Մարիո Բալոտելի, Ստեֆան Էլ-Շարավի, Ալբերտո Ջիլարդինո, Սեբաստիան Ջովինկո

Ինչ կտան փոփոխությունները

20702 ազատ ոճՕրերս Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովում ուշագրավ իրադարձություններ կատարվեցին: Մասնավորապես, ընտրվեց կազմակերպության նոր նախագահ, որոշվեց հիմնովին փոփոխել  ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի կանոնները: Համաժողովում ներկա գտնված Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն «Անկախին» հայտնեց իր տպավորությունները: 

– Համաժողովին, ինձնից բացի, մեր երկրից մասնակցում էր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: 111 երկրների պատվիրակներ էին: Դա ռեկորդային ցուցանիշ էր: Նախկինում ոչ մի համաժողովի այդքան ներկայացուցչական կազմ չէր հավաքվել: Ներկա էին նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահության 21 անդամները: Քվեարկությանը մասնակցեց 132 մարդ, թեև երկրներ կային, որոնք 4-5 պատվիրակով էին ներկայացել: Բայց ամեն երկրից քվեարկելու իրավունք ուներ միայն մեկը: Ի վերջո, 125 կողմ, 7 դեմ ձայներով կազմակերպության նախագահ ընտրվեց Սերբիայի ներկայացուցիչ, մինչև այդ ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար նշանակված Նենադ Լալովիչը: 

– Համաժողովից առաջ խոսակցություններ կային, որ նախագահի միայն մեկ թեկնածու չի լինելու: Մասնավորապես նշվում էր, որ առաջադրվելու է նաև նախկին նախագահ, Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռաֆայել Մարտինետին:

– Մենք էլ այդ մասին լսել էինք, սպասվում էր, որ անգամ կարող է նախագահի պաշտոնի 4 հավակնորդ լինել: Ի դեպ, Մարտինետին Լոզանի արբիտրաժ դատարան բողոք էր ներկայացրել, որ իրեն Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահության Թաիլանդում կայացած նիստում անհիմն են հեռացրել զբաղեցրած պաշտոնից, նաև` նախագահության կազմից: Նա այդ դատը շահել  էր և լիովին իրավունք ուներ կրկին առաջադրվելու որպես նախագահի թեկնածու: Բայց Մարտինետին և նրանք, ովքեր կարող էին այդ անել, անգամ իրենց  թեկնածությունը չառաջադրեցին: Թերևս պատճառն այն էր, որ ակնհայտ էր` հաղթելու ամենամեծ հնարավորություններն ուներ Լալովիչը:

 – Վերջինիս հետ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարության հարաբերություններն ինչպե՞ս են:

 – Ընտրություններից հետո մեր պատվիրակությունը հանդիպեց և զրուցեց Լալովիչի հետ: Նա հայտնեց, որ հնարավորն արվելու է, որպեսզի ըմբշամարտում ամեն ինչ արդար լինի, բոլորի համար հավասար պայմաններ են ստեղծվել, որպեսզի մարզաձևը զարգանա, ավելի մասսայական դառնա: Իսկ առաջնահերթ խնդիրն այն է, որ ըմբշամարտը 2020-ին ևս մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Այժմ բանակցություններ են ընթանում աշխարհում հայտնի տարբեր ֆիրմաների հետ, ընդհանուր, նաև բիզնես ծրագրեր կազմվում: Եթե ըմբշամարտը եղել է օլիմպիական խաղերի հիմնադրման օրից ստուգատեսի ծրագրում, ապա ինչպե՞ս կարելի է այն հանել:

 – Ադրբեջանը կրկին շարունակելո՞ւ է մնալ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր հովանավորը:

– Առայժմ պարզ չէ, թե ֆեդերացիայի նորընտիր նախագահն ինչ պայմանագրեր կկնքի:

 – Իսկ ի՞նչ փոփոխություններ են կատարվել մրցակարգերում:

– Նախկինում, եթե ըմբիշներն ուժերն էին չափում 3 մրցափուլում` 2-ական րոպեով, ապա այժմ  պայքարելու են 2 մրցափուլում, որոնցից յուրաքանչյուրի տևողությունը լինելու է 3 րոպե: Նախկինում ամեն խաղափուլում պետք է հաղթող լիներ, այժմ այդպիսի պահանջ չկա: Մրցափուլերում ըմբիշների հավաքած միավորները գումարվելու են: 15-20 տարի առաջ էր այդպիսի մրցակարգ, և այն իրեն արդարացնում էր: Փոխվել է նաև միավորների հաշվարկի կարգը: Մրցակցին մրցագորգ իջեցնելու համար այժմ 2 միավոր է շնորհվելու, ոչ թե 1 միավոր, ինչպես նախկինում էր: Ազատ ոճի ըմբշամարտում հանդիպումը վաղաժամ կավարտվի, եթե մրցակիցների միավորների տարբերությունը հասնի 10-ի, իսկ հունահռոմեական ոճի ըմբշամարտում այդ սահմանը 7-ն է: Մի շարք նրբություններ կան երկու մրցաձևերում` ոչ ակտիվ մարզիկներին պատժելու համար: Այդ կանոնները թարգմանվելու են և մասնագետներին  են տրվելու:

Ի դեպ, քննարկվեց, թե նոր մրցակարգը երբվանից գործի դնելու հարցը: Նպատակահարմար դիտվեց այն կիրառել ոչ թե 2014-ի հունվարից, այլ` այժմվանից: Փաստորեն, բոլոր երկրների ըմբիշների համար նույն պայմաններն են: Մարզիկները մրցումների ժամանակ պետք է իրենց մարտավարությունը փոխեն: Ինչպես ազատ ոճի, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, եթե նախկինում մրցակցին մրցագորգից  դուրս բերելով կարելի էր հաղթել, ապա այժմ պետք է պայքարել: Վիճակահանությունը երկու մրցաձևում էլ վերացել է: Հնարավոր է` ընթացքում կանոնների նոր փոփոխություններ լինեն: Նպատակն այն է, որ ըմբշամարտն ավելի դիտարժան դառնա: Ի դեպ, եթե նախկինում  մարզիկներին նկատողություն քիչ էր տրվում, ապա այժմ նկատողությունների թիվը կարող է ավելանալ: Կպատժվեն ոչ ակտիվ ըմբիշները: Ընդ որում, հավասար արդյունքի դեպքում հաղթանակը կշնորհվի այն մարզիկին, որը նկատողություն չի ստացել: Նոր կանոնները ձեռնտու են այն երկրների ներկայացուցիչներին, որոնք ավանդույթներ ունեն, մրցումների ժամանակ  տեխնիկական բազմապիսի հնարքներ կարող են կիրառել:

 – Ի՞նչ է նախատեսվում անել, որպեսզի 2020-ին ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում:

– Բանակցություններ են վարվում: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն ևս հայտնել է, որ կաջակցի: 

– Ի տարբերություն մենապայքարային այլ մարզաձևերի, ըմբշամարտն ունի երկու մրցաձև: Հնարավո՞ր է, որ դրանցից միայն մեկը թողնվի օլիմպիական խաղերի ծրագրում:

– Պայքարում են, որ երկու մրցաձևերն էլ օլիմպիական խաղերի ծրագրում մնան, նաև` կանանց ազատ ոճի ըմբշամարտը: Հնարավոր է, որ փոփոխություններ լինեն տարբեր քաշային կարգերում: Տղամարդկանց ըմբշամարտում դրանք 7-ն են, և ֆեդերացիայի նորընտիր նախագահն առաջարկել է, որ քաշային կարգերը դառնան 6-ը: Կանանց ըմբշամարտում առայժմ 4 քաշային կարգեր են: Օլիմպիական խաղերում ըմբիշները վիճարկում են 72 մեդալ: Հնարավոր է` ՄՕԿ-ը պահանջ ներկայացնի, որ ըմբշամարտի օլիմպիական մեդալները նվազեցվեն: Ի դեպ, դժգոհություն հայտնվեց, որ գերծանր քաշային կարգում սահմանափակում չկա: Առաջարկվեց, որ +120 կգ քաշային կարգ սահմանվի կամ էլ 110 կգ քաշային կարգից հետո լինի +150 կգ: Առայժմ քաշային կարգերում փոփոխություններ չկան, բայց հնարավոր է, որ մինչև տարեվերջ դա արվի: Այս ամսվա վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալու է ՄՕԿ-ի հերթական համաժողովը, որում կազմակերպվելու են 2020-ի օլիմպիական խաղերում ընդգրկվելու հավակնորդ մարզաձևերի, այդ թվում նաև ըմբշամարտի շնորհանդեսները: Իսկ վերջնական որոշումը կայացվելու է սեպտեմբերի 10-15-ը Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի համաժողովում:

 – Նոր մրցակարգով մեր ըմբիշները ե՞րբ են խոշորամասշտաբ միջազգային ստուգատեսներում փորձելու իրենց կարողությունները:

– Դավիթ Սաֆարյանը (66 կգ) և Մուսա Մուրթազալիևը (84 կգ) կմասնակցեն հունիսի 1-2-ը Մակեդոնիայում կայանալիք միջազգային մրցաշարի: Հունիսի 24-ից մեր առաջատար գրեթե բոլոր մարզիկները կմասնակցեն Կազանում կայանալիք Համաշխարհային ունիվերսիադային: Դեռ պարզ չէ, թե ովքեր կընդգրկվեն  թիմում: Առայժմ միայն որոշված է, որ կարողություններն են փորձելու Սաֆարյանը,  Մուրթազալիևը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը: Մյուս քաշային կարգերում մրցակցություն կա, 2-3 մարզիկ հավակնորդ է ընդգրկվելու հավաքականում: Փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում անցկացվելիք Ստեփան Սարգսյանի պարգևների խաղարկության միջազգային մրցաշարը, որից հետո էլ կհստակեցվի, թե ովքեր են մեր երկրի պատիվը պաշտպանելու սեպտեմբերի 16-22-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությունում:

Այդ ստուգատեսին մտադրություն ունենք մասնակցել 6 մարզիկով: Թերևս մասնակից չենք ունենա միայն գերծանր քաշային կարգում: Բայց 23-ամյա Անդրանիկ Գալստյանն էլ, եթե իրեն լավ դրսևորի առաջիկա միջազգային մրցաշարերում, կմեկնի Բուդապեշտ: Այս տարի Թբիլիսիում կայացած Եվրոպայի առաջնությունում Սաֆարյանը դարձել էր չեմպիոն, Մուրթազալիևը բավարարվել է արծաթե մեդալով: Աշխարհի առաջնությունում ևս կփորձենք պարգևների արժանանալ: Այժմ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան մարզիկների վարկանիշային աղյուսակներ է կազմել: Սաֆարյանն իր քաշային կարգում առաջինն է, Մուրթազալիևը` 3-րդը, Արթուր Ալեքսանյանն (96 կգ) առաջինն է: Ի դեպ, հնարավոր է` աշխարհի 4 ուժեղագույններին աշխարհի առաջնությունում այնպես տեղաբաշխեն, որ վիճակահանությունից հետո նրանք միմյանց հետ մրցեն միայն կիսաեզրափակչում:

 – Խոսակցություններ կային, թե հնարավոր է` Բելառուսից, Ռուսաստանից ազատ ոճի մարզուհիներ համալրեն Հայաստանի ընտրանին:

– Եթե այդ մարզուհիները ցանկանան Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ և արդյունք ունենան, ապա ամեն բան կարվի, որ նրանք շարունակեն մրցելույթները: Սակայն իմաստ չունի նրանց հրավիրել և ֆինանսներ ծախսել լրացուցիչ ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու համար: Ողբերգություն չի լինի, եթե մարզուհիների թիմ չունենանք:

 

Արյեն Ռոբենը`«Բավարիայի» հրեշտակ

ռոբենԼոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» 2:1 հաշվով առավելության հասավ  Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ: «Բավարիան» 5-րդ  անգամ ուժեղագույն ճանաչվեց  եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրացաշարում և այժմ այդ ցուցանիշով զիջում է միայն Մադրիդի «Ռեալին» ու իտալական  «Միլանին», որոնց հաջողությունն ուղեկից է եղել 9 և 7 անգամ:

Գերմանական հակամարտությունը ստացվեց: Թեև գրավախաղերի կազմակերպիչները հանդիպումից առաջ նախապատվությունը տալիս էին Գերմանիայի վերջին առաջնության չեմպիոն «Բավարիային», խաղադաշտում անհաշտ մրցակցություն էր ծավալվել, հավասար պայքար: Ընդ որում, «Բորուսիան» հարձակողական ֆուտբոլ էր խաղում: Իսկ հանդիպման ելքը վճռեց մինչև այդ ՉԼ մրցաշարում անհաջողակ համարվող հոլանդացի Արյեն Ռոբենի 89-րդ րոպեին խփած գնդակը: Ավելի վաղ` 60-րդ և 68-րդ րոպեներին գոլերի հեղինակներ էին դարձել նրա թիմակից Մարիո Մանջուկիչը և «Բորուսիայի» խաղացող Իլկայ Գյունդողանը` 11 մ-ոց տուգանային հարվածի օգնությամբ: Իսկ Ռոբենը նախկինում  «Բավարիայի» կազմում երկու անգամ խաղացել էր գավաթային այս ստուգատեսի եզրափակչում և իր թիմակիցների հետ պարտվել: Ի դեպ, եզրափակիչ հանդիպման ընթացքում, մինչև խփած վճռական գոլը, նա քանիցս նպաստավոր դիրքերում հայտնվելով, չէր կարողանում գնդակն ուղարկել ցանցից ներս:

Թվում էր, թե Ռոբենի համար ձախորդությունը շարունակվելու է, բայց ֆուտբոլիստը հերոսացավ և ամենայն փառքի տիրացավ: Նրան լրատվամիջոցները կոչեցին  «Բավարիայի» հրեշտակ: Իսկ «Բավարիան» «Միլանից» հետո դարձավ երկրորդ ակումբը, որին հաջողվեց տիրանալ գավաթին նախորդ մրցաշրջանի եզրափակչում կրած պարտությունից հետո:

Փաստորեն, մյունխենցիների համար սփոփանք և մոռանալու առիթ է, որ նախորդ տարի սեփական խաղադաշտում կայացած ՉԼ մրցաշարի վճռական խաղում 11 մ-ոց տուգանային հարվածաշարով զիջել էին Լոնդոնի «Չելսիին»:

Ի դեպ, «Բավարիայի» մարզիչ Յուպ Հայնկեսն իր թիմի հետ երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Նա 1996/97-ին օգնել էր այդ բարձունքը նվաճել Մադրիդի «Ռեալին»:  Ընդ որում,  Հայնկեսը դարձավ 4-րդ մարզիչը, որին հաջողվել է ՉԼ մրցաշարում հաղթել` երկու տարբեր ակումբներ գլխավորելով: Նախկինում այդպիսի հաջողության են հասել Ժոզե Մոուրինյոն («Պորտու», «Ինտեր»),  Էրնստ Հապելը («Ֆեյնորդ», «Համբուրգ»), Օտմար Հիտցֆելդը («Բավարիա», Դորտմունդի «Բորուսիա»):

Համատեղ մարզումներ նաև Ադրբեջանի բռնցքամարտի հավաքականի հե՞տ

բռնցքամարտՄայիսի 30-ից մինչև հունիսի 9-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կկայանա բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ընտրանին, որ նախապատրաստվում է այդ ստուգատեսին, այս օրերին` մայիսի 19-ից սկսած, ծանրաբեռնված մարզումներ է անցկացնում Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից ոչ հեռու գտնվող Կոնչե Զասպեի հարմարվետ մարզաբազայում: Վերջում մեր մարզիկները ստուգողական հանդիպումներ կանցկացնեն նույն մարզաբազայում հանգրվանած տարբեր երկրների կաշվե ձեռնոցի վարպետների,  գուցե նաև Ադրբեջանի ներկայացուցիչների հետ: Ուկրաինա մեկնելուց առաջ ահա թե ինչ ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը: 

– Իմ գլխավորությամբ Հայաստանի մեծահասակների հավաքականն առաջին անգամ կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Նախկինում հին աշխարհամասի առաջնությունում ռինգ եմ դուրս բերել մեր երկրի մինչև 23 տարեկանների հավաքականը: 2012-ին Կալինինգրադում կայացած այդ ստուգատեսում  ունեցել ենք մեկական չեմպիոն` 2-րդ և 3-րդ մրցանակակիր: Ինչ վերաբերում է մեծահասակների թիմին, ապա այն իմ ղեկավարությամբ 2012-ին մասնակցել է Ստամբուլում կազմակերպված օլիմպիական վարկանիշային մրցաշարի և մնացել է առանց ուղեգրի: Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում էլ  հաջողությունը ուղեկից չէր: Ի դեպ, մեր թիմի անդամների մեծ մասն առաջին անգամ է կարողությունները փորձելու այդպիսի ներկայացուցչական ստուգատեսում: Մեր ընտրանին Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում վերջերս համատեղ մարզումներ է անցկացրել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Պարապմունքներն օգտակար էին: Նախապատրաստական այդ շրջանում, թեև հիմնական ուշադրությունը դարձվում էր մարզիկների ընդհանուր ֆիզիկական և հատուկ պատրաստականությունը բարելավելուն, օգտվելով առիթից, չորս անգամ Հայաստանի ներկայացուցիչները ստուգողական մրցամարտեր անցկացրին ռուսաստանցի բռնցքամարտիկների հետ: Հայաստանի հավաքականի մարզիկները լավ տպավորություն թողեցին, մրցակիցներին տեխնիկական և տակտիկական պատրաստականության մակարդակով ոչնչով չզիջեցին: Այդուհանդերձ, ստուգողական հանդիպումները պաշտոնական մրցումներից տարբերվում են:

 – Ռուսաստանի  և Հայաստանի հավաքականների համալրման հնարավորությունների տարբերություն չկա՞:

– Ռուսաստանի ներկայացուցիչները չորս թիմով էին մարզվում. 52 բռնցքամարտիկ էր պարապում: Բոլորն էլ հետո Ղրղըզստան` հաջորդ ուսումնամարզական հավաքին մեկնեցին: Մինչդեռ Հայաստանի ընտրանին Եվրոպայի առաջնությանը պատրաստվում է ներկայանալ ոչ լիվ կազմով` 7 մարզիկով: 69 կգ քաշային կարգում  ներկայացուցիչ չունենք: Այդ քաշային կարգում նախկինում հավաքականում հանդես է եկել Սամվել Մաթևոսյանը: Այժմ էլ հույս չկա, որ որևէ մեկը կարող է իրեն արդարացնել: Մարդ տանել, որն առաջին իսկ հանդիպումում կպարտվի, իմաստ չունի: Նույն բանը կարելի է ասել մեր 81 կգ և 91 կգ քաշային մարզիկների մասին: Կան տղաներ, բայց ներկայումս նրանք Եվրոպայի առաջնությունում պատվով հանդես գալու մակարդակ չունեն: Իսկ նախապատրաստվում են Հովհաննես Դանիելյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Արմեն Սիմոնյանը (+91 կգ):

 – Հավաքականում ինչո՞ւ չի ընդգրկվել 75 կգ քաշային փորձառու բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: Նա թողե՞լ է ակտիվ սպորտը:

– Կարելի է ասել, որ Անդրանիկը 90 տոկոսով թողել է բռնցքամարտը: Ինքս նրա հետ զրուցել եմ, հայտնել, որ շատ բան է արել հայկական բռնցքամարտի համար և պետք է որոշում կայացնի: Ինձ համար այդ վճիռը կողմնորոշիչ կլինի: Հակոբյանը 32 տարեկան է, և պատրաստ ենք նրան ընդառաջել, միջազգային մրցելույթները շարունակելու հնարավորություն տալ, նաև օգնել բոլոր հարցերում: Ամեն դեպքում նա առաջիկա Եվրոպայի առաջնությանը չի նախապատրաստվել և չի մասնակցելու, թե ինչ կլինի հետո, առայժմ անորոշ է:

 – Հավաքականի բռնցքամարտիկների մասին ի՞նչ կասեք: Նրանցից ամենաճանաչվածը Եվրոպայի նախկին չեմպիոն Դանիելյանն է: Մյուսների մասին քիչ բան է հայտնի:

– Դանիելյանը երկու տարի շարունակ տարբեր խնդիրներ է ունեցել, նաև կենցաղային բնույթի: Նա 26 տարեկան է, ուսի վնասվածքը շատ է խանգարել: Հիմա Հովհաննեսի ինքնազգացողությունը լավ է: Վերջերս Խերսոնում կազմակերպված միջազգային մրցաշարում նա լավ տպավորություն թողեց, եթե հոգեբանորեն տրամադրվի, վստահություն ձեռք բերի իր ուժերի նկատմամբ, ապա Եվրոպայի առաջնությունում լավ հանդես կգա: Ի դեպ, այս քաշային կարգում ունենք նաև լավ երիտասարդ բռնցքամարտիկ: Կորյուն Սողոմոնյանը նախապատրաստվում է, որ հանդես գա Կազանում կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերում, նաև աշխարհի առաջնությունում: Դա բավական է, մարզիկը չի կարող մեկ տարվա ընթացքում երեք խոշորամասշտաբ մրցման մասնակցել: Աբգարյանը, Ավագյանը, Բաչկովը երկրորդ տասնամյակը նոր թևակոխած բռնցքամարտիկներ են, ունեն մրցակցության փորձ: Մասնավորապես, Ավագյանը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե, Աբգարյանը` բրոնզե մեդալակիր է: Բաչկովը Խերսոնում կազմակերպված միջազգային մրցաշարում ուժեղ բռնցքամարտիկների հաղթեց և երկրորդը ճանաչվեց: Պուլուզյանն էլ փորձառու է, տեսնենք , թե ինչպես իրեն կդրսևորի:

 – Վաղուց է, ինչ նա հավաքականում է: Դա բռնցքամարտիկի վերջի՞ն հնարավորությունն է:

– Չէի ցանկանա ասել, բայց այդպես է:

 – Իսկ Հովիկյանը և Սիմոնյանը ի՞նչ հույսեր են ներշնչում:

– Առաջինը 23 տարեկան է: Նա ռինգում մարտական է, չի ցանկանում զիջել մրցակիցներին: Ցանկալի է, որ այդպիսի կամային հատկանիշներ մեր բոլոր բռնցքամարտիկները դրևսորեն: Սիմոնյանը Ուկրաինայից է` Լուգանսկ քաղաքից: Կալինինգրադում` Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում նա մի հաղթանակ տարավ, սակայն երկրորդ մրցամարտը վատ անցկացրեց: Պատճառն այն էր, որ հոգեբանորեն չէր տրամադրվել հանդիպմանը, վստահություն չուներ: Նա Չեխիայում միջազգային մրցաշարի  մասնակցեց: Տպավորությունն այն է, որ 20-ամյա մարզիկն աստիճանաբար առաջադիմում է:

– Հնարավո՞ր է, մեր հավաքականի մարզիկներին Եվրոպայի առաջնությունում խանգարի հենց մրցափորձի պակասը:

– Դա չպետք է բացառել: Այդուհանդերձ, կամային հատկանիշները հաճախ լրացնում եմ մարզիկների մրցափորձի պակասը:

– Այնուամենայնիվ, Եվրոպայի առաջնությունում ի՞նչ սպասելիքներ ունեք:

– Հույսով ենք գնում, որ մեդալներ կբերենք: Ընթացքը ցույց կտա:  Հաջողությունը և անհաջողությունը չէի ցանկանա վիճակահանության հետ կապել: Միայն կարող եմ ասել, որ մեր տղաները մրցավայր կներկայանան պայքարի պատրաստ:

 – Մեր թիմում կա՞ն մարզիկներ, որոնք շեշտը դնելու են նոկաուտով հաղթելու վրա, թե՞ բոլորն էլ խաղարկային բռնցքամարտիկներ են, փորձելու են հնարավորինս շատ, բայց ոչ այնքան ուժեղ հարվածներ հասցնել և միավորներով առավելության հասնել մրցակիցների նկատմամբ:

– Հիմնականում տեղաշարժվող, խաղարկային բռնցքամարտիկներ ունենք: Վերջին մեկ տարին աշխատում ենք, որ նրանք նաև ուժեղ հարվածներ հասցնեն:

 – Այդ դեպքում շատ բան կարող է որոշել այն հանգամանքը, թե ինչքանով անաչառ կլինեն մրցավարները: Հայաստանից մրցավար սպասարկելո՞ւ է Եվրոպայի առաջնությունը:

– Եթե մրցավարները կողմնակալություն դրսևորեն, միևնույն է, ոչինչ  չենք կարող անել: Մեր երկրից Մինսկում մրցավար չի լինելու: Հրավիրվել են միայն այն մասնագետները, որոնց միջազգային կարգը 3 աստղ է: Հայաստանում այդ կարգի մրցավար չկա: Այդ առումով դժվար է լինելու: Արդեն քանի տարի է` այդ հարց այդպես էլ չի կարգավորվում:

 – Բռնցքամարտով զբաղվելը դժվարին գործ է: Ինչպե՞ս է լուծվում Հայաստանի հավաքականի անդամների վարձատրության հարցը:

– Ովքեր միջազգային  մրցասպարեզներում հաջողություններ ունեն, վարձատրվում են, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ստանում են մեր երկրի նախագահի սահմանած սանդղակով թոշակ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարությունը ևս աջակցում է արժանավորներին: Ոչ ոք ուշադրությունից դուրս չի մնում: Այնպես որ, ֆինանսական խնդիրներ չկան:

 – Ի՞նչ է նախատեսված նախապատրաստական վերջին փուլում:

– Մինչև մայիսի 29-ը մեր ընտրանին Կոնչե Զասպեում համատեղ պարապմունքներ և ստուգողական հանդիպումներ կանցկացնի Ուկրաինայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ:

 – Ադրբեջանի թիմն ի՞նչ կապ կարող է ունենալ մեր երկրի հավաքականի հետ:

– Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչը` Վադիմ Զոլոտարյովը, ուկրաինացի է: Նա նախկինում բարձրակարգ բռնցքամարտիկ է եղել, լավ հարաբերութուններ է պահպանում Հայաստանի ներկայացուցիչների հետ: Այնպես որ համատեղ աշխատանքը կարող է միայն փոխշահավետ լինել: Կիևից էլ կմեկնենք մրցավայր` Մինսկ:

 

Ո՞վ կլինի Վիկ Դարչինյանի հաջորդ մրցակիցը

վիկ դարչինյանՕրերս թեթևքաշային հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը ԱՄՆ Տեխասի նահանգի Լարեդո քաղաքի «Յունի Թրեյդ ստադիոնում» մրցամարտ անցկացրեց մեքսիկացի Հավիեր Գոլոյի հետ և տպավորիչ հաղթանակ տարավ: Թեև  նախատեսված էր, որ բռնցքամարտիկները պետք  մրցեն 10 ռաունդ, սակայն  4-րդ ռաունդում  Դարչինյանի մրցակիցը հատնվեց ռինգի հատակին և այլևս չշարունակեց պայքարը: Այսպիսով, մեր մարզիկը հաղթեց  նոկաուտով:

 Դարչինյանի մարզիչ Վազգեն Բադալյանը հայտնեց, որ նպատակն այն էր, որ Դարչինյանը հաղթի և դառնա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ, չեմպիոնական գոտու համար մրցամարտ անցկացնի: Ներկայումս Դարչինյանը հանդես է գալիս նոր քաշային կարգում և կշռում է 56 կգ:  Հայ բռնցքամարտիկն արդեն 38 տարեկան է և ցանկանում է ռեկորդ սահմանել: «Պրոֆեսիոնալ բռնցքամարտում, բացի տարած հաղթանակների քանակից, կարևոր նշանակություն ունի, թե քանի քաշային կարգում է տվյալ բռնցքամարտիկը չեմպիոն դարձել: Դարչինյանը երեք քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել և ցանկանում է ևս մեկ քաշային կարգում այդպիսի հաջողության հասնել: Նա երբեք չի խոսում ռինգին հրաժեշտ տալու մասին, միայն մենք ենք երբեմն ակնարկում: Բայց պետք է տարիքի հետ հաշվի նստել և ժամանակին փառքով հեռանալ»,- ասաց Բադալյանը:

Հետաքրքիր էր, թե ինչու այս անգամ մարզիչն իր սանի կողքին չէր, երբ նա մրցամարտ էր անցկացնում: Բադալյանը պարզաբանեց, որ սկզբում նախատեսվում էր մրցամարտը կազմակերպել Մեքսիկայում: Բայց դա անվտանգ չէր: «Խորհուրդ տվեցի Դարչինյանին, որ նա մրցավայրը փոխելու պահանջ ներկայացնի: Եվ չեզոք վայր ընտրվեց` Տեխասը: Թեև  այն ԱՄՆ-ի տարածք է, Մեքսիկայի սահմանին մոտ է, մեքսիկացի հանդիսականները մրցավայրում շատ էին: Չգնացի, քանի որ տեխնիկական հարցեր առաջացան: Մի ամիս առաջ անհրաժեշտ էր տեղյակ պահել, որ պատրաստվում եմ Տեխաս ուղևորվել, թույլտվություն ստանալ: Բացի այդ, նախատեսվում էր իմ գեղանկարչական գործերի ցուցահանդեսի բացումը: 76 աշխատանք մայիսի 17-27-ը ներկայացված է  Գեղագիտական ազգային կենտրոնի երևանյան ցուցասրահում: Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է, թեև նախկինում քանիցս տարբեր ցուցահանդեսներում իմ գործերը ներկայացվել են»,- ասաց Բադալյանը:

Ի դեպ, Տեխասում են եղել նաև Դարչինյանի կինը` Օլգան և որդին` Ռուբենը: Այդ է պատճառը, որ նա ընտանիքով վերադարձել է Ավստրալիա: Բռնցքամարտիկը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում Հայաստան կժամանի, որպեսզի մտերիմների շրջապատում նշի հաջողությունը:

Դեռևս պարզ չէ, թե ով կլինի Դարչինյանի հաջորդ մրցակիցը: Ամենայն հավանականությամբ, նա չեմպիոնական գոտու համար մրցամարտ կանցկացնի օգոստոսին կամ սեպտեմբերին: Բանակցությունները երկար կտևեն: Եթե մեր մարզիկը ևս մեկ գոտի ձեռք բերի, կլինի 9-րդը: Դա մեծ ձեռքբերում կհամարվի: