Հարբած կինը կծել է ոստիկանին ու մահացել

o_563001Պետրոզավոդսկում, հարբած  39-ամյա կինը կծել է ոստիկանին ու մահացել: Մահվան պատճառը դեռևս պարզ չէ: Դեպքը կատարվել է Լոսոսինսկի փողոցի շրջանում, որտեղ հարբած կինն ու մի տղամարդ զբոսնում էին, երբ նրանց մոտեցավ ոստիկանը:

Կինը քաշքշուկի ժամանակ կծել է ոստիկանին ու տեղնուտեղը մահացել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:  Քննչական վարչության մամլո ծառայության ներկայացուցիչը եթադրել է, որ կինը սրտի հետ կապված խնդիր է ունեցել ու, ըստ երևույթին, հուզվել:

Կնոջ մահվան փաստով ներկայում քննչական ստուգում է կատարվում:

Բեզոարյան այծերի թիվն աճել է. որսորդ

DSC00286«Ենթադրվում է, որ որսի սեզոնը  կբացվի օգոստոսի 23-ին», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օրինավոր որսի ակումբ» նախաձեռնության անդամ Էդուարդ Սարիբեկյանը` նշելով, որ  սեզոնի բացման ամսաթիվը կախված է Բնապահպանության նախարարի հրամանագրից, որը  կսահմանի թույլատրված որսատեսակները և քվոտաները:

Ըստ նախաձեռնության անդամի` որսի նկատմամբ ձևավորված կաղապարային կարծիքներ կան, սակայն այն  մի քանի խնդիր լուծելու միտում ունի.  «Դա զենքին պատանեկան տարիներից  տիրապետելու միջոց է: Մեր երկիրը այնպիսի պայմաններում է գտնվում, որ չենք կարող թույլ տալ, որ պատանիները զենքը տիրապետել սկսեն միայն դպրոցում կամ բանակում: Դա մի շռայլություն է, որ մեզ թույլ տալ չենք կարող», – գտնում է Սարիբեկյանը: Մյուս կողմից, որսը թույլ է տալիս մարդուն մոտենալ բնությանը` կենդանիների հետ մրցակցության մեջ մտնելով. «Սովորաբար որսում են կենդանատեսակի պոպուլացիայի թույլ առանձնյակների` ծերերին կամ հիվանդներին: Առողջ կենդանուն հնարավոր չէ որսալ. բնության մեջ կենդանին ավելի ուժեղ է», – նշեց որսորդը:

Հայաստանում արգելվում է վայրի խոզի, կովկասյան գորշ արջի, բեզոարյան այծի և կատվազգիների որսը: Ըստ Սարիբեկյանի` այս կենդանիներից շատերի որսի արգելքը պատճառաբանված է, սակայն մյուսների դեպքում դա կարելի է մեղմացնել. «Վերջերս լսեցի, որ վայրի խոզերը ոչնչացնում են գյուղատնտեսական հանդակները, այսինքն՝ վայրի խոզի որոշակի գլխաքանակ կա, և դրա որսը կարելի է կազմակերպել՝ մեծացնելով եղած քվոտաները: Դա ոչ միայն որսորդին է ձեռնտու, այլև տնտեսությանը: Այս առումով, կարծում եմ,  որոշակի  բաներ կարելի է վերանայել», – ասաց Էդուարդ Սարիբեկյանը` ընդգծելով, որ զարգացած երկրների փորձը ցույց է տալիս, որ, երբ շատ կենդանատեսակներ ոչնչացման եզրին են լինում, օրինական որս կազմակերպելու դեպքում ոչ միայն այդ կենդանիների քանակն է շատանում, այլև օգուտներ են լինում տնտեսության համար:

Սարիբեկյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ շատացել է բեզոարյան այծերի քանակը. եթե նախկինում այդ կենդանուն տեսնելու համար հատուկ տարածքներ պետք էր այցելել և անհրաժեշտ էին ուղեկցորդներ, ապա այժմ նրանց կարելի է տեսնել անզեն աչքով, օրինակ, Նորավանքի ժայռերի մերձակայքում: Նվազել է որոշ թռչնատեսակների քանակը, ավելացել են ագռավները և կաչաղակները:

Հայաստանում կան հազարավոր գրանցված որսորդներ: «Գրանցվածների 50 տոկոսը պարզապես զենք ձեռքբերելու նպատակով է դառնում կազմակերպությունների անդամ և  չի զբաղվում ակտիվ որսով»,- նկատեց Էդուարդ Սարիբեկյանը:

 

 Անկախ

Պատահար Երևանի Գայի պողոտայում. 10 ուղևորներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

avtovtar (1)Այսօր առավոտյան, ժամը 07.45-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 8/2 հասցեի դիմաց բախվել է կայանված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆորդ Տրանզիտ»-ի 10 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները

 

defaultՕգոստոսի 14-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 3067 տոննա բանջարեղեն, այդ թվում` 1704 տոննա լոլիկ, 277 տոննա վարունգ, 389 տոննա սմբուկ, 73 տոննա պղպեղ և 59 տոննա լոբի ու ոլոռ:

 

Նույն ժամանակահատվածում մթերվել է 1287 տոննա պտուղ, այդ թվում` 98 տոննա դեղձ, 158 տոննա ծիրան, 494 տոննա կեռաս, սալոր ու բալ, 146 տոննա ընկույզ և 255 տոննա հատապտուղ:

 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ հանրապետությունում մթերվել էր 1790 տոննա բանջարեղեն և 14204 տոննա պտուղ: Պտղի մթերման ծավալների նվազումը պայմանավորված է գարնանային ցրտահարություններով, որոնց արդյունքում հատկապես տուժել են ծիրանի այգիները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժին

«Տավուշցի» ճնճղուկները հնարավոր է՝ չվել են հակառակորդի կրակոցների պատճառով

10614005_785889654766959_774540619_nՏավուշի մարզի գյուղերում արդեն երկար ժամանակ է՝ թռչուններ չեն երևում: Բերդի տարածաշրջանի մի շարք գյուղերում այս տարվա հունվարից բնակիչները նկատել են, որ իրենց այգիներից ու անտառներից թռչունների ծլվլոցներ չեն լսվում: <<Ճնճղուկները, որոնք անգամ ցուրտ ձմռանն էին բնակվում այստեղ, այս տարի չեն երևացել:

<<Երեկ մեր այգու սերկևիլի ծառին թռչնի բույն ենք գտել, բայց, ցավոք, դատարկ էր: Կարծում եմ՝ ուտելու բան չի եղել, սատկել են>>,-մեր թղթակցի հետ զրույցում նշեց Տավուշ գյուղի բնակիչ Ասյա Օհանյանը:

10609004_785889658100292_1706371529_nՍակայն, չի բացառվում, որ <<տավուշցի>> թռչուններն անհետացել են վերջին շրջանում հակառակորդի ակտիվ կրակոցների պատճառով: <<Հնարավոր է, քանի որ կրակոցները ևս խանգարող հանգամանք են: Այս պահին առանց ուսումնասիրելու դժվար է ասել՝ որոնք են պատճառները, դրանք կարող են լինել եղանակային պայմանները, մարդկային գործոնը: Կարող է կատունե՞րն են շատացել, միանշանակ ասել չեմ կարող, պետք է տեղում ուսումնասիրվի>>,-ասաց կենդանաբանության ինստիտուտի աշխատակից Մամիկոն Ղասաբյանը:

Ըստ մասնագետի, ձմռանը ցուրտ է եղել, հիմա էլ շոգ է, չի բացառվում, որ հենց բնակլիմայական պայմաններն են պատճառը, որ Տավուշից <<արտագաղթել են>> ճնճղուկները, կաչաղակները, ագռավները և մյուս թռչնատեսակները: <<Հնարավոր է՝ գարնանային անձրևները վնասել են թռչունների բներն ու ձվերը>>,-ասաց Մամիկոն Ղասաբյանը:

Ամեն դեպքում, բացառված չէ, որ Տավուշի՝ անտառներով շրջապատված գյուղերում ծիտիկները վախեցել ու չվել են հակառակորդի կրակահերթերի պատճառով: Գյուղացիների պատմելով՝ վաղուց նաև տաք երկրներից եկող երամներ չեն տեսել:

 

Անկախ

 

Սելին Դիոնը հետաձգել է իր համերգները հիվանդ ամուսնուն խնամելու համար

Սելին Դիոնը որոշել է հետաձգել շոու բիզնեսի իր բոլոր միջոցառումները, որպեսզի ողջ ուշադրությունը կենտրոնացնի իր ամուսին Ռենեի, իրենց ընտանիքի և առողջական խնդիրների վրա:Սելին Դիոն

Դեկտեմբերին Ռենեի քաղցկեղային ուռուցքի վիրահատությունից հետո բարդ շրջան է եղել զույգի համար, որը յուրաքանչյուր օր պայքարել է հիվանդության դեմ` միաժամանակ փորձելով համատեղել շոու բիզնեսի միջոցառումները և իրենց երեք երեխաների համար հոգ տանելը:

Կանադացի երգչուհին ևս պայքարում է կոկորդի մկանների բորբոքման դեմ, ինչի պատճառով նա չկարողացավ ելույթ ունենալ Լաս Վեգասում: Երգչուհին դեռևս չի ապաքինվել:

Այս ընթացքում Սելինը կհետաձգի իր բոլոր ելույթները Կոլիզեյի Caesars Palace-ում, ինչպես նաև չի կայանա Ասիայում այս աշնանը նախատեսված նրա համերգային շրջագայությունը: Երգչուհին իր ընտանիքի հետ միասին խնդրել է այս անգամ հարգել իրենց անձնական կյանքի իրավունքը:

 

Շվեյցարական Ալպերում գնացքը դուրս է եկել գծերից. վիրավորվել է 11 մարդ

 

գնացքՉորեքշաբթի  շվեյցարական Ալպերում սողանքի հետևանքով ուղևորատար գնացքը մասամբ դուրս է եկել գծերից, որի հետևանքով տասնմեկ մարդ է վիրավորվել:

Կուրից Սանկտ Մորից ուղևորվող գնացքի գծերից դուրս գալու հետևանքով վիրավորված 11 ուղևորներից հինգը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ օդի մեջ կախված մյուս ուղևորներին փրկել են փրկարարները:

Հորդառատ անձրևների պատճառով տեղի ունեցած դժբախտ պատահարի պահին գնացքում 200 ուղևոր է եղել:
Կեսօրին բոլոր ուղևորներին տարհանել են գնացքից և վնասվածքներ չունեցող ուղևորներին տեղափոխել ավտոբուսներով:

Ադրբեջանի բնակչությունը կազմում է 9 մլն 528,9 հազար մարդ

բնակչություն 2014 թվականի հուլիսի 1-ի տվյալներով Ադրբեջանի բնակչության թիվը կազմում է 9 մլն 528,9 հազար մարդ: Տարվա սկզբի համեմատ այս թիվը աճել է 51,8 հազարով, այսինքն 0,5 տոկոսով: Այս տվյալները հրապարակվել է Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի կողմից: Նշված ժամանակահատվածում բնակչության խտությունը կազմում է 110 մարդ/կմ3: Ադրբեջանի բնակչության 53,2 տոկոսը բնակվում է քաղաքներում, 46,8 տոկոսը` շրջաններում: Տղամարդիկ կազմում են բնակչության 49,7 տոկոսը, իսկ կանայք` 50,3-ը:

 

Իսրայելը ավիահարվածներ է կատարել Գազայի հատվածի ուղղությամբ` խախտելով զինադադարը

 

Գազա  «Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները 4 անգամ հարված են հասցրել Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ: Հայտնի է, որ իսրայելական կողմը կրակ է բացել Կահիրեում Իսրայելի և պաղեստինյան դիմադրության միջև 5-օրյա զինադադար հաստատելու պայմանավորվածության ձեռք բերումից 35 րոպե անց: Բարեբախտաբար ռմբակոծվել են ոչ թե բնակավայրեր, այլ արոտավայրեր: Թեև այս մասին պաշտոնական տեղեկություն չկա, այնուհանդերձ իսրայելական ռազմական ինքնաթիռները շարունակ պտտվում են Գազայի երկնքում:

Ավելի վաղ` Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել էր, որ Իսրայելն ու պաղեստինյան դիմադրությունը պայմանավորվել են երկարաձգել զինադադարը ևս 5 օրով` նպատակ ունենալով ժամանակ շահել երկարաժամկետ հաշտության հասնելու համար:

 

 

 

Երևանի քաղաքապետարանի պարզաբանումը 3 մանկապարտեզներին մատակարարված անորակ թռչնամսի վերաբերյալ

թռչնամիս«Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի կողմից մայրաքաղաքի 3 մանկապարտեզների անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նշված անհատ ձեռներեցի հետ,  որպես մատակարարի, պայմանագիրը կնքվել է ս.թ. հուլիսի 10-ին: Վերջինիս կողմից առաջին մատակարարումը եղել է 2014թ. օգոստոսի 12-ին: Հարկ է նշել, որ իրականացված մատակարարմանը հաջորդած 20 րոպեների ընթացքում վերոնշյալ 3 մանկապարտեզներ են այցելել իրավապահ մարմինների աշխատակիցներ և կապարակնքել են սառցախցերում տեղավորված տվյալ ապրանքն ամբողջությամբ:  Ավելորդ չենք համարում շեշտել, որ տվյալ ապրանքը որևէ մանկապարտեզում չի օգտագործվել:

Երևանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ քայլեր են ձեռնարկվել նշված մատակարարի հետ պայմանագրի լուծարման, պայմանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման, ինչպես նաև վերջինիս գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում (սև ցուցակ) ներառելու ուղղությամբ:

Հարկ ենք համարում նաև տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի վերահսկողության, հանրակրթության վարչությունների, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից մանկապարտեզներում սննդի անվտանգությունն ապահովելու նպատակով պարբերաբար իրականացվում են անակնկալ ստուգումներ, ընտրանքային կարգով որոշակի սննդամթերքներից նմուշառումներ են կատարվում, որոնք ուղարկվում են նաև լաբորատոր փորձաքննության:

Փարիզցիները հերթ են կանգնել աղբահավաքի վկայականի համար

pic_3c99479937dd1c91ce1cbd8eaa4c1628Փարիզում ստեղծված  անբավարար սանիտարիայի ու գործազրկության բարձր մակարդակի պատճառով, քաղաքում բացվել է ապագա աղբահավաքների քոլեջ: Մեծ պահանջարկ ունեցող ու բարձր վարձատրվող մասնագիտություն ստանալ ցանկացողները, ինչպես պարզվեց, շատ են, նրանց անգամ հերթի են  կանգնեցրել, հաղորդում է  1tv.ru-ն:

Գործազրկության պայմաններում շատերն են ցանկանում այնպիսի մասնագիտացում ունենալ, որը կերաշխավորի բարձր ու կայուն աշխատավարձ (ամսական 1,5 հազար եվրոյից սկսած):

Քոլեջում նախատեսվում է ուսանողներին սերթիֆիկատներ տրամադրել: Սովորողները դասընթացների են գնում.»Միշտ էլ կարևոր է վտանգը գնահատելը:  Կարող եք ընկնել մեքենայից, կամ ձեզ վրա հնարավոր է ընկնի ծանր հոսքագիծը: Դրա համար միշտ էլ գնահատեք ստեղծված իրավիճակը»,-իր աշակերտներին պատմում է  դասատու Էսթել Բութելը:

Իսկ էկոլոգների տեսանկյունից Փարիզը ժամանակ առ ժամանակ հայտնվում է եվրոպական ամենաաղտոտված մայրաքաղաքների եռյակում` Լոնդոնի ու Աթենքի հետ: Հունաստանի մայրաքաղաքից հետո այստեղ օդում թունավոր նյութերի ամենաբարձր խտոթյունն է գրանցվել: 2014-ի ամռանը զբոսաշրջիկների համար ամենասիրված Թյուիլրի այգին, որը Լուվրից 100 մ հեռավորության վրա է գտնվում, հեղեղվել էր առնետներով:

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 13-ից 14-ը)

ոստիկանությունԸստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը, գողության 20 դեպքից` 10-ը: Ավազակային հարձակման 1 և խարդախության 10 դեպքերը բացահայտվել են:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայաստանում կկառուցվի գազային էլեկտրակայան

08.05.512Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին: Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն: «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով աշխատող գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ հզորության զարգացմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է նման կառույցի անհրաժեշտությունը մեր երկրի համար, նշել, որ այն ոչ միայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այլև ՀՀ կառավարության խնդիրն է:
Ճշգրտվում են սերմացուի ներկրման ծավալները
2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով ներմուծված սերմացուի պահանջարկի նվազման պատճառով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ավելցուկ սերմացուի պահպանության և իրացման պատասխանատվությունը վերապահել մարզպետարաններին: Համապատասխան որոշման նախագիծը քննարկելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի համարել հարցի այդօրինակ լուծումը և առաջարկել է ավելցուկ սերմացուն հատկացնել գյուղացիական տնտեսություններին: Խմբագրված որոշումն ընդունվել է առանց առարկության:
Նիստում հաստատվել է ՀՀ-ում 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով 2014 թ. աշնանացանի համար մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը:
Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման ներքո գտնվող հողերի ջրամատակարարման նպատակով կառավարությունը 25 մլն խորանարդ մետրով ավելացրել է ջրառը Սևանա լճից՝ այն հասցնելով թույլատրելի 270 մլն խոր. մետրի: Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշվել է, որ այս տարին հատկապես չորային է, ոռոգման խնդիրը՝ անհետաձգելի: Նիստին մասնակցող բնապահպան Կարինե Դանիելյանն առաջարկել է մասնագիտական խումբ ձևավորել և ուսումնասիրել հարցը, որովհետև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այս խնդիրն ամեն տարի հրատապ է լինելու: Կառավարության ղեկավարը դեմ չի եղել անհրաժեշտության դեպքում խմբի ստեղծմանը և ընդգծել է սակավաջրության պայմաններում ջրի խնայողության կարևորությունը:
Կառավարությունը հաստատել է «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխման գործողությունների ծրագիրը», սահմանել «Երևանջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից սպասարկվող տարածքներում մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը:
Կառավարությունը կյանքի է կոչում արտահանումը խթանելու քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի կողմից երեք հայտարարագրով ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է համապատասխանաբար մինչև 2015թ. մարտի 13-ը, մարտի 26-ը և մայիսի 29-ը: Ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր արտադրանք՝ 3-ը 1-ում լուծվող սուրճ, որը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Կազմակերպությունը կատարել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Կառուցվել է նոր արտադրամաս, հոսքագծերի մի մասը ներմուծվել է Եվրոպայից, մյուս մասը պետք է ներմուծվի սեպտեմբերին: Հաստոցների ուշացման պատճառով ընկերությունը չի հասցնի վերամշակել և ամբողջությամբ արտահանել ժամանակավոր ներմուծված հումքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել վեց ամսով:
Հաջորդ որոշմամբ գործադիրը մինչև 2016թ. նոյեմբերի 10-ը երկարացրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ինստիտուտը և Թայվանի Սինիկա ակադեմիան 2011թ. ստորագրել են Կովկասի տարածաշրջանում երկրաբանության բնագավառում հետազոտություն կատարելու հուշագիր: 2013թ. Հայաստան է ներմուծվել GURALP մակնիշի սեյսմոմետրի հինգ հավաքածու: Ինստիտուտի բնականոն գործունեությունն ապահովելու համար սեյսմոմետրերի շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում, ուստի ներմուծված սարքերի մաքսային ժամկետը երկարաձգվել է ևս երեք տարով:
Կառավարությունը թույլատրել է «Արմենիա» հեռուստաընկերության կողմից ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. օգոստոսի 2-ը, ինչի շնորհիվ ընկերությունը կիրականացնի տեխնիկական բարձր որակ ապահովող հեռուստահեռարձակում:
Նիստի օրակարգի հարցերից երկուսը վերաբերել են քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացմանը: Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ կառավարությունը տարանջատել է ավիացիայի ոլորտի քաղաքականության մշակման, տեխնիկական կանոնակարգման և անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները, ինչը դրական ազդեցություն կունենա կարգավորիչ դաշտի նկատմամբ: Այս նպատակով նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվելու է կառուցվածքային նոր ստորաբաժանում: Ակնկալվում է, որ «բաց երկնքի» ազատականացված քաղաքականությամբ կկանոնակարգվեն պետական կառավարման մարմինների գործառույթները, որոնք կհանգեցնեն վստահության մեծացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրումների ապահովմանը:
Կառավարության որոշումները համապատասխանեցվում են կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին
Փոփոխություններ կատարելով ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում՝ ՀՀ կառավարությունը դրանք համապատասխանեցրել է ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին:
Երևան քաղաքում ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգմանն օժանդակելու նպատակով կառավարությունը Երևանի քաղաքապետարանին հատկացրել է 4 մլրդ դրամ: Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել, որպեսզի Երևանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներից մոտ 230 մլն ՀՀ դրամն ուղղվի Վիլնյուսի փողոցի շարունակությունը կազմող հատվածի կառուցմանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը, տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել՝
-«Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» արձանագրային որոշմանը,
-հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին և ժամանակացույցին:
Կվերականգնվի Դաշտադեմի միջնադարյան ամրոցը
Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2008-2010թթ. հարկադրված ընդհատել էր Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան (VII-XIXդդ.) ամրոցի վերականգնման աշխատանքը: 2012թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների հիմնադրամ է ներկայացվել ամրոցի և դրա շրջակայքի մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր ծրագիրը, որի ամբողջական իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլար: 2013թ. ծրագիրը հավանության է արժանացել: Դրա մեկնարկի համար նախատեսված է հատկացնել շուրջ 550 հազար ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ ամրոցն իր ներքին տարածքով բացառապես լինի ՀՀ սեփականությունը: Այդ նպատակով գործադիրն ընդունել է Դաշտադեմի ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գույքը ձեռք բերելու համար շուրջ 23.5 մլն դրամ հատկացնելու որոշում: Դրանով իսկ ստեղծվել են համալիր ծրագիրն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ և իրավական դաշտ:
2014թ. օգոստոսի 25-30-ը Իտալիայում «Էմիլիա Ռոմանա» դասական երաժշտության միջազգային փառատոնին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է 30 մլն ՀՀ դրամ:
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջև Երևան քաղաքում այդ համալսարանի մասնաճյուղի հիմնադրման համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Կապահովվի ծառայությունների էլեկտրոնային մատուցման միասնականությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետական մարմինների կողմից ծառայությունների էլեկտրոնային ձևով մատուցման և այդ ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման տեխնիկական համակարգերի միասնականության, անվտանգության և փոխգործակցության ապահովման անհրաժեշտությամբ:
Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվներն սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող են արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Կառավարությունն իր հերթին արել է մի քանի առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

Այլ հարցեր

 

«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության ներկրած 300 հաշմանդամի սայլակները հավաքելու և սայլակի կարիք ունեցող անձանց իրենց բնակության վայրում տրամադրելու նպատակով գործադիրը հատկացրել է մոտ 1 մլն 775 հազար ՀՀ դրամ:
Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է Գեղարքունիքի մարզի Դդմաշենի բժշկական ամբուլատորիային պատկանող չշահագործվող նախկին շենքը և համապատասխան հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Դդմաշենի համայնքին՝ շենքը որպես հանդիսության սրահ ծառայեցնելու պայմանով:
Կառավարության որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տրվել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Սոս Ավետիսյանին, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի բակալավրիատի սան Էդգար Մինասյանին, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի բակալավրիատի սաներ Ռաֆայել Մկրտչյանին և Վահան Ասլանյանին:

Քիմ Քարդաշյանի դստեր մոդելային դեբյուտը

Նորֆ ՈւեստՏեղի է ունեցել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեստի դուստր Նորֆ Ուեստի մոդելային դեբյուտը: Փոքրիկ աղջիկը հայտնվել է CR Fashion Book-ի վերջին համարում, որը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին: Գալիք համարում 13 ամսական երեխան լուսանկարվել է նստած վիճակում:

Հայտնի զույգի դուստրը սև և սպիտակ լուսանկարում կրում է սվիտեր, որի վրա Շանելի բրոշ է դրված, Նորֆը ձեռքին ունի կրկին Շանելի պայուսակ, իսկ ականջներին կրում է Lorraine Schwartz-ի ադամանդե ականջօղեր: Լուսանկարի մոտ գրված է Կառլ Լագերֆելդի խոսքերը՝ «Երբեք վաղ չէ նորաձևությանը հետևելու համար»:

Քիմ Քարդաշյանը իր հեռուստաշոուի ժամանկ հայտնել էր, որ իր դուստրը շատ է սիրում լուսանկարվել:

Փոքր տրակտորը գողացել էր մեծ եղբայրը

տրակտոր-1024x768Օգոստոսի 12-ին, ժամը 21.00-ին, 1958 թ. ծնված Ստյոպիկ Պ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ եղբայրը` 1955 թ. ծնված Սերժիկ Պ.-ն, կոտրել է Նուռնուս գյուղում գտնվող իր առանձնատանը կից ավտոտնակի դռան փականը և գողացել փոքր տրակտոր, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ կենցաղային իրեր` պատճառելով մոտ 600.000 դրամի նյութական վնաս:
Օգոստոսի 13-ին, ժամը 11.00-ին, Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ բաժանմունք է ներկայացել Սերժիկ Պ.-ն և տվել խոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:

Բրազիլիայի նախագահի թեկնածուն զոհվել է ինքնաթիռի վթարի հետևանքով

Էդուարդո ԿամպոսԲրազիլիայի նախագահի թեկնածու Էդուարդո Կամպոսը զոհվել է բնակելի հատվածում ինքնաթիռի վթարի հետևանքով, որով նա տեղափոխվում էր քարոզարշավի վայր:

Բրազիլիայի Սանտոս քաղաքում վթարված ինքնաթիռի բոլոր յոթ ուղևորները զոհվել են:

Ինքնաթիռը իր ուղուց շեղվել էր վատ եղանակի պատճառով և կորցրել կապը օդային երթևեկությունը վերահսկող աշտարակի հետ:

49-ամյա Կամպոսը հայտնի քաղաքական գործիչ էր և առաջին անգամ էր նախագահական ընտրություններում դրել իր թեկնածությունը՝ առաջադրվելով Բրազիլիայի Սոցիալիստական կուսակցության կողմից:

Ինքնաթիռի վթարից զոհվել են նաև մեկ խորհրդատու, լուսանկարիչ, երկու օդաչու և Կամպոսի քաղաքական թիմի երկու այլ անդամներ:

Տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել ինքնաթիռի ընկնելու հետևանքով:

Հիմնանորոգվող փողոցների արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման վերաբերյալ

գիշերային լուսավորությունԵրևանի քաղաքապետարանի որդեգրած սկզբունքի համաձայն՝ վերջին տարիներին մայրաքաղաքի հիմնանորոգվող փողոցներում ամբողջական նորոգման է ենթարկվում նաև արտաքին լուսավորության ցանցը: 2014 թվականին նման աշխատանքներ կընթանան թվով 23 փողոցներում: Զուգահեռաբար, մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել է 1719 օբյեկտների, ներառյալ փողոցների, այգիների, արձանների լուսավորության ցանցի շահագործումն ու պահպանումը:  Մայրաքաղաքի  տարբեր հատվածներում ցանցի մասնակի ընդլայնման, թարմացման և մասնագիտական այլ բնույթի աշխատանքներ են ընթացել: Արտաքին լուսավորության ցանցի միացման օրական միջին տևողությունը 7 ամիսների կտրվածքով կազմել է 8 ժամ: Մատենադարանից Մաշտոցի պողոտայով մինչև Հաղթանակի կամուրջ և Իսակովի պողոտան ամբողջությամբ, մինչև օդանավակայնի ծառուղին միջինացված լուսավորվել է 10 ժամ տևողությամբ, իսկ ստորգետնյա անցումները լուսավորվել են շուրջօրյա: Ներկայում տարվում են աշխատանքներ կարգավարական համակարգն ինքնաշխատ դարձնելու, նոր տեխնոլոգիաներ ներդրելու ուղղությամբ: Փորձնական սարքավորումների նմուշները տեղադրված և միացված են փողոցների տեղային հատվածներին և իրականացվում են համապատասխան դիտարկումներ:

Ամառային ճամբարներում անցկացվել են էկոկրթական միջոցառումներ

ճամբար1ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներից և Օզոնի շերտի պահպանության ծրագրի ազգային կենտրոնի ներկայացուցչից ձևավորված խումբը էկոկրթական դասընթացներ է անցկացրել ՀՀ կոտայքի մարզի Հանքավան քաղաքի մերձակայքում գործող «Արագած», «Հասմիկ» և «Լուսաբաց» ամառային ճամբարներում: Միջոցառումը նպատակ է հետապնդել ուժեղացնել աշակերտների սերը հայրենի բնության հանդեպ, հարստացնել գիտելիքները շրջակա միջավայրի և նրա բաղադրիչների մասին: Ճամբարներում հանգստացող  300-ից ավել աշակերտներին մատչելի տեղեկություններ է մատուցվել Հայաստանի հարուստ կենսաբազմազանության, շրջակա միջավայրի պահպանության և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու վերաբերյալ:

Մատուցված թեմաների յուրացումը դյուրացնելու նպատակով, տեսական նյութին զուգահեռ ցուցադրվել են էկոկրթական մուլտֆիլմեր և վավերագրական ֆիլմեր: Անցկացվել են նաև գործնական պարապմունքներ, ինչը թույլ է տվել ամրագրել դպրոցականների ստացած տեսական գիտելիքները:

Սեմինարների ավարտին ճամբարներում հանգստացող դպրոցականներին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հանձնվել են նաև բնապահպանական թեմայով «Օզի-Օզոն» սեղանի ժամանցային խաղեր:

Ինչո ՞ւ էին աղմկում թմրամոլները

թմրամոլՕգոստոսի 13-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Խ.-ի տանը թմրամոլներ են հավաքվել, ներարկվում և աղմկում են:
Մեկնած օպերատիվ խումբը 1954 թ. ծնված Հովհաննես Խ.-ի տնակից և հարակից տարածքներից հայտնաբերել է ներարկիչներ, տարբեր տարաներ` հեղուկներով, լուցկու, սոդայի և դաղահաբերի տուփեր:
Նշված տնակից, տանտիրոջից բացի, բերման են ենթարկվել նաև 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն, 1987 թ. ծնված Իշխան Մ.-ն և1975 թ. ծնված Արթուր Օ.-ն:
Հովհաննես Խ.-ն հայտարարել է, որ նշված նյութերը պատկանում են իրեն, իսկ դրսում հայտնաբերվածները թմրանյութ պատրաստելու պարագաներ են, որոնք ինքը, ոստիկանության ծառայողներին նկատելուվ, պատուհանից նետել է դուրս է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

Սև հաղարջի մուրաբա

մուրաբաՍև հաղարջը օգտակար նյութերով հարուստ հատապտուղ է: Այն թե՛ թարմ վիճակում է հաճելի և թե՛ եփած` մուրաբայի կամ կոմպոտի տեսքով: Ու շատ կարևոր է, որ հաղարջի օգտակար հատկությունները պահպանվում են: Մարդուն անհրաժեշտ C վիտամինի օրական նորմը կարելի ստանալ ընդամենը 50 գ սև հաղարջից: Արագ եփած մուրաբայում կամ շաքարի հետ տրորվածքում նույնպես պահպանվում են բոլոր վիտամիններն ու օգտակար նյութերը:
Սև հաղարջով սառը մուրաբա
1 կգ հաղարջ
1 կգ շաքարավազ
Հաղարջը լվանալ ու քամել, ապա շաքարավազի հետ հարել բլենդերով կամ աղալ ու խառնել շաքարավազի հետ: Լցնել չոր ու մաքուր բանկաների մեջ ու պահել:
12-րոպեում պատրաստվող մուրաբա
Այդպես է կոչվում, քանի որ պետք է եփել 12 րոպեից ոչ ավելի:
Բաղադրությունը
1 կգ հաղարջ
1,5 կգ շաքարավազ
0,5 լ ջուր:
Ջրով ու շաքարավազի կեսով օջարակ պարաստել ու եռացնել:
Լցնել հաղարջն ու եփել 7 րոպե` խառնելով:
Ապա ավելացնել մնացած շաքարն ու եռացնել 5 րոպե:
Տաք-տաք լցնել ախտահանված բանկաների մեջ, փակել ու դնել պահպանության:
Սառեցրած հաղարջ
Սև հաղարջը հրաշալի է պահպանվում սառցախցիկում: Ի դեպ, այդ հաղարջից նույնպես ձմռանը կարելի է մուրաբա պատրաստել: Պարզապես անհրաժեշտ է դրա համար առողջ հատիկներ ընտրել, ապա լցնել հատուկ ամանների կամ էլ տոպրակների մեջ ու դնել սառցախցիկը:
Ճիշտ կլինի դրա համար ոչ մեծ խմբաքանակով պահեստավորել. այնքան, որքան պետք է մեկ օգտագործման համար: